ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, October 22, 2017 9:42 - չքննարկված

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Նախաբան

Վենետիկի ս. Ղազար կղզում են պահւում Գարեգին Նժդեհի ցայսօր անյայտ աւելի քան 40 բանաստեղծութիւն եւ 20-ի չափ բացառիկ արժէքաւոր նամակներ` ուղղուած ԱՄՆ ցեղակրօն ուխտերի յայտնի գործիչ, 1930-ական թթ. ՀՅԴ ԱՄՆ կեդրոնական կոմիտէի անդամ, Գարեգին Նժդեհի վստահելի ու սիրելի բարեկամներից մէկին` Յովհաննէս Յովհաննէսեանին: Ձեռագրերին կցուած է ս. Ղազարի միաբան Սահակ վրդ. Ճեմճեմեանի հետեւեալ գրութիւնը.

«Ներփակ կան համբաւաւոր դաշնակցական գործիչ Նժդեհի նամակները, ուղղուած Յովհաննէս Յովհաննէսեանին: Վերջինս ս. Ղազար բերած էր այս նամակները, եւ երբ մեկնելու վրայ էր, 27 սեպտեմբեր 1971-ին, եսՙ ստորագրեալս, խնդրեցի իրմէ որ ինծի ձգէ: Ուրախութեամբ յանձնեց, յուսալով որ ես հրատարակեմ եւ ինքը իր կեանքի վերջաւորութեան գոնէ տեսնէ եւ ուրախանայ: Ապագային դիւանին համար օգտակար կրնան ըլլալ, Դաշնակցութեան պատմութեան:

Հ. Սահակ Ճեմճեմեան, Ս. Ղազար, 29 սեպտ. 1971»:

Բանաստեղծութիւնները ո՛չ, բայց նամակները դժուարընթեռնելի են: Վերծանումին խանգարում է ոչ միայն շտապով գրուած լինելը եւ որոշ նամակների խունացածութիւնը, այլեւ այն հանգամանքը, որ դրանցում Նժդեհը գործածել է իր ստեղծած կամ քիչ գործածւող բազմաթիւ բառեր, ինչը մեծապէս դժւարացնում է անընթեռնելի բառը ինչ-որ յայտնի բառի նմանեցնելով` կռահել թէ ինչ է գրւած… Ահա՛ այդ բառերը` ահաւորօրէն, ամենատգիտականութիւն, անցեղաճանաչ, դաւակից, դաւամտութիւն, դիակնացած, ընկերադաւ, ժամանակասպանութիւն, ինքնանկարող, իրարեկերութիւն, խորհողութիւն, կիսամտաւորական, կուսակցաւեր, համագաղութայնացնել, հայրենաքանդութիւն, հայօրէն, հացապաշտ, հնարակեղծ, ճարտարելու կարողութիւն, նախանձալի (նախանձով լի-Ռ. Հ.), պատկերամարտիկ, տգիտանք, ցեղանորոգ, ցեղաշարժում, ուժաստեղծ, քաջայոյս:

Նշածս նամակներում Գարեգին Նժդեհը տալիս է Ցեղակրօնութեան եւ Տարօնականութեան բացատրութիւնները, որոնք բացառիկ են այն իմաստով, որ է՛լ աւելի են ամբողջացնում ու պարզաբանում դրանց էութիւնը բացայայտող Նժդեհի սահմանումները: «Տարօնականութիւնըդա միեւնոյն ցեղակրօնութիւնն է հասակն առած սերունդի համար» , գրում է նա իր 1936 թ. նամակներից մէկում: Իսկ 1937 թ. յունուարի 7-ի նամակում գրում է. «Կարելի է չարաբանում են ներքին թշնամիները առանց ցեղակրօն անւան էլ նորահաս սերունդը ցեղապաշտ դարձնել»: Այդ պնդումի մէջ ե՛ւ շառլատանութիւն ե՛ւ վատութիւն կայ: Դա ասել է` մէկին կարելի է քրիստոնեայ դարձնել առանց Քրիստոսի եւ քրիստոնէութեան: Սրանք էապէս անւան դէմ չեն միայն, այլ` ցեղի, Ցեղակրօնութեան: Յաջողեցա՞ն այսօր անունը փոխել տալ, վաղն այլեւս վրան բաց կերպով կհալածեն մեր դաւանանքն ու նորահաս տարիքը» :

Նամակներում նա անդրադառնում է բազմաթիւ այլ հարցերի ու երեւոյթների եւս:

1936 սեպտ. 1-ի նամակում նա գրում է. «Երբ Վ-նը (հաւանաբար` Վահան Նաւասարդեանը, Ռ.Հ.) «Դաշնակցութեան օրւայ»առթիւ անցեալ տարի Ֆրանսիայում կճառէր` «Հայրենիքն է հայի համար եւ ոչ թէ հայը` հայրենիքի. այս է Դաշնակցութեան դաւանանքը: Հայ անհատը ամենից առաջ, եւ ամէն բանից վեր»… Երբ այսպէս կհասկացւէր Դաշնակցութիւնն ու իր դաւանանքը, իսկապէս որ պէտք է ընդունենք, թէ «մեր պայքարը աւելորդ է»: Վահանի համար Հայրենիքը միջոց է, անհատը` նպատակ: Նրա համար Հայրենիքը երկրորդական բան է, անհատն է «ամէն բանից առաջ եւ ամէն բանից վեր»: Միջոց- Հայրենիքը չի պաշտւիր, եւ նրա համար չեն մեռներ: Նպատակ-անհա՛տն է սուրբը, «ամէն բանից վեր»ը, գերագոյնը… Ըստ Վահանի` Հայրենիքը միջոց է, նա պիտի ծառայի եւ մեռնի զզւելի անհատի, պատահական հայ կարապետի համար: Նման միջոց-Հայրենիքը պէտք է կործանւէր եւ կործանւեց: Նմանը պէտք է անցնէր Հայրենիքների մասին աւելի բարձր բարոյական հասկացողութիւն ունեցող թուրքի եւ բոլշեւիկի ձեռքը, եւ անցաւ… Միջոց- Հայրենիքը (ինչպիսի պղծութիւն) կարող է միշտ էլ մնալ օտարի ձեռքը, կբաւէ, որ այդ օտարը աւելի զօրաւոր լինի, քան է այդ երկրի պատմական տէրը: Ահա՛ թէ ինչու Վ-եանի աշակերտ Սուրէնը գրում էՙ «մեր պայքարը աւելորդ է»: Արդարեւ, ինչո՞ւ պայքարել, երբ ընդունել ենք թէ Հայրենիքը միջոց է միայն անհատն ապրեցնելու: Պայքարը պահանջում է զոհեր, զոհողութիւններ, իսկ այլասիրաբար, հայրենասիրաբար զոհւում, զոհաբերում է միայն նա, ո՛վ Հայրենիքը համարում է գերագոյն նպատակ» :

Հայկական որեւէ կառոյցի, ինչու չէ, նաեւ`ամէն մի անհատի համար այդ նամակները դասագիրք են, որից նա կարող է իմանալ, թէ Նժդեհի համար ինչ ասել է օրէնք, իրաւասութիւն, ժողովրդավար ղեկավարի ընտրութիւն եւ այլն: Փնտրելի են ղեկավարի եւ կարգապահութեան, անհատի եւ հայրենիքի զուտ հայի խառնուածքով ու էութեամբ բացայայտումը այդ նամակներում, որոնք օգնում են հասկանալու, որ գոյութիւն ունի նշուած երեւոյթների զուտ հայկական հոգեբանութիւնը, որը մի եզակիութիւն է դրանք բնորոշող համաշխարհային յայտնի ընբռնումների մէջ: Գարեգին Նժդեհը ցոյց է տալիս դրանց հայկական ընբռնումը, որ յայտանաբերել է ինքը` առանց այդ մասին որեւէ նամակի մէջ նման բան ասելու… «Ժողովրդավար-ղեկավար լինելու համար նախ պէտք է լինել խոր, անկեղծ, հոգեփոխիչ ապրումի մարդ: Այդ էլ բաւական չէ: Պէտք է լինել նաեւ` նոր գաղափարի, նոր ապրումի, նոր, վերակառուցւող, աշխարհի մարդ: Սրա շրթունքներէն ծորէր զօրաւոր խօսքը, որէն հոգեւոր արիւն կաթէր: Այդ յատկութիւններին աւելացուր ամենէն անհրաժեշտը` արիութիւնը …Ռոստոմի մահէն յետոյ (1919 թ. յունուար, Ռ.Հ.) Տէր-Մինասեանները երկու սուտ աստւածութիւններու պաշտամունքը կքարոզենկարգապահութիւն եւ կուսակցական մեքենա: Այս երկու բաները կշահագործեն ճիշտ այնպէս, ինչպէս խաչագողը` խաչը: Կարգապահութիւն-ի՞նչ է դա: Ըստ Տէր-Մինասեանի, կուսակցական եւ հոգեւոր իշխանութիւն, որ շարքայինները պարտաւոր են ցոյց տալու, բոլոր դէպքերում, անգամ երբ «շէֆ»-ը ժողովուրդը թողնում է կրակների մէջ եւ փախչում… Կարգապահութիւ՞ն: Ճշմարիտ կարգապահութիւն ասել է` շարքայինների հաւատ դէպի իրենց ղեկավարների ամէն վայրկեան Հայաստանի համար մեռնելու, յանդգնելու, մի բան ճարտարելու կարողութեանը: Շարքերի մէջ կա՞յ այդ հաւատը: Ո՛չ, չկայ: Իսկ չկայ, որովհետեւ ղեկավարների մէջ հերոսական- բարոյական գործելու, զոհաբերելու, քաջաբար մեռնելու տրամադրութիւն չկայ: Ուրեմն, շառլատանութիւն է խօսել կարգապահութեան մասին, երբ ղեկավարութեան պակասում են սովորական մահկանացուներին յատուկ առաքինութիւն» :

1930-ական թթ.նամակներից մէկում Գարեգին Նժդեհը գրում է. «Օհաննէս, մի ժողովուրդ, որը չգիտէ իր ներքին սրիկաները պատժել, չպիտի կարողանայ պատժել իր գոյութեան արտաքին թշնամիներին» : Այս խօսքերով Նժդեհը երկիրն այսօրուայ աղէտից դուրս բերելու ճանապարհ է ցոյց տալիս մեզ…

1937 թ. մի նամակում Գ. Նժդեհը արդէն զգում էր պատերազմի անխուսափելիութիւնը եւ մտածում էր իր հիմնադրած ցեղակրօն ուխտերից ստեղծել Հայաստանի անկախութիւնը վերականգնելու եւ հայութեան ինքնապաշտպանութիւնը վարելու համար լէգիոններ (այդ գաղափարը 1942 թ.վերջերից մինչեւ 1943 թ. նոյեմբերը էութիւնը խեղաթիւրած իրագործեց Դաշնակցութեան բիւրոն ` թոյլ չտալով ծառայելու բուն նպատակին):

Իրաւ ընկերվար Գարեգին Նժդեհն իր այդ նամակներում բացայայտում է նաեւ սոցիալիզմ երեւոյթը վարկաբեկող «սուտ սոցիալիստներին»` նրանց յայտարարելով «նիւթապաշտիկ սրիկայութիւն քարոզողներ»: «Ցեղակրօնութիւնը ճշմարիտ սօցիալիզմին դէմ չէ, -գրում է նա իր մի անթուակիր նամակում,- հայ վարժապետի հասկացած սօցիալիզմին որը դժբախտ Հայաստանում, մեր օրով դարձաւ բոլշեւիզմ, դէմ պիտի լինի ամեն մի դաշնակցական, եթէ քաղաքական սրիկայ չէ դա: Սօցիալիզմէն մինչեւ բոլշեւիզմը մի թիզ է, եւ ոչ աւելին: Բոլշեւիզմը – դա սօցիալիզմի հոգեւոր պիճն է: Թուրքէն զարնւած, կիսւած, թուրքին հարեւան լինել, եւ «սօցիալիզմից» բարբաջել, ասել է «իգացեալ» լինել, կենսաբանօրէն անբարոյական լինել, անհայրենասէր լինել: Մի ժողովուրդ, որն իր փիլիսոփայութիւնը, աշխարհայեցողութիւնը, կրօնն անգամ չի յարմարեցնում իր ինքնապաշտպանութեան պահանջներինՙ անբարոյական է եւ անապագայ» :

Նամակները բացառիկ նշանակութիւն ունեն 1920-1930-ական թթ. հայոց պատմութեան բազմաթիւ կնճռոտ հարցերը ճշտելու, յատկապէս Հ.Յ.Դ. բիւրոյի անդամ ու երկար տարիների «ներկայացուցիչ» (ղեկավար) Ռ. Տէր-Մինասեանի գործողութիւնները բացայայտելու համար: Դաշնակցութեան բիւրոյի մօտ 25 տարիների անդամներից մէկը հանդիսացող այդ գործիչը պատմութեան մէջ մտաւ Գէորգ Չաուշին սպանելու (նա 1906-1908 թթ.եղել է Չաուշի խմբում) եւ այլ ոճիրների համար, ինչից շատ լաւ տեղեակ էին նրան այդ գործերին մղած, փողաւորած եւ ըստ ամենայնի օգնած սիոնիստ-մասոնները, որոնց զինւորն էր Ռ. Տէր-Մինասեանի հրէուհի կինը: Նրանք հենց իրենց այդ գործակատարի միջոցով էին աւելի քան 30 տարի, յատկապէս Ռոստոմի ու Արամ Մանուկեանի մահուանից յետոյ` 1919թ. մինչեւ 1951 թ., ղեկավարում Դաշնակցութիւնը` Ռուբէնին անընդհատ պահելով իրենց հսկողութեան տակ` ձեռնասուն չդառնալու պարագային սպառնալով հրապարակել նրա ոճիրները: Նշւած ուժերը հայոց պատմութեան ճակատագրական հանգրւաններում են Ռուբէնի ձեռքով թիկունքից խփել մեր ազգին ու հայրենիքին (1915 թթ. 1000-աւոր Սասունցի-Մշեցիների զոհաբերումով` իր կաշին փրկելը, 1920 թ. հոկտեմբերի 30-ին առանց որեւէ կրակոցի Ղարսի յանձնումը թշնամուն, որը Հայաստանի անկախութիւնը վերացնող ՀԻՄՆԱԿԱՆ դաւադրութիւնն էր, 1920 թ. օգոստոսի 10-ին բոլշեւիկների հետ Թիֆլիսում կնքած պայմանագրով Զանգեզուրի ու Արցախի յանձնումը թշնամուն, Դաշնակցութեան ազգայնացումը վիժեցնելու նպատակով Ցեղակրօնութիւն – Տարօնականութիւն ազգային գաղափարի դէմ 1930-ականների կազմաքանդիչ դաւերը եւ այլն եւ այլն): Նշածս ուժերը Ռուբէնի միջոցով Դաշնակցութեան մէջ հայրենապաշտութեան փոխարէն արմատաւորում են անահատապաշտութիւնը, ամէն ինչ անում, որպէսզի Նժդեհը աւարտին չհասցնի իր գերագոյն նպատակը` Դաշնակցութիւնը ցեղակրօնութեամբ- Տարօնականութեամբ ազգայնացնելով` ազատագրել օտարի հսկողութիւնից: Գարեգին Նժդեհը ցեղակրօնութիւն- Տարօնականութիւնը ստեղծեց` կանխելու համար դաշնակցութեան բարոյազրկումը, որ իրենց ձեռնասունի ձեռքով անում էին նշւած ուժերը: Շարքերը ուժազրկում էին` ապականել-հեղինակազրկել ջանալով կեանքը երկրի համար զոհաբերելու պատրաստ անձանց: Իսկական դաշնակցականին մէջտեղից վերացնում, նրանց տեղը ՀՅԴ բիւրոյ եւ ընդհանուր ժողովի պատգամաւոր էին խցկում անբարոյական-անինքնասէր- անհայրենապաշտ անձանց, կազամկերպութիւնը զրկում ուժի աղբիւրից, դարձնում արկածախնդիրների որջ, ինչի դէմ 1922 թ. ի վեր անընդմէջ պայքարում էր Նժդեհը: Ահա թէ ինչու էր նա իր 1936 թթ. յունուարի 25-ի, ապրիլի 25-ի եւ այլ նամակներում Բիւրօն համարում «հակադաշնակցական թայֆա»: « Վերջին տարիները ,- գրում է նա Յ.Յովհաննիսեանին, – կաշառքը դարձրին զօրաւոր միջոց` նիւթապէս ու հոգեպէս աղքատ ընկերներ որսալու: Մարդկանց կաշառում եւ ուղարկում են իրենց թայֆայի համար պրոպագանդ, իսկ իրենց հակառակորդների դէմ բամբասանք անելու: Դա՛ է օրւայ «յեղափոխական» ու «մարտական» գործը: Մենք ասում ենք` երբ մեռնելու տրամադիր մարդիկ կան, կարելի է յեղափոխական գործ անել: Նրանք զգացնել են տալիս, թէ իբր աշխարհում անբարոյականութիւն, իսկ իրենց գրպանում դրամ կայ` կարելի է Բիւրոի անդամ ընտրւել եւ ոչինչ չանել: Չերկարեմ այդ մասին: Էլի՛ կրկնում եմ `

ա. Ատամներով պաշտպանել Ցեղակրօն անունը: Անունը փոխելով` դաւադիրներն ուզում են սրտից զարկել Ցեղակրօն շարժումը :

բ. Պատգամաւորական ժողովում ցաւ յայտնել, որ չօգտւեց Ցեղակրօն շարժումէն եւ չաշխատեց զայն դարձնելու համագաղութային :

գ. Զայրոյթ յայտնել այն «դաշնակցական» վրացեանական թերթերին, որոնք դէմ արտայայտւեցան Ցեղակրօն շարժման («Արազ»,«Յառաջ») :

դ. Պահանջել Ընդհ. ժողովէն, որ համագաղութայնացնէ Ցեղակրօն շարժումը.. .

է. Յ-ի կողմից Ամերիկայում նիւթւած դաւը հնարաւոր դարձնող` Վրացեանի նամակը, խարդախւած պատգամաւորական ժողովը եւ Սաչաքլեանին հեռացնելը դարձնել խնդրի առարկայ Ընդհ. ժողովում եւ պահանջել դաւադիրների արտաքսումը Դաշնակցութիւնից :

Միայն, միմիայն այս ճամփով կարելի պիտի լինի փրկել Դաշնակցութիւնը իր դէմ գործող եւ զինքը շահագործող թայֆայից եւ զայն ծառայեցնել Հայասատանին »:

Դիտարկւող նամակները կասկածի ծւեն իսկ չեն թողնում, որ գաղափարի անբաղդատելի նուիրեալ Գարեգին Նժդեհին աւելի քան 5 տարի գաղափարական խոշտանգումներով մարտիրոսացրին ՀՅԴ-ի բիւրոյի ղեկավար Ռ. Տէր Մինասեանն ու նրա կամակատարները, իսկ 11 տարուայ բանտարկութեամբ`բոլշեւիկ մարդայօշները` Ստալինի թելադրանքով…

Համոզուելով, որ 1930-ական թթ. ՀՅԴ շարքերում եւ ընդհանրապէս ամբողջ Սփիւռքում վիթխարի ու անվերապահ հեղինակութիւն ունեցող Գարեգին Նժդեհի ձեռքով Դաշնակցութեան ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ հայացում-ազգայնացումը իրականութիւն է դառնում եւ հնարաւոր չէ կանխել, ՀՅԴ ստուերային ղեկավարները Ռուբէնին մղում են զազրելի մի ստորութեան եւս. նա երեք մարդ է ուղարկում սպանելու Նժդեհին (տես ստորեւ հրապարակուող նամակը) … Յանձին օտարների այդ սրբապիղծ ձեռնասունի, ազգի ու Դաշնակցութեան մէջ անբաղդատելի հեղինակութիւն եւ յարգանք վայելող աննման մեծութեանը սպանել է ձգտում մի մարդ, որին ՀՅԴ բազմաթիւ գործիչների շարքում (Ս. Վրացեան, Հ. Օհանջանեան, Աւ. Ահարոնեան, Վ. Նաւասարդեան եւ տասնեակ ուրիշներ) 1921 թ. անխուսափելի կացնահարումից փրկել էր Գարեգին Նժդեհը…

Տեսնելով որ անհնար է մեկուսացնել Նժդեհին, որի հետեւորդների յաղթանակը 1938 թ. նշանակուած ՀՅԴ Ընդհանուր ժողովում անվերապահ էր, Բիւրոն ձեռնամուխ է լինում աննախադէպ կեղծիքներով, կաշառքով ու ահաբեկումներով ընդհանուր ժողովի պատգամաւորներ ընտրել տալ իր մարդկանց: Կեղծիքն ու անբարոյականութիւնն այնքան ակնյայտ էր, որ դրա դէմ դժգոհում են նոյնիսկ Դրօն ու Ս. Վրացեանը: Վերջինս, որ ընտրուել էր ընդհանուր ժողովի պատգամաւոր, ի նշան բողոքի, հրաժարւում է մասնակցել Ընդհանուր ժողովին…1938 թ. ՀՅԴ կեղծընտիր ընդհանուր ժողովը Գ. Նժդեհի հանդէպ իր «յաղթանակը» ցոյց դնելու համար, առանց նրա ներկայութեան, մի ողբալի որոշում էլ է կայացնում. Նժդեհին «հեռացնում է» կուսակցութիւնից այն դէպքում, երբ նա աւելի քան ութ ամիս առաջ,1937 թ. դեկտեմբերին էր հեռացել-«ինքնամեկուսացել» Դաշնակցութիւնից:

Այդ նամակները լրացնում եւ ամբողջացնում են ուրիշ աղբիւրներից նոյնպէս թռուցիկ երեւացող այն իրողութիւնը, որ համաշխարհային ռազմա-քաղաքական մտքի գագաթ այդ բացարձակ հանճարը ազատութեան մէջ 1933-1938 թթ. մարտիրոսւում է Դաշնակցութեան փոքրոգի յետամնաց ջոջերի ձեռքով, իսկ 1944 թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 1955 թ. յունուարի 21-ը, 11 տարի բանտարկուած լինելով բոլշեւիկեան բանտերում` նահատակւում է իր գաղափարական թշնամի բոլշեւիկների ձեռքով:

Բանտերում նահատակութիւն օտարների՛ ձեռքով, ազատութեան մէջ մարտիրոսացում` Դաշնակցութեան ղեկավար Ռուբէնի ձեռքով: Ահա՛ մեր ժողովրդի բոլոր ժամանակների սրբազնագոյն դէմքերից մէկի կեանքը իր ոչ պատերազմական օրերին…

ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

Սիրելի ընկերներ, ( Նամակը անթուակիր է – Ռ.Հ.):

Ինձանից, ինչպէս եւ շրջանիցս գրութիււներ էք ստացել` իմ եւ շրջանիս դէմ նիւթւած աննախընթաց դաւի մասին: Ձեզ շուտով կուղարկւի տեղիս կազմի անստորագիրը եւ դուք հնարաւորութիւն կունենաք յստակ գաղափար կազմել դաւի մեխանիզմի եւ դաւադիրների մեքենայութիւնների մասին: Մինչ այդ կուզէի մի քանի խօսքով ձեզ տալ դաւի պատմութեան կմախքը, որպէսզի ժամ առաջ դիմէք անհրաժեշտ միջոցների` փրկելու համար ոչ թէ խաչւած ճշմարտութիւնը, այլ դաշնակցութեան բարոյականը, առանց որին կուսակցութիւնները, անկախ իրենց դաւանանքից եւ հետապնդած նպատակներից, դառնում են մաֆիա- գործիք անձնապէս շահագրգռւած որոշ անհատների ձեռքում, դառնում են չարիք իրենց ժողովրդի համար:

1. Նիւ Եորքի պրովոկասիոնի գաղափարը յղացել է Բ-ն ( իմա` ՀՅԴ Բիւրօն-Ռ. Հ. ): Դա ոչ թէ եռագոյնի համար էր, այլ խմորւող ցեղակրօն շարժման եւ զայն սկսող անձի դէմ: (*)Գիտէք անշուշտ, որ 1933-ի ընդ. ժողովը որոշած էր նորահաս սերունդը կազմակերպել անկուսակցական գետնի վրայ` կուսակցական ղեկավարութեամբ: Հակառակ սրան Բիւրոն Ցեղ. Ուխտ. I Պատգ. ժողովի նախօրեակին պահանջեց կուսակցականացնել Ցեղակրօն-ուխտը:

Ինձ ուղղած իր գրութեան մէջ Բ-ն առաջարկում է ցեղակրօն «անւան» փոխարէն գործածել Հայ անունը: Ես չարի այդ, որովհետեւ «հայ» է ե՛ւ ռամկավարը, ե՛ւ հնչակեանը, ե՛ւ բոլշեւիկը: Կարելի է անունով հայ լինել, բայց ցեղակրօն չլինել: Ես դաւանանք էի քարոզել եւ ոչ թէ դատարկ անուն: Բ-ի այդ անսպասելի միջամտութիւնը ժամանակին կուգար մատնելու իր թշնամանքը այդ շարժման դէմ:

Նա չհաշտւեց մեր ստեղծած շարժման հետ: Իմ` Ամերիկան թողնելէն յետոյ եւ մինչեւ այսօր ցեղակրօնութիւնը ապրում է իբրեւ սոսկական անուն եւ ոչ թէ իբրեւ դաւանանք: Անգամ Weekly-ին ( The Armenian Weekly-.ցեղակրօնների պաշտօնաթերթը-Ռ. Հ. ) ցայսօր մի հատիկ տող գրած չէ ցեղակրօն դաւանանքի մասին: Երկու տարի առաջ Բ-ի այն հրահանգը, որով Եւրոպայի ցեղակրօն ուխտերի կապը կկտրէր Ամերիկայի Կ. վարչութիւնից` նոյնպէս կուգար մատնելու հրահանգողի թշնամանքը: Իսկ Դիթրոյիթի մէջ գումարած պատգամաւորական ժողովի առած մի քանի որոշումները կմատնեն, որ Բիւրօն վճռած է բարոյապէս լղրճել ցեղակրօնութիւնը եւ նրանից խլել անգամ իր անունը:

Թէ ինչեր կորցրեց գաղութի հայութիւնը Բ-ի այդ թշնամանքէն, մի օր կտեսնենք, կզգանք:

Մի կարծէք, որ Բ-ն դաւանանքին դէմ է: Այդ մարմնի մէջ մարդիկ կան, որոնք անդաւանանք կոչուելու աստիճան խառնադաւան են ե՛ւ սոցիալիստ են ե՛ւ ցեղապաշտ` նայած տեղին ու յարմարութեան: Գանք իմ եւ իմ` տեղիդ նորահաս սերունդի հետ ունեցած բարոյական կապին, որը կտրելու համար անհրաժեշտ է ցեղակրօնութիւնէն խլել իր անունը եւ դաւանանքը: Խդրեանը յաջողած էր համոզել Բ-ին, որ եթէ ցեղակրօն ուխտերը չառնւին Բիւրօյի մարդկանց ազդեցութեան տակ` նրանք կուժեղացնեն ձեզ եւ ինձ: Գիտցէ՛ք այդ կռիւը ցեղակրօն ուխտերուն տէր դառնալու նպատակով է տարւում: Աւելի ճիշտը` կռիւը տարւում է Ամերիկայի շուրջը:

Բ-ն թեթեւ սրտով կհրաժարւի (ինչպէս իր համար փաստօրէն գոյութիւն չունեն Սերբիան, Պարսկաստանը եւ Բուլղարիան) (Նկատի ունի այդ երկրների ցեղակրօն ուխտերը-Ռ.Հ.) իր բոլոր շրջաններէն, միայն ո՛չ եւ Ամերիկայի ձեր կազմէն: Բիւրոյի նիւթականը-ամսականները ապահովողը Ամերիկան է-ահա՛ թէ ինչու նա միջոցների մէջ խտրութիւն չէ դնում չէզոքացնելու ամէն հոգեւոր ազդեցութիւն այդ շրջանում: Իմ օրով- ցեղակրօնութեամբ դա վտանգւած համարեց Ամերիկան իր համար, եւ չքաշւեց դիմելու դաւերէն ամենադիւայինին: Ինձանից յետոյ նա Ամերիկա է ուղարկել իր գործակալները` որոշ գաղտնի առաքելութեամբ: Եկողներին հրահանգւում է` աշխատել տկարացնելու ձեր ազդեցութիւնը ցեղակրօն ուխտերի վրայ: Եւ այսուհետեւ էլ տեղդ եկող գործիչները կլինեն Բ-ի գործակալները, եթէ դուք չակտիւացաք:

2. Ցեղակրօն շարժումը սպանելու համար Բիւրօն իր մարդկանց միջոցաւ դաւեց իմ անձի դէմ նաեւ Բուլղարիայում: Գիտէք, որ ինձ բուլղար իշխանութեանց հրամանով խուզարկեցին դեռ սահմանագլխի վրայ: Մի խումբ դաշնակցականներ` միացած դուրեանական հոսանքներին` հրապարակում կաղմկէին թէ Դ-ին (Դուրեան եպիսկոպոսին- Ռ. Հ.)սպանել տւողը Նժդեհն է: Սրանով կձգտէին գրգռել հայութեան որոշ տարրերն ու իշխանութիւնները իմ անձի դէմ, հասկացնելով վերջիններին, որ ցեղակրօնութեան անդրանիկ գործն եղաւ Դ-ի սպանութիւնը, եւ որ սպանութիւններ տեղի կունենան նա՛եւ այս երկրում, եթէ ինձ կարելիութիւն տրւի ցեղակրօնութիւնը տարածելու: Մի շարժում վարկաբեկելու համար մեր աշխարհի սրիկայութիւնը միշտ էլ աշխատել է կա՛մ վարկաբեկել, կա՛մ էլ սպանել տալ նրա վարիչին: Իսկ պէտք էր ինձ համար Բալկանում առնւազն փափուկ դրութիւն ստեղծել, որպէսզի իշխանութիւնը եւ հայ հանրային կարծիքը անկարելի դարձնեն ցեղակրօնութեան տարածումը իմ ապրած երկրում: Թէ ի՞նչ գաղտնի ժուռնալներ են տրուած իշխանութեանց` այդ մասին կկարդաք շրջանիս ամբաստանագրի մէջ: Բիւրօն հասած էր իր նպատակինՙ հայութիւնը Դ-ի սպանութիւնը կվերագրէր ինձ, եւ վրէժ լուծելու համար կշարունակէր դաւեր նիւթել իմ անձի դէմ: Բիւրօն գիտէր, որ ես դաւադրւած եմ, եւ եթէ իր հաշւին զգար այդ բանը` նա ինձ դուրս կբերէր այս շրջանէն, կուղարկէր մի այլ երկիր, մանաւանդ որ գիտէր թէ, գրեթէ, մեր բոլոր գաղութները կհրաւիրէին ինձ` նորահաս սերունդը ոտքի հանելու ե՛ւ իրենց շրջաններում: Բիւրօն, որի օրհնութեամբ իր մարդիկ ներքնապէս միացած հակադաշնակցական կազմակերպութիւններինՙ կշարունակէին թշնամանել ինձ ոչ թէ չաշխատեց դաւադրութեան օղակէն դուրս բերել ինձ, ընդհակառակը, նա ինձանից թաքցրեց, որ Հարաւ. Ամերիկան խնդրում է գէթ վեց ամսով մեկնել այնտեղ: Նա` ինձ Բուլղարիոյ մէջ դաւադրւած ու վանդակւած պահելու նպատակով, այս շրջանէն հեռանալուս արգելք հանդիսացաւ նաեւ այն ժամանակ, երբ մեր հարեւան Յունաստանի պատգամաւորական ժողովը կխնդրէր այցելել իր կազմերը եւ ծնունդ տալ ցեղակրօնութեան: Իրերի այդ դրութեան մէջ դրսից ու ներսից դաւադրուած, ցեղակրօն ուխտեր ստեղծեցի ե՛ւ բալկաններում: Այս պարագան աւելի գրգռեց դաւադիր թշնամիներիս: Նրանք սկսեցին գործել կաշառելով: Հակադաշնակցական մի դրամատան դիրեկտորը իմ եւ ցեղակրօնութեան դէմ դաւողների զանազան անունների եւ ձեւերի տակ բաց կթողնէ աւելի քան 300 000 լեւա: Ծանօթ դրամատան դիրեկտորը եւ Բիւրոյի մարդիկ գաղտնի ժողովներ կգումարեն դրամատան շէնքի մէջ, կհրաւիրեն երիտասարդ կազմակերպութեանց ներկայացուցիչներին, կխոստանան նիւթական միջոցներ տրամադրել, պայմանաւ, որ չմերձենան ցեղակրօններին եւ գործեն ցեղակրօնութեան դէմ: Մեր կ. կոմիտէն ժամանակին կմերկացնէ դաւը եւ կփրկէ շրջանիս նորահաս սերունդը:

Կգործենք թէ՛ մենք եւ թէ դաւադիրները: Կուգայ օգոստոս 18-ը (1933), Եաւորովի արձանի բացման օրը, որի առթիւ կազմակերպած մեր հանդիսութիւնները կվերածւին քաղաքական ցոյցի եւ խորապէս կգրգռեն ու աւելի եւս կակտիւացնեն ցեղակրօնութեան եւ իմ թշնամիներին: Ծանօթ էք թուրք մամուլի որոշ օրգանների յարձակումներին` իմ այցի դէմ: Այդ օրերին Սոֆիայում կգործէր զօրավար Միլլերին առեւանգող Սկոբլինը, որը հակաբոլշեւիզմ կեղծելով, կգործէր բոլշեւիզմի համար: Ըստ ֆրանսական թերթերի, որ ձեռքիս տակ են, զօրավար Սկոբլինը բացի իր ընկերները Ռուսիոյ սահմանագլխին մատնելէն ունէր նաեւ մի այլ դերՙ բարոյապէս կամ ֆիզիքապէս ոչնչացնել նորահաս սերունդի ղեկավարներին: Միեւնոյն օրերին մեր դէմ կգործէր թուրք լրտեսութան շեֆ Նեմդոխ բէյը, որի մասին իր ժամանակին հաղորդւած է Բիւրոյին, եւ որի լուսանկարը մեզ մօտ է: Տեսնելով, որ միութեան մէջ մի ցենտրալ ամէն ինչ կատարում է, որպէսզի վնասէ ինձ եւ անկարելի դարձնէ ցեղակրօնութեան տարածումը, ես պաշտօնապէս դիմեցի Բիւրոյին եւ խնդրեցի (գիտենալով հանդերձ որ նա գիտէ)` հրահանգել մեր բոլոր կ.կ-երին իրենց շրջաններում ստեղծելու ցեղակրօն ուխտեր եւ միանալու Ամերիկայի կենտր. վարչութեան: Ինձ պատասխանեցին, որ իբրեւ թէ որոշ մարմիններ դէմ են ցեղակրօնութեան, դեռ չգիտեն թէ ի՞նչ դուրս կուգայ Ամերիկայի մեր ուխտերից եւ այլն: Սրանից յետոյ, տեղիս ցեղակրօնութեան թշնամիները հրապարակ նետեցին հետեւեալ զրոյցը. Ամերիկայի ցեղակրօն ուխտերի եւ դաշնակցական մարմինների միջեւ վէճ է ծագել, որի պատճառով Բիւրոյի անդամ Նաւասարդեանը կ՛երթա քննութեան: Այդ օրերին Բիւրոյի ներկայացուցիչը` Ջամալեան, Բերլինի մեր ուխտին խորհուրդներ կուտայ թողնել ցեղակրօնութիւնը, մնալ չեզոք, անկուսակցական: Բիւրոյի ընթացքը կթեւաւորէ ցեղակրօնութեան դէմ դաւողներին: Դէպքերը կզարգանան. Քրիստափոր Եաւուրովին նուիրած մեր բուլղարերէն բացիկը մի մութ ձեռք կտանէ (դեռ Թափառականը տպարանէն հրապարակ չելած) կյանձնէ թուրք դեսպանատունը, որը պատճառ կդառնայ, որպէսզի երկրիս արտաքին գործոց նախարարը արգիլէ մեր հանդիսութիւնները եւ նորանոր մեծ ծախքերի մատնէ մեզ:

Մեր շրջանային ժողովը կպատժէ դաւադիրների խմբակը` արտաքսելով, կախակայելով: Վերջինները կսկսին այլեւս վրան բաց կերպով գործել շրջանիս դէմ:

Բիւրօն` շրջանային ժողովի փոխարէն` իր ընթացքով ոյժ կուտայ դաւադիրներին: Մենք կպահանջենք, որ Բիւրոյի անդամը գայ տեղս. կհրաժարին ուղարկել: Եւ մի օր շրջանս կուղարկեն ցեղակրօնութեան դէմ դաւող , մեր շրջանի դաւադիրների հետ կապ պահող Լազեանին եւ Սարունուն, որոնց շրջանս կթքէ եւ ճամփու կդնէ: Դրօն կխոստովանի, որ իրեն ուղարկած են, գիտնալով որ մեր յարաբերութիւնները ջերմ չեն, պարզապէս կռւեցնելու նպատակով: Դրոյի հետ հաշուեյարդարի կենթարկենք Բալկանի խնդիրը, եւ կհաղորդենք Բիւրոյին: Վերջինը մեր կատարածը հաստատելու փոխարէն, շրջանս կհասցնի Խդրեան կոչւած պռովոկատորը, որին իր դաւադրական արարքների համար Բուրգասի տարօնցիները կանարգեն ու ճամփու կդնեն: Այդ վերջինը եկած էր երկու քւէներ ապահովելու իր եւ իր տէրերի համար: Նա կեղծ ցանկեր կպատրաստէ եւ կուղարկէ Բիւրոյին, որը անմիջապէս կհաստատէ կեղծ կազմը: Խդրեանը իր դերը խաղալէ յետոյ, կկանչւի Եգիպտոս, որից յետոյ հրապարակ կնետէ հետեւեալ լուրըԲալկանը Նժդեհի գլխաւորութեամբ աշխատում է տապալել Բիւրօն. «Բալկանեան մամուլ» (հնչակեան թերթ), «Հայ մարտիկ» (Սմբատի թերթը), «Ամրոց», «Զանգու» (բոլշեւիկեան), այդ բոլոր թերթերը իմ եւ մեր շրջանը հռչակեցին «հակաբիւրոյական», եւ իրենց ամբողջ համակրութեամբ պաշտպանեցին տեղիս «բիւրոյական»ներին, իրենց ներքին գործակիցներին: Երբ յոյները մերժեցին ինձ անգամ տրանզիտ վիզա տալ, ես ընտրեցի Փարիզ-Մարսէյլ-Եգիպտոս ճամբան: Փարիզ հասնելուս պէս կարդացի «Հայ մարտիկ»ի մէջ. «Նժդեհը եկած է Եւրոպա համախմբելու հակաբիւրոյական ուժերը»: «Զանգու» բոլշեւկեան թերթը-տեղիս «բիւրոյականների» բանսարկութեամբ «ՀՕԿ»ի (**) ակումբների փակումը վերագրեց դաշնակցութեան «Նժդեհեան ցեղակրօն թեւ»-ին, եւ Խ. Հայաստանի ռադիոն սկսեց հայհոյել ու սպառնալ ինձ: Հակառակ որ Ամերիկայի կ. կոմիտէն որոշում էր առած, որ ես Ամերիկայէն վերադարձիս անցնեմ Բիւրոյի վայրը եւ զեկուցում տամ Ամերիկայում ստեղծւած ծանր կացութեան մասին` Բիւրօն ինձ մուտքի վիզա չուղարկեց, որովհետեւ նա մութ հաշիւներով վճռած էր ինձ վանդակւած պահել Բալկանում, որպէսզի ես չկարողանամ խուսափել ինձ դէմ նիւթած դաւէն: Նա չէր ուզում, որ ես երեւամ այս կամ այն շրջանում, որովհետեւ չէր ուզում ուխտեր տեսնել այդ շրջաններում: Վերջապէս մօտաւորապէս երկուսուկէս տարի յետոյ, երբ նա այլեւս հասած էր իր նպատակին (ես դաւադրւած էի, իմ շրջանում արհեստական կերպով խմբակ մը հանած էին կ.կ-ի դէմ, ես հրաժարած էի կ.կ-էն) ինձ ուղարկեց վիզան: Հասայ Կահիրէ եւ հենց առաջին օրը հիւանդացայ զզւանքից: Կաշւից դուրս կու գային ինձ համոզելու թէ իմ լաւագոյն բարեկամներն են, որ գիտեն թէ դաւ կայ, բայց իրենք անմասն են, թէ ինձ պէտք է բժշկւել, օպերասիոնի ենթարկւել, թէ կուսակցութիւնը իմ առողջութիւնն է ուզում եւ ոչ թէ իմ գործը, եւ այլն: Տէր-Մինասեան իբրեւ թէ մոռացել էր, որ 1,5 տարի առաջ նա իր մի նամակի մէջ ինձ իրեն թշնամի է յայտարարել, իսկ ես իրեն` ընկերադաւ: Ես գնացել էի քաղաքական գործի համար` որոշ ծրագրով, անելիքների առաջարկներով, իսկ նրանք ինձ բժշկէ-բժիշկ եւ հիւանդանոցէ-հիւանդանոց կառաջնորդէին: Իսկ Բուլղարիոյ մէջ, այդ միեւնոյն օրերին, իրենց խմբակի միջոցաւ լուրեր կտարածէին, թէ Նժդեհը լքել է Բալկանի 500 ընկերների դատը եւ միացել Բիւրոյին` այդ շրջանը ինձնից պաղեցնելու հաշւով: Զզւանքիս բաժակը լեցւած էր այլեւս, պէտք էր ազատւել կեղծիքի մթնոլորտէ, եւ պահանջեցի, որ իմ դրած լուրջ հարցերին պատասխանեն: «Վայրկեանը աննպաստ է, անելիք չունենք», եղաւ Բ-ի պատասխանը: Մեր վերջին նիստում ինձ վրան բաց կերպով ասացին`

ա) եթէ ուզես, Ամերիկան կհրաժարի Դ-ի սպանութեան պատասխանատւութեան խնդիր յարուցելէ, բ)Եթէ դու ճանաչես մեր նշանակած(կեղծ կազմէն բղխած) բալկանեան մարմինը` 6 դժգոհ շրջանն էլ կճանաչի:

Դա պատճառ դարձաւ, որ ծանր խօսքեր փոխանակենք: Ձեր կողմից Արսէնին քուէ տալը նրանք համարեցին իմ գործը: Համօն ուզեց, որ ընկերաբար բաժնւենք, եւ դրա համար խնդրեցին որ վերադառնալով Սոֆիա փորձեմ վերականգնել Բալկանի միասնականութիւնը: Խոստացան չեղեալ յայտարարել Հայկի եւ Սէթոյի դէմ հանւած որոշումը, անշուշտ, միշտ էլ հասկացնելով (սակարկելով), որ եթէ Բալկանի 500 ընկերները որեւէ ամբաստանագիր չուղարկեն Ընդ. ժողովին` Բիւրոյի դէմ: Վերադարձայ Սոֆիա, երկրորդ օրը բարեկամներէս գնդապետ Գրիգորովը լուր բերեց, թէ Բիւրոյի գործակալներէն Թափառականը տարածում է , որ Բիւրօն կանչել է ու սպառնացել Նժդեհին` եթէ չմիանաս մեզ եւ չլռես, քեզ սպանել կտանք: Գերմանիայէն համբերութեամբ անցայ շրջան: Բիւրոն աննշան թիւ ունի Ռուսչուկում եւ Սոֆիայում միայն: Ռուսչուկում հաշտեցրի կողմերը եւ անցայ Վառնա-Բուրգաս, ու անսպասելիօրէն (?) ստացա կեղծ կազմէն բխած մարմնին մի գրութիւնը, որով կյայտնւէր թէ «Բիւրօն դէմ է հաշտութեան ձեւին»:

Կատաղութեանս մէջ կեղծ կ.կ.-ի ներկայացուցիչ-նամակաբերին, ինձ կմնար վերադառնալ Սոֆիա եւ գրել Բիւրոյին հետեւեալը` «Շրջանիս միասնականութեան եւ իմ անձի դէմ դաւ կայ: Նոր չէ որ գրում եմ այդ մասին: Դաւում են Դաշնակցութեան թշնամիները: Այդ դաւը հեշտացնում են որոշ մարդիկ ներսէն: Դիւային յամառութեամբ տարւող այդ դաւը զինաթափել կարենալու համար անհրաժեշտ է ինձ վերստին ինքնամեկուսանալ: Եթէ ամէն կարելութիւն չպէտք է ընձեռէք ինձ` մերկացնելու այդ դաւը, ինձ համարէք պայմանադրաբար հեռացած կուսակցութիւնից: Հիւանդի եւ դաւադրւածի իմ վիճակում ես այլ ելք չեմ գտնում:

Ընկերական բարեւներով` Նժդեհ, 1937 թ. դեկտ.»:

Բիւրօն քար լռութիւն պահեց իմ այդ հրաժարականի մասին: Բացի այդ` Բիւրոյին ուղղած եմ մի երկար գրութիւնս, որի մէջ վերստին եւ վերստին Ռուբէնին անւանել եմ ընկերադաւ: Այդ գրութեան պատճէնը ուղարկուած է Յունաստան` ընկ. Կարոյ Գէորգեանին եւ Ռոմանիա` ընկ. Արարատեանին:

Գիտնալով հանդերձ, որ Ընդհ.ժողովին որոշ հաշիւներով մասնակցում են այն բոլորըՙ Լազեան, Սարունի, Խըդրեան, որոնք Բիւրոյի կողմից ուղարկուած էին մեր շրջանում կեղծ կազմակերպութիւն ստեղծելու եւ երկու քուէներ ապահովելու, ես Բիւրօ կոչւածին գրեցի հետեւեալը` «Դաշնակցական զինւորի արժանապատւութիւնս թոյլ չի տալիս գրելու անձիս դէմ նիւթւած դաւի պատմութիւնը: Բալկանի, մասնաւորապէս, վերջին ամիսների դէպքերը եկան վճռապէս հաստատելու այն, որ տեղիս կազմին իմ դէմ սարքած դաւը աւելի քստմնեցուցիչ է քան կկարծէինք: Մեր կուսակցութեան պատմութեան մէջ նախընթաց չունեցող այդ վատութեան մասին ինձ անձնապէս պէտք է լսի ընդհ. ժողովը: Առ այդ խնդրում եմ ինձ վիզա եւ ճանապարհածախս հասցնել, որ մեկնեմ տեղդ: Եթէ Ռուբէնի` իմ հանդէպ տածած անձնական թշնամութիւնը պատճառ դարձաւ, որ դուք ինձ չը հրաւիրէք, խնդրում եմ այս գրութիւնը համարել ուղղւած Ընդհ. ժողովին: Խնդրում եմ պատասխանել ինձ հեռագրով: Իմ անցեալ ճամփորդութեան վերաբերող հաշիւները կբերեմ հետս:

Ընկերական բարեւներով` Նժդեհ, 1938 , 5 յուլիս, Սոֆիա»:Ինձ չհրաւիրեցին: Եղածը ընդհանուր ժողով չէր: Դաշնակցութեան պատմութեան մէջ նման խայտառակութիւն տեսնւած չէ: Դա վեց տարւայ ներքին դաւերի, հաշիւների ու վատութեանց արդիւնք էր: Միակ շրջանը, որը օրինաւոր պատգամաւորներ ունէր` դա Ամերիկան էր:

Ընդհ. ժողովի վայրը ընտրեցին Եգիպտոսը, որպէսզի պատասխան տւած ընկերները չմասնակցեն խորհրդակցական ձայնով, նաեւ որպէսզի անցանկալի համարւած պատգամաւորները զրկւեն Եգիպտոս մտնելու կարելութիւնէն: Յունաստանի երկու պատգամաւորներէն (երկուսն էլ յունահպատակ) մէկին վիզա ուղարկեցին (իրենց գործակալին), միւսին`ոչ: Ֆրանսայէն որոշ ընկերներ չկարողացան մեկնել` արտօնութիւն «չկարողացան» ստանալ: Վրացեանը պայման դրեց իբրեւ պատգամաւոր մասնակցել ժողովին, եթէ`

ա. Ժողովը գումարւի ոչ Եգիպտոսում, բ) Եւ այդ ժողովին խորհրդակցական ձայնով մասնակցելու հրաւիրւեն բոլոր պատասխանատու ընկերները: Նրա այդ առաջարկը մերժեց Բիւրօն, որով Վրացեանը հրաժարւեց մասնակցել ժողովին: Նա ընկ. Ս. Արարատեանին գրած իր նամակի մէջ ասում է. ա) Այդ ժողովէն «միայն չարիք եմ սպասում», բ) Բիւրօն կործանում է կուսակցութիւնը, գ) Ուրիշ մարդ չգտնելով ժողովը Բիւրօն իրեն վերընտրել պիտի տայ` մի երկու «հացկատակներ» էլ աւելցնելով իրեն իբրեւ «թարմութիւն»: Ահա՛ այն «ժողովը», որից բխած որոշումների բարոյական ու կանոնական արժէքը ամենայն իրաւամբ պէտք է համարել թքելի: Այդ խարդախւած ժողովը իրաւունք կունենար իմ խնդրով զբաղւելու միայն այն դէպքում, երբ ա) հրաւիրէր ինձ լսելու, բ) կամ էլ բացատրութիւն պահանջէր ինձանից: Նա ոչ հրաւիրեց ինձ, ոչ էլ իմ դէմ նիւթւած դաւի մասին փաստեր ու փաստաթղթեր պահանջեց: Նրան կմնար` ա) կամ հաստատել, որ ես հեռացւած եմ կուսակցութիւնից, բ) կամ էլ քննութիւն նշանակել: Ես հեռացած եմ պայմանադրաբար (1. քանի դեռ թոյլ չի տրւիր ինձ տարածելու ցեղակրօնութիւնը, 2. քանի դեռ ցեղակրօնութեան դէմ ուղղւած Նիւ Եորքի պրովոկասիոնի հեղինակները կմնան ղեկավարութեան մէջ, 3. քանի դեռ պատժւած չեն Բուլղարիոյ մէջ իմ անձի դէմ դաւողները, ես մինչեւ օրս չուզեցի հրապարակել իմ հրաժարականը երկու պատճառներովնախ որ այս երկրում կուսակցութիւնները գոյութեան իրաւունք չունեն, ապա որ որոշ պատասխանատու ընկերներ չուզեցին, որ այդ բանը անեմ): Երեւի կուզէիք, որ հրաժարականս յայտարարեմ, բայց դա քաղաքական-քրէական հետապնդումի պատճառ կդառնար երկրի իշխանութեան կողմից հէնց այս շրջանի եւ իմ անձի դէմ: Բիւրոն գիտէ, որ այս տեսակէտից իմ եւ Բալկանի դրութիւնը փափուկ է, եւ հենց դրա համար էլ ընկերադաւութեան հասցրեց իր ընթացքը այս շրջանի դէմ: Թւում է, որ այսքանը կբաւէ, որ համոզւէք թէ`

ա) Ն-Եորքի ծանօթ պրովոկասիոնը ուղղւած էր ցեղակրօնութեան ու իմ անձի դէմ,

բ) դաւադիրները ամէն բան արին որ հայութեանը ծանօթ արարքը վերագրէ ինձ,

գ) դաւը շարունակւեց իմ անձի եւ ցեղակրօնութեան դէմ նաեւ Ամերիկայէն դուրս, Բալկանում, դ) Բ-ի յետագայ ընթացքըՙ արհեստական կերպով տեղումս թնջուկներ ստեղծել, կտրել Եւրոպայի ուխտերի կապը, իր մի անդամն ուղարկել Ամերիկայ, Բալկան ուղարկել իմ դէմ դաւող Խդրեանին եւ այլոց, ինձ տարիներով վանդակւած պահելը, իր մարդկանցից երեքին (որոնք հարբած վիճակում գիշերանց մտել էին իմ տուն եւ հրաշքով ազատւել իմ գնդակէն) կեղծ կ.կ-ի մէջ մտցնել-հաստատելը. այդ բոլորը եկան հաստատելու, որ ծանօթ խնդրում դեր կատարողը եռագոյնը չէր (Բիւրոյի մարդիկ մեր շրջանում ներքնապէս հրաժարւած էին եռագոյնէն` հակադաշնակցականների աջակցութիւնը ապահովելու համար), այլ ցեղակրօնութիւնը:

ե) Ընդ. ժողովը Եգիպտոս փոխադրել-խարդախելը մի նպատակ ունէրՙ կեղծւած քուէներով ապահովել իր 1)«անպատասխանատւութիւնը»եւ իր վերընտրութիւնը:

զ)Նժդեհից ազատւելով` վերջնականօրէն ջուրը գցել ցեղակրօնութիւնը համագաղութային շարժում դարձնելու կարելիութիւնն ու խնդիրը եւ

է) Իրեն, իր անունին էլ ներքին այնքան գայթակղութիւններով, դաւերով ու հոգեւոր աղէտի հաւասար պրովոկասիոններով հարուստ վեցամեայէն հեռացնել հանրութեան ուշադրութիւնը եւ զայն զբաղեցնել Նժդեհով:

Սիրելիներ, ըստ անգլիացի մի քաղաքագէտի Բրիտանիոյ միութեան գաղտնիքը պէտք է փնտրել նրանում, որ այդ երկրում ազնիւ մարդիկ այնքան համարձակ են, որքան որ լիրբերը, սրիկաները: Այդ միեւնոյն բանի մէջ պէտք է փնտրել ամէն մի հաւաքականութիւն, մի կուսակցութեան ոյժի եւ մեծութեան գաղտնիքը: Այո, առանց բարոյական համարձակութեան ու քաջութեան ամէն հաւաքականութիւն կդառնա հոգեւոր սատակութիւն: Առանց այդ առաքինութեան մարդ չէ կարող մտածումի ու խղճմտանքի անկախութիւն ունենալ, իսկ առանց այդ վերջինի ամէն դաշնակցական սուտ դաշնակցական է: Ի՞նչ անել, որպէսզի Դաշնակցութիւնը մաֆիայի վերածող վատերի համարձակութիւնը սանձւի: Ի՞նչ անել, որպէսզի դաշնակցութիւնը դադարի մի խումբ անպատասխանատու մարդկանց հարստութիւնը լինելէ: Ի՞նչ անել, որ դա դադարի ներքին դաւերի եւ մարզանքների կրկես լինելուց եւ ծառայի միայն եւ միայն այն բանին, որի համար աշխարհ է եկել, որ ազատ եւ ընդունակ լինի ծառայելու Հայոց վտանգւած Հայրենիքին: Այդ հարցումն ունի մի հատիկ պատասխան. դուք եւ նմանները պէտք է լինեն աւելի համարձակ, քան են` դեռ երէկ իրենց կաշին փրկած ընկերոջ դէմ դաւող վատերը: Էականը դա դաւադրւած Նժդեհը չէ, խաչւած արդարութիւնը չէ, այլ Դաշնակցութեան բարոյականը, ինչպէս ասացի նամակիս սկզբում, բարոյական, առանց որին Դաշնակցութեան ղեկավարութիւնը «Ղարս»-երէն տարբեր բան չէ կարող տալ հայութեան:

Երէկ էր, ինչ թրքոբոլշեւիկ տապարից փրկեցի երկրի Դաշնակցութիւնը: Եւ այսօր փորձել` իր հացն ու անպատժելիութիւնը ապահովելու հաշւով այդ իմ փրկած կուսակցութիւնը հանել իմ անձի դէմ, այդ շնական ապերախտութիւնը ոչ թէ բարոյապէս մի կուսակցութիւն կարող է սպանել, այլեւ անբարոյացնել մի ամբողջ ժողովուրդ:

Կ՛ուզէի, որ յանուն մեր ժողովրդի վտանգւած ապագայի, անէք հետեւեալը.

ա) Մի շարք ստորագրութիւններով դիմել Բիւրոյին եւ պահանջել1) Ն-Եորքի պրովոկասիոնի պատասխանատւութեան խնդիրը յանձնել քննելու Եւրոպայի Դաշնակցութեան աւագ ընկերներին, ա) որովհետեւ ծանօթ դէպքը զուգադիպեց ցեղակրօն շարժման սկզբին, եւ եղածը վերագրւեց Նժդեհին, մի բան որից մեծապէս վնասւեց ցեղակրօնութիւնը` խնդւրում է հրապարակել Նժդեհի 17 դեկտ.-ի հրաժարականը, եւ Բիւրօ-Նժդեհ վէճը յանձնել նոյնպէս Եւրոպայի աւագ ընկերների քննութեան:

բ) Լուսաբանել Ուխտ-երը եւ նրանց կենտ. վարչութեան կողմից եւս մի գրութիւն ուղղել Բիւրոյին եւ հասկացնել, որ ցեղակրօնութեան ու Նժդեհի դէմ գոյութիւն ունեցող թշնամանքը չէ կարող չխռովել մեր ուխտերը:

գ) Կապւել Տարօն-Տուրուբերան հայրենակցականների կ. վարչութեան (Akron ohio)

դ) Ազդել Հ.կ. Խաչի կ. վարչութեան վրայ, որի նիւթական միջոցներով իմ եւ շրջանիս դէմ դաւողները փորձում են անբարոյացնել Գ. խաչի որոշ տարրերը,- դադարեցնել տւէք նիւթական ամէն աջակցութիւն Գր. խաչի Սոֆիայի անւանական վարչութեան:

ե) Դիմել ընկերներ Դարբինեանին, դոկտ. Բարսեղեանին եւ Դաշչեանին, որ զգաստութեան հրաւիրեն Բիւրօն:

զ) Արսէնը, ցեղակրօնութեան եւ իմ հին թշնամին, վերադարձել է որոշ մութ յանձնառութիւններով (տարօնականութեան եւ ցեղակրօնութեան դէմ գործելու յանձնառութեամբ)- նախազգուշացրէք:

է) Պահանջէք, որ իբրեւ գործիչ տեղեր ուղարկեն Ս. Արարատեանին, Կարօ Գեւորգեանին:

Համբոյրներով` ՆԺԴԵՀ

Եղէք արագ, քայլեր առէք վայրկեան առաջ, եւ ինձ գրէք յաճախ, որ իրազեկ լինեմ ձեր առած քայլերին:

Նոյնը

(*) Խոսքը վերաբերում է 1933 թ. ———ին Նյու Յորքի Ս. Խաչ եկեղեցում Հայ եկեղեցու Մ. Նահանգների թեմի առաջնորդ Դուրյան Սրբազանի սպանությանը դաշնակցական մի խումբ ոճրագործների կողմից, որոնց հետագայում ամերիկյան դատարանը դատապարտեց տարբեր ժամկետներով ազատազրկման:

(**) ՀՕԿ-Հայաստանի օգնության կոմիտե, Սփյուռքում Խ. Հայաստանի բարեկամների կազմակերպություն. հանգականությունների միջոցով օգնություն էր հասցնում հայրենիքին:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ