ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Monday, May 23, 2016 7:54 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ%d5%b4%d5%a5%d5%bd%d6%80%d5%b8%d5%ba-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%80%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6
ԱՇՈՒՆ Է ԻՋԵԼ ՊԱՐՏԵԶՈՒՄ
Աշուն է իջել պարտեզում,
Վրձնել հոգին ծառ ու ծաղկի,
Դարձել տաղերգ քաղցրահնչյուն,
Երկունք, մրմունջ, աղոթք մտքի։
Վաղորդյան շաղի արծաթով զուգված՝
Ծառ ու ծաղիկ արբել են հոգեթով.
Մի աղջիկ միայնակ նստարանին՝
Վարսերն է հյուսում մոմե մատներով։
Աշունն է լցնում նրա անդորրը սիրով
Եվ ո՜վ գիտե՝ ու՞մ է նա այսպես սպասում։
Եվ ի՞նչ երազանք կա նրա աչքերում թով,
Շրշում է քամին, նրա վարսերը շոյում…
Երգու՜մ է քամին, շաղում վարդահոտ,
Մի չքնաղագեղ եդեմ է դարձել այգին,
Աշուն է իջել պարտեզում քնքշոտ,
Ու երազում է այգու բարի-տիրուհին…

ԴՐԱԽՏԻ ՃԱՄՓԻՆ
Դրախտը «ոսկի» է. -ասացին.
Եթե կուզես վայելել այն,
Պիտի անցնես հողածին
Դժոխքի երկա՜ր ճամփան,
Եվ կարևորը՝ անպայման
Լսես Աստծո պատգամը…
…Ճանապարհ ընկա… և անցա
Բազմաթիվ փորձություններ՝
Տեսա և՛ ուրախություն, և՛ ցավ,
Ե՛վ անդառնալի կորուստներ…
Տեսա հավերժական պայքար
Իշխանության, գահի համար,
Հարստություն, աղքատություն.
Տեսա մահեր ու պատերազմ,
Փողով գնված «արդարություն»,
Մարդկային կյանքեր դարձրած
Անտանելի, կեղտոտ սարկազմ՝
Անու՜ն, խի՜ղճ են վաճառում։
Վաճառում են տուն, սեր, կանայք՝
Տանուլ տալով խաղասեղանին,
Վաճառում են մի ողջ… կյա՜նք
Կուրացնո՜ղ սուրբ դրամին։
…Եվ վրդովված հոգիս անգոհ՝
Բողոք հասցրեց Աստծուն,
Որ անարդար է ու ոչ հաճո
Այս դատաստանը երկրում։
Աստված լսեց… հոգոց հանեց.
«Ուղիդ փշոտ է, մեղքերդ՝ մեծ,
Այս ամենը դու՛ ես…- ասաց։
Գնա՛, որդիս և ապրի՛ր այնպես,
Որ չփոշմանես գեթ մի վայրկյան,
Դրախտը հոգիդ է, ոսկին դու՛ ես,
Գնահատի՛ր կյանքը, և արարի՛ր՝
Ասես դու ես միակ արքան»։

ԴՈՒ ԹՈՂԵԼ ԵՍ…
Դու թողել ես մեր սերը, մեր ներկան
Եվ կարոտով ես անցյալդ վանում,
Որ ձմռան գայլագոռ բուքի նման
Հոգուդ վերքերն է նորից վեր հանում։
Անցյալը՝ անցյալ, քերել չես կարող
Սրտում կարծրացած խոր վերքերը,
Անգամ աստվածները ամենակարող
Ի զորու չեն այդ թանձրաներկերը
Սրբել հոգու ճաքճքված այտերից,
Որ չմնա նույնիսկ փոքրիկ մի բիծ։
Իսկ ես ուզում եմ անվերջ վայելել
Քո սերը քնքշագորով, կուսական,
Որ ներսումդ ես լուռ բանտարկել
Հեզ լուսնկայի ամոթխածությամբ:
Եվ չես թողնում՝ փայփայեմ, տիրեմ,
Իմ հավերժ սիրով ու ներկայությամբ։
Հոգիդ բա՛ց, սերդ ինձ տո՛ւր,
Ես իմ գիրկը կառնեմ նրան,
Մի՛ սպանիր թաքուն ու լուռ՝
Նա անմեղ է մանկան նման…
04.11.2016

ԻՄ ՁՅՈՒՆԱՑՈՂ ԵՐԱԶՆԵՐԻՆ
Իմ ձյունացող երազներին
Իջավ մի մերկ փափկություն՝
Մետաքսանուրբ մատներիդ
Շոյանքներով արբեցում։
Եկար, իմ սեր, կարոտանքով,
Խենթ ծփանքով ծովերի,
Եկար հովի գգվանքներով,
Շոյող բույրով լեռների,
Եվ, իմ սրտին, որպես քնար,
Ժպիտներդ ցողեցիր,
Երգեց սիրտս. ամեն մի լար
Անու՜յշ, մեղմի՜վ հուզվեցին։
…Եվ թողեցիր անուշ բույրով
Շրթիս քո համբույրները,
Գգվաներդ քնքշագորով
Շղարշեցին իմ գիշերը։
Եկար,իմ սեր, կարոտանքով,
Խենթ ծփանքով ծովերի,
Եկար հովի գգվանքներով,
Շոյո՜ղ բույրով վարդերի…

ԿԱՐՈՏՆ ԻՄ ՀԱՅՐԵՆՅԱՑ
Կարոտն իմ հայրենյաց դուք չեք մեղմի
Ծով աշխարհի քաղցր մեղեդիներ…
Կարոտն իմ շատ խոր արմատներ ունի,
Որ պահում է անմեռ հավատս դեռ։
Ա՜խՙ կոտրվել է սիրտս մորեմերկ
Ինչպես պոկված ծաղիկը մայր հողից։
Անիծյալ խաչով լուռ ու հոգնաբեկ
Ես գլորում եմ լուռ անիվը բախտիս։
Ինչպես քաղաքնի իմ՝ որբ Ադանան
Համիդյան անգութ կոտորածներից։
Անիծում եմ ես շուն թուրքի ոտը,
Որ ազգն իմ կտրեց իր հողից, ջրից,
Որ դարձրեց բորոտ, թափառ իմ հոտը…
Եվ հիմա օտարության եմ գամված
Օտարությունն ի՜նչ է՝ իմ բա՞խտը, բո՞ւյնը…
Այստեղ շնչելն իսկ վտանգավոր է՝
Ավելին, քան անտեր օձի թույնը…
Եվ ինչքան էլ վառվեմ ու անիծեմ
Կեղտոտ աշխարհին, չար մարդուկներին
Միևնույնն է՝ ցավով գիտակցում եմ՝
Կարոտի բեռն է իմ այս ուսերին։
Որ հայ եմ ծնվել. բախտս անե՞ծք է
Ո՜վ երկնային սուրբ, զորեղ աստվածներ,
Մի՞թե ճակատագրերը Դուք չեք տնօրինում
Ձեր «բարի ձեռքերում»,
Որ բազմած ոսկեզարդ թիկնաթոռին
Եվ սեղաններին հոգեթով գինին
Կհորդե քաղցր խանդախտանքներով,
Որով սրբվեց մեր դարերի վերքը։
Անիծում եմ և Ձեզ՝ ով աստվածնե՛ր…
Անիծու՜մ…
Դե՛, պատժե՜ք դաժան ինձ՝ մեղսագործիս,
Որ արդարության դրոշը առել
Չար լեզվիս՝
Հայոց վիշտն եմ ծածանում…

***
Քո աչքերը մագարիտներ
Աստղաբույլեր, Ծիր Կաթին,
Քո աչքերը ՝ խոր գիշերներ
Եվ անուրջներ անտունի։
Քո աչքերում սիրո հուշեր
Սրտի թրթիռ ու արտասուք,
Քո աչքերում մավի եթեր,
Արծաթաթել ամպի մասունք։
Քո աչքերում մայրամուտներ
Եվ արշալույսներ գարունքի,
Քո աչքերում ես մի ստվեր,
Խենթ սիրահար՝ իջած ծունկի։
Քո աչքերը մարգարիտներ
Աստղաբույլեր, Ծիր Կաթին
Քո աչքերում լի հեքիաթներ
Եվ անուրջներ անտունի։
07.11 2016

***
Գիշերն աչքիս քուն չի գա,
Մոմի նման լուռ կարտասվեմ,
Կարոտդ ինձ ջուր չի տա,
Շուրջս ամա անապատ է։
Հեռու եմ քեզնից, սիրտս դո՜ղ…
Օտար աշխարհ, դեմքե՛ր, աստվա՜ծ,
Դու ես միմիայն լույսի ցող,
Ինձ ուղեցույց մթում բանտված։
Օտար երկրի վարդ չե՛մ ուզի,
Օտար սրտի զարդ չե՛մ ուզի,
Թող տեսնեմ քեզ, ի՛մ հայուհի,
Գրկեմ, սիրեմ, իմ հայուհի։
Գիշերն աչքիս էլ քուն չի գա
Առանց քեզ հոգիս անդունդ է
Ե՛կ, ինձ հասիր,…որ նա չզգա՝
Աշխարհն ինչքան փուչ ու սուտ է։

Ա * Ն * Ն * Մ * Ա * Ն
Ծաղիկներն են անուշ բուրում
Հովերի նուրբ համբույրներից,
Ծաղիկներն են լուռ խենթանում
Քո սեթևեթ նազանքներից։
Գալիս ես, անցնում խաղերղով
Ու շաղ տալիս ժպիտներ,
Սիրուն տեսքիդ սիրո տաղերով
Գո՜վք են ձոնում սոխակներ։
Ամեն անգամ նորի՜ց, նորի՜ց
Ինձ փարվում ես դու կարոտով,
Ամեն անգամ, քնքուշ աղջիկ,
Ցողում արբանք վարդ շուրթերով։
Ա՜խ, չէ՛, չեն նմանի քեզ
Վարդ, մանուշակ, մեխակներ,
Հազա՜ր նախանձ ու սեր քեզ՝
Գո՜վք են տալիս սոխակներ։
2016

ԵՐԲ ՔՈ ԱՆՈՒՆՆ ԵՄ ՏԱԼԻՍ
Երբ քո անունն եմ տալիս՝
Մորս աչքերն եմ հիշում,
Երբ քո անունն եմ տալիս՝
Սիրտս բնից է պոկվում։
Երբ քո անունն եմ տալիս՝
Ցավ ու կարոտ եմ ապրում,
Երբ քո անունն եմ տալիս՝
Աշխարհն ինձ է պատկանում։
Երբ քո անունն եմ տալիս՝
Արթուն լացն է աչքերիս,
Երբ քո անունն եմ տալիս
Վանիս կանչն է աչքերիս։
Երբ քո անունն եմ տալիս՝
Ես անկարող եմ դառնում,
Աչքիս մեկը դեպի Մասիս,
Իսկ այն մեկն էլ՝ Մուշ, Սասուն։
Առանց քեզ ես կցնորվեմ,
Կավիրվեմ ու կանէանամ
Ես էլ ինչպե՜ս, ո՞նց ապրեմ
Անսիրտ, անքեզ , իմ Հայաստան։

***
Արցունքներիս դու նայիր՝
Որքա՜ն գարուն մաշեցին,
Իսկ ես հավատալով սիրո
Ամենակարող լեգենդին՝
Հիմարաբար նորացրել եմ հուշերս
Ու ապագաս մաքրագրել։
Ա՜խ, անցյալ իմ, ինչու՞ես դու
Հիմա վերադարձել ու քանդում
Կարկատած վերքերս՝այն էլ
Չսպիացած՝ հավատացնելով,
Որ ես հիշաչար եմ, իսկ մեր սերը…
Սեր չկա՜, չի՛ եղել, ես եմ
Միայն գրկել թուխպ կարոտը,
Մայրամուտները,
Եվ արտասվել լուռ, թախծագին,
Իսկ դու չես փրկել իմ հոգու գունաթափ այգին։
Իսկ ես որքան էլ փորձել եմ
Սերս ներկել օրերիս, տողերիս,
Բայց այդպես էլ՝ գունազրկված
Մնացին օրերս, տողերս,
Բայց ո՜չ սերս…
Ես սիրում եմ քեզ այս պահին նույնիսկ։
Բայց քո գնալուց հետո իմ մեջ
Կոտրվեց ամեն- ամեն բան,
Եվ դեռ հիշաչարը ե՞ս եմ…
Ես նայում եմ աչքերիդ մեջ
Եվ չեմ հավատում՝ այդ դու՞ ես…
Թե իմ անցյալի օրերն են
Սենյակիս պաղ պատերից
Անձայն հեկեկում..

ԽՐԱՏ
Դու տեսե՞լ ես՝ ինչքան է հմա
Մայրամուտը խենթ ու սիրուն,
Բայց այն անկումն է մեռնող օրվա,
Նրա հույզերն են առկայծում։
Իսկ հարցրե՞լ ես երբևէ քեզ՝
Ինչու՞ ենք այսքան տապակվում,
Ամեն մանրուք դարձնում այնպես՝
Ասես աշխարհն ենք շալակում։
Ամենաչնչին հարցերին
Մենք դնում ենք բազմակետեր
Եվ վրդովվում, թե դրացին
Ինչպես այն լուծեց կետ առ կետ։
Թե կարող ես՝ ապրիր հավատով,
Որ հանրությանը ամրանաս,
Հավատն է ուժը ու խելքը՝ գորով,
Առանց ուսում երբեք չմնաս։
Ու չվազես փառքի ճամփով
Կապանքներում ծանրանաս,
Թե աշխատես խելքի ուժով՝
Փառքով այդժամ կթնդաս։
Լսի՛ր խրատները մեծերի՝
Չափի՛ր հազար անգամ, կտրի՛ր՝ մեկ,
Եվ ընդունիր, որ գործը թերի
Պատիվ չի բերի մարդուն երբեք։
Իսկ գործի մեջ աշխատի՛ր շատ
Սեր սերմանել ամեն հարցում,
Եվ կշոյես հաղթանակը
Կյանքի բարդ թռիչքուղում։
Կյանքը, իրավ, գեղեցիկ է.
Կիրք է հաղթողի համար արի, ժիր,
Իսկ պայքարը՝ այն կնիքն է,
Որ պարկեշտ է աշխարհում զազիր։
Աշխարհն ինքնին մնայուն է՝
Դեռ ավելին՝ կշենանա,
Հողածնի ոտքն անկայուն է՝
Փուխր հողին չի՛ դիմանա։
Ոչինչ հավերժ չէ , չի եղել
Պայքարով ենք կերտել, որդի՛ս,
Երբ մեծանաս՝ ապրի՛ր այնպես,
Որ գոհ մնաս ճակատագրից,
Եվ կգա մի օր կյանքից դժգոհ
Կչարանաս, կամայանաս,
Բայց պատիվդ կշոյես սիրով,
Որ այս աշխարհում մարդ մնաս…
2016

ՔՈ ՀԱՅԱՑՔՈՒՄ
Քո հայացքում՝ սեր ու թախիծ
Եվ իմ սրտի նուրբ դողերն են,
Քո հայացքում ես նկարիչ,
Ես սիրահարված պոետ եմ։
Ու չեմ թաքցնում, որ սիրում եմ,
Որ կուրորեն պաշտում եմ քեզ։
…Որ իմ մի պատառը հացի
Կուլ չի գնում առանց քեզ,
Որ տանջալից գիշերներիս
Անափ կարոտականչն ես։
Եվ ,որ առանց քեզ տոթ է օդը,
Խո՜րթ է աշխարհն ինձ և ես
Չեմ տեսնում ո՛չ հեռու՜ն, ո՛չ մոտը։
Դու ես…աչքերդ են…իմ հեռուն, մոտը,
Իմ միա՜կ, ջե՜րմ ծանոթ-անծանոթը։…
Ա՜խ, իմ պատառը հացի
Կուլ չի՛ գնում առանց քեզ,
Այն, որ թաքուն, լուռ լացի
Ու ծիծաղիս պատճառն ես։

«ԴՈՒ ԿԱՆԳՈՒՆ ՏԱՃԱՐ»
ԴՈՒ ԿԱՆԳՈՒՆ ՏԱՃԱՐ ԵՍ
Հավերժական փառքի՝
ՍԻՐՈ ԱՐԵՎԵԼՔԻՑ
ԴՈՒ ԵԴԵՄԻ անուշահոտ
ՇՈՒՇԱՆԱՎԱՌ ծով ես
Վեհ տիեզերքներից…
Մայր իմ չկա սիրուդ սահմանում.
Թե ՏԻԵԶԵՐՔԸ անսահման է,
Այն քո կրծքի տակ ես կրում։
Անուշ ու տանջված ձեռքերդ են
Այդ «ԱՆՍԱՀՄԱՆԸ» պահպանում։
Ես սիրում եմ քո աչքերը,
Եվ քո անունը, ի՛մ թանկագին
Որ մշուշված աշուններում
Վառ գարուններ են ԱՐԱՐՈՒՄ։
ՄԱ՛ՅՐ, սիրելի դու հրեշտակ ես
Դու ՄԱՍԻՍՆԵՐԻ ձյունների պես
Մաշվող օրերիս նորովի
Ամուր հավատ ես ՄԱՐՄԱՐՈՒՄ:
24.05.2016



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ