ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, July 30, 2014 22:08 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 4

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Մաս 4

Անին ամբողջովին ավերված էր: Չորս կողմը ավերակ եկեղեցիներ, նախշազարդ քարերի կույտեր, անխնամ տարածք, որը թողնում էր ճնշող տպավորություն: Ձորի մեջ երևում էր երբեմնի կամուրջը,որը կապել էր Ախուրյանի ափերը միմյանց և եղել Մետաքսի ճանապարհի անցակետ: Ձորից այն կողմ մերոնք էին: Աշխատում էին քարհանքում: Մենք այնքա՜ն մոտիկից ու պարզ էինք տեսնում նրանց, որ մի ներքին ցանկություն էր առաջանում ձայն տալ,կանչել … իսկ կողքիս թուրք ասկյարն էր,որ ուշի-ուշով հետևում էր մեր ամեն քայլին: Նա մեզ ուղեկցեց միակ կանգուն մնացած եկեղեցին՝ Անիի մայր Տաճարը: Ներս մտնելիս միայն զգացինք նրա վեհաշուք մեծությունը:Դա մի բարձր ու ընդարձակ սյունազարդ դահլիճ էր:Մուտքից ներս մտնելիս,աջ կողմում խորանն էր, քանդված, անշուք: Մենք այնտեղ մոմ վառեցինք և լուռ ու մունջ հեռացանք: Պարիսպներից դուրս ասկյարները խոսակցության բռնվեցին մեզ հետ: Հարց ու փորձ էին անում Հայաստանից, կարծես ամեն բան հետաքրքրում էր նրանց: Ես մեքենայից հանեցի ծովից – ծով Հայաստանի քարտեզն ու բացեցի: 7 ասկյարներ միաժամանակ կռացան իմ բացած քարտեզի վրա:Ես գերմաներենով նրանց բացատրեցի, թե ինչպես եղավ, որ երբեմնի այս հզոր,ծովից-ծով Հայաստանը դարձավ այսքան փոքր մի կտոր: Նրանցից ոչ մեկը չհակաճառեց,ձայն իսկ չհանեց:ՈՒրեմն գիտեին…
Մեր մեքենան շարժվեց առաջ: Երեկոյան արդեն Իգդիրում էինք: Անհրաժեշտ իրերն էինք վերցնում,որ բարձրանանք հյուրանոց, հանկարծ նկատեցինք,որ 45-ին մոտ մի տղամարդ դանդաղ քայլերով անցնելով մեր կողքից, անընդհատ կանգնում,ետ է նայում ու նորից շարժվում է առաջ: Մեզ Կարսում քրդերն զգուշացրել էին, որ Իգդիրում չկանգնենք,քանի որ այնտեղ մեծ թվով ադրբեջանցիներ են բնակվում,որոնք վտանգ կարող են ներկայացնել: Այդ իսկ պատճառով մեզ ուշադիր զննող մարդը կասկածելի թվաց: Հանկարծ նա կտրուկ ետ շրջվեց,մոտեցավ մեզ ու մաքուր հայերենով հարցրեց. «հայեր ե՞ք»:Մենք հանկարծակիի եկանք և ասացինք՝ «այո»:Նա միանգամից պայծառացավ,հարազատին տեսած մարդու նման նետվեց դեպի մեզ,փաթաթվեց, ամուր գրկեց հորս,հետո հորս հորաքրոջ որդուն ու ասաց. «ինչ լավ է,ես էլ անցնում էի,տեսա հայկական համարներով մեքենա,ասացի՝ սա մերոնք են,կարոտել էի մերոնց»:Հայրս հարցրեց. «հա՞յ ես, ո՞րտեղից ես»: Նա պատասխանեց,որ հայ է և Արարատի շրջանի Շիդլու գյուղից է: Ասաց, որ աշխատում է Իգդիրում:Հորս հորաքրոջ որդին ասաց, որ ինքը ճանաչում է Շիդլույում ապրող բոլոր բնակիչներին և հարցրեց, թե ու՞մ տղան է: Մարդը կարկամեց մի պահ ու հետո վիզը թեքելով աջ ուսին,կոտրված ու մեղավոր տոնով խոստովանեց, որ Շիդլույում ծնված ու մեծացած ադրբեջանցի է, մի անգամից ավելացնելով, որ այնքան շատ է կարոտել իր տանն ու հող ու ջրին, որ երբ հայեր տեսավ,սիրտը չդիմացավ ու մոտեցավ:Ասաց. «մեռնեմ ձեզ,հիմի Նախիջևանում ենք ապրում,բայց էտ Նախիջևանցիները մեզ ի՞նչ,կամ սրանք՝ էս թուրքերը մեզ ի՞նչ: Մեր հարազատը դուք էիք,մենք ձեր մոտ էինք ծնվել-մեծացել, հիմի ձեզ տեսա,ոնց որ հարազատներիս տեսնեի,էնքան ուրախացա,կարոտս առա:Նախիջևանի ադրբեջանցիները մեզ օտար են համարում,չեն սիրում մեզ:Իսկ մենք ձեզ հետ ոնց որ ախպեր լինեինք:Ախր էս ինչի՞ էսպես եղավ» :Վերջացրեց ու գլուխը ափսոսանքով տարուբերեց:Բավականին երկար խոսեցինք ու կարոտախտով տառապող ադրբեջանցին նույն ջերմությամբ հրաժեշտ տվեց ու հեռացավ:Տեսնես գիտե՞ր,որ մենք էլ, արդեն 84 տարի նույն կարոտախտ կոչվող հիվանդությամբ էինք տառապում այս հողի համար,որի վրա հանդիպել ու զրուցում էինք իր կարոտի մասին…
Հաջորդ օրն առավոտյան շարժվեցինք առաջ: Դեպի Բայազետ տանող Իգդիրի միակ մեծ ճանապարհի խաչմերուկներից մեկի կենտրոնում դրված են 2 արագիլի արձաններ: Այնքա՜ ն գեղեցիկ են այդ արձանները և այնքան ճիշտ է ընտրված վայրը:Իգդիրը նախկինում հայտնի է եղել իր արագիլներով:Ասում են, այնտեղ տուն չկար, որի մոտ արագիլի բույն չլիներ:Ասում են նաև,որ ցաղասպանությունից հետո,երբ մնացած հայերը հեռացան , արագիլներն այլևս Իգդիր չվերադարձան…Մենք շրջանցեցինք բավականին մեծ ու գեղեցիկ արագիլների արձաններն ու շարժվեցինք առաջ՝դեպի Բայազետ:
Երբ վերջանում է Իգդիրը, հանկարծ ձախ կողմում,անկանոն բլուրների ետևից երկնքի կապույտ ֆոնի վրա փայլատակում է մեծ Մասիսի ձյունապատ գագաթը: Որքան առաջ ես գնում դեպի Բայազետ,այնքան տեսանելի է դառնում այդ գագաթը :Իսկ երբ անցնելով Բայազետը թեքվում ես դեպի ձախ,գնալու համար Վան, սկսվում է վերելքը ու վեհապանծ այդ գագաթը կարծես ահռելի արծաթյա թագի նման հայտնվում է ուղիղ մեքենայիդ վերևում՝ դիմապակու վրա… Ոլորապտույտ ճանապարհը քանի գնում, բարձրանում է Մասիսի լանջերը և արդեն ձախ կողմում երևում են Արարատի երկու գագաթները:Դա տևում է մի քանի րոպե:Հետո սկսվում է վայրեջքը և կտրուկ անհետանում են գագաթները: Եվս մի քանի րոպե առաջ ենք շարժվում և հանկարծ, ձախ կողմում, Արարատի գագաթները փնտրող մեր հայացքի դիմաց անսպասելիորեն հայտնվում է Արմավիրի ատոմակայանը, որը բավականին երկար ուղեկցում է մեզ :Իսկ աջ կողմում անմշակ դաշտեր են՝ բազմաթիվ քչքչան առվակներով: Հրաշալի մի տեսարան, որը կարծես նկարչի վրձնի գործ լինի: Հարյուրավոր կիլոմետրեր առաջ ես գնում և ճանապարհի երկու կողմերում անմշակ, քարերից զուրկ մաքու՜ր հողեր:Երբեմն դաշտի մեջ երևում են մեկ-երկու տներ,հի՜ն, խարխու՜լ ,կավե պատերով, կամ որձաքարով շարված ու զարմանում ես, թե մարդիկ ինչպե՞ս կարող են այս դարում այսպես ապրել:Չկա սպասարկող ոչ մի փոխադրամիջոց և այդ դերը կատարում են երբեմն հանդիպող ավանակները:Իգդիրից դեպի Վան գնացող ճանապարհի 300 կմ-ոց հատվածի երկու կողմերում հանդիպած գյուղերի մեծ մասը նույնությամբ պահպանել էին իրենց հին հայկական անունները, ինչը շատ զարմացրեց մեզ : Իսկ երբ երկրորդ անգամ՝ 2011թ.-ի ամռանն էինք գնում այդ նույն ճանապարհով,այլևս չկար որևցէ գյուղի անուն հիշատակող գոնե մեկ ցուցանակ: Կարծես այդ գյուղերն անուն չունեին:
Բոլոր նախկին ցուցանակներն անհետացել էին…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ