ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, August 5, 2014 9:34 - 3 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 9

«Ինչի՞ էսպես եղավ» …նորից հանգիստ չի տալիս փայտփորիկի կտկտոցը:Կոտորեցին մեզ,սփռեցին աշխարհով մե՜կ,իսկ մենք՝ անգամ իրավունք չունեցանք հիշելու,ողբալու,բողոքելու…Հիմի եկե՜լ ու հասել ենք Վան,եկել ենք ո´չ որպես տանտեր,այլ որպես հյուր:Եկել ենք եկվորների´ մոտ ու չգիտենք,հիմի մե՞նք ենք տանտերը,թե՞ նրանք:Մենք գիտե´նք,որ մերն են այս հողն ու երկինքը, նաև նրա´նք գիտեն:Մենք հուշեր ունենք,չա՜ր հուշեր,որ մեզ հանգիստ չեն տալիս,թույլ չեն տալիս ապրել լիարժեք:Մեր զոհերի,մեկ ու կես միլիոն զոհերի աճյունները չամփոփվեցին հողում,իսկ թուրքը չի հասկանում,որ հողին չհանձնված մարդու հոգին մարմնից զատվելով երկինք չի գնում,մնում է իր անտերունչ մարմնի կողքին,մնում է հավիտյա՜ն…Այդ հոգին ձա՜յն ունի,բողոքի՜ ձայն,պահանջի՜ ձայն,որ այն չի´լռելու,այն մի´շտ արթուն,մի´շտ զգոն է պահելու ապրողներիս և ստիպելու´ է բողոքե՜լ… Մենք ասելու բա՜ն ունենք,պահանջելու բան՝ նրանց ձայնով,նրա´նց փոխարեն…Եվ մեր հոգու բողոքը գրանիտ է դարձել,վեր խոյացել այնտեղ՝ Երևանում ու խրվել կուրծքը երկնի…
Իսկ այստեղ՝ այստեղ մնացել են հոգինե՜րը և Աստված գիտի,թե էլ որքա՜ն են մնալու… Հոգինե՜րը,բողոքո՜ղ,արդարության դատը պահանջող անթաղ հայերի հոգինե՜րը…
«Ինչի՞ էսպես եղավ»…

Ապրիլ էր,դանդա՜ղ բարձրանում էինք դեպի գրանիտե մեր բողոքը,դեպի Ծիցեռնակաբերդ:Բազմահազար մարդկանց մեջից հանկարծ մեկը ձայն տվեց ինձ:Շրջվեցի դեպի աջ:Վազգենն էր Սարգսյան,նրա հետ էլ Կամոն:Մոտեցա,բարևեցի:Վազգենը մտահոգ էր երևում,կարծես մի փոքր չարացած և միանգամից դիմեց ինձ՝.
-Խալիսայից բերած փողերի մասին դու՞ էիր ասել տղաներին:
-Հա,ի՞նչ կա որ,չասե՞ի-զարմացա նրա հարցի վրա:
-Էտ փողերից մի կոպեկ մենք չենք կարա ոչ մեկին տանք,որտև դրանք մեր կյանքի գնով ենք ձեռք բերել ու մերն են-կտրուկ,շեշտված,առանց երեսիս նայելու,շուտասելուկի նման վրա տվեց Վազգենը:
-Բայց մենք ընդհամենը զենք ու զինամթերքի համար ենք ուզել գումարը-արդարացա ես:
-Արտաշատից պիտի ճարեիք էտ փողը,ոչ թե գայիք իմ մոտ-նետեց նա:
-Ախր Արտաշատը ո՞րն է,Արարատը ո՞րն է,ես չեմ հասկանում:Էտ զենքով չպիտի՞ կռվենք ընդհանուր թշնամու դեմ-բարկացա ես:Նա դարձավ դեպի ինձ,նայեց աչքերիս մեջ ու չարացած,բայց բավականին ցածրաձայն,որ միայն մեզ լսելի լինի,ասաց՝.
-Իսկ դու գիտե՞ս,որ Խալիսայի ադրբեջանցիներն արդեն բողոքել են:Ռուսները նրանց հետ զինվորներ են դրել,մայիսի 15-ին դատ է լինելու էտ գործով ու ադրբեջանցիները,ռուս զինվորների հետ գալու են Արարատի դատարան,կարող է մեզ տանեն ոտքով-գլխով կորցնեն…
-Ես այդ օրն անպայման կգամ դատարան- նրա խոսքը կիսատ թողեցի ես:
-Ի՞նչ-ավելի բարկացավ Վազգենը-ադրբեջանցիներին էլ հենց էտ է պետք:Նրանք ռուսներին ասել են,որ Խալիսայում էտ դեպքի ժամանակ կանայք էլ են եղել,հիմի նրանք հենց էտ կանանց են ման գալիս:Գաս,հանկարծ ճանաչեն քեզ,տանեն վախեցնեն,կին ես,սկսես պատմել եղածը,լռիվ գնանք կորե՞նք:Գիտե՞ս, Արարատի միլիցաները մեզ բռնել տարել էին,էն տեսակ դաժան ձևով ծեծեցին ինձ ու Կամոյին,փոքր գրատախտակ կար,էտ գրատախտակով էնքան են տվել գլխներիս,որ էլ ասելու չի,թմբուկ են սարքել:Հեսա,թող Կամոն ասի-վկայակոչեց Կամոյին Վազգենը,որն էլ ձեռքի շարժումով ու գլուխը ձգելով վերև՝ հաստատեց նրա ասածը:
-Վերջը, խոստովանել ենք եղածը-շարունակեց Վազգենը-մոտ 64 հազար ռուբլի տվել եմ Արարատի միլպետին էտ փողերից,որ պրծել ենք դրանց ձեռից,ու հլը տեսնենք,թե դատի գործը ոնց է վերջանալու-մի քանի վարկյան լռեց,հետո նորից դարձավ ինձ-իսկ դու,Սվետա,հիշիր սա-մատը բարձրացրեց ու մի փոքր իմ կողմը թեքվեց Վազգենը-հիշիր քո ամբո´ղջ կյանքում,չմոռանա´ս,էտ բանը դու ոչ տեսել ես,ոչ էլ գիտես:Հասկացա՞ր:Հուր ու հավիտյան մոռացիր էտ մասին ու այլևս ոչ մեկի մոտ խոսք դուրս չգա բերանիցդ-խիստ,խորհրդավոր,չարացած ասաց նա ու լռեց:Ես թողեցի նրանց և ավելի արագ քայլերով առաջ անցա,առանց որևիցե մեկ բառ ասելու: Իսկ ադրբեջանցի «հայցվորները» եկա՞ն…Այս հարցը տալիս եմ մինչ այսօր…
Գնում էինք Ծիծեռնակաբերդ,հարգելու անմեղ զոհերի հիշատակը,դեռ չիմանալով,թե ինչքա՜ն նոր զոհեր ենք ունենալու,որոնց մի մասը՝ թիկունքից խփված… որոնց մասին էլ պիտի փորձեինք լռե՜լ,փորձեինք մոռանա՜լ «հուր ու հավիտյան»…

…Երեկոյան հնչող ազանի ձայնը,որ նամազի է կանչում մուսուլման հավատացիալներին,ինձ ետ է բերում իրականություն:Նստած ջերմ զրուցում են մերոնք Հաջիի ու տանտեր թուրքի հետ,ինչպես հի՜ն ծանոթներ,իսկ թրքուհին մեր անկողիններն է պատրաստում:
… Առաջին լուսաբացն է Վանում:Սա իրոք հրաշքի է նման:Քիչ անց գալիս է Ափոն և ընթրելուց հետո նրա մեքենայով շարժվում ենք դեպի Վանա բերդ:Մեքենան թեքվում է դեպի աջ և մենք արդեն առաջ ենք գնում հայտնի Խաչփողանով,որը նախկինում կենտրոնական ու ամենահայտնի խաչվող փողոցն է եղել Վանում:Երևում է Վանա բերդը,բարձր,ժայռոտ բլրի վրա, վեր ցցված կավաշեն պարիսպներով:Տոմսակ ենք գնում ու մտնում բերդի տարածք:Առաջին բանը որ նկատում ենք,մեծ ու գեղեցիկ,ճյուղերը ներքև կախած ուռենու տակ եղող քյահրեզն է՝ Վանա քյահրեզներից մեկը:Վանեցիք Վանում եղող անուշահամ բոլոր աղբյուրներին քյահրեզ էին անվանում:Մոտենում ենք,ձեռքներս բուռ արած սկսում անհա՜գ ու երկա՜ր խմել առատորեն թափվող ջրից,լվացվում ենք,լցնում գլխներիս ու չգիտենք, թե է´լ ինչ անենք,որ հագեցնենք նաև հոգիներիս ծարավը:Հաջին նայում է բարի՜աչքերով ու ժպտում հուզված:Քյահրեզի հենց դիմաց, փոքրիկ քարե կամուրջ ունեցող առվակից այն կողմ Վանի պատմության թանգարանն է,որտեղ կան ձեռագործ հայկական ու թուրքական գորգեր,ասեղնագործ ժանյակներ,անկողնու պարագաներ,մութագաներ և այլն:Իսկ քյահրեզի ձախ կողմից դեպի զառիվեր ձգվում է անխնամ,քարքարոտ կածանը,որը տանում է դեպի Վանա բերդի բարձունքը:
Բարձրանում ենք:
Ամենաբարձր կետի վրա ամրացված է Աթաթուրքի մե՜ծ երկաթյա պատկերը,ինչպես ամեն մի լեռան,ամեն մի բարձունքի ու ժայռի վրա այդ երկրում: Կանգնած ենք Վանա բերդի վրա:Ներքևում,դիմացներս Վանի նախկին Քաղաքամեջ կոչված տարածքն է,որը Վանի կենտրոնն է եղել:Այնտեղ են գտնվել Վանի շուկան,որտեղ 17-ամյա դաշնակցական Տաճատ Թերլեմեզյանը գնդակահարել է իր դավաճան քեռուն՝ մատնիչ Դավոյին,այնտեղ են եղել կառավարական բոլոր շենքերը,գրադարանը, վարժարանները,եկեղեցիներն ու մզկիթները և զինանոցը:Նայում ենք նախկին Քաղաքամեջին ու տխրում :Չկա այլևս երբեմնի շեն Քաղաքամեջը:Ամենուր անկանոն ,խոտածածկ թմբեր են,որոնք հիշեցնում են նախկինում եղած կառույցների մասին,ընդհամենը մեկ պատ է մնացել զինանոցից,մեկ-երկու կիսաքանդ պատ էլ՝ եկեղեցուց:Հողին հավասարեցված ահռելի այդ տարածքի վրա կանգուն են միայն երկու մզկիթները,իսկ տարածքը ծածկված է արածող ոչխարների հոտերով:Այնտեղ ոչ մի նոր կառույց գոյություն չունի,թեև ամբողջ Վանը կառուցվում է ահռելի թափով:Նույն պատկերին ականատես եղանք նաև երկրորդ անգամ այցելության ժամանակ՝ 2011-ի ամռանը,թեև այս անգամ, զարմանալի ձևով կառուցվել,մեծացել էր Վանն այնքան,որ իր մեջ էր առել արդեն Շուշանց ու Ավանց գյուղերը:
Մի տխու՜ր,չարագուշակ լռություն էր տիրում Քաղաքամեջի վրա:Կանգնած ենք , ձախ կողմում Վարագա լեռն է,աջ կողմում Վանա ծովի արծաթագույն հայելին,իսկ ետևում Վանա Այգեստանն է,որն այս ամբողջ պատկերից առանձնանում է իր յուրահատուկ կանաչով:Այգեստանի տները ուղղակի թաղված են կանաչ ծառների մեջ:
-Այգեստանն է,-ձեռքն առաջ է մեկնում Ափոն-հիմի, էլ առաջվա այգիներն ու ծաղիկ-ծաղկունքը չկան,մերոնք ասում են,որ առաջ անպատմելի են եղել Այգեստանի այգիները:
Հայրս ու Վարդգեսը գլուխներն են ափսոսանքով տարուբերում, իսկ Ափոն ժպտալով դառնում է նրանց՝.
-Մի մտածեք,մի քանի տարի համբերե´ք ու էս սա՜ղ տարածքները նորից Հայաստանինն են
ըլնելու-հաստատուն ձայնով հավաստում է Ափոն:
Այնքան հավատ կա նրա ձայնի մեջ:«Որտեղի՞ց նրան այս հավատը»-զարմանում եմ ես ու մտածում՝. «երանի՜ իրականություն դառնար ասածդ»…
Իջնում ենք Վանա բերդից: Ափոն անսպասելիորեն մեքենայի ընթացքն ուղղում է դեպի Այգեստան:
-ՈՒզում եմ հիմի զարմացնել ձեզ-խորամանկ ժպտում է և քիչ անց մեքենան կանգնեցնում մի վարդաշատ տարածքում, գեղեցիկ կառույցի մոտ:Իջնում ենք և կամարաձև քարե մուտքից ներս մտնում:Մեր առջև բացվում է Վանա ծովն իր ամբողջ գեղեցկությամբ:Ափը, բավականին բարձր սալապատված բետոնով, կարծես զսպում է ծովի ջրերին:Տարածքը մաքուր է,խնամված,գեղեցիկ աթոռներ են դրված ամբողջ ափի երկայնքով:Ձախ կողմում,ծաղկաշատ ափից սկսվում ու դեպի ծովի ջուրն է ձգվում տախտակամածը,որի վրա, ձախ կողմում ռեստորանն է:Փաստորեն ռեստորանն ու տախտակամածի մեծ մասը գտնվում են ծովի ջրերի վրա:Ափոն հրավիրում է առաջանալ:Մատուցող քուրդը բացօդյա դրված սեղաններից մեկն արդեն բեռնել է ամեն տեսակի բարիքներով:Տեղավորվում ենք և Ափոն բոլորիս փոխարեն ու բոլորիս համար պատվիրում է՝.
-Խորոված Վանա տառեխ բեր:
Քուրդը ժպտում է ու գլխով անում:Անմիջապես ծովից տառեխ բռնելու պատրաստություն են տեսնում և մինչ մենք վայելում ենք աշնանային տաք ու փափուկ արևի ջերմությունն ու զրուցում,մեր սեղանը լրացվում է Վանա խորոված տառեխով:Տառեխը լոկ ուտելիք չէ մեզ ու մեր նման վանեցիների զավակների համար:Տառեխը նշխարհ է,սրբություն է,կարոտի հագեցում…Սա գիտի նաև մատուցող քուրդ երիտասարդը,որը խորհրդավոր ժպիտով է ընդունում պատվերն ու նույն ժպիտով էլ մատուցում:Վանա տառեխների քանդակը դրված է Վանի կենտրոնական հրապարակներից մեկում:Տեսնես մենք երբևէ կսովորե՞նք գնահատել մեր մեծ ու փոքր հարստություններն այսպես,այսպես ցուցադրել,չխուսափելով նորը համեմել հնով,կարևորը՝ թվացիալ անկարևորով…
-Հիմի ձեզ պիտի տանեմ Արտամետ-ասում է Ափոն:
-Արտամետա խնձոր կառնենք ու կտանենք մեզ հետ-վրա եմ բերում ես :
Մեր մեքենան գնում է Վանա ծովի ափով դեպի Արտամետ:Ափն այստեղ քարքարոտ է,ճերմա՜կ,կարծես ժավելաջրով լվացած քարեր լինեն:Կանգնեցնում ենք մեքենան և իջնում:Առանց վարկյան իսկ կորցնելու վազում ենք դեպի ծովի ջրերը:Քարերն այնքան լպրծուն են:Հանկարծ նկատում ենք,որ ջուրն էլ է լպրծուն ՝.«մենք սապոն չէինք կյիտնա ինչ պան ի:Մեր Վանա ծովու ճուր սապոն էր որ կար»-հնչում են տատիս խոսքերը:Ես պահը չեմ կորցնում,մեքենայից բերում եմ երկու օր առաջ փոխած հորս ճերմակ վերնաշապիկն ու սկսում ուղղակի լվանալ:Բոլորը ծիծաղում են:
-Մեր շոֆերները որ գալիս են հեռու տեղերից,հենց էդպես,կեղտոտ,յուղոտ շորերով մտնում են ծովի ջրերի մեջ,մի քիչ կանգնում են ու լրիվ մաքրված դուրս գալիս-բացատրում է Ափոն:
Ես բոլորի հայացքի դեմ եմ պահում հորս լվացած վերնաշապիկն ու մենք ապշում ենք՝ ձյունի պես ճերմակել է,ոչ մի քրտինքի ու կեղտի հետք չկա օձիքին:
-ՈՒրեմն ճիշտ էին ասում մեր մեծերը,մենք էլ գիտեինք,թե կարոտից չափազանցված բաներ են պատմում իրենց Վանի մասին-մեղմ ու զարմացած գլուխն է տարուբերում Վարդգեսը:Դուրս ենք գալիս ջրից և անցնում ճանապարհի հակառակ կողմը:Մրգի փոքրիկ խանութ է:Ամեն տեսակի ու գույնի խնձորներ կան,բայց Ափոն բացատրում է վաճառող տղամարդուն,որ մեզ հա´տկապես Արտամետի խնձոր է պետք:Միջին չափի կիսակարմիր խնձորներով լցված երկու արկղ տեղավորում ենք մեքենայում:Արտամետի խնձո՜րը… հոտն անմիջապես տարածվում է մեքենայում:
Հետո,երբ վերադարձանք Հայաստան,Արտաշատում և գյուղերում ապրող վանեցիների զավակներից նրանք,ովքեր տեղյակ էին,որ Վան ենք գնացել,գալիս ու խնդրում էին մեկ խնձոր,կամ՝ մեկ տառեխ և մեզ հետ բերած ամբողջ խնձորն ու տառեխը նշխարհի նման բաժանեցինք բոլորին:

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

karlen
Aug 5, 2014 22:43


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30224') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219