ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 2:50 - չքննարկված

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

**

Ես ջնջել եմ այբուբենից այն տառերը,
Որոնք օդում վանկատվելով,
Քո անունն են գրում թղթին…
Ես ջնջել եմ նրանց այնպես,
Ինչպես հիմա իմ մտքերից
Քեզ հիշեցնող ամեն մասիկ,
Անգամ չնչին փոքրիկ հուշն եմ
Փորձում ջնջել…
Ես հուշերիս դարակներն եմ
ախտահանում հիմա քեզնից…
Ես ջնջել եմ նրանց այնպես ,
Ինչպես հիմա իմ խեղճ սրտից
Քո մեծ սերն եմ փորձում ջնջել,
Որ թույն դարձած թափանցելով
Սրտիս բոլոր խոռոչները,
Խառնվել է իմ այրան հետ ,
Թունավորել ինձ քեզանով, քո մեծ սիրով…
Ես փորձում եմ քեզնով պղտոր
Իմ արյունը մաքրել թույնից,
Հակաթույն եմ փնտրում սիրո…
Ես ջնջել եմ նրանց այնպես ,
Ինչպես հիմա քո կարոտն եմ փորձում ջնջել,
Որ կպչել է հոգուս ողորկ, լերկ պատերին,
Ու խեղդում է, խեղդում է ինձ…
Ներթափանցել է նա իմ հոգու
բոլոր մութ ծալքերը,
Եվ սպասում է, որ հենց հոգին իմ
անձրևի՝ նոր ծիլեր տա,
Եվ թարմ ուժով կրկին խեղդի…
Ես փորձում եմ հոգիս մաքրել քո կարոտից…
Ես ջնջել եմ նրանց այնպես,
Ինչպես հիմա իմ մեջ ապրող
Երկրորդ “ես”-իս կուզեմ ջնջել…
Ես փորձում եմ հաղթել հենց ինձ,
Բայց դե սերն է ընդմիշտ հաղթող…
Ես փորձում եմ, որ ատեմ քեզ,
Բայց ես հիմա գիտեմ մի բան,
Որ ատելով սիրո~ւմ եմ քեզ….

**

Երբ Աստծո լույսը իջնի քո հոգում,
Եվ փորձի ցրել խավարը հոգուդ,
Նրա ծալքերի մութ անկյուններում
Վախից կուչ եկած խիղճդ կարթնանա՝
Լույսից կուրացած աչքերն կիսախուփ…
Երբ մութ գործերդ լույսի թևերով
Տարածվեն, փռվե~ն ծովի երեսին,
Խիղճդ ամոթից տեղում կմեռնի։
Նա քեզ չի’ ների, որ այդքան երկար,
Փակել ես նրան խավարում դժնակ։
Այդժամ քո հոգում կպատերազմեն լույսն ու խավարը,
Քո երկու “ես”-ը իրար դեմ կելնեն…
Նախանձդ արդյոք կամաչի° մի պահ,
Որ քեզ, քո հոգուն պատեց խավարով,
Փակեց աչքերդ մութ կաղապարով,
Խիղճդ զնդանեց հոգուդ ծալքերում,
Մտքերդ պատեց թանձր խավարով,
Եվ քեզ զենք դարձրած `մարդկանց մրոտեց…
Լույսի ալիքից կբացվի մի պահ
Հուշապահոցի դուռը մտքերիդ,
Եվ քո հուշերը հեղեղի նման կթափվեն վրադ,
Քո սև գործերը քեզ կմրոտեն,
Եվ քեզ կպատի խավարը հավերժ,
Թե որ նախանձդ դու բարձր դասես…
**

Կարոտել եմ քեզ..
Գուցե և կգաս…
Թեև լավ գիտեմ, որ դու հեռվում ես
Եվ գալ չես կարող…
Բայց ես՝ հիմարս, դեռ սպասում եմ քեզ…
Գիշեր է վաղուց…
Աստղերն են ննջել ծովի երեսին…
Ես արթուն եմ դեռ… Քնել չեմ կարող…
Խեղդվում եմ հիմա ես քո կարոտից,
Հուշերս արթնացել՝ հոշոտում են ինձ,
Եվ նրանց փոշին կարոտիդ խառնված
Կոկորդս է գրկել, ճզմում է հոգիս..
Ա~խ,այս կարոտդ լրիվ որբացած,
Տխուր , ցավատանջ,
Իրեն բանտել է հոգուս ծալքերում,
Ու անձրևում է առաց դադարի,
Խոնավությունից հոգիս դարձրել է կարոտի ճահիճ…
Կանգնել եմ շվար պատուհանի մոտ
Ու քեզ սպասելով լուռ աղոթում եմ…
Որ գաս, որ տեսնեմ քեզ գեթ մի վայրկյան,
Որ իմ հեքիաթը, թիթեռնիկների թևերին բազմած,
Գոնե այս գիշեր դառնա իրական…
Արի, խնդրում եմ…. Կարոտել եմ քեզ…

**

Գիտեմ, որ կգաս…
Դու կգաս անշուշտ,
Որ աշուններս գարունով ներկես,
Որ մայրամուտիս լուսաբաց բերես,
Ու արշալույսս արևով վառես,
Մութ գիշերներին քո վառ կանթեղով
Իմ ճամփից թանձր խավարը ցրես….
Սև- սև ամպերից ծիածան քաղես…
Դու կգաս, անշուշտ,
Կգաս, ես գիտեմ…
Որ թաց աչքերիս ժպիտ պարգևես,
Որ մութ մտքերս օդի մեջ ցրես,
Որ անհայտներիս լուծումներ բերես…
Դու կգաս, գիտեմ,
Դու կգաս անշուշտ…
Ես սպասում եմ քեզ ….

**

ԻՆՁ ՄԻ՛ ՈՐՈՆԻՐ …

Թե ինձ որոնես մութ գիշերներում բյուր աստղերի մեջ`
Դու ինձ չես գտնի…
Հոգիդ պատվել է թանձր մշուշով,
Աստղերի փայլը չես էլ նկատի.
Իզուր մի~ փնտրիր…
Թե ինձ որոնես ծովի երեսին՝ ալիքների մեջ,
Դու ինձ չե~ս գտնի ,
Ալեկոծվել է հիմա քո հոգին,
Եվ ինձ պես փոքր, մարգարտե խեցուն դու չես նկատի.
Իզուր մի~ փնտրիր …
Թե ինձ որոնես կապույտ երկնքում՝ թռչունների մեջ,
Դու ինձ չե’ս գտնի, մի~ փնտրիր դու զուր…
Արծիվ ես հոգով, ես էլ՝ աղավնի,
Ու քո շվաքում դու ինձ չես տեսնի.
Դու ինձ մի~ փնտրիր….
Թե ինձ որոնես քո երազներում ՝
Տեսիլքների մեջ ,ցավոք այդտեղ էլ դու ինձ չես գտնի. ․․․
Տեսիլքներ շատ կան քո երազներում ,
Հուշս խամրել եմ արդեն շատ վաղուց,
Ինձ չես նկատի ,
Իզուր մի~ փնտրիր… ․․․
Թե ինձ որոնես քո երգերի մեջ ,
Դարձյալ չես գտնի ,
Այդ երգը վաղուց փորձել ես երգել,
Բայց այն երգելիս բառերն ես խառնել ,
Իզուր մի’ փնտրիր ,դու ինձ չես գտնի .. ․․
Թե ինձ որոնես քո տողերի մեջ,
Այնտեղ էլ ավաղ դու ինձ չես գտնի ,
Անունս այնտեղ գրելուց առաջ գրիչդ էր լռել ,
Իզուր մի ~ փնտրիր ․.. ․․
Թե ինձ որոնես քո սխալներում ,
Այնտեղ էլ գիտես , դու ինձ չես գտնի,
Քո սխալները դու միշտ փնտրում ես ուրիշների մեջ ,
Բայց ես քո մեջ եմ ,ու այնտեղ հաստատ
դու ինձ որոնել չես էլ մտածի,
Իզուր մի~ փնտրիր… ․․․
Թե ինձ որոնես քո հուշերի մեջ ,
Այնտեղ էլ դարձյալ դու ինձ չես տեսնի,
Ես իմ հուշերը տարել եմ իմ հետ ,
Որ չխառնվի քո կյանքի բազում
Խառը ու թանձր մշուշների հետ ,
Քո հուշերում էլ դու ինձ չես գտնի ,
Իզուր մի~ փնտրիր… ․
Թե ինձ որոնես քո անցյալի մեջ`
Մի պահ կժպտաս, արևի շողը կիջնի քո վրա ,
Բայց ես գոլորշու տեսքով աննկատ,
Երկնքում ամպի ծվեն եմ դարձել ,
Հսկա ամպերի կույտին խառնվել ,
Դու ինձ չես գտնի, ․
Իզուր մի~ փնտրիր… ․ ․
Քո կարոտներում սակայն չփնտրես,
Դու իմ կարոտին անտեր ես թողել ,
Որբացել է նա ,
Ու հիմա ուշ է ,թե գտնես նույնիսկ ,
Իմ կարոտը քեզ էլ չի’ ճանաչի ,
Շատ ես խորթացել ․,․ ․
Ավելի լավ է փնտրիր ինքդ քեզ՝ քո’ սխալներում …

**

Ես թմրամոլ եմ , դու՝ իմ հաշիշը,
Քո չլինելով մտքերս են լողում՝
Տարտամ, անորոշ, մառախուղի մեջ,
Կորցնում եմ ես ինձ ,ու բոլորի մեջ
Քե’զ եմ ես փնտրում…
Ես քեզ կրում եմ իմ նուրբ շինվածքի
Ամեն հյուլեում `որպես թթվածին,
Որ արյանս հետ, մոլագար սրտիս
Ամեն բաբախով հորձանք է տալիս,
Տարածվում իմ մեջ,
Ու կենդանացնում միտքս ու հոգիս:
Ես քո պակասը զգում եմ մարմնիս ամեն մի բջջով,
Քո չլինելով `ես իմ կրծքի տակ սիրտս չեմ զգում,
Իմ երակներում արյունս պաղում,
Ու ես խեղդվում եմ անքեզնոտ օդում…
Քո չլինելով `ես նմանվում եմ անթև թռչունի,
Ափ ելած ձկան..
Դու թմրամոլ ես, ես՝ քո հաշիշը.
Ինչե՞ր եմ խոսում…
Ա՜խ, երանի չէր հաշիշ լինեի ,
Ու արյունը քո ինձնով պղտորված`
Իմ չլինելով դո’ւ էլ տանջվեիր, խելագարվեի~ր ,
Եվ օրդ ինձնով ներկել ուզեիր…
Եվ սակայն ե՛ս եմ, ե՛ս եմ թմրամոլ,
Դու՝ հաշիշն ես իմ,
Կայծն ես լինելու…
Քո չլինելով ու քո պակասից `
Մարո~ւմ եմ ,հանգչո~ւմ…

**

Թե աչքերդ պետք է ստեն բառերիդ պես,
Խոստումներդ պետք է մնան օդում կախված,
Թե հայացքդ ինձ պատկանող ուրիշներին պետք է փնտրի,
Դու կարող ես լուռ հեռանալ՝ առանց զղջման սուտ խոսքերի…
Թե ժպիտդ պիտք է սառի ինձ տեսնելիս,
Իսկ արևդ լուռ թաքնվի ամպերի տակ,
Հոգիդ պատվի մութ մտքերով,
Եվ խուսափես աչքերիս մեջ ուղիղ նայել,
Գնա՛, առանց ետ նայելու…
Թե կարոտես իմ կարոտին, երբ որ հեռվում լինես արդեն,
Ու ցանկանաս արդարանալ և ետդարձի ճամփա փնտրես,
Թե լուսինդ արև դարձրած դու իմ ճամփան լուսավորես,
Կհասկանաս, որ քո լույսը լոկ ստվեր է հիմա արդեն…

**

Ես քո կարոտից վեպեր եմ գրել,
Հաճախ խեղդվել եմ գրիչը ձեռքիս,
Հաճախ լացել եմ հոգուս ցավերից,
Գրքիս էջերն եմ արցունքով թրջել,
Բայց քո կարոտը կիսատ չեմ թողել…
Ես քո կարոտից երգեր եմ հյուսել,
Հաճախ մեղեդիս խառնել եմ իրար,
Հաճախ երգելիս ձայնս դողացել`
Եվ իմ երգերը լացով եմ երգել,
Բայց իմ կարոտը ես չե~մ թացացրել…
Ես քո կարոտից կտավ եմ ներկել,
Իմ բնորդուհին կարոտդ է եղել,
Հաճախ ներկերս խամրած են եղել,
Եվ վրձինը իմ լռել է ձեռքիս,
Բայց քո կարոտը ես վառ եմ պահել…
Տողերս են լռել, բայց վեպ են դարձել,
Բառերս եմ խառնել, բայց երգ են դարձել,
Վրձինս լռել, բայց կտավ դարձել,
Խեղդվել եմ հաճախ ու լացել անձայն,
Բայց քո կարոտը ես որբ չե~մ թողել….

**

Գուցե ինչ -որ տեղ, գուցե շա~տ հեռվում,
Դու էլ լուռ նստել ու ինձ ես հիշում,
Գուցե աչքերդ էլ թաց են հենց հիմա,
Գուցե ժպիտ կա քո դեմքին դալուկ…
Գուցե զղջում ես, որ միասին չենք,
Կամ գուցե արդեն մոռացել ես ինձ,
Գուցե մի խամրած կտավ եմ դարձել՝
Հոգուդ ծալքերում վաղուց փակցված,
Գուցե արցունքի կաթիլ եմ դարձել՝
Այտերիդ վրա վաղուց չորացած,
Գուցե գունաթափ ծաղիկ եմ դարձել՝
Քո հուշատետրի էջին ամրացված,
Գուցե քեզ համար անցյալ եմ դարձել՝
Սրտիդ անկյունում անհոգի ընկած,
Գուցե ինձ երբեք դու չես էլ հիշել…
Բայց դու ինձ համար միշտ էլ եղել ես,
Սրտիս մուտքի մոտ իմ վարագույրն ես,
Ու արդեն վաղուց փակել ես դուռը քո ներկայությամբ…
Քո մի հայացքից իմ անսանձ հոգին հանգիստ է գտնում,
Դառնում հնազանդ, հավերժ քո գերին,
Քո մի ժպիտից մի ամբողջ աշխարհ
Իմ ոտքերի տակ մի գորգ է թվում,
Կյանքն էլ ինձ համար նոր գույն է ստանում…
Քո մի բարևից մտքերս են լրիվ խառնվում իրար,
Իմ ճարտար լեզուն բառերն է խառնում,
Տառերն է անգամ օդում մոռանում…
Դու իմ Մասիսն ես՝ ձյունե մորուքով,
Դու ի~մն ես, այո’, բայց կիսատ սակայն…
Դու բնակվում ես հիմա իմ ներսում,
Իմ սիրտն ես առել քո ափերի մեջ,
Ու խանգարում ես նրան բաբախել…
Ի’մն ես հոգեպես` իմ երազներում, բայց էլի կիսատ…
Քեզ չունենալով ` իմ ամբողջ կյանքը դառնում է կիսատ…

**

Այս լուսաբացն էլ առանց քեզ եկավ,
Այս լուսաբացն էլ քեզ ինձնից տարավ…
Դարձյալ չքվեցիր իմ երազներից,
Մնացիր միայն իմ կոպերի տակ…
Գիշերն եմ սիրում , բայց ոչ խավարը,
Ու միշտ ուզում եմ մնալ գիշերում,
Ցավոք , ատում եմ ես լուսաբացը`
Նա է իմ սրտում միշտ խավար սփռում,
Քեզ անգթորեն խլում է ինձնից…
Իմ լուսաբացը նոր էջ չի բացում,
Լույսով չի լցնում սրտիս խավարը,
Խամրած աստղ եմ նրա լույսերում ,
Ու անհույս , անո~ւժ քեզ եմ որոնում`
Իմ լուսաբացի թանձր խավարում…
Գիշերն եմ սիրում ,
Պայծառ աստղ եմ դառնում մթան մեջ,
Եվ իմ իսկ լույսով`
Քե’զ եմ գտնում ես իմ երազներում….
Երազ լինելդ ստիպում է այսպես
Միշտ խամրած մնալ,
Ատել և’ լույսը , և’ լուսաբացը ,
Սիրել գիշերը, բայց ոչ խավարը…
Պայծառ տեսիլք ես իմ երազներում ,
Ցավոք քո փայլը անզոր է ցրել հոգուս խավարը..

**

Եթե ես մեռնեմ, դու լաց չլինես,
Թող քո աչքերը ինձ սիրով նայող`
Արցունք չտեսնեն…
Եթե ես մեռնեմ, դու շատ չտխրես,
Թող որ քո հոգին ինձ անվե~րջ տենչող`
Թախծով չպատվի…
Եվ իմ շիրիմին հաճախ չայցելես,
Լացող ծաղիկներ դու ինձ չբերե’ս…
Լոկ խունկ կվառես, թող որ այն ծխա,
Եվ նրա ծուխը քո բույրին խառնված`
Իմ հոգուն հասնի…
Դու ինձ չհիշե’ս,
Թող որ քո սրտում անինձնոտ բացը`
Ուրիշն իր սիրով ամուր կարկատի,
Սրտիդ վերքերը շուտ սպիանան,
Հոգուդ մշուշում ինձ չհիշեցնեն…
Դու ինձ չհիշե’ս, եթե ես մեռնեմ,
Բայց եկեղեցի, երբ որ այցելես,
Մի փոքրիկ մոմ էլ ինձ համար վառիր,
Թող քո ձեռքերի քնքուշ հպումը`
Մոմն իր ծխի հետ հոգուս հասցնի…

**

Երբ դու հեռանաս,ես կորբանամ…
Հոգիս հետդ տա~ր,
Թող հոգիս չզգա սիրո որբություն,
Ունայնությունը խորթ մնա նրան,
Եվ թեկուզ հեռվից թող նա վայելի
Քո գոյությունը:
Երբ դու հեռանաս,
Հուշերդ բոլոր կտանես քեզ հետ,
Որ գիշերները խեղդված կարոտս
Չմիաձուլվի մեր անցյալի հետ.
Այդ պտուղներից ես կխենթանամ…
Երբ դու հեռանաս,լույսս տար քեզ հետ,
Որ լուսավորի մոլորյալ հոգիդ,
Եվ փարոս դառնա ետ դարձի ճամփիդ:
Երբ դու հեռանաս,քո ձմեռները
Չտանես քեզ հետ,որ վերադառնա՜ս… .
Ու քո ձմռան մեջ նոր գարուն գտնես,
Որ ակնթարը մեր հանդիպումի,
Հավերժ ամրագրեմ անդադրում հոսող
Ժամանակի մեջ:Չէ՛, մի~ հեռացիր,
Ու թե հեռանաս, ավելի լավ է չվերադառնաս,
Կիսամեռ հոգիս քո ներկայությամբ
Դատարկ կմնա, էլ չի~ լիանա:
Լուսինե Նազարեթյան
Իմ լռությունը քո անունն ունի,
Եվ ես լռում եմ , որ իմ լռությամբ միայն քեզ փրկեմ:
Իմ լռությունը շատ է ահարկու,
Նրա աղմուկից ժայռեր են փլվում,
Նրա շառաչից ծովն փոթորկվում է,
Անձրևն է թափվում առանց դադարի նրա որոտից,
Բայց քար սրտերը չե~ն շարժվում ասես նրա թնդյունից…
Իսկ եթե խոսեմ, դո’ւ ես փլվելու ժայռերի նման,
Ու ալեկոծվելու ծովերի նման,
Եվ արցունքներդ անձրևից վարար`
Առանց դադարի կսկսեն հոսել,
Բայց ես չեմ խոսի,
Ես համոզված եմ՝ առանց բառերի, առանց տառերի
Լավ էլ կարդում ես իմ լռությունը
(Որ վաղուց արդեն դու հասցրել ես սերտել
այբուբենը իմ այս լռության)… .
Բայց դու չգիտես ու չես մտածում,
որ քեզնից լավ եմ հոգիդ ես կարդում…
Հիմա լռում եմ, որ քեզ չտանջեմ,
Բայց լավ իմացի’ր, որ իմ լռելով
Սիրտս է քանդվում,
Հոգիս է լացում անձրևից վարար,
Ու մտքերը իմ ահեղ փոթորկից խառնվում իրար,
Բայց ես լռում եմ, որ իմ լռությամբ
Ինքդ քեզ խաբես,
Ինչպես խաբում ես հիմա բառերով:
Հիմա լռում եմ , որ դու վայելես
քո այդ թվացյալ երջանկությունը,
Հիմա լռում եմ,
Եվ դեռ կլռեմ, այնքա~ն կլռեմ ,
Ինչքան որ կուզես…
Երանի դու էլ իմ պես լռեիր ,
Եվ սովորեիր` խոսելով լռել…

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ