ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 8:22 - չքննարկված

ԼԻԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ **

Լիանա ԳալստյանԼԻԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

**

Մենակ չեմ

Հիմա մենակ չեմ, դու իմ կողքին ես:
Աչքերիդ մեջ՝ մութ, հոգումդ լույս է,
Արի պահպանենք քո հոգու լույսը,
Որ մի օր հանկարծ դա էլ չմարի։
Դու նեղսրտում ես, հոգ չէ, մի՜ տխրիր․
Մեր սիրո լույսը մութը կցրի
Աչքերի քո սև, խավարի միջի,
Դու մի՜ նեղսրտիր, թա՜նկս, միասին
Կապրենք, կհաղթենք բոլոր ցավերին։

**

Որբությունը քեզ էր տրված, ի˜մ միակ,
Բյուր ցավերը քեզ էին տրված, ի˜մ միակ,
Ցավիդ վրա ցավ է դրել տեր Աստված,
Որ տեսնի, թե կդիմանաս, ի˜մ միակ։

**

Երբ ծնվեցիր

Երբ ծնվեցիր, լույս աշխարհը քեզ տեսավ,
Կյանքի դառը ցողը շաղեց քեզ վրա,
Որ քո կյանքում որբությունը ճաշակեիր,
Ու աչքերիդ դաժան, սև մութը պատեր։
Կռվի ելար կյանքիդ ամեն օրվա հետ
Ու վազում ես դեպի լույսը քեզ սպասող։
Թվում էր, թե ուժասպառ ես, ուժահատ,
Բայց կանգուն ես, դու ապրում ես վշտիդ հետ։

**

Մենակ Չես

Հեշտ չէ ապրել կյանքում մենակ, առանց մոր,
Առանց սիրո ու ապտակի մայրական,
Գգվանքների, ջերմ խոսքերի, ժպիտի։
Դու մրսում ես, դու մենակ ես, դու չկաս
Անէացած ու վերացած այս կյանքում,
Գգվանքից զուրկ ու փաղաքուշ մի ձայնից,
Որ հուշում էր քեզ, թե որդի˜ս, քաղցած չե՞ս,
Դու չե՞ս մրսում, արդյոք ցուրտ չէ՞ փողոցում,
Այդ անձրևը քեզ չի՞ զարկում, հալածում,
Ախր սիրտս միայն քո ցավն է ապրում։
Ե˜կ քեզ ծածկեմ տաք վերմակով իմ կարած,
Որ չմրսես դու անողոք ցուրտ դրսում։
Որդի˜ս, արդյոք այդ ծառի տակ մենա՞կ չես,
Թե մենակ ես, ապա նայիր մի պահ վեր․
Երկնքից եմ այժմ դարձել ես քեզ տեր։
Լուռ խորհում ես ու հարցերի մեջ բազում
Ելք ես փնտրում հասկանալու՝ մենա՞կ ես, թե՞ մենակ չես,
Քամին՝ զարկում, ցուրտն այտերիդ ապտակում,
Իսկ ես ցավից ամպամում եմ, հեկեկում եմ, անձրևում։

**

Իմ վիշտը

Լուսինն՝ ակնոցն աչքերին,
Անվերջ հեքիաթ է կարդում
Ու թերթում է գիրքը իմ՝
Երազներով անթեղված:
Հետո պարպված ու հոգնած
Նիրհում է խոր քնի մեջ,
Իսկ ես, գիրքը ձեռքս առած,
Ուզում եմ, որ այն թերթեմ:
Ու էջերն եմ ես թերթում
(Կապույտ էջերն այն անցած)
Եվ ջերմություն եմ զգում
Իմ անցյալին փաթաթված։
Աստղերն են ինձ ուղեկցում՝
Մի էջից անցնեմ մյուս էջ,
Եվ վախենում եմ թերթել,
Որ չկորցնեմ ոչ մի էջ։
Հանկարծ կապույտ մի ծովակ՝
Վրան օրորվող նավակ,
Կարծես մարդու տեսք առած,
Լուռ ժպտում է ինձ արբած։
Ես ուզում եմ վայելել
Վայրկյաններն այդ, հիրավի,
Որոնք երազ են թվում՝
Ափսոսանքով, «ա˜խ»-ով լի։
Ու քամի է բարձրանում,
Փրփուր ալիք է գալիս,
Եվ ալիքի փրփուրում
Երազ նավակն է սուզվում։
Իսկ երբ բացվում է այգը,
Ու արևն է արթնանում,
Ալիքները իմ վիշտը
Հեռու˜-հեռու˜ն են տանում։

**

Մահ եղերական

Գարուն էր, չեկած ամառ՝
Փուլ եկավ երկնակամար։
Պ․Սևակ
Գարուն էր, գարուն՝ փոթորկով լեցուն,
Թխպոտ ամպերը հետ չէին նահանջում,
Հորդ արցունքներ էր երկինքը թափում,
Գուցե կանխազգում, իր ողբն էր կոծում։
Գիշերն իր անուշ նիրհով էր անցել,
Իսկ աստղերը վառ պահակ էին կանգնել,
Կարծես անհանգիստ, և ի՞նչ էր զգում
Քուն մտած գիշերն այն ահով լեցուն։
Խաղաղ էին մարդիկ, խաղաղ՝ նիրհի պես
Եվ չէին էլ սպասում դաժան փորձության,
Այլ սպասում էին այն հեռու օրվան,
Թե հայրենի տուն երբ պիտի դառնան։
Դուրս եկան տնից և բաժանվեցին՝
Արցունք աչքերին, տխուր սրտերով։
Չկային մարդիկ՝ չհեռանային
Հայրենի երկրից վատ զգացումով։
Եվ վերջին անգամ հետադարձ հայացք
Ձգեցին հեռուն՝ քարոտ լեռներին,
Իսկ ոմանք` իրենց խղճուկ խրճիթին,
Ոմանք էլ՝ վաղուց քնած քաղաքին։
Լուռ էին, տխուր…
Ամենքն իր մտքով…
Ճանապարհ ընկան (և այն էլ` իզուր)՝
Պարուրված ցավով ու տառապանքով։

Ալեկոծ ծովը գազազած շրջում,
Քամու հետ անզուսպ կռիվ էր տալիս,
Փրփուր էր թքում, ափերից ելնում.
Ի՞նչ էր կանխազգում, որ ծառս էր գալիս։
Եվ արի ու տես, որ երկու ժամ անց այդ օդանավը
Իր հանգրվանը հենց այդտեղ գտավ.
Ընկավ հատակը գերզգա ծովի,
Կործանվեց մոլի հորձանուտներում:
Եվ կապույտ հսկան երախը բացած
Իր կլանն առավ բյուրավոր մարդկանց։
Ընդմիշտ պառկեցին Սև ծովի տակին
Սառած դիերը հավերժ քուն մտած։
Նրանց ձայները էլ մենք չենք լսի,
Նրանց ժպիտներն էլ մենք չենք տեսնի։
Բայց մի՞թե սա էլ արդարացի էր․
Չէ՞ որ անմեղ էին, անմեղ էակներ։
Եվ ինչու՞ պիտի այսպես կործանվեին…
Կամ ինչու՞ պիտի այս տեսակ մահվան
Դատապարտվեին։

Լուռ էր քաղաքը, իսկ իմ ականջին
Հեռու գյուղերից ու քաղաքներից
Ձայներ էին հասնում
Արդեն գույժն առած մայրական լացի։
Օրեր էին անցնում լացով շաղախված,
Գտնվում դիերն այդ զոհված մարդկանց,
Ու թախիծով լի մարդկանց սրտերում
Կաթիլ առ կաթիլ մի հույս էր ծնվում։
Հայտնաբերում էին դիեր քայքայված՝
Ծովին խառնելով վիշտ, մորմոք ու լաց,
Ոմանք՝ ճանաչում, ոմանք՝ դեռ սպասում,
Քարացել էին՝ վիշտը սրտերում։
Եվ ահա նորից… դիեր անհամար․․․
Մեկը լալիս էր՝ վա˜յ, սա որդիս է,
Մեկը ճչում էր՝ սա էլ կինս է,
Սա՝ փոքրիկ դուստրս, իսկ սա՝ մայրիկս,
Իմ խեղճ քույրիկը, դժգույն եղբայրս․․․
Եվ դեռ բժիշկներն օգնում էին նրանց.
Մեկին՝ կատվախոտ, մեկին՝ սփոփանք,
Բայց դե շատ մեծ էր հայերի՜ վիշտը․
Նրանցից առան բաբախող սիրտը։
Այդժամ քաղաքը՝ լուռ ու հանդարտված,
Սգում էր մահը բյուրավոր մարդկանց։
Ոմանք հանգչեցին մայր հողին ընդմիշտ,
Ոմանք էլ այնտեղ մնացին պառկած։
Վերջին օրերն էին որոնողական,
Իսկ մեր հայերը դեռ պիտի հետ գային։
Օդում դողում էր ձայնն անզուգական
Հայոց դուդուկի, որ հրաժեշտ տային։
Լացում էին այրեր, լացում էին մայրեր,
Որբացած դուստրեր, ցավ տեսած ուստրեր,
Նայում մշուշոտ ու խելագարված,
Որոնում հեռվում հարազատ անձանց։
Առյուծի սրտով գազանը հանկարծ
Պարտվեց ու պատվեց իր սև մրուրով
Եվ գալարվելով ալիք առ ալիք՝
Իր պոչը քաշեց, հեռացավ անդարձ։
Արցունքն աչքերին՝ խոնարհված այրեր,
Քույրեր, եղբայրներ, խենթ մայր ու այրի
Նետեցին վարդեր, ծաղկեպսակներ
Ծով դարձած շիրմին հարազատների։
Ծաղիկների հետ՝ արցունքներ անթիվ․․․
Սև ծովը դանդաղ, ալիք առ ալիք
Հեռացավ, գնաց ու մի պահ կանգնեց,
Ետ նայեց, տեսավ քարացած մարդկանց։
Հետո կորացավ, երախը բացեց
Եվ անզուսպ խմեց վիշտը այդ մարդկանց:
Բոլորի առջև վեր բարձրանալով՝
Հանկարծ տապալվեց, հսկա երախի
Վերջին փրփուրը դեպի ափ թքեց։
Նրանք ննջեցին գերեզմանոցում այդ եղբայրական՝
Սև սքեմ հագած ծովի ափի մեջ
Մահով արնախում ու եղերական։

**

ՈՒՇԱՑԱՐ

Աշուն,
Տերևներ,
Կիրք,
Խելահեղ պար,
Նորից դու։
Անձրև,
Թափվող տերևներ,
Թախիծ,
Կրկին դու։
Չկայիր,
Ինչու՞ եկար։
Կիրք,
Պոռթկում,
Թաղել էի, կորցրել
Սրտիս խորքում։
Անձրև,
Արցունքներ․․․
Տարիներ առաջ էր`
Իմ սերն էիր,
Միակս:
Կորար,
Հեռացար,
Ինչու՞ եկար.
Մենա՞կ մնացիր,
Թե՞ ինձ հիշեցիր։
Ուշ է․․․
Հոգնեցի
Քո գալուն սպասելուց,
Մենակ մնալուց
Աշնան հետ։
Կորար,
Անհետ,
Հեռացար,
Ուշ է․․․
Պիտի հանդիպենք
Մի օր,
Բայց ոչ այսպես…
Մենակ,
Երկուսով,
Ուշացար․․․
Ես մենակ չեմ,
Երկուսով ենք,
Ավելին՝ երեքով։
Ուշացար․․․
Հեռացիր,
Հոգուս աշունն էլ հետդ տար։

**

ՆԵՐԻ՜Ր, ՍԻՐԵԼԻՍ

Այս փողոցում էր, այս կրպակի մոտ՝
Տեսանք իրարու առաջին անգամ,
Ես՝ մտամոլոր, իսկ դու՝ մտազբաղ։
Հանկարծ արթնացանք,
Նայեցինք միմյանց խորթ, միապաղաղ:
Ծանո՞թ ենք արդյոք՝ հարցրինք զարմանքով,
Խոսուն հայացքներ փոխանակելով:
Իսկ հետո գերված, տարված իրարով՝
Քայլեցինք տարբեր ճանապարհներով:
Սիրուց խայտացին մեր հոգիները,
Ձգտեցինք իրար, հասանք մտովի,
Այրվեցինք խորքում հոգու ու սրտի:
Հետո ժպտացինք, հետո հեռացանք,
Դարձյալ երազ էր, երբ մենք արթնացանք։
Այսպես օրեր, տարիներ միմյանց սիրեցինք։
Սիրեցինք իրար
Իրարից հեռու,
Իրարից անկախ,
Լու˜ռ, անխո˜ս, անձա˜յն…
Հիմա եկել ես, կանգնել իմ դիմաց
Այն նույն փողոցում՝ նույն կրպակի մոտ,
Եվ վերջին անգամ ենք տեսնում իրար…
Իմ գրկում՝ որդիս, իսկ դու՝ միայնակ…
Սիրտս տնքում է ծանրացած ցավից:
Դու դեմ ես վազում ու լուռ շշնջում.
–Գտա˜ քեզ կրկին…
–Կորցրել էի քեզ վաղուց,
Շա˜տ վաղուց,
Երբ ինձ թողեցիր,
Կորար գնացիր…
Հիմա հեռացի՜ր։
Ների˜ր, սիրելի˜ս…
–Սիրելի˜ս, ների˜ր…

**

Ազատ եմ

Մտա վանք ես ծնկած կրկին՝
Ձեռքերս խաչած կրծքիս,
Սարկավագն եկավ, կանգնեց կողքիս՝
Բուրման վառարան ձեռքին։
Բուրվարակի բուրվարը խնկով լցվեց,
Բույրը տարածվեց…
Խնկարկեց, լիզեց ու մաքրեց օրս,
Մաքրվեց շուրջբոլորս․
–Ես ազա˜տ եմ, ազա˜տ մեղքերից,
Ստից, մարդկանցից նախանձ։
Ես ազատ եմ, տե˜ր, սուզված անանձ
Հոգուս ծովում պարզ, անբիծ։

**

Անձրև է հոգումս: Երկու ենք մենք,
Պարում ենք անհայտության մեջ։
Չկան մարդիկ, միայնակ ենք,
Աշխարհը՝ սև, մթին, սնամեջ։
Ուշացա

Դատարկություն, տխրություն, մենություն…
Ու դու լսում ես ժամանակի քայլքը։
Հանկարծ սկսում է վազել այն:
Դու էլ:
Դու էլ ես վազում, շունչդ չի հերիքում,
Վազում ես, ձեռքով կանգնեցնում,
Իսկ նա թռչում է դեպ անհայտություն:
–Ե˜տ եկ, քեզ ամուր կպահեմ։
Ժամանակը ետ չի նայում,
Վազում է, թռչում.
–Ուշացա˜ր։
Նորից…
Դատարկություն, տխրություն, մենություն…
Ու էլ չես լսում ժամանակի քայլքը,
Վազքը, թռիչքը…
–Ուշացա˜։

**

Աշուն

Աշու˜ն, հայաստանյա˜ն աշուն,
Որտեղի՞ց քեզ այդքան տխրություն,
Հեռուների՞ց, Վանից ու Մուշի՞ց,
Քո հայ հողերի՞ց,
Որ մնացել են օտարի ձեռքում:
Տխուրա˜չ աշուն,
Կսկիծ քո սրտում,
Բազմախոհ աշուն,
Հայաբույր ու բարդ,
Ներսից՝ սևասիրտ, դրսից՝ գունազարդ։
Արցունքը աչքիդ, ձեռքերիդ բարիք՝
Հույս ես ներշնչում սերնդին գալիք,
Թե շուտով պիտի տիրանանք կրկին
Պապերի թողած, զավթած հողերին,
Իսկ դու լալիս ես անհագ, արտասվում
Տարիներ, դարեր ու չես հանդարտվում,
Հեռավո՜ր աշուն, իմ դեղի՜ն աշուն,
Դու հայաստանյան տխուրա˜չ աշուն։

**

Ներիր

Մոռանալն անհնար է,
Իսկ վերադառնալ
Չեմ կարող,
Ների˜ր։

Հավատալ հրաշքների,
Կրկին քեզ տեսնել
Չեմ կարող,
Ների˜ր։

Անցածը գնաց, էլ ետ չենք բերի.
Միասին լինել
Չենք կարող,
Ների˜ր։

**

Ամեն աստծո օր
Երազել եմ քեզ հետ լինել,
Սիրել, փարվել ու…
Ձեռք-ձեռքի տալ,
Թռչել հեռու,
Ետ գալ այնտեղից՝
Անհայտից սպառված,
Երջանկությունը
Ափիս մեջ փայած:

**

Քո ծով աչքերի հեռու լազուրում

Քո ծով աչքերի հեռու լազուրում
Մի կետ էի տեսնում` Ախթամար կղզին,
Քո ծով աչքերի հեռու լազուրում
Ես քեզ էի տեսնում՝ նստած մի քարի…

Ներկապնակի բաց կապույտ գույնով
Վրձինս էի թրջում թեթև, անխռով,
Ուզում էի՝ վրձնի հարվածներն անվերջ
Պատկերեին քեզ, ինչպես հուշիս մեջ:

Բայց դու մշուշվում, գնում էիր հեռու
Կամ անհետանում ծովի փրփուրում:
Երկինքներին էիր հասնում, ալիքվում,
Լոկ կոհակներն էին քեզ փարվում, շոյում:

Երբ արևը քեզ երկինք էր տանում,
Խարտյաշ վարսերդ հրով էր պատում,
Մե՜րթ դառնում էիր ծով՝ լեռներով պատված,
Մե՜րթ էլ արեգակ՝ նոր սիրով արբած:

Ես էլ վազում էի, որ հեռուն հասնեի,
Հպումն զգայի քո ջերմ շողերի,
Հետո գիրկն ընկնեի քո կապույտ ծովի
Ու ալիքիդ հետ ծովեզր ելնեի:

Սակայն գիժ քամին՝ անսանձ ու վայրի,
Մեծ ծովի վրա մեզ պտտեցնելով
Եվ ալիքների խենթ գիրկը տալով՝
Մեզ ափ շպրտեց ու դարձրեց գերի:

Իսկ երբ արթնացա, շուրջս պայծառ էր,
Դեռ իմ ընկերը ներկապնակն էր,
Խենթ վրձինս էլ սուր ծայրով սահել,
Ճերմակ էջերն էր իմ ապականել:

Քո ծով աչքերի հեռու լազուրում
Ես քեզ եմ տեսնում ու խորհում լռին,
Ապա ներկերով քեզ եմ պատկերում՝
Ծառի ստվերում նստած այն քարին:

ԼԻԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ