ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, March 1, 2015 7:37 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Ձգանը քաշված էր, ո՞վ էր հաջորդ զոհը) Մաս 45

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
(Ձգանը քաշված էր, ո՞վ էր հաջորդ զոհը)
Մաս 45

1990 թվականի ապրիլին,գումարը վերադարձնելուց հետո, մինչ Նավասարդյանի կողմից բանակցություններ էին գնում Ռուբիկի և Միշայի հետ Խաչիկին հաշտեցնելու ուղղությամբ, Մոսկվայից Հայաստան եկան Սովետմիությունում հայտնի իրավաբաններ Գդլյանն ու Իվանովը,ովքեր այն ժամանակ աշխարհում ամենասենսացիոն բացահայտման հեղինակներն էին՝ բացահայտել էին ՈՒզբեկական մաֆիան և այդ մաֆիայի կապերի բացահայտման գործը հասցրել մինչև Կրեմլ,հայտարարելով,որ դա ոչ թե ՈՒզբեկական գործ է,այլ՝ Կրեմլի գործ,որ մաֆիան ղեկավարվել է Կրեմլից:Նրանք,այդ բացահայտումների պատճառով իրական վտանգի տակ էին դրել իրենց կյանքը:Հզոր Սովետմիությունը փոթորկվում էր բացահայտված մաֆիայի հեքիաթային հարստության փաստից,ՈՒզբեկական դաշտերի տակ գտնված գետնափոր հրաշք պալատների նկարագրություններից,որտեղ պարբերաբար իրենց գաղտնի հանդիպումներն ու հանգիստն էին անցկացրել երկրի բարձրաստիճան ղեկավարներն,սկսած դեռ բռեժնևյան ժամանակներից,ճանաչված կոմունիստների,պալիտբյուրոյի անդամների ունեցած կապից մաֆիայի հետ:Իսկ այդ երկու իրավաբանները կանգ առնելու միտք չունեին և բացահայտումներն հասցրել էին մինչև վերնախավ,մինչև նույնիսկ՝ Գորբաչով…
Լուրեր էին պտտվում,որ Ռուսաստանում արդեն սկսվել են հետապնդումներն այդ իրավաբանների հանդեպ:Մայիսին Հայաստանում պետք է տեղի ունենային Խորհրդարանական ընտրություններ և Իվնովն ու Գդլյանը եկել էին Հայաստան,ձեռք բերելու պատգամավորական մանդատներ,իրենց անձեռնմխելիությունն ապահովելու համար:Իվնովի թեկնածությունը դրված էր Վանաձորում,իսկ Գդլյանինը Արտաշատում:Մենք ընդհանրապես ընտրություններին չէինք խառնվում,մանավանդ որ, հենց այդ ընտրություններին մեր աջակցությունն ստանալու և մերժվելու համար էին կոմունիստները մեր դեմ հանել շրջանի հանցագործներին,համարելով մեզ որպես իրենց չենթարկվող,իրենցից չկաշառվող ու ըստ այդմ էլ՝ իրենց համար իրական վտանգ ներկայացնողներ:
Գդլյանը բավականին մտերիմ էր Արտաշատի «Գարուն» կարի արտադրական միավորման դիրեկտոր Զարգարյանի հետ,ով անչափ շատ ու միշտ անվաճար օգնել էր ջոկատին,սահմաններում գտնվելու ժամանակ տրամադրելով մարտիկներին անկողնու պարագաներ և ճերմակ կտորից կարված հագուստներ, ձյան մեջ թշնամու կողմից աննկատ մնալու համար:Եվ ապրիլյան մի օր,հենց Զարգարյանի աշխատասենյակում էլ մենք ծանոթացանք այդ հանրահայտ իրավաբանների՝ Գդլյանի ու Իվանովի հետ:Վերջինս պետք է մեկներ Վանաձոր,իսկ Գդլյանը պետք է հաստատվեր Երևանում:Հայաստանում ևս ապահով չէր նրանց կյանքը:Նախընտրական գործերի համար,Գդլյանն ստիպված էր համարյա ամեն օր Արտաշատ գալ ու գնալ:Եվ Երևանից Արտաշատ նրա տեղաշարժը անվտանգ ու ապահով դարձնելու համար,Զարգարյանի խնդրանքով, ջոկատի մարտիկներն հանձն առան ուղեկցել նրան: Սովետմիության ամբողջ ժողովուրդը հպարտանում էր այդ երկու իրավաբաններով,միլիոնավորների շուրթերին նրանց անուններն էին,որոնք ասոցացվում էին ողջ Միությունում այնքան «դիֆիցիտ» եղող արդարության հետ:Հայերն հպարտանում էին,որ այդ անվախ իրավաբաններից մեկն իրենց հայրենակիցն է:Ջոկատի տղաները,ովքեր բոլորն էլ ազնիվ ու չարքաշ ընտանիքներից էին դուրս եկած,ովքեր ծարավ էին արդարության,ազնվության,իրենց համար մեծ պատիվ էին համարում՝ ուղեկցել Գդլյանին:Նրա և տղաների միջև բնականաբար ստեղծվեց փոքրիկ մտերմություն,որը ևս աննկատ մնալ չէր կարող հատուկ ծառայությունների կողմից:Կարմիր Մոսկվային հավատարիմ հայ իրավապահներն ինչպե՞ս կարող էին հանգիստ ու անտարբերությամբ նայել կոմունիստական հսկա տերության լավ թաքցված կեղտերը ջրի երես հանած իրավաբանի և օր առաջ այդ տերության լուծը թոթափել ցանկացող անկախականներիս մերձեցմանը…
Հիմա,տարիների այս հեռվից երբ ետ եմ նայում,հասկանում եմ,որ ճակատագիրը մեզ մատուցում էր մարտահրավերներ,որոնք մենք ընդունում էինք անմիջապես,առանց վարանելու՝ ավելի ու ավելի պրկելով կարմիր Մոսկվայի հայ կամակատարների ձեռքով մեր վզին անցկացված օղակը…
Հասկանում եմ և ավելի համոզվում,որ այլ կերպ վարվել չէինք էլ կարող,քանզի մեզ համար ամեն բանից վեր էր օր առաջ ազատագրվելը կոմունիստական բռնապետությունից և նրա հաստատած նեխած բարքերից:Այսօր հաստատապես կարող եմ ասել,որ այն ժամանակ,ամեն մի մարտիկի հոգում ,ամեն բանից առաջ կար երկրում արդարության հաստատման երազանքը,և´ պատմական արդարության,և´ անհատական,մարդկային-քաղաքացիական…
Գդլյանը մանրամասն հետաքրքրվում էր ջոկատի տղաների հետ կատարված դեպքերով և մի օր հանկարծ հայտարարեց,թե՝. «Դուք չգիտեք,թե ինչ ահավոր մի մաֆիա է դուրս եկել ձեր դեմ,որի կապերը ձգվում են շա՜տ հեռու:ՈՒզբեկական մաֆիան կարելի է մի խուժան խումբ համարել սրա դեմ:Եկեք դուք ձեր զենքով և ուժով,ես էլ իմ իրավաբանի խելքով միանանք և բացահայտենք սրանց»:
Մենք որքան էլ որ վստահում,հարգում էինք ու հիացած էինք Գդլյանով,նրա խոսքերը լուրջ չընդունեցինք և համարեցինք չափազանցություն…Հետո,արտաշատցիներն իմանալով,որ Գդլյանն Արտաշատի կողմից առաջադրվել է դեպուտատ և գտնվում է քաղաքում,պահանջեցին նրան հրավիրել հանրահավաքի,որտեղ նա հրաշալի խոսքեր ասաց ջոկատի մարտիկների մասին,հայտարարելով նրանց իսկական հայրենասերներ և ասելով,որ գլուխ է խոնարհում նրանց առաջ:Այս իրողությունը կարծես ավելի լցրեց կոմունիստական մաֆիայի համբերության բաժակն ու դրդեց նրան նոր գործողությունների…
Ի վերջո,Աշոտ Նավասարդյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել,որ Մայիսի 9-ի կեսօրին,Արտաշատի ռեստորաններից մեկում պետք է հանդիպեն ջոկատի տղաները Միշայի և Ռուբիկի հետ, վերջնական հաշտություն կնքելու համար:Որքան էլ զարմանալի թվա,Կծան Միշան ոչ մի կերպ չէր համաձայնվում, որ հաշտության համար կազմակերպված հանդիպմանը մասնակցի նաև Խաչիկը,պատճառաբանելով,որ Խաչիկն իբր տաքարյուն է և կարող է փչացնել ամեն ինչ:Նա այդպես էլ ասում էր,որ. «Խաչիկը թող մնա տանը,մնացած ամբողջ ջոկատը թող գա ռեստորան հանդիպման»:Նրա այս պահանջը ոչ մի կերոպ չէր տեղավորվում տղաների ուղեղներում,քանի որ հաշտվող կողմը հենց Խաչիկն էր և կատարված դեպքն առաջին հայացքից կարծես թե նրա անձնականի հետ էր կապված ավելի շատ,քան թե ջոկատի:Խաչիկն էր,որ պետք է մասնակցեր հանդիպմանն ու հաշտվեր նրանց հետ,իսկ ջոկատն այս հարցում երկրորդական էր իրականում:Միշան կարողացել էր համոզել Նավասարդյանին,սակայն Խաչիկը ոչ մի կերպ չէր համաձայնվում,ասելով որ. «ջոկատն ի՞նչ գործ ունի էստեղ,ես եմ հաշտվող-չհաշտվողը,ես անպայման պիտի գնամ հանդիպմանը»:
Եվ Մայիսի 9-ին,պայմանավորված ժամին՝ առավոտյան ժամը 10-ին,ջոկատի տղաներն ու Խաչիկը արդեն ռեստորանում սպասում էին Միշային ու Ռուբիկին:Մի քանի ժամ հետո,ռեստորան է գալիս Կծան Միշան և տղաներին հավաստիացնում,որ սպասեն իրենց,որ ինքը գնում է Զովաշեն, Ռուբիկին վերցնի և շտապ ետ գա:Տղաներն սպասում են:Անցնում են ժամեր,բայց նրանցից ոչ ոք այդպես էլ չի գալիս հանդիպման:Ռետորանի ղեկավարը,որը Միշայի համագյուղացին էր,ինչ որ բան լսած լինելո՞վ,թե՞ պատահաբար ուղղակի,կեսօրից հետո ժամը 16-ի սահմաններում,տղաներին ասում է,թե՝.«վեր կացեք գնացեք,իզուր եք սպասում,Կծանն էկողը չի:Նա հիմի ով գիտի որտեղ է ու ինչեր սարքելով է զբաղված»:Տղաները դուրս են գալիս ռեստորանից և որոշում գնալ հիվանդանոց, ջոկատի պետի տեղակալ Վահրամ Արամյանին տեսակցության,որը Վարդան Մարգարյանի հետ Վայքից ջոկատին պատկանող իրերը տեղափոխելիս,մեքենայով ձորն էր գլորվել ու ջարդել էր ոտքը:Հիվանդանոցի հարևանությամբ էր ապրում մորաքրոջս ընտանիքը և ես ու մորաքրոջս աղջիկը շատ հաճախ էինք լինում այնտեղ՝ Վահրամի մոտ:Այդ օրն էլ էինք այնտեղ,երբ ներքևից լսելով սարսափելի ճիչեր,շտապով իջանք առաջին հարկ ու տեսանք սարսափելին…
Հիվանդանոցի նախասրահում էին Խաչիկ Վասիլյանի մայրը,եղբոր կինը,հարևաններից մի քանիսը… Խաչիկի եղբոր՝ Սլավիկի ձեռքերի վրա հանգչում էր նրա 9-ամյա որդու՝ Արթուրիկի արնաշաղախ մարմինը…
Մինչ մենք տեսարանից հանկարծակիի եկած քարացել էինք և այդ րոպեին բժիշկ Ավետիսյանը փորձում էր Սլավիկի ձեռքից վերցնել ամբողջովին արյան մեջ կորած երեխային,ներս մտան ջոկատի տղաները:Երեխայի մայրը,որն անվերջ հարվածում էր կրծքին ու ծնկներին և նույն բառերը կրկնում,Խաչիկի հարց-բղավոցին,թե՝.« ի՞նչ է եղել»,ավելի աղիողորմ բղավեց,թե՝.«թաղե՜մ Կծանի բալեն,եկավ տանս մեջ երեխային խփեց ու գնաց»:
Խաչիկն այլևս ոչինչ չլսեց,շտապով դուրս նետվեց հիվանդանոցից,նստեց մեքենան ու կատաղի արագություն հավաքած հեռացավ:Սամվելը բղավեց Խաչիկի ետևից,որ սպասի,հետո դառնալով տղաներին,ասաց՝. «շուտ արեք,հասնենք Խաչիկի ետևից,հիմի նրան էլ պահել չի լինի»:Հետո, Վարուժանի հետ շտապով նստեցին մյուս մեքենան ու գնացին Խաչիկի ետևից…
Ջոկատի ամբողջ զենքերը պահվում էին Ազատավան գյուղում գտնվող Խաչիկի հայրական տանը:Եվ նա հիվանդանոցից անմիջապես գնում է Ազատավան՝ զինվելու:Սամվելն ու Վարուժանը մինչև հասնում են Ազատավան,Խաչիկն արդեն զինված դուրս է գալիս դարպասից:Տղաները արագ որոշում են տանել նրա մեքենան,որ չկարողանա իրագործել իր մտադրությունը:Սամվելն արագորեն նստում է մեքենայի ղեկին ու շարժվում:Դեռ նոր հեռացած,տղաները նկատում են,որ Խաչիկը հարձակվում է մեքենայով տուն եկող հարևանի վրա,նրան ուղղակի դուրս է քաշում և նստելով ղեկին հեռանում է:Տղաները հետևում են Խաչիկին:Վերջինս հասնելով Ոստան գյուղում գտնվող Կծան Միշայի տուն,դարպասների առաջև տեսնում է նրա ավագ որդուն՝ Ստեփանին և ասում՝. «Կծանը տուննա՞,կանչի դուրս»:Միշայի որդին պատասխանում է,թե՝.«ինչի՞ ես հորս Կծան ասում» և դարպասի դիմաց կանգնած հոր մեքենայի դուռը բացելով,այնտեղից արագորեն հանում է ատրճանակը,բայց…որոտում են Խաչիկի կրակոցները…
Ոտքերից,մեջքից վիրավոր Ստեփանը մի կերպ վազում է դարպասից ներս՝ տուն,Խաչիկն էլ նրա ետևից:ՈՒ հենց այդ ժամանակ դեպքի վայր են հասնում Սամվելն ու Վարուժանը:Սամվելն իրեն չի կորցնում,անմիջապես վազում է ներս ու տեսնում է պատշգամբի հատակին վիրավոր ընկած Ստեփանին և ատրճանակը նրա գլխին պահած Խաչիկին:Ստեփանը տեսնելով Սամվելին,հասցնում է արտաբերել՝. «Սամո,ինչի ամեն ինչ ըտենցա՞»:Երկրորդ վարկյանին Սամվելը թռիչքով հասցնում է Խաչիկի ձեռքը բռնել և ուժգին հրելով նրան շեղել կրակոցը:Խաչիկը մարմնեղ մարդ էր,աժդահա՝ կարելի է ասել:Նա հրում է Սամվելին,խփում պատին և գետնին տապալում նրան:Օգտվելով այս միջադեպից,Ստեփանը հասցնում է մի կերպ սողալով բաց պատուհանից այգի ընկնել,որտեղից էլ Ստեփանի մորաքույրը նրա կիսաուշաթափ մարմինը քաշելով հեռացնում է:Այդ րոպեին դրսից ձայներ են լսվում,հայհոյանքներ:Խաչիկն արագորեն ձեռքն է առնում ավտոմատը:Վարկյաններ են տևում այս ամենը:Եվ մինչ Սամվելն ընկած տեղից փորձում է բարձրանալ,ատրճանակներով զինված ներս են խուժում Կծան Միշայի կրտսեր եղբայրն ու ավագ եղբոր որդին,բայց…Խաչիկի ավտոոմատի կրակահերթը ժամանակ չի տալիս նրանց կրակելու:Երկուսն էլ տապալվում են անշնչացած…
Խաչիկն հավաքում է նրանց ձեռքին եղած զենքերն ու ամբողջ ժամանակ դրսում սպասող Վարուժանի հետ միասին հեռանում:Այնտեղից Սամվելը գնում է տուն,ապահովության համար ընտանիքի անդամներին տեղափոխելու բարեկամների տներ…
Այդ օրից սկսած,մինչև մեր ձերբակալության օրը,շուրջ վեց ամիս,մեր և ջոկատի տղաներից շատերի ընտանիքներն այլևս տուն չվերադարձան:Ապրում էինք մեր ծանոթնարի ու հարազատների տներում:
Խաչիկը Միշայենց տնից, անմիջապես գնում է Արտաշատի միլիցիայություն և մտնում ուղիղ միլպետ Եսոյանի մոտ:Նրա սեղանին է դնում Միշայի հարազատներից վերցրած զենքերն ու իր ունեցած զենքերը և ասում՝. «Կծան Միշայի ամբողջ ընտանիքին գնդակահարեցի,էս էլ իրանց ու իմ զենքերը,ես հանձնվում եմ»:Որքան էլ անհավատալի լինի,միլպետ Եսոյանը աչքն անգամ չի թարթում և պատասխանում է՝. «Ես քեզ չեմ ձերբակալում,վերցրու էս զենքերն ու էստեղից գնա,ազատ ես»:
Պետք է ասեմ,որ Խաչիկն ինքն էլ զարմացած էր Եսոյանի այսպիսի մոտեցումից…
Հետագայում, որքան էլ որ պահանջում էին ջոկատի մարտիկները դատակոչել միլպետ Եսոյանին,որն այս դեպքի վերաբերյալ ցուցմունք էր տվել,այդպես էլ նա ոչ դատարան կանչվեց որպես վկա,ոչ էլ պարզ դարձավ,թե ինչու՞ էր ազատ արձակել կամովին ներկայացած Խաչիկին:Արդյո՞ք միլպետը պատասխանատվություն չպիտի կրեր կամովին հանձնված մարդուն ազատ արձակելու համար,ինչի պատճառով նա փաստորեն ապահովում էր հետագա արյունոտ դեպքերի շարունակումը… Սակայն այն օրերին մենք ի՞նչ իմանայինք,որ միլպետ Եսոյանի «բարեգործությունը», ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի մեր ոչնչացմանն ուղղված ծարագրի մասն է կազմում…Զարգացող հետագա արյունալի դեպքերը և Խաչիկի պայթեցման դեպքը կողք-կողքի դնելով միայն,կարելի էր եզրակացնել,թե ինչու՞ էր այդքան «բարեգութ» գտնվել միլպետ Եսոյանը…
Միլպետի մոտից Խաչիկը վերադառնում է հիվանդանոց,մտածելով,որ երեխան ընդհամենը վիրավոր է:Այնտեղ նրան չեն ասում կատարվածը,միայն պատասխանում են,որ երեխային տուն են տարել: Մենք բոլորս միասին , սպանված երեխայի մարմինն արդեն տեղափոխել էինք Ազատավան, երբ Խաչիկը եկավ:Հիշում եմ՝ հարցրեց,թե՝.« ո՞նց է Արթուրիկը» և երեխայի տատը լաց լինելով,ձեռքով ցույց տվեց բազմոցին դրված երեխայի անշունչ մարմինը:Նկարագրել անհնարին է,թե ինչ կատարվեց Խաչիկի հետ:Աչքերը արյամբ լցվեցին մի վարկյանում,կարծես դուրս էին ուզում պրծնել ակնապիճերից,դեմքն ուռեց կարծես,նա շուռ եկավ ու վազելով դուրս գնաց:Մի քանի րոպե հետո լսեցինք,որ նորից զինվել ու հեռացել է տանից…
Մահացած երեխային տեսնելով,Խաչիկը նորից վերադառնում է Ոստան գյուղ՝ Կծան Միշայենց տուն:Պետք է ասեմ,որ վերջինիս որդին չմահացավ,բժիշկները մեծ դժվարությամբ փրկեցին նրա կյանքը:Սակայն Միշայի եղբայրն ու եղբոր որդին մահացել էին անմիջապես:Հասնելով Ոստան և մտնելով Միշայենց տուն,Խաչիկը տեսնում է,որ բավականին քանակությամբ մարդիկ հավաքված լաց են լինում դիակների մոտ:Բարձրաձայն գոռում է թե՝. «ՈՒմ կյանքը թանկ է իր համար,թող դուրս գա էստեղից:Ես էս տունը հիմի պայթացնելու եմ»: Խաչիկի այս հայտարարությունից վախեցած,ժողովուրդը անմիջապես լքում է տունը,իսկ նա դուրս գալով տանից,մի քանի ռումբ է նետում բաց պատուհաններից ներս և հեռանում…
Միջոցների մեջ խտրականություն չդնելով,ահա այսպես էին այն ժամանակ սեփական ազգի ազատության ձգտումը ճնշելու համար,այդ ազատության առաջամարտիներին ներքաշում հանցավոր խաղերի մեջ կարմիր Մոսկվայի հայ պնակալեզները…
Իսկ նրանցից մեկը՝ Գլխավոր Դատախազության քննիչ Սերգեյ Պողոսյանը,շատ հեշտությամբ,առանց խղճմտանքի ու ամոթի,հետագայում պետք է այսպիսի տողեր գրեր իր «գլուխգործոց-գրքույկում»,պիտակավորելով ջոկատին և արդարացնելով ճակատագրերի կործանման իրենց ստոր մեթոդը.«Ի՞նչ ուժ էր,որ հայրենասերին շեղեց իր մեծ դավանանքից:Երեկվա հայրենիքի նվիրյալը,նրա արդար դատի տերը,այսօր՝ ծանր հանցագործությունների տխրահռչակ կենսագրության տերն է»…
Հազարավոր ճակատագրեր կործանած իրավապահ կոչվող մարմնի մի կամակատար, հարց էր տալիս դեռ ցինիկաբար,թե.«Ի՞նչ ուժ էր դա…» ու իբր չէր գտնում պատասխանը…
Դեպքի օրն անմիջապես, ես անձամբ զրուցեցի Խաչիկենց հարևաններից մի քանիսի հետ,որոնք բոլորն էլ իրարից անկախ պատմում էին,որ կրակոցի ձայն լսելով դուրս են եկել փողոց և տեսել են ,որ Խաչիկենց տան դիմացից շտապով հեռանում են 2 մեքենաներ:Նույնիսկ նկարագրում էին այդ մեքենաների գույնը,մակնիշները,նրանցում եղած մարդկանց մոտավոր քանակը:Միշայենց գյուղից 15-20 կիլոմետր հեռու ապրող այդ գյուղացի կանայք ինչպե՞ս պիտի այդքան ճշտորեն նկարագրեին մեքենաների ունեցած գույներն ու մակնիշները,որոնք ամբողջությամբ համընկնում էին Միշայի ունեցած մեքենաներին,եթե տեսած չլինեին:Հանկարծ սկսել էինք հասկանալ,թե ինչու՞ էր Միշան պնդում,որ Խաչիկը մնա տանն ու չգնա հանդիպման:
Դեպքի հենց հաջորդ օրն իսկ, շրջանում սկսեցին լուրեր պտտվել,որ ոչ թե կրակել են երեխայի վրա,այլ նա անզգուշաբար խաղալով ռումբի հետ,մահացել է դրա պայթյունից:Սակայն ականատեսները ամենուր վկայում էին,որ վնասված չեն ոչ երեխայի ձեռքերը,ոչ երեսը և ոչ էլ մարմնի այլ մասեր,բացառվում է ռումբի պայթյունից մահանալու վարկածը:
Փողոցից դեպի տուն կրակված գնդակը մտել էր սենյակում թեքությամբ կանգնած երեխայի ձախ թուլակողը և 15սմ շառավղով անցք բացելով,դուրս եկել աջ թուլակողից:
Անմիջապես լռեցին ռումբի մասին եղած ասեկոսեները և հանկարծ, հենց անձամբ Զովաշենցի Ռուբիկի կողմից՝ ինչպես շատերն էին ասում, շրջանառության մեջ դրվեց մի նոր պատմություն,ըստ որի՝ իբր երեխայի մոր ձեռքից է անզգուշությամբ կրակվել տանը եղած զենքն ու սպանել երեխային:Դեռ հուղարկավորությունը չէր կատարվել և ջոկատի պետ Սամվելն անմիջապես Երևանից փորձագետ հրավիրեց դիազննություն կատարելու:Փորձագետը զննումից հետո հաստատեց,որ երեխան մահացել է 20 մետր հեռավորությունից կատարված հրազենային կրակոցից:Սակայն սա չխանգարեց,որ երկու տարի անց,երբ արդեն չկար Խաչիկը,երեխայի մայրը գար դատարան ու ի զարմանս մեզ և դահլիճում գտնվող բազմության,վկայություն տար,թե իբր զենքն իր ձեռքից է կրակվել ու սպանել որդուն…
Սամվելի տված հարցին,թե քանի՞ մետր հեռավորության վրա է կանգնած եղել երեխան իրենից,մայրը պատասխանեց՝.«2-3 մետր»…Երևի արդեն «մոռացել էր» փորձագետի եզրակացությունում նշված մետրերը…
Եվ այսպես,ողջ Հանրապետությունում շրջանառության մեջ դրվեց մոր կողմից երեխային սպանելու պատմությունը,ներկայացնելով դա իբր արդարացուցիչ հանգամանք մեր դեմ դուրս եկած հանցագործների համար և Արտաշատյան դեպքերն իբր մեր կողմից,այս պատմությամբ սկսված լինելու մասին,միտումնավոր մոռացնել տալով մարդկանց,այս դեպքից շաբաթներ առաջ հանցագործների կողմից երկու ազատամարտիկներին գողանալու,անմարդկային խոշտանգումների ենթարկելու փաստը,ինչն էլ իրականում դրել էր այս արյունոտ հակամարտության հիմքը:
Ո՞րն էր ճշմարիտը՝ դեպքից դեռ ուշքի չեկած և ուրիշների կողմից չուղղորդված հարևանների վկայությու՞նը,փորձագետի եզրակացությու՞նը,դեպքից րոպեներ անց որդու դեռ տաք մարմնի մոտ վշտակորույս մոր ողբալի հայտարարություններն ու անեծքնե՞րը՝ ուղղված Միշայի ընտանիքին,որը մտածելու և նման դեր խաղալու համար ոչ ժամանակ կար,ոչ էլ հնարավոր կարող էր լինել այդ դաժան րոոպեներին,թե՞ 2 տարի անց այդ նույն մոր տված սառնասիրտ ցուցմունքը՝ իր կողմից կրակված ու սպանված որդու մասին,ինչն էլ հենց կարճ ժամանակից հետո պատճառ հանդիսացավ այդ ընտանիքի քայքայման…
Խաչիկի եղբայր Սլավիկը բաժանվեց իր կնոջից…Ինչու՞…
Իսկ քննչական մարմնին ու դատարանին չէին էլ հետաքրքրում եղած ահռելի փաստերն ու ապացույցները,կամ այդ կնոջը, որպես ահավոր սպանությունների հրահրող ճանաչելը,եթե իրոք ճիշտ էին իր իսկ ձեռքով սեփական երեխային սպանելու պատմություններն ու ժամանակին դրանք ուրիշին վերագրելը:Ոչ:Դեռ ավելին,երեխայի մոր տված այդ ցուցմունքին ծանոթանալիս,իմ ապշանքին ու զարմացախառն վրդովմունքով տված հարցին,թե ուրեմն ինչու՞ մեղադրանք չեն հարուցում այդ մոր դեմ,ժամանակին իր սուտ հայտարարությամբ այդքան սպանությունների պատճառ հանդիսանալու համար,քննիչ Սերգեյ Պողոսյանը ինքնագոհ մի ժպիտով հանգիստ պատասխանեց,թե.«ի՞նչ մեղադրանք,նա պատիժն արդեն ստացել է,սպանվել է նրա որդին,չէ՞»:Սակայն քննիչի դեմքի արտահայտությունը,ինքնագոհ ժպիտն ավելի խոսուն էին,քան թե նրա խոսքերը…Հասկացա,որ հանրապետության դատախազություն-հանցագործներ օղակը,ինչպես միշտ , աշխատել է իր օգտին և ստացել իրականությունը կոծկող ցանկալի արդյունքը…Նպատակ կար ուղղակի, հանցագործների կողմից մեր հանդեպ կատարված ամեն մի մեծ ու փոքր դեպքի համար մեկ-երկու մարդուց կորզել սուտ ցուցմունքներ և արդարացնել նրանց,իսկ ջոկատի բոլոր անդամներին՝ անկախ դեպքերին ունեցած կամ չունեցած նրանց մասնակցությունից՝ դատապարտել և մեկուսացնել…
Ճշմարտությանը հավատարիմ մնալու համար պետք է ասեմ,որ դեպքից հետո, Հանրապետության 3 տարբեր թերթերում Միշա Խուդավերդյանը հոդվածներ տպել տվեց ու շնորհակալություն հայտնեց ջոկատի պետ Սամվել Մարգարյանին,իր որդու կյանքը փրկելու համար:Նույնը գրել էր նաև իր ցուցմունքի տողերում և նույն բանն ասաց նաև նրա որդին, դատարանում ցուցմունք տալիս:
Սակայն՝ ձգանը քաշված էր,ո՞վ էր հաջորդ զոհը…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ