ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, April 25, 2014 23:30 - 2 քննարկում

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան երեխաների ուղեղը լվալու միջո՞ց

Թեպետ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը հայ ժողովրդի պատմությունում բացասական կերպար է, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայում ներկայացված է դրական լույսի ներքո:

«Միտում կա բոլոր նյութերը ներկայացնել դրական լույսի ներքո,- ասում է պատմական գիտությունների թեկնածու, կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանը,- նաև նշվում է, որ Գրիգոր Նարեկացին հալածանքների է ենթարկվել՝ չներկայացնելով, թե ում կողմից է հալածվել, մինչդեռ հայտնի փաստ է, որ նա հալածվել է հենց հոգևորականների կողմից»:

Ուսումնասիրելով «Հայոց եկեղեցու պատմություն»՝ 5-11-րդ դասարանի դասագրքերի բովանդակությունը՝ երեք փորձագետ եզրակացրել են, որ դասագրքի վերնագիրն ու նյութը իրար չեն համապատասխանում:

Ըստ ուսումնասիրության՝ միայն 7-8-րդ դասարանի դասագրքի համար կարելի է նշել վերնագրի և բովանդակության համապատասխանություն, իսկ 5-6-րդ դասարանի նյութը կրոնի պատմություն է՝ Աստվածաշնչի վերակրկնություն՝ ոչ մի կապ չունի եկեղեցու, ընդ որում հայ եկեղեցու հետ, իսկ 9-10-րդ դասարաններն ամբողջությամբ բարոյագիտական են:

«Ժամանակակից գիտությունն այնպես է զարգացել ու ճյուղերի բաժանվել, որ էթիկան ու բարոյագիտությունը վաղուց դուրս են եկել կրոնական ենթատեքստից. սա անընդունելի է»,- ասում է հետազոտության հեղինակներից պատմական գիտությունների թեկնածու, կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանը:

Մյուս հեղինակ՝ հոգեբան մանկավարժ Արմինե Դավթյանը նշում է, որ տեքստերը չեն ենթադրում քննադատական մտածողության զարգացում, չի երևում, թե դասագրքերն ում համար են նախատեսված, ով պետք է դասավանդի և ինչու պետք է երեխան դրանք սովորի:

Ըստ հեղինակների՝ 7-8-րդ դասարանի տեքստերը ակադեմիական բովանդակություն և շարադրանք ունեն, որը երեխաների համար ոչ միայն հետաքրքիր չէ, այլև՝ մատչելի:

«Բացի այդ կան ագրեսիվ ու անհանդուրժողականություն սերմանող մտքեր,- նշում է Դավթյանը,- օրինակ, նշվում է, որ բողոքականությունը մեծ վտանգ է ներկայացնում հայ ազգի միասնությանը, սակայն ոչ մի հիմնավորում չկա, թե ինչով է այն վտանգավոր»:

Հովհաննիսյանն էլ հավելում է, որ ազգային հոգևոր նկարագրի արժեբանական հիմքը պարտադիր չէ, որ քրիստոնեությունը լինի. «այն կարող է լինել նաև իսլամը»:

Դավթյանը նշում է, որ երեխայի մոտ հայրենասիրական զգացումներ արթնացնելու համար 5-րդ դասարանի գրքում պատկերված է ծովից ծով Հայաստանը, այնինչ 5-րդ դասարանի երեխան դեռևս աշխարհագրություն չի անցել, չգիտի ինչ է քարտեզը և չի կարող կարդալ:

Դասագրքերից մեկում նույնիսկ հրեական Դավիթ թագավորի տեքստում դրված է Սասունցի Դավթի նկարը:

«Ես 12 տարի է, որ ուսումնասիրում եմ այս ոլորտը և դեռ չեմ հանդիպել մի ուուսցչի, որ կկարողանա ճկվել ու հետաքրքիր մատուցում անել,-ասում է նա,-առարկան դասավանդողներին սովորեցնում են շեղումներ չանել դասագրքի կոնտեքստից և շարժվել միմիայն դասագրքով»:

Հովհաննիսյանը նշում է, որ առարկայի դասավանդումը պիտի այլընտրանք ապահովի, որ այն երեխաները, ում ծնողները աթեիստ են, այլ կրոնական կազմակերպության անդամ են, կամ պարզապես չեն ցանկանում, որ իրենց երեխան այդ դասն անցնի, կարողանան ընտրության իրավունք ունենալ և չմասնակցել դասին:

«Մինչդեռ բազմաթիվ դեպքեր կան, երբ դասի ժամանակ արված աղոթքի պահին այդ երեխաներին արհամարհաբար դասարանից դուրս են հանում՝ ասելով, որ երբ աղոթքը վերջացնեն՝ այն ժամանակ էլ ներս կմտնեն»,- ասում է նա:

Կրոնագետը հարցադրում է անում, թե խնդիրը կրոնի ուսուցո՞ւմն է, թե՞՝ կրոնի մասին ուսուցումը. կարևորը վերջինն է:

Նա նշում է, որ դասագիրքը կազմող հանձնաժողովում ընդգրկված չի եղել կրոնագետ, մեթոդիստ, մանկավարժ:

Փորձագետները նշում են, որ ամբողջ աշխարհում կրոնական ուսուցման հարցով զբաղվում են պետական հաստատությունները, և ոչ թե կրոնական կառույցները:

2007թ. Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա ԿԳՆ-ի և եկեղեցու հարաբերություններն ամրապնդվեցին օրենսդրական հիմքով և եկեղեցին իրավունք ստացավ միջամտելու եկեղեցական և քրիստոնեական հարցերին վերաբերվող կրթական ծրագրերին:

Հովհաննիսյանն ասում է, որ 8-9-րդ դասարանների դասագրքերի պատմական նյութն այնքան հագեցած ու անմատչելի է, որ իր ուսանողներն անգամ խնդիր կունենային այն յուրացնելու հարցում:

Իսկ Դավթյանն էլ հավելում է, որ երեխան սովորելով այն, որ Աստված 7 օրում ստեղծեց աշխարհն, այդ թվում մարդուն, հետագայում կոնֆլիկտ է ունենալու Դարվինի տեսության հետ, համաձայն որի՝ մարդն առաջացել է կապիկից: «Փաստացի ոչ մի կապ չկա բնագիտական առարկաների հետ, մասնավորապես ֆիզիկայի, քիմիայի հետ»,- հավելում է նա:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն ասում է, որ այս առարկան քաղաքական ենթատեքստ ունի: «Իշխանությունն ինչպե՞ս է լինում,- հարցնում է նա,- կամ ընտրվում է, կամ Աստծուց է լինում, իսկ ֆեոդալական հարաբերությունները առանց կրոն չեն լինում»:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ առարկայի ներմուծումն ու դրա բովանդակությունը պայմանավորված է պետական մտածողության բացակայությամբ, և իշխանություն պահելու համար առաջ է մղվում կղերականությունը, որը կեղծ ազգասիրություն սերմանելով՝ մարդկանց հնազանդության կոչ է անում:

«Սա գաղափարախոսություն շարադրելու փորձ է, որն արվում է դպրոցներում,- ասում է Դանիելյանը,- Երեխաների համար դասագիրքն ու ուսուցիչը վերջնական ճշմարտություն են, ու այն, ինչ մենք դպրոցում անցնում ենք, շատ քչերն են հետագայում ընդունակ լինում վերանայել»:

Հետազոտության ներկայացմանը որևէ հոգևորական չէր մասնակցում, թեպետ ըստ կազմակերպիչների՝ պատկան հոգևորականներին ուղարկվել է ոչ միայն հրավեր, այլև՝ ուսումնասիրությունը:

Հետազոտվել են 2005-2008թթ. հրատարակված դասագրքերը, որոնք վերահրատարակվել են 2013թ. և վերլուծության ընթացքում դեռևս հասանելի չեն եղել: Փորձագետների խոսքով՝ շատ չնչին տարբերություն կա հին և նոր հրատարակությունների միջև: Հարցում է արվել Երևանի և մարզերի մի քանի դպրոցների 156 աշակերտների շրջանում:

Աննա Մուրադյան
http://medialab.am/news/id/5191?fb_action_ids=434634350013648&fb_action_types=og.comments



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

A,Askojan
Apr 26, 2014 2:43


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('29409') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xBD\xD5\xBE\xD5\xA1\xD5\xAE \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xBD\xD5\xBE\xD5\xA1\xD5\xAE \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xBD\xD5\xBE\xD5\xA1\xD5\xAE \xD5\xA7\xD5\x9D...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219