ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 11:42 - չքննարկված

ԶԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ

Ջեննի Բալյան

**

Քո կարոտները շապիկիս վրա հետքեր են թողել,
Ու չի~ լվացվում…
Եվ չի’ էլ մաշվում, այլ ամեն վայրկյան
Այն նորանում է ու խեղդում ուժգին…
Մնա’ դու ինձ հետ, ու թող կարոտդ
Ինձ շապիկ դարձած `մարմինս
Գրկի այնպե~ս մեղմորեն,
Որ հալվի ներսում…
Ու թող քո սերը մի զսպաշապիկ` ճերմա~կ , պատռված ,
Կապի թևերս թռիչքի համար,
Որ մնա’մ , մնա’մ , մնա~մ ես քեզ մոտ…
Կարոտդ այսօր ինձ շապիկ դարձած
Հա ջերմացնում է, տաքություն տալիս,
Բայց բավական չէ…
Շապիկիս վրա կարմիր հետքեր են,
Որ ամսե -ամիս շատանալու են,
Ու չե’ն մաշվելու, գունաթափվելո~ւ,
Այլ խեղդելու են…
Ես աստղերի հետ մի վազքի ելա,
Հաղթեցին նրանց գիժ մրցավզքում,
Ես աշխարհներում աշխարհներ գտա,
Բայց դա ոչինչ էր, մինչև քեզ գտա~…
Ու քեզնից մնաց լոկ կարոտը քո,
Ու հետքերը խոր շապիկիս վրա…
Ու քեզնից մնաց ինձ իբրև նվեր`
Մի կյանք չապրված,
Որ պետք է ծաղկեր, որ պետք է հաղթեր,
Ու մի օր, գիտե°ս ,մենք հաղթելու ենք , Արևն ափերում չե’նք խանձվելու մենք,
Բայց հիմա, հիմա ես հեռանում եմ, Ինքս ինձանից ես հեռանում եմ…
Հայելիս ճաք տվեց ,ու ես ինձ տեսա`
Ճաքճքած արդեն, բաժանված միլիոն Ու դեռ ավելի սուր կտորների,
Որոնք ամեն օր ծակելու են դեռ,
Չե’ն փշրվելու, քանի շնչում ես…
Քո կարոտները շապիկիս վրա հետքեր թողեցին,
Իսկ շապիկը այդ ,մի զսպաշապիկ,
Կապելու է իմ թևերը բացված,
Որ չգա’մ, չգա’մ, չգա~մ ես քեզ մոտ…
Ու հիմա արդեն գիշերվա սրտում կանգնած մնացի,
Մրսում եմ գիտե°ս, ցուրտ է սիրելիս .
Իսկ կարոտներդ մատներիս ծայրին թմրել են արդեն,
Եվ ես չեմ զգում արդեն էլ ոչինչ…

**

Նորից հրում ես ,
Ու հենց այնտեղից,
Որտեղից արդեն միլիոն անգամներ
Ընկել եմ, կորցրել ու գտել նորից…
Լուսինն էլ արդեն մի վեց օրեկան,
Բարակած, գունատ փորձում է ցրել
Թախիծս հասած…
Հիմա ես կրկին լուռ պայքարում եմ,
Կրկին փորձում եմ իմ ներսում խեղդել
Կոկորդում անվերջ լավ տնավորված
Թաց հազը այս նենգ ,
Որ չի խղճում ինձ ու ծամում է լուռ.
Ինչպես բղավեմ իմ ներսում ապրող
Փսփսոցներն այս, որ կարծես իմ դեմ
Դավեր են հյուսում, փորձում եմ փակել
Ճաղավանդակում, ու կապկպում են
Թևերս բացված. ես տուփերի մեջ Ապրել չգիտե~մ…
Եվ կարիք չկա լուռ ծամծվելու,
Մե~կ է բղավեմ, մե~կ է շշնջամ,
Բոլորը խուլ են, չկա’ սփոփանք…
Ու նորից, նորի’ց հետաշվարկ է հա’,
Ու չեմ հասցնում ես տեղավորվել
Այդ անգիր արած բութ հաշվարկներում,
Ու նորից ասես բլրի գագաթից
Գլորվում եմ ես` կողերիս վրա անվերջ
Զգալով սուր հարվածները կոպիտ քարերի,
Ու տե’ր իմ, ասես պատժում ես դու ինձ
Կողոսկրի համար, որ ինձ ես տվել,
Վերցրո’ւ ,տալիս եմ, բայց մի’ հեռանա,
Ու մի մոռանա , որ բազում անգամ
Ապաշախարել եմ բոլորի համար,
Ու փորձել եմ միշտ չխմել մեղքեր,
Ջերմել եմ հաճախ, բայց ցույց չեմ տվել,
Զառանցել հաճախ, բայց չեմ խանգարել ոչ մեկի երբեք իմ բարբաջանքով,
Անձայն հագել եմ զսպշապիկս,
Ու մի անկյունում անկյանք պատերին
Երազ նկարել…
Որ հասնե’մ , հասնե~մ,
Որ գրկեմ արդեն սպասումներիս այդ
Երկար շղթան,
Որ փաթաթեմ ինձ, ու որ մոռանա~մ…
Հիմա հոգնել եմ հազալ անընդհատ,
Հոգնել եմ արդեն այս պայքարներից,
Կամ արդեն հրիր, հրի’ր վերջապես,
Հրի’ր , որ ընկնեմ կրակների մեջ,
Կամ թո’ւյլ տուր կանգնեմ ու քայլե’մ առաջ…

**

Երբ գրկում է նա,
Ու գրկվում է ոսկորներիդ հետ ցավը խելագար,
Սեղմում է ամուր դողացող կրծքին
Ու համբուրում է անսանձ պոռթկումով,
Մի քանի վայրկյան շունչդ կանգնում է,
Ու խենթանում ես, կամ խենթ ես արդեն,
Որ դիմանում ես…
Երբ արցունքները հետքը կորցրած,
Մոլորված վաղուց, որերորդ անգամ
Մոռացած արդեն ամեն, ամեն ինչ
Այս սին աշխարհում` մատնում են հոգիդ,
Մեկը փորձում է պահը չկորցնել
Ու հարմարվում է նյարդերիդ վրա,
Այնպե~ս նվագում, որ մի քանի կյանք
Փշաքաղվում ես, մի քանի նոտա խզզում են ցավով…
Մեկն էլ փորձում է իբրև հասկանալ,
Բայց չի’ հասկանում,
Հերթական անգամ փշալարերից
Մի քանի մետր հեռու է կանգնում ,
Ու փորձում հիմար մի դիմախաղով
Կիսել իբրև թե ողջ ապրումներդ,
Բայց չի~ ստացվում,
Ու դեմքը նրա եռանկյունի է ավաղ հիշեցնում,
Ուր դատարկությունը անկյունից
Անկյուն գումարումների շղթա է
Կազմում, բայց հավասարում չկա’ ու չկա~…
Ու չկա մեկը, ով կհասկանա,
Ով որ կլինի փոքր սրտացավ ,
Սո~ւտ է ամեն ինչ, սո~ւտ են ամենքը…
Դեռ ծեգին շատ կար,դեռ մութ էր
Դրսում, բայց խոստանում էր անամպ
Լուսաբաց, ու տկտկացող ժամերի խաղում`
Մեկը խաղում էր, գրկում էր,սեղմում,
Կարոտներ լցնում ջրի բաժակում,
Ու կարմրում էր գիշերը այն սև,
Շունչը կանգնում էր,
Մի քանի վայրկյան օդը պաղում էր,
Ու երակների արյունը կարմիր
Կարծես եռում էր .խեղդող էր օդը…
Գիշերը կարծես դարձել էր հանկարծ
ինչ _որ մեկն անհաշտ,
Սեփական տապից հոգին վառել էր,
Մրով էր լցրել, ու դեռ չէր ցնդել ծուխը սենյակից,
Մոխրամանի մեջ մի կյանք էր լցվել,
Մի պատմություն էր լցվել ու վառվել ,
Մեկը ստել էր, ու չէր զղջացել,
Այդ մեկի տեղը այն մեկ ուրիշն էր մեղքոտվել գուցե,
Ու ցավը նորից իշխող էր դարձել,
Ու նորից նույնը. գրկում է ամուր,
Շունչը կտրում է, այնպե~ս է գրկում
Ու կրծքին սեղմում,համբույրներ շաղում,
Որ փշաքաղվում է արդեն նոր այգը.
Սիրում է ասես….
Գրողը տանի, նա° պետք է սիրեր,
Սիրում է նա ինձ … սիրահարվել է
Տառապանքը ինձ…

**

Լռե’ք խնդրում եմ, հեղձուկ է օդը,
Ինչ -որ տեղ թաց է ու լպրծուն է,
Սո’ւտ է, հոգու մեջ թրթիռներ չկան,
Տկար է միտքը , գիժն էլ գժված…
Լռե’ք խնդրում եմ, դատարկություն է,
Ու զրնգում են միլիոն ուղեղներ ,
Ծակ է ուղեղը, խելքն է ծորում վար,
Բայց ես կխմեմ կենացը նրանց,
Որ լուսաբացին չքվելու են հա~ր…
Մի տեղ սխալ էր, մութ էր ինչ -որ տեղ,
Ու սխալից այդ աստվածներ ելան,
Նրանց շարքերում Հուդաներ մեռան,
Ու գիշերներում լուծվեցին տաք-տաք…
Բաժակաճառեր հնչեցին դատարկ,
Ու զրնգոցով խփվեցին իրար,
Ողբ էր ինչ- որ տեղ`քեֆ էին անում,
Անտարբեր դարձած միտք էին անում.
Մի քանի ձեռնոց հագնել չէր լինում,
Պետք է շպրտվեր ,լոկ հագնող չկար,
Ես ընդունում եմ ձեռնոցը նետած`
Եվ ժպտում եմ ձե’զ` պարոննե~ր, տիկնա~յք…
Քամին է անվերջ ծակված ուղեղի
Բոլոր ծալքերում սուլում ու սուլո~ւմ,
Գոնե ձյուն տեղար, ու գոնե հալչեր,
Գոնե ուղեղում ինչ -որ բան ծնվեր…
Օդը թթվել էր ,պճպճում էր այն ,
Մածունը սև է~, գոռացին անսանձ,
Այո’, այն սև է `կեղտով է լցված ,
Որ ծորացրել եք թասերից ձեր այդ…
Այս մենամարտում աստվածներ ելան,
Ու կրկին մեռան `ընծաներ չկան, Կապե’ք ձեզ հիմա,խփվե’ք պատեպատ,
Ես հաղթել եմ ձեզ` պարոննե~ր, տիկնա~յք….

**

Այսօր փորձեցի իմ հիշողության հին
Դարակների փոշին լվանալ,
Ծանր էր այնքան, որ թերի մնաց,
Հնության հոտն էր ներսումս լցված…
Գլուխս դնեմ ծնկներիդ մա~մ,
ժամերով ննջեմ ես այդպես,
Մատներդ սահեն վարսերիս միջով`
Ու նրանց տաքից ես փշաքաղվեմ…
Կուլ տամ լռություն, ներսում իմ պահեմ ,
Խեղդեմ արցունքներ կոկորդում իմ չոր,
Իսկ դու ներարկես իմ մեջ թմրություն…
Մա’մ, դու մա~յր իմ,
Դու չես զլացել կյանքդ տանուլ տալ`
Սեփական կյանքիս հույսերի համար.
Ցուրտ է, մրսում եմ, բայց երբ կողքիդ եմ,
Մի ջերմող ալիք ինձ գրկում է մեղմ…
Մա’մ, իմ թուլությո~ւն,
Իմ օրերի մեջ իմ ուրիշ ժպիտ,
Ում գուրգուրանքից չեմ նեղվում երբեք,
Լոկ ջերմանում եմ…
Իմ լուռ օրերի դու խոսուն վկա,
Օրերս արդեն վերարկու հագած`
Վաղուց պատրաստ են ձմեռ ու ձյունին,
Այս անգամ արդեն ձեռնոց չեմ նետում,
Այլ հագնում եմ ես ձեռնոցներն ահա’,
Որ ձմռան սառը փայտացնող քամուց,
Մատներս հանկարծ շուտ չծերանան…
Դու իմ ամառն ես, երբ շուրջբոլորս
Լոկ սառույց է հաստ,
Որ պարուրում է երթը ժամերիս,
Ցնդած օրերիս խառնաշփոթն այս.
Ու չգիտեմ ես, եթե ամեն մարդ
Հոգում կարող է ամառ ունենալ,
Ինչո°ւ են այդքան չարանում հիմա,
Ու չգիտեմ ես` թե օրերում մեր
Նախանձը թույն է հոգում ծվարած,
Ինչո°ւ են մարդիկ թույնի բաժակը
Կոնծում առանց հազ…
Ուրիշ են հիմա մարդկանց սրտերը,
Ուրիշ են հիմա հայացքներն մարդկանց…
Ինչո°ւ են այսչափ չարությամբ լցված,
Եթե կարող են ամառ ունենալ…
Մա’յր իմ, դու տեսար մայրամուտներիս
Արյունոտ հուշերն ինչպես մայր մտան,
Ու ցերեկներիս կապույտ երկնքում`
Դու տեսար նաև փետրավոր մի ամպ,
Ու երազներս փետրահան եղած`
Չոչնչացան, երկինքներ թռան`
Մի օր այնտեղից փաթիլի նման
Դանդաղ իջնելու հին սովորությամբ…
Ես չհասկացա մարդկային հոգու
Հոգևարքները,
Երբ կարող էին պսակվել նրանք
Լոկ արևների փնջերը հագած,
Իսկ անձրևներից վերցնել միայն
Չորության դիմաց տրված ջուրը այդ,
Ու ծաղկել, ծաղկե~լ,ինչպես սակուրան,
Ու թույլ տալ հոգում, որ ննջեն հանդարտ
ցանկությունների բազմագույն շղթան…
Ու չլռե’լ ,երբ հոգու ներսում ցասում կա
Վայրի,
Ինքնաբավ լինել ու չչարանալ…
Ես չհասկացա հոգին հենց նրանց,
Ովքեր մերժեցին ժպիտը տված,
Ու ծեգից մինչ մութ մնացին անբավ

**

Վերջապես վաղուց ես գիտակցել եմ,
Որ նվերները չէ~, ետ չեն տալիս,
Ինչքան էլ նրանք սրտով չլինեն,
Եվ չե’ն վերցնում…
Կյանքն էլ նվեր է` ամփոփված կեղտով
Իրակնության,
Ինչու չէ նաև մի բուռ մաքրությամբ…
Մա’մ, դու լավ գիտես, որ սիրում եմ ես
Տառապել հաճախ, սիրում եմ, սիրո~ւմ,
Տառապանքի մեջ այնքա~ն գույներ կան`
Երկունքի ցավով մի անիրական ակնթարթ ծնած…
Խելառ եմ ,գիտե~մ, բայց առանց դրա
Չի լինի ապրել կյանքը խելագար…

**

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՌՆ Է ԱՊՏԱԿՈՒՄ

Եվ խենթ օրերի կատարյալ Հուդան
Ու դավաճանը` հիշողությունն է,
Որը ես նորից ներկել եմ այսօր,
Իմ ժպիտների բոլոր գույներով…

Բարև~ ,ժպտում եմ, իսկ դու էլ նորից
Մի որբ բարև ես նետում
Գունատված իմ շրթունքներին,
Որը իբրև թե Հուդայի համբույր,
Հուշում է արդեն բաժանման մասին,
Միգուցե նաև դավաճանության,
Որը սովոր եմ մտովի հերքել…
Բարև~, հեռացի’ր, էլի ժպտում եմ,
Իսկ դու կրում ես մի որբ սպասում
Աչքերիդ ներսում,
Լոկ նրա համար, որ ցույց տաս իբրև դու էլ պարապ չես…
Ու գիծն այդ երկար կձգվի արդեն,
Ու կկարոտենք մենք մեզ անցյալում….
Բարև~ , ու նորի~ց,
Դու իրական ես այնքան ժամանակ ,
Որքան կփորձեմ հավատալ դրան,
Որ դու կաս ամեն օրվա զարկերում խելառ,
Ու արևագալն իմ չէ’, չի~ ծերանա…
Բարև’ սիրելիս , իրար սիրելով`
Մենք ժառանգեցինք սիրելու արվեստ,
Իսկ հետո արդեն անտարբերություն
Բոլորի հանդեպ,
Մեկմեկու հանդեպ…
Եվ պարտականության ու սիրո միջև
Փորձեցինք գտնել այն վերադասին,
Որը կփրկեր մեր հոգիները հավերժ
Ունայնից,
Սակայն ի°նչ մնաց ,լոկ խճճվեցինք,
Ու մեր ժառանգած այդ կարողության
Մի մասը անտեր նկուղ նետեցինք,
Ինչպես մի անպետք ու հին մի ճամպրուկ…
Բայց լինում է չէ°, որ հինը մի օր
Հառնում է նորից,
Ու ի°նչ է մնում, մի բուռ ափսոսանք…
Բարև~, ժպտում եմ,
Իսկ դու այս անգամ մի սառած հայացք նետելով վրաս,
Կարծես փնտրում ես քեզ տառերիս մեջ,
Բայց ես կուզեի, ու շա~տ կուզեի,
Որ քեզ փնտրեիր իմ աչքերի մեջ,
Ու գտնեիր և… .
….Հիշողությունը, սառն է ապտակում….

**

ԵՐԲ ԴՈՒ ՀԵՌԱՆԱՍ

Երբ դու հեռանաս,
Հոգիս քեզ հետ տար,
Որ ունայնը ինձ չծամի դանդաղ,
Որ հանկարծ սիրտս չկարծի մի օր,
Թե գիշերը քո իզուր էր մրսած…

Երբ դու հեռանաս, գիշերդ կողպիր,
Որ թաց ոտքերով չկպնեմ նրան.
Անտես հույզերիդ, վախերիդ գուցե,
Ես չսպիանամ վերքերիդ վրա…

Երբ դու հեռանաս, կարոտդ թող ինձ,
Որ չմոռանաս ետ գալ ետևից…
Ու թե չգաս էլ `
Ոչի~նչ, թող մնա,
Որ չորբանա~ս…

**

ԵՐԲ ՍԻՐԵՍ ԴՈՒ ԻՆՁ

Երբ սիրես դու ինձ, սակայն չսիրես
Դու հոգիս, հոգի~ս, ուրեմն սուտ է,
Երբ սիրես հոգիս, բայց ի’նձ չսիրես,
Ուրեմն փուչ է, ու սերդ անմիտ….
Երբ գիշերային բարբաջանքներս
Կթվան հանկարծ քեզ լոկ թուլություն,
Ուրեմն, հոգի~ս, դո’ւրս վանիր քեզնից
Ինձ ու իմ հոգին…
Երբ գիշերները ձեռքերիդ վրա հանկարծ Մերկանան ,
Ու ողջ երկինքը տենչա շատ վաղուց
Սպասված խոսքեր,
Դու կորբանաս հենց հոգուս առաջ,
Ու կհռչակես ինձ քո հոգուն տեր`
Անցած ու գալիք կյանքերիդ համար…
Սակայն չեմ կարող ես ինձ ուրանալ,
Ու լուռ մոռանալ, որ գեթ մեկ րոպե,
Մի ինչ-որ վայրկյան ,դու սիրել ես ինձ
Ու չես նկատել հոգիս կարկատված,
Կամ էլ չես ուզել, գերադասել ես
Հանգստությունդ, և ուրիշ ոչինչ…
Եվ երբ մտքերդ էլ քեզ չենթարկվեն,
Դու քեզ կկիսես երկու մասերի,
Մեկը կմնա լոկ մտքերիդ մեջ,
Մյուսը` սրտումդ…
Նորից դարերը հին երգը կերգեն,
Հույզերն ու միտքը կպատերազմեն,
Եվ ի°նչ, և ոչի~նչ, մտքերն են հաղթում,
Դեռ ոչ մի մարտիկ հույզով չի կռվել,
Հարբած չի ելել ճակատամարտի…
Երբ սիրես դու ինձ, սակայն չտեսնես ,
Չլսես հոգիս, ուրեմն սեր չէ,
Լոկ սփոփանք է դատարկ օրերի…
Երբ սիրես դու ինձ, սակայն չսիրես
Հոգիս բազմաշերտ, որեմն թույլ ես,
Որ կողքիս կանգնես…
Բայց եթե հանկարծ սիրես ի’նձ, հոգի’ս,
Ուրեմն իմն ես , ու մի քիչ ուրիշ…

**

ԹԵ ԳՆԱՑԵԼ ԵՍ, ՉՎԵՐԱԴԱՌՆԱՍ

Ու լռություն է փռված մեր միջև`
Խո~ր ու խորագետ,
Ու հասկանում է լռությունը այդ`
Չասված ամեն բառ,
Որ չի’ ասվելու այժմ հավիտյան..
Ու հեռացումն է փռվել մեր միջև,
Հեռացումը` ձի~գ ,հի~ն պարան դարձած,
Ու չի’ պոկվելու պարանն այդ ձգված,
Բաժանվելու է հա~ր ու հավիտյան…
Ու կարոտների շարքերն են փռված,
Ու չե’ն շիկնելու բառերը խանձված,
Ու լռությունն էլ չի’ ճռճռալու ,
Ու չի’ պայթելու, ետ չի~ կանչելու…
Թե գնացել ես, ու հեռացումիդ
Այդ միակ վկան հե’նց լռությունն է,
Չվերադառնա’ս,
Թեկուզ մեր միջև ձգվի մի երկա~ր,
Լուռ երկխոսություն,
Թեկուզ տառապենք սիրո թոքախտից,
Թեկուզ բորբոքվի արևը վաղվա,
Չվերադառնա’ս…
Այդ վերադարձիդ կարճ թրթիռներից` Հոգիս կլքի մարմինս տկար .
Ցավոտ է, գիտե°ս,
Խենթանալու չափ ու մեռնելու չափ ցավոտ է ասեմ…
Ու թող անդորրն այս երկարի արդեն,
Ու ոչ մի հատիկ բառախեղդ եղած
Խոսքեր չթափվեն,
Թող լռությունդ չսթափվի հանկարծ,
Չվերադառնա’ս,
Թե գնացել ես…

**

Դու ետ ես գալու,
Քանի որ չկա կյանքում նման ճիշտ,
Երբ քեզ գտնում ես վարկյանների մեջ
Ու կորցնում ես…
Դու հե’տ ես գալու, որ օրերի մեջ
Կարմիր ժպիտներ փաթիլվեն ներսում.
Մի հազարամյակ ես սպասել եմ ,
Ու հիմա ի°նչ է, պիտի կորցնե°մ,
Պիտի ես մեռնե°մ ու էլ չծնվե°մ…
Մի չորորդ անգամ նորից կմեռնեմ,
Ու չե’մ ծնվելու,
Բայց երբ դու ետ գաս, ես խոստանում եմ
Մի վերածնունդ, ես խոստանում եմ այս Անգամ արդեն երկունքի ցավով ծնվեմ
Ես քեզ հետ,
Ափերիդ ներսում մնամ ես հավերժ
Ու քո գրկի մեջ շնչեմ քեզ վաղուց…
Դու ե’տ ես գալու, ես դա լավ գիտեմ,
Ես ,որ ճգնել եմ երկար տարիներ ,
Ես ,որ հաղթել եմ դևերին նույնիսկ,
Նաև կհաղթեմ քո հոգևարքին…
Ու մենք կհաղթենք աստղերին նույնիսկ,
Ես արևներս քեզ կնվիրեմ,
Որ ներսում հանկարծ քո ցուրտ չլինի,
Որ ամռան կեսին ձյուն չգա հանկարծ…
Դու ե’տ ես գալու ,ու շուտ ավելի
Քան կարծում ես դու.
Ինձնո’վ ես գալու…

**

Դեղին լռություն,
Իսկ ինչո°ւ դեղին, և որովհետև
Այն կհասցնի դեռ գունափոխվել,
Դեռ կհասցնի կարմրել, մթնել,
Դեռ այն օրերով ճերմակին կտա,
Երբ երկինքներից հանդա~րտ Կթափվեն փաթիլներ հեքիաթ…
Դեղին լռություն,
Երբ գիշերվա մեջ,մթության խորքում
Դեղին լույսերն են աստղեր հիշեցնում,
Ու ներսում արդեն մուգ սևի վրա
Դեղին հուշեր են ճախրում ու ճախրո~ւմ…
Դեղին լռություն, որը երբեմն մաղձ է
Հիշեցնում, բայց կհասցնի դեռ գունափոխվել…
Ցեխոտ անձրևներ վերից կթափվեն,
Անձրևանոցն այդ մի կողմ կնետեմ,
Ինչպես չե’մ սիրում ես նրանց կրել,
Մի’շտ անհարմար են,
Ու կսեղմվեմ ինքս իմ ներսում,
Դեղին կրակներ ներսում կվառեմ,
Որ մենությունս սառը չլինի…
Երեկ հավատս կաղում էր մի քիչ ,
Ների’ր ինձ , ների~ր,
Երեկ կոպերիս ձմեռ էր իջել,
Նույնիսկ թարթելն էր դարձել հոգեհան,
Ների’ր ինձ, ների~ր, դեղին էր երեկ
Օդը իմ շնչած …
Երեկ իմ հոգում լուռ փոթորիկ էր,
Երեկ Սատուրն էր ինձ նորից գրկել,
Լուսինն էլ դեղին, դեղի~ն գույն ուներ,
Դեռ կհասցնի այն գունափոխվել…
Կարծում եմ արդեն դեղին սահմաններ
Ես պետք է գծեմ, ու այն հատողը
Ճերմակ մաքրություն պիտի ունենա,
Թե չէ հոգնել եմ անվերջ ջնջելուց.
Հետհայացքիս մեջ չեմ ուզում տեսնել
Ես խզբզանքներ…
Թե չէ հոգնել եմ մշտական դարձած
Հոգևոր ցավից, որը դարձել է արդեն
Գլխացավ,
Լոկ մի դեղահաբ, ու գլխացավը ետևում մնաց,
Բայց չկա մի հաբ, որ հոգու ցավը մեղմել իմանա.
Ուրեմն արդեն դեղին գծերի ճիշտ ժամանակն է,
Ու կհասցնի այն դեռ շատ անգամ
Իր գույնը փոխել, ճերմակ չի’ դառնա`
Ճերմակով պիտ գալ…
Իմ աշխարհներում դեղին արևներ
Արդեն կշողան, չփորձե’ք փակել ,
Ոչ ոքի երբեք դեռ չի հաջողվել
Ափերի ներսում արևը խեղդել…
Դեղին լռություն, ես սեղմվել եմ
Արդեն իմ ներսում,
Ճիշտ է `չեմ սիրում նեղ սյունակները,
Բայց չեմ էլ սիրում այնտեղ աղբ լցնել,
Թեկուզ անկյանք են, բայց կարելի է
Եվ կյանք նկարել , արևներ լցնել…
Ու երբ հյուսիսից պաղ քամիները
Թերթերունքներին սառույց կցողեն,
Մի շողով դեմքին ջերմություն բերեք,
Դեռ կհասցնեք իրար չժպտալ,
Ժպտացե’ք քանի ժպիտ կա տրված…
Դեղին լռություն,
Երբ ներսում տաք է և ցուրտ ահավոր,
Երբ դող կա ներսում ու չկա’ ոչինչ…
Այնտեղ, որտեղ որ երջանկությունը
Երբեք ու երբե’ք չի ուշանալու,
Ես կգա’մ, կգա’մ , կգա’մ ժպիտով…
Այնտեղ, որտեղ որ անվերջ կապույտն է
Թափառում հոգում, ու երկինքը միշտ
Հարբած է լինում և հույս է մաղում`
Ես կգա’մ, կգա’մ…
Կգա’մ ես անդարձ, ու էլ չե’մ գնա,
Ու չե’մ ուշանա …

**

Այնտեղ, որտեղ որ երջանկությունը
Միշտ սեր է ծխում, թոքերի ներսում
Երբեք ու երբե’ք չի կարող լինել
Հիվանդ թացություն…
Երբեք չի կարող գիշերը շնչել
Սև մղձավանջներ, ու աչքերի մեջ
Չեն լինի երբեք անձրևոտ օրեր…
Այնտեղ, որտեղ որ երջանկությունը
Դողում է, դողո~ւմ ,ու ոչ թե ցրտից`
Այլ կրքից խելառ, շուրթերը երբեք
Ճաքած չեն մնա…
Եվ այնտեղ երբեք ու ոչ ոք իրեն
չի’ դավաճանի,
Ու չի ուշանա կյանքը էլ երբեք,
Եվ արշալույսը չի հազա խռպոտ,
Ինչ է ողջ գիշեր ծուխ են կուլ տվել
Թոքերը հոգնած…
Այնտեղ , որտեղ որ երջանկությունը
Երբեք ու երբե’ք չի ուշանալու,
Ե’ս եմ լինելու ակնթարթը այն,
Ով որ ժամերը, օրերը նույնիսկ կխառնի իրար,
Որ ժամանակային զուր կորուստ չզգանք,
Ու չշտապենք մենք հեռանա’լ, գնա~լ,
Միշտ մնալ է պետք հենց այնտեղ, Որտեղ երջանկությունը փախչել չգիտի, Բայց գնա’լ, գնա~լ, երբ կորցրել ենք,
Երբ կորցրել են…
Եվ որովհետև նորն է դեռ գալու,
Ինչպես , որ ցավը երբեք հավերժ չէ,
Նույնն էլ այդ խենթը, հավերժ չի’ գնում,
Միշտ ետ է գալիս… սպասե’ք մարդի~կ`
Ու հավատալով…
Թե չէ լինում է, որ ինչ -որ մեկը ինչ -որ մի բան է կյանքում կորցնում,
Ու խաչում իրեն տառապանքներին,
Սխա’լ է անում, նորն է դեռ գալու…
Եվ վերջին հաշվով մենք ենք որոշում,
Տառապել հավերժ `թե գտնե’լ, գտնե’լ
Երջանկությունն այդ…

ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ