ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, February 2, 2016 21:31 - չքննարկված

Կանթեղ գրական: ՄԱՐԻՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Մարինե ՍարուխանյանՄԱՐԻՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
**
ԳՆԱՑՔ
Սիրում եմ գնացքով ճամփորդել:
Բնությունը սահում է հայացքիդ մեջ, փոխվում են գույները, պատկերները,մարդկանց դեմքերը թրթռում են գնացքին հակառակ վազքում.ժպտում, թախծում, չքանում ու նորից հայտնվում… Քեզ թվում է ՝դու հավերժությունն ես,իսկ քո առջևով հոսում է կյանքը՝ գույզգույն,տարաբնույթ…Ու երբեմն այդտեղ սողոսկում ես դու՝ իբրև մի դրվագ կամ կյանքի այդ պահը ձևավորող գործոն…
Ամեն անգամ հիշում եմ մի պատմություն,որը գերել էր ինձ ու դարձրել գնացքով ճամփորդելու սիրահար:
Տարիներ առաջ առողջարան էի գնում՝ մորս տեսակցության,ուր հանգստանում էր նորահայտ իր ընկերուհու հետ: Մորիցս բացի ինձ միշտ անհամբեր սպասում էր այդ կինը նույնպես : Հասակակիցներ էին,հեռացել էր ընտանիքից:Մորս նրբանկատ աչքը չէր վրիպել կնոջը դատապարտող աչքերից , շուրջը պտտվող տհաճ աղմուկից ,անմիջապես իր ընկերությունն ու սիրտն էր դեմ տվել:
Եկել էր այստեղ իր ձեռք բերած ազատության հետևանքները մաքրելու …
…Նրանք ինձ դիմավորեցին առողջարանին կից այգում,փարթամ ծառերի հովանու ներքո:Մայրս ամուր գրկխառնոցից հետո սկսեց հարցուփորձը՝ գույնզգույն խրատներով համեմելով մեր զրույցը: Սրտնեղեցի:Մանիկը(այդպես էր ընկերուհու անունը) պրպտող հայացքով հետևեց քիչ,ապա թովիչ ժպիտով ընդհատեց.
-Հանգի՛ստ թող աղջկան. թող գտնի իր ճանապարհը՝ բոբիկ ոտքերով:
Իհարկե ինձ դուր եկավ իր հովանու տակ առնելը, միայն չհասկացա անսովոր արտահայտությունը… Մայրս շուտով լքեց մեզ. Ականջիս մոտեցրեց ափը,շշնջաց.
– Երեկոյան կծանոթացնեմ ընկերոջս հետ:
Անչափ զարմացա,ժպտացի համեստ,մտածեցի կատակ է անում: Ապա շարունակեց.
-Դու ուրիշ ես, նման չես մյուսներին և ի՛նձ ես հիշեցնում իմ խենթ տարիքում…Միշտ լսիր քո սրտի ձայնին,միտքդ մի՛ թող քեզ ճնշի ,զգացմունքներդ մի՛ խեղդիր. Քո չափից դուրս մտածելը քեզ կտանի ոչ քո ուզած ճանապարհով…
Փաղաքուշ նայեց ինձ, շոյեց այտս.
-Շեղվեցի, այո՛, ես ընկեր ունեմ ,ինձնից տասը տարի մեծ…Դե՜,ինչ կասես. այդպե՛ս , ձեռնոց եմ նետել կաղապարված իմ կյանքին ,նոր գտած սիրուն թևանցուկ արել….հասուն իմ տարիքում… Նույն ափում են իմ վերջն ու սկիզբը,- մի պահ տխրեց , ձեռքերով գրկեց կրծքավանդակը, փայլող աչքերը մշուշվեցին,-վերջն ու սկիզբը նույն ափում, շարունակում եմ վերջից …սկիզբը՝ իմ երազն է այսօր , հիմա, այս պահին…
Զարմանքս փոխվեց հիացմունքի. Նայում էի նրա ՝ շատ հմայիչ , թեթև շպարված դեմքին, փայլող ,մուգ կանաչ աչքերին, զմայլվում նրա հասուն ու հյութեղ գեղեցկությամբ : Պատմում էր իր կյանքը.տարիքը թևեր էր առել, թեթև ճախրում էր,կանացիությունը սեթևեթում էր ամեն շարժման մեջ, դեմքից սահում մարմնին, քնքշանքը ծփում էր նրա շուրջը.բուրում վարդի նման:Ես իր կողքին զգում էի ինչպես ճամփին ընկած անմշակ, անտաշ մի վայրի աղջիկ…
Սթափվեցի ,երբ մեր նստարանին մոտեցավ տարեց, վեհ կեցվածքով մի մարդ: Թավիշ ժպտաց, ողջունեց, ձեռքի վարդերի փունջը առանց երկմտելու նվիրեց ինձ,թեև երևում էր՝ ինչպիսի՜ սիրով ու խնամքով էր ընտրել այն իր ընկերուհուն՝ սեփական այգուց (ինչպես հպարտ սեթևեթանքով շեշտեց Մանիկը), գրկեց ընկերուհու մեջքը.սահեցին թեթև ծառուղիով:
Հայացքս զարմանքով,հիացմունքով ուղեկցեց նրանց մինչև անհետացան աշնանային ոսկյա շողերի մեջ….
Հանեցի տետրս, և օրագրային իմ «լացուկոծի» հաջորդ էջը եղավ նրանց սիրո պատմությունը…
Մեկնում էի Ա քաղաք աշխատանքային հերթական գործուղման…դրանք թեթևություն էին բերում կյանքիս. Թեև չէի ասի երջանիկ չեմ…Ամեն անգամ աշխատանքային եռուզեռից վերադառնում էի ընտանիք ՝ նվերներով , կարոտած ու խանդավանքով…
Բայց այս անգամ կյանքի գնացքը ինձ ուրիշ անակնկալ էր պատրաստել…
Մինչ ես պատրաստվում էի մտնել վագոն, մի երիտասարդ քսվելով թևքիս, արագ բարձրացավ՝ ինձ ետ հրելով…Զայրացած շպրտեցի.
-Երիտասա՛րդ, ասպետության տեղ թողե՛ք մի քիչ…
«Ասպետը» շրջվեց.մռայլ հայացքը սևեռեց դեմքիս ՝ շուրթերը սեղմեց, աչքերն արագ ինձ տնտղեցին շինծու քամահրանքով : Զայրույթս փոխվեց շփոթված մրմնջոցի.
-Ներեցե՛ք, ինձ թվաց …-այլևս չշարունակեցի:
Ժպտացի,ուսերս թոթվեցի ներում հայցողի ժեստով, որն իհարկե ավելի ծանր նստեց «երիտասարդի» արժանապատվությանը…
Անծանոթը մի պահ կանգ առավ, կուլ տվեց վիրավորանքի ալիքը , ոչնչացնող հայացքով, բարձրացավ վագոն:
Տարեց տղամարդ էր՝ հարուստ կնճիռներով, ալեխառն մազերով, մռայլության չափ տխուր դեմքով. իհարկե ինձ շփոթեցնողը տարիքը չէր , այլ …
Թեև ալեխառն մազերին ու հասուն տարիքին, առինքնող մի հմայք կար նրա դեռևս ձիգ կեցվածքում , խորհրդավոր անժպիտ դեմքում…Այս ամենին գուցե ուշադրություն չդարձնեի,մոռանայի իրեն ու իր ամբարտավան կեցվածքը, զայրույթը :Միայն աչքերը…ինձ ապշեցրին մուգ դարչնագույն աչքերը՝ խորքում անիմանալի ձգող, հմայող խորհուրդով, որոնք ներդաշնակում էին նրա չսափրված թուխ դեմքին:
Հրմշտոցի մեջ մտա կուպե, բարևեցի հարևանիս առանց դեմքին նայելու, ճամպրուկը տեղավորելուն պես նստեցի պատուհանի դեմ ու սկսեցի վայելել կառամատույցի խայտաբղետ անցուդարձը…
Սիրում եմ գտնել հետաքրքիր պահեր, զուգահեռներ անցկացնել, խորանալ մարդկանց աշխարհը,փոքրիկ դրամատիկ պատկերներ հյուսել՝կարդալով ժեստերը, շարժումները:Սա էր պատճառը գուցե ,որ գտա այն ծանոթ ու անծանոթ աշխարհը ,որ փնտրել ու շարունակում էի փնտրել հոգու խորքում , որքան էլ որ կյանքս հարմար հունով էր ընթանում…
Գնացքը կամաց պոկվեց տեղից, թեթև քամին սահեց ներս, սկսեց խաղալ մազերիս հետ, անտառից եկող խոնավ հողի բուրմունքը զեփյուռի թևերով խլվլաց դեմքիս. Գլուխս մի փոքր ետ գցած,աչքերս կիսափակ վայելում էի այնտեղից եկող բույրը. Նրա խուտուտը: Զգեստիս օձիքը սահել, իջել էր ուսիցս վար,թեթև դողը ստիպեց ինձ գրկել ուսերս՝ ափով երբեմն շփելով պարանոցս , գլուխս թեթև ետ գցած ,բնության նվիրած այս վայելքում մոռացել էի հարևանիս ներկայությունը: Սթափվեցի, երբ լսեցի հագուստի թեթև շրշոց,զգացի զննող հայացք: Շրջվեցի: Պատուհանից ինձ նայող լույսից հետո կուպեում փոքր- ինչ մռայլ թվաց.ուղեկցիս դեմքը հազիվ էր ուրվագծվում, մշուշում ժպտաց, գլխով արեց:Տարեց ասպետը… քիչ առաջվա միջադեպը…և այդ աչքերը,աչքերը՝ տխուր, մուգ,մռայլ արծվահայաց դեմքին…
Կրկին ողջունեց գլխի թեթևակի շարժումով ,այս անգամ արդեն կիսաթաքույց ժպիտով: Մի պահ շփոթվեցի, անակնկալից զարմանքը ծավալվեց դեմքիս, լայն ժպտացի. Ուղեկիցս գնահատող,արագ հայացքով սահեց մինչև ծնկներս՝ժպիտի թեթև կամարով մսոտ շուրթերին, ապա իրեն բնորոշ մռայլությամբ շարունակեց թերթել թարմ լրագիրը…
Հանեցի գրառումներիս տետրը.այդ աչքերի մթությունը …ինչու էր ինձ այդպես հուզում..փորձում էի գտնել բացատրություն, ապարդյուն: Ու թերթում էի՝ երբեմն մտերմիկ, պրպտող հայացքս ուղղելով նրան:
Երկար ժամանակ լռություն էր տիրում …Հիմար ժպիտներս զարնվում էին նրա կնճիռներին ու խշրվում օդում:Նայում էի անզուսպ հետաքրքրությամբ.ծանո՛թ, ծանոթ ինչ-որ զգացողություն ինձ հանգիստ չէր տալիս անցյալից .Հուշերս ոչ մի կերպ ինձ չէին ուզում, չուզեցին օգնել: Հոնքերս բարձրացրրի, ափերս զարմացական ժեստով ուղղվեց նրան՝ թե լռու՞մ ես,լռի՛ր… ապա հաշտվեցի ժայռ ներկայությանը ,խորացա իմ գրառումներում:
Ձգվող լռությունը անհանգիստ վերուվար էր անում մեր շուրջը, լսվում էր ընդհատ շնչառություն,երբ գնացքի անիվների չխկչխկոցը խլանում էր մեղմ ընթացքի մեջ:
Հարևանս մատների նյարդային դողով,որը չվրիպեց իմ աչքից,վերցրեց ծխախոտի տուփը,դուրս եկավ կուպեից:
Գնացքի համաչափ տատանումներից աչքերիս իջավ հաճելի թմբիր.գլուխը ծնկներիս,կիսանինջ, չէի նկատել՝ ուղեկիցս ինչպես էր ներս մտել ու կանգնել ինձ մոտ, շատ մոտ:
Քամին վարսերս ցրիվ էր տվել սեղանիկին,տետրս գցել հատակին.կրկին ուսս մերկացրել:Նա զգույշ մազերիս փունջը ծալեց ուսիս նուրբ շարժումով և այնքան զգույշ,որ միայն մատների ջերմությունը զգացի, սարսուռը՝ նրանցից եկող տաքից… Տետրը կամաց դրեց սեղանին՝աչքերը չկտրելով այնտեղ արված խզբզոցից.՝ փորձելով անհասկանալի գծերում զատել պատկերները:Մինչ նա խրվել էր անհամեստորեն իմ գրառումներում, արդեն մոտիկից զննեցի նրա դեմքը. ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ՝ ինչն է այդպես ձգողը,դեմքի մռայլության մեջ անասելի ինչ-որ դառնություն կար գծագրված , կնճիռները ավելի հմայիչ էին դարձնում այն, զարմանալիորեն կախարդիչ . գուցե ա՞յդ,կամ կյանքից հիասթափվածի անտարբերությու՞նը ստվերի նման անբաժան դեմքի մռայլից…. Դրանից եկող ինչ-որ ուժ հաճելի խլրտոց էր գցել հոգուս մեջ՝ ինձ անհասկանալի ու անծանոթ մինչ այժմ,իսկ մազափունջը դարսելու քնքշությունը՝ դեմքի անխախտ մռայլության մեջ,նույն ժայռային խորհրդավորությամբ, ինձ ապշեցրել էր, հմայել…

– Մի՞թե կարելի է կարդալ ուրիշի « նամակները»…
– Հետաքրքիր է…. դու՞ ես գրել,- առանց ինձ նայելու հարցրեց
անծանոթը ,- ինչու ՞ես այսպես խռնել բառերը,մի կերպ կարդացի:
-Լրագրո՞ղ ես , միայն իրենք գիտեն այսպես խզբզել:
Հայացքս հարցական , խիստ , բարձրացրի . ինչպիսի ինքնավստահություն ,անհամեստ , իմ աշխարհը թափանցելու իր անկաշկանդ մոտեցումը նորից մի պահ շփոթեցրեց ինձ.
-Այսքան հմայիչ կին, անտանելի՛ ձեռագիր . խզբզոցը ոչինչ:
-Այս մի բառը … կոպիտ է հնչում , չի բռնում..
Ո՛չ նախատինքս, ո՛չ հոնքերիս աղեղները չսաստեցին իրեն: Խորազուզված շարունակում էր տնտղել…
Թեթև խռովքս վերածվեց քնքշանքով լի պատկառանքի, ժպիտը ճառագեց դեմքիս, ծաղրանքով, չարաճճի ՝աչքերս սևեռվեցին նրան.սպասում էի, որ ներում կխնդրի,բայց ոչ բառերս հասան իրեն, ոչ հայացքս շանթեց…
Աչքերս անքթիթ կախվեցին նրա մութ աչքերի խորությունից . կրկին խլրտումը , նրանից եկող ջերմությունը , ծխախոտի բույրը….հարազատ , ծանոթ ու մոռացված.
-Ինչու՞,-ապա չար շարունակեցի ,- ի՞նչ է նշանակում,-իմաստ գիտեի ,և որ կոպիտ է հնչում նույնպես, բայց անզուսպ ցանկությունը ՝ նրան ափերից հանելու, ինձ հանգիստ չէր տալիս.
-Ինչու հմայիչ կինը չի՞ կարող կոպիտ գրել:
-Մի՛ գործածիր բառը ,երբ իմաստը չես հասկանում,-թավ, տիրական տոնը ինձ նորից տարավ մոռացված, անհասկանալի աշխարհ…
Զայրացած, ծածուկ շփոթությամբ տետրը դրեց սեղանիկին, հայացքը գցեց արևի շողերի ու վարսագանգուրների մեջ անհաջող թաքնված պարանոցիս …
-Իմաստը հասկացել եմ, ի՞նչը զայրացրեց ձեզ…և վերջապես ժպտացե՛ք,
Հարցը,թե համարձակությունս անակնկալի բերեցին նրան…
Ապա վրա տվեցի՝ չտալով ազատություն զայրույթի նոր պոռթկմանը…
-Օգնե՛ք,- ախր,այդպես էի զգում,այս կոպիտ բառի նման , չե՞ք ուզում օգնել .ի՞նչ կգրեիք դուք :
Հարցերիս տարափը , չարաճճի ժպիտս , անքթիթ հայացքս՝ թափեցին դեմքից.չոր կնճիռները:Ժպիտախառն գորովանք հայտնվեց երեսին,շուրթերը թեթև դողացին ,ձեռքը շոյեց մազափունջը՝ թեթև , համարյա առանց դիպչելու: Զգում էի անհավասար շնչառությունը, ապա կտրուկ վերցրեց ծխախոտը, դուրս եկավ …
Աշնան վազող գույները պատուհանից այն կողմ այնքան գրավիչ էին. բնության զարմանահրաշ սահքը ,խուճուճ ամպերը, հաճախ փայլող լճերը ,գետերի օձագալար հոսքը…արբեցրել էին ինձ …
Իրիկնացավ , հորիզոնը շիկնեց, ու կուպեում մշուշվեց օրը մայրամուտի բոսորով , ոսկեփոշով :
Շրջվեցի ,հարևանս դեռ չկար, մոտեցա բաց դռանը: Կանգնել էր պատուհանի մոտ կիսաթեք , ծխախոտը բերանին , հայացքն ինձ ուղղած:
Ես մոտենալու ցանկություն հայտնեցի: Լուռ քաշվեց մի կողմ , կանգնեցի կողքին.
-Որքան գեղեցիկ է չէ ՞աշունը: Եվ այս շքեղությունը շուտով կծածկվի սառն ու փափուկ ճերմակով …
Լռում էր…Դեմքին նոր ցավ նկարվեց. անմեղ իմ զմայլանքը կրկին սուզեց նրան մռայլության գիրկը:
Պատուհանից փչում էր քամին, զգում էի նույն հաճելի ջերմությունը , մազերիս խառնիփնթոր խաղը խտմտում էր նրա պարանոցին…հավաքեցի անհնազանդ փունջը ,հյուսեցի ուսիս:Կիսաժպիտ հիացմունքով հետևում էր ինձ . ինչպե՜ս էր նրան թովել այդ շարժումը դեռ սկզբից և հիմա այստեղ . այս պահին . դեմքը լուսավորվեց ,աչքերի մութը ժպտաց…
Գնացքի անհավասար ճոճումի՞ց էր ՝ սեղմվեցի ուղեկցիս, թե՞…Զգացի մարմնի ջղաձիգ կծկումը ,նայեցի իրեն .քարի նման մռայլ այդ դեմքին անասելի գորովանք , քնքշանք էր տարածվել , մռայլությունը դարձել էր քաղցր մի թախիծ…ու շփոթահար, մանկան նման մեղավոր աչքերով նայում էր ինձ, որին բռնացրել են դեռ չարած հանցանքում … Ժպտացի: Աչքերով շոյեցի շուրթերին երիզված խորը ակոսները:
-Երբ նայում եմ վազող բնությանը , ինձ զգում եմ ամեն երկրայինից բարձր , իսկ դու՞ք….
Հայացքում կարդացի թմբիրից արթնացող խռովք: Անքթիթ սպասումով հայացքս երկար գուրգուրում էր նրա դեմքի կնճիռները , հազիվ էի զսպում ինձ նրա շուրթի ծալքը շոյելու իմ անզուսպ ցանկությունը:
Նայեց երկար: Աչքերի գույնը փոփոխվում էր վայրկյանների մեջ ու մատնում հուզմունքը . բռնեց ուսերս , ձգեց իրեն , տաք շնչեց դեմքիս.
-Խաղ մի՛ արա,- աննկարագրելի քնքշությամբ շշնջաց նա ,–մի՛ խենթացրու…
Չարաճճի հրճվանքս երկչոտ ընկրկեց…
Չէր թողնում,չէի ուզում բաց թողներ… մեր մարմինների թփրտոցները խառնվել էին միմյանց,ծխախոտի բույրը ծմրել էր շուրթիս…
-Չէ, չկա …ոչ …ոչ մի խաղ ,-տաք շշնջացի ես…
Ու հալվեցի,հալվեցի երկար ու ձիգ նրա շուրթերին …
Ապա սահեցի ափերի միջով ճկուն ու փափուկ, աղերսը արդեն սրտիս մեջ, բույրը հոգուս մեջ…
-Ո՛չ, ո՛չ մի խաղ , – ձայնս արդեն հնչեց բարձր, վստահ: Իմ մեջ կեղեքվող՝ ապրված լրջության ողջ խրձով ,տարիներում հոգուս հետին ծալքերում թաքցրած զգացումներիս թրթիռները այդ մի քանի րոպեում ձգվեցին, ցավոտ , ու հրաշալի ձուլածո դարձան…
Իջնող աղջամուղջը, աշնան շքեղությունը, շողերի կարմրածուփ մեղեդին ,կիսամութ կուպեն , անիվների համաչափ վազքը, պատուհանից այն կողմ բնության խաղը. կյանքը, նրա վազքը, վազքը գնացքին հակառակ ուղղությամբ և գլխապտույտը ՝ ես , տարիներս , սեփական ձեռքերով կառուցած ամրոցը, մեծամիտ հպարտությունս,վագոնի չխկչխկոցն ու արևը բոսոր մշուշում…
Տետրիս էջերը վերուվար էին անում թեթև քամուց՝ չարաճճի իմ սեթևեթանքին փոխարինած անզուսպ տխրությամբ: Այդ պահին թռվռացող թերթերի մեջ տեսա իմ անցած ուղին , ինչ- որ երկնային խորհրդավորություն գտնելու իմ ցանկությունը այդ տարիների մեջ… Դատարկությունը սառը ցնցուղի պես ինձ սթափեցրեց, ավելին՝ գրառումներս, որ մինչ այդ ինձ համար մի ուրույն աշխարհ էին ու միայն իմը, մի տեսակ սփրթնել էին, գունատվել,ծամածռված ժպտում էին…
Կարծես մայրամուտի շողերի հետ հոգիս ջերմացնում էր անհասկանալի քնքշություն.թվում էր՝ դարերի խորքից իմ կեսը եկել ու լրացրել էր այն դատարկությունը, որ տարիներ շարունակ չէի կարողանում լցնել և ո՛չ էլ կարող էի հեռացնել….Ամրոցը, որն ունեի, աննկատ չքացեել էր , ու բացվել էր մի չքնաղ անէություն ,լազուրի մի անուշ փափկություն,որին ոչ մի կերպ չէի ուզում բաց թողնել,միևնույն պահին խուսանավում էի՝ մտնելու նրա անսովոր լույսի մեջ՝ճեպընթացին զուգահեռ արահետ ունենալով: Անհասկանալի այդ զգացողությունը ճչում էր. «Գտար ՜, գտար՜…»:
Գրկեցի ուսերս.օտարականի՝ ճմլող ափերից իջած այրող դողը չէր լքում ինձ ,նրա բույրը չէր հեռանում ինձնից:
Ներսս հաճելի խլրտում էր, երբ տեսնում էի այդ առնական դեմքի հուզմունքը,ձիգ մարմնի թրթռոցը :
Լռությունը ձգվեց: բայց այդ ընթացքում ի զարմանս ինձ ոչինչ չէր կաշկանդում. երկուսն էլ մոռացել էինք այն խռովքը, որ համակել էր մեզ…
Ու միաժամանակ դիմակայում էիք արթնացող այդ փոթորկին.միայն մեր ներքին ազատությունը չխաթարելու համար,որ ամրացրել էինք յուրաքանչյուրն իր ապրվածի ճշմարտությունն ունենալով…
Մեր սրտերը գտել էին իրար, հոգիները միահյուսվել ,որոնք թափառում էին երազի ետևից , վաղուց, մեր անցյալներում…
Փոքր- ինչ լռելուց հետո գրեթե միաժամանակ ժպտացինք.
-Ուտելու ոչինչ չունե՞նք.-սկսեց թավիշ ձայնով, թովիչ ու լայն ժպիտով,- անունդ գիտեմ Մանիկ, իմը՝ «Անգեղ»…
-Եվ իմ անունը՝ «Զմայլելի», փշերից բացի ,պոնչիկ, ձե՞րը՝« Արա Գեղեցի՞կ»…
Մեր փոքրիկ ընթրիքը համեմվեց փոխադարձ հարց ու զրույցով ՝ անկեղծ, մտերմիկ , ողջ զրույցի ընթացքում միմյանցից աչք չկտրելով:Որքան հնարավոր է փորփրեցինք միմյանց , ընդհուպ մինչ պատանեկության խենթությունները ,մեր գույնզգույն պատմությունները խաչվեցին մեր առաջին սերերի թախծոտ ավարտին…
-Իմ կյանքում շատ կանայք են եղել…բայց ոչ մեկի համար չեմ կարդացել, մի անհասկանալի ձգող բան կա քո մեջ ,առաջին պահից ինձ հանգիստ չի տալիս…Ոչ մեկի նկատմամբ նման զգացողություն չի եղել…
Կարդաց սիրուն, շատ սիրուն մի սիրերգ՝ երգեցիկ , թավ ձայնով:
ժպտացի : Նա համարյա նույն բառերով նկարագրեց այն ,ինչ ես զգում էի մեր հանդիպման առաջին իսկ պահից…
-Սիրուն խոսքեր են… դեմքիցդ հորդում է տառապանքը,- մտախոհ ասացի ես ,- ճամփորդողի արկա՞ծ…
-Չգիտեմ, ասացի, ի՛նչ կա…ինչ զգում եմ ,- լռեց,նայեց երկար, կարծես ինչ-որ բան էր ուզում գուշակել , -շարունակեց ,- կգա՞ս ինձ հետ…իմ կյանքի հետ….
-Այո, եթե…
-Ոչինչ, ոչինչ …պետք չէ շարունակել… Ամեն ինչ պարզ է ու հասկանալի…
Թերթեց կրկին տետրս.գտավ հատվածը, ուր մենք- հանդիպեցինք … Իմ շատ տխուր խզբզոցին ավելացրեց չքնաղ երգը՝ հուզումների մի շքեղ հյուսք, շշնջաց.
-Դու իմ գտնված հրաշքն ես,- ափերս մոտեցրեց շուրթերին,նրանց դողդոջյունը հպեց դեմքին .մի քանի կաթ արցունք ցողեցին այրվող իմ ձեռքերը…
Կրկին ինձ զգացի ողջ կյանքիս շրջապտույտում՝ օղակված այս մայրամուտում թավալվող սիրո բոսորագույն սարսուռով…
Գնացքը կանգնեց :
Արագ ,առանց ետ նայելու հեռացավ..
Այդպես անշարժ, աչքերս դիմացի թափուր տեղին , բզկտվում էի երկու կանանց միջև:
Գնացքը դեռ կանգնած էր . ես պիտի կայարան իջնեի. միայն մյու՛ս գնացքի ուղղությունը մշուշի մեջ էր..
Երբ դուրս եկա ,վագոնում արդեն վաղուց ոչ ոք չկար, կայարանի մատույցում գնում- գալիս էին մարդիկ , հրմշտում: Քաշվեցի մի անկյուն, նստեցի չոր աթոռներից մեկին, անզուսպ, անզուսպ հեծկլտացի.« Ու՞ր ես , դու իմ անծանոթ, վերադարձի՛ր, դու իմ գտնված երա՜զ»… Հիստերիկ իմ լացին մոտեցան մի քանիսը, օգնություն տարբեր սրտացավ առաջարկներով , միայն իմ հեծկլտոցը ամեն հարցին ուժգնանում էր , արցունքներիս մշուշից անզոր նայում էի իրենց, գլուխս տարուբերում …
Մոլորված մարդկանցից առանձնացավ մեկը ,մոտեցավ ինձ, նստեց կողքիս, ջրի շիշը մոտեցրեց չորացած շուրթերիս, ամուր, ամուր գրկեց ուսերս, շշնջաց ծանոթ ու հարազատ, թավիշ ու մեղմ, հուզված ու խուլ ձայնով.
-Իմ լա՜վ…

ՄԱՐԻՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ