ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, June 26, 2014 5:30 - չքննարկված

Հայկական հետազոտություններ թուրքական ուղեղային կենտրոններում

Արեստակես Սիմավորյան

«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Արդի դարաշրջանում տեղեկատվական պատերազմներն ընթանում են գրեթե բոլոր դաշտերում՝ այդ գործընթացներում ներառելով պետական և ոչ պետական հաստատություններին։

Համացանցի և տեղեկատվական այլ տեխնոլոգիաների զարգացման, գիտակրթական նոր ձեռքբերումների հետ միասին մատչելի դարձավ նաև տեղեկություն ստանալը, ինչն առաջ բերեց նաև տեղեկատվական հոսքերի ընդգրկուն տիրույթ։ Վերջին 20 տարիներին տարբեր երկրներում հիմնվեցին զգալի թվով ուղեղային կենտրոններ (ՈւԿ) ՝ այդ տիրույթում եղած տեղեկատվական նյութի հայթայթման, մշակման, վերահսկման և վերլուծման համար։ Այս տեսանկյունից բացառություն չէ Թուրքիան։ ՈւԿ-ները, որոնք ընդունված է համարել «հինգերորդ իշխանություն», անմասն չեն տեղեկատվական-քարոզչական գործողություններից։

Մինչև սոցճամբարի փլուզումը հայկական հետազոտությունները բացառապես իրականացվում էին ակադեմիական կառույցների շրջանակներում։ Առկա ստվարաթիվ վերլուծական կենտրոնների հիմնական մասի, այդ թվում՝ «փակ վերլուծական» խմբերի հետազոտական աշխատանքները կենտրոնացած էին հիմնականում հայկական սփյուռքում տեղի ունեցող տեղաշարժերի և մեծ մասմաբ ԱՍԱԼԱ-ի գործունեության հետազոտությունների վրա։ Ներկայում այնպիսի հարցեր, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, Հայոց ցեղասպանության, սփյուռքի և ընդհանրապես Հայաստանին ու Հայությանը վերաբերող քաղաքական, ռազմավարական նշանակության հիմնախնդիրները, բացի ակադեմիական կառույցներից, դարձել են նաև թուրքական վերլուծական հաստատությունների հետազոտությունների առարկա։

Արժե հիշատակել, որ վերջին տարիներին Թուրքիայում հայերենի դասավանդման ուղղությամբ ևս քայլեր են արվում։ Մասնավորապես այդ նպատակով ակադեմիական հաստատություններում հիմնադրվել են տարբեր ստորաբաժանումներ, նեղ մասնագիտացված ինստիտուցիոնալ բաժիններ։ Դրանք հայոց լեզվի և գրականության բաժիններ են և գործում են հիմնականում ուսումնակրթական ծրագրերի ու դասընթացների շրջանակներում ։ Միևնույն ժամանակ որոշ համալսարաններում ստեղծվել են նաև հայկական հետազոտական կենտրոններ , որոնց հետազոտական բուն նպատակը Ցեղասպանության թեմաներով ուսումնասիրություններն են, և այս ուղղությամբ աշխատանքները բավական մեծ տոկոս են կազմում։

Կենտրոնների «ինտելեկտուալ արտադրանքն» ունի, նախ՝ քարոզչական, երկրորդ՝ ճանաչողական և, ի վերջո, կիրառական նշանակություն։ Աչքի անցկացնելով վերջին հինգ տարիներին մոտ 10 հետազոտական կենտրոնների հրատարակած հոդվածները, գրքերը, զեկույցները՝ հայկական հետազոտությունները կարելի է բաժանել երկու մասի՝ պատմական և արդի։

Պատմական հետազոտությունները վերաբերում են հետևյալ թեմաներին

• Հայերը տարածաշրջանում թյուրքական նվաճումից առաջ
• Հայերը Սելջուկյան ժամանակաշրջանում
• Հայերն Օսմանյան կայսրությունում (սոցիալական, քաղաքական, ժողովրդագրական, կրթական և մշակութային իրադրությունը)
• Հայկական կուսակցություններն Օսմանյան կայսրությունում
• Հայոց ցեղասպանությունը
• Լոզանի պայմանագիրը և Հայկական հարցը
• Հայկական համայնքը հանրապետական Թուրքիայում

Արդի խնդիրների ուսումնասիրությունները վերաբերում են

• ՀՀ հիմնմանը
• ՀՀ ժողովրդագրական, մշակութային խնդիրները, հանրության սոցիալական կառուցվածքին
• Թուրքիա-Հայաստան և Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին
• ԼՂ հիմնախնդրին
• Հայկական հարցին միջազգային հարաբերությունների համատեքստում
• Հայկական սփյուռքին
• Հայերի ներկայությանը կիբեռտարածությունում
• Հայկական ԶԼՄ և մեդիա-դաշտի ուսումնասիրություններին
• ՀՀ արտաքին քաղաքականությանը և այլն

Երկու դեպքում էլ շարքը կարելի է շարունակել՝ հավելելով նաև այլ ուղղություններ, սակայն վերոհիշյալ հետազոտություններին ավելի մեծ տեղ է հատկացվում։ Թեև միշտ չէ, որ ՈւԿ-ները կատարում են պատմական հետազոտություններ, այդուհանդերձ, դրանք հազվադեպ, բայց որոշ ՈւԿ-ների պարագայում առկա են։ Մնացած դեպքերում պատմական հետազոտությունները կատարվում են կամ համալսարաններին կից գործող հետազոտական-վերլուծական կառույցներում (օրինակ՝ Սաքարիայի և Աթաթյուրքի համալսարանների թուրք-հայկական հարաբերությունների հետազոտությունների կենտրոններում), կամ «հայագիտական» հարցերում մասնագիտացված ՈւԿ-ներում։

Պատմական և արդի խնդիրներով զբաղվող խոշորագույն «հայագիտական» կենտրոնը, որտեղ հայկական հետազոտությունները կրում էին հիմնարար բնույթ, ժամանակին Թուրքիայի Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնին կից գործող, 2001թ. հիմնադրված և քարոզչական մեծ ապարատի վերածված Հայկական հետազոտությունների ինստիտուտն էր (Ermeni Araştırmaları Enstitüsü) ։ 2009թ. վերոհիշյալ կենտրոնը դադարեցրեց գործունեությունը։ Թուրքական լրատվամիջոցները նշեցին ֆինանսական աջակցությունից զրկվելու հանգամանքը, մինչդեռ այն փակվեց քաղաքական դրդապատճառներով ։

Հայկական հետազոտությունների ինստիտուտն այժմ շարունակում է աշխատանքները մեկ այլ հետազոտական կենտրոնում՝ AVIM-ում (Եվրասիական ուսումնասիրությունների կետրոն), Կովկաս և Հայկական հարց բաժնի կարգավիճակով, նախագահն է նախկին դիվանագետ Օմեր Էնգին Լյութեմը։ AVIM-ը և մեկ այլ ռազմավարական կենտրոն՝ ORSAM-ը (Մերձավորարևելյան ռազմավարական հետազոտությունների կենտրոն) հիմնադրվել են Թուրքմենական համագործակցության և մշակույթի հիմնադրամի կողմից։ Ընդհանրապես միջինարևելյան թուրքմենական կապիտալի ներդրումը Թուրքիայի գիտավերլուծական կենտրոնների գործունեության մեջ նոր և եզակի երևույթ է, որը նկատելի է վերջին հինգ տարիներին։

Ինչ վերաբերում է հայկական հետազոտություններին, կենտրոնը հրատարակում է երկու ամսագիր՝ «Հայկական հետազոտությունների հանդես»-ը (թուրքերեն) և «Review of Armenian Studies»-ը (անգլերեն)։ Որոշ տվյալների համաձայն՝ այն վերահսկվում է Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդին կից Ազգային ակադեմիական ցանցի և տեղեկատվական կենտրոնի կողմից։

Թեև ամսագրերում հրատարակվող հոդվածներն անդրադառնում են հայագիտության տարբեր բնագավառների, այնուամենայնիվ գերակշռող են Ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ հրապարակումները, ինչը վկայում է, որ դրանք շարունակում են գործել Անկարայի հայկական ինստիտուտի որդեգրած սկզբունքներով։ Ժամանակ առ ժամանակ ամսագրերում կարելի է հանդիպել հայոց պատմության տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող հոդվածների, որոնց նպատակն անաչառության պատրանքի ստեղծումն է։ Թուրք հեղինակներից բացի` ամսագրերում հրատարակվում, ինչպես նաև խմբագրական խորհրդում ընդգրկված են արևմտյան և ադրբեջանցի հեղինակներ ակադեմիական և վերլուծական շրջանակներից, ինչը միջազգային բնույթ է տալիս պարբերականներին։ Հակահայկական, քարոզչական բնույթի հրապարակումները չեն սահմանափակվում սույն պարբերականներով։ Կենտրոնը նման աշխատանքներ ներկայացնում է նաև զեկույցների տեսքով։

Հայկական հարցերում մասնագիտացված են նաև Աթաթյուրքի և Սաքարիայի համալսարաններին կից թուրք-հայկական հարաբերությունների հետազոտությունների կենտրոնները։ Երկար ժամանակ երկու կենտրոններն էլ գործակցում էին Անկարայի հայկական ինստիտուտի հետ, իսկ այժմ ավելի սերտ են դրանց և AVIM-ի հարաբերությունները։

Հայկական հետազոտություններով և ուսումնական գործունեությամբ զբաղվող թուրքական կառույցների (ակադեմիական, թե վերլուծական) միջև համագործակցության մակարդակը բարձր է։ Նրանք աշխատում են փոխլրացման սկզբունքով։ Այդ հարաբերությունները հնարավորություն են տալիս լուծել մի քանի առանցքային խնդիրներ. կադրերի վերապատրաստում, ռազմավարական նպատակների հստակեցում և իրագործում, համատեղ ծրագրերի, գիտաժողովների իրականացում և այլն։

Հատկանշական է, որ վերոհիշյալ կենտրոնների ռազմավարական նպատակներից մեկն էլ հայերի կողմից թուրքերի հանդեպ իրականացված «գենոցիդի» թեզիսի զարգացումն ու տարածումն է արտերկրում։ Պատահական չէ, որ թուրքական ազգայնականության օջախ համարվող Էրզրում քաղաքում գործող Աթաթյուրքի համալսարանի վերը նշված կենտրոնն այդ նպատակով մի քանի գյուղերում հիմնել է «ցեղասպանության թանգարաններ» և 2015 թվականին իրականացվելիք գիտական և այլ միջոցառումների մասնակիցներից մեկն է։

Եթե հակահայագիտական կենտրոնների գործունեությունն ինչ-որ տեղ հասկանալի է, ապա զարմանալի է, թե ինչպես են տնտեսական և սոցիալական հետազոտական ուղղվածություն ունեցող կենտրոնները հայտնվում քարոզչության տիրույթում (օրինակ` Անկարայում գործող Եվրասիայի տնտեսական հարաբերությունների ասոցիացիան՝ EkoAvrasya, www.ekoavrasya.net, կամ Սոցիալական և ռազմավարական հետազոտությունների հիմնադրամը՝ www.koksav.org.tr): Բանն այն է, որ EkoAvrasya-ն համաթյուրքական նշանակություն ունի, և ակնհայտ է ադրբեջանական ձեռագիրը, որի միջոցով էլ ԼՂ և Խոջալուի վերաբերյալ վերլուծական աշխատություններ են հրատարակվում։ Եվ սա չի վերաբերում միայն այս կառույցներին։

Չենք թվարկի նմանատիպ այլ կենտրոնները. ակնհայտ է, որ ՀՀ և Հայության վերաբերյալ հետազոտությունները կրում են հիմնականում պարբերական, մնացած դեպքերում՝ դիպվածային կամ իրավիճակային բնույթ։ Դրանց մեծ մասն իրականացվում է կովկասյան, տարածաշրջանային և այլ անվանումներ կրող ենթաբաժինների կողմից։

Այսպիսով, ակադեմիական հաստատությունների հայկական հետազոտությունների կողքին՝ չի կարելի անտեսել նաև ՈւԿ-ների դերը, որոնք այս դեպքում ներկայանում են որպես հավելյալ ներուժ։

——————————–

1 Հայոց լեզվի և գրականության բաժիններ կան Թրակիայի, Անկարայի, Էրջիյեսի և այլ համալսարաններում։
2 Սաքարիայի և Աթաթյուրքի համալսարաններում գործող թուրք-հայկական հարաբերությունների հետազոտությունների կենտրոնները։
3 Հայկարամ Նահապետյան, Անկարայի հայկական հետազոտությունների ինստիտուտ, http://www.noravank.am/arm/articles/security/detail.php?ELEMENT_ID=486
4 Արեստակես Սիմավորյան, Թուրքիայի ուղեղային կենտրոնների զարգացման նախադրյալները. այժմեական խնդիրները, «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012, էջ 25-26։
5 Նման թանգարան գործում է Յեշիլյայա գյուղում (հայկական անվանումը՝ Արծաթի)։

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12769



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ