ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, August 8, 2016 4:01 - 3 քննարկում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՐԷԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ. կամ Երրորդ Հանրապետութիւնը մեռել է, ժամանակն է անցնելու Չորրորդին…

13914047_1663496690643748_6287587651797298130_o
Մնացական Ռ. Խաչատրեան
Ռազմական պատմաբան,
ՀՀ Զինուած Ուժերի պահեստազօրի գնդապետ

Յօդուածի բուն նիւթին անցնելուց առաջ կուզէի նշել, թէ մենք հայերս պէտք է սովորենք մեր անցեալին, սեփական պատմութեանը նայել հնարաւորինս առարկայօրէն, առանց ծաղկազարդելու ու գունաւոր ակնոցների… Պէտք է առանց սեթևթանքների ընդունել սեփական պատմութեան դառն ու ցաւալի էջերը… Չփախչել իրականութիւնից, այլ ընդունել այն՝ ինչպէս որ կայ…
Յատկապէս հայ պատմաբաններն ու քաղաքագէտները պարտաւոր են հայոց պատմութեանն ու հայ քաղաքական մտքի զարգացմանը մօտենալ ինչպէս բժիշկը՝ հիւանդին…
Ցաւօք, հայ ժողովուրդը հազարամեակների ընթացքում բազում ախտերից է տառապել և պէտք է խուսափելի ինքնախաբէութիւնից, եթէ կուզենք որ հիւանդութեան պատմութիւնն առարկայական լինի…
Եւ կարողանանք ճիշտ ախտորոշում կատարել, այսինքն՝ դիագնոզ տալ, առանց որի անհնար է հիւանդութեան բուժումը…
Ահա ա՛յս հայեացքով նայենք մեր պատմութեան վերջին տասնամեակներին, յատկապէս՝ Երրորդ հանրապետութեան քառորդդարեան (1991-2016թթ.) պատմութեանը…
Հայաստանի Հանրապետութիւնը առաջին անգամ հռչակուեց 1918 թուականին, թէպէտ նրա փաստացի հռչակման փորձեր եղել են թէ՛ 1917թ.՝ Վանում, Արամ Մանուկեանի և Վասպուրականի քաջարի հայութեան կողմից, թէ՛ 1918թ. յունուար-փետրուարին՝ Կարինում, քաջարի ու հեռատես, բայց տարաբախտ գնդապետ Թորգոմի և նրա զինակից գաղափարակիցների կողմից…
Այնուամենայնիւ՝ պաշտօնապէս Առաջին հանրապետութիւնը հռչակուեց 1918թ. մայիսի 28-ին և գոյութիւն ունեցաւ մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը՝ ընկնելով բոլշևիկա-քեմալական երկկողմանի ռազմաքաղաքական ճնշման և բացայայտ ռազմական ագրեսիայի ներքոյ…
1920թ. դեկտեմբերի 2-ից, իսկ խորհրդային պատմագրութեան պնդմամբ՝ նոյեմբերի 29-ից մինչև 1990թ. օգոստոսի 23-ը գոյութիւն ունէր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը՝ ՀԽՍՀ-ն: Այն փաստացի Խորհրդային Ռուսաստանի ենթակայ երկրամաս էր, սակայն դէ-իւրէ համարւում էր միութենական հանրապետութիւն՝ ըստ ԽՍՀՄ Սահմանադրութեան՝ ընդհուպ մինչև ԽՍՀՄ-ից դուրս գալու, իբրև թէ, իրաւունքով, սեփական դրօշով, զինանշանով, օրհներգով, այլ ատրիբուտներով, նոյնիսկ՝ հայերէնի՝ փաստօրէն պետական երկրորդ՝ տեղական լեզուի կարգավիճակով, անշուշտ ռուսերէնի, որպէս կենտրոնի և այլ միութենական հանրապետութիւնների և նոյնիսկ ՀԽՍՀ-ի ներսում պաշտօնական գրագրութեան ու հաղորդակցման բացարձակ գերիշխանութեամբ: Ռուսական դպրոցների՝ հայաստանեան իշխող քաղաքական և մշակութային էլիտայի կրթադաստիարակման հիմնական կենտրոններ լինելու ՙկամաւոր՚-պարտադիր դերակատարութեամբ: Ընդսմին՝ այդ միութենական հանրապետութիւն կոչեցեալը զուրկ էր ինքնուրոյն արտաքին քաղաքականութիւն վարելու և ռազմական գործունէութիւն ծաւալելու իրաւունքից: Բաւական է ասել, որ այն ունէր, ասենք, 8 հոգուց բաղկացած ձևական, եթէ չասենք՝ ծիծաղելի, արտգործնախարարութիւն, և 1921թ.-ից ի վեր՝ զուրկ էր նաև սեփական ռազմական նախարարութիւնից ու առաւել ևս՝ բանակից… Բայց ահա ունէր բաւական ծաւալուն սփիռքի կոմիտէ, որի նպատակն էր խորհրդային գաղտնի ծառայութիւնների հետ միասին ԽՍՀՄ-ին ծառայեցնել աշխարհացրիւ Հայկական Սփիւռքը… Ի վերջոյ, յիշենք, որ ՀԽՍՀ-ում իրական իշխանութիւնը գտնւում էր ո՛չ թէ Կառավարութեան, այսինքն՝ Մինիստրների խորհրդի, Խորհրդարանի, այսինքն՝ Գերագոյն Խորհրդի, կամ էլ թեկուզ վերջինիս Նախագահութեան ձեռքին, այլ՝ ոչ պետական, կուսակցական մարմնի՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտեի, իսկ իրականում՝ նրա առաջին քարտուղարի ձեռքին…
Առաւել զաւեշտալի կարելի էր համարել, եթէ իրականում ցաւալի ու ողբերգական չլինէր, այն անհերքելի փաստը, որ Հայ կոմկուսի կենտկոմը՝ ՀԿԿ ԿԿ-ն իրականում ենթարկւում էր Խորհրդային Միութեան կամ, պարզ ասած խորհրդային, սոցիալիստական ՙպատմուճան՚ յագած կայսերական Ռուսաստանի կառավարող և միակ կուսակցութեան՝ այսպէս կոչուած ԽՄԿԿ-ի ԿԿ-ին, որի անունը նշանակում է Խորհրդային Միութեան Կոմունիստական Կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէ: Դա պարզապէս հնարաւորինս անուանափոխուած, լաւ թաքնուած նախկին Ռուսաստանի բոլշևիկեան կուսակցութիւնն էր… ԽՍՀՄ-ում ամբողջ իշխանութիւնը գտնւում էր հենց նրա ձեռքին: Եւ դա ամրագրուած էր ԽՍՀՄ Սահմանադրութեամբ՝ յօդուած 6-ով…
ԽՄԿԿ-ի կամ պարզապէս բոլշևիկեան կուսակցութեան գլխին էլ կանգնած էին Քաղբիւրօն ու նրա գլխաւոր քարտուղարը… Այսինքն՝ վիթխարի երկիրը կառավարւում էր կոմկուսի ղեկավարի կողմից, ուստի և կուսակցապետութիւն էր… Ի դէպ, Գլխաւոր քարտուղարների ձեռքին կային բռնութեան զանազան գործիքներ, որոնցից կարևորագոյններն էին խորհրդային գաղտնի քաղաքական ոստիկանութիւնը, որը սկզբում կոչւում էր Չէկա, ապա՝ ԳՊՈՒ և այլն, իսկ վերջին տասնամեակներին՝ յայտնի էր ԿԳԲ սարսափազդու անունով…
Բնականաբար, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարները, որոնք ՀԽՍՀ-ի փաստական ղեկավարներն էին, ենթարկւում էին ԽՄԿԿ ԿԿ-ին, նրա Քաղբիւրոյին և կոնկրետ՝ գլխաւոր քարտուղարին, ուստի ՀԽՍՀ-ի անկախ պետութիւն կամ ԽՍՀՄ-ից դուրս գալու իրաւունքով օժտուած միութենական հանրապետութիւն լինելը զուտ ձևականութիւն էր…
Այդ խորհրդային կազմաւորումը՝ միութենական հանրապետութիւն կոչեցեալը ոմանք յամառօրէն Հայաստանի երկրորդ հանրապետութիւն էին անուանում, թէպէտ այն նոյնիսկ ՄԱԿ-ի անդամ չէր… գո՛նէ ինչպէս խորհրդային Ուկրաինան ու Բելոռուսիան էին: ՀԽՍՀ-ն նոյնիսկ ԽՍՀՄ-ի ներսում հարևան հանրապետութիւններին յանձնուած հայկական հողերի մի փո՛քր մասի վերադարձի ու հայ բնակչութեան գոյատևման իրաւունքները պաշտպանելու բնական փորձի համար 1988-1990թթ. բացայայտօրէն ու դաժանօրէն պատժուեց՝ ֆաշիստաբար օկուպացուեց խորհրդային ռուսական բանակի ու ներքին զօրքեր կոչուած ժանդարմերիայի պատժիչ զօրամասերի կողմից՝ դրանով իսկ հաւասարութեան նշան դնելով ցեղասպան կովկասեան թուրքերի հանրապետութեան՝ Ադրբեջանի և ցեղասպանութեան ենթարկուած հայ ժողովրդի միջև:
Ի դէպ, միշտ էլ այդպէս է եղել: Մինչ այդ եղած հայրենա-հողահաւաքի փորձերն էլ արեան մէջ էին խեղդուել կամ աւարտուել հայազգի նշանաւոր գործիչների սպանութեամբ: Օրինակ՝ 1929թ. Անդրկովկասեան ֆեդերացիայի ղեկավարը՝ Ալեքսանդր Մեասնիկեանը, որն առաջ էր քաշել Ջաւախքի՝ Հայաստանին վերամիաւորման հարցը և կողմնակից էր նաև Արցախի՝ Հայաստանին վերադարձմանը, այսպէս կոչուած օդանաւային աղէտի զոհ դարձաւ: Թբիլիսիից Աբխազիա թռչող նրա ինքնաթիռը այդպէս էլ չպարզուած յանգամանքներում պայթեց: Սահակ Տէր Գաբրիէլեանը Երևանի չեկայի՝ այն ժամանակուայ կգբ-ի՝ պատուհանից դուրս նետուելով ՙինքնասպանութիւն՚ գործեց, ՙչմոռանալով՚ իր հետևից փակել նույն այդ պատուհանի սողնակը: Նոյնպիսի տարօրինակ մահերի արժանացան Աղասի Խանջեանն ու Ասքանազ Մռավեանը և բազում այլոք, որոնք, համայնավար կուսակցութեան բաւական բարձրաստիճան անդամներ լինելով հանդերձ, փորձում էին բոլշևիկա-խորհրդա-ռուսական գաղութային լծի տակ հեծող հայ ժողովրդի համար մի փոքր աւելի իրաւունք ու արդարութիւն կորզել՝ դաժան գաղութատիրոջից՝ Մոսկուայից…
1990թ. օգոստոսի 23-ին երկրորդ հանրապետութիւնը փաստօրէն՝ դէ-ֆակտօ՝ կենդանի դիակի վերածուեց, և 1991թ. վերակենդանացաւ որպէս այսպէս կոչուած Երրորդ Հանրապետութիւն:
Այսինքն՝ 1990թ. օգոստոսի 23-ից 1991թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանը գտնւում էր անցումնային վիճակում՝ փաստացի չկար Երկրորդ Հանրապետութիւնը, սակայն դէ-իւրէ դեռ չէր ստեղծուել Երրորդը:
1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակուեց Հայաստանի նոր հանրապետութիւնը, որին մենք իրականում պէտք է Երկրորդ նորանկախ հանրապետութիւն անուանէինք:
Սակայն, պարզուեց, որ նա Մոսկովիայի և նրա գործակալների կողմից օկուպացուած և Ռուսաստանի կայսերական շահերին ենթարկուած կիսանկախ կամ երբեմն էլ՝ բոլորովին կախեալ կազմաւորում է:
Այդ մասին յստակ արտայայտուել եմ Կանադայի ՙՀորիզոն՚ շաբաթաթերթի էլեկտրոնային տարբերակում 2016թ. յուլիսի 5-ին հրապարակուած ՙՀայաստանը թուրքական Սցիլլայի և ռուսական Քարիբդեսի միջև՚ վերնագրուած յօդուածումս:
Կարող են առարկողներ լինել, ասելով, թէ այս տարի իր քսանհինգամեակը կամ քառորդ դարը տօնելու պատրաստուող ՀՀ-ն սեփական Նախագահ, Ազգային ժողով, կառավարութիւն, սահմանադրական դատարան, ազգային դրամական միաւոր, ազգային Զինուած Ուժեր և այլ ուժային կառոյցներ, ինչպէս նաև պետական անկախ համակարգի անհրաժեշտ բոլոր միւս կառոյցներն ու տարրերն ունի, այդ թւում՝ ԱԳՆ, այսինքն արտաքին գործոց նախարարութիւն…
Բայց Հայ ժողովրդի բոլոր գիտակից տարրերն այս վերջին ամիսներին համոզուեցին, որ ՀՀ-ն անկախ չէ, որովհետև նրա գլուխ կանգնած քաղաքական էլիտան հայ ժողովրդին չի ծառայում, այլ՝ ռուսական պետական, կայսերական շահերին:
Եթէ ՀՀ ղեկավարութիւնը հայ ժողովրդի և հայկական պետականութեան մասին հոգ տանէր, ապա ժամանակ և հնարաւորութիւն կար 25 տարում ստեղծելու թէ՛ զարգացած տնտեսութիւն, թէ՛ հզօր ու առաջադիմական տեխնոլոգիաներով զինուած բանակ, ինչպիսին են, օրինակ, մեզանից ոչ շատ հեռու գտնուող Իսրայէլ պետութիւնն ու իր բանակը:
Սակայն դա չի արուել…
Մերկապարանոց յայտարարութիւն չլինելու համար բերեմ սեփական օրինակս: 1995-1996 թուականներին իմ ներկայացրած առաջարկները՝ բանակի և պետութեան հզօրացման մասին ՀՀ ղեկավարութիւնը հաշուի չի առել: Հաւանաբար եղել են նաև այլ բազում հայրենասէր ու սրտացաւ անձանց առաջարկութիւններ, որոնք ևս անտեսուել են…
Փաստը մնում է փաստ, որ միայն 2016թ. ապրիլեան Քառօրեայ պատերազմից յետո սկսեցին տեղաշարժեր կատարել ռազմարդիւնաբերական համալիրի զարգացման և Հայաստանը արդիական պատերազմներին պատրաստելու համար համապատասխան ռազմական տեխնոլոգիաների ստեղծման բնագաւառում… Անկախ պետութեան գոյութեան սոսկ 25-րդ տարում… Այն էլ, վախենամ, ֆի՛կցիա է, քանզի Մոսկուան դժուար թէ թողնի Հայաստանին նման մակարդակի բարձրանալու և ֆորպոստից պետութեան վերածուելու փորձեր անելու… Այսինքն՝ անողներ էլ չկան… Եթէ անէին, ժամանակին պիտի անէին, այլ ոչ թէ սպասէին Քառօրեայ պատերազմով սկսուած ներքաղաքական ճգնաժամին, երկրի խայտառակ բարոյաքաղաքական անկմանը, միջազգային վարկաբեկմանն ու ներքին քաղաքացիական պատերազմի վտանգի առաջացմանը…
Հետագայում ևս՝ 1996-2015թթ. բազմիցս տարբեր մեթոդներով փորձել եմ առաջադրել բանակի և պետութեան հզօրացման մասին այդ հարցերը: Մշտապէս զրօյական արդիւնք: Բիւրոկրատական մօտեցումներ և գնալով ճահճացող միջավայր…
2015-ին զօրացրուեցի, աշխատանքի անցայ ՙԱզգ՚ շաբաթաթերթում՝ որպէս ռազմաքաղաքական վերլուծաբան… Ազատ արտայայտուելու հնարաւորութիւներս անհամեմատ մեծացան…
Վերջապէս 2016 թ. փետրուարի 20-ին ՙՙԱզգՙՙ շաբաթաթերթում դարձեալ անդրադարձել եմ արդիական տեխնոլոգիաներով բանակը զինելու հարցին:
Մասնաւորապէս, ռոբոտ տանկերի մասին յօդուածումս նշւում էր, որ դա կնպաստի ՀՀ ԶՈՒ հզօրացմանը, մեր զինուորների կեանքերի խնայմանը, երկրի բիւջէի հարստացմանը:
Եւ ի՞նչ …
Դարձեալ 0…
Այսինքն՝ զրօ’ ուշադրութիւն ՀՀ ՊՆ ղեկավարութեան կողմից:
Ի դէպ, բարեբախտաբար նոյն յօդուածը՝ ռոբոտ տանկերի մասին տպագրեց նաև ՀՀ ՊՆ ՙՀայ Զինուոր՚ շաբաթաթերթը, իհարկէ, ՙտաշելով՚ որոշ սուր ծայրեր, քանզի ՊՆ պաշտօնաթերթն է և ՊՆ ղեկավարութեանը ուղղակի դիպչել չէր ուզենա…
Դարձեալ անուշադրութիւն ՊՆ ղեկավարութեան կողմից…
Գոնէ հետաքրքուէին, թէ ինչ է ասում պաշտօնաթող գնդապետը, ռազմական պատմաբանը, Մատենադարանի նախկին գիտաշխատողը, ՙԱզգ՚ թերթի ռազմաքաղաքական վերլուծաբանը…
Ինչո՞ւ է այդ հարցերը բարձրացնում մամուլում, ի՞նչ հարցեր է բարձրացրել անցեալում, որոնց մասին յիշեցնում է դարձեալ…
0 և միայն 0… Զրօ՛ ռեակցիա…
Ո՛չ մի հակազդեցութիւն…
Եւ …
Ռոբոտ-տանկի և հայկական ռազմական արդիական տեխնոլոգիաների մասին յօդուածիցս ընդամէնը մի քառասուն օր յետոյ սկսուեց Ապրիլեան Քառօրեայ պատերազմը, որտեղ Ադրբեջանը կռւում էր նոր տեխնոլոգիաներով, այդ թւում՝ իսրայէլական, իսկ մեր բանակը՝ 1980-ականների զէնքերով ու 2016թ. բահերով…
Ամենակարևորը՝ Ադրբեջանը փորձում էր ժամանակի ռազմական զարգացումներին համընթաց գնալ և վարել 6-րդ սերնդի պատերազմ, թեկուզ օտար երկրների սպառազինութիւններով և մասնագէտներով…
Իսկ ՀՀ բանակի հետամնաց ղեկավարները դեռ 4-րդ սերնդի պատերազմ էին վարում…
Ինչո՞ւ:
Քանզի մնացել էին Երկրորդ Աշխարհամարտի խորհրդա-ռուսական ռազմավարութեան, օպերատիւ արուեստի ու մարտավարութեան մակարդակին… Իհարկէ միայն դա չէր պատճառը… ՀՀ քաղաքական և պաշտպանական համակարգն էր հետամնաց… Եւ այժմ էլ այդպիսին է ու հակաժողովրդական…
Արդիւնքները տեսանք…
Միայն մեր քաջարի զօրքերի, հերոս սպաների ու զինուորների հայրենասիրութիւնն ու նուիրուածութիւնը փրկեցին մեզ ու … որոշ չափով ձախողեցին դաւադիր ուժերի ծրագրերը… Որոշ չափով…
2016թ. ապրիլի 2-ից 5-ի Քառօրեայ պատերազմը՝
1. թէ՛ իր նախընթաց ռազմաքաղաքական զարգացումներով,
2. թէ՛ բուն մարտական գործողութիւններով, դրանց հետ կապուած բազմաթիւ տարօրինակ իրադարձութիւններով ու փաստերով,
3. թէ՛ բուն պատերազմին հետևած խայտառակ բացայայտումներով, կիսատ-պռատ պաշտօնանկութիւններով ու դաւաճանական դաւադրական գործողութիւններով
բացայայտեց, որ ՀՀ-ում իշխանութիւնը գտնւում է Կրեմլի գործակալների ձեռքին… և վերջիններս ապազգային, ենիչերացած տարրերի ձեռքով փորձում են հնարաւորինս երկարաձգել իրենց անձնական, ուստի և՝ Կրեմլի գաղութատիրական իշխանութիւնը Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, գործելով ճի՛շտ և ճի՛շտ Մոսկուայի 1921թ. մարտի 16-ի ու Կարսի 1921թ. հոկտեմբերի 13-ի հակահայ պայմանագրերի ոգով…
Հասկանալի է, որ Հայ ժողովրդին ճնշող և նրա Հայրենիքը բզկտած ու մասնատած, փոքրացրած, ինչպէս նաև դրանով իսկ ու դրանով հանդերձ մշտապէս թուրքական սպառնալիքի ու շրջափակման ներքոյ պահող այդ ապօրինի ու հակահայ պայմանագրերը կդենոնսացուեն, կչեղարկուեն միա՛յն ռուսական գաղութային լծի տապալման և Հայաստանը միջազգային հանրութեան լիիրաւ անդամի կարգավիճակին դէ-ֆակտօ հասցնելու դէպքում…
Իսկ դրա համար պէտք է փոխուի մեր ամբողջ քաղաքական ու տնտեսական համակարգը, և ամենակարևորը՝ հայ ժողովրդի լայն զանգուածների մտածողութիւնն ու աշխարհառազմավարական դիրքորոշումները…
Մենք, որպէս պաշտօնապէս պետութիւն ունեցող, պետական տիտղոսակիր ժողովուրդ ատա՛կ էինք, կարո՛ղ էինք քառորդ դարում՝ 1991թ. սեպտեմբերի 21-ից մինչև 2016թ. օգոստոսը ստեղծելու տնտեսապէս ու ռազմապէս հզօր պետականութիւն…
Սակայն դա չի արուել հայ ժողովրդի մարմնի մէջ մակաբոյծի պէս մտած թշնամական գործակալների գործունէութեան ու մեր ազգի գերակշիռ մեծամասնութեան քաղաքական տհասութեան, եթէ չասենք խաւարամտութեան ու չափազանց զգուշաւորութեան, եթէ չասենք վախկոտութեան պատճառով… Նաև՝ թերևս հայոց քաղաքական կուսակցութիւնների մէջ կրեմլեան գործակալների ներթափանցման պատճառով… Բայց ամենակարևոր ու միաժամանակ զարմանալի թուացող և նոյնիսկ միւս մէկը միւսից նողկալի պատճառների կողքին առաւելագոյնս եղկելի պատճառներից մէկն էլ ա՛յն է, որ Կրեմլը Հայաստանին ու Հայ ժողովրդին հնազանդութեան մէջ է պահում քրէական, գողական, մաֆիոզական տարրերի ձեռքով…
Երևանում գահին նստեցուած կրեմլեան գործակալներին՝ հայ ժողովրդին հնազանդութեան մէջ պահելու համար տրուած են ո՛չ միայն թաքուն ու բացայայտ գործակալների մեծ ջոկատներ, այլև քրէական տարրերի աջակցութիւնը՝ համառուսաստանեան մասշտաբով…
Քրէականութիւնը քայքայել է հայ ժողովրդի կեանքը, կամքը, բարոյականութիւնը, ճորտացրել է նրան… Զրկել անկախ պետականութեան նկատմամբ հաւատից ու ազատութեան ձգտումից…
Հայաստանը վերածուել է բանտային զոնայի, քրէականների ՙգաղափարախօսութեան՚ ու փաստացի իշխանութեան ներքոյ գտնուող գաղութի…
Այժմ, ասուածի լոյսի ներքոյ՝ աւելի պարզ են դառնում թէ՛ Սասնայ ծռերի ապստամբութեան, թէ՛ Սարի թաղի և միւս դէպքերը…
Այդ քրէական մտածողութիւնը մտցուել է ոստիկանութիւն ու բանակ, ամբողջ պետական ապարատի մէջ… Ոստիկանութեան ՊՊԾ գնդի հրամանատարական կազմի այլասերուած ճաշակներն ու անբարոյ գործելակերպը, գնդի տարածքի անպաշտպան վիճակը շատ բան են խօսում…
Ի դէպ, ռեժիմի հաւատարիմ ցերբերների դերը ստանձնած ոստիկանները Սարի թաղի դէպքերից յետոյ և Ապստամբութեան ճնշումից յետո զանգուածաբար գնում էին բանկերում իրենց վարկերը մարելու… Ահա՛ այդ բանկային-վաշխառուական լուծն էլ միւս կողմից է իր հերթին ճորտացրել հայ ժողովրդին, անբարոյականացրել թէ՛ նրան, թէ՛ նրա ուժային կառոյցները, որոնց պարանոցը մշտապէս գտնւում է բանկա-վաշխառուական կապիտալի օղակի մէջ… Վարկի տակ գտնուող հայ սպան և ոսկու մէջ լողացող օլիգարխների՝ բանակում ծառայելուց և առաջնագծի վտանգներից ազատուած ցոփ ու շուայտ զաւակները… Կարո՞ղ է, արդեօք, այս պայմաններում բարձր մնալ հայ սպայի, զինուորականի, ոստիկանի ու ուժային կառոյցների զինծառայողների ոգին… Շատերի մօտ, տեսնում ենք՝ ո՛չ… Յատկապէս ոստիկանութիւնում… Բանակում էլ բազմաթիւ մահացու և ոչ մահացու ելքով պատահարները յաճախ քրէական արմատներ ունեն, նաև՝ սոցիալական անարդարութեան պարարտ հողի ծիլերն են…
Այս ամէնի արդիւնքում ազգը այլասերուել է, եթէ դեռ ոչ լրիւ, ապա՝ դրա եզրին է… Այլասերուել և անբարոյականացել ու ժանգոտել են նաև ազգի բռունցքները, սուրն ու վահանը՝ նրա ուժային կառոյցները, որոնցից ոստիկանութեան դէմքը տեսանք 2016թ. յուլիսի Երևանեան ապստամբութեան
1. թէ՛ սկզբնակէտում՝ ՊՊԾ գնդի խայտառակ գրաւումով,
2. թէ՛ յետագայ իրադարձութիւններով…
Ինչ վերաբերւում է ուժային կառոյցներից հզօրագոյնին՝ բանակին, ապա 2016թ. Ապրիլեան Քառօրեայ պատերազմից յետոյ ՊՆ փոխնախարարների ու վարչութեան պետերի՝ կապի, մատակարարման, հետախուզութեան և միւս պատասխանատուների, բազում գեներալների ու գնդապետների սուս ու փուս պաշտօնաթողութիւնները շա՜տ բան են ասում… Պէտք է դատուէի՛ն, չդատուեցին… Պէտք է դատուե՛ն…
Բայց այդ դէպքում դատի տակ կգնային նաև նրանց ուղղակի պետերը՝ պաշտպանութեան նախարարը և վերջինիս նշանակած բարձրագոյն պաշտօնեան…
Կորցրած 800 հա՝ ութ հարիւր հեկտար, կամ գուցէ 1 հազար 600 հեկտար հայրենի հողի համար նրանք պէտք է ո՛չ միայն իրենց զբաղեցրած աթոռներով, այլև իրենց գլխո՛վ պատասխան տային… Նորմալ երկրներում այդպէս է…
Բայց դեռ չեն տուել… Ու կտա՞ն, եթէ Կրեմլի որոշմամբ շարունակեն մնալ աթոռներին, իսկ հայ ժողովուրդը մնայ պուտինեան վասալների անմռունչ հպատակի կարգավիճակում…
Պատասխան չեն տուել նաև 100-ից աւելի հրաշալի հայ զինուորականների՝ հերոս սպաների ու նոյնքան հերոս զինուորների կեանքերի համար, որոնք չգիտէին դաւի՛ և լա՛ւ չգիտէին վերևներին համակած փտածութեան աստիճանի՛ մասին, և նուիրուածութեամբ Հայրենի եզերքներն էին պաշտպանում՝ պատրաստ ամէն մի միլիմետրը ոռոգելու իրենց թանկարժէք, իրենց անգի՛ն արեամբ… Ոռոգեցի՛ն… Բաւակա՛ն ոռոգեցին… Ու աւելի սրբացրեցի՛ն այդ ՙռազմավարական նշանակութիւն՚ չունեցող, սակայն Արցախի Սահմանադրութեան մէջ ներառուած հողերի հեկտարները…
Ի դէպ, հայոց հողերից անգամ մէկ միլիմետրը չզիջելու և անարգ ոսոխին կանխարգելիչ ահաւոր հարուած հասցնելու ու Ադրբեջանական պետութեան վերջը տալու մասին հոխորտացող ու երկինք-գետին երդում ուտողները գիտե՞ն, թէ հեկտարի մէջ քանի՞ քառակուսի միլիմետր կայ ու ամէն միլիմետրում էլ՝ քանի՞ հայրենապաշտպան ու հայրենապաշտ հայ զինուորի անգին արեան կաթլիներ են թափուել՝ հազարաւոր տարիներ շարունակ… 1992-1994թթ. Արցախեան ազատագրական պատերազմում 6000-7000 հայ ռազմիկների արիւն է թափուել Արցախի և յարակից Սիւնիքի ու Ուտիքի կորուսեալ տարածքները Հայաստանին վերադարձնելու համար… 1994-2016թթ. ևս մօտ 6000 հայ զինուորի ու սպայի արիւն է թափուել այդ և միւս հայկական հողերը թշնամուց պաշտպանելու համար… Ուրեմն՝ 1992-2016թթ. 12-13 հազար փառահեղ հայորդիների արիւն… Դրան էլ գումարե՛նք 2016թ. Քառօրեայ պատերազմի ևս աւելի քան մէկ 100-եակ հերո՛ս տղերքի սուրբ արիւնը… Հայ ազգի արիւնն է ոռոգել այդ բոլոր հողերի ամէն միլիմետրը Հայկ նահապետից մինչև 2016 թուական…
Լայն լամպասներով շրջող տասնեակ գեներալներն ու թանկարժէք կոստիւմներով ու գերթանկարժէք աւտոմեքենաներով ճեմող ՊՆ բարձրաստիճանները թո՛ղ մտածեն այդ մասին… Հայաստանի մասշտաբներով գեր-գերթանկարժէք վիլլաներ կառուցածներն ու կառուցելու մտադրութիւն ունեցողները նոյնպէս… Դեղորայք ու փամփուշտ կամ սնունդ չունեցած կամ սպառած հայ զինուորների ու ընտանիքին տեղափոխել չհասցնելով՝ մարտի նետուած հայ երիտասարդ սպաների ուղղակի բարձր պետերը, որոնց երևանեան ու այլուր գտնուող ամրոց-տները ո՛չ ոք չի համարձակուի թալանել… Այնպէ՛ս, ի՛նչպէս թալանել էին իրենց ենթակայ երիտասարդ սպաների՛ բնակարանները՝ ռազմաճակատամերձ բնակավայրում…
Ի դէպ, այդ բարձրաստիճաննե՞րն էին գրեթէ մէկ տարի ութ ամիս մոռացել ՀՀ բերել 2014 թ. օգոստոսին հայ զինուորների շահած Տ-90 տանկը… Մոռացե՞լ էին մինչև 2016թ. ապրիլի 27-ը: Այսինքն՝ Ապրիլեան պատերազմի աւարտից 22 օր յետոյ միայն այդ Տ-90-ը վերջապէ՛ս ժամանեց Հայաստան… Այդ մասին մի շարք լրատուամիջոցներ, այդ թւում՝ ՙԱզգ՚ շաբաթաթերթը՝ 2016թ. մայիսի 7-ին տպագրած իմ հեղինակած ՙՀայ զինուորների շահած Տ-90 տանկի ոդիսականը՚ յօդուածով տեղեկացրել են Հայ հանրութեանը…
Ինչ վերաբերում է ուժային կառոյցներից ամենագաղտնիին ու թաքնուածին, ապա նրա մասին խօսել իսկ չարժէ, քանզի իւրաքանչիւրի համար պարզ է, որ Ապրիլեան պատերազմի և նրա հետևանքների համար պատասխանատւութիւն է կրում նաև ա՛յդ կառոյցը, որի խնդիրն է՝ 1. ապահովել արտաքին քաղաքական, ռազմավարական հետախուզութիւնը…
Իսկ թէ որքանով է տիրապետում 2. ՀՀ ներքին իրավիճակին՝ երևաց դարձեալ 2016թ. յուլիսի Երևանեան ապստամբութեան ժամանակ… Այսինքն՝ վատ է աշխատում նաև ներքին՝ հակահետախուզական ծառայութիւնը…
ԴԷ, այստեղ էլ՝ այսինքն ԱԱԾ-ում պաշտօնանկութիւններ եղան, բնականաբար՝ դարձեալ չափի մէջ: Բայց եղա՛ն: Չէ՛ին կարող չլինել… Ապրիլեան պատերազմ էր եղել, և, բնականաբար՝ Յուլիսեան ապստամբութիւն…
Հիասթափեցնո՞ւմ է ՀՀ ուժային կառոյցների վիճակը…
Ի դէպ, չանդրադարձանք ԱԻՆ-ին՝ արտակարգ իրավիճակների նախարարութեանը, բայց նրան էլ կստուգի Ադրբեջանի նոր ագրեսիան… Չէ՞, որ հակառակորդը շարունակում է պատրաստուել ագրեսիւ պատերազմի…
Այն էլ՝ հրթիռային հեռահար՝ 6-րդ սերնդի պատերազմի…
Այդ մասին 2016թ. մայիսի 27-ին ՙԱզգ՚ շաբաթաթերթում հրապարակուել է իմ հեղինակած ՙSi vis pacem parabellum՚ յօդուածը, որի վերնագիրը և ամբողջ բովանդակութիւնը ասում են՝ ՙԱնդո՞րր կուզես, պատրաստուի՛ր ռազմի՚…
Կրկնում եմ. հիասթափեցնո՞ւմ է ՀՀ ուժային կառոյցների վիճակը…
Այո՞:
Չպէ՛տք է, սակայն, զարմանալ…
Ռուսաստանին պէտք չէ հզօր հայկական պետականութիւն… ուրեմն պէտք չեն նաև՝ հզօր հայկական ուժային կառոյցներ…
Իսկ Երևանի նահանգի՝
1. տեղական գաղտնի ոստիկանութեան,
2. ժանդարմերիայի ու
3. սահմանապահ զօրքերի գործառոյթները
ներկայիս՝
1. ԱԱԾ-ը,
2. Ոստիկանութիւնը և
3. ՊՆ-ն
վատից-լավից կատարում են…
Մոսկուայի համար կարևորը այն է, որ ռուսների առաջին իսկ պահանջի դէպքում իրենց հայաստանեան ֆորպոստի կամ Երևանի նահանգի ուժային կառոյցներն՝
1. աջակցութիւն ցուցաբերեն այս աշխարհաշրջանում՝ Մերձաւոր Արևելքում և Կովկասում ռուսական ուժային արկածախնդրութիւնների ժամանակ, ինչպէս նաև
2. յուսալիօրէն ճնշեն Երևանի նահանգի հայ բնակչութեան ընդվզումները նահանգապետի ու ռուսական կայսրութեան դէմ…
Երկու առաջադրանքն էլ արւում է… դեռևս արւում է…
Պէտք կլինի, ռուսները կօժանդակեն՝ ասենք, ուղղաթիռներով Կումայրիի ռուսական ռազմաբազայից նետուած ռուսական Ալֆա-յով… և ո՛չ միայն դրանով…
Ի դէպ ռուսական ռազմաբազան նաև Երևանում է՝ օդային զօրամասի տեսքով…
Այսպէս ամէն ինչ աւելի պա՞րզ դարձաւ…
Ահա ինչու Սասնայ ծռերի 2016թ. յուլիսեան ապստամբութիւնը նախ ապստամբութիւն էր ռուսական կայսրութեան, ապա՝ Կրեմլի Երևանեան նահանգի վարչակազմի դէմ, որն իրեն անամօթաբար Հայաստանի Հանրապետութեան քաղաքական ղեկավարութիւն է անուանում…
Բայց Սասնայ ծռերի 2016թ. յուլիսեան ապստամբութիւնը նաև ապստամբութիւն էր այն քրէական և ճորտատիրական կարգերի դէմ, որոնց միջոցով Հայաստանը վերածուել էր Ռուսաստանի գաղութի ու զօրավարժարանի, ռազմակայանի ու ռազմական պլացդարմի… Ընդամէնը…
Այժմ եկել է ժամանակը՝ վերականգնելու հայկական անկախ պետականութիւնը… Ազատ, Անկախ, իսկ մի օր էլ՝ նաև Միացեալ Հայաստանը…
Եկել է ժամը հասկանալու, որ Հայաստանն ի վիճակի է՝
1. ստեղծելու սեփական ազգային շահերին ծառայող պետական ապարատ,
2. արդիական տեխնիկայով զինուած ու արդիական պատերազմ վարելու ունակ բանակ՝ առանց ռուսական հետամնաց ու հետադիմական ակադեմիաների պատրաստած որոշ գործակալ սպաների (տարբեր ուժային կառոյցներում),
3. և ի վիճակի է անհրաժեշտութեան դէպքում կռուել թէ՛ Ադրբեջանի, թէ՛ Թուրքիայի դէմ, ինչպէս եղել է 1918-1920 թուականներին, երբ հայ ժողովուրդը գրեթէ 10 պատերազմ է վարել բոլոր ուղղութիւներով, այդ թւում՝ ներքին թշնամու դէմ, ընդսմին՝ երբեմն միաժամանակ երկու կամ աւելի պատերազմ…
Համեմատութիւններ անենք, ու փորձենք գտնենք ընդօրինակման արժանի պետութիւններ…
…Իր անկախութեան հռչակման օրուանից՝ 1948թ. մայիսի 14-ից Իսրայէլը միաժամանակ մարտնչում էր և մարտնչում է մի քանի արաբական պետութեան դէմ և մշտապէս յաղթանակներ է տանում…
Ընդամէնը 19 տարեկան Իսրայէլը 1967թ. 6-օրյա պատերազմում, որը երիտասարդ հրէական պետութեան 8-րդ պատերազմն էր, խայտառակ կերպով ջախջախեց 7 արաբական պետութիւնների, որոնք միասին ռազմադաշտ էին հանել աւելի քան մէկ միլիոնանոց բանակ:
Այդ ուժի քառորդ մասն ունեցող Իսրայէլը պարզապէս կայծակնային հարուածներով ցրիւ տուեց նրանց բոլորին և հերթով ծնկի բերեց Սիրիային, Եգիպտոսին, Յորդանանին…
Վերջիններիս զօրք ուղարկած ու այլազան ռազմական օժանդակութիւն ցուցաբերած Իրաքը, Սաուդեան Արաբիան, Քուվէյթն ու Ալժիրն էլ ի վիճակի չեղան որևէ բան ձեռնարկելու և ընդունեցին իրենց ընդհանուր պարտութիւնը…
Ի դէպ, արաբական այդ երկրներին աջակցում էր նաև Պակիստանը, սակայն դա էլ չօգնեց նրանց խուսափելու սոսկալի պարտութիւնից…
Այժմ էլ Իսրայէլն իր հզօր տնտեսութեամբ, արդիական բանակով ու զուտ ազգային գաղափարախօսութեամբ ահ ու սարսափ է տարածում իրեն հարևան ու իրեն շրջապատած երկու հարիւր կամ երկու հարիւ յիսուն միլիոն արաբների վրայ… Եւ քսաներկո՛ւ արաբական պետութիւնները ոչի՛նչ չեն կարողանում անել նրան… Միջուկային պետութիւն Իսրայէլին… Տիեզերական պետութիւն Իսրայէլին… Մոլորակի 10 ռազմապէս հզօր տէրութիւններից մէկը հանդիսացող Իսրայէլին…
Ինչո՞ւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարութիւնը չի հաշուի առնում Իսրայէլի այս արժէքաւոր ու ՀՀ համար խիստ օգտակար փորձը…
Ինչո՞ւ…
Քանզի Իսրայէլը սեփական ազգային շահերն առաջ մղող ազգային պետութիւն է, ինքնավստահ ու ինքնայարգ, ինքնակազմակերպուած ու ինքնապաշտպանութեան ընդունակ ազգ-պետութիւն, ազգ-բանակ, որն աւելի լաւ է հասկացել մեր մեծ իմաստասէր ու զօրավար Նժդեհի գաղափարները, քան մե՛նք՝ ինքնե՛րս… Ի դէպ նա՛և այդ մասին է 2016թ. յուլիսին Երևանի պետական համալսարանի Պատմութեան ֆակուլտետի ամենամեայ գիտական հանդէսում տպագրուած հերթական յօդուածս…
Այնինչ Հայաստանի Հանրապետութիւն կամ Երրորդ հանրապետութիւն կոչուածը պետական կազմաւորում չէ, այլ ռուսական գործակալների կողմից Երևանի նահանգի կարգավիճակին իջեցուած ռուսական ֆորպոստ… Աւելին՝ քրէական հոգեբանութեամբ ներծծուող և այլասերուող գաղութ…
Տարբերութիւնը ՀՀ և Իսրայէլի միջև հիանալի տեսանելի է անզէն աչքով…
Իսրայէլն ունի ազգային գաղափարախօսութիւն և ազգային ղեկավարութիւն… Առաջնորդւում է իր ազգային շահերով… Եւ դրան նա հասել է ընդամէնը 19 տարում՝ 1948-1967: Դրանից յետոյ Իսրայէլն անհասանելի է դարձել իր հարևան բոլոր արաբական պետութիւնների համար և գնալով աւելի է հզօրանում՝ 1967-ից մինչև 2016թ.: Այժմ 8 միլիոն բնակչութեամբ երկիր է, ունենալով ընդամենը 20 հազ. քառ. կմ պաշտօնական տարածք և լինելով աշխարհի ռազմապէս հզօր պետութիւնների տասնեակի մէջ…
Իսկ ՀՀ-ն… 1991-2016թթ. քսանհինգ տարում հայկական 3,8 միլիոն բնակչութեամբ հանրապետութիւնը, գումարած 150-հազարանոց Արցախը, այսինքն՝ 3 միլիոն 950 հազար բնակչութեամբ Արևելյան Հայաստանի զոյգ հանրապետութիւնները, իրենց մօտ 42 հազ. քառ. կմ ընդհանուր պաշտօնական տարածքով ունեցել են միայն բնակչութեան նուազում՝ այժմ հազիւ մնալով պաշտօնական 3,2 մլն-ի կամ իրական 2,3 մլն-ի մակարդակի վրայ…
Դա՝ ի տարբերութիւն հարևան պետութիւնների՝ յատկապէս Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, որոնք գրեթէ 30 տոկոսանոց բնակչութեան աճ են ունեցել, մասնաւորապէս՝ Թուրքիան 25 տարում 60 միլիոնից դարձել է 80 միլիոն բնակչութեամբ պետութիւն, Ադրբեջանը՝ տարբեր տուեալներով՝ 5-6 միլիոնից դարձել է 8-9 միլիոն բնակչութեամբ պետութիւն, նոյնն էլ կամ մի քիչ աւելի շատ՝ Իրանը՝ գրեթէ 35 տոկոս աճով ներկայումս դառնալով 80-82 միլիոն բնակչութեամբ տարածաշրջանային գերտէրութիւն… Հզօրացել են նաև նրանց՝ մեր այդ բոլոր հարևանների տնտեսութիւնները և զինուած ուժերը…
Նոյնիսկ մեր վերջին՝ չորրորդ դրացի պետութիւնը՝ Վրաստանը, չնայած 08.08.2008թ. ռուսական ուղղակի ագրեսիային, մեզանից աւելի զարգացած է և ունի բնակչութեան աւելի բարձր կենսամակարդակ… Բնակչութեան թուաքանակով ևս, ինչպէս 25 տարի առաջ, շարունակում է գերազանցել մեզ…
Իսկ Հայաստա՞նը…
Ռուսական լծի տակ գնալով խեղճացել ու թուլացել է Հայաստանը…
Բայց Հայաստանը և Հայ ժողովուրդն ունեն ելք…
Ելք ստեղծուած դրութիւնից…
Վերջ տալ այսպէս կոչուած Երրորդ հանրապետութեանը, իսկ աւելի ճիշտ՝ Հայաստանի քրէական հանրապետութեանը և անցնել իսկապէս Ազատ ու Անկախ պետականութեան ստեղծման գործընթացին… 2016թ. Ապրիլեան պատերազմից յետոյ՝ կոնկրետ Ապրիլի 5-ից Հայաստանը գտնւում է նոր անցումնային փուլում… Երրորդ հանրապետութիւնը վախճանուել է, այն կենդանի կամ գուցէ անկենդան և անթաղ դիակ է… առաջին հերթին՝ 25 տարի շարունակ այդ հանրապետութեան գլուխ կանգնած քրէաօլիգարխիկ ու կրեմլագործակալ, բոլշևիկավասալ, կգբ-ածին ուժերի շնորհիւ…
Եւ 2016թ. յուլիսի 17-ին երրորդ հանրապետութեան դագաղի առաջին մեխերը խփեցին Սասնայ ծռերն ու Սարի թաղի պատուարժան հայ ժողովուրդը՝ 2016թ. յուլիսեան Երևանեան Ապստամբութեամբ… նաև՝ Սասնայ ծռերին Հայաստանով մէկ և ամբողջ աշխարհում իրենց աջակցութիւնը ցուցաբերած բոլոր ՀԱՅԵՐԸ…
Դէ, ուրեմն, հրաժե՛շտ տանք բարոյապէս արդէն վաղուց մեռած, իսկ ֆիզիկապէս Ապրիլեան պատերազմում սրտի հարուած ստացած և այլևս վերակենդանացման ոչ ենթակայ, նեխած Երրորդ Հանրապետութեանը, և թող կեցցէ՛ Չորրորդ Հանրապետութիւնը…
Կեցցէ՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու…



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Levn Poghosyan
Aug 8, 2016 20:01


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('69912') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD4\xB1\xD5\x85\xD4\xBF\xD4\xB1\xD4\xB6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD4\xB1\xD5\x85\xD4\xBF\xD4\xB1\xD4\xB6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD4\xB1\xD5\x85\xD4\xBF\xD4\xB1\xD4\xB6\xD5\x88\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219