ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, June 1, 2016 21:22 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ%d5%a1%d6%80%d5%a1%d6%84%d5%bd%d5%b5%d5%a1-%d5%b0%d5%b8%d5%be%d5%a1%d5%af%d5%ab%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6-1

**

Փա՛ռք քեզ, հա՛յ զինվոր, զինվո՛ր իմ հզոր,
Զավա՛կ Նժդեհի դու արժանավոր,
Որ ստոր թշնամու ճամփան թունավոր
Փակել ես այսօր կրծքով զորավոր:
Մեծն Սեվակն էր ցնծությամբ գոչում.
-Մենք քիչ ենք, սակայն մեզ հա՛յ են ասում…
Հիշի՛ր մեկընդմիշտ, ստոր ազերի,
Որ հայը երբեք քեզ չի՛ խոնարհվի,
Որ հարյուր դար էլ այս պահից թեվի,
Դու պիտի հավերժ սողաս ոտքի տակ
Իմ հզոր ազգի:
Ու թե պե՛տք լինի՝
Հա՛յը ազգովի բռունցք կլինի,
Ու թե պե՛տք լինի
Թիկունքը պահել հայոց այրերի՝
Պահ չեն վարանի ու կելնեն ոտքի
Տիկնայք փափկասուն հայոց աշխարհի…

**

Կգա՛ մի պահ, կմոռացվի մղձավանջն այս խոր,
Եվ կթաղվի մշուշներում հայի ցավը մենավոր,
Ու կլսվի ամենուրեք մանկան ճիչը երջանիկ՝
Դրոշմելով իր մոր դեմքին ուրախության ջինջ ալիք:
Էլ չի՛ լսվի պատերազմի գույժ շառաչը նոխկալի,
Մեռած որդոց շիրմին փարվող
Մայրերի ճիչը ողբալի,
Էլ չի՛ լսվի բիրտ ծիծաղը թշնամու,
Որ ծաղրում ու հալածում է ահարկու:
Կգա՛ մի պահ, ու կփայլի
Արարատի պերճ գագաթը ձյունափայլ,
Ու կսուրա ուրվականի նետը՝
Որպես մահվան բոթ,
Կմխրճվի ոսոխի սիրտն ու դարերի հորձանքում
Կփոխանցվի մեր ապագա սերունդներին աննկուն…

**

-Անցա ճանապարհն իմ անանց,
Հասա, բայց ոչ ուշացած,
Երազանքները իմ անմար
Հասել են աստղերին անհամար:
Իմ լուսե արև, իմ գարուն,
Քայլերս հլու քեզ մոտ են բերում,
Դու նույնն ես իմ հրաշք, իմ տուն,
Անունն է քո երջանկություն:
Երբ տեսա առաջին անգամ,
Հրեշտակ էիր տասնհինգ տարեկան,
Այդ պահից, իմ կես անբաժան,
Ես դարձա քո գերին հավիտյան:
Կյանքս հիմնովին փոխվեց,
Հոգիս քո հոգում խորտակվեց,
Դու դարձար տերը իմ կյանքի,
Իմ սրտի միակ թագուհի:
Անգին նվեր ես ինձ կյանքից,
Քեզանով գոհ եմ իմ բախտից,
Թող արար աշխարհն իմանա
Ու կյանքս քեզանով լիանա:
Մի ողջ կյանք սպասել եմ այս օրվան,
Ավարտվեց փորձության մեր շղթան,
Քո կարոտն է ապրում իմ սրտում՝
ՍԻՐՈՒՄ ԵՄ, ՍԻՐՈՒՄ ԵՄ, ՍԻՐՈՒՄ…
-Շնորհակալ եմ ես ճակատագրից՝
Ստիպեց, որ մեծ դաս առնենք այս կյանքից,
Դու մեծ պարգև ես՝ տրված երկնքից,
Որ բաժին հասավ հե՛նց ճակատագրից:
Խաչվեցի՛ն, զատվեցի՛ն մեր ճամփաները,
Մաշեցինք կյանքի ողջ հեռուները,
Բայց ու՛ր էլ եղանք, ի՛նչ էլ որ անցանք՝
Էլի գլխիկոր հետ վերադարձանք:
Ներման խոսքերը մեզ հարկավոր չեն,
Անցած վերքերը, է՛լ կարևոր չեն,
Մեր հին սխալներն անգամ՝ մերը չե՛ն,
Թո՛ղ անէանան, թո՛ղ անդարձ չքվեն:
Չե՛մ ուզում հետ տալ ես ժամանակը,
Գուցե հենց սա՛ էր մեր ժամանակը,
Ես այն ժամանակ ձեռքդ թողեցի՝
Գուցե և ճիշտ էր, որ սխալվեցի:
Մեր օրն այսօրվա՝ վառ ապացույցն է հե՛նց ճակատագրի,
Որ ոնց էլ ջանանք շրջել անիվը մեզ տրված կյանքի,
Որ ոնց էլ մարդիկ խառնեն անխնա՝
Քո՛նը միշտ քո՛նն է, քո՛նն էլ կմնա:
Խաչվեցի՛ն, զատվեցի՛ն, նորովի՛ խաչվեցին մեր ճամփաները,
Զարմացա՛ն, քարացա՛ն, ակամա հիացան հին ներկաները,
Հուզվեցի՛ն, ապշեցի՛ն ու հավատացի՛ն անհավատները,
Որ կյանքի բովում ուրույն տեղ ունի ճակատագիրը:
Կորցնելուց հետո է մարդը հասկանում,
Թե կորցրածը վերջին հացի պես ո՜նց է թանկանում,
Իսկ երբ կորցրածը նորից է գտնում՝
Իր սրտի զարկից, իր աչքի լույսից ավել է դողում:
Կյանքում միշտ առաջ՝ մղած պայքարն է տանում դեպի կյանք,
Չկա՛ անհնար, անհնար մա՛հն է, լոկ մա՛հն է անպարտ,
Իմ այս խոսքերի վառ ապացույցը և միակ վկան
Քո ջինջ աչքերն են ու նրանց խորքում պահված մեր ներկան:
Ինձ միշտ ուժեղ եմ կարծել ամենքից,
Բայց գերազանցեց քո կամքն իմ կամքից,
Հիմա հիանում և հպարտոերեն խոստովանում եմ,
Որ այս աշխարհում ե՛ս էլ հիրավի < < ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ԵՄ>>…

**

Չպարտվեցինք ու մեկ դարձանք մենք այսօր,
Ու նշանն էլ քո իսկ կամքով, իմ ձեռքերով
Թոնրում թխած զույգ սուրբ հացն էր զորավոր…
Երկար ու ձիգ տարիներ ենք մենք սպասել,
Ու այս օրվան մեր մեծ սիրով ենք հասել,
Կյանքը ինքն է ճանապարհը մեր հարթել
Ու որոշել մեզ սուրբ հացով պսակել:
Սիրուց հյուսված երազները մեր անմար
Այժմ պիտի ճախրի հպարտ դարեդար,
Մեր խենթ սիրո պատմությունն էլ մեծ սիրով
Մենք կպատմենք մեր թոռներին կարոտով:
Տասնյոթ տարի մենք քայլել ենք ընդառաջ
Ու ձեռք-ձեռքի քայլելու ենք միշտ առաջ,
Սեր իմ միակ, ի՛մ առաջին ու վերջին,
Քո սերն եմ ես, թե՛ առաջին, թե՛ վերջին:
Դե ասե՛ք ինձ, էլ որտե՞ղ կա մեր նման՝
Պատմությունն այս մի ողջ գիրք է աննման,
Երջանիկ եմ, որ գտել եմ քեզ իմ կես
Եվ հպարտ եմ, որ սիրտս սիրեց հենց քեզ:
Մեր վեհ սիրո ծիածանը լուսավոր
Կամարել է նոր գույներով անսովոր,
Չպարտվեցինք ու < <ՄԵՆՔ>> դարձանք մենք այսօր,
Իսկ պարգևդ իմ մեջ փնտրած անհատ ուժն էր զորավոր:
Զորավոր է և մեր սերը անկոտրում,
Որն իր ճամփին չի ճանաչում էլ բեկում,
Խենթ եմ, գիտեմ, արտասովոր, աներեր,
Քո հոգին է դարձրել ինձ գիժ ու տարբեր:
Փակ աչքերով խոր անդունդը կնետվեմ՝
Բաց աչքերով ծով աչքերիդ կփարվեմ,
Սերս հավերժ քո սրտում է կայանվել՝
Նվիրումիս քո մշտարթուն ու թանկ սերն է լոկ վայել…

**

Բա՛ց աչքերով, թա՛ց աչքերով
Ծով աչքերիդ խոր անդունդը կնետվեմ,
Անշեջ սիրով, հուր կարոտով
Մեր հին ու նոր երազներին կփարվեմ:
Ճանապարհը մեր քարքարոտ
Եվ վիհերը մեր կյանքի,
Այսուհետև մենք ձեռք-ձեռքի
Կհասցնենք նոր փառքի:
Մեր հուշ թողած երազները
Եվ իղձերը անթերի,
Թո՛ղ որ հանուն մեր նոր կյանքի
Հավերժանան նորովի…
Քո՛ մաքրության, քո՛ վեհության
Շղարշով եմ սավանվել,
Քո ջերմ ու պարզ աշխարհում եմ
Այսօր նորից մանկացել,
Տարիների թոհ ու բոհը
Լու՜ռ սահել է, շրջանցել,
Իսկ մեր անմեղ սիրո հուրը
Լույս թևերն է լայն բացել:
Դու ողջ կյանքիս հավերժական ջինջ գարուն,
Քո՛ կենարար կյանքով է կյանքս լեցուն,
Իմ առաջին սերն ես, կեսն ես անկոտրում՝
Սրտիս զարկը քեզ համար է միշտ դողում:
Վառ արևդ նվիրումով անկաշկանդ,
Ափերիս մեջ կառնեմ հպարտ ու անթարթ,
Երազներդ երա՜մ-երա՜մ քեզ կտամ,
Քեզ սիրել եմ, քոնն եմ, կա՛մ ու կմնամ…

**

Կսիրեմ այնպես՝
Ասես երբևէ չեմ սիրել կյանքում,
Սրտիս խոհերը այլևս
Միայն քեզ են պատկանում:
Հոգուցս բխած բոլոր տողերը
Գեթ քեզ եմ ձոնում,
Ստեղծագործական իմ ներաշխարհը
Քեզ շատ է գերում:
Փորձում ես խոսել ինձ հետ ի՛մ լեզվով,
Զու՛ր է իմ արև, խոսիր քո՛ լեզվով,
Իմ խոսքի առաջ, ինձնից էլ առաջ՝
Քո ծով աչքերն են գալիս ընդառաջ:
Եվ այն ամենը, ինչ տալիս եմ քեզ,
Լոկ պատասխանն է համապատասխան
Քո անգին սրտի, քո վարար հոգու,
Քո ջինջ մաքրության և միակության…
Բայց թե ուզում ես, փորձիր դու հարկավ՝
Ես դեմ չեմ բնավ,
Թող արարչագործ մեր ընտանիքում
Մեր սերն արարի մի նոր գիտունի:
Ուզում եմ ասել, որքան վեհ փայլի
Մեր հոգու բոցը՝
Այդքան կատարյալ կլինի
Մեր իսկ գլուխգործոցը…
Եվ թող նա՛ լինի մեր անցած ճամփի
Ողջ հատուցումը,
Եվ թող նա՛ կնքի մեր այս նոր կյանքի
Քաղցր լուծումը,
Ամեն ինչից վեր, կյանք կոչվող լույսը
Հենց ինքը՝ նա՛ է,
Որն իր հայտնությամբ մեր գալիք կյանքը
Կկոչի ՄԱՆԵ…

**

Երբեմն կյանքի մղած պայքարը
Սխալ ուղի է ցույց տալիս մարդուն,
Այն, ինչով հոգիդ թեթևացնում ես,
Մի ուրիշ ցավի աղբյուր է դառնում:
Հեշտությամբ տրված այն ճանապարհը,
Որ խաղաղության դուռն է նշմարում,
Իրականի մեջ անանցանելի
Եվ մի նոր ցավի դուռ է բաց անում:
Նոր բացվող օրը մի նոր սպասվելիք
Դառնության, վշտի անհուն հորձան է,
Որով ակամա դու պիտի անցնես,
Ինչ գնով լինի, թեկուզ և սուզվես…
Միայն մի աղոտ ցոլք կա, որ գալիք
Կյանքն է խոստանում, ստիպում պայքարել,
Եվ լոկ ցոլքն է այդ, որ ուժ է տալիս
Հավատալ նորից, նոր հույսով լցվել:
Սկսում ես հուսալ, որ գուցե հանկարծ
Արցունքը վշտի ու խոր դառնության,
Մի չսպասված օր, մի անպատեհ ժամ,
Գուցե և փոխվի գերերջանկության:
Կարթնանաս մի օր ու չես լսի լաց,
Չես լսի հառաչ, կամ սուտ հոխորտանք,
Կզգաս քեզ ազատ ու թեթևությամբ
Նոր շունչ կքաշես, կարտասվես անցավ…
Բայց և շատ անգամ երազն այդ չքնաղ
Ողջ կյանքում գուցե երազ էլ մնա,
Եվ հույսի ցոլքը մեր գալիք կյանքի
Գուցե մեզ երբեք բաժին չհասնի:
Իմ կյանքի բացվող ամեն մի օրը
Ձոնել եմ սրտիս անթափանց էջին,
Սրտիցս բխած ամեն մի մորմոք
Հանձնել եմ թղթի սպիտակ թերթերին:
Կարդում եմ հերթով հետո ինքս ինձ,
Ու զարմանում եմ ինքս ինձ վրա,
Ցավով եմ տեսնում, որ մինչ այս պահը
Չի եղել հոգիս անցավ ոչ մի պահ…
Լուռ թախանձանքն է սրտիս տիրուհին,
Խռովք ու վիշտ է շուրջս պարուրված,
Իմ կյանքից ունեմ հազար սպասելիք,
Հազար երազանք ու հազար տենչանք:
Բայց գոնե սպասված այդ հազարներից
Թեկուզ և մեկը իրական դառնար,
Երդվում եմ, սրտիս ամբողջ մորմոքը
Ընդմիշտ այս սպիտակ թղթին կմնար…

**

Համրացել է ճիչը հոգուս,
Շուրջս համակ և ոչ մի լույս,
Թեև անլույս, բայց խավարից
Աղոտ մի հույս դեռ ձգում է
Համառորեն հոգնած կյանքիս
Թելը անհույս…
Փոթորիկներ ու հեղեղներ
Շա՜տ եմ թողել իմ անցյալում,
Բայց կաղնու պես մի՛շտ աներեր
Մնացել եմ ես կանգուն:
Եվ որտեղի՞ց իմ մեջ այսքան
Ուժ արարման,
Որ ձգտում է ու թևում է
Դեպի գալիքը վառման…

**

Կանաչ աչքերիդ լայնարձակ գրկում
Իմ սրտի անհուն դողերն են թևում,
Հոգուս շվարած լալկան ուռենին
Պարզել է ճյուղերը քո անշեջ լույսին:
Սիրտս քո սրտի հրդեհն է պարպում,
Ելևէջներն է կարոտիդ խայծում,
Սերն այցելում է միշտ հանկարծակի՝
Սերը իր դերում միշտ է եզակի:
Մատուռ ես կերտել սրտիս խորանում՝
Ուր քո մոմերն են մշտարթուն վառվում,
Իսկ ես քո ազնիվ հմայքից հարբել՝
Հնամաշ սպիերիս արցունքն եմ սրբել:
Երբ արշալույսիս՝ օրվան ընդառաջ,
Քո ձայնն եմ լսում՝ ինչպես որ առաջ,
Լքում են հոգիս և՛ թախանձ, և՛ թույն,
Շուրջս անդորր է, համակ լռություն:
Հաճախ թվում է, թե իմ շուրթերին
Լու՜ռ դալկանում են հնչյունները քո՛,
Ու թոթով լեզվով՝ մանկան պես երեր,
Լոկ մեկ անուն են տալիս աներեր:
Հեռվացել եմ ես ինքս ինձանից
Ու քո խենթ ստվերով պարուրվել նորից,
Հին ու նոր հեքիաթ իրար ենք խառնել՝
Ընդառաջ կյանքի վեհ դատին հանձնել:
Ժպտում է հավատդ վեհաշուք
Խունացած հավատին իմ անշուք,
Եվ ի պատասխան բազում հարցերի
Խոսուն աչքերդ են ժպտում անթերի:
Մութն է նահանջում մտքիս միգամած՝
Ուր քո մե՜ծ սիրո շողերն են շաղված,
Եվ քո արևի բոցերից խրոխտ
Կարծես թե բացվում են աչքերն իմ աղոտ…

**

Փախչել եմ ուզում ինքս ինձանից,
Իմ սև ու սպիտակ խելառ մտքերից,
Մեկ հրճվում եմ, մեկ փակվում վախով՝
Կարծես գոռալ եմ ուզում ողջ սրտով:
Փնտրում եմ ես ինձ, բայց ու՞ր եմ արդյոք,
Ինչու՞ է կյանքը այսքան անողոք,
Շռայլում է ա՛յն, ինչը մեզ պետք չէ,
Իսկ այն ինչ պետք է, լոկ սուտ խաբկանք է:
Լու՜ռ արձակել եմ կծիկը կյանքիս,
Թողել եմ թև տան մեռած հույզերիս,
Բայց չկա մեկը բացի ինձանից,
Որ հարցնի. ու՞ր ես փախչում դու քեզնից:
Ես իմ վճիռն եմ կնքել՝ սև-սպիտակ,
Թաղել եմ սրտիս դողերն անհատակ,
Աննենգ ժպիտով պիտի համառեմ,
Որ սև-սպիտակը իրարից վանեմ:
Արահետներում իմ անցած կյանքի,
Տեսածս ցավի, սև ու սպիտակի,
Ոչ մի փոթորիկ ծնկի չի բերել՝
Իմ ճանապարհը ես ինքս եմ հարթել:
Ինչու՞ եմ հիմա այսքան վարանում,
Այս ի՞նչ խորթ վախ է ինձ ներսից պատում,
Մեկ անգամ չեմ ես եղել անդունդում,
Սովոր եմ վաղուց, ախ ի՞նչն է ճնշում:
Ուզում եմ խառնել սևն ու սպիտակը,
Ուզում եմ կիսել նրանց հավասար,
Տալիս եմ այլևս դրանք քո ձեռքը,
Որ դու կատարես հաջորդ քայլն արդար:
Եվ սև կա իմ մեջ, և անհուն սպիտակ,
Քո կյանքի բոլոր քայլերում հստակ
Ի՛նքդ կատարիր քո ընտրությունը,
Եվ վստահ եղիր, որ չի ուշանա ի՛մ հատուցումը…

**

Փարվեց կարոտս կարոտիդ
Եվ հուշիկ շշնջաց թաքուն.
Այս մեծ աշխարհում, իմ անգին,
Առանց քեզ էլ ապրել չեմ ուզում:
Այս պահին ամենից առավել
Քո տաք սրտի սերն եմ մեծարում,
Քո հեքիաթն է շեմիս կանգ առել
Ու սրտիս սպիերն է նորոգում:
Քո մեծ աշխարհում, միշտ լռին,
Դու իմ աշխարհն ես պինդ պահել,
Իսկ ես անիմաստ թափառել
Ու նոր եմ միայն հասկացել:
Քո անմար սիրո կուռ կամքով
Մի նոր սիրտ դրեցիր հոգուս մեջ,
Անկոտրում քո սրտի կնիքով
Կնքեցիր իմ կյանքում նոր մի էջ:
Մի նոր էջ, որ պատմություն ունի,
Թեև նոր, բայց շատ խոր հիմք ունի,
Դա ներկան է հենց մեր անցյալի՝
Ուր դու պահել էիր մեր լույսն անթերի:
Ես այս հեքիաթում միայն ու միայն
Ապավինում եմ քո արդար կամքին,
Չէ՞ որ կեղծիքի տիրույթում համայն
Լոկ դու բալասան եղար իմ ցավին:
Քո աշխարհի մեջ նույն իմ աշխարհն է՝
Քո նվիրական սիրուն թևանցուկ,
Ու այսուհետև իմ նոր աշխարհը
Հավետ կլինի քեզ թև ու նեցուկ:
Նայում եմ քեզ ու զարմանում,
Հիանում հրճվանքով անձայն,
Այդ ո՞նց է, որ այդքա՜ն տարի
Ճամփադ քեզ չի տարել մոռացման:
Թե այժմ մարմինս հոգին իմ լքի,
Ու անժամ թաղվեմ հողում երազի,
Էլ հոգ չէ լինել մեռած, անհոգի,
Բավ է, որ սիրտս քո մեջ անթեղվի:
Ուզում եմ ապրել լոկ այնտեղ,
Աշխարհից դուրս՝ մե՛ր աշխարհում,
Վաստակած մեր սիրով այստեղ
Մեր գալիք կյանքն է շահում:
Սրբազան մի աղոթք դարձած՝
Նորից քո ձայնն եմ լսում,
Հնամաշ հուշերում խլացած՝
Կարոտս ինձ ետ է կանչում:
Կանչում է քո ձայնով հարազատ՝
Թողնելով հին մշուշն անցյալում,
Կանչում է ու տալիս պատասխան.
Իրական սերը միշտ էլ կգտնի իր դարձի ճամփան…

**

Հոգուս ճիչը քանի գնում
Համրանում է ինքն իր գրկում,
Կամաց-կամաց հուշ են դառնում
Ամեն կարոտ ու սպասում:
Էլ չի ճախրում ոչ մի երազ՝
Ծնված սիրուց քո թերհաս,
Թափ է առել լույսը մթից
Ու խլել քո թավ խավարից:
Մութը դարձել է հիվանդոտ,
Այժմ լույսն է իշխում մտքի,
Ճիրաններից նրա աղոտ
Ինքը՝ լույսն է ելնում ոտքի:
Շատ եմ փորձել անհույս հղկել,
Նայել անզեն ծով աչքերին,
Բայց պարզվում է զուր եմ վատնել
Հավատը ես իմ վերջին:
Դեռ չեմ կնքել քո վճիռը՝
Սևագրել եմ լոկ մտքում,
Թողել եմ, որ սրտիս հևքը
Ինքնակամ տա որոշում…

ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ