ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 7:44 - չքննարկված

ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Արաքսյա Հովակիմյան

**

Ինչու՞ եք անդադար ինձ հիշում
Իմ ցավի խորթ հերոսներ,
Ձեզ հավերժ թաղել եմ կամենում՝
Ինչպես ուշ աշնան ակոսներ:

Ներսումս չկա վրեժի մոլուցք,
Չեմ բարդում հոգուս վատ հիշողություն,
Սրտիս բարությունը անհուն
Վերջապես բերեց ինձ լռություն:

Հույզերս աղոտ են, շաղված,
Օրերս՝ անկանոն, բեկված,
Անսանձ ու խեղված են անգամ
Մայրամուտիս ժամերը հոգնած:

Ինձ գիրկն է առնում գիշերը մթին,
Զրուցում ինձ հետ խավարի լեզվով,
Այդ լեզուն այնքան բարդ է ու խրթին՝
Ասես սահում եմ անդունդի եզրով:

Ինչու՞ եք անդադար ինձ հիշում,
Անտեղի հոգիս փոթորկում,
Զուր եք վաղ խորտակել ջանում՝
Մեկ է, մնում եմ կանգուն:

Երազներ ունեմ դեռ բազում
Ինձ հետ լույս աշխարհ բերած,
Ու թեև ցավ կա իմ հոգում,
Նրանց ես շատ եմ կապված:

Կարոտս ինքնակամ մոլորված,
Առանց իր տիրոջ խորհրդի,
Անվերջ ցասումից հոգնած
Ձգտում է փափագած անդորրի:

Չի արձագանքում էլ սրտիս կանչին,
Որն ամեն հարմար չնչին առիթին
Ջանում է ասել իր խոսքը վերջին.
-Քայլի՛ր ընդառաջ զարկերիս երթին:

Անվերջ թափառող իմ տաք հուշերը
Տենչում են անհայտ, անդարձ հեռուներ,
Բայց սրտիս ու մտքիս անսպառ կռիվը
Մղում է ինձ երկու տարբեր բևեռներ:

Այդ կռվից ժառանգած վերքերս
Ինձ համար այլևս թանկ են,
Իմ սիրո սրբազան սպիերը
Մեռոնված խաչքար ու վանք են…

**

Կանէանան մի օր՝
Անսպասելի, հանկարծ,
Անուրջներս մոլոր,
Երազներս մարած:
Կղողանջեն անգամ
Հեզ զարկերը սրտիս,
Եվ կսթափվեն անկամ
Մորմոքները վշտիս:
Հոտնկայս կհարթեմ
Դավը այս դժվարին,
Անվրեպ կհաղթեմ
Խտացող խավարին:
Եվ ամեն սպասված պահ
Կարարեմ ես ինձ,
Ու կստանամ անահ
Գլուխգործոց ինձնից:
Բայց երբ անշունչ իմ դին
Լուռ կամփոփվի հողում,
Նոր կտեսնեք հոգիս
Ցավից ոնց էր դողում…

**

Պատուհանս բաց, մտքերս շաղած,
Խամրած հայացքս հեռուներն հառած,
Կարոտիս ճիչը խեղդած իմ հոգում
Դեռ թաց հետքերդ եմ թաքուն որոնում:

Վանում եմ ինձնից անունդ մի պահ,
Բայց մոռացման մեջ ապրում եմ լոկ պահ,
Հուշերիդ ալիքը առավել ուժգին
Զարնում է սրտիս խոցված պատերին:

Մնացել եմ ես կենտրոնում կանգնած,
Խոսքեր կան բազում չասված, չլսված,
Հետ գնալ, ավա՜ղ, չեմ կարողանում,
Առաջ գնալ էլ սիրտս չի թողնում:

Ախ հազա՜ր պատճառ ունեմ գնալու,
Եվ ընդհամենը մեկը՝ մնալու,
Ու մի հարց ունեմ ինքս ինձ տալու՝
Ես հանելուկն այս ո՞նց եմ լուծելու:

Հարցերս ինչպես միշտ չունեն պատասխան,
Եվ կամ թերևս ինձ պետք չեն այնքան,
Սովորել եմ ես հանդա՜րտ համբերել
Ու պտուղներն էլ լիարժեք քաղել…

**

Կորցրած հավատիս անհուն օվկիանում
Իմ սիրո վերջին ստվերներն են թևում,
Կանչում են անդու՜լ, անդադար ձայնու՜մ,
Բայց հոգուս խորքում էլ չկա սպասում:

Խեղդվել ես կարոտիս անտակ հորձանում,
Քեզ բեկոր-բեկոր եմ արդեն հավաքում,
Հոգուս նվաղաց տաքուկ անկյունում
Միայն հուշերդ են ինձ քեզ հետ կապում:

Սրտիս թրթիռը էլ ինձ չի հուզում,
Քո ամեն ձայնից էլ վեր չեմ թռչում,
Անհագ ծարավով էլ քեզ չեմ սպասում…
Ախր քեզանով այնքա՜ն էի լեցուն:

Կորավ ամեն բան անդարձ խավարում,
Սրտիս այն ճիչը էլ ինձ չի հասնում,
Ո՞նց չէիր գիտակցում, որ քո քայլերում
Քո՛ իսկ ձեռքով էիր սերս սպանում:

Մաս առ մաս տալի՜ս, մաս առ մաս տանու՜մ,
Սրտիս թաց վերքով խաղու՜մ ու խաղու՜մ,
Սիրուց կուրացած ներում էի, ներում
Ու չէի նկատում, որ իրականում,
Քո հանդեպ հավատս է մաս առ մաս մեռնում:

Հիմա խաղաղ եմ, էլ չեմ վախենում,
Թեև ցավով եմ այս ամենն ասում,
Կորստի ահից ես էլ չեմ դողում,
Կորցնե՞լ, ախր ու՞մ…
Ով ինձ կորցնել չի էլ վարանու՞մ:

Կորցնողն է կորցնում…
Կորստի դողից ես էլ չեմ հևում,
Կորցնողն է կորցնում…
Իսկ ես անհատ ուժ ունեմ իմ ներսում,
Որն իմ կոտրված սիրտն է արարում
Ու խոստովանում՝
ՉԿԱ՛ ՔԵԶ ՆԵՐՈՒՄ…

**

Ոսկեվառ արփին
Կնճռոտ գիշերվան
Ժպտում է հրով
Եվ ջինջ երկնքի
Ամպերն է ներկում
Լույսի շերտերով,
Խատուտ խավարը
Արբշիռի նման
Մի երերագիծ
Քաշվում է հեռու
Արշալույս կառքի
Հրեղեն ճամփից:
Նախքան արևը
Կիզող աչքերով
Կյանք տա ցերեկվան,
Եվ ճաճանչներով
Չորացնի տամուկ
Ցողը գիշերվա,
Հենց մութը կիշխի
Մեր կյանքին, օրվան,
Անհաս երազին,
Եվ քիչ է ասել,
Որ կյանքը ինքնին
Գիշեր է մթին…

**

Փայտերը մեկ-մեկ շարվեցին շարքով,
Ու փայլեց լուցկու կրակը բարակ,
Դիպչելով հսկա, մեծ-մեծ փայտերին
Առկայծեց բոցն ու տարածվեց արագ:

Կրակի լեզուն շիկացավ իսկույն,
Ու ծխնելույզից էլ քուլա-քուլա
Ծխի թավ շերտը վերև խոյացավ,
Հասնելով երկինք՝ մի նոր ամպ դարձավ:

Իջավ կրակը, հանդարտվեց ծուխը,
Ու պառավ նանը ձեռքի խմորը
Տարավ ու բերեց՝ ձեռքից ձեռք փոխեց
Թոնրի տաք շուրթին ամուր զարկ տվեց:

Նորից բարձրացավ ծուխը ծիրանի,
Բայց մի հոծ գծով՝ ուղիղ, հավասար,
Խմորի բարակ շերտը կարմրեց
Ու փուչիկ-փուչիկ թոնրից դուրս եկավ:

Ահա՛ և լավաշը մեր մոգական,
Սեղանի զարդը մեր ավանդական,
Համն ու հոտը մեր սրբազան,
Հայի պարծանքը՝ պապենական…

**

Սառած մատներս հետքերդ են շոյում,
Կույր ցավից դողում ու անէանում,
Թափած արցունքիս ամեն կաթիլում
Քո մոռացումն եմ թաքուն անրջում:
Թեև շա՜տ վաղուց դու չունես ներում,
Ու խենթ սիրտս էլ էլ չի կարոտում,
Բայց ներսում մի թաց վերք է դեռ խեղդում՝
Թե ի՛նձ, ու թե քե՛զ, անուն է փնտրում:
Ո՞վ էիր դու…
Ավա՜ղ, ես չհասկացա,
Լոկ թշվառ մի ցավ՝
Որին տեր դարձա:
Ինքնակոչ սերդ առած ուսերիս՝
Թև տվի նիրհած սին երազներիս,
Բայց ծով հավատքիս անհատակ գրկում
Տվիր ինձ անձիդ արժան հատուցում:
Ես եմ մեղավոր…
Հերքել չեմ կարող,
Վաղ կարծեցի քեզ ամենակարող,
Հազարների մեջ հենց քեզ ընտրեցի,
Անզեն հայացքով սրտիս դաջեցի:
Ճակատագիր չէր…
Ես սայթաքեցի իմ խելքից միայն,
Երկար փնտրեցի, բայց վերջում
Ընտրյալս դուրս եկավ խոտան:
Ասում են անցածդ դժվարին ճամփից
Դաս առ ու թերթիր էջն այդ քո կյանքից…
Ասենք թերթեցի, հավետ թաղեցի,
Բա մեռած հավա՞տս ոնց պիտի ապրի…

**

Տարիներ կանցնի…
Աղոտ հայացքիդ թաց հեռուները
Անցածդ ճամփի հետքին կփարվի,
Հուշերիդ քամին քեզ հետ կտանի
Իր թևին առած,
Կհատես կյանքիդ անհուշ հուշերը
Սրտիդ պես սառած…
Ու քեզ գրկաբաց
Լոկ դատարկությունը կդիմավորի,
Քանզի հենց դա է ուշացած պատիժը
Քո իսկ մեղքերի:
Վրդովված դեմքով անցյալդ փորփրում,
Այնտեղ ամենքին անսիրտ համարում,
Կարծում ես աշխարհը ելել է քո դեմ՝
Այն ինչ կյանքով մեկ դու ինքդ ես քեզ դեմ:
Բա ի՞նչ էիր կարծում.
Աջ ու ձախ դավեիր,
Սուտ խոստումներով անխնա դաղեիր,
Անմեղ սրտերում թույնդ թաթախեիր,
Ուսերիդ անթիվ պարտքեր հավաքեիր,
Հետո էլ երկնից քեզ իբրև նվեր
Եդեմի դու՞ռը հոտնկայս ձայներ…
Դե հիմա գնա՛ ու մե՜ծ < < օղ >> արա,
Թափածդ աղբին ինքդ ճար արա,
Քանզի կուտակված կեղտում ակամա
Սիրող էակն էլ մի օր կուրանա:
Կյանքում կան բաներ, որ չունեն ներում,
Ո՛չ մի փրկագնով չկա հատուցում,
Հիասթափության անդարձ օվկիանից
Ոչ մի սեր երբեք չի հառնել նորից:
Աշխարհում երեք բան արդ չունի ներում.
Որդին կուրացած՝ մորը ուրացած…
Խոսքը դրժված՝ օդում մնացած…
Եվ < < սիրող >> սիրտը՝ դավաճան դարձած…

**

Կարծես հստակ էին քայլերս բոլոր,
Բայց ճանապարհս՝ ինչպես միշտ մոլոր,
Տարավ ինձ կրկին մի նոր պղտոր հոր…
Անցյալիս դառը էջերը բոլոր
Թերթել ուզեցի ես ցավոք մի օր,
Բայց ներկաս ավա՜ղ կրկին ու կրկին
Մշուշեց հոգիս վշտով տակավին:
Մութ էր անցյալս, ստով ողողված,
Մթնեց և լույսով հորինված ներկաս,
Դե իսկ ապագան՝ ես ի՞նչ իմանամ,
Որ դա էլ սուտ չէ, որ չընդիմանամ:
Վախ կա սրտումս արդեն ժառանգված՝
Սառել է սիրտը իմ հիասթափված,
Ախր ո՞նց թակեմ դուռն ապագայի,
Որ այն ինձ մի նոր անդունդ չտանի:
Կրկին հավատա՞լ… կրկին վստահե՞լ…
Հոգնել եմ արդեն անընդմեջ ներել,
Ամենքին մաքրել, ամենքին հղկել,
Միայն թե չատել, չարը չարարել,
Ներքուստ դառնանալ՝ ինքս ինձ մաշել:
Մի բան իմացեք, հաստատ եմ ասում,
Եթե չարասցե ցավ եք ունենում,
Սպիացած վերքին դարման եք դնում,
Տեսեք դարմանն այդ ի փոխ դարմանի
Ձեզ իր անցյալից ցավ չկտակի…

**

Ես ուժեղ եմ շատ՝
Քանզի տառապել,
Բայց չեմ չարացել,
Թիկունքից հարված
Շատ եմ ստացել,
Բայց ի պատասխան՝
Հարված չեմ հասցրել:
Նենգ ատելությամբ
Հոգիս չեմ դավել,
Ինքս ինձ խավարից
Հեռու եմ վանել,
Գլխիկոր ծնկած
Աղոթք եմ արել՝
Դավաճաններին
Թողություն հայցել:
Ու թեև հոգիս
Անդու՜լ հառաչել,
Եվ սիրտս ցավից
Շա՜տ է ճչացել,
Ինչքան էլ ճգնել՝
Կյանքն ինձ չի փոխել,
Իմ ինքնությունը
Ինձնից չի՛ խլել:
Ինչքան էլ տքնել՝
Ծնկի չի բերել,
Իմ համառ հոգին
Վեր է խոյացել,
Ու թե երբևէ
Գլուխ եմ կախել՝
Աստծո խորանի
Դեմ եմ խոնարհվել…

**

Ասելիքս չի սպառվում,
Բայց և խոսել չեմ ցանկանում,
Քանզի հոգուս ամեն մի ճիչ
Մի նոր թախիծ է արարում:

Լու՜ռ սուզվում եմ ծովն հուշերիս,
Փնտրում անմե՜ղ, թափառ հոգիս,
Բայց կարոտիս ալիքն անհուն
Ավա՜ղ նոր ափ չի հանդուրժում:

Լող է տալիս տկար հոգիս,
Կռիվ տալով կուչ է գալիս,
Հառում հայացքն անհա՜ս հեռուն՝
Ուր քո ստվերն է դանդաղ մեռնում…

**

Պանդխտում է հոգիս դարձյալ
Հուշ կարոտով իր մնացյալ,
Արժևորում թյուր, թվացյալ անձդ՝
Իբրև կատարյալ:

Իդեալի և իրականի
Հավերժական հակադրություն՝
Ուր մշտապես բռնկվում է
Երկկողմանի ներքին բախում:

Հավաքական սին պատկերդ
Ասես դաջված լինի սրտիս,
Որ ժխտում է համառորեն
Մատնությունը քո փուչ ես-ի:

Ընդվզում է միտքս մոլոր,
Ելնում ընդդեմ կեղծ պատրանքիդ,
Բայց նույն պահին սիրտս թաքուն
Քո անունն է լու՜ռ մրմնջում:

Դեգերում է հոգիս դարձյալ,
Գրկում կարոտն իր մնացյալ,
Հե՜զ սուզվում է ծովն իր ես-ի՝
Ուր քո ստվերն է գալիս այցի…

ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ