ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, September 5, 2015 14:03 - չքննարկված

Թուրքիայի «վերջին հայկական գյուղի»՝ Վաքըֆլըի պատմությունը

Բերի Էսքի

Շուրջբոլորը տարածվել է նարնջի ծաղիկների անուշ բույրը: Երկու կողմից այգիներով շրջապատված զառիվայր ճանապարհի վրա եմ: Մի կողմում Քել լեռն է, որի ծայրից երևում է Միջերկրական ծովը, հետևից էլ` Սիրիան: Մյուս կողմում նշմարվում են Մուսա լեռան ընդարձակ փեշերը:

Սա Թուրքիայի «միակ հայկական գյուղն է»՝ Վաքըֆլըն: Հաթայի կազմում է գտնվում, և օսմանյան ժամանակներից ի վեր տանտերերը հարյուրավոր տարիներ շարունակ եղել են հայերը: Նստած եմ սրճարանում: Անմիջապես տարեց գյուղացիները գալիս և որպիսությունս են հարցնում: Սկսում ենք զրուցել: Իմանալով որ լրագրող եմ, փոքր-ինչ ավելի զգույշ են դառնում, սակայն անմիջապես մերվում ենք:
Զբոսաշրջիկ կանանց մի խումբ է գալիս սրճարան, գյուղացիներից Փանոսը գնում է նրանց մոտ: Սկսվում է զրույցը: Փանոսը նրանց ասում է.
-Ձեզ համար «Սարի աղջիկը» նվագեմ, թե, հայերեն, թե թուրքերեն երգեմ: Փանոսի շվիի նվագակցությամբ կատարած թյուրքյուին ծափերով ձայնակցում են նաև կանայք, այնուհետև «բոլորս եղբայր ենք» թեմայով զրույց է ծավալվում, և կանայք գնում են: Երևում է, որ Փանոսը նման զրույց նախկինում էլ է շատ ունեցել, սակայն դեռ դուրը գալիս է այդ թեման:
Օրվա ընթացքում շատ լրագրողներ ու զբոսաշրջիկներ են գալիս գյուղ: Եվ՛ նարնջենիների ծաղկելու շրջանը, և՛ ապրիլի 24-ը գյուղը դարձրել մի վայր, որը վերջին շրջանում շատ են այցելում:
Վաքըֆլը գյուղի հայ համայնքի նախագահ Ջեմ Չափարը, որպես գյուղի հայ բնակիչ, կարծում է, որ ինքը թուրքերին է շատ լավ հասկանում, շրջակայքում ապրող թուրքերն էլ իրեն, հետևաբար նաև հայերին շատ լավ են հասկանում: Այնուհետև հավելում է.
-Պատահում է, որ ընդվզում եմ ճակատագրիս դեմ: Երանի թե այստեղ ավելի շատ հայ լիներ, և մեր կենսակերպն ավելի շատ մարդկանց հետ կարողանայինք կիսել:
Չափարը վաքըֆցի հայերի և պոլսեցի հայերի տարբերությունն հակիրճ կերպով այսպես է ներկայացնում.
-Երբ Պոլսում փողոց ես դուրս գալիս, էթնիկ տարբերությունները բազմության մեջ կորչում են: Այստեղ Ջեմն եմ ու ամենուր եմ Ջեմը: Փողոցում քայլելիս հայկական ինքնությունս չեմ կորցնում:

Վերջին հայկական գյուղը
Իսկ 48 տարի անց Պոլսից Վաքըֆլը գյուղ տեղափոխված Միսաք Հերգելին անհանգտացնում է, որ Վաքըֆլըն հիշատակում են որպես «միակ հայկական գյուղ».
-Երբ մեդիան սկսեց օգտագործել այս արտահայտությունը, ճանաչվեց (գյուղը-Ակունքի խմբ.): Կառավարություն-Եվրոմիություն ինտեգրման ժամանակ Վաքըֆլըն օգտագործվեց որպես ցուցանմուշ, այսինքն՝ «դուք մեզ ցեղասպանություն կատարելու մեջ եք մեղադրում, սակայն գյուղ ունենք, որի բնակիչներն ու գյուղապետը հայ են»: Անգամ որոշ ժամանակ չափազանցնելով` սկսեցին անվանել «Հայաստանից դուրս միակ հայկական գյուղը»: Երբ որ «միակ» եք լինում, կարծես մի տեսակ դրական խտրականության եք ենթարկվում կամ էլ նշանակում է` միակն եք չեղողների մեջ: Դրա փոխարեն նախընտրում եմ օգտագործել «վերջին հայկական գյուղը» արտահայտությունը»:
Արդեն 2 տարի Վաքըֆլը գյուղում բնակվող Միսաք Հերգելը 1990-ական թթ. Պոլսում Վաքըֆլը գյուղի զարգացման և փոխօգնության միություն ստեղծելու նախաձեռնությամբ հանդես եկավ: 62-ամյա Հերգելը նշում է, որ իրականում ցանկացել են միությունն անվանել «Մուսա լեռ», սակայն մտածել են, որ այն ժամանակ այս անունը «վտանգավոր» է:

Հալաչօղլու. «Օսմանյան զինվորների հետ են ընդհարվել»
Իսկ Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ, Ազգայնական շարժում կուսակցության` Կեսարիայի պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն ասում է, որ «Մուսադաղի հայերը» չեն ընդունել 1915 թ. տեղահանությունը և ֆրանսիացիների աջակցությամբ բարձրացել են լեռը և այստեղ ընդհարվել օսմանյան զինվորների հետ.
-4083 հայ բարձրացել է Մուսա լեռ: Երբ որ զենքերը չեն բավականացրել, Հունաստանից 15 հազար հրացան և 2 միլիոն փամփուշտ են ուղարկել, սակայն երբ բանը գլուխ չի եկել, ֆրանսիական ռազմական նավերով Ալեքսանդրետի նեղուցից բոլորին մի նավով տեղափոխել են Սուեյզի նեղուցում գտնվող ճամբար:
Հալաչօղլուն նշում է, որ այս տեղեկությունները կարելի է գտնել ֆրանսիական փաստաթղթերում և հավելում, որ սա ոչ թե լեռ բարձրանալով` ընդվզում է, այլ` «Ֆրանսիայի և Հունաստանի աջակցությամբ ապստամբություն:
Իսկ Հերգելը հարցնում է.
Տեսնես ի՞նչ տրամաբանությամբ կարելի է բացատրել ահել-ջահել, կին-տղամարդ, երեխա ընդհանուր 4200 հոգանոց բնակչությանը «15 հազար հրացան և 2 միլիոն փամփուշտ» բաժանելու պնդումը:

1915 թ. ի՞նչ է տեղի ունեցել Մուսա լեռան վրա
Միսաք Հերգելն ասում է, որ Մարտիրոս Քուշաքչըյանը, ով նաև իր հոր ընկերն է, այս թեմայով մանրամասն դոկտորական թեզ է գրել և սկսում է թեզից հղումներ կատարել:
Առաջին անգամ Կիլիկիայի հայերին Ցիցերոնն իր նամակներում հիշատակում է որպես «Ալեքսանդրետի նեղուցի շրջակայքում բնակվող հայեր»: Ժամանակի ընթացքում այստեղի հայերի մի մասը Քել լեռան մյուս կողմում է բնակություն հաստատում, մի մասն էլ՝ Մուսա լեռան փեշերին:
Հերգելն այսպես է ներկայացնում իր` մեծերից լսած, հետո էլ պատմական գրքերում ուսումնասիրած պատմությունը.
-1915 թ. տեղահանության հրամանն անմիջապես հասնում է հարավում գտնվող քաղաքներ, սակայն այդ ընթացքում Քահրամանմարաշի Զեյթուն գավառի տեղահանությունից փախած մի հոգևորական, գալով Մուսա լեռան շրջան, նախազգուշացնում է, որ «հերթն այստեղ էլ է գալու»: Մի մասն ասում է՝ «գնանք», մյուս մասն էլ՝ «դիմադրենք»: Մի խումբ էլ առաջարկում է լեռ բարձրանալ, մտածելով՝ «պետությունը պատերազմի մեջ է, որոշ ժամանակ անց մեր մասին կմոռանան»:
Հերգելը նշում է, որ շրջակա հայերի մեծ մասը որոշում է լեռ բարձանալ, իսկ մոտ 1500 հոգի էլ ասում է, որ տեղահանվելու է:

Մուսա լեռան վրա ընդվզում
Այս պատմության մասին գրված է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի մեջ: Վեպում պատմվում է «7 գյուղից փախած մարդկանց` 40 օր տևած դիմադրության մասին»:
Միսաք Հերգելն ասում է, որ, ըստ էության, 6 գյուղից մարդիկ 52 օր են պայքարել, սակայն թվերին սուրբ երանգ հաղորդելու համար դարձրել են 7 և 40:
Հերգելը նշելով, որ Վաքըֆլըն ներառյալ` 6 հայկական գյուղից Մուսա լեռ բարձրացած մարդիկ պայքարել են օսմանյան բանակից ուղարկված զինվորների դեմ, պատմում է, որ սեպտեմբերի 13-ին ֆրանսիական ռազմական նավերից բաղկացած տորմիղն ու անգլիական առևտրական նավը լեռան վրա գտնված բոլոր հայերին հավաքել և տեղափոխել է Եգիպտոսի Պորտ-Սայիդ նավահանգիստ:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին շրջանը, որպես «Ալեքսանդրետի սանջակ» (ֆրանսերեն անվանումը՝ «Sandjak d’Alexandrett»), մտել է Ֆրանսիայի մանդատի տակ` Սիրիայի Հալեպ վիլայեթի կազմում:
Գյուղի միակը մնալու պատմությունն էլ սկսվել է, երբ 1939թ. Հաթայը միացվել է Թուրքիային: Մյուս գյուղերից բազմաթիվ ընտանիքներ Սիրիա են գնացել, իսկ Վաքըֆլը գյուղի մեծամասնությունը մնացել է: Ժամանակի ընթացքում մյուս գյուղերում մնացած հայ ընտանիքները ևս տեղափոխվել են Վաքըֆլը:
Միսաք Հերգելը գյուղերի լքվելու փաստը կապում է դեռևս չմոռացված 1915 թ. հիշողությունների հետ.
-20 տարի առաջ թուրքերի հետ բախում եղավ: Որքան էլ որ թուրքերն ազդեցիկ երաշխիքներ տան, ինչքան էլ ասեն, թե «մենք օսմանցի չենք այլևս. հանրապետություն ենք հիմնել», միևնույնն է` շատ թարմ հիշողություններ կան. թուրք-օսմանյան արյունն իրենցից վրեժ է լուծելու` Տեղահանության հրամանին չենթարկվելու համար:

Տեղահանության օրերի նման էր
Սիրիայում՝ Քել լեռից այն կողմ տեղակայված Քեսաբ ավանն անցյալ տարի ապրիլին զավթվել էր ընդդիմադիր Ազատ Սիրիայի բանակի կողմից:
Այդ ժամանակ Վաքըֆլը գյուղը հյուրընկալեց 25 տարեց մարդու: Կատարվածը գյուղացիների կյանքում խոր հետք թողեց:
Կիլիկիայի հայերից սերող քեսաբցիների երիտասարդներն ապաստանել էին Լազիկիեում, իսկ տարեցներն էլ մնացել էին գյուղում և հանձնվել Թուրքիային:
Ջեմ Չափարն, ով կազմակերպել էր քեսաբցիների տեղափոխումը Վաքըֆլը գյուղ, ասում է՝ «Մենք պատերազմ չենք վերապրել. նրանց աչքերում ենք այն տեսել»:
Իսկ Միսաք Հերգելը հետևյալն է պատմում իր ապրումների մասին.
-Նրանք բոլորը շատ տարեց և հիվանդ էին: Իերնց կորցրած էին երևում: Համացանցում ներկայացված տեղահանության լուսանկարներն էին հիշեցնում: Բոլորը բոխչա ունեին՝ մեջը երկու կտոր հաց: Տեղահանության օրերի պես եմ ասում, որովհետև հայտնի չէ, թե վաղն ինչ կլինի:
Ջեմ Չափարի վրա ամենամեծ ազդեցությունն է թողել գյուղ առաջինը եկած Թիթիզյան եղբայրների պատմությունը: Ընդդիմադիրները նրանց ասել են՝ «Ձեզ տանելու ենք, պատրաստվեք»: Թիթիզյան եղբայրներն էլ պատրաստվել, դուռը կողպել ու բանալին էլ հանձնել են իրենց տանելու եկած ընդդիմադրին:
Չափարը պատմությունը շարունակում է.
-Ասաց՝ «բանալին տվեցի»: Հարցրեցի, թե ինչու տվեց: «Եթե չտայի, մյուս տների դռների նման ջարդելու էին»: Շատ իրոնիկ իրավիճակ է: 100 տարի առաջ էլ Անատոլիայի հայերն են դռները փակել ու գնացել: 100 տարի անց` դարձյալ նույն պատմությունը: Կրկին դռները փակել և գնացել են իրենց տներից:
Քեսաբցիների և վաքըֆցիներին մերձեցնող մյուս հանգամանքն էլ այն է, որ երկու գյուղում էլ հայերենի նույն բարբառով են խոսում:
Իսկ բարբառը, որով միայն Ալեքսանդրետում և շրջակայքում են խոսում, կորստյան վտանգի տակ է: Գյուղի սահմանափակ ապրուստի հնարավորությունների պատճառով բնակչությունը գնալով նվազել է: Բացի այդ, գյուղում այլևս դպրոց չկա:
Չափարը բողոքում է, որ իրենց լեզուն չեն կարողանում պահպանել.
-30 տարի հետո այս բարբառով խոսող չի մնալու: Աշխարհում ևս մի մշակույթ է ոչնչանալու:

Դանակի պես` երկու կողմն էլ կարող է կտրել
Լավ, իսկ վաքըֆցիները թե 1915 թվականի և թե իրենց պայքարի 100-ամյակին ի՞նչ են անելու: Վաքըֆլը գյուղի հայ համայանքապետ Ջեմ Չափարն ասում է, որ ապրիլի 24-ը «պասիվ» են անցկացնելու.
-Պետք է Վաքըֆլը գյուղը մյուսներից առանձնացնել: Մենք հայ ազգի, արտերկրի հայերի, 100 տարի առաջ տառապանքներ կրելով արմատախիլ եղածների նկատմամբ պատասխանատվություն ունենք: Այս ցավը շատ խոր կսկիծով ենք կիսում: Միևնույն ժամանակ, պատասխանատվություն ենք զգում մեր պետության, Թուրքիայի Հանրապետության և մեր թուրք հարևանների նկատմամբ, որովհետև մենք անկեղծ ընկերություն ենք անում: Այս բոլորը հաշվի ենք առնում:
Չափարը նշելով, որ իրենք մյուսներից տարբերվում են այս նրբանկատ վերաբերմունքով, ասում է, որ ապրիլի 24-ն ու ցավն իրենց մեջ են ապրում: Չափարը հայտնելով, որ այս տարի ևս որևէ միջոցառում չեն կազմակերպելու, ասում է.
-Բնականաբար, ցավակցությունն ընդունում ենք: Հաթայում բնակվող բոլոր ազգություններից գալիս և իրենց ցավակցությունն են հայտնում մեզ: Դրանք մեզ հպարտանալու առիթ են տալիս, մեր ցավը թեթևացնում են, զգում ենք, որ մենակ չենք:
Չափարը նշեց, որ իրենց պայքարի 100-ամյակի համար ևս որևէ միջոցառում չեն կազմակերպելու և հատկապես անհանգիստ է, որ մեդիան քարոզչության նպատակով գրում է այն, ինչ իրենք չեն ասում.
-Գրում են բաներ, որ մենք չենք ասել, որը կարող է նեղացնել սփյուռքահայերին: Մենք ուզում ենք այնպիսի մի վերաբերմունք ցուցաբերել, որ նրանց էլ պաշտպանենք, սակայն այնպիսի հավասարակշռություն, որ դանակի նման երկու կողմից էլ կարող է կտրել՝ վերև ես բարձրացնում, կտրում է, ներքև ես իջեցնում, կտրում է:
Լեռնային օդը խիստ է: Սկսում է փչել: Զառիվայրով ներքև իջնելիս բոլորը ձեռքով են անում, ոմանք ինձ նարինջ ու լիմոն են տալիս:
Երբ Վաքըֆլը գյուղն այլևս մնացել էր հետևում, միտքս Հրանտ Դինքի խոսքերը եկան՝ «Չպետք է հայկական ինքնությունը 1915 թ. գերեզմանների մեջ փնտրել: Ես իմ ցավն ամեն օր ներսումս եմ կրում»:

http://www.bbc.com/turkce/haberler/2015/04/150422_son_ermeni_koyu
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ