ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, June 27, 2014 13:53 - 1 քննարկում

Թե ինչ կաներ Կոմիտասը, եթե հայտնվեր Աֆրիկյանների տան պարսպից այն կողմ

http://newsbook.am/?35024&l=am/
Երբ Տիգրան Համասյանը նվագեց Աֆրիկյանների տան հարակից տարածքում՝ փողոցում, որովհետև, գիտեք, ոստիկանները թույլ չտվեցին դաշնամուրը հասցնել մինչև հայտնի տունը, արանքում նաև խոսեց սիրո և հանդուրժողականության մասին՝ իր խոսքն ուղղելով ոստիկաններին և ակտիվիստներին՝ «Չմոռանանք, որ բոլորս պետք է իրար սիրենք … Շենքի հետ կապված պատմություն կա, էդ պատմությունը պետք է հարգել, սիրել այն, ինչ արել են մարդիկ մեզնից երկու դար առաջ, բայց պետք չէ էս ամեն ինչին թշնամաբար մոտենալ երկու կողմից: Պետք է իրար հասկանալ»: Իսկ երբ երիտասարդներն սկսեցին հարվածել պարիսպներին, սիրելի դաշնակահարը հիշատակեց Կոմիտասին՝ «Էսպիսի բաներ պետք չի անել: Համենայնդեպս, Կոմիտասը որ էստեղ լիներ, ինքը չէր գա էդպես դռներին զարկեր»:

Վստահ եմ, որ աշխարհահռչակ Տիգրան Համասյանը լավ գիտի Կոմիտասի անցած ճանապարհը և այն, թե ինչ արժեցավ վարդապետին, երբ նա բոլոր գյուղերից ու ավաններից հատ-հատ հավաքում էր հայկական երգերը վերամշակելու և դրանք բյուրեղացած մեզ վերադարձնելու համար: Կոմիտաս Վարդապետին կղերականները հայտարարեցին ուխտադրուժ, հալածեցին որքան կարող էին, որովհետև նրա համար ավելի կարևոր էր հայկական երաժշտության փրկության գործը, քան «սիրո և հանդուրժողականության մթնոլորտում» հայոց վանքերում աղոթելն ու ծիսական կարգն իրականացնելը:

Ի վերջո, 1910-ի աշնանը Կոմիտասը թողեց Էջմիածինն ու մեկնեց Պոլիս՝ այնտեղ կարճ ժամանակում կազմելով 300 հոգանոց երկսեռ «Գուսան» երգչախումբը: Մեկ տարի անց պետք է տեղի ունենար երգչախմբի համերգը: Համերգասրահը լեփ-լեցուն էր: Նշանակված ժամից անցել էր 15 րոպե. վարագույրը չէր շարժվում։ Դահլիճով շշուկ է անցնում` համերգն արգելում են։ Կուլիսների ետևում Կոմիտասին է մոտենում մի հոգևորական և պարզում փակ ծրար: Ծրարում կաթողիկոսը տեղեկացնում էր այն մասին, որ արգելում է աշխարհիկ բեմից հոգևոր երաժշտություն հնչեցնելը:

Կոմիտասը, իհարկե, կարող էր հանուն հանդուրժողականության և սիրո մթնոլորտի պահպանման՝ ի չիք դարձնել համերգը, և կյանքը կշարունակվեր խաղաղ ու առանց ցնցումների: Բայց Կոմիտասը ճիշտ հակառակ արձագանքը տվեց.
– Փարիսեցինե~ր,- պոռթկաց Կոմիտասը այնպիսի ձայնով, որ ապշեցրեց իր աշակերտներին, որոնք ամիսներ ի վեր ճանաչում էին նրան և չէին տեսել վարդապետին այդպիսի վիճակում,- Ուզում էիք տապալե՞լ իմ գործը… Եթե միայն արգելելն էր ձեր նպատակը, ինչո՞ւ նախապես չէիք արգելում։ Մի ամսից ավել է ազդագրերը փակցված են։ Ես պատրիարք-մատրիարք չեմ ճանաչում։ Գնա՛, ըսե՛, որ կաթողիկոսի հրամանը ունեմ գրպանս /նկատի ուներ հրամանը, որն, իրոք, էջմիածնական իր տարիներին ստացել էր Խրիմյան Հայրիկից/։

Համերգը տեղի ունեցավ նախատեսված ծրագրով։ Կղերականները համերգը համարեցին մեղք եւ սրբապղծություն, իսկ Կոմիտասը ուխտադրուժ հայտարարվեց։ Այսպես վճարեց Կոմիտասը, որպեսզի պոլսահայությունը լսի և ճանաչի հայկական երգարվեստը:

1914թ. հունիսին Կոմիտասը մեկնում է Փարիզ` մասնակցելու Միջազգային երաժշտական ընկերության հերթական կոնգրեսին։ Այնտեղ վարդապետը թողարկում է նաև իր և Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ հոգևոր և աշխարհիկ երգերի ձայնասկավառակներ: Այդ երգերի ձայնագրմանը Կոմիտասը նվագակցել էր անձամբ` դաշնամուրով եւ ֆիլհարմոնով։ Հոգևորականները դա ևս համարեցին մեղք և սրբապղծություն։ Կրոնական ժողովը դիմեց ոստիկանությանը՝ արգելելու գրամոֆոնի պլաստիկաների վաճառքը: Ու մինչև Կոմիտասը կվերադառնար Փարիզից, ոստիկաններն ամբողջությամբ գնեցին սկավառակները և ջարդեցին։ Հետագա սերունդները եւ մենք զրկված ենք Կոմիտասի կատարմամբ ձայնասկավառակներից։ Կոմիտասից մեզ հասած մի քանի հազվագյուտ ձայնագրումները իրեղեն վկաներն են զրկանքի մեծության։

Վստահաբար կարող ենք ասել, որ եթե ձայնասկավառակների «ապամոնտաժումը» տեղի չունենար Կոմիտասի՝ երկրից բացակայելու ժամանակ, վարդապետն իր սաների հետ, հաստատապես, ամեն գնով կփորձեր պաշտպանել երգարվեստի այդ նմուշները՝ ճիշտ այնպես, ինչպես այսօր այդ երիտասարդներն են փորձում պաշտպանել Աֆրիկյանների տունը և ցանկացած արժեք, որ անվերադարձ խլվում է նրանցից և ջարդուխուրդ արվում:

Լավ է, որ Տիգրան Համասյանը երբեք հարկադրված չի եղել մի ձեռքով արարել, մյուս ձեռքով պաշտպանել իր ստեղծագործությունը տգետ ու բիրտ ուժից: Այլապես ստիպված կիներ մոռանալ սիրո, հանդուրժողականության, էթիկետի նորմերի մասին և ատամներով պահել ամենաթանկ բանն այս աշխարհում՝ ստեղծագործությունը: Լավ է, որ անձամբ Տիգրան Համասյանը չի անցել սրա միջով: Իսկ թե ինչ կաներ Կոմիտասը, եթե հայտնվեր Աֆրիկյանների տան պարսպից այն կողմ՝ դաշնամուրի մոտ, շրջապատված կապտուկներով ծածկված և հիացմունքով իրեն նայող երիտասարդներով, վստահ եմ, արդեն գիտեք:

Մարինա ԲաղդագյուլյանՆյութի աղբյուրը ` http://newsbook.am/?35024&l=am/



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ար
Jul 1, 2014 16:15


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30112') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB7\xD5\xBD \xD4\xB7\xD5\xAC \xD4\xBF...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB7\xD5\xBD \xD4\xB7\xD5\xAC \xD4\xBF...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB7\xD5\xBD \xD4\xB7\xD5\xAC \xD4\xBF\xD5\xB8\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219