ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, March 1, 2015 7:34 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 44

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ

Մաս 44

Չբացահայտված հանցագործությունների այդ որջը՝ Արտաշատի շրջանն իր անպատժելի հանցագործներով և Խոսրովի անտառի տարածքում գտնվող նրանց գետնափոր բանտերով ու թաքստոցներով, հակառակ պտտվող հավաստի լուրերի,տարիներ շարունակ կատարված սարսափազդու հանցագործությունների, այդպես էլ մնացին չբացահայտված մինչ օրս և դրան հակառակ՝ տարբեր ձևերով ոչնչացվեցին այն բոլոր վկաներն,ովքեր ունեին հավաստի տեղեկություններ այդ ժայռափոր գաղտնարանների մասին:
Երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու առաջին քայլը կատարված էր արդեն և առաջին քայլը կատարողները Արտաշատի շրջանում հայտնի հանցագործներ Զովաշենցի Ռուբիկն ու Կծան Միշան էին,իրենց բանդաներով՝ ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի անմիջական հրահանգավորմամբ և շրջանի Գործկոմի նախագահ ՍեդրակՍեդրակյանի ու միլպետի տեղակալ Էդիկ Ալխասյանի հովանավորությամբ:Սակայն այսքանով չէր վերջանում շղթան:Շղթայի օղակներ էին հանդիսանում Հանրապետության Գլխավոր դատախազության բազմաթիվ բարձրաստիճան աշխատակիցներ նաև,որոնք այսօր էլ բարձր պաշտոնյաների են և որոնց կատարծ դերին կանդրադառնամ իր տեղում:
Հիմքերը օր-օրի խարխլվող կոմունիստական ռեժիմի ներկայացուցիչները,հանուն իրենց կործանվող հասարակարգի փրկության, ամբողջ կազմով,կարելի է ասել,անցել էին հարձակման,թիրախ ունենալով սկզբում հենց մեզ:Կոմունիստների էստաֆետը վերցրած ՀՀՇ-ի լիդերներից շատերն էլ,ովքեր առանց կասկածի, ուժային կառույցների գործակալներ էին,սկզբում իրենց «անտարբերությամբ», իշխանության անցնելուց անմիջապես հետո էլ իրենց գործուն մասնակցությամբ ու նույնիսկ հրահանգներով արագացնում էին ազգայնական ուժերի ամբողջական կործանումը:Դրանցից առաջինն ու ամենագործունը «հայրենասեր սպարապետ» Վազգեն Սարգսյանն էր…
Դեռ կգա ժամանակը և կտրվի իրական գնահատականը ազգային այս ամենամեծ հանցագործի,որին,նրա նույնակերպ հանցագործ թայֆայի «տղերքը» բարձրացրեցին ազգային հերոսի պատվանդանին և խաբելով մի ամբողջ սերնդի՝ պարտադրեցին երկրպագել այդ մարդկային ճիվաղին…
Ամեն դեպքում,որոշակի շրջանակների համար, ազգայնական ուժերից առաջնահերթ մաքրման կարիք ուներ հենց Արտաշատի շրջանը,քանի որ անկախության համար,նրա դրոշի տակ պայքարող ամենագործուն խավն այս շրջանում էր:Կոմունիստների համար անթույլատրելի էր Արտաշատում տարիներ շարունակ գոյություն ունեցող մութ ուժերի թուլացումն ու ոչնչացումը:Նրանք ամեն գնով պետք է շրջանում ամուր պահեին իրենց ազդեցությունը,որպեսզի հավերժ չբացահայտված,կոծկված մնային Հանրապետության շատ բարձրաստիճան ղեկավարների ու իրավապահների կողմից կատարված ծանր հանցագործությունները:Այդ բարձրաստիճան ղեկավարներն ու իրավապահները տարիներ շարունակ այնքան էին սերտաճել շրջանի հանցագործ շրջանակների հետ,որ վերջիններս նույնիսկ հանդգնում էին նրանց իրենց կամքը թելադրել, ահաբեկելով,որ հակառակ դեպքում կբացահայտեն կատարված հանցագործություններին նրանց մասնակցությունը:Այս ամենի հետ մեկտեղ,համատարած կաշառակերության մեջ թաղված Կոմունիստական հասարակարգի հարազատ զավակների համար, զարմանալիորեն անկաշառ էին Անկախության Բանակի անվան տակ գործող Սամվել Մարգարյանն ու նրա ղեկավարած ջոկատի տղաները,ինչն էլ հենց իրենից ամենամեծ վտանգն էր ներկայացնում կոմունիստների համար:ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանը, Արտաշատի հանցագործներին զինելիս ու հրահանգավորելիս հենց այդպես էլ ասել էր «մեծ քանակությամբ զենք է հայտնվել անկախականների ձեռքը,որոնք մեծ վտանգ են ներկայացնում կոմունիստների համար:Ոչնչացրեք նրանց մինչև վերջին մարդը և դուք պատասխանատվության չեք ենթարկվի»:Սրանք,Զովաշենցի Ռուբիկի ձեռքով գրված խոստովանանք-ցուցմունքի տողերն են,զետեղված գործի հատորներում…
Այսպես,սկսվել էին արդեն սադրիչ գործողությունները Արտաշատի Անկախության Բանակի տղաների դեմ,սակայն այդ արյունոտ գործողություններն արդարացնելու և անխափան իրագործելու համար, անհրաժեշտ էին պատճառաբանություններ,անհրաժեշտ էին ջոկատը վարկաբեկող գործողությունների իրականացում,որպեսզի կոմունիստական հասարակարգից դժգոհ,ոտքի ելած ժողովուրդը չմիանար,սատար չկանգներ ազատամարտիկներին,հեռանար նրանցից,դիտեր նրանց որպես հանցագործներ և անխափան ձևով կատարվեր կոմունիստների կողմից նրանց կործանումը:Հարկավոր էր սեպ խրել ժողովրդի ու նրա կողմից հերոսացված,մեծ սեր ու հարգանք վայելող ջոկատի միջև:Եվ ինչպես պարզվեց՝ ժողովրդին խաբելը դժվար չէր…
Ջոկատի մարտիկները դեռ հավաքված Ազատավանում,գիշերներն սկսեցին կրակոցներ տեղի ունենալ Արտաշատում,սարսափ ազդելով քուն մտած մարդկանց վրա:Իսկ որպես կանոն՝ առավոտյան լուրեր էին տարածվում շրջանում,որ Անկախականները գիշերը շրջել ու կրակել են քաղաքում,վախեցնելով քնած բնակչությանը:Այսպես, համարյա ամեն օր…Եվ ո´չ միայն դա:Սկսեցին սարսափազդու հորինված պատմություններ տարածվել շրջանում ու ողջ Հանրապետությունով մեկ,որոնք վերագրվում էին Արտաշատցի Սամվելի ղեկավարած ջոկատին:
Ստիպված, ջոկատի պետ Սամվելի հրահանգով,մարտիկներն ամեն գիշեր հսկողություն էին անցկացնում քաղաքում մինչև լուսաբաց:Որոշ ժամանակ լռեցին կրակոցները:
Հանկարծ,Ռազմական Խորհրդի նիստից անմիջապես հետո, լուր ստացանք,որ շրջանից փախել են Զովաշենցի Ռուբիկն ու Միշան և հաշված օրեր անց,ՀԱԲ-ի տղաները Երևանում հայտնաբերել ու կալանավորել էին նրանց:
Հենց այդ օրերին էր,որ Միացյալ ՈՒժերի Շտաբը նորից հավաքվեց Ազատավանում:Քանի որ տղաներին առևանգողներն արդեն բացահայտված էին ու գտնվում էին ՀԱԲ-ի շտաբում՝ հսկողության տակ,Ռազմական Խորհուրդը պետք է որոշեր,թե ինչ կերպ է վարվելու հանցագործների հետ:Խաչիկի կատաղի պահանջներին՝ Ռուբիկին ու Միշային հանձնել իրեն,ՀԱԲ-ը պատասխանում էր բացասաբար,ասելով,որ ՄՈՒՇ-ը պետք է նրանց հանդեպ կայացնի որոշում:Միացյալ ՈՒժերի Շտաբը համալրող բոլոր հայտնի քաղաքական գործիչների ելույթները,եզրակացություններն ու առաջարկները մնացել են իմ հիշողության մեջ,որպես իրենց խոսքից,իրենց որոշումից ետ կանգնող,անկայուն բնավորության տեր մարդկանց խղճուկ արդարացումներ:10-15-ի հասնող այդ բոլոր հայտնի քաղաքական այրերի մեջ կար միայն մեկը՝ բոլորից երիտասարդ,բոլորից փոքրամարմին,բայց զարմանալիորեն բոլորից համարձակ ու արդարամիտ,որն այդպիսին էլ մնաց, անցած այս բոլոր 22 տարիներին:Մնաց՝ ԱՆԿԱՇԱՌ,մնաց՝ ԱՆԿՈՏՐՈՒՄ,մնաց՝ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄԱՐՏԻԿ որպես…«Ցեղակրոն» կուսակցության նախագահ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էր այդ մարդը:Նա եղավ և մնաց որպես քաղաքական շրջանակներում ամենակայուն ու ամենաազնիվ գործիչն ինձ համար…
Շանթն այդ օրը ելույթ ունեցավ ամենավերջում և համարձակորեն պահանջեց բոլորից՝ հարգել իրենց ընդունած որոշումն ու պատժել հանցագործներին,ազատամարտիկների հանդեպ նման ոտնձգություններ կատարելու համար,անառարկելիորեն հիմնավորելով իր պահանջն ու նկատել տալով,որ դա կարգ ու կանոն կհաստատի հսկողությունից դուրս գտնվող Հանրապետության ներքին կյանքում:Շանթը պահանջում էր Ռազմական խորհրդի բոլոր անդամներից՝ հավատարիմ մնալ իրենց որոշմանը և հանցագործների դեմ կիրառել նախօրոք որոշված մահապատիժը,պատերազմական շրջանում ազատամարտիկների դեմ նման դաժան,անմարդկային մոտեցում ցուցաբերելու համար,ինչը հատուկ կարող էր լինել միայն թշնամուն:Իրենց խոսքից,նախորոք ընդունած իրենց որոշումից ետ կանգնողների դեմ Շանթի ունեցած այս համարձակ ելույթը,որն իր մեջ նաև ցասում էր պարունակում,կարծես հանկարծակիի բերեց բոլորին,որոնք նկատելիորեն ավելի անճարակ դարձան :Երկար սեղանի շուրջ նստած էին մեկ տասնյակից ավելի հասուն այրեր,հին քաղբանտարկյալներ,պայքարի երկար ու դժվարին ուղի անցած, արդեն բավականին հայտնի քաղաքական գործիչներ և նրանց դեմ կանգնել ու ելույթ էր ունենում,իրենց տված խոսքին հավատարիմ մնալու պահանջ էր դնում բոլորից երիտասարդ,համեստ,ոչնչով աչքի չնկնող,մինչև վերջ բոլորին համբերությամբ լսող մի երիտասարդ,ով այդ պահին բարձրացա՜վ ու փայլեց իր ազնվությամբ:Ով այդ պահին դրսևորած իր համարձակությամբ ու շիտակությամբ՝ արժեր ամբողջ այդ Ռազմական Խորհուրդը:ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ…ով այդպես էլ մնաց իմ հիշողություններում:Մնաց ,որպես բացառիկ ազնիվ ու բացառիկ համարձակ մեկը՝ բոլոր քաղաքական գործիչների մեջ:Երիտասարդ ու փոքրամարմին այդ մարդու մեջ կար մի անկոտրում ոգի և նա պահանջով էր հանդես գալիս,կարծես մեղադրում էր բոլորին՝ թույլ գտնվելու մեջ:Սակայն նրանցից ոչ ոք ի վերջո ընդունակ չեղավ քաջություն դրսևորելու ու կանգնելու Շանթ Հարությունյանի կողքին…
Եվ այսպես,իրենց իսկ որոշումն իրագործելու համար քաջություն չունեցող ՄՈՒՇ-ի ներկայացուցիչներն հեռացան,փաստելով,որ այդ կառույցն այնքան թույլ ու անզոր է,որ ի զորու չէ անգամ պաշտպան կանգնել մարտիկներին…
Դրանից հետո սկսվեցին Աշոտ Նավասարդյանի անընդմեջ առանձնազրույցները Խաչիկ Վասիլյանի հետ:Նավասարդյանն համոզում էր Խաչիկին կատարվածի համար ներել,գոնե ժամանակավորապե´ս ներել Զովաշենցի Ռուբիկին ու Միշային:Նավասարդյանը բացատրում էր,որ այդ ամենն ուղղված է հենց շարժման դեմ,որ կայսերական ուժերն ամեն ինչ անում են,երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու համար,ինչը կբերի երկրին կործանում:Եվ որպես իրական հայրենասերներ,որպես ազգի մարտիկներ ու նվիրյալներ,անհրաժեշտ է ներել,հաշտվել ու այդպիսով վիժեցնել քաղաքացիական պատերազմի սադրումը:Խաչիկն իրական հայրենասեր էր,դա ոչ ոք ժխտել չէր կարող և նա համաձայնության եկավ Աշոտի ու ջոկատի պետ Սամվելի հետ,որ ժամանակավորապես վերջ է տալիս իր վրեժխնդրության ծրագրերի իրագործմանը ու պայքարում է Հայրենիքի համար մինչև Հայաստանի փաստացի անկախացում,իսկ Անկախությունից հետո նա իրագործելու է իր վրեժը:Միամիտնե՜րը…ո՞րտեղից իմանային,որ երբեք էլ իրենց ներումից ու հաշտության ձեռք մեկնելուց չի կախված դեպքերի զարգացումն ու արյունալի բախումների կասեցումը…
Հաշտության համաձայնություն տալով,Խաչիկը սակայն պահանջում էր ետ վերադարձնել հափշտակված ամբողջ գումարը,որին ի պատասխան,Աշոտ Նավասարդյանն ասում էր,որ Ռուբիկն ու Միշան հավաստիացնում են,որ այդ գումարից իրենք տեղյակ չեն և գուցե առիթից օգտվելով,այլ ուժեր են հափշտակել դա:Սակայն Խաչիկն համոզված պնդում էր,անհերքելի ապացույցներ բերում,բերում Խոսրովի անտառի բանտում իրենից խլված ու փողը հափշտակելու ժամանակ եղբորը բերված իր անձնագրի պատմությունը,ասելով,որ գումարը ևս նրանք են գողացել,քանի որ իրեն տանջել են նաև այդ գումարի տեղն ու չափն իմանալու համար:Ի՞նչն էր ստիպում Նավասարդյան Աշոտին,հավատալու այդ հանցագործների խոսքին՝ ասել չեմ կարող:Եվ իրո՞ք հավատում էր նրանց,թե՞ հավատացողի դերը խաղալով,փորձում էր կարճ ձևով լուծել խնդիրը…Գորդյան հանգույցը կարծես չէր բացվում,մինչև այդ օրերին տղաներն Արտաշատում պատահաբար հանդիպելով Խոսրովի անտառում Խաչիկին ու Վարուժանին տանջանքի ենթարկած մարդկանցից մեկին և նրան ստիպողաբար բերելով Ազատավան,խոստովանանք պոկեցին նրանից:Պարզվեց՝ գիշերով Խաչիկի եղբոր տուն մտած երկու դիմակավորների ինքնությունը:Նույն օրը մինչև երեկո,այդ երկու հանցագործներին էլ տղաներն արդեն բերման էին ենթարկել Ազատավան:Աշոտ Նավասարդյանը լսելով նրանց խոստովանությունները՝ դիմակով տան վրա հարձակվելու,գումարը տանելու և Ռուբիկին ու Կծանին հանձնելու մասին,մեկնեց Երևան:Հաջորդ օրն իսկ, տղաների կողմից ազատ արձակվեցին խոստովանությամբ հանդես եկած այդ երկուսը,իսկ Ռուբիկն ու Միշան՝ Երևանից,պայմանով,որ գումարը պետք է ամբողջությամբ ետ վերադարձնեն:Երկրորդ օրը,Աշոտ Նավասարդյանը,հին քաղբանտարկյալներ Ազատ Արշակյանն ու Վարդան Հարությունյանը միասին գնում են Ռուբիկի մոտ,նրանից ստանում գումարը և մեծ դժվարություններով,հնարավոր վտանգի դեմ միջոցներ ձեռնարկելով,Վարդան Հարությունյանը այն բերում և հանձնում է Խաչիկին…
Չնայած այս ամենին,ոչինչ չի խանգարում Նավասարդյանին, այս մասին հետագայում ՀՀ դատախազությանը տված իր ցուցմունքում գրելու,որ գումարն անձամբ է բերել ու հանձնել ջոկատին:Իսկ դրանից էլ հետո,արդեն դատարանում այս մասին ցուցմունք տալիս, Նավասարդյանը հայտարարեց մեկ ուրիշ բան՝ թե իբր գումարը անձամբ հանձնել է Արծրունի Ավետիսյանին,նա էլ բերել ու վերադարձրել է ջոկատին…
Արծրունի Ավետիսյանի մասով դատարանին տված այս ցուցմունքը տեղ է գտել դատական նիստի արձանագրության էջ 469-484-ի մեջ և զետեղվել նաև դատավճռում…
Բավականին ուշագրավ է այս փաստը Աշոտ Նավասարդյան մարդու կերպարը ամբողջացնելու տեսակետից…
Ինչու՞ էր Նավասարդյանը դատարանում ցուցմունք տալիս փոխում պատմության այս մասը,գործի մեջ մտցնելով սուրբ Սարգիս եկեղեցու քահանա,ՀԱԲ-ի կազմում գործած ջոկատներից մեկի հրամանատար ու այդ ժամանակ առանց այդ էլ արդեն ձերբակալված և ԿԳԲ-ի նկուղում գտնվող Արծրունի Ավետիսյանի անունը,ոչ միայն այդպիսով բարդացնելով նրա վիճակը,այլև մեզ նորից շաղկապելով ՀԱԲ-ի հետ՝ դա էլ թողնում եմ ընթերցողի եզրակացությանը…
Հետագայում,երբ բանտերում էին արդեն ջոկատի մարտիկներն,իսկ հանցագործները կարճատև ազատազրկումից հետո գտնվում էին ազատության մեջ,ահա թե այս դեպքն ինչպես է նկարագրում իր գրքում քննիչ Սերգեյ Աբրահամյանը՝.
«Ինչևէ,վաճառքից գոյացած գումարը Սամվել Մարգարյանը,Խաչիկ Վասիլյանը տնօրինել են,ինչպես կամեցել են:Եվ նաև պարզ է մի բան,որ նման հանգամանքներում ջոկատի ներսում անշուշտ պետք է ծագեին վեճեր ու կռիվներ:
Խաչիկ Վասիլյանից բռնությամբ ետ խլվեցին 463 000 ռուբլին,որը,համաձայն հանցագործների ցուցմունքների,հանձնել են Հանրապետական կուսակցության ղեկավարին՝ Աշոտ Նավասարդյանին:Հետագայում պարզվել է նաև,որ Ա.Նավասարդյանը վերադրձրել է վերոհիշյալ գումարը ջոկատի տղաներին»:
Ահա,գործից անտեղյակ մարդը,կարդալով այս վայ-քննիչի «գլուխգործոցը»,կկազմի մի եզրակացություն,որ գումարի պատճառով ջոկատում ծագել են կռվներ ու վեճեր և հենց նույն «ջոկատի հանցագործ համարվող» տղաներն էլ Խաչիկից բռնությամբ խլել են այդ գումարը:
Շա՜տ միտումնավոր ու խորամանկորեն շարադրված քննիչի այս տողերը,իրականությունը վարպետորեն թաքցնելու,իրական հանցագործներին պարտակելու,մեջտեղ չբերելու ու նաև ջոկատի մասին նախորոք տարածված հորինովի պատմությունները հաստատելու միտում են հետապնդում:Ջոկատի մարտիկների մեջ ԵՐԲԵ´Ք և Ո´Չ ՄԻ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ,մա´նավանդ այդ գումարի հարցով,վեճ ու կռիվ տեղի չի ունցել:Սա կեղտոտ սուտ է,որը հեռուն տանող նպատակներ է հետապնդում:Սուտ,որն արդեն իսկ այն օրերին նախորոք տարածել էին ջոկատի մասին:Սուտ,որի միջոցով պետք է այսպես գլխիվայր շուռ տված ներկայացվեր կատարվածը՝ ստվերում թողնելով այդ գումարի համար ջոկատի հետ իրական կռիվ տվողներին ու նաև այդ ստի միջոցով ներկայացվեր հասարակությանը,պատճառաբանվեր ու քողարկվեր հետագայում նույն մարդկանց կողմից իրականացված սարսափելի մի հանցագործություն ևս՝ Խաչիկ Վասիլյանի պայթեցումը… Դե պարզ է,եթե նաև դատախազության իր վերնախավի համար երկա՜ր տարիների գործիքներ հանդիսացած Զովաշենցի Ռուբիկի ու Կծան Միշայի անունները շոշափվեին իր «քերթվածքում»,շա՜տ հարցեր կառաջանային ընթերցողների մոտ և ստիպված կպատմվեին նրանց կողմից կատարված այնքա՜ն արյունոտ հանցագործություններ,թեկուզ հենց ջոկատի մարտիկների ու նրանց հարազատների հանդեպ կատարված,որ «արդարադատ» քննիչը, ակամայից կդառնար իր կոլեգաների ու հանցագործների հանցավոր կապի բացահայտողն ու չէր կարողանա պատասխանել շա՜տ պարզ հարցին,թե այդ ինչպե՞ս եղավ,որ այդքան արյուն թափելուց հետո,հեշտ ու հանգիստ, նման հանցավոր մի բանդա ստանալով բացահայտ աջակցություն քննչական խմբի ղեկավար հանդիսացող Աղվան Հովսեփյանի կողմից (և ո´չ միայն),հանկարծ կարճ ժամանակից՝ ազատության մեջ հայտնվեց:Իսկ ինչպե՞ս և հանուն ինչի՞ կոծկվեցին այդ հանցագործների կողմից թափված այդքան արյունն ու մարդկանց հափշտակելու տասից ավելի դեպքերը, շրջանը բացահայտ գնդակոծելու,նույնիսկ թնդանոթային կրակի տակ առնելու փաստերը,հիվանդանոցի,մարդկանց տների վրա կատարված հարձակումները և այլն…
Եթե ունենայինք իրավական երկիր,այս բոլորի և սրանցից էլ շատ ու շատ հանցագործությունների պարտակման վերաբերյալ պետք է պատասխան տար այս նույն հանցագործների այն տարիների քննիչ ,իսկ այսօր արդեն Հանրապետության Գլխավոր Դատախազի աթոռին հայտնված Աղվան Հովսեփյանը ևս,որի բարձրացրած 1700 խաչերը արյան ու կեղծիքի մեջ են թաթախված…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ