ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, September 25, 2014 0:10 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 27

Առաջիկա մայիսյան ընտրությունների առիթով, ՀՀՇ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ իմ ելույթից հետո, շրջանում տիրում էր մի խորհրդավոր ու լարված լռություն:Ժողովուրդն ավելի էր համախմբվել մեր շուրջ և վճռականորեն էր տրամադրված կոմունիստների հանդեպ՝ ընտրությունների հարցում:Մենք՝ ԱԻՄ-ականներս ընդհամենը կողքից դիտողի դերում էինք,բայց հանրահավաքին հնչեցրած իմ ելույթից հետո,շրջանի ՀՀՇ-ի տղաները մի տեսակ ավելի ինքնավստահ էին դարձել,իսկ կոմունիստ ղեկավարները ներքաշված, խո՜ր լռություն էին պահպանում:Մենք չգիտեինք,որ այդ «լռություն» կոչվածը, առաջիկա մածամասշտաբ արյունոտ սադրանքների նախապատրաստման փուլն է…
Ինչպես ասել եմ արդեն,ջոկատն ուներ ռազմական խորհուրդ և առանց այդ խորհրդի որոշման ու գիտության,երբեք և ոչ մի անդամ,նույնիսկ ջոկատի հրամանատարը,սահմանից չէր իջնում շրջան:Իսկ որևիցէ մեկի շրջան իջնելը, պահվում էր խիստ գաղտնի,մինչև տեղանքից հեռացողի բացակայության պահը:Հիմա,տարիների այս հեռվից, երբ մտովի ետ եմ նայում ու նորից եմ քննում կատարված ամբողջ դեպքերը,հասկանում եմ,որ ամենասկզբից էլ ջոկատում և հենց ջոկատի ռազմական խորհրդի անդամների մեջ դրված էր այն մարդը,որը պետք է աշխատեր ներքին օրգանների հետ՝ ընդդեմ ջոկատի:1990 թվականի մարտ,ապրիլ,մայիս ամիսները,կարծում եմ չափազանց կարևոր ու հետաքրքրական են Ղարաբաղյան շարժման պատմության մեջ ա´յն առումով,որ հենց այդ ամիսներին Հայաստանի տարբեր վայրերում սկսվեցին բազմաթիվ դեպքեր՝ ընդդեմ ազգային ուժերի,ընդդեմ ոտքի ելած մեր ժողովրդի և հենց այդ նույն ամիսներին էր,որ բավականին արագ կերպով տարբեր կազմակերպություններ սղոսկեցին ու անմիջապես առանց որևէ աչքի ընկնող գործի, առաջ քաշվեցին, ճանաչում ձեռք բերեցին շատ կասկածելի մարդիկ:Այդ ամիսներին էր,որ սնկի պես աճեցին տարբեր կուսակցություններ՝ նույնիսկ ավանդական կուսակցությունների անվան տակ,որոնց գլուխ նորից կանգնած էին կասկածելի անձնավորություններ:Կոմունիստական ողջ ապարատն անցել էր մեծամասշտաբ հարձակման՝ թույլատրելի և անթույլատրելի տարբեր մեթոդներով,ամեն գնով ամրապնդելու համար օրեցօր կործանվող իր դիրքերը…
Սնկի նման բուսնեցին և սկսեցին բավականին ակտիվ ու շատ կասկածելի գործունեություն ծավալել Հայաստանի Ազգային Անկախություն Կուսակցությունը (ՀԱԱԿ-ը)՝ երբ արդե´ն 1987-ից սկսած գոյություն ուներ Ազգային Ինքնորոշում Միավորումը (ԱԻՄ-ը),որպես Անկախության ջահակիր:Սրանք իրենց համարում էին անկախական,որի պատճառով շատերն անտեղյակորեն կարծում էին, թե նրանք նույն ԱԻՄ-ն են:Լույս էին տեսցնում «Հայաստան» անունով պաշտոնաթերթ,որտեղ դաշնակցության գաղափարների քարոզչության հետ մեկտեղ,հրապարակում էին իրականությանը չհամապատասխանող ու չափազանցված,սադրիչ «նորություններ»: 90թվականի մարտ-մայիս ամիսներին էր,որ ստեղծվեց ՀՀՅԴ (Հայաստանի Հայ Յեղափոխական Դաշնակցություն) կուսակցությունը,որի ղեկավարն էր,մինչ այդ անհայտ մի մարդ, Էդամ անունով,որը նախկինում ինչ որ սրճարանի աշխատող էր եղել:Սրանք ինչպես հանկարծակի որ հայտնվեցին, ավանդական կուսակցության մի փոքր փոփոխված անունն իրենց վրա առած,այդպես էլ արագ կերպով,ժողովրդին շփոթության մեջ գցելով,սկսեցին Դաշնակցության անունից հանդես գալ և քայլեր ձեռնարկել:Քաղաքական շրջանակներում բոլորին էր հայտնի,որ սրանց ստեղծեցին ու քաղաքական ասպարեզ իջեցրին Հանրապետության հատուկ ծառայությունները՝ հատուկ նպատակով,հատկապես Հանրապետությունում դեռևս գոյություն չունեցող Դաշնակցության անվան տակ և ստեղծեցին,ո´չ երբեք առանց Մոսկվայի գիտության:Էդամի այս «Դաշնակցությունը», բանից անտեղյակ մասսաներին,ովքեր կարոտով էին սպասում իրական Դաշնակցությանը,խաբելով գրավեց իր կողմը:Նաև հատուկ ծրագրով, նրա շարքերը համալրեցին Հանրապետությունում ճիշտ այդ ժամանակ,կամ դրանից էլ առաջ շատ կասկածելի արագությամբ զինված, նախկին հանցագործներից կազմված ջոկատներ:Այս իրողությունից հանկարծակիի եկած,դեռևս արտերկրում գտնվող ՀՅԴ-ն մեկը մյուսի ետևից հայտարարություններ ուղարկեց Հայաստանի ժողովրդին:Ցանկանում եմ մեջ բերել ինձ մոտ պահպանվող ՀՅԴ-ի 1990 թ.-ի Մարտ ամսի հայտարարությունը.
ՀՅԴ
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՈՒՆ

Տարօրինակ և անախորժ մի շարք երեւոյթներ Հ.Յ.Դաշնակցութեան Բիւրոյին մղում են որոշ յստակեցումներ կատարելու:

Ամիսներից ի վեր Հայաստանում պաշտօնապէս և հրապարակով հանդես են գալիս և զանազան անխորհուրդ ելոյթներ են ունենում Դաշնակցութեան անունով գործող մի քանի կազմակերպություններ կամ խմբեր:

Նման երևույթներ կարող են միտել միայն,ծրագրված կամ անգիտակից կերպով,հայրենի հայութեան սրտերում տասնամեակներից ի վեր որպես ոգեղեն ներկայություն ամրօրէն առկայ՝ հայ ժողովրդի ազգային մեծագոյն կուսակցութեան վարկը խնդրոյ առարկայ դարձնելու:Եվ դժվար չէ կռահել,թէ նորակազմ կամ հնավանդ ինչպիսի´ խմբակցություններ և շրջանակներ կարող են կանգնած լինել այդպիսի շարժումների յետևում:Այդպիսի ճղճիմ գործունէություններ անյարիր են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան էության,սկզբունքներին ու գործելակերպին,և հայրենի մեր ժողովուրդը չպիտի´ խաբուի նրանցից և սխալ տպավորություններ կազմի:

Հ.Յ.Դ. Բիւրոն յայտարարում է,որ նմանօրինակ խմբակներ,ի´նչ անուան տակ էլ գործեն,կապ չունեն Քրիստափորների,Ռոստոմների և Զավարեանների ստեղծած կուսակցութեան հետ:Բիուրոն միաժամանակ վստահեցնում է հայրենի ժողովրդին,որ երբ պայմանները հասունացած նկատի և որոշի,Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը,որպես կազմակերպութիւն,կարճ ժամանակի ընթացքում ասպարէզ կիջնի եւ կը ծաւալուի հայրենի միջավայրում՝ իր որոշիչ մասնակցութիւնը բերելու համար Հայաստանի եւ Արցախի ազգային,ընկերային եւ պետական-քաղաքական կեանքին:

Մարտ 1990 Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ

Ժողովրդին շեղելու,երկրում խառնաշփոթություն ստեղծելու այսպիսի գործընթացի հետ մեկտեղ,ինչպես ասացի ՝ զանազան խմբերի ու կուսակցությունների մեջ, հատուկ ծառայությունների կողմից ներդրվեցին բազմաթիվ գործակալներ,որոնցից շատերը թեև այն ժամանակ բացահայտվում,կասկածվում էին քաղաքական շրջանակներում,բայց դա չխանգարեց,որ հետագայում նրանք բոլորն էլ, որպես կանոն, ողջ ու առողջ,առանց մատն իսկ քերծվելու ապրեն և հասնեն մեր օրերն ու սեփականեցնելով իսկապես կռված ու նաև հենց իրենց ձեռքով թիկունքից խփված շատ մարտիկների կատարած հերոսական պատմություններ, որպես «պատերազմի հերոսներ»՝ գնդապետի և գեներալի ուսադիրներով պարգևատրվեն,կամ՝ որպես Ազգային Ժողովի պատգամավորներ ու «հաջողակ բիզնեսմեններ»՝ միլիոններ դիզեն…
Այս նույն թվականի մարտին էր,որ իբր «պատահաբար» Վրաստանից Հայաստան՝ Արտաշատի երկաթգիծ եկավ հասավ Ադրբեջանի Խիրդազան կայարանին հասցեագրված մեկ բեռնատար վագոն՝ հագուստեղենով լի,որն իրականում նախօրոք կազմակերպված խայծ էր՝ Արտաշատի «Անկախության Բանակի» համար:Այս նույն թվականի Մայիսի 27-ին էր,որ կազմակերպվեց արյունոտ կիրակին՝ Կայարանի դեպքերը,որին զոհ գնացին թվով վեց երիտասարդներ ՀՀՇ-ի զինված ջոկատներից և հետո ուրիշ խաղաղ քաղաքացիներ,բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին, զինված սովետական զորքը մտավ Երևանի փողոցներն ու կրակ բացեց խաղաղ բնակչության վրա…
Նույն թվականի ապրիլին էր,որ հանկարծ ասպարեզ եկավ բազմակի դատապարտված ,Արտաշատում իր կատարած հանցագործություններով հայտնի Կծան Միշան,որն իր շուրջ հավաքած մի խումբ զինված նախկին հանցագործների,անմիջապես միացավ Հայաստանի ՆԳ Նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի և Էդամի այդ «Դաշնակցության» կողմից համատեղ հովանավորվող Լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանի գլխավորած խմբին:Նրանք համատեղ ուժերով հենց ապրիլ ամսին առևանգեցին Արտաշատի «Անկախության Բանակ»-ի մարտիկներից երկուսին,օրեր շարունակ նրանց զանազան անմարդկային տանջանքների ենթարկելուց հետո ազատ արձակեցին,ինչն էլ դրեց Արտաշատյան արյունոտ դեպքերի սկիզբը…
Այդ նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին էր,որ մինչ այդ ասպարեզում բոլորովին գոյություն չունեցող Աշոտ Աղաբաբյանը,ներկայիս Հրազդան մարզադաշտի և տոնավաճառի սեփականատեր,Ազգային Ժողովի պատգամավոր «Բուռնաշը», հանկարծ մի օր դուրս եկավ Կոմսոմոլի իր աշխատասենյակից,եկավ մտավ ԱԻՄ-ից հեռացած Աշոտ Նավասարդյանի նոր-նոր ստեղծած ՀՀԿ-ի շտաբ և առհամարհելով կուսակցության անդամների մեծամասնության դժգոհությունն ու անվստահությունը իր անձի հանդեպ,անմիջապես ամուր տեղ գրավեց հենց Նավասարդյանի կողքին:Եվ որպես «աշխատանք»՝ ժամանակ առ ժամանակ փոխելով փողկապավոր կոստյում-շալվարը զինվորական արտահագուստով,ոտքը երբե´ք Երևանից դուրս չդնելով հանդերձ,որդեգրեց «Անկախության Բանակի» անցած ողջ ուղին և այսպես կառուցեց «հայրենանվեր կռված մարտիկի» իր սեփական կենսագրությունը…
Նույն թվի փետրվար-մարտ ամիսներին էր,որ Արտաշատի ՀՀՇ-ի զինված ջոկատի շտաբում հայտնվեց,մնաց և անգամ ջոկատի ղեկավարումն իր ձեռքը վերցրեց, այն ժամանակ հանցագործ աշխարհի հայտնի մարդկանցից մեկը՝ Լաերթ Սաղաթելյանը,որը հետագայում,չգիտես թե ի՞նչ «անփոխարինելի ծառայությունների» համար գնդապետի կոչում ստացավ Վազգեն Սարգսյանի կողմից:Սա այն նույն Լաերթն էր,որին,ինչպես նշել եմ պատմությանս սկզբում,Վազգեն Սարգսյանն ուղարկել էր մեր տուն,ահաբեկելու ու լռեցնելու ինձ…
Այս ամենի մասին կպատմեմ մանրամասն և իրենց տեղում,բայց հերթականությունը պահպանելու համար պետք է ասեմ,որ
այս նույն թվականի փետրվար-մարտ ամիսներին էր,խաղա՜ղ մի երեկո,որ Արտաշատի գյուղերից մեկում տեղադրված,Արտաշատի Շրջկոմի առաջին քարտուղար Գևորգյանի քրոջ որդուն՝ մաֆիոզ Գագոյին պատկանող ինքնաթիռ ռեստորանը պայթեցվեց…
Այս ռեստորանի պայթեցումից ճիշտ 3 օր առաջ էր,որ Լաերթ Սաղաթելյանը առաջին անգամ ոտք էր դրել նույն շենքում՝ մեր շտաբի հենց վերևի հարկում տեղակայված ՀՀՇ-ի շտաբ և դարձել էր դրա հիմնական «այցելուն»:Ռեստորանի պայթեցմանը նախորդած օրերին և պայթեցման օրն անգամ,Արտաշատի «Անկախության Բանակ»-ի տղաներից ոչ ոք բացարձակապես չկար շրջանում:Նրանք բոլորը մեկ մարդու պես, գտնվում էին Վայքի Բարձրունի գյուղի դիրքերում:Պետք է հիշեցնեմ,որ դա այն ժամանակ էր,երբ ջոկատի փառքը թնդում էր հանրապետությունով մեկ և չկար կատարված որևիցէ մեկ բացասական արարք,որ կապվեր այս ջոկատի անվան հետ:
Ռեստորանի պայթեցման հաջորդ օրը,կեսօրին,Սամվելն ու ջոկատի մարտիկներից երկուսը եկան Արտաշատ,ջոկատի համար անհրաժեշտ պարագաներ ու սննդամթերք տեղափոխելու:Նրանք նույնիսկ չէին լսել այդ պայթեցման մասին:Ես,եղբայրս և նրա երկու մարտիկները երբ մտնում էինք շտաբ,հենց միջանցքի դռների մեջ հանդիպեցինք Լաերթին:Նա, այդ երեք օրում, արդեն հասցրել էր ուսերին առնել զինվորական կիսավերարկուն:Տղաներն ու ես բարևեցինք նրան,իսկ նա,բարևն ընդունելու փոխարեն հանկարծ տարածեց ձեռքերն ու բարձր ձայնով և արտաշատցու շեշտված բառբառով գոչեց թե՝.
-Գյա,էտ ի՞նչ եյք արի,ընչի՞ պայթեցուցիքյ Գագոյի ռեստորանը…
Մենք ակնթարթորեն ապշեցինք այս հայտարարությունից և հաջորդ վարկյանին Սամվելը բարկացած ու զարմացախառն հարց տվեց,թե՝.
-Ի՞նչ Գագո,ի՞նչ ռեստորան:
Լաերթն ասաց,որ խոսքը Մաֆիոզ Գագոյի ինքնաթիռ ռեստորանի մասին է,որն անցած գիշեր պայթեցրել են:Այս լսելով մենք բոլորս ահավոր բարկացանք:Տղաներն սկսեցին լուտանք թափել Լաերթի գլխին այս բացահայտ զրպարտության համար,ասելով,որ ողջ Բարձրունի գյուղը կարող է հաստատել,որ նրանցից ոչ ոք գյուղից չի բացակայել և հետո,ինչու՞ պիտի ռեստորան պայթեցնեին:Լաերթը մի տեսակ խեղճացավ ու ասաց թե՝.
-Եսիմ,էտենց են ասելի:
Սամվելն ու տղաները պնդեցին,որ նա ասի,թե ո՞րտեղից է լսել նման բան,բայց նա այդպես էլ խուսափողական պատասխան տվեց ու ոչինչ չասաց:Մենք մտանք շտաբ:Տղաները կատարվածից չէին հանգստանում:Մոտ հինգ րոպե անց Սամվելն ասաց տղաներին,որ անմիջապես պետք է մեկնեն դեպքի վայր,հանդիպելու համար Գագոյին:
-Մեր դեմ ինչ որ բան է նախապատրաստվում,Լաերթն էտ բանը հենց էնպես չասեց:Ինձ թվում է, ուզում են Մաֆիոզ Գագոյին մեր դեմ հանել:Հենց հիմի պիտի գնանք հանդիպելու նրան:
Տղաները դուրս եկան շտաբից:Մի քանի ժամից երբ վերադարձան,պատմեցին,որ Գագոն ասել է,թե իրեն էլ են եկել ու ասել,որ իր ռեստորանը Անկախության Բանակի տղաներն են պայթեցրել,բայց ինքը դրան չի հավատացել,քանի որ գիշերով պահակը նկատել է, թե որ կողմից է կարմիր լուսարձակով նշան տրվել,որից անմիջապես հետո պայթել է ռեստորանը:Լուսարձակը և հետագայում կատարված բանսարկությունը կռվող ջոկատի դեմ ու բանսարկուի ինքնությունը հուշել են Գագոյին,թե ո՞վ,կամ ովքեր են կանգնած կատարվածի ետևում:Սամվելի այն հարցին,թե ովքե՞ր և ինչու՞ պետք է պայթեցնեին ռեստորանն ու շրջանառության մեջ դնեին ջոկատի անունը,Գագոն պատասխանել էր՝.
-Դուք որ Սեդրակյանին չեք օգնել ընտրությունների հարցում,նա էլ իր մարդկանցով փորձում է վրեժխնդիր լինել,ուզում է մեջտեղից վերացնել ձեզ,կամ առնվազն վախեցնել,որ չլինի թե հանկարծ քեռուս՝ Գևորգյանին օգնեք:ՈՒ որ ձեզ մեջտեղից հանի,սա սարքել է,որ մենք իրար դեմ դուրս գանք,որ թշնամացնի մեզ ու հենց մեր միջոցով վրեժխնդիր լինի ձեզնից,կամ էլ ձեր միջոցով Արտաշատն ազատի քեռուցս:Բայց ես շատ լավ գիտեմ,որ դուք էս գործի հետ կապ չունեք,գնացեք ձեր բանին:
Եվ Սամվելի այն հարցին,թե ո՞վ է Գագոյին եկել ու ասել,որ Սամվելի տղաներն են պայթեցրել ռեստորանը,Գագոն պատասխանել էր՝.
-Կծան Միշան,բայց դուք գործ չունեք դրա հետ, ես հիմի գնում եմ նրա տուն պատասխան պահանջելու էս ամենի համար:
Այսպես,ամեն ինչից անկախ,ասպարեզ իջավ ևս մի դեմք՝ նախկինում կատարված մեծ ու աղմկալի բազմաթիվ հանցագործությունների համար միշտ անպատիժ,կամ էլ կարճաժամկետ «պատիժներ կրած» մի հանցագործ,որն Արտաշատի շրջանում հայտնի էր Կծան Միշա անունով:Նաև իր հավաքած ու զինած բանդան,որն անմիջապես միացավ ամիսներ շարունակ ջոկատին կրնկակոխ հետևող Ռուբիկ Հակոբջանյանի բանդային,հենց սկզբից էլ ուներ միայն մեկ նպատակ՝ մինչև վերջ ոչնչացնել Արտաշատի Անկախության Բանակը:Հետագայում,երբ ձերբակալվեցին ու ինչպես միշտ՝ կարճ ժամանակով բանտում եղան Կծան Միշան ու նրա «գործընկեր» Լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանը,այս վերջինս իր իսկ ձեռքով գրված ցուցմունքում նշել էր,որ՝. «Նախկինում մենք ոչ մի առնչություն չենք ունեցել Սամվել Մարգարյանի հետ:Ինձ իր մոտ է կանչել ՆԳ ներկայիս նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանը,մեկ շաբաթվա ընթացքում ինձ է տվել 50 հատ ավտոմատ և ասել է,որ մեծ քանակությամբ զենք է հայտնվել անկախականների ձեռքը,ինչը մեծ վտանգ է նարկայացնում կոմունիստների համար:Կառլեն Թորոսյանը մեզ առաջարկել է ոչնչացնել Սամվել Մարգարյանի ջոկատը մինչև վերջին մարդը,ասելով, որ մենք պատասխանատվության չեն ենթարկվի դրա համար:Մենք կատարել ենք Կառլեն Թորոսյանի հրամանը»:
Ահա այսպես:Մենք անգիտակից կազմակերպված դավին,մեր դեմ դուրս էր եկել փաստորեն Հանրապետության կոմունիստական վերնախավը՝ հանձինս ՆԳ Նախարարության,և ո´չ իհարկե առանց Միութենական ԿԳԲ-ի գիտության,որն իրավամբ կոչված էր կանխելու հանցագործություններ և ոչ թե ծրագրելու դրանք և իրագործելու հանցագործ մարդկանց ձեռքով:Հանուն իր շահերի,մեզ ոչնչացնելու համար, փաստորեն սրանց էր միացել նաև Արտաշատի շրջանի բարձրաստիճան կոմունիստ ղեկավարությունը,հանձինս այն ժամանակվա գործկոմի նախագահ Սեդրակ Սեդրակյանի և միլպետի տեղակալ Էդիկ Ալխասյանի,որոնց երկար տարիների հանցավոր ցանկությունների իրագործողներն էին հանդիսանում Կծան Միշան ու նրա մարդիկ:Ինչպե՞ս կարող էին սրանք թույլ տալ,որ հանկարծ շրջանում գլուխ բարձրացնեն,իրենցից ուժեղ լինեն մարդիկ,ովքեր կողմնակից էին արդարության,ովքեր հասարա՜կ,չարքաշ ժողովրդի ծոցից ելած,այդ ժողովրդի ցավն հասկացող զավակներ էին,որոնք ինքնակամ պատրաստ էին կյանքն անգամ զոհելու հանուն այդ ժողովրդի:Հանցագործների այս շղթան,որի օղակներն էին նաև Հանրապետության բարձրաստիճան ղեկավարներից շատերը,մեծ վախ ուներ այս տղաներից և օրեցօր աճող նրանց ժողովրդականությունից:Նրանք հրաշալի գիտեին,որ այսպիսի ուժերի հաղթանակը, ի վերջո ջրի երես կհանի շրջանում ու Հանրապետությունում կատարված բազմաթիվ այն հանցագործությունները,մադկանց անհայտ կորստի դեպքերը,որոնք միշտ կոծկվել էին:Եվ ուրեմն իրենց ծրագրած հանցագործությունների կատարման գործիք հանդիսացող այդ խմբին հանելով մեր դեմ,կոմունիստական մաֆիան նախ մեր ոչնչացմամբ ապահովագրում էր իրեն և երկրորդ՝ կատարում էր իր տերերի՝ կոմունիստական Մոսկվայի պատվերը՝ Հանրապետությունում ամեն կերպ հրահրելու քաղաքացիական բախումներ,ինչը պատրվակ ընդունելով, հեշտ կլիներ ջարդել ազգային շարժումը:Հուսով եմ,դեռ պատմությունը պիտի տա այս ամենի գնահատականը,ազգային շարժմանը ԹԻԿՈՒՆՔԻՑ ԿՐԱԿԵԼՈՒ ոչ միայն կոմունիստական մաֆիայի ժրաջանության հարցում,այլ նաև, իրենց Հայոց Համազգայի Շարժում հորջորջած հակաազգային այդ մութ ուժերի կատարած բոլոր գործերի վերաբերյալ: Այո´, պղտոր ջրում ձուկ որսալու էին շտապելու հետագայում նաև ՀՀՇ-ականները,հատկապես հանձինս Վազգեն Սարգսյանի,որի ասֆալտային «ֆիդայությունը» ամբողջովին ստվերի տակ էր մնում կիպ կողքի շրջանում գոյություն ունեցող այս ջոկատի ունեցած փառքի պատճառով,և ոչ միայն այս ջոկատի,որոնք ոչ մի կերպ չէին համաձայնվում միանալ իրեն և իրենց ունեցած փառքով կենսագրություն ապահովել իր համար:Դեռ դա էլ քիչ էր,հետագայում այս ջոկատը,որի մարտիկները կազմակերպված այդ ամբողջ դավադրության զոհեր որպես ու նաև պատասխանատուներ, պետք է երկար տարիներ դատապարտվեին որպես բանդիտներ,մի օր « բախտ էին ունենալու» կանխելու ապագա «հերոս սպարապետի» ու նրա տղաների կողմից կատարված խոշոր չափի ոսկու հափշտակությունը, հանցագործություն,որի պաճառով կործանման եզրին էին հայտնվել 20 հայ ընտանիքներ:
Այսքանից հետո,երբ շա՜տ «համահունչ» ձևով համընկել էին կոմունիստական մաֆիայի և ՀՀՇ կոչված կազմակերպության «բարձրաստիճան դեմքերի» շահերը,(կամ ավելի ճիշտ կլինի ասել,որ նրանք հենց սկզբից էլ ծառայում էին նույն շահին),ՀՀՇ-ի բարձրաստիճան դեմքեր,որոնց մասին այսօր արդեն վստահաբա´ր կարելի է ասել,որ իրականում հենց հատուկ ծառայությունների դրածոներն էին ՀՀՇ-ի մեջ,ո՞վ պետք է պաշտպան կանգներ մեզ,հեռացներ մեզնից վտանգը և թույլ չտար ԿՐԱԿԵԼՈՒ ԹԻԿՈՒՆՔԻՑ…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ