ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, September 11, 2014 18:19 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 20

Արդեն մի քանի օր էր,որ Աշտարակի ՀՀՇ-ի կողմից ուղարկված ջոկատը տեղավորվել էր Կոռնիձորում,երբ Արտաշատի միլիցիայի բաժինը մի խումբ զինված միլիցիոներների ուղարկեց Արավուս:Այս խումբը սկզբնական շրջանում չեզոք դիրք էր գրավել,սակայն կարճ ժամանակից հետո նրանք իրենց մոտ եղած ավտոմատ զենքերը վստահում էին ջոկատի մարտիկներին,երբ հարձակումներ էին լինում սահմանի վրա,քանի որ Ավշարի դպրոցից բերված զենքերը բավական չէին բոլորին:Կային միլիցիոներներ էլ,որ զինված մտնում էին խրամատ ջոկատի մարտիկների հետ մեկտեղ և անձնվիրաբար պաշտպանում հայրենի սահմանները,ինչը նրանց իրականում թույլատրված չէր:Այսպես,ավտոմատ զենքերով քիչ թե շատ զինվելուց հետո,ադրբեջանցիների կողմից կատարված ամեն մի հարձակում ետ էր մղվում և բացարձակ ոչ մի ադրբեջանցու ոտք անգամ ներս չէր ընկնում սահմանից այս կողմ:Գորիսի թերթն սկսել էր արդեն հոդվածներ գրել ջոկատի մասին,հիացմունքի ու գովասանքի խոսքերով լեցուն,իսկ Արտաշատի միլիցիայի աշխատողները շրջան վերադառնալիս զարմանքով ու հիացմունքով էին պատմում ջոկատի մարտիկների կատարած անձնվեր գործերի մասին:
Ադրբեջանցիների կատարած բոլոր հարձակումները ետ մղելուց բացի,տեղի բնակիչների օգնությամբ Սամվելը կազմում էր տարածքի քարտեզը,որի վրա նշում էր իր ծրագիրն իրագործելու ժամանակ սահմանից այն կողմ անցնելու հնարավոր բոլոր կետերը:
Սահմանի պաշտպանությանը և այս ամենին բոլորովին անհաղորդ էր Աշտարակի ջոկատը:Նրանք գտնվում էին Կոռնիձորի հին դպրոցի շենքում և մինչև ուղն ու ծուծը ՀՀՇ-ական հանդիսացող այդ ջոկատի հրամանատարը արգելում էր որևիցէ քայլ ձեռնարկել,ասելով,որ ՀՀՇ-ից չունի ոչ մի հրաման:Նրանք զինված էին միայն որսորդական հրացաններով:Իրականում ՀՀՇ-ն հենց սկզբից էլ Ղարաբաղյան հարցի «լուծմանը» վերաբերվում էր միայն հրապարակային միտինգներում սահմանների իրավիճակի մասին լրատվություն տալու և կոչեր հնչեցնելու ձևով :Հենց սկզբից էլ այդ կազմակերպությունը Ղարաբաղյան հարցը և ոտքի ելած բազմահազար ժողովրդի հուզումներն օգտագործում էր ավելի շատ կոմունիստական կառավարության տեղը գրավելու,իշխանության հասնելու համար,քան թե լծված էր բուն խնդրի լուծման գործին:Նրանք հենց սկզբից էլ խստիվ դեմ էին հակահարձակումներին,Ադրբեջանի սահմանային խախտումներին,կամ զինված հարձակումներին նույնատիպ պատասխան տալուն և ամենալարված իրավիճակներում անգամ կրկնում էին,որ մենք ագրեսորներ չենք,որ մենք իրավունք չունենք ադրբեջանական հարձակումներին նույն ձևով պատասխանելու և մեր դերը միայն ինքնապաշտպանվելն է…
ՀՀՇ-ի կողմից կատարվում էր այն ժամանակ շատերին անհասկանալի,բայց և վրդովմունք պատճառող մի բան:Մի կողմից դեմագոգիայի ամենածայրահեղ միջոցներին դիմելով,ՀՀՇ-ն Հանրապետությունը հասցնում էր ծայրահեղ լարված իրավիճակի,զինվելու կոչեր էր անում,մյուս կողմից՝ զսպում էր մարտիկներին,մեղադրում՝ Ադրբեջանի դեմ կատարած ցանկացած զինված գործողության համար…
Նման վարմունքը ոչ այլ ինչ էր,քան թե այլոց հրահրելու,իրավիճակն ավելի սրելու միջոցով ամեն կերպ քաղաքական բարձրակետում մնալ և հարկ եղած դեպքում էլ ունենալ անկանխատեսելի դեպքերի պատասխանատվությունից խուսափելու խաղաթուղթ…
Եվ իրականում, ինչպես ամեն բան շարժման շրջանակներում,այնպես էլ զինված մարտերի նպատակային հրահրման իրավունքը, ՀՀՇ-ն «որդեգրել» էր միանձնյա:
Մարտեր էին «սկսվում» սահմաններում,հատկապես Երասխավանում,երբ դա անհրաժեշտ էր ՀՀՇ-ին ընտրությունների անցկացման ընթացքում իրենց համար հաջող ելք ապահովելու,կամ կոմունիստներին վարկաբեկելու համար…
Գլուխը քարը,թե մի քանի մարդ էլ չէր զոհվի հանուն ՈՉՆՉԻ,կամ՝ ավելի ճիշտ կլինի ասել՝ հանուն ՀՀՇ-ի նպատակների…
Մնացած բոլոր դեպքերում,ըստ ՀՀՇ-ի,մեղադրելի և անթույլատրելի էին անգամ, արժանի ռազմական հակահարվածները,թշնամուն հետապնդելու,իր իսկ բնում խեղդելու քայլերն ու շահած փոքրիկ մարտերը Ադրբեջանի դեմ…
Տարիներ էին անհրաժեշտ,հասկանալու ՀՀՇ-ի լիդերների իրական դերը այդ շարժման մեջ,նրանց հետապնդած ազգակործան ծրագրերն իրականում և օտարների վարձկանը լինելու փաստը…
Երբ արդեն մանրամասնորեն ճշտված էր տարածքի քարտեզը և պատրաստ էր կատարվելիք գործողության ամբողջ պլանը,Սամվելն ու ջոկատի խորհրդի անդամները աշնան ցուրտ մի երեկո ոտքով Արավուսից իջնում են Կոռնիձոր՝ Աշտարակի ջոկատի մոտ:
«Ես արդեն բավականին լավ մշակել էի պլանը-հետագայում պատմում էր Սամվելը,-ճարել էի օպերացիայի համար անհրաժեշտ ամեն բան,տղաներից ամեն մեկն ուներ իր գործը,գիտեր ինչ պիտի անի,օպերացիայի խափանման դեպքում ինչ պիտի ձեռնարկի:Մենք մի քանի ավտոմատներով ու հասարակ որսորդական հրացաններով և ինքնաշեն պայթուցիկներով,որը պատրաստում էր Կոռնիձորցի մի երիտասարդ՝ Կամո անունով և որոնք տեղադրել էինք անվադողերի մեջ,դուրս էինք գալու թշնամու դեմ,որն իր կողքին ուներ լավ զինված ռուսական կանոնավոր բանակ,որոնց ավտոմատներով ու հրանոթներով անգամ գնդակոծվում էին մեր դիրքերն ու թիկունքում գտնվող գյուղերը:Գիտեինք,որ անհավասար ուժեր ենք,բայց ուրիշ հնար չունեինք:Ամեն կերպ պետք էր խանգարել,խափանել նոր ադրբեջանական գյուղի ու գործարանի հիմնումն այդ տարածքում,ինչի կառուցումը վերջնականապես կկտրեր Գորիս-Ստափանակերտ ճանապարհային կապը:Միակ բանը,որի մասին մտածում էինք, այն էր,որ հնարավոր անհաջողության,նահանջի դեպքում՝ թիկունքն ապահովված լիներ:Իսկ ես այդքան մարտիկ չունեի:ՈՒ որոշեցի իմ պլանների մասին հայտնել Աշտարակի ջոկատի պետին ու խնդրել օգնություն»:
Հանդիպումը կայանում է:Սամվելը մանրամասնորեն բացատրում է իր ծրագրի մասին ու խնդրում ապահովվել թիկունքը:Բայց Աշտարակի ջոկատի պետը չի համաձայնվում,ասելով,որ իրենք իրավունք չունեն ոչինչ անել,մինչև ՀՀՇ-ն Երևանից չկարգադրի:Այս պատասխանը լսելով, Աշտարակի ջոկատի մարտիկներն սկսում են դժգոհել,թե արտաշատցիք շատ ճիշտ քայլ են մտածել ձեռնարկելու և որ իրենք ուղղակի պարտավոր են օգնել այդ գործին,ու զենք չեն վերցրել ընտանիքներից կտրվել եկել սահման,որ նստեն գյուղում ու տեսնեն,թե թշնամին ինչպես է ամեն օր կրակ բաց անում ու փորձում Արցախը կտրել Հայաստանից:Զինվորների դժգոհությանը, նրանց հարամանատարը նորից պատասխանում է ,որ մինչև կենտրոնական ՀՀՇ-ն չասի,ինքը տեղից չի շարժվի:Հրամանատարի այս պատճառաբանությունը պաշտպանում է նաև ՀՀՇ-ի մեկ ուրիշ նվիրյալ՝ Մուշեղ Սաղաթելյանը:Իսկ թե Երևանում նստած ՀՀՇ-ն ինչպե՞ս պիտի ամեն օր ու ժամ իմանար, թե ինչ է կատարվում հեռավոր սահմանագծում և թե ինչ է անհրաժեշտ անել,կամ՝ չանել,սա էլ մնում է այդ հրամանատարի գիտենալու բանը:
Մերժում ստանալով, Սամվելն իր տղաների հետ վեր է կենում ու ճանապարհ ընկնում դեպի Արավուս:
«Ահավոր մութ էր,-պատմում էր Սամվելը-քանի որ կարգադրել էինք ապահովության համար անջատել գյուղերի բոլոր տների ու փողոցների լույսերը:Մենք մեքենա չունեինք,եկել էինք ու ետ էինք գնում ոտքով:Կլիներ մի 20 րոպե,որ քայլում էինք դեպի Արավուս,երբ հանկարծ մթության մեջ կանչի ձայն լսվեց:Կանչը թույլ էր,զգուշավոր,բայց զգացի որ ինձ են կանչում:Կանգնեցինք ու վարկյաններ անց տեսանք մթության մեջ մեզ մոտեցող մի խումբ մարդկանց:Առջևից գալիս էր թավաբեղ մի մարդ՝ Գեղազնիկը:Մոտեցան ու նա հևիհև հայտնեց մեզ,որ իրենք արդեն որոշել են,զինվել ու ամբողջ խմբով եկել են մեզ օգնության:Գեղազնիկին հարցրեցի,թե բա ու՞ր է իրենց հրամանատարը,նա ասաց թե.՝ Սամվել ջան,քո գնալուց հետո մենք դրա հետ վիճեցինք:Որ պետք է գայինք ու անգործ նստեինք էս գյուղում,հենա կնստեինք մեր ընտանիքների կողքին,էլ ինչի՞ ենք էսքան ճամփա կտրել ու հասել էստեղ:Հենա,էդ հրամանատարին կապկպել գցել ենք գոմը,վրեն մի երկու հոգի պահակ ենք դրել,որ լույսը բացվելուն բաց թողնեն ու հետ գնա,գնա որտեղ պետքնա զեկուցի,որ մենք է´լ ՀՀՇ չենք,մենք էսօրվանից միանում ենք քեզ ու քո հրամանատարության տակ ենք:Ջոկատից էն Մուշեղին էլ,որ պաշտպանում էր դրան, զինաթափել ու թողել ենք դպրոցի շենքում:Դու,Սամվել ջան ,Անդրանիկի գործն ես շարունակում,դու մեր Անդրանիկն ես,մենք ո՞նց ձեռներս ծալենք ու նստենք»:«Ես շատ հուզվեցի,- պատմում էր Սամվելը,փաթաթվեցի Գեղազնիկին ու ասի՝.- ախպերս,որ ես քո Անդրանիկն եմ,դու էլ իմ Չավուշն ես:ՈՒ էդ օրվանից ես նրան է´լ Գեղազնիկ չէի ասում,ասում էի՝ Չավուշ»:Եվ նրան հետագայում այդպես էլ անվանում էին բոլորը՝ Չավուշ,մինչև նրա ողբերգական ու «հանելուկային» մահը Երևանում…
Եվ միացյալ այս ջոկատը, հաջորդ գիշեր,զինված, պատրաստված՝ ըստ ծրագրի,«ՈՒրալ» մակնիշի մեքենայով, ուղղություն է վերցնում դեպի թշնամու դիրքերը:Հասնելով սահմանագծին,մեքենան թողնում են և վերցնելով զենքերն ու պայթուցիկներով լիցքավորված անվադողերը,անցնում են սահմանը,հետո գետը և բարձրանում հանդիպակած բլուրը:Վիճակը նպաստավոր էր հայ մարտիկների համար,քանի որ պարզվում է,որ այդ գիշեր բոլորը քնած են ու շինարարությունը դադարեցված:Դե՝ նախահարձակ կողմ հանդիսացող ու նաև իրեն անպարտելի կարծող ադրբեջանցիներն ի՞նչ պատկերացնեին,որ խաղաղասեր հայի բազուկը մի օր կարող է բարձրանալ իր վրա ու հարվածել…
Եվ հաշված րոպեներ անց,գիշերվա խաղաղ լռության մեջ սարսափելի ճայթյունով որոտում են բլրից շինությունների վրա գլորված անվադողերը,ահավոր սարսափի ու խուճապի մատնելով ադրբեջանցիներին ու քանդուքարափ անելով շինությունների մի մասը:Իսկ հայ կամավորները արագ ու անկորուստ իջնում ու հեռանում են դեպքի վայրից:
Այս նույն գործողությունը կրկնվում է մի քանի անգամ,տարբեր օրերի ընթացքում,քանդելով կառուցած ադրբեջանական շինությունների մեծ մասը և որ ամենակարևորն է՝ ստիպելով սարսափած ադրբեջանցիներին՝ դադարեցնելու շինարարությունը:Եվ ոչ միայն:Կարճ ժամանակ անց, խուճապի մատնված ադրբեջանցիները լքում են գյուղն ու հեռանում,թողնելով այնտեղ միայն իրենց գրոհային ջոկատին:
Ամեն գործողությունից հետո,ադրբեջանական կողմում,նկատելի վայրում, Սամվելը թողնում էր ՀԾ-ի (Հայկական Ծխախոտ ) մեկ դատարկ տուփ,ինչը զարմանալիորեն ավելի էր կատաղեցնում ադրբեջանցիներին և այդ մասին ամեն գործողությունից հետո հաղորդում էին ադրբեջանական ռադիոյով ու հեռուստատեսությամբ…
Այս դեպքերի մասին,ԽՍՀՄ ՆԳ մինիստրության մամուլի կենտրոնը «Պրավդայի» 1989թ.-ի հոկտեմբերի 6-ի համարով հաղորդում է՝. «Ադրբեջանական ԽՍՀ-ի Լաչինի շրջանում,ժամը 20-ին մոտ հայազգի մարդիկ,20-25 մեքենաներով ժամանելով Հայկական ԽՍՀ Գորիսի շրջանից,զինված հարձակում են կատարել Ջաղազուր գյուղի վրա:Հարձակվողները կիրառել են հրազեն,ազդանշանային հրթիռներ,ինքնաշեն պայթուցիկ սարքեր:Հայ գրոհայիններին ղեկավարել է մի ոմն Սամվել Մարգարյան»:
Այսպիսով, ջոկատը դառնում է Գորիսի ողջ սահմանային գծից այն կողմ եղող ադրբեջանցիների ահն ու սարսափը:Ամեն երեկո ջոկատի մարտիկները, իրենց համար զորանոց ծառայող հարդանոցին կից Սեդա մայրիկի տանը հավաքված,լսում և դիտում են Ադրբեջանական ռադիոյի ու հեռուստատեսության հաղորդումները,որոնք չափազանցված գույներով ներկայացնում են հայ «գրոհայինների» կատարած գործողությունները:Հայերի կողմից ստեղծված ինչ որ «անհայտ ու հզոր» զենքի մասին ադրբեջանցիների հորինած լեգենդը կրկնում են նաև Մոսկվայի հաղորդումներում,ավելի մեծացնելով ադրբեջանցիների սարսափը:Ի՞նչ իմանային այն ժամանակ մեր «անպարտելի քիրվաները»,որ այդ «անհայտ ու հզոր» զենք ասվածը, ընդհամենը տրակտորի հին ու մաշված անվադողեր են,որոնց մեջ լցված էին ինքնաշեն պայթուցիկներ և որոնք հաշվարկված էին այնպես,որ բլրից գլորվելով,վառվող լարը հասնում էր պայթուցիկներին ճիշտ այն ժամանկ,երբ անվադողն արդեն ներքևում գտնվող ադրբեջանական շինությունների պատերի տակ էր:
Մոսկվայից եկող այս հաղորդումների դեմ իրենց բողոքն էին բարձրացնում և´ Գորիսի թերթը,և´ Հանրապետության ուրիշ թերթեր:Գորիսի թերթն հատկապես յուրովի էր բացատրում ջոկատի կատարած գործողությունները և հիացմունքի խոսքեր չէր խնայում մարտիկների հասցեին:
Եվ կարճ ժամանակ անց, ողջ Հանրապետությունում լեգենդներ տարածվեցին ջոկատի մասին,մարդիկ հպարտությամբ էին պատմում այս մարտիկների կատարած գործերի մասին,իսկ ադրբեջանական ռադիոն բացահայտ հայտարարություններ էր տալիս,որ սահմանից այն կողմ գտնվող հայ «գրոհայինների» ղեկավար Սամվել Մարգարյանի գլուխը բերողը կվարձատրվի 30 000 ռուբլով,որը հետագայում բարձրացրեցին մինչև 50 000-ի:Այս դեպքերից ուղիղ մեկ տարի անց,երբ ջոկատի մարտիկները բանդիտիզմի մեղադրանքով կանգնած էին Հայսատանի Հանրապետության Գերագույն Դատարանի առաջ,Գորիսի շրջանի սահմանամերձ բոլոր չորս գյուղերի գյուղխորհրդի նախագահները,Գորիսի շրջանի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Ռ. Ալեքսանյանը և գրող Սերո Խանզադյանը իրենց գրավոր բողոքները պետք է բարձրացնեին և պահանջեին ՀՀՇ կառավարությունից՝ անհապաղ ազատ արձակել, իրենց իսկ խոսքերով ասած՝.«Արտաշատի ջոկատի մարտիկներին,որոնք հանդիսանում են Գորիսի հերոսներ:Իսկ Սամվել Մարգարյանն այն մարդն էր,որը ադրբեջանցիների ահն ու սարսափն էր ու նրա համար ադրբեջանցիները գլխագին էին խոստանում…»:(Գրված այդ բոլոր բողոքներն իրենց ամիս-ամսաթվերով,անուն-ազգանուններով մեջ կբերվեն իրենց տեղում):Իսկ ո՞վ էր,կամ՝ ովքե՞ր էին այն մարդիկ,որ այս անուն-ազգանունը հասցրել էին Հայաստանից՝ Մոսկվա ու Ադրբեջան…
Դրանք հենց ազգային շարժմանը դավաճանող,ԹԻԿՈՒՆՔԻՑ ԿՐԱԿՈՂ «հայերն» էին,հայ «իրավապահներ» կոչվող չարչիներն ու կարմիր Մոսկվայի գործակալները,այն տարիների ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ԱԶԳԱԴԱՎ ԿԱՌԼԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ գլխավորությամբ,որի անմիջական ղեկավարամամբ ու ծրագրով,ամիսներ անց նրա կողմից հավաքագրված ու զինված նախկին հանցագործ տարրերի ձեռքով Արտաշատի շրջանը պետք է դառնար արյունոտ մարտերի թատերաբեմ…
Կառլենթորոսյաններն ամեն բան անում էին, սկսված շարժումը վերածելու քաղաքացիական պատերազմի,այդպիսով ջարդելու,ոչնչացնելու անկախության ձգտող ուժերին՝ ապահովելու համար կարմիր Մոսկվայի օրեցօր երերացող դիրքերը Կովկասում ու վերջնականապես կործանման անդունդ նետելու երկիրն ու նրա ապագան…
Պարզ է,որ ջոկատի ձեռք բերած փառքը հնագիստ չէր տալու ոմանց:Իսկ օտարամոլ ազգադավներ միշտ են եղել մեր պատմության ընթացքում և որպես կանոն՝ բարձր խավից են եղել նրանք,իշխաններ,կամ՝ հետագայում բարձր պաշտոնյաներ…
Հասարակ,չարքաշ,իր հող ու ջրին կպած,արդար քրտինքով իր հացը վաստակող մարդը որպես կանոն,երբեք չի դավաճանում այն երկրին ու ժողովրդին,որի ծոցից է ելել ու արմատներով կառչած մնացել նրան…
Դավաճանը տեսակ է,որ վաճառվում է հեշտությամբ և վաճառում,հանուն իր ողորմելի գոյության ու ապահով կեցության…
Եվ այսպես,այս դեպքերից անմիջապես հետո,հանկարծ Գորիսի հենց Արավուս գյուղում հայտնվեցին մի խումբ բավականին լավ զինված մարդիկ,որոնցից շատերը նախկինում Արտաշատում հայտնի,բազմակի դատված քրեական հանցագործներ էին:Ինչպե՞ս էին նրանք հասցրել այդքան կարճ ժամանակում այդպես զինվել՝ անհայտ էր այն ժամանակ և ինչու՞ էին եկել հե´նց Արավուս գյուղ,որտեղ գտնվում էր ջոկատը:Նրանց ղեկավարն էր Արտաշատի Զովաշեն գյուղի բնակիչ Ռուբիկ Հակոբջանյանը,որն հետագայում,Արտաշատի շրջանը արյունոտ մարտերի թատերաբեմի վերածելուց,բազմաթիվ սպանությունների,չարքների պատճառ դառնալուց հետո,իր իսկ ձերբակալության ընթացքում ցուցմունք էր տալու,որ՝. «Ես Սամվել Մարգարյանի դեմ անձնական ոչինչ չեմ ունեցել:Ինձ իր մոտ է կանչել Հանրապետության ՆԳ մինիստրի տեղակալ Կառլեն Թորոսյանը,հանձնարարել է որ խումբ հավաքեմ,մեկ շաբաթում մեզ է տվել 50 հատ զենք և ասել է,որ մեծ քանակությամբ զենք է հայտնվել անկախականների ձեռքը,ինչը մեծ վտանգ է ներկայացնում կոմունիստների համար:Նա մեզ հանձնարարել է վերացնել Սամվել Մարգարյանի ջոկատը մինչև վերջին մարդը,ասելով, որ մենք պատասխանատվության չենք ենթարկվի:Մենք կատարել ենք Կառլեն Թորոսյանի հանձնարարությունը»:
Այն կարծիքը,որ իբր Հանրապետությունում ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը դրեց մարդասպանների անձնական բանդա ստեղծելու և նրանց հրամաններ տալու հիմքը,սխալ է…
Վանո Սիրադեղյանից շատ առաջ,երբ Հանրապետության ՆԳ նախարար էր Կառլոս Ղազարյանը,այդ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանն էր,որ հին հանցագործներից ստեղծեց առաջին զինված բանդան և հանեց Արտաշատի «Անկախության Բանակ»-ի դեմ,նրա մարտիկներին ներքաշելով արյունոտ ու կեղտոտ հակամարտությունների մեջ:
Հետագայում ՀԱԲ-ի քաղ.գծով հրամանատար Վարդան Վարդանյանը,իր «ԾԱՆՐ ՎԱՐԱԳՈՒՅՐ» գրքում պետք է գրեր այսպիսի տողեր՝.
«Կարմիր Մոսկվան իր կամակատարների միջոցով կազմակերպում էր պրովոկացիաներ,ամեն ինչ անում էր,որ առիթ ստեղծեր քաղաքացիական պատերազմի և այդ առիթով ճնշեր ժողովրդական շարժումը:Այդպիսի պրովոկացիա պետք է ստեղծեր այն կետից,որն ամենաուժեղն էր:Իսկ այդ ժամանակ Հանրապետությունում ամենաուժեղը Սամվել Մարգարյանի գլխավորած Արատաշատի «Անկախության Բանակն» էր:Նրանք Հանրապետությունում ամենալավ զինված ջոկատն էին,աչքի էին ընկնում իրենց քաջությամբ,կազմակերպվածությամբ:Մասնակցել էին բազմաթիվ մարտերի Կոռնիձորում,Երասխավանում,Նոյեմբերյանում,Վայքում և այլն…Եվ կոմունիստներն սկսեցին հենց նրանցից…»:

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ