ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ . Tuesday, April 19, 2016 8:46 - չքննարկված

ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ Ծնող- երեխա փոխհարաբերությունները

Սոֆյա Արզոյան (2)ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ

Ծնող- երեխա փոխհարաբերությունները
Երեխաները իրենց ծնունդով երջանկություն են բերում ծնողներին, սակայն ծնողները չպետք է շատ զոհողությունների գնան, մոռանալով իրենց, իրենց հետաքրքրությունները։

Ինչպե՞ս հասկանալ այս հակասական մտքերը։

Հենց այդ հակասություններն են կյանքի դժվարությունները։ Դրանք են հենց ծնողների և երեխաների միջև ծագող աներևակայելիորեն բարդ փոխհարաբերությունների արմատները։ Ընտանեկան բոլոր բախումները պետք է որոնել ակունքներում, որը շատ մեծ ու լուրջ սոցիալական խնդիր է։ Ծնողները իրենց երեխային են նվիրվել ամբողջովին, անմնացորդ, նրանք երեխաներին են տվել իրենց երիտասարդությունը, կյանքի լավագույն տարիները։ Եթե հարկ լինի, առանց վայրկյան իսկ տատանվելու, հանուն երեխայի կզոհեն և իրենց կյանքը։
Ուստի ծնողները, բնականաբար, իրավունք ունեն երախտագիտություն ակնկալելու այն բանի համար, որ նրանց պահել, մեծացրել են, և դա դեռ շատ քիչ կլիներ․․․
Երեխաները ծնողների սերն ընկալում են որպես բնաբուխ մի բան, սակայն միշտ չէ, որ պատրաստ են նրանց պատասխանելու անշահախնդիր փոխադարձությամբ։ Հաճախ քիչ են հոգում հայրերի և մայրերի համար, միշտ չէ, որ ձգտում են հասկանալ նրանց հոգեկան աշխարհը։ Երբեմն շատ եսասիրական, հաշվենկատ է երեխաների վերաբերմունքը ծնողների նկատմամբ։
Ամենավաղ մանկական հասակում, երբ դրվում են բարոյականության հիմքերը, մենք պետք է հաստատապես հիշենք, որ ընտանիքը այն կոլեկտիվն է, որտեղ ծնունդ է առնում մերձավորին սիրելու, նրա մասին հոգալու հիանալի զգացումը, երբ սովորում են մտածել ոչ միայն իրենց, այլև ուրիշների մասին։ Ահա թե ինչու այնքան կարևոր է երեխաներին սովորեցնել սիրել ու հարգել ծնողներին։
Եթե երեխան անսրտություն է ցուցաբերում հոր կամ մոր, տատիկի կամ պապիկի նկատմամբ, դժվար է հավատալ, թե նա սրտացավ կլինի օտար մարդկանց հանդեպ։
Սակայն առանց խելամիտ, խստապահանջ ծնողական սիրո՝ լավ որդի կամ աղջիկ դաստիարակել հնարավոր չէ։
Հիշելով իրենց դժբախտ մանկությունը՝ որոշ ծնողներ երեխաների համար ստեղծում են անհոգ կյանք։ Նրանք երեխային հեռու են պահում ամեն տեսակ հոգսերից ու գործերից, խրախուսում են նրա քմահաճույքները, շարունակ գովում ու նույնիսկ սովորում են նրա փոխարեն։
Նման ծնողներն իրենց երեխաներին զրկում են կյանքի ամենամեծ հաճույքից՝ ուրիշին օգնելու ունակ զգալու, ուրիշին ուրախություն պատճառելու, դժվարին կացության մեջ գտնվողին զորավիգ լինելու հաճույքից։ Նրանք իրենց սիրելիներին կանխավ մատնում են ծանր ճակատագրի, իսկ իրենց՝ դառը ծերության։
Երեխայի հոգում բարոյական բարձր հատկություններ ներարկելու, ընտանիքում բարոյականության, արդարամտության, միմյանց նկատմամբ խստապահանջության մթնոլորտ ստեղծելու գործում հսկայական է հոր դերը։ Մանկական առաջին տպավորություններն արտակարգ ուժեղ են դրոշմվում երեխայի հոգում։
Ահա թէ ինչու ծնողները, պետք է մշտապես զուսպ լինեն երեխայի ներկայությամբ, չասեն կոպիտ խոսքեր, չկատարեն տգեղ շարժումներ և անարդարացի արարքներ։
Երեխան ամեն-ինչ չի հասկանում, սակայն ամեն-ինչ զգում է և իմաստավորում յուրովի, իր մանկական հասկացողության չափով։
Ծնող լինելը բարդ չէ։ Լավը լինելն է շատ բարդ։ Ամենքին չէ, որ հաջողվում է այդ։ Ծնողների գժտությունները, որ տեղի են ունենում երեխաների աչքի առջև, նրանց համար միշտ ծանր ապրումներ են դառնում։ Հավատը՝ ծնողների բարձր հեղինակության հանդեպ, խախտվում է և ոչնչով չի փոխարինվում։ Այդ գժտությունները մնում են երեխայի հիշողության մեջ ամբողջ կյանքում։ Ապրում ենք մի անգամ, և ծնողները պետք է միշտ հիշեն իրենց պատասխանատվությունը զավակների բարոյական վարքագծի համար։
Երեխաներին պետք է դաստիարակեն՝ հայրը և մայրը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր տեղն ընտանիքում՝ միակ, անփոխարինելին։ Ծնողների անձնական օրինակը պարտադիր պայման է մարդու անհատականության կազմավորման համար։
Նայում ես հաճախ որոշ երիտասարդ ամուսինների՝ հիանալի մարդիկ են։ Առողջ, ուժեղ, կրթված, աշխատում են ներշնչանքով, իսկ աշխարհում ամենասուրբ պարտավորություններից մեկը՝ նոր մարդու կազմավորումը, չնայած իրենց երեխայի հանդեպ ունեցած անսահման սիրուն, կատարում են մի կերպ։ Իսկ երբեմն նույնիսկ մոռանում են երեխային, չեն նկատում։
Ավելի վատ է, երբ երիտասարդ ծնողները կարծում են, թե դաստիարակությունը, իբր, սկսվում է դպրոցում, այնտեղ այդ նպատակով հատուկ պատրաստված մարդիկ կան․․․
Դա առաջին սխալն է․երեխան դպրոց է գնում արդեն որոշակի բնավորությամբ, սովորություններով, աշխարհի վերաբերյալ իր պատկերացումներով։
Գլխավորապես ծնողներն են կոչված պատասխանելու այն հարցին, թէ դպրոցը պիտի շարունակի՞ դաստիարակությունը, թէ՞ ստիպված է վերադաստիարակել։
Ծնողի պահանջկոտությունը իր նկատմամբ, ծնողի հարգանքը իր ընտանիքի հանդեպ, հսկողությունը իր յուրաքանչյուր քայլին՝ ահա դաստիարակության առաջին և ամենակարևոր պայմանը։
Երեխաները մեր կյանքի իմաստն են, մեր ապագան։ Կյանքում ձեռք բերված մյուս բոլոր նվաճումները չեն կարող համեմատվել այն երջանկության հետ, երբ մեր երեխաները դառնում են արժանավոր, հանրօգուտ մարդիկ։



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ