ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 10:39 - չքննարկված

ԱՆԻ ՀԵՐՈՒՆԻ ՍԱՋՅԱՆ

Անի Հերունի ՍաջյանԱՆԻ ՀԵՐՈՒՆԻ ՍԱՋՅԱՆ

**

Ու՞ր էիր Աստված,
Երբ Ադամորդիդ արյամբ շաղախված՝
Իր խիղճը թաղեց մեղքերի հորում։
Երբ լիրբը՝ իր սուրբ դիմակը հագած,
Կեղծ քունը գտավ սատանի ծոցում։
Ու՞ր էիր Աստված,
Երբ անմեղներին խաչը հանեցին,
Իսկ չարը տիրեց դավաճան հոգուն,
Երբ Հուդաները կախաղան հելան՝
Հավասար դարձան անմեղ մեռյալին։
Դու՛, որ կյանքը տվիր՝ կույսդ մայրացավ,
Ո՞ւր էիր , երբ որդիդ իր խաչը ելավ։ Ինչու՞ կյանք տվիր, թե պետք է տանեիր,
Ինչու՞ թույլ տվիր, որ որդիդ զոհվի,
Երբ ինքդ էլ գիտեիր,
Որ մարդկությունը փրկություն չունի։ Օ՜, ինձ ողորմի՛ր ամենակարող,
Ու՞ր ես հայտնվիր, ո՞ւր ես տեր Աստված,
Երբ որդիդ կրկին քո կարիքն ունի։

**

Ես սովորեցի ապրել առանց
քեզ…
Առանց քեզ հաշվել անձրևահատիկները, որոնք մաքրում էին գիշերվա փոշին՝ մերկ փողոցներից,
Եվ ազատվեցի քո խաբկանքներից,
Քո փուչ խոսքերից,
Քո երդումներից,
Ես սովորեցի շնչել առանց քեզ,
Եվ մաքրեցի թոքերս ախտից։
Ես սովորեցի քայլել առանց քեզ, անցնել օվկիանն առանց խեղդվելու,
Գիշերում թաղվել՝ առանց մեռնելու,
Ես սովորեցի սանրել վարսերս՝ առանց մատներիդ,
Ծարավս մարել առանց համբույրիդ,
Ուրիշ արևով կրծքերս այրել,
լուսնի թևերով մարմինս ծածկել,
Ես սովորեցի միայնակ թռչել՝ վայրէջքի պահին,
Եվ վեր բարձրանալ, որքան էլ փորձեն՝անդունդ գլորել,
Ես սովորեցի անքուն մահանալ,
Եվ ծնվել նորից ՝ ծիածաններից,
Ես սովորեցի կարոտներ
սպանել և հուշեր թաղել օվկիանի խորքում,
Ես սովորեցի ապրել առանց քեզ,
Քեզ ես մոռացա, քեզ կուլ տվեցի,
Ես սովորեցի չզգալ բացակադ,
Եվ չնկատել ներկայությունդ,
Ես վառ գույներով կյանքս ներկեցի,
Երկնային աչքը հավերժ փակեցի, որ է՜լ չանձրևի,
Ես լքեցի փողոցները հին, որ ոտնահետքերդ հոգուս ճամփեքը չբռնեն նորից,
Մաքրեցի անունդ արյանս միջից,
որ սիրտս նորից քեզնոտ չդառնա,
Եվ փոխարենը նորը դաջեցի,
Ես սովորեցի սիրել , բայց ոչ քեզ…
Եվ չզարմանաս ինձ հանդիպելիս,
թե չճանաչես,
Իմացած եղիր նոր
եմ ծնվել ես,
Եվ առանց,
առա՜նց քեզ…

**

Դու եկար…
Եկա՛ր այն ժամ, երբ աչքերիցս մի վերջին ուժով՝ փորձում էի վիժել վերջին ցավակաթիլս,որը պետք է կաթեր՝ կույս հողի վրա և հավե՜րժ ննջեր նրա տա՜ք գրկում։
Դու եկար…
Եկա՛ր այն ժամ, երբ հոգուս պատերը փորձում էի քանդել, որ կարողանամ լռեցնել՝ դատարկության ձայնը,
երբ փորձում էի փախչել ինքնավիժումից,որ կարողանամ աշխարհ գալ…՝
նորի՜ց,
Որ կարողանամ վերակառուցվել։
Դու եկար…
Եկա՛ր այն ժամ, երբ փակել էի բոլոր դռներս,
Իսկ հայելիներս՝ ծածկոցով ծածկել,
Երբ վերջին շնչով փորձում էի խմել՝ հոգուս կենացը,
Գինու մեջ թաղել անցյալն ու ներկան։
Դու եկար…
Եկար այն ժամ, երբ գիշերներս դադարել էին լուսանալ,
Երբ աչքերիս քաղցը փորձում էի թաղել ՝ լուսնի շողերում,
Երբ փորձում էի ինքս իմ մարմնին տաք ծածկոց դառնալ, որ ոսկորներս չջարդվեն ցավից։
Դու եկար…
Եկար այն ժամ, երբ մոռացվել էի հուշերի ծովում,
Երբ ինքս ինձ փորձում էի մաքրել կյանքիս էջերից,
Երբ ինքս ինձնից արբունք էի ապրում,հետո մայրանում,
Երկունք էի ապրում և, որքան էլ փորձում էի փախչել ինքնավիժումից՝ մեռնում էի և մոռանում,թե ոնց են ծնվում ՝ նորի՜ց։
Դու եկար…
Եկար այն ժամ, երբ պետք չէր գալդ,
Երբ ներկայությունդ նույն բացակադ է,
Ես չսովորեցի կյանքն ապրել առանց քեզ, բայց առանց քեզ մեռնել սովորեցի,
Սովորեցի հաշվել մահերս և առանց քեզ ապրած անհաշիվ օրերս՝ինձ հետ թաղեցի։
Դու եկար…
Կարող ես գնալ…

**

Եվ,երբ այս՝ կյանքից խռով՝ քո գիրկը կգամ՝ դու ինձ մի վանիր,
Թույլ տուր ներխուժել ՝քո աշխարհը մու՜թ,
Որտեղ դեռ աստղերը՝ երկունք չեն ապրել,
Որտեղ դեռ ես նոր ՝ պետք է մայրանամ՝ գիշերից հետո այն՝ հավերժության,որտեղ պիտ թաղենք՝ ախ ու վախերը,
և մեզ պիտ խաչեն մեր սիրո համար,
և հազարավոր սուտ Բարաբաներ՝ պիտ տոնեն իրենց հաղթանակը լուռ,
Բա՜յց,
երկինքը լու՜ռ դեռ երկունք կապրի,
Եվ մենք պիտ ծնվենք մի նո՜ր աշխարհում,
Որտեղ ես կրկին քո գիրկը կգամ՝ միայն չվանե՜ս,
Որ ես մայրանամ՝քո երկինքներից,
Եվ քո ներկային ներկան իմ խառնեմ,
Որ իմ ձեռքերով խեղդեմ սատանուն,որ չհասցնի ժամանակ ստեղծել,
որ հավերժության՝ քո խո՜ր օվկիանում թևերս բացեմ և հավերժանամ՝նրան ձուլվելով…
Միա՜յն՝չվանե՜ս…

**

Մեզանից հետո հազարներ կգան,
Կգան ու կանցնեն ժամանակի հետ,
Մեզանից հետո հազար աղոթքներ,
Կասվեն, կհալվեն մոմի շթի հետ։
Մեզանից հետո դեռ բազում սերեր՝
Կանձրևեն լու՜ռ պատուհանի տակ,
Մեզանից հետո դեռ կասվեն բառեր՝
Կես լուրջ , կես կատակ։
Մեզանից հետո հազար գիշերներ
Եվ այդքա՜ն սպասված մի գիշեր սիրո,
Մեզանից հետո դատարկված պատեր,
Որտեղ կապրեն ստվերները խենթ՝իմ և քո…
Մեզանից հետո հազարներ կգան,
Կգան ու կանցնեն ժամանակի հետ,
Մեզանից հետո դեռ կապրեն մարդիկ,
Իսկ մենք եկ այսօրը մեր բաց չթողնենք,
Եկ այսօր լինենք այն մի գիշերում, որ մեզ է տրված,
Եկ այսօր խենթ սիրուն տրվենք,
Որ վաղը՝ մեզանից
հետո հազա՜ր–հազա՜ր սերունդներ թողնենք։

**

Ուզում եմ այսօր արցունքները իմ երկնքին խառնել, որ այն անձրևի՝ գա շուրթիդ փարվի՝ ծարավս առնեմ,
Ուզում եմ այսօր մատերն իմ խառնել ջերմ արեգակին, որ գա քեզ այցի վաղ առավոտյան և համբույր տալով հոգնած կոպերիդ՝ քո կրծքին փարվի,
և իմ մատներով մարմինդ շոյի՝ կարոտս առնեմ։
Ուզում եմ այսօր դառնալ մե՜ղմ քամի, գամ մտնեմ սենյակ ՝ գիշերվա պես սև՜ վարսերդ շոյեմ
և լու՜ռ հեռանամ, որ ինձ չտեսնես,որ չզգաս,որ կամ։
Ուզում եմ այսօր կարոտս խեղդել իմ տան պատերում, որոնք իմ ու քո սիրո նեկտարի բույրով են բուրում,
Որտեղ ապրում է մեր երեկը դեռ՝սեր, կիրք ու հույսեր,
Երազնե՜ր բազում…
Ուզում եմ այսօր ինձ օդին խառնել,
Թող ոչնչանա ամե՜ն–ամե՜ն բան,
Թող ինձնից այսօր լոկ հիշողություն հոգուս անշունչ պատերը մնան,
Իսկ ես թող այսօր անքու՜ն քուն մտնեմ…

**

Ես դեռ չէի ծնվել, իսկ դուք արդեն իմ գիշերներն էիք աճուրդի հանել,
Եվ որբ մարմնիցս՝ գինի էիք քամում,
Սրտիս թելերը լարել էիք թաքուն և երգ հորինել,
Իմ կույր աչքերը՝ դարձրել հոգետուն,
Աճյունիս առջև գինի էիք խմում,
Կենաց էիք ասում, իսկ ինձ չէիք հիշում։
Անարդար կյանքի ոտնահետքերն էի զգում՝ երեսիս,
Մոմի շիթերով՝ ծխում էր հոգիս,
Երկնային աչքը՝ կարոտ էր լալիս,
Եվ իջնում, փարվում՝սառը կոպերիս։
Ես դեռ չէի ծնվել, իսկ դուք արդեն ձեզնով էիք արել օրերս բոլոր,
Գրոշի դիմաց հոգիս վաճառել՝
գերի էիք դարձրել սատանա կյանքին։
Ծեր ժամանակի ճաքճքած ու չոր համբույրներն էի զգում մերկ մարմնիս վրա,
Փորձում էի փախչել արգանդից այդ պիղծ,
Որտեղ չծնված ինձ խաչն էին հանել։
Փորձում էի հասնել այլ երկինքների,
Եվ ինքնավիժել…
Եվ ես վիժեցի…
Եվ ես մահացա…
Մահացա ձեր երազներում դեռ չծնված, իսկ դուք հավերժ կապրեք իմ երազներում’ թեկուզ գիշերներն իմ այլևս չկան.
Դուք խլեցիք ինձնից իմ գիշերները’ նվիրելով ինձ հավե՜րժական քուն,
Դուք նվիրեցիք ինձ տա՜ք առավոտներ,
Նվիրեցիք ու՛ժ, նվիրեցիք կա՛մք,
Եվ բազում օրեր,
Դու՛ք ինձնից տարաք գիշերները իմ, որ դեռ չէի ապրել,
Եվ նվիրեցիք առավոտներ, որ դեռ պիտ ապրեմ,
Իմ վաղվա օրը դեռ նոր է գալու,
Ես դեռ չեմ ծնվել…

**

Մինչ դուք ձեր գիշերներն եք թաղում ուրիշ երկնքում,
Եվ ապրում արբունք լուսնի տաք գրկում,
Իմ երկնքի տակ լու՜ռ մահանում է՝աստղը վերջին։
Մինչ դուք ձեր մարմիններն եք ծախում՝ փոշոտ բուլվարում,
Եվ օտար՝ ախտոտ շուրթեր համբուրում,
Իմ որբ մարմինը ցրտից սառում է
Եվ միայնության օրերն է հաշվում։
Մինչ ձեր կառուցած սուտ եկեղեցում
ամենօր վառվում են ՝ մեղքով լի մոմեր,
Իմ Աստծո տանը լու՜ռ աղոթում է՝ իմ հույսը վերջին՝ կառուցելով փրկության դռներ։
Մինչ ամեն վայրկյան ձեր աստվածները խաչին են հանում՝ անմեղ մարմիններ
եվ հարյուրավոր սուտ Բարաբաներ՝ տոնում են իրենց հաղթանակը՝ կեղծ,
Իմ երկնքի տակ՝ աշխարհը մեջքին՝
լու՜ռ խաչն է ելնում ՝ Հիսուսը վերջին։
Մինչ ձեր մեղսավոր սատանի ծոցում՝սրբադիմակ լրբերը՝ աստղեր են վիժում,
Իմ կապույտներում՝ կարոտն աչքերին՝ օվկիանն են նետվում՝ կույս Մարիամները՝ աղոթքն շուրթերին։
Մինչ դուք ամենօր արյուն եք լափում,
եվ գողանում եք որբի ձեռքերից՝ հացը իր վերջին,
Իմ փողոցներում լու՜ռ մահանում է՝ մայրական սիրտը՝ որդոց բերանին։
Մինչ դուք ամեն անկյունում սուտ աղոթում եք ձեր աստվածներին,
Եվ ուժգին գոռում, որ ձայնը հասնի,
Իմ տան պատերը կարոտ են լալիս,
Իմ աղոթքները ՝ երկինքը գիտի։
Մինչ դուք ձեր ձեռքով փորում եք փոսը՝ ձեր գերեզմանի,
Ես արդեն վաղու՜ց գտել եմ տունն իմ՝իմ հավերժության։

**

Դերս ավարտվեց…
Չփնտրե՛ք դուք ինձ,
Ես այնտեղ եմ,որտեղ աստղերն են մեռնում՝ լու՜ռ հավերժության նվագի ներքո,
Որտեղ չկա՛ մենք, չկա՛ ես ու դու,չկա՜ իմ և քո։
Ես այնտեղ եմ, որտեղ երկնային իժը վաղու՜ց վիժել է իր միակ որդուն՝կեղծ սատանային,
Որտեղ չկա՛ օր,չկա՛ ժամանակ,
խաչել են վաղու՜ց՝սև ժամագործին։
Ես այնտեղ եմ, որտեղ «սուրբ» պոռնիկները՝վաղու՜ց այրել են կեղծ դիմակները,
Որտեղ չկա՛ փող, ո՛չ հաճույք, ո՛չ կյանք,
և վաղու՜ց փթթել են ժանտախտով հիվանդ՝ փուջ մարմինները։
Ես այնտեղ եմ՝ի՜մ հորինվածքում,
Որտեղ կորցրել եմ մահվանս ճամփան և մոռացել եմ, թե ոնց են ծնվում,
(Չե՛մ ուզում ծնվել)
անհաշիվ են մահերս…

**

Ես քեզ գտա՜՝
Եվ չեմ թողնի, որ մարմինդ ուրիշ մարմնի ծածկոց դառնա,
Որ շուրթերդ ուրիշ շուրթեր ամու՜ր սեղմեն՝արյունոտե՜ն,
Որ օվկիանիդ խորության մեջ ուրիշ աստղեր կրքից այրվեն,
Ուրիշ լուսին՝կույս ու հեզիկ՝ քո գիշերում հավետ թաղի՝մենությունը
Եվ քո տաքու՜կ երկինքներում ՝
զգա ՝ կին լինելու վեհությու՜նը։
Ես քեզ գտա՜
Եվ չեմ թողնի այլ երկինքներ՝ փողոցներիդ փոշին մաքրեն ՝ իրենց սիրո նեկտարով,
Որբ ու տկլոր մարմինները՝ ջերմացնեն քո արևով։
Ես քեզ գտա՜
Ու միայն իմ գիշերներից պիտ սեր կաթա երկնքիդ,
Եվ միայն իմ լուսինն պիտի արբունք ապրի և մայրանա՝ խո՜ր օվկիանիդ համբույրից…

**

Եվ, երբ այս՝ կյանքից խռով՝ քո գիրկը կգամ՝ դու ինձ մի վանիր,
Թույլ տուր ներխուժել ՝ քո աշխարհը մու՜թ,
Որտեղ դեռ աստղերը՝ երկունք չեն ապրել,
Որտեղ դեռ ես նոր ՝ պետք է մայրանամ՝ գիշերից հետո այն՝ հավերժության, որտեղ պիտ թաղենք՝ ախ ու վախերը,
և մեզ պիտ խաչեն մեր սիրո համար,
և հազարավոր սուտ Բարաբաներ՝ պիտ տոնեն իրենց հաղթանակը լուռ,
Բա՜յց,
երկինքը լու՜ռ դեռ երկունք կապրի,
Եվ մենք պիտ ծնվենք մի նո՜ր աշխարհում,
Որտեղ ես կրկին քո գիրկը կգամ՝միայն չվանե՜ս,
Որ ես մայրանամ՝քո երկինքներից,
Եվ քո ներկային ներկան իմ խառնեմ,
Որ իմ ձեռքերով խեղդեմ սատանուն, որ չհասցնի ժամանակ ստեղծել,
որ հավերժության՝ քո խո՜ր օվկիանում թևերս բացեմ և հավերժանամ՝նրան ձուլվելով…
Միա՜յն՝չվանե՜ս…

**

Գիտե՞ս,
Այսօրն իմ վաղուց են խլել,
Ես դեռ չէի ծնվել, իսկ այսօրն իմ արդեն է՜լ չկար,
Իմ ներկան երբեք ներկա չի եղել,
և չեմ ունեցել ես անգամ անցյալ,
Իսկ ապագայից, խոսել չեմ սիրում,
Նա դավաճան է բոլորի նման՝երևի չգա՜…
Գիտե՞ս,
Ժպիտն իմ ես չեմ էլ հիշում,
Ա՜խր ի՞նչ հիշեմ՝ չեմ էլ ունեցել,
Կյանքն իր կոշտ ձեռքով իր իսկ կտավից՝ ջնջել է վաղու՜ց արևը պայծառ և չի փոշմանել,
Գիտե՞ս,
Ես երբեք ձայն չեմ ունեցել,
Չի հնչել երբեք իմ ականջներում՝ մանկական ճիչը,
Ես չեմ հասցրել անգամ կանչել՝ մա՜մ,
Երբ նրան լքեց իր վերջին խիղճը՝
Երկինքը վիժեց…
Գիտե՞ս,
Ես չկամ, և չեմ էլ եղել,
Ես ինչ որ մեկի հորինվածքն եմ լոկ,
Ես նա եմ , նա եմ, այն ինչ որ մի՝ոչինչ,
Ինչ որ մի ոչինչ ՝ ում չընդունեցին ձեր աստվածները…
Գիտե՞ս…

**

Մա՜մ…
Այսօր ծնվեց ևս մի կարոտ և հավերժացավ ՝ նու՜րբ ծալքերիդ մեջ,
Մարգարիտներդ բարձիդ ձուլվելով՝ անմահացան ՝ հոգնած կոպերիդ,
Եվ գիշերներդ՝ անքու՜ն, մտազբա՜ղ՝
դու թաքցրեցիր ճերմա՜կ ամպերիդ՝ մու՜թ հեռուներում,
Իսկ առավոտյան՝ քո ջե՜րմ ժպիտով՝
դու արևեցիր՝հոգիները մեր։
Մա՜մ…
Կուզեմ մանկանալ՝քո կրծքին փարվե՜լ,
Իմ դատարկ հոգուն,սովն է տե՛ս պատել,
Կուզեմ մեղրահամ կաթդ համտեսել՝կրկին հագենալ այս՝սով աշխարհից,
Մա՜մ…
Կուզեմ մատներս խաչել մատներիդ և անցնել քեզ հետ՝կարոտիդ ճամփան,
Կուզեմ կարոտիդ ՝ես թևեր կարել, որ ճախրի հեռուն՝ այն քո աշխարհի,որտեղ ապրում է անհո՜գ ծիծաղդ,
և քո՛ աշխարհից քեզ մի բու՜ռ ժպիտ և արև բերի,
որ ծիածանվեն՝մու՜թ գիշերներդ։
Մա՜մ…
Կուզեմ կոպերդ ամու՜ր համբուրել,
Մարգարիտներդ հատիկ առ հատիկ իմ բուռը առնել և ժանյակ հյուսել ու քեզ նվիրել՝ կուրծքդ զարդարի ՝ բարձիդ փոխարեն։

**

Եվ անցնում են գարուննե՜րը կյանքիդ,
Վարսերդ ճերմակով ծածկվում,
Փաթիլներն իջնում են, փարվում հոգնա՜ծ կոպերիդ,
Եվ կնճիռներ երեսիդ նկարում…

Եվ ճոճվում են ճյուղերդ ծառի,
Բայց ամու՛ր է արմատը նրա,
Եվ թո՛ղ կորչի, այդ անիծված քամին,
Ծերությունդ մի քիչ էլ ուշանա…

Եվ որքա՜ն էլ քամին այդ սուլի,
–Ծերությու՜ն,–ականջիդ շշնջա,
Պա՜պ,այդ հիմա՛ր քամին, չգիտի,
Նրա երգերին դու մի՛ հավատա…

Այդ քամին չգիտի, դեռ որքա՜ն,
Դեռ որքա՜ն ամառներ կգան,
Թեկուզ և գարուններդ անցնեն,
Ամառներդ հավերժ կմնան…

Կարևեն դաշտերդ նորից,
Ծառերդ պտուղներ կտան,
Հոգիդ կերգի պա՜պ, սիրուց,
Թեկուզ վարսերդ ձյունոտ մնան…

ԱՆԻ ՀԵՐՈՒՆԻ ՍԱՋՅԱՆ

**

Փետրվար 10. 2017



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ