ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, October 25, 2017 19:12 - չքննարկված

ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները

Մնացական Ռ. Խաչատրեան,
ռազմական պատմաբան,
ՀՀ ԶՈՒ պահեստազօրի գնդապետ

ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ…

Կամ

Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները

Հայ քաղաքական մտքի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ եթէ հայերս հաւատարիմ լինենք ազատ, արդար, ինքնիշխան, ժամանակակից ՊԵՏՈւԹԻՒՆ կերտելու գաղափարին ու գործենք ըստ այդմ, լինենք հաւատարիմ ու նուիրեալ այդ՝ մեր պետութեան շահերին ու սպասարկենք բացառապէս այդ շահերը, համընկեցնելով նաև այլոց շահերի հետ ու դրանք հաշուի առնելով, մենք կունենանք առաջադէմ մարդկութեան ու պետութիւնների և՛ աջակցութիւնը, և՛ բարեկամութիւնը:

Այդ թւում նաև ԱՄՆ-ի:

Այդ դէպքում մեզ հետ հաշուի կնստեն նաև ոչ առաջադէմ երկրները, ինչպիսիք են պուտինեան Ռուսաստանն ու էրդողանի Թուրքիան:

Իսկ Ադրբեջանի հետ կգանք երկխօսութեան ու համաձայնութեան նաև առանց միջնորդների:

Առաջին հայեացքից ամէն ինչ ճիշտ է, սակայն կարծում ենք, պէտք է ուշադրութիւն դարձնել որոշ շեշտադրումների և այդ կապակցութեամբ կցանկանայի ասել հետևեալը:

Գիտենք մի ցաւալի, սակայն անժխտելի փաստ՝ Հայաստանը յայտնուել է ՙՙիզգօյ՚՚ երկրների շարքում՝ Ռուսաստանի գլխաւորութեամբ…

Ըստ իս՝ ներկայ պայմաններում միայն ժողովրդավարութիւնը բաւարար չէ Հայաստանի անվտանգութիւնն ու առաջընթաց զարգացումն ապահովելու համար: Ի դէպ, Արևմուտքն օգնում է ո՛չ միայն ժողովրդավարական, այլև, գուցէ՝ առաջին հերթին՝ ճիշտ աշխարհաքաղաքական ընտրութիւն կատարած երկրներին, թէկուզ դրանք բաւարար չափով ժողովրդավարական չլինեն կամ նույնիսկ բաւական հեռու լինեն ժողովրդավարութիւնից… Ուրեմն՝ անհրաժեշտ է ճիշտ աշխարհաքաղաքական ընտրութիւն կատարել… Այսինքն՝ ժողովրդավարական կարգեր ունենալու հետ միասին, իսկ գուցէ դրանից էլ առաջ՝ յարկաւոր է կատարել ճիշտ աշխարհաքաղաքական ընտրութիւն… Եւ ունենալ ռազմաքաղաքական ու քաղաքակրթական-մշակութային կամքի ուժ ունեցող ազգային վերնախաւ…

Յայտնի է, որ ժողովրդավարութիւնը հիանալի համակարգ է, սակայն ոչ՝ ամենափրկիչ քաղաքական բալասան… Բոլորս հիանալի գիտենք, որ Ֆրանսիան (երրորդ հանրապետութիւնը՝ 1870-1940 թթ.) օրինակելի ժողովրդավարական երկիր էր, սակայն նացիստական Գերմանիան և ֆաշիստական Իտալիան նրա հետ հաշուի չնստեցին… Աւելին՝ 1940 թուականին նրանք պարզապէս ռազմապէս ջախջախեցին ժողովրդավարական Ֆրանսիան, որի զինուած ուժերը քանակապէս գերազանցում էին երկու գիշատիչ ագրեսոր հարևաններին, իսկ տեխնիկապէս էլ առնուազն չէին զիջում… Շատ լաւ գիտէք, որ ստալինեան Ռուսաստան-ԽՍՀՄ-ն էլ՝ լինելով նացիստական Գերմանիայի թէ՛ փաստացի, թէ՛ պաշտօնական-իրաւական դաշնակիցը, ժողովրդավարական Ֆրանսիայի ոչնչացումն առնուազն շատ հանգիստ ընդունեց, եթէ չասենք՝ թաքուն կամ բացայայտ հրճուանքով… Աւելին, Ռուսաստան-ԽՍՀՄ-ը նացիստական Գերմանիայի հետ դրանից ամիսներ առաջ՝ 1939-ի սեպտեմբերին կիսեց ժողովրդավարական Լեհաստանը, մահացու յարձակման և յօշօտման փորձի ենթարկեց Ֆինլանդիան, յաջորդ տարի՝ նոյն այն 1940-ին զաւթեց ժողովրդավարական Լիտուան, Լատուիան, Էստոնիան և այլն… Չմոռանանք նաև Ռումինիայի թագաւորութիւնից Բեսարաբիայի, այսինքն՝ Մոլդովայի արևելեան մասի և Բուջակի, ինչպէս նաև Բուկովինա նահանգի զաւթումը: Մի խօսքով՝ դիկտատորական երկրները բաժանեցին Եւրոպայի ժողովրդավարական երկրներն իրար միջև… Գերմանական բլից-կրիգի զոհերը դարձան գրեթէ բոլոր արևմտաեւրոպական պետութիւնները… Իսկ Բ աշխարհամարտի դեռ նախօրէին հիտլերականների առաջին զոհերն էին Աւստրիան ու Չեխոսլովակիան… Եւ եթէ չլինէր այն ժամանակուայ աշխարհի հզօրագոյն տնտեսութեամբ երկրի՝ ԱՄՆ-ի միջամտութիւնը 1939-ի սեպտեմբերի 1-ին սկսուած Բ աշխարհամարտին (1939-1945), ապա յայտնի չէր, թէ ինչով կաւարտուէր ժողովրդավարական երկրների այդ տոտալ ջախջախումը… Ի դէպ, նոյնպէս ԱՄՆ-ի միջամտութեամբ էր, որ նախորդ՝ Ա աշխարհամարտում (1914-1918թթ.) հաւասարակշռութիւնը վճռականօրէն փոխուեց յօգուտ ԱՆՏԱՆՏ-ի երկրների…
Անտարակոյս, համամիտ ենք բոլոր այն քաղաքական մտածողների հետ, որոնց կարծիքով Հայաստանը և հայ ժողովուրդը պէտք է ընտրեն ժողովրդավարական զարգացման ճանապարհը, բայց դրա երաշխաւորը, ինչպէս նաև Հայաստանի անկախութեան ու ազատութեան միջազգային երաշխաւորը այսօր կարող են լինել Արևմուտքի ժողովրդավարական հզօր ուժերը, այդ թւում՝ ԱՄՆ-ն, որոնց աջակցութեամբ, օրինակ, Իսրայէլը գոյատևեց և անընդհատ յաղթական է Մերձաւոր Արևելքում, իսկ քրդերի անպետական ժողովուրդը յանկարծ կարող է տէր դառնալ սեփական պետութեան ու լուրջ գործոն դառնալ տարածաշրջանում…
Իսկ դա նշանակում է, ըստ իս, պէտք է վերջապէս կարողանալ ճիշտ դաշնակիցներ գտնել…
Հայ ժողովուրդը, յատկապէս՝ նրա քաղաքական առաջնորդները պարտաւոր են աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և քաղաքակրթական ճիշտ ընտրութիւն կատարել…
Ժողովրդավարական արժէքներին, համամարդակային արժէքներին հաւատարիմ լինելը, կարծես, արդէն իսկ բաւական է, որպէսզի ապագայ Հայաստանը դասուի առաջադէմ պետութիւնների շարքը: Սակայն Հայաստանի գոյատևումը իր թեժ տարածաշրջանում, քաղաքակրթութիւնների բախման կիզակէտում, աշխարհաքաղաքական բարդ իրադրութիւններում, ժողովրդավարական տնտեսական-քաղաքական համակարգի կառուցումը, ամրապնդումը և զարգացումը հնարաւոր են մեծապէս նա՛և ռազմաքաղաքական դաշինքների հնարաւորութիւնների ճիշտ ուսումնասիրման, ընտրութեան, դրանց կազմի մէջ մուտք գործելու և օգտուել կարողանալու դէպքում…
Իզգօյ պետութիւնների շարքից (Ռուսաստան, Բելառուս, և միւս կիսամիջնադարեան, կիսաֆէոդալական խանութիւններ ու սուլթանութիւններ) յարկ է անցնել քաղաքակիրթ պետութիւնների շարքերը… Բազմաթիւ փաստերով ապացուցուել և դեռ ապացուցուելու է, որ Արևմուտքի պետութիւնների, այդ թւում՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հակառուսական քաղաքականութիւնն էր, որ ժամանակին խանգարել և այժմ էլ խանգարում է ու դեռ, յուսով եմ՝ կխանգարի Ռուսաստանին՝ Հայաստանի Հանրապետութիւնը վերածելու ռուսա-սովետական հերթական կայսրութեան ծայրամասային գուբերնիայի, ինչպիսին էր խորհրդային Հայաստանը… Հարցը սրանո՛ւմ է: Ըստ իս, հայերս, ցաւօք, դեռ չենք պատկերացնում, թէ իրականում Արևմուտքը ի՞նչ յաղթաթղթեր է շնորհել մեզ դեռ Ա աշխարհամարտի տարիներից սկսած, մինչ այժմ… Հենց միայն Սևրի 20.VIII.1920 թ. պայմանագիրն ու դրան առնչուող Վիլսոնեան Իրաւարար վճիռն ի՜նչ արժեն… Դեռ չեմ խօսում 1918-1920-ի ամերիկեան որբանոցների ու օգնութիւնների մասին, որոնք բազմաթիւ հայերի փրկեցին և որոնց հարստութիւնները 1920-ի խորհրդայնացումից յետո բռնագրաւուեցին ու ՙՙհոսեցին՚՚ դէպի խորհրդային Ռուսաստան… Այնպէս, որ ռուսական կեղծ դաշնակցի ստեղծած գերվտանգաւոր պատրանքներից ազատուելով՝ յարկաւոր է ռէալ աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական ընտրութիւն կատարել… Յիշենք նաև, որ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը բաւական ժողովրդավարական երկիր էր, գուցէ Հարաւային Կովկասում և ընդհանրապէս Մերձաւոր Արևելքում ամենաժողովրդավարականը… Սակայն հայ ժողովուրդը սխալ խորքային աշխարհաքաղաքական կողմնորոշում ունէր դէպի Ռուսաստանը, ինչն էլ յանգեցրեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան կործանմանը… Կրկնենք և շեշտենք. ռուսական կեղծ դաշնակցի ստեղծած գերվտանգաւոր պատրանքներից ազատուելով՝ յարկաւոր է ռէալ աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական ընտրութիւն կատարել… Ահա այդ ժամանակ էլ հայ ժողովրդին կօգնեն, կօժանդակեն, կաջակցեն տապալելու ներկայիս ռուսական-խորհրդային-կգբէական-սերժական ատելի և անբարոյացնող լուծը… Իսկ առայժմ իր սեփական շահերը չհասկացող ու ստրկութեան դէմ ռէալ չընդվզող հայ ժողովրդին (հայրենաբնակ և աշխարհասփիւռ) ի՞նչ օգնեն… Ասածիս իմաստը դա էր… Վստահ եմ, որ յօդուածս ընթերցող հայ քաղաքական մտքի ներկայացուցիչների հետ այս հարցում փոխըմբռնման կհասնենք…
Բոլորս էլ, անշուշտ, ըմբռնում ենք, որ այսօրուայ ամայացող Հայաստանի անելանելի թուացող դրութիւնից ելքեր փնտրելիս որոշ հայաստանեան քաղաքական գործիչներ ստիպուած եղան դիմելու ապստամբութեան ու զինուած յեղափոխութեան միջոցներին (Սասնայ ծռերի 2016-ի յուլիսեան ապստամբութիւնը)… Արիւնայեղութիւնը ոչ մէկիս պէտք է չէ, սակայն հենց ռուսական խամաճիկների ներկայումս տիրապետող ոստիկանա-գործակալական քրէա-օլիգարխիկ վարչակարգն է իր ցինիկ ու յղփացած քաղաքականութեամբ հրում որոշ հայաստանեան քաղաքական գործիչների դէպի այդ արիւնոտ ուղին… Նկատի ունենանք, որ հայ ժողովուրդը թէ՛ Հայրենիքում, թէ՛ ի սփիւռս աշխարհի՝ նոյնիսկ հայրենիքի ամայացման ու ամլացման այս ահաւոր պատկերի առջև հիմնականում պասիւ է և քաղաքականապէս անպատրաստ… Սակայն լուսաւորուելու դէպքում կարող է ներսից՝ խաղաղ ընդվզմամբ՝ թաւշեայ յեղափոխութեամբ, դրսից՝ քաղաքական սանկցիաներով ու ֆինանսական շրջափակմամբ տապալել ատելի լուծը…
Յարկ ենք համարում յատուկ ընդգծել, որ ներկայիս հայաստանեան հայախեղդ ռեժիմը հաստատուել է Կրեմլի կողմից և պահպանւում է Կրեմլի օգնութեամբ… Այդ առումով յարկաւոր է պարզորոշ ըմբռնել Ռուսաստանի ամբողջ բացասական դերը Հայաստանի և հայ ժողովրդի կեանքում: Ռուսաստանը Թուրքիայից աւելի վտանգաւոր է հայերի և հայկական պետութեան համար: Ինչո՞ւ: Քանզի Թուրքիան բացայայտ թշնամի է, որից հայերի մեծ մասը գիտակցական, թէ բնազդային մակարդակներով միանշանակ ակնկալւում է ԵՂԵՌՆ և, հետևաբար՝ ցեղասպան, արիւնակզակ և արիւնաթաթ Թուրքիան դիտում հայերի ու Հայաստանի դեռ պահպանուող մնացած մասի ոչնչացնելու ընդունակ և պատրաստ տերութիւն…
Իսկ Ռուսաստա՞նը:
Ռուսաստանն առաւել վտանգաւոր է, քանզի այն ոչ միայն հայ հասարակ ժողովրդին, այլև հայ կամ գոնէ հայկական ազգանուն կրող քաղաքագետների աչքերին ներկայանում և ընկալւում է որպէս դաշնակից տէրութիւն… Սակայն յիշենք ռուսաց կայսրութեան ազդեցիկ դիւանագէտներից մէկի, 1895-1896 թթ. Ռուսաստանի արտաքին գործոց նախարար իշխան Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկու յստակ ձևակերպած քաղաքական գիծը. ՙՙՀայաստանը մեզ պէտք է առանց հայերի՚՚…

Մնացական Ռ. Խաչատրեան,
ռազմական պատմաբան,
ՀՀ ԶՈՒ պահեստազօրի գնդապետ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ