ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, April 3, 2014 23:45 - չքննարկված

Մարկոսի ավետարանի քննական վերլուծում Արմեն Մելիքյանի կողմից` Աստվածաշնչի հայերեն ու այլ թարգմանությանց մեջ տեղ գտած սարսափելի կեղծիքները և հարակից հարցեր:

Սիրելի հայրենակիցներ.
Ստորև` Մարկոսի ավետարանի առաջին գլխի քննական վերլուծումը: Նկատի ունենալով հայ իրականության մեջ ՀՀ ստեղծումից ի վեր թափանցող տարբեր հոսանքների Աստվածաշնչային սարսափելի կեղծիքները, ներկայացնում եմ քննական մասնակի մի փորձ` հայ ընթերցողին տեղյակ պահելու Աստվածաշնչում քաղաքական ու վարդապետական նպատակներով կատարված ահավոր խեղաթյուրումների մասին (ներառյալ Հայոց եկեղեցու թարգմանության մեջ):

Մարկոսի ավետարանը լինելով առաջին գրված ավետարանը, որից օգտվել են մյուս ավետարանները, հատկապես` Մատթեոսն ու Ղուկասը, դրա մեկնաբանությունը կենսական է այլ ավետարանների ու ողջ Նոր կտակարանային գրքերի մեկնության, այնտեղ տեղ գտած կեղծիքների բացահայտման ու քրիստոնեական պատմագրական խարդախանքների վրա հիմնավորված վարդապետության ձևավորման տեսանկյունից:

Հնարավորության դեպքում` շարունակելի:

Երկսյունակ տեքստ ստեղծելու անհնարինության պատճառով` Մարկոսի տեքստը մեկնաբանությունների ներքևում:

Արմեն Մելիքյան

ա Հնագույն հունարեն ձեռագրերում «Աստծու Որդի» մակդիրը առհասարակ չի օգտագործվում: Այնտեղ ուր օգտագործվում է, չի կրում հետագա դարերի աստվածաբանության զարգացրած «Աստծու միակ որդի» կամ «միածին» իմաստը: Եփրայական ավանդության համաձայն` Աստծու որդիներ էին սեպվում մարգարեները, քահանայապետերը ու թագավորները: Կյուրոս Ա. պարսից թագավորը նույն ավանդությամբ ևս կոչվում էր Աստծու որդի հրեաների կողմից: Որոշ աստվածաբաններ այն կարծիքին են, որ առաջին համարը նախապես եղել է խորագիր: Հունարեն հին ձեռագրերից կատարված նոր թարգմանությունների մեջ հանվել է «Աստծու Որդի» եզրը: Այլ աստվածաբաններ այն կարծիքին են, որ առաջին համարը ընդհանրապես չի եղել Մարկոսի ավետարանում, այլ ավելացվել է հետագա գրագիրների կողմից: Ավետարանն սկսվել է` «Ինչպես գրված է…»:

բ Հիսուսի կյանքի տարբեր դրվագների հրեական գրավոր ավանդույթներին վերագրումը բնորոշ է Մատթեոսի ավետարանին, որը հատուկ նպատակադրությամբ փորձում էր կապեր գտնել Հիսուսի կյանքի ու հրեա մարգարեների միջև: Թեև Մարկոսի մոտ նման միտում չկա, հնարավոր է, որ Մարկոսը նման ակնարկով սկսած լինի իր ավետարանը: Չի բացառվում նաև հետագա խմբագրում լինելը` ըստ ձևավորվող քրիստոնեական հավատալիքների: «Մարգարեների գրքերում» արտահայտությունը հետագա խմբագրում է, որ միտում է սրբագրել հեղինակի անփութությունը: Անգլերեն դասական թարգմանության մեջ տեղ գտած սխալը հետագայում սրբագրվել է նոր թարգմանությունների մեջ, հենվելով Հունական վստահելի բնագրի վրա. «Ինչպես գրված է Եսայա մարգարեության մեջ»: Առաջին չակերտված հատվածը վերցված է Մաղաքիայից (3:1), երկրորդ (նվազ որոշարկիչ) հատվածը` Եսայայից (40:3): Մեջբերումների կապը Հիսուսի հետ քննական աստվածաբանության մեջ չի հաստատվում:

գ Հովհաննեսի առնչությունը Հիսուսի հետ համարվում է հիմնավորված: Հովհաննեսը քարոզում էր մկրտության ու ապաշխարության մասին: Հիսուսի քարոզչությունը (նաև` Հովհաննեսի) խարսխված է Երկնային հոր թագավորության մոտալուտ գալուստի համոզմունքի վրա, որը հիմնականում վերցվել է Դանիելի վախճանապաշտական գրականությունից: Թե՛ Հովհաննեսը, թե՛ Հիսուսը եղել են վախճանապաշտներ (տե՛ս սյունակ Ա)` վարդապետություն, որ տարածված է եղել մ.թ.ա. Ա. դարից` մ.թ. Ա. դար Պաղեստինում: Վախճանապաշտներ եղել են նաև Պողոսն ու Հայտնություն անվանումը կրող գրքերի հեղինակները (Հովհաննու և Պետրոսի` վերջինս անվավեր): Հովհաննեսի հետ մի շարք առնչություններ թույլ են տալիս ենթադրելու, որ Հիսուս կրել է Հովհաննեսի կրոնագաղափարական ազդեցությունը:

դ Հովհաննեսը եղել է ճանաչված քարոզիչ, ի տարբերություն Հիսուսի, որն իր կյանքի ընթացքին առհասարակ եղել է մերժված` նույնիսկ սեփական ընտանիքի կողմից: Հովհաննեսի աշակերտների ոմանք, ենթադրվում է, որ հետագայում միացած լինեն Հիսուսի հետևորդներին` ուսմունքային ու գաղափարական ներդրում ունենալով քրիստոնեական կրոնի մեջ: Առկա է եղել նաև որոշ լարվածություն երկու խմբերի միջև: Մանդեականներն այսօր իսկ մնացել են Հովհաննես Մկրտչի հետևորդներ: Այս հատվածը որոշ աստվածաբանների կողմից գնահատվում է հեղինակությունների տարանցման շրջանում որպես Հովհաննեսի արժեզրկման ու Հիսուսի հեղինակության բարձրացման միտման արտահայտություն:

ե Վավերականությունը կասկածի տակ է դրվում պատմագրական մոտեցման հետևող բազմաթիվ աստվածաբանների կողմից: Ըստ նշյալ մոտեցման, այս և հաջորդ հատվածի միակ վկաներն են` Հիսուս, Սատանան և Աստծու ձայնը, որը լսել է միայն Հիսուս, ու որից տեղյակ է, ըստ երևույթին, միայն զույգ դրվագների հեղինակը: Հիսուսի աստվածացումը անհարիր է Մարկոսի ոճին ու ընկալումներին:

զ Որոշ կրոնների հիմնադիրներին վերագրվող դասական փորձառություն: Նկատվել է նաև Զրադաշտի մոտ: Զրադաշտական կրոնի մեջ առկա է չարի և բարու պայքար, վերջին դատաստան, սպասվող փրկիչ, հրեշտակներ ու սատանա: Ենթադրվում է, որ զրադաշտական այս հավատալիքները հրեաների կողմից յուրացվել են Բաբելոնում, որտեղից էլ մտել են քրիստոնեության մեջ: Հրեական կրոնի մասնագետների հաստատմամբ` նախաբաբելոնյան շրջանում հրեական կրոնում նման հավատալիքներ չեն եղել: Տարբեր ժամանակների ձեռագրերի մեջ առկա տարբերությունները վկայում են այն մասին, որ Հին կտակարանի բոլոր գրքերն էլ բազմաթիվ անգամ վերախմբագրվել են` ըստ զարգացող կրոնական հասկացությունների, հաճախ էլ` տեղական-քաղաքական նկատառումներով:

է Անհնար չէ, որ Մարկոսի ավետարանը սկսած լինի պատմական այս անցքով` նկատի ունենալով նախորդ տասներեք համարների առասպելական բնույթն ու Մարկոսի պատմագրական թանձրական ոճին անհամապատասխանությունը: Սակայն այս մասին ապացույցներ չկան:

ը Մեծագույն քաղաքը (4-5,000 բնակչությամբ)` ծննդավայր Նազարեթից ոչ հեռու, որտեղ (ծովեզրում) ապրել ու քարոզել է Հիսուս մինչև իր խաչելությունը: Նազարեթը եղել է աննշան մի գյուղ, որը հարակից դարերի ոչ մի քարտեզի վրա չի նշվել: Ենթադրվում է, որ առավելագույնը ունեցել է մի քանի տասնյակ տուն: Մոտակա ավելի մեծ քաղաքներից Հիսուսի բացակայությունը վերագրվում է քաղաքի մշակույթից խրտչելու և գյուղական միջավայրում հանգիստ զգալու նրա հոգեբանական հակմանը:

թ Հիսուս ծնվել է Նազարեթ գյուղում: Մատթեոսի կողմից (գրված` Մարկոսից մեկ-մեկուկես տասնամյակ հետո) նրա ծննդյան Բեթլեհեմում տեղադրումը չի համապատասխանում իրականությանը: Մատթեոսը խորապես առաջնորդվում էր Հիսուսի` հրեաներին սիրելի դարձնելու ձգտումով, որով էլ ծնունդը տեղափոխել է Բեթլեհեմ` հրեաների Դավիթ թագավորի քաղաքը, նրան Դավթից սերելու միտումով` ստեղծելով համապատասխան ծննդաբանություն:

ժ Այս և նախորդ բժշկությունների դրվագները համահունչ են աստվածաբանության մեջ լայն տարածում ունեցող այն կարծիքին, թե Հիսուս եղել է շրջուն ժողովրդային բժիշկ ու ոգեհան. երևույթ, որ տարածված էր Պաղեստինում իր կյանքի շրջանին: Ըստ տվյալ աշխարհագրաժամանակային պատկերացումների` հիվանդությունները պիղծ ոգիների մարդկանց մեջ մուտքի հետևանք էին: Պատմականորեն անհնար է հաստատել կամ մերժել այս և հետագա` «հրաշք» հասկացության ներքո ներկայացված դրվագների զգալի մասի իրողութենականությունը: Հին դարերին հրաշքները եղել են տարբեր ժողովուրդների առասպելական տիպարների աստվածայնությունը հաստատելու միջոց: Հրեաների մոտ, Հիսուսի դարաշրջանին, ոգեհանությունն ու այլ հրաշքները աստվածայնության ապացույց չեն համարվել: Գալիլիայում ու Հրեաստանում (մ.թ. Ա. դար)` վկայվել է այլ հրաշագործների ու ոգեհանների գոյությունն ու գործունեությունը, նույնիսկ` անձրևաբերների, որոնց արարքները աստվածայնությամբ չեն բնորոշվել: Հիսուսի ոգեհանության դրվագներին վերաբերող բառամթերքը չի տարբերվում ժամանակակից այլ ոգեհան-բժիշկների բառամթերքից: Չի բացառվում, որ Հիսուսի վերագրվող հրաշքների ու ոգեհանությունների մի մասը եղած լինեն այս կամ այն հրաշագործի կամ ոգեհանի վերագրվող արարքներ, որոնք, ինչպես բնորոշ է բանահյուսական ավանդույթներին, ժամանակի ընթացքում բևեռացած լինեն Հիսուսի անձի շուրջ: Հրաշքներն ու ոգեհանությունը մ.թ. Ա. Դարում տարածված են եղել նաև Հունաստանում, ինչը երևում է Փիլոստրատուսի «Ապոլոնիոսի կյանքը» աշխատությունից: Բոլոր ավետարանների գրվել են հունարենով, ինչը ենթադրում է հունական մշակութային ազդեցության առկայությունը բնագրերում:

ժա Հիսուսի քրիստոսացումը եղել է ավելի ուշ, քան` Մարկոսի ավետարանի հեղինակումը: Հնարավոր է` հետագա ներմուծում բնագրում:

ժբ Հին ձեռագրերում եղել է` Եվ Հիսուս բարկացավ: Չորրորդ դարից հետո ձեռագրերում «բարկացավ» եզրը փոխարինվել է «գթաց» կամ «գթալով» արտահայտություններով: Բնագրում Հիսուս բուժելուց հետո «սաստում է» բորոտին ու «վտարում»: Բազմաթիվ թարգմանությունների մեջ (ներառյալ Օքսֆորդ համալսարանի ակադեմական Աստվածաշնչում) Հիսուսի վարքին առնչվող կոպիտ արտահայտությունները աններելիորեն մեղմացվում են: Մարկոսի մեջ Հիսուս հաճախ է բարկանում` վարքը «զայրացկոտ» մակդիրով բնորոշվելու աստիճան: (Այս ու այլ պատումների Մատթեոսի և Ղուկասի տարբերակներում որոնցում աղբյուր է հանդիսացել Մարկոսը, ընդհանրապես վերացվել են Հիսուսի բարկությանն առնչվող եզրերը` առանց փոխարինության:) Ժամանակի հոսքի ու Հիսուսի աստվածացմանն առընթեր եղել են բազմաթիվ նման կարգի փոփոխություններ ավետարանների բնագրերի մեջ` մարդկային հատկությունները փոխարինելով «աստվածայինով»:

Մարկոս

1 Յիսուս Քրիստոսի՝ [Աստծու Որդու]ա Աւետարանի սկիզբը։ 2[Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում].բ «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»։ 3Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»։ 4Յովհաննէսըգ մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար։ 5Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը։ 6Եւ Յովհաննէսը հագել էր ուղտի մազից զգեստ եւ մէջքին՝ կաշուէ գօտի. եւ նրա կերակուրն էր մորեխ եւ վայրի մեղր։ 7Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար։դ 8Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»։ 9Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում։ 10[Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը՝ պատռուած, եւ Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ։ 11Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»։]ե 12[Եւ անմիջապէս Հոգին նրան հանեց տարաւ դէպի անապատ։ 13Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից։]զ Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան։ 14Յովհաննէսի բանտարկուելուց յետոյ Յիսուս Գալիլիա եկաւ.է քարոզում էր Աստծու Աւետարանը եւ ասում. 15«Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»։ 16Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին։ 17Եւ Յիսուս նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ կը դարձնեմ մարդկանց որսորդներ»։ 18Եւ իսկոյն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ։ 19Այստեղից մի քիչ առաջ գնալով՝ տեսաւ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին. սրանց էլ տեսաւ իրենց նաւակի մէջ, մինչ ուռկաններն էին կարգի բերում։ 20Եւ կանչեց նրանց. եւ նրանք իսկոյն նաւակի մէջ թողնելով իրենց հօրը՝ Զեբեդէոսին, վարձկան ձկնորսների հետ միասին, գնացին նրա յետեւից։ 21Եւ մտան Կափառնայում։ը Եւ Յիսուս նոյն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով՝ ուսուցանում էր նրանց։ 22Եւ նրանք զարմանում էին նրա քարոզութեան վրայ, որովհետեւ նրանց ուսուցանում էր իշխանութեամբ եւ ոչ՝ ինչպէս օրէնսգէտները։ 23Արդ, նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնուած, որն աղաղակեց եւ ասաց. 24«Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցիթ. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծու Սուրբն ես»։ 25Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր եւ դո՛ւրս ել դրանից»։ 26Եւ պիղծ ոգին սաստիկ ցնցեց դիւահարին եւ բարձրաձայն աղաղակելով՝ դուրս ելաւ նրանից։ 27Եւ ամէնքը զարմացան, այնպէս որ հարցնում էին իրար եւ ասում. «Այս ի՞նչ նոր վարդապետութիւն է, որ իշխանութեամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, եւ նրանք հնազանդւում են նրան»։ 28Եւ նրա համբաւը տարածուեց Գալիլիայի բոլոր կողմերում։ 29Եւ ժողովարանից դուրս ելնելով, անմիջապէս եկաւ Սիմոնի եւ Անդրէասի տունը՝ Յակոբոսի եւ Յովհաննէսի հետ։ 30Սիմոնի զոքանչը տաքութեան մէջ պառկած էր. իսկոյն ասացին նրա մասին Յիսուսին։ 31Եւ նա մօտենալով՝ նրա ձեռքը բռնեց եւ նրան ոտքի կանգնեցրեց. եւ տենդը նրան թողեց. եւ նա ծառայում էր նրանց։ 32Երբ երեկոյ եղաւ, արեւի մայր մտնելու ժամանակ, նրա մօտ էին բերում բոլոր հիւանդներին եւ դիւահարներին։ 33Եւ ամբողջ քաղաքը հաւաքուել էր դռների առաջ։ 34Եւ նա տեսակ-տեսակ հիւանդութիւններից բազում հիւանդներ բժշկեց եւ բազում դեւեր հանեց.ժ [եւ թոյլ չէր տալիս դեւերին խօսել, որովհետեւ գիտէին նրան, որ Քրիստոսն է:]ժա 35Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր։ 36Նրա յետեւից նրան փնտռելու գնաց Սիմոնը եւ նրանք, որ նրա հետ էին։ 37Եւ երբ գտան նրան, ասացին. «Ամէնքը փնտռում են քեզ»։ 38Եւ նրանց ասաց. «Եկէ՛ք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ եւս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»։ 39Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում եւ դեւեր էր հանում։ 40Նրա մօտ եկաւ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ 41Իսկ Յիսուս գթալով՝ժբ ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»։ 42Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, եւ նա մաքրուեց։ 43Եւ Յիսուս իսկոյն դուրս հանեց նրան եւ խստիւ պատուիրեց. 44«Զգո՛յշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանային ցո՛յց տուր եւ մաքրուելուդ համար ընծայ տուր այն, ինչ հրամայել էր Մովսէսը՝ նրանց համար իբրեւ վկայութիւն»։ 45Բայց նա դուրս գնալով՝ սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս։



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ