ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ . Friday, February 19, 2010 1:55 - 6 քննարկում

Եթե կինդ հրեա է, ուրեմն դու էլ մարգարե ես, թեկուզ աշխարհին նայում ես մի աչքով..

Լևոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումը իրականություն է դառնում. ՀԱԿ

10:09 • 18.02.10

Հայ ազգայի կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` ասաց, որ Հայաստանի իշխանությունների ջանքերով այդ գործընթացը դարձավ նոր՝ երկրորդ հակամարտություն, և մի նոր՝ երկրորդ արտաքին քաղաքական ճակատ բացվեց այդ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում։

«Օրեցօր իրականություն են դառնում Կոնգրեսի բոլոր նախազգուշացումները, հատկապես նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի այն կանխատեսումը, որ միջազգային հանրությունն ստիպելու է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը առաջինը վավերացնի այդ արձանագրությունները»,– ասաց Շահնազարյանը՝ ընդգծելով, որ շատ մոտ ապագայում խորհրդարանն առանց վերապահումների կվավերացնի այդ արձանագրությունները։

Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ Հայաստանն այժմ հայտնվել է շատ ծանր իրավիճակում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ–ը փորձում է փրկել իրավիճակը և այդ նպատակով ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի այն առաջինը վավերացնի Արձանագրությունները։

Բանախոսի կարծիքով՝ գործընթացի իրական նախաձեռնողը Ռուսաստանն էր: «Ռուսաստանին պետք էին արձանագրությունները, բայց ոչ երբեք սահմանի բացումը: Արդյունքում Հայաստանը հայտնվել է շատ ծանր իրավիճակում»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է այն կանխատեսումներին, որ ապրիկի 24-ին ԱՄՆ նախագահը կարտասանի Ցեղասպանություն բառը, Շահնազարյանն ասաց, որ
իշխանություններն իրենք իրենց համար վերջնաժամկետ են սահմանել ապրիլի 24-ը. «Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները Ցեղասպանությունը չի ճանաչելու ոչ ապրիլի 24-ին, ոչ մյուս տարի, ոչ էլ տեսանելի ապագայում»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչը:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

papin
Feb 19, 2010 14:22

ԿՆՈՋ ԴԵՐԸ ԻՍՐԱՅԵԼԻ ԲԱՆԱԿՈՒՄ
Կարեն Վերանյան

Իսրայելում եւ առհասարակ հրեության շրջանում կնոջ բարձր կարգավիճակը գլխավորապես պայմանավորված է հրեական կրոնա-բարոյական ավանդույթներով։ Հին Կտակարանի պատմություններում քիչ չեն հրեա կանանց կերպարները, որոնք առանցքային նշանակություն են ունեցել հրեության գոյապահպանման հարցում։ «Մովսեսի օրենքում» մեծապես արժեւորվում է կնոջ դերը. տղամարդկանց հետ հավասար, կանանց իրավունք էր վերապահվում զոհ մատուցել Աստծուն, նույնիսկ` առանց տղամարդու մասնակցության։ Թալմուդում կինը բնորոշվում է որպես ընտանիքի երջանկության ու հաջողության պահապան` «Օրհնանքը իջնում է տան վրա միայն կնոջ շնորհիվ»։

Չնայած հուդայական արժեհամակարգում հրեա կնոջը տրվող կարեւորությանը, երկար ժամանակ պահանջվեց հրեական` իր էությամբ հայրիշխանական միջավայրում կնոջ կարգավիճակի փոփոխման համար։ Միջնադարում հրեա մի շարք մտածողներ լուրջ քայլեր ձեռնարկեցին հրեա կանանց դերի բարձրացման ուղղությամբ, որոնք, սակայն, մշտապես արժանանում էին ավանդապաշտների դիմադրությանը։

Հրեությունում կնոջ նկատմամբ ավանդական կարծրատիպերը, կարելի է ասել, կոտրվեցին հատկապես 20-րդ դարի սկզբներին` կապված սիոնիստական շարժման վերելքի եւ Պաղեստինում Հրեական ազգային օջախի ստեղծման հետ, երբ հրեա կանայք ակտիվ մասնակցություն ունեցան հրեական պետականության վերականգնման գործընթացին։ Անգնահատելի էր հրեա կանանց դերը Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների հետապնդումներից հազարավոր հրեաների փրկության հարցում։

Իսրայել պետության հիմնադրումից ի վեր հրեա կինը շարունակել է ակտիվորեն ներգրավվել պետականաշինության կարեւորագույն գործին։ Զգալի է նրանց ավանդը Իսրայելի ներքին ու արտաքին քաղաքականությունում։

Կինն առանցքային նշանակություն ունի նաեւ հրեաների ազգային ինքնության տեսանկյունից։ 1950թ. ընդունված «Հրեաների հայրենադարձության մասին» օրենքում նշված է. «Հրեա է համարվում այն մարդը, որը ծնվել է հրեա կնոջից կամ ընդունել է հուդայականություն եւ չի դավանում այլ կրոն»։
Կինը Իսրայելի պաշտպանության բանակում

Հրեա ժողովրդի պաշտպանության եւ անվտանգության ապահովման հարցում հրեա կնոջ մասնակցության առաջին հիշատակումներին հանդիպում ենք դեռեւս Հին Կտակարանում։ «Դատավորների գրքում» պատմվում է Դեբորա անունով հրեա կնոջ մասին, որը ներկայանում է որպես ժողովրդի դատավոր, լուծում իր ժողովրդի ներկայացուցիչների դատական վեճերը։ Հետագայում, երբ քանանացիների թագավորը սպառնում էր հրեա ժողովրդի անվտանգությանը, Դեբորան դարձավ իր ժողովրդի առաջնորդը եւ կոչ արեց պատերազմել թշնամու դեմ։ Դեբորան պատերազմում հանդես էր գալիս ոչ միայն իբրեւ զորահրամանատար, այլեւ որպես հրեա ժողովրդի հոգեւոր առաջնորդ։ Մեջբերենք պատերազմի ընթացքում Դեբորայի հայտնի ելույթից. «Աստծո թշնամիները իսրայելցիների թշնամիներն են, եւ այդ պատճառով Աստված մեր կողմն է»։

Հրեության անվտանգության ապահովման հարցում հրեա կանանց ակտիվ մասնակցության ջատագովներն էին հատկապես սիոնիստական շարժման հիմնադիր այրերը։ Իսրայել պետության առաջին վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնի խոսքերով, «Բանակում զինծառայությունը հանդիսանում է քաղաքացիական պարտքի կատարման բարձրագույն խորհրդանիշը, եւ քանի դեռ կանայք ու տղամարդիկ հավասար չեն այդ պատվավոր պարտականության կատարման հարցում, չի կարելի խոսել կանանց իրական իրավահավասարության մասին»։

Հրեա կանայք, տղամարդկանց հետ կողք կողքի, մարտնչել են հրեական պետականության համար մղված պայքարում։ Նրանք կամավոր հիմունքներով ներգրավվել են, մասնավորաբար, հրեական այնպիսի ընդհատակյա ռազմական խմբավորումներում, ինչպիսիք են Հագանա-ն (որը հետագայում դարձավ Իսրայելի պաշտպանության բանակի հիմքը), Լեհի-ն եւ Էցել-ը` կազմելով այդ կազմակերպություններում ներառված մարտիկների շուրջ 20%-ը։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի դեմ պայքարին միացան շուրջ 6 հազար հրեա կանայք, որոնցից առաջին հերթին պետք է հիշատակել բանաստեղծուհի Հաննա Սենեշին (1921– 1944թթ.)։ 1930-ականներին Հունգարիայում սկսված հակասեմականության ալիքը Հ.Սենեշին ներգրավեց տեղի սիոնիստական երիտասարդական շարժման մեջ։ Հ.Սենեշը պատկանում է Բուդապեշտի այն հրեաների շարքին, որոնք ցանկանում էին իրենց հետագա կյանքը կապել Պաղեստինում ապագա Իսրայել պետության ստեղծման գործընթացի հետ։ 1939թ. սեպտեմբերին նրան հաջողվեց տեղափոխվել Պաղեստինում գործող Նահալալ հրեական գյուղատնտեսական բնակավայր։ Եվրոպայում նացիստների դեմ հրեաների դիմադրության կազմակերպման նպատակով Հագանան նախաձեռնեց հատուկ վերապատրաստված մարտիկների հավաքագրումն ու դեպի Եվրոպա նրանց ինքնաթիռներով տեղափոխումը։ 1942թ. Հ.Սենեշը համալրեց այդ կամավորների շարքերը` որպես կապավոր, իսկ 1944թ. մարտին տեղափոխվեց Հարավսլավիայի պարտիզանական բազա։ Երեք ամիս անց, սակայն, 1944թ. հունիսին հունգարական սահմանը հատելիս նա գերեվարվեց։ 1944թ. նոյեմբերին, 5 ամիս տեւած հարցաքննություններից ու կտտանքներից հետո, որոնք այդպես էլ չստիպեցին նրան թշնամուն հայտնել ռադիոհաղորդչի գաղտնի կոդը, Սենեշը գնդակահարվեց։ 1950թ. նրա մասունքները տեղափոխվեցին Իսրայել եւ վերահանձնվեցին հողին Երուսաղեմի Հերցելի լեռան վրա։

Հաննա Սենեշի` որպես գերեվարված ու կտտանքների ենթարկված կնոջ պատմությունը դեռ մի քանի տասնամյակ Իսրայելում ընկալվում էր իբրեւ հրեության ամենաողբերգական էջերից մեկը։ Սակայն հետագա տարիներին, հրեական հերոսապատումների հիման վրա ազգային կոլեկտիվ հիշողության վերականգնման քաղաքականության արդյունքում, Հաննա Սենեշի պատմությունը ողբերգությունից դարձավ հերոսապատում։ Հ.Սենեշի` որպես հայրենանվեր կնոջ, կերպարով են այսօր Իսրայելի պաշտպանության բանակում բարոյահոգեւոր պատրաստվածություն անցնում հազարավոր հրեա կին զինծառայողներ։

1948թ. մայիսի 16-ին հիմնվեց Իսրայելի պաշտպանության բանակի Կանանց կորպուսը, որի առաջին հրամանատարը դարձավ գնդապետ Շոշանա Գերշոնը։ Կանանց կորպուսի հիմնական գործառույթներից էին երկրի ԶՈւ-ում հրեա կանանց զինծառայության կազմակերպումը, ուսուցումը, նրանց իրավունքների պաշտպանությունը եւ այլն։ 2001թ., սակայն, Կանանց կորպուսը լուծարվեց, որի փոխարեն ստեղծվեց Իսրայելի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի` Կին զինծառայողների հարցերով խորհրդականի վարչությունը` գեներալ-մայոր Սյուզի Յոգեւի գլխավորությամբ։ Նախորդ ինստիտուտի համեմատ այս կառույցն օժտված էր առավել մեծ լիազորություններով, ինչը նույնպես վկայում է վերջին շրջանում Իսրայելի պաշտպանության բանակում եւ հասարակությունում կնոջ կարգավիճակի բարձրացման մասին։

«Զինծառայության մասին» օրենքի համաձայն, պարտադիր հիմունքներով զորակոչման են ենթակա բոլոր 18 տարին լրացած, չամուսնացած եւ երեխաներ չունեցող հրեա աղջիկները։ Հրեա կրոնավոր եւ այն կանայք, որոնց համար զինծառայությունը հակասում է իրենց բարոյական արժեքներին, անցնում են քաղաքացիական ծառայություն։ Նկատենք, որ ի տարբերություն վերջիններիս, պարտադիր զինծառայություն անցած հրեա կանայք համեմատաբար հեշտ են ինտեգրվում երկրի հասարակական, սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կյանքում, քանզի Իսրայելում զինծառայությունը համարվում է կարեւորագույն պլացդարմ յուրաքանչյուր քաղաքացու հասարակական առաջխաղացման համար։

Սկզբում Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց զինծառայությունը 22 ամիս էր, սակայն վերջին տարիներին այն ընդհուպ մոտեցել է տղամարդկանց պարտադիր զինծառայության ժամկետին, որը հաշվվում է 3 տարի։ Իհարկե, սկզբնական շրջանում կանանց զինծառայությունը հիմնականում տարածվում էր սպասարկող-վարչարարական եւ մատակարարման ոլորտներում, սակայն հետագա տարիների ընթացքում, երբ երկրի ԶՈւ-ում ներգրավված հրեա կին զինծառայողները զգալի ներդրում ունեցան արաբական երկրների հետ Իսրայելի մղած պատերազմներում, անհրաժեշտություն առաջացավ ներգրավելու կանանց բանակի առավել մարտականացված ստորաբաժանումներում ե՛ւս։ Իսրայելի ԶՈւ-ում կանանց ինտեգրման խորացմանը նպաստեց նաեւ այն, որ աստիճանաբար մեծացավ երկրի պաշտպանության համակարգում զինծառայություն անցնել ցանկացող կանանց թվաքանակը։

Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց ներգրավման հարցում լուրջ խթան հանդիսացավ 1955թ. Հացոր ավիաբազայում «Մոսկիտո» տեսակի ինքնաթիռի վթարը, երբ սերժանտ Էսթեր Արդիտին, չնայած կյանքին սպառնացող վտանգին, մտնելով այրվող ինքնաթիռ, կարողացավ փրկել անձնակազմի հրամանատար Յակով Թալմոնին, ինչից ընդամենը մի քանի վայրկյան անց ինքնաթիռը պայթեց։ Այդ սխրագործության համար Արդիտին դարձավ Իսրայելի ԶՈւ առաջին հրեա կին զինծառայողը, որը պարգեւատրվեց «Մատուցած գերազանց ծառայությունների համար»` նշանակությամբ զինվորական երրորդ կարգի մեդալով, որը տրվում է «ընդօրինակման արժանի տղամարդկության ցուցաբերման համար»։

1952թ. Իսրայելում ընդունված «Զինծառայության մասին» օրենքի համաձայն, Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց զինծառայությունը սահմանափակվում էր երկու հիմնական կետերով. մարտական գործողություններ (հիմնականում հրեա կնոջ գերեվարումից խուսափելու պատճառաբանությամբ) եւ ֆիզիկական բարձր կարողություններ պահանջող առաջադրանքներ։ 1995թ. Իսրայելի Գերագույն դատարանը փոփոխություններ մտցրեց երկրի «Զինծառայության մասին» օրենքում, ինչը հնարավորություն ընձեռեց կանանց ծառայելու նաեւ մարտական ստորաբաժանումներում, ինչպես նաեւ ուսանելու օդաչուների եւ ծովային հրամանատարների սպայական ուսումնական հաստատություններում։ Արդյունքում` 2001թ. լեյտենանտ Ռոնի Ցուկերմանը դարձավ ռմբակոծչի օդաչուի կոչում ստացած առաջին կին զինծառայողը։ Իսկ 2007թ. սեպտեմբերին երկրի ԶՈւ-ում ստեղծված կանանց հարցերով հատուկ հանձնաժողովի պատրաստած զեկույցում առաջարկվեց հրեա կանանց ընդգրկել զինվորական բոլոր ստորաբաժանումներում։

Իսրայել պետության հիմնադրումից մինչեւ 20-րդ դարի 90-ականների վերջերը լուրջ սահմանափակումներ էին գործում կանանց` զինվորական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելու հարցում. այդ արգելքը վերացվեց միայն վերջին տասնամյակում, ինչը նոր խթան հանդիսացավ Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց ներգրավվածության ընդլայնման գործընթացում։ Ներկայում Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների շուրջ 35%-ը կանայք են։

Վերջին երկու տարում Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում ԶՈւ` մինչ այդ բացառապես տղամարդկանց համար նախատեսված մի շարք էլիտար դասընթացներում ընդգրկել նաեւ կանանց։ Վերջերս ավարտվեց երկրի պաշտպանության բանակի պատմության մեջ կին դիպուկահարների պատրաստման առաջին դասընթացը։ Այն նախաձեռնվել էր 2004թ. հիմնված «Կարակալ» հետեւակային գումարտակի շրջանակներում` գերազանցապես հրեա կանանց մարտական պատրաստվածության ապահովման նպատակով։

Զգալի է հրեա կանանց ավանդը նաեւ Իսրայելի հատուկ ծառայությունների ու հետախուզական գործունեության բնագավառներում։ Ներկայում կանայք կազմում են Իսրայելի հետախուզական մարմինների օպերատիվ ստորաբաժանումներում ներգրավված անձնակազմի ավելի քան 20%-ը։ Ոլորտում առավել աչքի ընկած հրեա կանանցից նախեւառաջ կարելի է առանձնացնել «Մոսադի» նախկին փոխտնօրեն Ալիզա Մագենին, այդ կառույցի վարչական կառավարման պետ Մալկա Բրավերմանին, որը, մասնավորաբար, մշակել է Ադոլֆ Էյխմանի հայտնաբերման ու ձերբակալման հայտնի գործողության նախագիծը։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 2 Thumb down 1

Արտակ Չալգուշյան
Feb 19, 2010 15:36

Այնպես է ստացվում որ հրաների մոտ կանայք ցանկություն են հայտնում իսկ տղամարդը պարտավոր է այն ծնել: Ինչպես մի անգամ հրեա ընդիմախոսս ասաց ինչպես շունը նման է նման իր տիրոջը այնպես ել հրեա կին ունեցող տղամարդ ծառա է իր կնոջը: Սրանից կարելի է օգտագար գիտելիք ձեռք բերել ՞ երևի: Կարծես թե այս ամենի խտամիտքը այն է որ եթե պահանջող/պարտադրող ունես գործում ես կամ եթե պահանջես/պարտաորես ապա կգործի:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 2

Արտակ Չալգուշյան
Feb 19, 2010 16:08

Հետաքրքիր վիդեո… Գաղտնիքը

http://video.tochka.net/70473-sekret-dokumentalnyy-film/

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

papin
Feb 20, 2010 0:41

ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԴԵՐԸ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Կարեն Վերանյան
Հրեա զինվորականի վարքականոնը

Հրեության շրջանում զինվորականի կերպարը մշտապես ընկալվել է որպես հրեական պետականության շարունակականության, հրեա ժողովրդի ու նրա ժառանգության պաշտպանության առաջնակարգ երաշխիքներից մեկը։ Հատկապես պետականության բացակայության ժամանակաշրջանում էապես կարեւորվել է հրեա զինվորականի բարոյահոգեւոր բարձր պատրաստվածության հարցը` որպես ազգային ինքնության պահպանման կարեւորագույն բաղադրիչ։ Արդյունքում` հրեության պատմության հաղթանակներն ու հերոսապատումները դարձել են այն կարեւորագույն արժեհամակարգային սկզբունքները, որոնք եւ հետագայում հիմք հանդիսացան հրեա զինվորի վարքականոնի ստեղծման համար։ Զինվորական վարքականոնի շուրջ ձեւավորված ավանդական մոտեցումներն իրենց կիրառական գործածությունը ստացան Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ դրվեցին հրեական պետականության վերստեղծման հիմքերը։ Առանձնակի պետք է ներկայացնել Իոսիֆ Տրումպելդորի կերպարը, որը զգալի ավանդ ունեցավ վարքականոնի նորմերի ձեւավորման գործում։ Հրեության շրջանում հերոսացված Տրումպելդորը հստակ էր գիտակցում ժամանակաշրջանի միջազգային բարդ իրադրությունում հրեական պետականության ստեղծման հարցում հրեա զինվորի` որպես խիզախ, բարոյահոգեւոր բարձր արժեքներ կրող մարտիկի, անգնահատելի կարեւորությունը։ Տրումպելդորը մեծ տեղ էր հատկացնում «ժողովրդի բանակի» գաղափարին, որի զինվորականները իրենց հետեւից կտանեին հրեա ժողովրդին, կպաշտպանեին վերջինիս ու իրենց պետականությունը` չխնայելով սեփական կյանքը։ Տրումպելդորը հրեա զինվորականի վարքականոնի հիմքում տեսնում էր «ասպետական պատասխանատվության» բարոյական նորմը։

Հրեա զինվորականի վարքականոնի` տրումպելդորյան մոտեցումն աջակցություն ստացավ հրեական պետական հիմնադիր այրերի (առաջին հերթին` երկրի առաջին վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնի) կողմից։ Նրանց բարոյական պատկերացումները կենտրոնանում էին պետականակենտրոն գաղափարախոսության վրա, ըստ որի` հրեա զինվորի արժեքային համակարգի հիմքում դրվում էր հրեական պետությանն անվերապահ ծառայելու ու հավատարիմ լինելու զգացումը` որպես «բարձրագույն առաքելություն»։

Հրեա զինվորի դերը կարեւորվեց եւ հետագա տասնամյակներում` պայմանավորված արաբ-իսրայելական հաճախակի պատերազմներով, ինչը հետեւաբար նպաստեց վարքականոնի հայեցակարգի ի մի բերման գործընթացին։ Հայեցակարգն ամփոփ բնույթ ստացավ 1992թ., երբ Իսրայելի պաշտպանության ուժերը ներկայացրին «Իսրայելի պաշտպանության ուժերի վարքականոնը»։ Փաստաթուղթը ստացավ լայն միջազգային հնչեղություն։ Վերջին շրջանում ԱՄՆ Պենտագոնը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում դիմել է զինվորի վարքականոնի` հրեական փորձի օգնությանը։ Իսրայել պետության կողմից վարքականոնին տրված բարձրագույն կարեւորության մասին է խոսում այն, որ վերջինս հանդիսանում է Իսրայելի պաշտպանության ուժերի դոկտրինի երկու գլխավոր բաժիններից մեկը` «Էթիկա» խորագրով։ Փաստաթղթի համաձայն, «Իսրայելի պաշտպանության ուժերի նպատակն է Իսրայելի պետության ու նրա անկախության գոյության պաշտպանությունը, Իսրայելում բնականոն կյանքի խաթարմանն ուղղված բոլոր թշնամական ջանքերի չեզոքացումը։ Իսրայելի պաշտպանության զինվորները պարտավոր են մարտնչել, անվերապահորեն ներդնել իրենց ողջ ունակությունները եւ նույնիսկ զոհաբերել իրենց կյանքը հանուն Իսրայելի պետության, նրա քաղաքացիների պաշտպանության»:

Վարքականոնում հաստատագրված արժեքներից հատկապես պետք է առանձնացնել հետեւյալները.
առաքելության գիտակցում եւ նպատակային կամք` այդ առաքելության կատարման ու հաղթանակի հասնելու համար,
պատասխանատվության զգացում` Իսրայել պետության, նրա բնակիչների պաշտպանության գործում,
անձնական օրինակի մատուցում (հրեա մարտիկը պետք է կատարի իր պարտականությունները այնպես, ինչպես ինքն է պահանջում գործընկերներից),
մարտական գործողությունների ժամանակ հրեա զինվորականը պետք է վտանգի իր եւ իր գործընկերների կյանքը` միայն այն չափով, որչափով պահանջվում է դրված առաքելության կատարման համար,
եղբայրություն կամ թիմային ոգի:

Իսրայելի պաշտպանության ուժերի հայեցակարգի մյուս` «Հիմնական հայեցակարգ» մասնաբաժնում նույնպես առանձնահատուկ շեշտվում են հրեա զինվորականության բարոյահոգեբանական պատրաստվածության հիմնահարցերը` որպես Իսրայելի պետության, նրա բնակիչների պաշտպանության հիմնարար երաշխիք։ «Հիմնական հայեցակարգում» ներառված հիմնադրույթների շարքում տիպիկ օրինակ է առաջին կետը, ըստ որի` «Իսրայելը չի կարող պարտություն կրել անգամ մեկ պատերազմում»։
Հրեա ռազմագերիների խնդիրը

Հրեության շրջանում յուրաքանչյուր հրեա զինվորի բարձր արժեւորման հանգամանքը հաստատվում է նաեւ հրեա ռազմագերիների ազատման հարցերի լուսաբանման առումով, ինչն առանցքային տեղ է զբաղեցնում հուդայականությունում։ Հրեա ռազմագերիների ազատագրումն ասոցացվում է «Գեուլա» կամ «Ազատագրում» կոչվող բարեգթության ամենօրյա աղոթքի հետ, որում հրեաներն իրենց շնորհակալությունն են հայտնում Աստծուն` Մովսեսի առաջնորդությամբ Եգիպտոսից հրեաներին ստրկությունից ազատագրելու համար։ Աստված հրեա ժողովրդին ներկայանում է ոչ թե երկնքի ու երկրի արարիչ, այլ որպես ազատագրիչ։ Եգիպտոսից հրեաներին ստրկացումից ազատելու հիմնահարցը նշանակալի տեղ ունի նաեւ հրեության ազգային ինքնության համատեքստում։ Այստեղից էլ հրեա ռազմագերիների խնդիրը կապվում է եգիպտոսյան գերեվարումից հրեա ժողովրդի ազատագրման հետ։ «Միշնե Թորա»-ի 7-րդ` «Աղքատներին բարեգործություն անելու մասին» օրենքում ասվում է. «Գերիների ազատագրումը նախորդում է աղքատների կերակրմանն ու հոգ տանելուն, եւ գոյություն չունի մեկ այլ առավել կարեւոր պատվիրան, քան գերիների ազատումը, քանզի գերին ե՛ւ քաղցած է, ե՛ւ պապակ, ե՛ւ մերկ, ե՛ւ իր կյանքը մշտապես վտանգի տակ է գտնվում։ Նա, ով աչք է փակում գերիների ազատման վրա ու խուսափում դրանից, դրանով իսկ խախտում է Թորայի մեկնություններից ու գրություններից շատերը»։

Հրեական կրոնական ավանդույթում հրեա ռազմագերու` ամեն գնով ազատման սկզբունքը դարերի ընթացքում կրոնաիրավական այլ մեկնությունների անհրաժեշտություն առաջացրեց։ Խնդիրն այն է, որ ցանկացած փրկագնով ազատման գործում հրեության պատրաստակամությունը բերեց թշնամիների կողմից հրեաների առեւանգման դեպքերի հաճախացմանն ու նոր պահանջների առաջադրմանը։ Անհրաժեշտություն առաջացավ որոշ սահմանափակումներ մտցնել փրկագնի վճարման հարցում, որտեղ առաջ եկավ «գերիներին ազատագրում են իրենց (գերիների) ունեցած գնի սահմաններում եւ ոչ ավելին» սկզբունքը։ Սակայն միջնադարյան ժամանակաշրջանից սկսած` այդ մոտեցման ջատագովներն աստիճանաբար տեղի տվեցին, եւ կրկին առաջ մղվեց «գերեվարված հրեաներին ցանկացած գնով ազատագրելու» սկզբունքը, ըստ որի` հրեա ռազմագերու ազատումը դիտվեց հրեական համայնքների անվտանգության ապահովման կարեւորագույն նախապայման։ Այս միտումը դարերի ընթացքում այնքան արմատացավ հրեական կրոնաիրավական նորմերում, որ քայլեր ձեռնարկվեցին «ցանկացած գնով եւ նույնիսկ ավելին» սկզբունքի առաջմղման հարցում։

Հուդայական մեկնություններում եգիպտական գերության ժամանակաշրջանը կարեւորվում է նաեւ նրանով, որ այն առիթ հանդիսացավ հրեա ժողովրդի համար էլ ավելի արժեւորելու անհատի ու իր մերձավորի ազատության գաղափարը։ Այստեղից էլ բխում է հուդայական այն սկզբունքը, ըստ որի` քանի դեռ գոնե մեկ հրեա կգտնվի գերության մեջ, հրեական համայնքի ու նրա անդամների անվտանգությունը կլինի սպառնալիքի ներքո։

Հրեա ռազմագերիների` ամեն գնով ազատման գաղափարը շարունակում է մնալ հրեության ազգային ինքնության անքակտելի մասը նաեւ Իսրայել պետության հիմնադրման փուլում։ 20-րդ դարի սկզբներին հրեական պետականության հիմնադրման տարիներին եւ 1948թ. Իսրայելի ստեղծումից հետո, երբ ավելի արժեւորվեց հրեա զինվորականության դերը հրեության ու Իսրայել պետության անվտանգության ապահովման հարցում, յուրաքանչյուր հրեա ռազմագերու` ցանկացած գնով հայրենիք վերադարձնելու հարցը դարձավ խիստ սկզբունքային։ Փաստերը բավական տպավորիչ են։ Այսպես, Իսրայել պետության անկախության համար մղված պատերազմից հետո երկրի ղեկավարությունն արաբական երկրների հետ իրականացրեց գերիների փոխանակում, որի արդյունքում ազատ արձակվեցին 6.306 արաբներ` 885 հրեա ռազմագերիների դիմաց։ Առավել խոսուն է 1956թ. Սինայի կամպանիայից հետո ռազմագերիների փոխանակման վիճակագրությունը, որի արդյունքում Իսրայելն ընդամենը 4 հրեա ռազմագերիների ազատ արձակելու համար Եգիպտոսին հանձնեց շուրջ 5.500 ռազմագերիների։ 1982թ. սեպտեմբերին լիբանանյան առաջին պատերազմի արդյունքում ստորագրվեց «Ջիբրիլի առաջին գործարքը» (Ահմադ Ջիբրիլ` «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորման առաջնորդ)` հրեա ութ ռազմագերիների ազատման համար։ 1983թ. նոյեմբերին ազատ արձակվեցին միայն վեցը, որի դիմաց իսրայելական կողմը հանձնեց 4.700 գրոհայինների եւ Իսրայելի բանտերում գտնվող եւս 65 ռազմագերիների։ Իսկ 1985թ. մայիսի 21-ին իրականացվեց «Ջիբրիլի երկրորդ գործարքը», որով ազատ արձակվեցին 1.150 դատապարտված գրոհայիններ` երեք հրեա ռազմագերիների ազատագրման դիմաց։ 2004թ. Իսրայելը ազատ արձակեց 450 ռազմագերիների, որոնց դիմաց հայրենիք վերադարձվեցին երեք հրեա զինվորների դիակները։

Ներկայում իսրայելական կողմը բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ 2006թ. հունիսի 25-ին գերեվարված հրեա զինվորական Գիլադ Շալիթի ազատման հարցի շուրջ։ Գերեվարումից երկու օր անց` հունիսի 28-ին, Իսրայելը նախաձեռնեց «Ամառային անձրեւներ» կամ «Գիլադ Շալիթի ազատագրման» ռազմական գործողությունը։ Արդյունքում` իսրայելական կողմը կարողացավ ձերբակալել ՀԱՄԱՍ-ի 64 անդամների, այդ թվում` Պաղեստինի ազգային վարչության 8 նախարարների։ Իսկ 2009թ. հոկտեմբերի 2-ին Գ.Շալիթին նկարահանող երկու րոպեանոց տեսաժապավենի ձեռքբերման դիմաց իսրայելական կողմն ազատ արձակեց 20 պաղեստինցի գերեվարված կանանց։

2006թ. հուլիսի 12-ին սկսված լիբանանյան երկրորդ պատերազմի հետեւանքով Հիզբալլահ խմբավորումը գերեվարեց երկու իսրայելցի զինծառայողների (Էհուդ Գոլդվասեր եւ Էլդադ Ռեգեւ), որոնց դիակների վերադարձման դիմաց պահանջվում էր Իսրայելի բանտերից ազատ արձակել 1.000 պաղեստինցիների։ 2008թ. հուլիսի 16-ին` գերեվարումից երկու տարի անց, հրեա զինվորների դիակները վերադարձվեցին Իսրայել, որի դիմաց իսրայելական կողմն ազատ արձակեց հայտնի լիբանանցի գրոհային Սամիր Կունտարին (1979թ. դատապարտվել էր քառակի ցմահ բանտարկության` հրեա ընտանիքի սպանության մեղադրանքով)։ Բացի այդ, Իսրայելը պարտավորվեց Հիզբալլահին հանձնել պաղեստինցի ու լիբանանցի գրոհայինների շուրջ 200 դի։ Է.Գոլդվասերի եւ Է.Ռեգեւի մարմինների մասերի ինքնությունը հաստատելու նպատակով իսրայելական կողմն անցկացրեց ԴՆԹ-ի փորձաքննություն, որը հաստատեց դիակների ինքնությունը։ Ի դեպ, մինչեւ իսրայելական կողմից ԴՆԹ-ի փորձաքննության անցկացումը, նման հետազոտություն իրականացրել էր ՄԱԿ-ը, սակայն իսրայելական կողմը որոշ կասկածներ ուներ այդ փորձաքննության արդյունքների վերաբերյալ։
Ազգակերտում` հերոսապատումներով

Հրեա զինվորականության դաստիարակության եւ առհասարակ հրեա ժողովրդի ազգակերտման գործում անգնահատելի է հրեա ժողովրդի հերոսապատումների մասին ազգային կոլեկտիվ հիշողության վերականգնումը։ Ռազմական հաղթանակների թեմատիկայի հասարակայնացումն ավելի ակտուալ դարձավ Իսրայել պետության հիմնադրումից հետո, երբ նորովի վերիմաստավորվեցին ինչպես անցյալի ձեռքբերումները, այնպես էլ պարտությունները։ Այս առումով, հատուկ առանձնացվում է 66-73թթ. Հռոմեական կայսրության դեմ Մասադա ամրոցի ինքնապաշտպանությունը, որը դարձավ 20-րդ դարի հրեաների ազգային ազատագրական պայքարի ու հրեական պետականության ստեղծման գործում ոգեկոչման խորհրդանիշ` մարմնավորելով հայրենասիրության բարձր գիտակցությունը, ազգային արժանապատվությունը, եւ ամենակարեւորը` մինչեւ վերջ կռվելու պատրաստակամությունը։ Մասադայի ինքնապաշտպանությունը, չնայած ողբերգական ելքին, հրեության շրջանում ընկալվում է որպես փառահեղ հաղթանակ։ Հրեա շուրջ 960 ապստամբներ, լինելով պաշարված Մասադայի ամրոցում, գերադասեցին զոհվել եւ մնալ ազատ, քան կենդանի` գերեվարության մեջ, եւ դիմեցին զանգվածային ինքնասպանության։ Մասադայի հերոսապատման մեծարման ավանդույթը նոր եռանդով շարունակվեց Իսրայել պետության հիմնադրումից հետո` դառնալով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) խորհրդանիշներից մեկը։ Երկրի ԶՈւ ստեղծման առաջին տարիներից շարունակվեց հրեա զինվորականության ավանդույթը` կանոնավոր արշավների կազմակերպումը Մասադայի լեռ, որտեղ տրվում էր զինվորական երդում։

Մասադայի հերոսապատումը կարեւորվում է նաեւ արտաքին քարոզչական հարթությունում։ Հիշատակենք 2008թ. մայիսի 15-ին Քնեսեթում Իսրայել պետության հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ ԱՄՆ նախկին նախագահ Ջ.Բուշի հայտնի ելույթը, որտեղ առանձնահատուկ նշվում էր նաեւ Մասադայի մասին. «Իսրայելի քաղաքացինե՛ր, Մասադան էլ երբե՛ք չի ընկնի, եւ Ամերիկան մշտապես ձեր կողքին կլինի»։ Իսկ մինչ ելույթը` նույն օրը, նախագահ Բուշն այցելել էր Մասադայի լեռ։

Հրեա զինվորականության հոգեբարոյական դաստիարակության գործում մեծ է նաեւ 1920թ. Թել Հայ հրեական բնակավայրի ինքնապաշտպանությունը կազմակերպած Իոսիֆ Տրումբելդորի կերպարը, որը նոր շունչ հաղորդեց 20-րդ դարասկզբին հրեական ազգային ազատագրական պայքարին։ Թել Հայի ինքնապաշտպանությունում, մահկանացուն կնքելիս, Տրումպելդորն արտասանում է հետեւյալ խոսքերը. «Երջանիկ է նա, ով զոհվում է հայրենիքի համար»։ Այդ բառերը փորագրված են Տրումպելդորի գերեզմանին, որի վրա Իսրայելի պաշտպանության բանակի երիտասարդ զինվորականները երդում են տալիս։ Տեղին է հիշատակել 1943թ. այդ առիթով Դ. Բեն-Գուրիոնի ելույթը, որտեղ նա փառաբանեց 1920թ. Թել Հայի հրեական բնակավայրի ինքնապաշտպանությունը` անվանելով այն «երկրորդ Մասադա»։ Բեն-Գուրիոնի խոսքերով` ինչպես Մասադան, այնպես էլ Թել Հայը, ցուցաբերեց արժանապատվությամբ մեռնելու նոր ճանապարհ` զենքը ձեռքին։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 2 Thumb down 0

papin
Feb 20, 2010 0:43

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՍՐԱՅԵԼԻ ԲԱՆԱԿՈՒՄ
Կարեն Վերանյան

Իսրայելն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որն աշխարհիկ պետություն լինելով` պետականաշինության եւ ազգակերտման գործընթացներում խիստ կարեւորություն է տալիս կրոնաբարոյական արժեքներին։ Հնագույն ժամանակներից ի վեր, հատկապես պետականության բացակայության երկուհազարամյա ժամանակաշրջանում, հուդայական արժեքները առաջնակարգ նշանակություն են ունեցել հրեության անվտանգության ապահովման եւ ազգային ինքնության պահպանման հարցում։ Հրեական կրոնաբարոյական նորմերում բազմիցս հիշատակվում է, որ «Էրեց-Իսրայել»-ի (Իսրայել պետության) ու նրա բնակիչների անվտանգության պաշտպանությունը յուրաքանչյուր հրեայի «սրբազան պարտականությունն» է։

Հրեական պետականաշինության պատմությունում հոգեւոր-բարոյական ուսմունքները նորովի վերիմաստավորվեցին սիոնիստական գաղափարախոսության առաջացման շրջանում։ Առաջին սիոնիստ կրոնավոր առաջնորդները անգնահատելի ներդրում են ունեցել 20-րդ դարի սկզբներին հրեական պետականության համար մղված ազգային ազատագրական պայքարում։ Հոգեւոր-բարոյական արժեքները մեծ տեղ են ունեցել մասնավորաբար Իսրայելի ազգային բանակի ստեղծման ու զարգացման գործում։ Հրեության անվտանգության պաշտպանության համատեքստում այսօր շարունակում են արդիական մնալ հուդայականությունում ամրագրված պատերազմի վարման մեթոդներն ու էթիկայի սկզբունքները։
Հոգեւոր զինվորականի ինստիտուտը

Իսրայել պետության, նրա բնակիչների եւ առհասարակ համայն հրեության անվտանգության ապահովման հարցում հոգեւոր դասի զգալի ազդեցության մասին է խոսում Իսրայելի պաշտպանության բանակում Հոգեւոր զինվորականի ինստիտուտի գոյությունը։ 1948թ. Իսրայել պետության եւ երկրի կանոնավոր ԶՈւ ստեղծման հետ միաժամանակ Հոգեւոր զինվորականի ինստիտուտի ձեւավորման հանգամանքը եւս մեկ անգամ վկայում է Իսրայել պետության ղեկավար այրերի կողմից երկրի անվտանգության պաշտպանության հարցում հոգեւոր-բարոյական արժեքների խիստ կարեւորման մասին։ Պետք է նկատել, որ իսրայելական բանակում Հոգեւոր զինվորականի ինստիտուտի ձեւավորումն առհասարակ պայմանավորված է հուդայական ավանդույթներով։ Հրեության պատմության տարբեր դարաշրջաններում հրեա ժողովրդի զինվորական ու քաղաքական գործիչները, որպես կանոն, հանդես են եկել նաեւ որպես ազգի հոգեւոր առաջնորդներ։

Իսրայելում Հոգեւոր զինվորականի ինստիտուտը, որը գործում է երկրի պաշտպանության ուժերի Գլխավոր շտաբի ենթակայության ներքո եւ կրում վարչության կարգավիճակ, ի սկզբանե ստեղծվել է զինծառայողների հոգեւոր-կրոնական կարիքների բավարարման եւ զինվորական առօրյայում կրոնական նորմերի ու սկզբունքների պահպանման գործընթացի վերահսկման նպատակներով։ Իսկ ավելի լայն իմաստով, Իսրայելում Հոգեւոր զինվորականի ինստիտուտի գործունեությունը գերազանցապես ընթանում է հրեա զինվորականների հոգեւոր-բարոյական դաստիարակման, մարտական ոգու բարձրացման ուղղությամբ։

Հոգեւոր զինվորականությունը անմիջական մասնակցություն է ունեցել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ներկայացված բազմաթիվ փաստաթղթերի ու հրամանագրերի նախապատրաստման ու մշակման աշխատանքներին, որոնք անմիջականորեն առնչվում են զինվորականության հոգեւոր անվտանգության խնդիրներին։ Մասնավորապես, Հոգեւոր զինվորականությունը, երկրի ԶՈւ Գլխավոր շտաբի Դաստիարակության հարցերով վարչության հետ համատեղ, մշակել է 1992թ. Իսրայելի պաշտպանության բանակի կողմից պատրաստված «Հրեա զինվորականի վարքականոնը», որը կրում է հուդայական կրոնաբարոյական նորմերի ազդեցությունը։

Իսրայելի պաշտպանության բանակի Հոգեւոր զինվորականի ինստիտուտը ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ երկրի ներքին ու արտաքին տեղեկատվական-քարոզչական բնագավառում, հրատարակում կրոնաբարոյական եւ առհասարակ հոգեւոր անվտանգությանը վերաբերող գիտակրթական հանդեսներ ու հետազոտություններ, լույս ընծայում հոգեւոր գրականություն ու աղոթագրքեր, որոնք նախատեսված են ինչպես երկրի ԶՈւ զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բնակչության հոգեւոր-բարոյական դաստիարակության համար։

Ի դեպ, Հոգեւոր զինվորականի ինստիտուտը գործում է Իսրայելի քաղաքացիական Գլխավոր հոգեւորականությունից անկախ եւ անմիջականորեն ենթարկվում է պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետին, իսկ Գլխավոր հոգեւոր զինվորականը նշանակվում եւ պաշտոնից ազատվում է Գլխավոր շտաբի պետի հրամանով։

Իսրայելում հոգեւոր զինվորականի պատրաստման գործընթացն իրականացվում է հիմնականում երկրի պաշտպանության բանակում գործող զինվորական ուսումնական հաստատություններում, որտեղ հոգեւոր-կրոնական դասընթացները համադրվում են մարտական պատրաստվածության տարբեր մասնագիտացումներով։ Հոգեւոր զինվորական կադրերը վերապատրաստվում են նաեւ երկրի հոգեւոր քաղաքացիական ուսումնական հաստատություններում։
Հոգեւոր զինվորականությունը մարտական գործողություններում

Իսրայելի պաշտպանության բանակում Հոգեւոր զինվորականության ինստիտուտի հիմնադրման գործընթացը մեծապես առնչվում է սիոնիստական շարժման գաղափարախոսության եւ մասնավորապես նրա հոգեւորական դասի հետ, որի ներկայացուցիչներից շատերն անդամագրվեցին նորակազմ ինստիտուտի շարքերում։ Դա է, թերեւս, այն հիմնական պատճառներից մեկը, որ Հոգեւոր զինվորականությունը հանդիսանում է Իսրայելի պաշտպանության բանակի առավել պահպանողական ուժերից մեկը եւ առանձնանում է արաբա-իսրայելյան հակամարտության հիմնահարցերում իր համեմատաբար անզիջում մոտեցումներով ու դիրքորոշմամբ։

1948թ. Իսրայելի Զինված ուժերի Հոգեւոր զինվորականության ինստիտուտի առաջին ղեկավար նշանակվեց գեներալ-մայոր Շլոմո Գորենը։ Վերջինս 18 տարեկանում դառնալով հոգեւորական` անդամագրվեց Իսրայելի Զինված ուժերի հիմքը հանդիսացող «Հագանա» խմբավորմանը եւ 1936–1939թթ. մասնակցեց Պաղեստինի հրեական բնակավայրերի պաշտպանության գործողություններին։ Զգալի է Շլոմո Գորենի` որպես հոգեւորականի եւ մարտիկի, ավանդը 1948թ. անկախության համար մղված ռազմական գործողություններին, 1956թ. Սինայի կամպանիային։ Նա անմիջական մասնակցություն է ցուցաբերել նաեւ 1967թ. վեցօրյա պատերազմում. Երուսաղեմի Տաճարի լեռան համար մղվող մարտի ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր հոգեւոր զինվորականը բարձրացավ լեռան վրա` փողհարելով եւ ձեռքին խորհրդանշաբար պահելով Թորայի թերթիկը, ինչը ապշեցուցիչ ազդեցություն թողեց մարտի մասնակիցների վրա (փողհարումը հին հրեական ավանդույթում կարեւոր խորհրդանշական իմաստ ունի եւ կոչված է համախմբելու հրեա ժողովրդին օրհասական իրադրությունում կամ պատերազմում)։ Իսկ Խեւրոն քաղաքի համար մղվող մարտական գործողությունների ընթացքում, վերջնական գրոհից առաջ, նա ցուցադրաբար մոտեցավ քաղաքի «Նախահայրերի քարանձավին» (Աբրահամի եւ Սառայի, Իսահակի եւ Ռեբեկայի գերեզմանները), հրազենային կրակահերթով բացեց փակված դուռը, փողհարեց եւ ներս մտավ քարանձավ` Թորայի թերթիկը ձեռքին եւ աղոթք կարդալով։ Պետք է նկատել, որ նրա մուտքը «Նախահայրերի քարանձավ» խիստ խորհրդանշական իմաստ ունի հրեության պատմության մեջ. խնդիրն այն է, որ Շլոմո Գորենն առաջին հրեան էր, որը մուտք գործեց «Նախահայրերի քարանձավ» վերջին 700 տարիների ընթացքում` այն ժամանակվանից սկսած, երբ 13-րդ դարի սկզբներին մամլուք առաջնորդ Բեյբարսը հրաման արձակեց, որով արգելվում էր հրեաներին ու քրիստոնյաներին մուտք գործել քարանձավ։ Շլոմո Գորենի այս գործողությունը բարձրացրեց իսրայելական զորքի մարտական ոգին եւ զգալի ազդեցություն ունեցավ պատերազմում իսրայելական կողմի հաղթանակի գործում։ Փաղհարող Շլոմո Գորենի լուսանկարը դարձավ 1967թ. վեցօրյա պատերազմի հաղթանակի կարեւորագույն խորհրդանիշը։

Հոգեւոր զինվորական այրերը, ռազմական գործողություններում հրեա զինվորների հետ կողք կողքի ուղղակի մասնակցություն ունենալուց զատ, զուգահեռաբար էական աշխատանքներ են տարել տեղեկատվական պատերազմներում, որոնք առանցքային նշանակություն են ունեցել մարտի դաշտում հրեա զինվորականության մարտական ոգու բարձրացման եւ հակառակորդի բարոյալքման առումով։ Նման քարոզչության օրինակներից է 2009թ. գարնանը Գազայի հատվածում իսրայելա-պաղեստինյան հերթական ռազմական բախումների ընթացքում Իսրայելի հոգեւոր զինվորականության ձեռնարկած տեղեկատվական գործողությունը։ Մասնավորաբար, մարտական գործողությունների նախաշեմին հոգեւոր զինվորականությունը տարածեց մի շարք թերթիկներ ու հոդվածներ, որոնցում կոչ էր արվում պայքարել հանուն Սուրբ հողերի պաշտպանության. խոսվում էր, որ «հրեաներին Իսրայելի հողերը տրվել են Աստծո կողմից` որպես պարգեւ, եւ իրենց պարտականությունն է պայքարել հանուն դրանց պաշտպանության»։ Ուշագրավ էր նաեւ 2008թ. դեկտեմբերի վերջին Իսրայելի կողմից ձեռնարկված «Ձուլածո արճիճ» ռազմական գործողության ժամանակ Գլխավոր հոգեւոր զինվորական Ավի Ռոզնիկ Ռոնցկիի կողմից զինվորների շրջանում թերթիկների տարածումը` «Մասնակցի՛ր իմ պայքարին» խորագրով։

Հոգեւոր զինվորականության սպայակազմի ներկայացուցիչների մեծ մասը, որոնք պաշտպանության բանակի զինվորական ուսումնական հաստատությունների շրջանավարտներ են, իրենց զինծառայությունն անց են կացնում մարտական ստորաբաժանումներում եւ ակտիվ մասնակցություն ունենում տարբեր մարտական գործողություններին։

Պատերազմական գործողությունների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի դիվիզիաներում հավաքագրվում են պահեստայիններ ու նրանցից կազմվում հոգեւոր զինվորականների ջոկատներ, որոնք պատասխանատու են այդ թվում մարտի դաշտում զոհված հրեա զինվորների ու սպաների հուղարկավորության, ինչպես նաեւ անհայտ կորած զինվորների հայտնաբերման համար։ Նկատենք, որ հրեա զինծառայողը պաշտոնապես զոհված է համարվում, որպես կանոն, Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր զինվորական հոգեւորականի կողմից այդ փաստը հաստատելուց հետո միայն։

Իսրայելի պաշտպանության բանակի հոգեւոր զինվորական ղեկավարները բավական կոշտ դիրքորոշում ունեն նաեւ հրեության շրջանում տարածված «յուրաքանչյուր հրեա ռազմագերու` ամեն գնով ազատագրելու» գաղափարի հետ կապված։ Նրանց կարծիքով` նման սկզբունքով առաջնորդվելը նպաստում է հակառակորդի կողմից հրեա զինվորականների առեւանգման դեպքերի հաճախակիացմանը։ Մասնավորապես, 1985թ. «Ջիբրիլի երկրորդ գործարքի» (Ահմադ Ջիբրիլ` «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» ահաբեկչական խմբավորման առաջնորդ) ժամանակ, որով երեք հրեա ռազմագերիների ազատագրման դիմաց ազատ արձակվեցին 1150 դատապարտված գրոհայիններ, Իսրայելի բանակի արդեն նախկին Գլխավոր հոգեւորական Շլոմո Գորենը հայտարարեց, որ այն հակասում է հրեական կրոնաբարոյական ավանդույթներին։ Ներկայում Հոգեւոր զինվորական ղեկավարությունը որոշակի վերապահումներով է մոտենում նաեւ իսրայելցի մեկ այլ զինվորականի` Գիլադ Շալիթի ազատ արձակմանը, որի դիմաց իսրայելական կողմին զգալի պահանջներ են ներկայացվում։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 2 Thumb down 0

papin
Feb 22, 2010 1:55

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ

Թույլ տվեք Ձեր ուշադրությանը ներկայացնել մի ծրագիր, որի իրականացումը զգալիորեն կբարձրացնի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկն ու հեղինակությունը:
Աստվածատուրի որդի Գևորգ Դամասկոսցի
(Jiri Deodat, Georgius Deodatus Damascenus, Gorgos Hatalah il Damski)

Պրահայում «պաշտոնապես» փաստագրված առաջին հայը եղել է Աստվածատուրի որդի Գևորգ Դամասկոսցին (Jiri Deodat, Georgius Deodatus Damascenus, Gorgos Hatalah il Damski): Ծնվել է Դամասկոսում, ունևոր վաճառականի ընտանիքում: 1690թ. հայրը նրան առևտրական գործերով ուղարկում է Կահիրե ու Տրիպոլի (Թարաբլուս), որտեղ ծանոթանում, սերտ շփումներ է հաստատում Անտիոքի պատրիարք Իգնասիուս Պետրուսի հետ և համակվում կաթոլիկությամբ: 1698 թ. Դամասկոսից ճանապարհվում է Հռոմ, ընդունում կաթոլիկություն, ապա 5 տարի ստանում բարձրակարգ կրթություն՝ յուրացնելով լատիներեն ու գերմաներեն:

1704 թ. ժամանում է Վիեննա ու մի ազգակցի հետ փորձում սրճավաճառությամբ զբաղվել: Բայց ձեռնարկումն անհաջողության է մատնվում, և Գևորգը կորցնում է գրեթե ողջ ունեցվածքը: Մի հույն քահանա նրան խորհուրդ է տալիս մեկնել Պրահա և այնտեղ սրճավաճառությամբ զբաղվել:

Հարկ է նշել, որ այդ ժամանակ Պրահայում արդեն սկսել էին սուրճ օգտագործել, բայց սրճարաններ չկային, իսկ սուրճը վաճառվում էր միայն դեղատներում, որպես առույգացնող միջոց: Քաղաքի բնակիչներին սուրճ խմելուն ընտելացնելու, իր ապրանքատեսակի հանդեպ պահանջարկ առաջացնելու նպատակով նա արևելցու տարազով սկսում է շրջիկ առևտրով զբաղվել. գլխին դնում էր փայտե սկուտեղ՝ տաք սուրճի բաժակով, աջ ձեռքով տանում էր վառվող փայտածխով աման, իսկ ձախով՝ ըմպանակներով ու մանր շաքարակտորներով տուփ: Այս շրջիկ առևտուրը տևեց 10 տարի:

1714 թ. նա Լիլիովա և Յեզուիտսկա (Ճիզվիտական, այժմ՝ Կարլով) փողոցների անկյունում վարձում է մի խանութ և հիմնում քաղաքի առաջին կանոնավոր գործող սրճարանը:

Սակայն ի տարբերություն այլ հայ վաճառականների, Գևորգ Դամասկոսցին ուներ ակնհայտ առավելություն՝ կիրթ էր: Նրա սրճարանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվում էր Ճիզվիտական միաբանությունը (ներկայիս Չեխիայի Հանրապետության Կլեմենտինում ազգային գրադարանի շենքը), և ճիզվիտները հաճախ այցելում էին Գևորգին՝ հավատակից արևելցուն: Այդ շփումների արդյունքում Գևորգ Դամասկոսցին 1712-1719 թթ. գրում ու հրատարակում է կրոնաբարոյական 5 լատիներեն և 2 գերմաներեն աշխատություն:

Ճիզվիտների պատվերով 1734 թ. հրատարակում է Kurtze Vorstellung und Erklarung derer drei vornehsten in der ganzen Welt befindlichen Glauben. Nemlich des Christlichen, Judischen und Mohametanischen գերմաներեն աշխատությունը, որն ուղղված էր հնագույն ժամանակներից Չեխիայում հաստատված հրեական համայնքի դեմ:

Ի պատասխան, հրեաները, որոնք տիրում էին տնտեսական լծակներին, ձեռք են բերում նրա պարտամուրհակները, սնանկացնում, և Գևորգը մոտավորապես 1740 թ. մահանում է լիակատար աղքատության մեջ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*