ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ . Thursday, October 8, 2009 16:47 - 3 քննարկում

Ես ասում եմ ձեզ – Դուք ոչինչ չեք հանձնելու

Ես բնակվում եմ Քարվաճառի շրջանի Վերինշեն համայնքում արդեն ութ տարի: Երբ 2001 թ. նոյեմբերին մենք փոխադրվել էինք այստեղ մշտական բնակության, մենք բախվեցինք բազում դժվարությունների: Այդ դժվարություններից շատերը կարող էին նաև չլինել, սակայն մեր ընտանիքն արժանապատվորեն հաղթահարել էր դրանք և այսօր ես իմ կյանքն առանց Քարվաճառի պարզապես չեմ պատկերացնում: Այս տարածքը մեզ դիմավորեց խիստ աշունով և ցրտաշունչ ձմեռով, որը մեզ անտանելի էր թվացել: Մենք պատրաստ չէինք այն ձմռանը ոչ հոգեբանորեն և ոչ էլ նյութապես: Չկար էլեկտրականություն, հեռախոսակապ, գրեթե բացակայում էր ուղևորատար հաղորդակցությունը: Շրջանում բոլոր խանութները պատկանում էին մի մարդու և դրանցից ամենամոտիկը գտնվում էր մեր տնից 10 կմ հեռու: Թե ինչպիսի գներով էին այնտեղ ապրանք վաճառում` ես խոնարհաբար կլռեմ: Բարեբախտաբար, այսօր դրանք այլևս հեռավոր և հաճախ անիրական թվացող հիշողություններն են: Մեր կողքին ապրող մարդիկ մեր նման աշխատում և մաքառում էին` արարելով սեփական ապագան: Շատերը, չդիմանալով փորձությունների, հեռանում էին, սակայն նրանց տեղը գալիս էին նոր ընտանիքներ:
Անցան տարիներ: Մենք ունեցանք դպրոց, էլեկտրականություն, բջջային հեռախոսակապ: Տրանսպորտի հարցը դեռևս շատ լուրջ է, սակայն ամեն պարագային ավելի լավ է, քան նախկինում: Այստեղ ծնվում էին երեխաներ` երկհարյուրամյա ընդմիջումից հետո այս հողի առաջին հայ երեխաները, որոնց ծննդյան վկայականներում որպես ծննդավայր նշվում էր Քարվաճառը: Ամեն տարի տների ու գոմերի պատերից, փողոցների սալահատակից վերաբնակները դուրս էին հանում խաչքարեր ու տապանաքարեր` Հայոց միջնադարյան վիմագրերով: Դրանցից շատերը տառացիորեն ստիպված էինք հավաքել մասունք առ մասունք` սրբելով հարյուրամյա թրիքի պղծությունից կամ սվաղի մնացորդներից: Ունեցել ենք նաև կորուստներ. կենաց դառն օրենքի բերմամբ մարդիկ մահանում էին: Մահացածներից մեկը նաև իմ հայրիկն էր` բանասեր և բանաստեղծ, զինվորական և պարզապես ողջ կյանքով հայրենի հողին անսահմանորեն նվիրված մարդ: Նա ծնվել էր Ալավերդուն հարակից Ակոռի գյուղում, որտեղ թաղված էին նրա ծնողները: Ակոռու գերեզմանատանը հանգչում էր նրա ողջ գերդաստանը: Նրա նախնիները Լոռի էին եկել երկրաշարժով կործանված հնամենի մասիսադիր Ակոռի ավանից, որը գտնվում էր արևելահայաց լանջի դյուցազնավիպական Վիհի ստորոտում: Երբ նրան հայտնի եղավ հիվանդության անունը, նա կանչեց մայրիկիս և ինձ` որպես ավագ դստերը, և ասաց, որ մենք չհամարձակվենք անգամ մտածել իրեն թաղել Ակոռիում: Մեր ազգականներն այսօր էլ նախատում են մեզ, որ մենք նրան հանձնեցինք «անհայտ քաղաքական ապագայով» մի հողին, սակայն այս բառերն ինձ համար խորապես վիրավորական են: Իհարկե, այս հողի վրա մենք շատ դժվարություն ենք տեսել, սակայն նրա գեղամեծար վեհությունը դարձել են իմ գիտակցության անկապտելի մի մասնիկ: Այս հողի վերածնունդը դարձել է իմ կյանքի իմաստը, որի զոհասեղանին ես կարողացել եմ ընծայել ընդամենը դպրոցում իմ ուսուցչությունը, իմ կրտինքն, իսկ երբեմն էլ արցունքս: Իմ քույրերն ընտանիք կազմեցին այս հողում և նվիրեցին նրան իրենց անդրանիկ զավակներին, իսկ իմ հայրն առաջինն էր, ով տարածքի ազատագրումից ի վեր Հայաստանյայց եկեղեցու սրբազան ծիսակարգով նրա մեջ գտավ հավիտենական հանգիստը:
Ոմանց իմ խոսքերը կարող են չափազանց զգացմունքային թվալ, բայց ես դրանցից չեմ ամաչում, քանի որ անկախ մեր անձնական վաստակից և արժանիքներից, դրանք ունեն ոչ միայն ազգային-պետական, այլև պատմական կտրվածքով սրբազան և իմաստակիր խորհուրդ: Մեր զինվորների արյունը և նորածին հայ մանուկների ճիչն ազատագրված եզերքում վերադարձրին մեզ ցեղասպանությամբ և հազարամյա սփռմամբ ոտնահարված պատիվն ու իրավունքը` քայլելու ազատարարի հպարտությամբ: Ինձ` որպես կնոջը, ավելի հեշտ է հասկանալ և զգալ, թե որչափ մեծ է այդ պարգևը` լինել քույր կամ կին անհավասար մարտում թշնամուն հաղթած հայ տղամարդու և կյանք պարգևել նրա երեխաներին: Արդյո՞ք այսօրվա հայ կանանցից շատերը երբևէ մտածել են, թե ով է փրկել նրանց անպատվությունից բառիս փոխաբերական և ուղիղ իմաստով: Սրանք դատարկ խոսքեր չեն, սրանք զուրկ են ճարտասանական հնարքներից և խստագույն անմիջականությամբ արտացոլում են իրականությունը: Աշխարհը նույն է մնացել, թուրքերը` նույնպես: Խաղաղությունը և Հայաստանի վերածնունդը հնարավոր են միայն եթե մեր երկրի դարպասներն աննկունորեն կնքված լինեն հայ տղամարդկանց զենքով` նրանց կամքով առ կյանք և առ պատիվ:
Ցավոք, վերջին շրջանում Երևանում տեղի ունեցողն ինձ, մեղմ ասած, շատ է վրդովեցնում: Այդ անհույս պարտվողականությունը` թշնամուն մահացու զիջումներ կատարելու միջոցով խաղաղություն և բարօրություն գնելու անհեթեթ երազանքը պարզապես նողկալի է: Զարմանալ կարելի է, թե ինչպես հասարակության և ղեկավարության մեծ մասը կարող է այդչափ կուրացած և իրականությունից կտրված լինի: Արդյո՞ք դուք այնքան միամիտ եք, որպեսզի հավատաք միջազգային հորջորջվող երաշխիքներին: Արդյո՞ք դուք մինչև հիմա չեք գիտակցել, որ մեր տների անդորրը և ձեր պալատների ճոխությունն ուղղակիորեն կապված է Մռավի լեռնաշղթայի հավերժ սառնամանիքների և կուր-արաքսյան դաշտավայրի խեղդող ավազի մեջ մեր զինվորների պաշտպանած դիրքերից: Դուք չգիտե՞ք, որ այն օրը, երբ մեր զինվորը կլքի այդ դիրքերը մենք կկորցնենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների զրկանքների և նահատակության գնով վաստակած խաղաղությունը և Հայստանը կրկին կգահավիժի արյան հեղեղի մեջ: Ձեզ այնքան շա՞տ է կուրացրել աշխարհի հզորների նստավայրերի արտաքին ճոխությունը, դուք այդչափ մոլեգնաբա՞ր եք բաղձացել նոբելյան և այլ մրցանակների, ոսկու և ձեզ խոստացված հետհակամարտային ներդրումների, որ վճռել եք դավաճանել և վաճառքի հանել մեր վերջին և սրբազբնագույն ժառանգությունը` Հայրենիքը: Դուք առանց այդ էլ քամել եք մեր երկրից ամեն հնարավոր բան, ապաշնորհաբար վատնել, մսխել և ծախել եք նրա ողջ հարստությունը, իսկ այժմ որոշել եք հանուն ձեր մանր առևտրական շահի պարզունակ հաշվարկով սակարկման առարկա դարձնել նաև ցեղասպանության զոհերի հիշատա՞կը:
Ես հասկանում եմ, որ գրեթե բոլորդ շատ հեռավոր պատկերացում ունեք պատվի, բարոյականության և երկրի հանդեպ պատասխանատվության մասին: Դա հավասարապես վերաբերվում է թե՛ իշխանական ճամբարին և թե՛ այսպես կոչված ընդդիմության պարագլուխներին, որոնք միևնույն տեսակի չարիք են: Անիմաստ է դիմել ձեր խղճին և անցողիկ հարստությունների տակ թաղված արժանապատվությանը: Սակայն եթե դուք կարծում եք, որ մենք կենթարկվենք, ապա չարաչար սխալվում եք: Մենք չենք ճանաչի ո՛չ ձեր ստորագրած արձանագրությունները, ո՛չ էլ մեր տների հանձնումը, մեր սրբավայրերի, գերեզմանների և ազատարար արյունը սրբապղծող «Մադրիդյան սկզբունքները»: Հիշե՛ք դա, երբ գնում եք խոսելու կամ անարժեք թղթիկներ ստորագրելու մեր երկրի անունից: Հիշե՛ք, որ աշխարհիս հզորների րոպեական գովասանքին և ձեր խեղկատակ «քաղաքագետների», «վերլուծաբան-թուրքագետների» և «հակամարտաբանների» ծափահարություններին հաջորդելու է սերունդների անեծքը և երկնքի բարկությունը: Դրանք անվերջ կհետապնդեն և կհարվածեն ձեզ և մահաբեր խայտառակությամբ կդրոշմեն ձեր ժառանգների ճակատը յոթը սերունդ շարունակ: Ձեզ խոստացված «երաշխիքները» կմոռացվեն և ձեզ պարզապես կհանձնեն, պարզունակաբար «կգցեն» և կշպրտեն պատմության աղբանոց և կյանքի լուսանցք, որտեղ ձեզ կխժռեն նրանք, ովքեր այժմ ձեզ ստորաքարշաբար ծառայում են: Այս է ձեր դատավճիռը:
Ուստի ես Արցախի բոլոր կանանց և ազատագրված տարածքների բոլոր բնակիչների անունից, որպես կին տկար, բայց և ոգով զորեղ լինելով, ասում եմ ձեզ – դուք ոչինչ չեք հանձնելու, իսկ ձեր առևտրաբարո «արձանագրությունները» և «Մադրիդյան սկզբունքները» կմնան ձեր անզորության և ոգեղեն կուրության թղթե վկայությունը: Հայոց Հայրենիքի միասնությունը պետք է վերականգնվի: Ոչ մի թիզ հող թշնամուն չի հանձնվելու:
Խանդութ Ավետյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Liana
Oct 8, 2009 18:04

Հայ տեսակը հարգարժան Խանդութ Ավետյանի հարազատների պես աննկուն կամքով մարդկանց շնորհիվ է պահպանվում. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Papken Hartunian
Oct 8, 2009 22:34

Խանդութ Ավետյան ծէր խռսքէրը պէտքը լսի ամէն մի հայ։

Իմ հէտ կապ պահէգ։

Բաբկէն

papkenhartunian@gmail.com

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

SVETLANA
Oct 9, 2009 1:41

Հիացմունքս ու հուզմունքս արտահայտելու խոսքեր ուղղակի չեմ գտնում,հարգելի Խանդութ…Արժանի ես անվանդ…
Հիացած եմ Ձեր անկոտրում կամքով,Ձեր Ոգու ուժով,Ձեր Հայրենասիրությամբ ու Ձեր Հավատով՝ գործի ու ապագայի հանդեպ…
Դեռ քսան տարի առաջ եմ ասել այս խոսքերը և այսօր Էլ նույն կարծիքին եմ՝.- Հայրենիքի և Ազգի համար բախտորոç պահերին որոçիչը ոչ թե թուլամորթ,անձնապաçտ,հրապարակներում բարձրախոսներով բարձր ճառող ու բղավող այն արարածներն են,որ իրենց «հայ տղամարդ» են կարծում,այլ առաջին հերթին այն «փափկասուն տիկնայք Հայոց Աçխարհի»,ովքեր իրենց հզոր Հոգու կարողությամբ,իրենց աննկուն Ոգեղեն ՈՒժով ու նաև Գործով գալիս են լռացնելու ԽԵՆԹԵՐԻ այն բանակը,որ մեր Ազգի կորիզն են կազմում,որ ՑԵՂՆ են ներկայացնում…Հայ Կնոջ ՈԳԻՆ Է,որ առաջին հերթԷն çարժիչ ուժն Է հանդիսանում Հայ Տղամարդու կատարելիք քայլերի…Մեր պատմության մեյ կան հազարավոր այդպիսի օրինակ-ապացույցներ ասածիս…Հայրենիքը պաçտպանող զինվորը,գիտակցաբար թե անգիտակցաբար՝ առաջին հերթին պաçտպանում Է իր Մոր,իր քրոջ,իր կնոջ պատիվը,որը բարձր Է ամեն ինչից…Պատվի այդ զգացումն Է,որ ուղղակի կամ անուղղակի կերպով մղում Է նրան գնալու անձնազոհության…Հայրենիքը ևս անվանում են ՄԱՅՐ Հայրենիք և çատերը զոհում են իրենց կյանքը հենց այդ Հայրենիքի համար, առանց վարկյան իսկ տատանվելու,քանզի Հայրենիքն այդ ամբողջանում Է ՄՈՐ՝ ԿԻՆ կոչված կերպարի մեջ և մղում զինվորին անձնազոհության հանուն նրա պատվի,պաçտպանության ու ապագայի…
Դժվար չԷ նկատել,որ պատվի մասին պատկերացում չունեցող,կամ ճի´çտ պատկերացում չունեցող տղամարդիկ,մանավանդ կնոջ պատիվը իսկապես բարձր պահելու,գնահատելու,նրան պաçտպան ու նեցուկ լինելու գիտակցումից զուրկ «տղամարդիկ»,որոնք այսօր մեծամասնություն են կազմում հիմնականում արևմուտքում,երբեք ընդունակ չեն անձնազոհության գնալու իրենց Հայրենիքի համար…Հարցրեք նրանց և նրանցից çատերը կժպտան ու կասեն,որ զինվորներ կան,նրանք պետք Է կռվեն պատերազմի ժամանակ,դա նրա´նց աçխատանքն Է…Իսկ այդ նույն զինվորներն Էլ դա կատարում են,որով հետև վաևձատրվում են և դա իրոք րանց աçխատանքն Է…Ընդհամնն այսքանը… ՈՒ նաև ոչ մի օտարազգի կին,կամ Էլ նրանցից հատուկենտները կլինեն,որ ընդունակ կլինեն ահա այսպիսի խոսքեր գրելու,այսպես զգալու Հայրենիքն ու նրա կորստի ցավն,ինչպես այսօր Դուք՝Սիրելի իմ քույր…ՀԱՅ ԿԻՆ կոչված Աստվածային Արարչագործության ամենամաքուր ու ամենավեհ դրսևորման արդյունքն եք Դուք,Սիրելիս…Քանի կան,ապրում են Ձեզ նման Հայ Կանայք՝ Հավերժ Է Ազգն Հայոց ու մեզ պարտություն չկա…Թçնամու գործը մեր հարցում պետք Է լինի առաջին հերթին կռիվը Հայ Կնոջ,նրա զգացմունքների,նրա ազգասիրության ու ՈԳՈՒ դեմ,որտեղ միçտ պարտությունն անխուսափելի կլինի ոսոխի համար…Շարժիչ ուժը, մեր ԱԶԳԱՅԻՆ հարցերի լուծման ճանապարհին միçտ եղել և մնում են Հայ Խանդութները…
Փառք ու պատիվ նրանց…
Խորին հարգանքներով՝ Սվետլանա

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*