ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 11:15 - չքննարկված

ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Նարինե Ավագյան (2)

**

Կողպեք եմ դարձել

Կողպեք եմ դարձել, փակել ինքս ինձ,
Անկապույտ օրվա աչքերին ի տես,
Ու ճաք եմ տալիս, ու չեմ կոտրվում,
Թրծված խեցեղեն հի՜ն ամանի պես…

Սիրտ է, ի վերջո՜, մի օր կճայթի,
Որքա՜ն կարող եմ ամբարվել այսպես,
Հեռվից լսվում է ձայնը խաշամի,
Որ թելատվում է մաշվող գորգի պես…

Կծիկ եմ դարձել, փակվել ինքս իմ մեջ,
Ու շղարշվել է լույսն ավետիսի…
Հավերժագիշեր ծխարկումիս մեջ
Ապավինում եմ շառափին հույսի…

**

Լինե՜ր գողտրիկ մի անկյուն,
ու գարուն լինե՜ր,
այգը՝ կողովը ձեռքին,
սարերից իջնե՜ր:
Մի մոմ լիներ հավատի՝
հավե՜րժ վառվռուն,
մի գետ լինե՜ր խնդության՝
զուլա՜լ, վարարուն:
Գարնան բույրը քուլայվեր
թասակների տակ,
ջե՜րմ ժպիտ ալեխայտվեր
հոգում անհատա՜կ:
Լինե՜ր գողտրիկ մի անկյուն,
ու գարուն լինե՜ր,
այգը՝ կողովը ձեռքին,
արև բաժանե՜ր…

**

Ամեն օրվա պես
Գիշերվա մթար ձեռքերը կրկին կոպերիդ կիջնեն…
Ամեն օրվա պես գիշերաշապկիդ
Աստղաթելերով ասեղնագործքը կտանի հեռու՜…
Քնատ փողոցով կքայլենք երկար…
Լուսինն իր ստվերը ձեռքով հոգատար
կնետի իմ մերկ, հոգնած ուսերին՝ որպես բրդե շալ..
Ոչ ոք չի լինի՝միայն ես և դու…
Կսիրենք իրար, իրար կգրկենք,
Խոստովանանքի անսպառ մի հեղեղ
Իր հորձանուտի մեջ մեզ կքաշի…
Ու կհասկանանք՝ անբա՜խտ ենք որքան,
Երբ բաժանված ենք, իմ խենթ Երևան…

**

Համբերանքս
Համբերանքս առ պռունկ է,
Լիքը գավ է,
Հոգիս վիրավոր կռունկ է,
Սրտին՝ ցավ է,
Թոնրում թխած այդ ի՞նչ երգ է,
Ա՜խր, հում է,
Դեռ խոյանքին չընտելացած՝
Սա հարկադիր վարթևում է…
Անուրջներիս բյուրեղային
Աղերսները առ հավատս՝
Նվաղում են,
Զանգակատան զարկերակի
Տրոփները խլանում են…
Հուրհրատող մայրամուտը
Մոտենում է…
Այն ամենը, ինչ կար երեկ,
Ի՞նչ է, սու՞տ է…
Ջահս վառ է, սակայն շուրջս
Մո՜ւթ է, մո՜ւթ է…
Մեր օրերի հին հմայքը
Գողտր կանչ է…
Սակայն գիշերն այսօր կրկին
Հոգուս նման վայրահաչ է…

**

Երեք գույնի կանչով

Ես դարերի քողը թեկուզ կրեմ ուսիս,
Իմ աչքերից հիմա պիտի պատռեմ, ահա՜,
Խարանվածի նման որքան դեռ պիտ տանջվեմ
Հողն իմ ունենալուս, չունենալուս համար:

Ես պիտ քայլեմ հեռո՜ւ՝երեք գույնի կանչով,
Ուր էլ գնամ կյանքում, ապրեմ պիտի այստեղ,
Արյուն թափեմ թեկուզ, պիտ փայփայեմ ամուր
Երկնից կապույտ պատառ, պիտի տնկեմ հասկե՜ր:

Իմ պատմության քողը ուսիս պիտի մնա,
Այն գամված է ներսիս՝անհու՜յս ցավի նման,
Աչքս պիտի պարզեմ, պիտի նայեմ հեռու՜ն,
Եվ այսուհետ պիտի փառաբանեմ միայն՝

Դու շենացիր երկի՜ր, ծանր լուծդ գրկած՝
Հերիք կքվես ցավից, հերիք ճկվես, հերի՜ք,
Արմատներդ ձգիր՝ որդոց արյամբ ջրված,
Ծե՜ր մանուկի նման հերիք տանջվես, հերի՜ք:

Զարկ տուր ահագնացող ահ ու վտանգներին,
Հոգուս ընկեր դարձիր, հույս տուր, հող իմ, ասա՜,
Թեկուզ ինչ էլ լինի, չեն ապրի քո գրկում
Օտար ազգի որդիք, մի թող նրանք անսան:

Ես դարերի քողը թեկուզ կրեմ ուսիս,
Իմ աչքերից հիմա պիտի պատռեմ, ահա՜,
Արյուն թափեմ թեկուզ երկնի կապույտն առած՝
Պիտի տնկեմ հասկե՜ր մի բուռ հողիս վրա:

**

Դու ելևէջվիր, ջութակվիր իմ մեջ,
Որ ես գունանամ քո յոթնալույսով…
Ի՜նչ է մի կյանքը, երբ քո գրկի մեջ
Հազար կյա՜նք արժե մեռնելը հույսով…

Դու ելևէջվիր, ջութակվիր իմ մեջ,
Եվ թող դաշներգեն համբույրներս քեզ,
Կյանքը ի՜նչ է որ, ա՜խ ,մեռնել արժե ,
Թե օրս մերկ է, թե օրս՝ անքեզ…

**

Ագաթականաչ ծովափրփուրի
գրկից սիրատենչ
դեպ ափ լողացին հիշությունները
անցյալում թողած մի պատառ կյանքիս,
զարթնեցին ապա արժանապատիվ
խնկարկումները հին տառապանքիս…
Լաստանավի պես անցան իմ հոգով,
իրենց հետևից ձգելով տարան
նրա կապույտից թանձրածո՜ր մի շերտ:
Դատարկությունը՝ կերտված
ռոդենյան մտապատկերով,
լերկ մարմին առավ՝
ծե՜ր քարավանի ուրվականի պես:
Ես ինչպե՞ս քնեմ, փափկաթաթ գիշեր,
ինչպե՞ս ծվարեմ քո անքույթ գրկում,
խռովությունը ինչպե՞ս լռեցնեմ ,
երբ զրնգում են ականջներիս մեջ
չփորձվածի ու չիմացյալի պայքարն
ավետող անզուսպ ղողանջներ…
Իսկ գուցե ու՞շ է՝ ինձ մի բան ասա…
Մի՞թե կարող եմ ապրել անցյալում,
երբ կյանքի լույսը դանդա՜ղ հոսում է
այսօրվա ջահել երակների մեջ…

**

Երջանկությունը……………
լուսադեմին սկուտեղի վրա արթնացող
սուրճի գավաթն է,
որ զուգընկեր ունի…
երկտեղանի մահճակալի ամբողջ լայնքով
ճմրթված անկողինը,
քո սիրած երաժշտության տակ
անխնա գալարվող ծխախոտի ծուխն է
այն դեպքում, երբ դու չես ծխողը…
Երջանկությունը…………………..
ուշ երեկոյան մեքենայի շարժիչի
բակը լցնող աղմուկն է,
որն ընդհատում է ընթերցանությունդ,
բերում քեզ իրականություն`
սեփական կյանքով ապրելու…
ավելի շատ տալն է, քան առնելը`
առանց որևէ ակնկալիքի…
Երջանկությունը………………………..
տուն է, որի միայն մեկ պատուհանի
անունն է սեր…
Երջանկությունը երկուսի մեկանալն է,
ապա երեքի, չորսի, հինգի`
իմ պարագայում…

**

Մի շողակնե շրջանակ է՝ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ…
Ափով փարվել հույսին՝ մեզ առել է իր մեջ:

Մոտ ես այնքան, հեռու, իմ մենավո՜ր, իմ խե՜ղճ,
Գալարներում հոգուս տրոփում ես անվերջ…

Մոտ ես այնքան, հեռու, դու կաս անուրջի պես…
Շաղափում է օդը՝ մեն-մի՜ հոգոց է բաժանում մեզ…

Մի պարզաշուրթ՝ արի՜, մի ցանկալի՝ մնա՜ ,
Ու թվում է՝ քո դեմ խիղճն էլ կանէանա…

Մի շողակնե շրջանակ է՝ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ:
Մեզ առել է իր մեջ, մեզ փակել է իր մեջ…

**

Ամեն շաբաթ օր լուսաբացին
հասկանում եմ, որ բաց եմ
թողել ուրբաթ երեկոն…
ինքնաթիռ թերթից են պատրաստում,
ճերմակին հոգի են խզբզում…
մի կաթիլ համբերություն է մնացել
ճաք տված գավաթի շուրթին…
վաղը կիրակի է….
շաբաթն ապրել է պետք
երիցուկի գույներով և բույրով նաև….

**

Կքայլեմ ծովի վրայով,
կճախրեմ անապատում,
կարթնանամ արևի վրա,
կգրեմ նոր դրամա`
թափառաշրջիկ թատերախմբի համար….
Կարթնանամ, նորից կքնեմ,
նորից կարթնանամ…
Ասում են`սա միակ բանական ճանապարհն է
աստվածների կայարան հասնելու համար…

**

երբ բառդ շատրվանի,
շիթերը նրա կլվանան լռությունդ`
կաթնագույն….

երբ թախիծդ քմահաճ
գալարվի տավիղի գվվոցների մեջ,
կխախտվի լռությունդ`
կաթնագույն…

երբ անսպասելի որոտի նման
հոգիդ ճայթի,
կխախտվի լռությունդ`
կաթնագույն…

երբ խավարի մեջ հանկարծ
արթնանան նկրտումներդ,
կխախտվի լռությունդ`
կաթնագույն…

երբ տողդ թպրտա
կյանքի ապականության մեջ,
կխախտվի լռությունդ`
կաթնագույն….

երբ գրիչդ դողա մի աստվածությամբ,
որ մեղք է ջնջում,
կխախտվի լռությունդ`
կաթնագույն…

բայց ինչ էլ լինի` դու պիտի խոսես,
լռել չես կարող….

ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ