ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 29, 2016 16:10 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ: ԳԱՅԱՆԵ ԵԴՈՅԱՆ

Գայանե Եդոյան (2)ԳԱՅԱՆԵ ԵԴՈՅԱՆ

**

Եթե ապրե՜լ,
Հա՛րկ է այնպես ապրել կյանքում,
Որ քեզ զգաս մարդավայել,
Այլ ` ոչ կեղծ ու դիմակավոր
Մարդկանց նման հա՜ր-բյուրավո՜ր…
( Անգա՛մ ժպիտն են դարձրել`
խորամանկ ու կասկածավոր…)

Եթե խոսե՜լ,
Պե՛տք է խոսել այնքա՜ն մաքուր`
Պարզ ու անկեղծ,
Որ մեկ բառդ էլ հերիք լինի
Ու ավելին ազդարարի,
Այլ`ոչ դատարկ , ճոռոմավոր
Բազում խոսքե՜ր…
( Որոնք անգա՛մ քոռ գրոշի արժեք չունեն… )

Եթե լռե՜լ,
Ապա՛ այնպես,
Որ անգամ իսկ
Լռությանդ ձայնը լինի
Բարձրագոչ ու բազմախորհուրդ,
Այլ` ոչ նման ճղճղոցի …
( Փուչ ոռնոցը ասե՛ք ` ու՞մ է պատիվ բերել…)

Թե երազե՜լ,
Ապա՛ այնպես,
Որ երազիդ մեջ էլ անգամ
Դու քեզ զգաս արարչագործ,
Այլ` ոչ դահիճ
Կամ ` չարագործ…
( Երազե՜լն է մարդուն դարձնում հրաշագործ…)

Իսկ թե սիրե՜լ,
Ապա՛ այնպես
Կրքո՛տ, ուժգի՜ն
Որ դու հալվես սիրեցյալիդ
Համբույրներից կարոտագին…
Այլ` ոչ խաբե՛ս
Կամ ` պատրանքով լցնես հոգին…
( Ինչը շա՛տ է այս աշխարհում` մեղքերով լի…)

Է՜լ ի՞նչ ասե՛մ.
-Ուրե՜մն եկե՛ք
Այնպե՜ս ապրենք,
Անպե՜ս սիրենք ու երազենք,
Այնպե՛ս խոսենք և կամ լռենք,
Որ հետ նայենք ու չամաչենք`
Մե՛ր իսկ գծած ճանապարհից,
Մե՛ր ստեղծած երազներից
Ե՛վ մեր թողած բյու՜ր հետքերից…
_______________________________________________________
( «Մա՜րդ» լինելու և մնալու գործոնն է սա,
հա՛րկ է մարդուն `ապրե՛լ այսպե՜ս…)

**

ԳՈՒՅՆԸ ԿԱՐՈՏԻ…

Ասում են ՝ կարոտը կապույտ գույն ունի,
Իսկ իմ կարոտը` ո՛չ միայն երանգ,
Այն նաև հասցե՛ և անուն ունի…
Դա Հայաստա՜նն է՝ տունն իմ հայրենի,
Դա Մայրաստա՜նն է՝ լեզուս մայրենի…
Ասում են՝ կարոտը գույնն է աչքերի,
Բնա՛վ չեմ ժխտում, այդպես է հարկա՛վ,
Ապա ՛ ուշադիր նայեք աչքերիս,
Նայե՛ք, կտեսնեք իմ կարոտը լուրթ,
Չէ՞ որ աչքերն են հոգու հայելին,
Նրանք չեն խաբում, այլ սրտում բանտված
Անհուն կարոտից արցունք են դառնում,
Լինում է հաճախ, որ ներս են հոսում,
Վերածվում բյուրեղ `սառցե արցունքի
Ու կարկամում են , քարանում, սպասու՛մ,
Թե երբ է ցողը սառույցով պատված`
Վայր գլորվելու հոգնած աչքերից ,
Եվ անզուսպ ու հորդ արցունքի տեսքով`
Անսանձ անձրևի կաթիլների պես,
Լացի վերածված արցունքներս ջինջ
Սահո՜ւմ են, սահո՜ւմ ու անվերջ պատմում
Թե ի՛նչ է կարոտն և ի՛նչ եմ զգում…

**

Հոգուս խորանում
աղո՛թք է ,
մրմու՜նջ,
և խոհակալած
հույզերի՜ մի փունջ,
որ փոխ եմ տվել
ես լռությանը …

Եվ ամբարել եմ
խոհերս բոլոր`
արդեն քանի՜ օր
ու լռությանն էլ
կարգե՛լ
ինձ ընկեր…

Սակայն բառերս
այնպե՛ս են թրծվել,
այնպե՜ս հեղեղվել,
որ պահ է գալիս
նրանք ինքնաբավ
ուզում են ճայթե՜լ…

Նրանց այրոցից
սիրտս նվաղել,
մի բուռ է դարձել,
զու՛տ աղոթքներս են
հույսի շղարշով ինձ ապավինում`
հոգուս մատուռում…

ԳԱՅԱՆԵ ԵԴՈՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ