ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, January 13, 2015 11:26 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Ինչպե՞ս ստեղծվեց ՀՀԿ-ն) Մաս 38

1990 թվականի մարտի 30-ը,կամ՝ 31-ն էր,Երևանի ԱԻՄ-ի շտաբում տեղի ունեցավ ԱԻՄ-ի ներկայացուցիչների խորհրդի նիստ,որին մասնակցում էին նաև մի քանի շրջանների ներկայացուցիչներ,այդ թվում նաև ես:Այդ նիստի ընթացքում միայն պարզ դարձավ ,թե ի՞նչ է կատարվում ԱԻՄ-ի խորհրդում:Պարզվեց,որ ԱՄՆ-ում գտնվող Պարույր Հայրիկյանը հրաման է տվել Աշոտ Նավասարդյանին,զինաթափել «Անկախության Բանակն» ու այն բերել քաղաքական դիրքերի վրա,պատճառաբանելով,որ ԱԻՄ-ը միայն քաղաքական ճանապարհով պետք է պայքարի մինչև Հայաստանի փաստացի անկախացում,որ Ադրբեջանի հետ զինված ընդհարումները մեզ ոչինչ չեն տա,քանի որ և մենք,և Ադրբեջանը գտնվում ենք Ռուսաստանի տիրապետության տակ և ցանկացած ժամանակ Ռուսաստանը կարող է հարցը լուծել ի օգուտ մեկի,կամ մյուսի:Հայրիկյանը առաջնահերթը համարում էր Ռուսաստանից անկախացումը,հետո նոր որպես անկախ պետություն,հավասարի իրավունքով ազգային բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը մեր հարևանների հետ: Նա ասում էր,որ մենք հզորացնելով անկախության հանրաքվեի պահանջը,պետք է զորակցենք նույն ճանապարհով առաջ գնացող Լիտվային:
Ժողովի մասնակից շատերիս համար հասկանալի էր Հայրիկյանի հրամանն ու դրա բացատրությունը,բայց՝ զարմանալի և անընդունելի այդ պահի համար,քանի որ զինված ընդհարումներ էին տեղի ունենում սահմանների ամբողջ երկայնքով:Երկրում տիրող իրավիճակը թույլ չէր տալիս շատերիս հասկանալ,թե ինչպե՞ս կարելի էր զինաթափվել ու միայն քաղաքական պայքար մղել,երբ Ադրբեջանը ռուսական զորքերի օգնությամբ,անձնագրային ստուգման անվան տակ արդեն հայաթափել էր Արցախն ու անընդմեջ հարձակումներ էր գործում Հայաստանի սահմանների վրա:Շատերս կարծում էինք,որ լինելով հայրենիքից ու կատարվող իրադարձություններից հեռու,Հայրիկյանը ամբողջությամբ ու ճիշտ չի ըմբռնում իրավիճակը:
Այն ժամանակ շատերս չէինք հասկանում,որ հանձինս Հայրիկյանի ու Նավասարդյանի,տեղի էին ունենում երկու անձերի «ԵՍ»-երի բախումներ…
Ժողովի ժամանակ ելույթ ունեցան Սուսաննա Ավագյանը,Մարտին Ճերմակյանը,էլի մի քանիսն ու նաև Աշոտ Նավասարդյանը:Նա կտրականապես հրաժարվեց զինաթափել Բանակը,ասելով,որ երկիրը չհայտարարված պատերազմի մեջ է և սխալ է զինաթափումը:Նաև պատճառաբանեց,որ ԱԻՄ-ը չէ,որ զինել է բանակի մարտիկներին,մարտիկներն իրենք են արդեն իսկ զինված եկել ու մաս կազմել «Անկախության Բանակին» և բնականաբար ինքն իրավունք չունի նրանց զինաթափելու:Վերջին պատճառաբանությունն իհարկե ընդունելի չէր կարող համարվել և այն մի տեսակ ինքնապաշտպանական բնույթ ուներ կարծես,քանի որ բոլորի համար էլ հասկանալի էր,որ եթե Նավասարդյանը բանակի կողմից ճանաչված էր որպես գլխավոր հրամանատար,ուրեմն և իրավունք ուներ նման հրաման տալու և այդ Բանակի մարտիկներից ով կնդուներ այդ հրամանը և ով՝ ոչ,դա արդեն հարցի ուրիշ կողմն էր:Հասկանալի էր նաև,որ այդ հրամանը չնդունելու դեպքում,բանակի տղաները կհեռանային ԱԻՄ-ից:Սակայն բանակի մարտիկների ԱԻՄ-ից հեռանալու մտավախությունը չէր,որ անհանգստացնում էր Աշոտ Նավասարդյանին,քանի որ Հայրիկյանը շատ կտրուկ դնելով հարցը,ուղղակի հայտարարում էր,որ չենթարկվողները կարող են լքել ԱԻՄ-ն ու հեռանալ:Այսինքն ԱԻՄ-ի հիմնադիր նախագահը՝ Պ.Հայրիկյանը,վախ չուներ հրամանը չկատարող մարտիկների հեռանալուց:
Աշոտ Նավասարդյանը իր ելույթում կտրականապես հրաժարվելով հրամանը կատարել,բացատրում էր նաև,որ ինքը կողմ է բանակի դեմոկրատացմանը,որ իր երազանքն է, ստեղծել դեմոկրատական բանակ Շվեցարիայի օրինեկով,որտեղ ամեն մի սպա,կամ՝ զինվոր,իրավունք կունենա զեկուցելու,որ ինքը իր վերադասի հրամանը կամ չի´ կարող կատարել,կամ էլ՝ համարելով այդ հրամանը սխալ՝ հրաժարվում է այն կատարել:Ժողովի ընդմիջման ժամանակ, ես միջանցքում մոտեցա Սուսաննա Ավագյանին,ցավ ու ափսոսանք հայտնելով նրան Աշոտի հնարավոր հեռանալու համար,որի հանդեպ անչափ մեծ հարգանք էի տածում:Սուսաննա Ավագյանն ինձ պատասխանեց՝. «Դուք դեռ լավ չեք ճանաչում Նավասարդյանին,նա ուզում է պառակտել ԱԻՄ-ն ու նոր կուսակցություն ստեղծել,որպեսզի ինքը դառնա ղեկավար ու բավարարի իր փառամոլությունը»:Ես ապշեցի,զարմանք հայտնեցի,քանի որ չէի պատկերացնում,որ պայքարի մեծ ուղի անցած Աշոտ Նավասարդյանը կարող էր փառամոլ ու պառակտիչ լինել:Իսկ նա ասաց՝.«Նավասարդյանն իրականում այն չէ,ինչպես որ գիտեք նրան,կգա ժամանակ ու կհամոզվեք»:Սուսաննա Ավագյանի այդ խոսքերը ականջներումս են արդեն 22 տարի,որոնք մարգարեություն կարծես լինեին:Երկար ժամանակ պետք չեղավ ԻՐՈՔ ճանաչելու,թե ով էր Նավասարդյան մարդն ու քաղաքական գործիչը,որը (այսօր թույլ եմ տալիս ինձ ասել),իր սեփական «ես»-ին կարող էր զոհել ամեն բան և որը,ընդհամենը մեկ տարի անց,մեր դատավարության ընթացքում,ի պատասխան իրեն ուղղված իմ հարցին, պետք է հրաժարվեր դեմոկրատական բանակ ունենալու վերաբերյալ իր իսկ հայտարարությունից,ասելով,որ՝. «ես հանրապետական եմ և երբե´ք դեմոկրատ չեմ եղել»…
Ահա թե ինչպիսի իրարամերժ մտքերի ու նաև գործողությունների էին ընդունակ անգամ հին քաղբանտարկյալներ հանդիսացող այսպիսի անհատներ,որոնց ազնվությանը ու հետևողականությանը երբեք կասկածել անգամ չէինք կարող…
Նավասարդյանի խոսքից և Հայրիկյանի կողմից ֆաքսով ստացված հրամանը բոլորիս բաժանելուց հետո,Սուսաննա Ավագյանը միացրեց Հայրիկյանի հեռախոսային ձայնագրությունը,որտեղ նա պահանջում էր Նավասարդյանից,կամ՝ կատարել հրամանը,կամ՝ հեռանալ:Ձայնագրությունն ամբողջովին լսելուց հետո,Նավասարդյանը հայտարարեց՝. «Ես հրամանը համարում եմ սխալ և ես դուրս եմ գալիս ԱԻՄ-ից»:Սաուսաննա Ավագյանն ու մյուսները փորձեցին շտկել դրությունը,բացատրել,որ այդպիսով պառակտվում է ԱԻՄ-ը,բայց Նավասարդյանն անկոտրում էր ու հայտարարեց՝. «Ես կուզեմ տեսնել ԱԻՄ-ը հզորացած:Հենց դրա համար էլ ես ինձ «ֆուկ» եմ անում,որ ԱԻՄ-ը չպառակտվի ու հզորանա»:Ժողովն ավարտվեց:Բոլորս դուրս եկանք միջանցք:Տարաբնույթ կարծիքներ էին փոխանակում մասնակիցները:Այդ ամենն այնքան ցավալի էր ինձ համար,այնքան էի ափսոսում Աշոտի հեռացումը ԱԻՄ-ից:
Մենք՝ ժողովի մասնակիցներս, դեռ երկար ժամանակ խմբված շտաբի միջանցքում ու շտաբի դիմաց,քննարկում էինք տեղի ունեցածը:Հանկարծ ինձ մոտեցավ Նավասարդյանն ու տանելով մի կողմ, ասաց՝ «Սվետա,խնդրում եմ կատարվածի մասին տեղյակ պահիր Սամվելին ու թող որոշեն,ինձ հետ են գալի՞ս,թե՞ մնում են ԱԻՄ-ում»:Ես նրան հավաստիացրի,որ մոտ օրերին կբերեմ ջոկատի որոշումը:Գուցե «Անկախության Բանակ»-ի մեջ եղող մյուս ջոկատները ևս մտածում էին իրենց անելիքը,ես դա չգիտեմ,բայց այդ պահին Աշոտ Նավասարդյանը ԱԻՄ-ից հեռացավ ընդհամենը մի քանի մարդկանց հետ,նրա հետ էր նաև Լևոն Հակոբյանը:
Ահա թե ինչ խմորումներ էին տեղի ունենում ԱԻՄ-ում և ինչու՞ էր Նավասարդյանն ասել Սամվելին՝ ջոկատը ետ բերել Բարձրունու դիրքերից ու սապասել նոր հրամանի:
Ժողովից հետո երբ հասա Արտաշատ,արդեն ամբողջ ջոկատն Արտաշատի շտաբում էր:Ես մանրամասն հայտնեցի կատարվածը և Հակոբջանին հանձնեցի Հայրիկյանի գրավոր հրամանը:Մինչև ուշ երեկո բոլորս միասին քննարկում էինք տեղի ունեցածը:Ջոկատը կեսգիշերին ցրվեց,հաջորդ օրն առավոտյան շտաբում ժողովի հավաքվելու պայմանով:
Ես երբեք չէի մասնակցում ջոկատի ժողովներին,որոնք վերաբերվում էին միայն մարտիկներին:Մեկ օր հետո, 1990 թվականի ապրիլի 2-ին,կեսօրից առաջ ժամը 11-ին,ես Արտաշատի «Անկախության Բանակ»-ի մարտիկների որոշումն արդեն տանում էի Աշոտ Նավասարդյանին:Երբ ներս մտա ԱԻՄ-ի շտաբ,անմիջապես նկատեցի միջանցքի ձախ կողմում կանգնած Նավասարդյանին ու Լևոն Հակոբյանին:Տեսնելով ինձ,նրանք մոտեցան:Ես ուրախ տոնով,մի փոքր էլ կատակի տալով,հպարտ ձգվեցի ու բարձր ասացի՝. «Զեկուցում եմ,պարոն Նավասարդյան,Արտաշատի «Անկախության Բանակը» միաձայն որոշեց միանալ ձեզ»:Նավասարդյանը մի անգամից գրկեց ինձ ու դառնալով կողքին կանգնած Լևոն Հակոբյանին,անչափ ուրախ ասաց՝. «Լևոն,պատկերացնում ե՞ս,Հանրապետական կուսակցությունն ստեղծվեց»:Ես հանկարծակիի եկա նրա հայտարարությունից և հիշեցի Սուսաննա Ավագյանի խոսքերը:Հետո նա դառնալով ինձ,հարցրեց՝.«իսկ դու՞»:Ես ասացի,որ մնում եմ ԱԻՄ-ում:Չնայած հետագա դեպքերի զարգացումները բերեցին նրան,որ ես ինձ ավելի շատ ՀՀԿ-ի անդամ էի համարում,քան՝ ԱԻՄ-ի,որի գաղափարների կրողն էի եղել ու մնում:Նավասարդյանը խնդրեց փոխանցել Սամվելին,որ հաջորդ օրն սպասում է իրեն:
Փաստորեն այսպես,հենց այդ օրը՝ 1990 թվականի ապրիլի 2-ին դրվեց ՀՀԿ-ի հիմքը:Փաստորեն ՀՀԿ-ն ստեղծվեց զուտ ռազմական միավորումներից,չունենալով իր հիմքում քաղաքական որևէ ծրագիր ու գաղափարախոսություն:Մարդիկ այդ օրն ու դրանից էլ շատ ամիսներ հետո եկան ՀՀԿ ո´չ նրա գաղափարախոսությունը հոգեհարազատ համարելու համար,ինչը որ գոյություն չուներ,այլ զուտ որպես ռազմական միավորում՝ մաս կազմեցին ՀՀԿ-ին փոխանցված Անկախության Բանակին:Եվ քանի որ այն ժամանակ բոլոր կուսակցությունները,բացի իշխող կոմունիստական կուսակցությունից,գրանցված չէին և համարվում էին անօրինական,ուստի չունեին նաև անդամատոմս:ՀՀԿ-ն իր կազմման օրից շա՜տ ամիսներ հետո միայն գրանցվեց ու օրինականացվեց և անդամագրեց իր անդամներին:Այսօր կան մարդիկ,որ ունենալով ՀՀԿ-ի՝ համար երկրորդ,համար երրորդ,կամ ասենք՝ համար տասներրորդ տոմսը,իրենց համարում են առաջիններն ու հիմնադիրները այդ կուսակցության:Սակայն դա այդպես չէ,դա ճիշտ չէ,քանի որ այդ անդամատոմսերը բաժանվել են այն ժամանակ,երբ արդեն երկա՜ր ամիսներ ՀՀԿ-ն գոյություն ուներ և բազմաթիվ անդամներ ու բազմաթիվ մարտիկներ էին եկել ու միացել այդ կուսակցությանը:Իր ստեղծման օրից 7 ամիս անց նույնիսկ,մինչև նոյեմբեր,երբ մենք ձերբակալվեցինք,ՀՀԿ-ն դեռ գրանցված չէր և չուներ անդամատոմս:Հները բոլորն էլ գիտեին միմյանց և գիտեին, թե ովքեր են դրել ՀՀԿ-ի հիմքն իրականում…
Նավասարդյանի ԱԻՄ-ից հեռանալուց մեկ-երկու օր անց,ԱԻՄ-ի ներկայացուցիչների խորհուրդը մի ուղերձ հրապարակեց,որի մեկ օրինակը մինչ օրս իմ արխիվի մասն է կազմում:Այնտեղ ասվում էր՝.

ՈՒՂԵՐՁ
Մեր հակառակորդի ցանկությունն այն է,որ մեր կարևորագույն հարցը դառնա երկրորդական:Դրան հասնելու համար Մոսկվան իրավունք տվեց ժողովրդին զենք ձեռք բերել, և այս հոգեբանական կռվում գրպանեց շատերին,ընդհուպ նրանց,ովքեր պայքարում են ազգային պզտականության վարականգնման համար:
Անկախության Բանակը ստորաբար հանդուրժում է իր շարքերում մարդկանց,որոնք համարձակվում են ծիծաղել անկախության համար այսօր քաղաքական ճանապարհով պայքարող մարդկանց վրա:
Դեպի Ազգային Խորհուրդի ստեղծում տանող ճանապարհը անձնական «ես»-ի,նաև անձնական քաղաքական գիտակցության հաղթահարումն է,որը ցավոք սրտի՝ բացակայում է,հանգամանքների բերումով Անկախության Բանակի ղեկավարությունում հայտնված մարդկանց մոտ:
Սրանից ելնելով, քանի որ այդ երևույթը դարձել է նաև Անկախության Բանակի գործը,Պարույր Հայրիկյանը Աշոտ Նավասարդյանին կոչ արեց դուրս գալ ԱԻՄ-ից և իր հետ տանել նրանց,ովքեր ուզում են զբաղվել ժամանակավոր գործերով,ովքեր երկրորդականը առաջնային են համարում:
ԱԻՄ-ը իր ստեղծման օրից բազմաթիվ կազմակերպությունների մայր է եղել /սա էլ հերթական երևույթներից է/,բայց իրականությունն այն է,որ ԱԻՄ-ից պառակտված անհատները հիմնականում առաջնորդվել են իրենց անձնական փառասիրությամբ և եսամոլությամբ/Իրականության մեջ անկախության պայքարը դարձել է երկրորդական՝ այն ինչ կատարվեց Անկախության Բանակի հետ/:
ԱԻՄ-ի Անկախության բանակը պառակտվեց կարգապահության խախտման պատճառով:
Պառակտիչների վերջը պառակտումն է:
Պառակտված Անկախության Բանակի յուրաքանչյուր մարտիկ ինքը պետք է որոշի իր տեղը:
Հիշենք,որ 1915 թվին նմանօրինակ պայմաններում / Ռուսաստանի իշխանության ներքո 30 000-ոց կամավորական բանակ կար,սակայն այնտեղ,սահմանից այն կողմ ցեղասպանություն էր/:Իր քաղաքական ինքնապաշտպանություն չունեցող բանակը ոչնչով օգնել չկարողացավ, ի վերջո ազգին չծառայեց մինչև Սարդարապատ:Անկախության Բանակի հարցը իրոք ինքնապաշտպանության հարց է, և իրեն զինվոր համարող ամեն ոք պետք է համարի իր պարտքը զբաղվել ինքնապաշտպանությամբ:Բայց պետականություն չունեցող ազգի զինվորի առաջնահերթ խնդիրը պայքարն է հանուն ազգի անկախության և դա ազգային ինքնապաշտպանության լավագույն ռազմավարական ձևն է,արմատական միջոցն է:
Կազմակերպությունը կշարունակի գործել,մնալով հավատարիմ իր սկզբունքների մաքրությանը:
ԱԻՄ-ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ԱԻՄ-ի խորհրդի այս ուղերձից մեկ-երկու օր անց, հայտարարություն արվեց նաև Պ.Հայրիկյանի կողմից:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ես ուրախությամբ տեղեկացա,որ նրանք,ովքեր շեղվելով ԱԻՄ-ի ազգային քաղաքական ուղղուց,իրենց առաջնային նպատակն ունենալով ոչ քաղաքական անկախությա նվաճումը,ոչ պայքար հանուն Հայաստանի անկախության,ընդառաջելով նաև իմ հորդորին,դուրս են եկել ԱԻՄ-ի կազմից և ազդարարել Անկախության Բանակի ինքնիշխանություն:Այս քայլը ես ողջունում եմ միայն այն պատճառով,որ կարգապահական տակտ չունեցող մարդիկ հեռանում են,իսկ կազմակերպությունը կշարունակի գործել իր մաքուր սկզբունքներով:Բոլորին,ով շարունակում է,նույնիսկ զենքը ձեռքին,հավատարիմ մնալ ԱԻՄ-ի սկզբունքներին,առաջնային է համարում ոչ թե թուրք սպանելը,այլ պայքարը հանուն ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ,կոչ եմ անում անդամագրվել ԱԻՄ-ի բանակին,որի ղեկավարությունը կառաջադրվի ԱԻՄ-ին հավատարիմ մնացած ԱԻՄ-ի խորհրդականների կողմից և կներկայացվի իմ հաստատմանը:
Կա ժամանակավոր,պատեհական կամ մարտավարական ինքնապաշտպանություն և կա ռազմավրական,այսինքն ստրատեգիական ինքնապաշտպանություն:Հայ ազգի ստրատեգիական ինքնապաշտպանությունը ազգային պետականության շուտափույթ վերականգնումն է:
Բոլոր ճակատամարտիկներին հիշեցնում եմ 1914-15 թվականների հայ կամավորների գնդերի «հերոսական» կռիվները,երբ նույն օրերին ամբողջությամբ հայազրկվում էր Արևմտյան Հայաստանը:Նրանք ովքեր պատեհապաշտությունից չեն կարողանում ձերբազատվել,նրանց տեղը ԱԻՄ-ը չէ:
ԱԻՄ-ի այսօրվա խնդիրն է՝ շարունակել և հզորացնել հանրաքվեի պահանջը և քաղաքական ամենայն հնչեղությամբ զորակցել Լիտվային:

ԱԻՄ-ի ՆԱԽԱԳԱՀ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ