ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, December 24, 2013 13:45 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 23)

Երասխավանի մարտը

Մոտենում էին 1990 թվականի Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոները, բայց Հայոց Աշխարհում տիրող համատարած աղետը մոռացնել էր տվել ամեն բան:Նոր Տարվա օրերին ավելի էր ուժեղացվել Արավուս-Կոռնիձոր սահմանի հսկողությունը:Կոռնիձորի մարտի մասին պտտվող պատմությունները,այդ թեմայով տարբեր թերթերում տպագրված հոդվածները առիթ էին հանդիսացել ճանաչելի ու սիրելի դարձնել ջոկատը Հանրապետությունում:Սկսվել էր հյուսվել բարի լեգենդը Արտաշատի «Անկախության Բանակի»-ի շուրջ,ինչն ավել էր պարտավորեցնում խմբի մարտիկներին:Ջոկատը դարձել էր ամբողջ Գորիսի շրջանի հույսն ու հավատը,գորիսցիների սիրելին ու հպարտությունը:Նոր տարվա տոներից հետո մի քանի օրով սահման՝ մարտիկների մոտ էր ժամանել չեխ լրագրող Դանա Մազալովան,որն հետագայում մի քանի հոդվածներ էր գրելու ինչպես Միութենական,այնպես էլ չեխական թերթերում, այս ջոկատի մասին:
Մազալովայի հետաքրքրությունը ջոկատի և նրա գործունեության հանդեպ շարունակվելու էր և այդ չեխ լրագրողուհին, հետագայում նաև իր բողոքի ձայնն էր բարձրացնելու ջոկատի մարտիկների ձերբակալման կապակցությամբ,այդ առիթով ևս հոդվածներ էին գրվելու չեխական թերթերում և ազնիվ չեխուհին փորձելու էր Վազգեն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում ազատություն ապահովել ձերբակալված մարտիկների համար…բայց զու՜ր ջանքեր:
Ջոկատի համբավը նորից էր սկսել հանգիստ չտալ ոմանց և հունվարի սկզբներին Ռուբիկ Հակոբջանյանի խումբը,որը ինչպես արդեն ասել եմ, Հայաստանի ՆԳ Նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի կողմից ծրագիր ուներ կատարելու՝ ԹԻԿՈՒՆՔԻՑ ԿՐԱԿԵԼՈՒ համաժողովրդական շարժման վրա,այսինք արյունոտ սադրանք իրականացնելու սեփական ազգի դեմ,նորից զինվել ու բարձրացել էր Արավուս:Ինչու՞ էին ջոկատի մարտիկները զգուշանում սրանցից,եթե նախկինում ոչ մի հակասության մեջ չէին եղել այդ մարդկանց հետ՝ արդարացի հարց կառաջանա շատերի մոտ:Բանն այն էր,որ սովետական շրջանում Արտաշատն ամենակրիմինալիզացված շրջանն էր ,եթե կարելի է այդպես անվանել:Արտաշատում գործում էր հանցագործների խումբ,որոնց մասին տարիներ շարունակ սարսափազդու պատմություններ էին պտտվում և բոլորն էին տեսնում,որ այդ խմբի անդամները «ինչ-ինչ միջոցներով» միշտ ջրից չոր են դուրս գալիս և մնում են անպատժելի:Ահա հենց սրանց՝ Ռուբիկ Հակոբջանյանի և նրա շուրջ եղած այս մարդկանցից ոմանց անվան հետ էին կապված այդ սարսափազդու պատմությունները:
Դեռ սովետական շրջանում Արտաշատում տեղի էին ունենում սպանություններ,գողություններ,մարդկանց անհայտ կորստի դեպքեր,որոնք որպես կանոն միշտ մնում էին չբացահայտված:1987 թվականի օգոստոսին,օրը կեսօրին, դպրոցից տուն գնալու ճանապարհին, բազմաթիվ ականատեսների վկայությամբ, բռնի գողացվել ու «անհայտ կորել էր» Արտաշատի Լանջազատ գյուղի 33-ամյա դպրոցի դիրեկտոր Գրիգոր Հակոբյանը:
Նրա հոր, տարիներ շարունակ տևած, մինչև Մոսկվա անգամ ուղարկված բոլոր բողոքները մնացին որպես «ձայն բառբառո հանապատի» և մինչև օրս էլ չբացահայտված է մնում ժամանակին ողջ Սովետական Միությունում մեծ աղմուկ հանած այս հանցագործությունը:Շրջանում լուրեր էին պտտվում,որ Լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանի և մյուս հանցագործների թիկունքին կանգանծ են շրջանի բարձրաստիճան ղեկավարներն ու միլիցիայի պետի տեղակալ Էդիկ Ալխասյանը:Բայց մենք այն ժամանակ դեռ չգիտեինք,որ հանցագործներին հովանավորողների այս շարքը ձգվում և հասնում է մինչև Հանրապետության ՆԳ նախարարություն,մինչև նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյան:Իսկ գուցէ ավելի՞ հեռու…ո՞վ գիտեր:Հանցագործների այս խմբի,տարիներ շարունակ նրանց կառուցած և ունեցած որջերի և նրանց հովանավորների մասին ավելի մանրամասն տեղեկանալու էինք հետագայում,երբ ըստ նրանց ստացած ծրագրի՝ բախվելու էին նրանց և ջոկատի մարտիկների ճամփաները…
Ահա,1990 թվականի հունվարին, երբ այդ խումբը նորից բարձրացավ Արավուս,Աշոտ Նավասարդյանի հրամանով ջոկատը թողեց դիրքերն ու իջավ Արտաշատ:Հունվարի 13-ն էր,մարտիկներն սպասում էին նոր հրամանի,նոր դիրքեր մեկնելու համար,բայց նրանք ձեռքները ծալած նստել չէին կարող:
Կոռնիձորի մարտը թելադրում էր ավելի աչալուրջ լինել և ամեն գնով զինվել ավելի լավ,հարկ եղած դեպքում հակառակորդին արժանի հակահարված տալու համար:Ավելի լավ զինվելու համար,Սամվելն անմիջապես սկսեց բանակցություններ:
Արտաշատի միլիցիայի բարձրաստիճան հայրենասեր ղեկավարներից մեկի(որն այժմ Հայաստանի ամենաբարձր կուլտուրայի օբիեկտներից մեկի ղակավարն է), հետ ունեցած մի քանի հանդիպումներն ավարտվեցին և փոխհամաձայնության արդյունքում, առանց միջադեպի,խաղաղ ձևով ջոկատի մարտիկները հունվարի 15-ի գիշերը «առգրավվեցին» Արտաշատի միլիցիային պատկանող ավտոմատ զենքերը: Հետագայում,Լևոնական իշխանության հենց սկզբին տեղի ունեցած մեր ձերբակալությունից հետո,այս միջադեպը դառնալու էր քրեական մեղադրանք,համարվելու էր «բռնի ուժով ապօրինի զենքի թալան»,որի համար պետք է հատուցեին ջոկատի մարտիկներն ազատազրկմամբ…Այնինչ,ջոկատի կողմից այդ զենքերը տանելուց առաջ հենց, Աշոտ Մանուչարյանն ինքն էր,որպես ՀՀՇ-ի առաջին դեմքերից մեկը հանրահավաքից հայտարարել,որ անհրաժեշտ է մտնել միլիցիայի բաժիններ և պահանջել զենքերը,իր իսկ խոսքով ասած՝ «ազգայնացնել» դրանք ու չտալու դեպքում միլիցիոներներին համարել ազգի դավաճաններ և…
Մինչ պատրաստվում էին միլիցիայից բերված այս զենքերը,տղաներն սկսեցին փնտրել զենք ձեռք բերելու այլ հնարավորություններ:Դա այնքան էլ հեշտ չէր,քանի որ Մանուչարյանի կոչից հետո, բազմաթիվ ջոկատներ ու մարդիկ արագ կերպով սկսել էին զինվել:
Միլիցիայից վերցրած և մարտական պատրաստության բերված այդ զենքերից հետո,ամբողջ հանրապետությունում Արտաշատի «Անկախության Բանակ»-ը ամենալավ զինված խումբն էր այլևս և դա գիտեին բոլորն այն ժամանակ:
Երբ երեք օր հետո՝ հունվարի 18-ին արդեն պատրաստ էին զենքերն ամբողջությամբ,մի «զարմանալի զուգադիպությամբ սկսվեց» Երասխավանի մարտը:
Մինչ օրս, ինձ մոտ գտնվող բազմաթիվ փաստաթղթերի,թերթերի,լուսանկարների,թեռուցիկների և այլ նյութերի հետ մեկտեղ, որպես վավերագիր պահում եմ նաև սովորական տետրի մեջ իմ ձեռքով արտագրված երգահանը,որի լուսանցքում կան պահպանված այս տողերս՝.«1990թվական,հունվարի 18,ժամը 13 անց 15:Երասխավանում մարտեր են սկսվել:Տղաները զինվեցին ու գնացին…»:
Ամեն անգամ, երբ բացում եմ երգահանն ու հանդիպում այն տարիներին գրածս այս փոքրիկ տեղեկությանը,նորից վերապրում եմ այն ամենն ինչ որ կատարվեց այդ օրն ու դրանից հետո…
Կեսօրվա ժամը մեկին մոտ էր:Ես հորս տանն էի և զբաղված էի Թեհրանում լույս տեսած մի երգահանից հայրենաշունչ երգերի արտագրմամբ:Սամվելը շնչակտուր ներս ընկավ ու գոռաց՝.«Զենքերս բերեք,ինչքան զենք կա հանեք բերեք էստեղ:Վարդան,շուտ պատրաստվիր,Երասխում կռիվ է սկսվել,գնում ենք:Վազգենը օգնության ա կանչել:Սվետ, զանգի Երևան շտաբ տեղեկացրու»:
Այս ամենը շուտասելուկի պես ասել վերջացնելու հետ մեկտեղ,սկսեց արագ-արագ հագնել այն հագուստներն, ինչը որ հագնում էր սահմանամերձ գոտում:Մենք խառնվեցինք իրար:Երբե´ք,երբե´ք իմ մտապատկերից չի ջնջվել ու չի ջնջվի այդ պահը,երբ երկու հարսներս ննջարանից բերեցին ու եղբայրներիս մեկնեցին նրանց զենքերն,իսկ մայրս՝ փափուշտակալները:Մա՜յրս,որ միշտ սարսափով էր լցված այս ամենի հանդեպ,այդ րոպեին ոչ ժամանակ ուներ մտածելու,ոչ էլ սարսափ կար դեմքին: Հայրս արագ-արագ թաքցրած տեղից հանում ու հյուրասենյակի կենտրոն էր բերում մնացած զենքերն ու զինամթերքը,իսկ ես օգնում էի նրան:Պահն այնքան հուզիչ էր,որ ես դեռևս գտնվելով արտագրածս երգերի ոգեշունչ ազդեցության տակ,սկսեցի երգել Արամին նվիրված հայտնի երգը՝.
Պատրոնդաշս բեր մայրիկ,
Մոսենիս բեր իմ քույրիկ,
Թե որ հերոս չմեռնիմ,
Հապա ինչի՞ ծնվեր իմ…
Երգս չավարտած, ամբողջ ջոկատի տղաները մեկ մարդու պես ներս խուժեցին և սկսեցին արագ-արագ զինվել:Նրանց մեջ չէր միայն Հովտաշեն գյուղի բնակիչ 17-ամյա Գոռ Վարդանյանը:Այստեղ ես չեմ կարող արժանվույնս չհիշել,չպատմել պարթևահասակ,քաջ ու նվիրված այս կամավորի մասին,որն իր յուրօրինակ վարքով, հայրենիքին անմնացորդ նվիրված իսկական մարտիկի կերպար էր:Անհամատեղելի էին Գոռի արտաքին տվյալներն ու նրա գրեթե պատանեկան տարիքը:Նա ավելի շատ նման էր 25-35 ամյա հասուն մարդու:
Գոռը սիրահարված էր,որի տարիքը հաշվի առնելով, սիրած աղջկա ծնողները բնականաբար մերժում էին նրա ամուսնության առաջարկությունը:Եվ հենց Երասխավանի կռվի այդ օրն առավոտյան,ըստ պայմանավորվածության, Գոռը գնացել էր Երևան փախցնելու իր սիրած աղջկան:
Այդ էր պատճառը,որ նա խմբի հետ չէր:Նրա ամուսնական ճակատագիրը, նախախնամության կողմից սերտ շաղկապված էր այդ մարտիկի ռազմական գործունեության հետ: Գոռն իր սիրած աղջկան 10 ամիսների ընթացքում փախցրեց 3 անգամ:
Առաջինը հենց այդ օրն էր՝ Երասխավանի առաջին մարտի օրը՝ 1990թ.-ի հունվարի 18-ին:Երեկոյան նա իր սիրելի Գայանեյին փախցնում ու բերում է Երևանի ԱԻՄ-ի շտաբ,որտեղ էլ հենց տեղեկանում է,որ Երասխավանում մարտեր են տեղի ունենում և Արտաշատի «Անկախության Բանակ»-ը ևս մարտի դաշտում է:Այս իմանալով,ազնիվ մարտիկը անմիջապես ներողություն է խնդրում իր սիրած աղջկանից,նրան հորդորում է վերադառնալ տուն,ասելով՝.«ես պիտի գնամ կռվի դաշտ,միանալու իմ ջոկատին,եթե կենդանի մնացի,նորից կգամ քո ետևից»,և հենց Երևանի շտաբում անմիջապես զինվելով,16-ամյա Վարդան Պապիկյանի հետ մեկտեղ մեկնում է Երասխավան:
Երկրորդ անգամ Գոռը Գայանեին փախցրեց մի քանի ամիս անց՝ երբ սկսվել էր Նոյեմբերյանի մարտը:Եվ այդ օրը նորից ներողություն խնդրելով աղջկանից,նրան նույն հորդորներով ետ ուղարկեց հայրական տուն:
Իսկ երրորդ անգամ հաջողվեց Գոռին սիրած աղջկան բերել հայրական տուն:Նրանք ամուսնացան և Գոռի առաջնեկը՝ Սոսեն ծնվեց,երբ հայրը,Երասխավանի կռվի ժամանակ ադրբեջանական գերությունից մազապուրծ,վիրավոր ոտքի մեջ դեռևս ադրբեջանցու գնդակը,կաղալով բանտից գալիս էր ՀՀ Գերագույն դատարան,նստելու մեղադրյալի աթոռին,որպես… բանդիտ…
…Ջոկատը կազմ ու պատրաստ շարժվեց դեպի մարտի դաշտ:Դուրս գալուց առաջ Սամվելը խնդրեց հորս, արագ կերպով թաքստոցից հանել ամբողջ զինամթերքն ու հասցնել իր ետևից Երասխավան:Ես անմիջապես զանգեցի Երևան,ԱԻՄ-ի շտաբ, Երասխավանի մարտի լուրը հայտնեցի Մովսես Գորգիսյանին և տեղեկացրեցի,որ ջոկատը մեկնեց մարտի դաշտ:Նա ասաց,որ տեղյակ է և իրենք էլ են պատրաստվում գնալու Երասխավան:
Հայրս անմիջապես զինամթերքը դուրս բերեց թաքստոցից:Երկու մեծ ու ծանր ուսապարկեր էին դրանք,որ հազիվ էինք կարողանում պոկել գետնից:Հարևան տղամարդկանց օգնությամբ դրանք մի կերպ իջեցրինք ու տեղավորեցինք մեքենայի մեջ և հորս խնդրեցի առաջին հերթին անմիջապես գնալ Արտաշատի թատերական հրապարակ,որտեղ միշտ և ամեն ժամի բազմություն էր հավաքված լինում:Մի անգամից բարձրացա հարթակ,որտեղ դրված էին ՀՀՇ-ի բարձրախոսները և սկսեցի խոսել,տեղեկացնել մարդկանց Երասխավանում սկսված մարտի մասին և կոչ արեցի բոլոր տղամարդկանց զենք վերցնել պաշտպանելու հայրենիքի սահմանները:Չգիտեմ,գուցե շատ էի լարված,կամ ոգևորված,բայց կոչս՝ ուղղված տղամարդկանց, շատերի մոտ վրդովմունք առաջացրեց,շատերն էին բարկացել՝ ինչպես հետո իմացա,քանի որ այսպես էի արտահայտվել՝.«Դիմում եմ բոլոր հայ տղամարդկանց,ովքեր ունեն պատվի զգացում,զինվեք պաշտպանելու մեր երկրի սահմանները:Ես կին եմ,մայր,Երասխավան մեկնեցին իմ երկու եղբայրները և հիմա ես եմ մեկնում:Հայ տղամարդիկ,դուք պարտավոր եք պաշտպան կանգնելու ձեր երկրին,ձեր կանանց ու երեխաներին:Իսկ եթե կվարանե´ք,ուրեմն նստեք տանը և մենք՝ հայ կանայքս կելնենք թշնամու դեմ պաշտպանելու ձեր պատիվը»:Ասացի այս բառերն,իջա հարթակից,նստեցի մեքենան ու հորս հետ մեկնեցինք Երասխավան:

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ