ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, April 2, 2014 14:29 - չքննարկված

Մեղրին վերածվում է մեռյալ գոտու (168 Ժամ )

Այսօր Հայաստանի տնտեսական աճի «քարշիչ ուժը» հանքարդյունաբերությունն է: Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Շահագործվում են հանքավայրերից շուրջ 400-ը, այդ թվում` 22 մետաղական, որոնց օգտակար հանածոների թվում առկա են 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային և 1 ալյումինահանքային հանքավայր: Դատելով մետաղական հանքավայրերի համար տրված և տրվելիք արտոնագրերի քանակից` 150-ից ավելի, առաջիկա տարիներին մետաղական նոր հանքավայրերի քանակը կհասնի շուրջ 200-ի: ՀՀ իշխանությունները տարբեր խոսափողներով հայտարարում են, թե հանքարդյունաբերությանը զուգահեռ` կարելի է հաջողությամբ զարգացնել նաև գյուղատնտեսությունը: Սակայն դառն` իրականությունը հակառակն է փաստում` Հայաստանի այն տարածքները, որտեղ ինտենսիվ կերպով զարգացնում են հանքարդյունաբերությունը, կյանքի համար անպիտան են դառնում: Մեղրի Մեղրիի տարածաշրջանն այսօր լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Այնտեղ գործում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Լիճքավազ-թեյ և Տերտերասար հանքավայրերը: Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի տվյալներով` արդեն մոտ 18 նոր հանքավայրերի լիցենզիաներ են տրված այս տարածաշրջանում: «Այդ հանքերն իրականում հանքերևակումներ են: Այդ «հանքավայր» կոչվածներում կան ոսկի, արծաթ, պղինձ, մոլիբդեն, և օգտակար այլ տարրեր, սակայն ցածր պարունակությամբ, և եթե այդ հանքերը ենթարկվեն հարկման, ինչպես տնտեսության մյուս ոլորտներում է, ապա դրանք ոչ միայն շահութաբեր, այլ նաև ծախսածածկող չեն լինի: Օրինակ, Այգեձորի Թխկուտ տեղամասի պղնձամոլիբդենային հանքավայրում, ըստ նախագծի, կա 13,48 մլն տոննա հանքաքար, որի հանման ընթացքում առաջանալու են 276 մլն տոննա դատարկ ապարներ: Մեր մոտավոր հաշվարկներով, միայն առաջանալիք պոչանքի և նշված դատարկ ապարների համար շահագործողը պետք է 4,9 մլրդ դոլար հարկ վճարի, երբ պղնձի և մոլիբդենի 75 տոկոսով կորզման դեպքում եկամուտը կկազմի մոտ 200 մլն դոլար, այսինքն` միայն երկու թափոնների հարկումը մոտ 49 անգամ ավելի շատ գումար է կազմում, քան հանքաքարի վերամշակումից առաջացած եկամուտը: Սրան պետք է ավելացնել հողին, ջրին, բուսական ու կենդանական աշխարհին հասցվելիք վնասը, հանքավայրի ուսումնասիրության ընթացքում կատարված ծախսերը, և այլն, ինչն ավելի կմեծացնի վնասների ծավալը: ՀՀ-ում հանք շահագործողներն ազատված են նշված և մի շարք այլ հարկերից և մեծ շահույթ են ստանում… Ահա թե ինչու Խորհրդային Միության օրոք ընդամենը մի քանի մետաղական հանքավայրեր ունեցող մեր Հանրապետությունում հանկարծ մեծ քանակությամբ հանքեր հայտնվեցին: Հայաստանի իշխանությունները, միջազգային կազմակերպությունների հետ միասին, մեր երկրի օրենքները համապատասխանեցրել են «Կայուն զարգացում» հայեցակարգի դրույթներին, և այդ օրենք կոչվածներով հանքարդյունաբերությամբ զբաղվողներն ազատվում են հիմնական հարկերը վճարելուց: Արդյունքում` հանքատերերը մեծ հարստություններ են դիզում, կողոպտվում են մեր բնական պաշարները, թունավորվում և ոչնչացվում է հողն ու ջուրը, ընդհանրապես` բնությունը: Դժբախտաբար, հայ ժողովուրդը դեռևս չի գիտակցում, որ բնական միջավայրի աղտոտման-թունավորման եղանակով իրականացվող գենոցիդն անհամեմատ ավելի ողբերգական հետևանքներով է հղի, քան հարյուր տարի առաջ իրականացվածը: Այն ժամանակ սպանում էին հային, իսկ մեր օրերում սպանում են հայի ապրելու հենարանը` բնությունը: Այսինքն` Հայաստանի Հանրապետության իշխանավորներն ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բացահայտորեն ցեղասպանություն են իրականացնում»,- ասում է Հ. Սանասարյանը: Նրա գնահատմամբ` եթե Մեղրիում այդ հանքավայրերը շահագործվեն, ապա Մեղրիի տարածաշրջանը` Մեղրի գետով հանդերձ, պետք է որպես օգտագործելի տարածք հանվի ՀՀ տնտեսական նշանակության տարածքներից. «Այստեղ խաբկանքի տեղ չէ, որ ասենք, թե հանքերի շահագործման հետ միաժամանակ կամ դրանից հետո կարող ենք Մեղրիի քաղցրահամ մրգեր աճեցնել, որ մարդիկ կարող են այդ գյուղերում ու քաղաքում ապրել: Այդպես չէ, եթե այդ հանքերը շահագործվեն (արդեն մի քանիսը սկսել են), առաջինը շարքից դուրս է գալու` թունավորվելու է Մեղրի գետը, այդ տարածաշրջանի ոռոգման ջրի միակ աղբյուրը: Ընդ որում, թեև Մեղրի գետի հովտում դեռևս շատ քիչ մետաղական հանքեր և փոքր ծավալներով են շահագործվում, բայց գետում արդեն անգամ գորտ ու որդ չկա: Եթե հիմա խոսում ենք տարեկան մոտ հարյուրավոր տոննա հանքանյութի վերամշակման մասին, ապա, ըստ տրված արտոնագրերի, մոտակա տարիներին այդ թիվը կարող է հասնել միլիոնների: Այսօր տեխնիկան շատ է հզորացել, մի շերեփը գցում են, 20-25 տոննա հանքաքար են հանում, 1 մեքենան մինչև 120 տոննա հանքաքար է տեղափոխում: Նաև պետք է նկատի ունենալ, որ այս տարածաշրջանի հանքերում առկա է նաև ցրված ուրանը, որը չի կորզվելու և շրջակա միջավայր է թափվելու պոչանքի ու մյուս թափոնների հետ: Հանքերի ծավալուն շահագործման դեպքում Մեղրին արդեն կդառնա մեռյալ գոտի: Մեղրեցիներն այս խնդրով հատուկ ուղերձ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն մի արհամարհական պատասխան են ստացել, այն էլ` Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարից: Պարզ երևում է, որ ՀՀ նախագահին հայ ժողովրդի ճակատագիրը չի հետաքրքրում: Նաև պետք է ասեմ, որ այդ հանքավայրերը հայտնաբերված են Խորհրդային իշխանության օրոք, սակայն դրանց շահագործման մասին խոսք չկար, քանզի դրանց շահագործումը կնշանակեր` ոչնչացնել սեփական երկիրը: Մեղրի գետում 6 տեսակի ձկներ կային, բայց երկրաբանական ծավալուն ուսումնասիրությունների հետևանքով 1 ձկնատեսակը վերացավ 1980-ականի սկզբներին, իսկ ներկայումս 2 հանքերի չնչին ծավալներով շահագործման պայմաններում Մեղրի գետում կենդանական աշխարհը վերացել է: Մեղրիի ձկնորսները պատմում են, որ նախքան հանքարդյունաբերության առաջին քայլերը, յուրաքանչյուր ձկնորս կարթով օրական 10-12 կգ ձուկ էր բռնում, և ամենաքիչը օրական 300 կգ ձուկ էին որսում, այժմ այդ հարստությունը զրոյացել է: Եթե արտոնագիր ստացած հանքերի միայն մի մասի շահագործումն իրականանա, ապա Մեղրի գետը կնմանվի Կարճևան գետակին (Արաքսի վտակներից), որն ամբողջությամբ հոսող պոչանք է` Ագարակի կոմբինատի պոչանքը»: Մեղրիում առավել մտահոգիչն այսօր Տաշտուն գյուղի հարևանությամբ հանքաքարի վերամշակման արտադրամասի կառուցումն է: Շահագործողը 2012-ի նոյեմբերին ստեղծված «ԱՏ Մետալս» ՍՊ ընկերությունն է, որպես հիմնադիրներ գրանցված են` Դավիթ Գրիգորյանը, «Վենտմայն» ՍՊԸ-ն, «ԱՏ-Սպեցտեխնոլոգիա» ՍՊԸ-ն, «Ավիատեխնոլոգիա» ԳՀՄ ՓԲԸ-ն: «ՎԵՆՏՄԱՅՆ» ՍՊԸ-ն գրանցվել է 2011 թ. մայիսին, հիմնադիրներն են` Հայկ Մեժլումյանը, Կարեն Հովսեփյանը և Վարդան Հովսեփյանը: «ԱՏ-Սպեցտեխնոլոգիա» և «Ավիատեխնոլոգիա» «ԳՀՄ»-ն ռուսական ընկերություններ են, և երկուսն էլ պատկանում են Մուլին եղբայրներին` Գենադի և Սերգեյ: Compomat.ru կայքի տեղեկություններով` Մուլինները հայտնի են իրենց մեքենայություններով. դեռ 2000-ին նրանց պատկանող «Ստուպինսկի մետաղագործական ընկերությունում» ստուգումները բացահայտել են մի շարք կեղծիքներ և խախտումներ, Սերգեյ Մուլինի դեմ հարուցվել էր քր.գործ: Նա փախել էր արտասահման, բայց հետագայում նրանց կրկին հաջողվել է կարգավորել իրենց բիզնեսը: Գենադի Մուլինը գտել է «ճիշտ գործընկեր» և 2005-ին 50/50 բաժնեմասով գրանցել է «Ավիատեխնոլոգիան»: Կայքում չի նշվում, թե կոնկրետ ով է Մուլինների հովանավորը, բայց հայտնի է, որ նրանք սերտորեն համագործակցում են «Ռոսօբորոնէքսպորտ» (Рособоронэкспорт) ԲԲ ընկերության հետ, որը մտնում է «Ռոստեխ» կորպորացիայի մեջ` Ռուսաստանում ռազմական սպառազինության, տեխնոլոգիաների արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող միակ պետական միջնորդը: Սյունիքի հանքերի մասին «ԱՐ» հեռուստաընկերությունը մի ֆիլմ պատրաստեց, թե ինչպես են Լիճքի բնակիչների ստորագրությունը կեղծել, և այդ ֆիլմը 24 ժամ էլ չմնաց համացանցում, հանել տվեցին: «Մինչև հիմա անընդհատ ականատես եմ եղել ապօրինությունների, թե նախագծեր կազմելիս ինչպես են կեղծել թվերը, հորինած թվեր են բերել, թերհաշվարկների ֆանտաստիկ կարողություններ են դրսևորել, բայց Տաշտունի դեպքում «ԱՏ Մետալսը» ոչ նախագիծ ունի, ոչ այլ փաստաթուղթ, միանգամից սկսել է քանդել ու կառուցում է հարստացուցիչ գործարանը»,- ասում է Հ.Սանասարյանը` նշելով, որ Տաշտունում ընկերության գրասենյակում փաստաթղթեր չեն ներկայացրել, պատճառաբանել են, թե փաստաթղթերը Երևանի գրասենյակում են, մինչդեռ այստեղ էլ հայտարարել են, թե դրանք Տաշտունում են. «Հենց այս պահին, մինչ մենք զրուցում ենք, նրանք անում են իրենց ապօրինի-հանցագործ աշխատանքը` աղտոտում են Մեղրի գետի վտակ Տաշտուն լեռնային գետը»: Կանաչների միությունը բազմիցս դիմել է ՀՀ կառավարություն, Դատախազություն, բայց ոչ մի գոհացուցիչ պատասխան չի ստացել: «ԱՏ-մետալս» ընկերության ապօրինության առումով ՀՀ գլխավոր դատախազին (ինչպես նաև` Սյունիքի ոստիկանություն) ուղղված միության դիմումներին, ի վերջո, ըստ Հ.Սանասարյանի, պատասխանել են, թե Տաշտունի գյուղապետին պետք է պատժեին` ապօրինի շինարարություն թույլատրելու համար, բայց քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ կատարված արարքը հանրության համար վտանգավոր լինելուց դադարել է: Այս «խեղկատակ» պատասխանը ստանալուց հետո 2013 թ. հոկտեմբերի 7-ին Կանաչները դիմել են նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, բայց դեռևս որևէ պատասխան չկա: Հ.Սանասարյանը մատնանշում է նաև «ԱՏ Մետալսի» հանդեպ պաշտոնյաների առանձնահատուկ բարյացակամությունը` հանուն այդ ընկերության կեղծում են փաստաթղթեր, առանց հիմքերի որոշում են կայացնում, կառավարությունը 2 անգամ հարկային արտոնություն է տվել, որ հանքարդյունաբերական սարքավորումներ ներկրեն, մինչդեռ դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ տվյալ նախագիծն ամբողջությամբ հաստատված է և օրինական ճանապարհ է անցել: «Կառավարությունը` ի դեմս վարչապետի, դրան գնում է կա՛մ իր սեփականության դեպքում, կա՛մ վերևից կարգադրության առկայության: Մենք գործ ունենք պետական ունեցվածքի կողոպուտի, տարածքների ավերման ու թունավորման հետ, սա պետական հանցագործություն է: Հայաստանի Հանրապետության առաջին դեմքերը շատ համարձակ քայլի են գնում, շատ համարձակ: ՀՀ նախագահը, վարչապետը, գլխավոր դատախազը փաստորեն ասում են` մարդիկ, դուք մարդ չեք, ուզում եք` գրեք, ճչացեք, միևնույն է` մենք այս հանքերը պետք է հանենք ու վաճառենք, անձնապես հարստանանք»,- հավելում է Հ.Սանասարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/04/01/347789.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ