ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, December 23, 2013 9:16 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)

Արտաշատի «Անկախության Բանակ»-ի մուտքը Գորիսի շրջանի սահմանամերձ գյուղեր,սիրով ընդունվեց տեղի բնակչության կողմից:Գուղացիներն աշխատում էին ամեն կերպ օգնել ջոկատին,քանզի ջոկատն այդ ժամանակ, Խոզնավարից մինչև Կոռնիձոր ընկած տարածքի բնակչության միակ ու առաջին պաշտպանն էր:1989թ.-ի վերջերին այդ տարածքը համարվում էր ամենաթեժ կետերից մեկը,որտեղ անպակաս էին ադրբեջանցիների ամենօրյա հարձակումներն ու գնդակոծումները:Այսպես՝ 1989թ.-ի հոկտեմբերի 4-ի երեկոյան, ադրբեջանցիները ավտոմատներից ու հրացաններից կրակ էին բացել Արավուս գյուղի վրա,ջոկատին ներքաշել ընդհարման մեջ և մինչ ջոկատն զբաղված էր եղել Արավուսը ներխուժումից պաշտպանելով,ադրբեջանցիների մեկ այլ խումբ սահմանն անցել ու ներխուժել էր հարևան գյուղի՝ Խոզնավարի կոլտնտեսության ֆերմա,գնդակահարել էին ֆերմայի անասնապահ Ազնիվ Անտոնյանին,հրդեհել էին երկու ոչխարանոց և գողացել 66 գլուխ անասուն:Նույն գիշեր, մարտից հետո,ջոկատի մարտիկներն իմանալով այս մասին,մի քանի Խոզնավարցիների հետ միասին անմիջապես անցել էին ադրբեջանական սահմանը,Լաչինի շրջանի Հաջիլար գյուղից գտել ու ետ էին բերել ընդհամենը 3 անասուն :Հոկտեմբերի 7-ի կեսօրվա ժամը 13-ին ևս,Ջիջիմլու գյուղից ադրբեջանցիները նախահարձակ էին եղել և հրազենային կրակ բացել Կոռնիձոր գյուղի մերձակայքում աշխատող հայ կոլտնտեսականների վրա և մինչ ջոկատն հասել էր Կոռնիձոր ու ետ մղել հարձակումը,վիրավորվել էին գյուղացիներից մի քանիսը:Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Կուբաթլիի վարչական տարածքից էին ադրբեջանցիները գնդակոծել հայկական գյուղերը և այս անգամ նրանց բացահայտ օգնել էին Սովատական բանակի մարտիկները,որոնք այդ ժամանակ իբր պարեկություն էին անում սահմանային անցակետում:Հոկտեմբերի 11-ին,ժամը 17-ն անց կեսի սահմաններում Մալիբեկ գյուղի կողմից ադրբեջանցիները նորից մի մեծ հարձակում էին գործել Խնածախ-Գորիս ճանապարհով երթևեկող մեքենաների վրա:Վիրավորվել էին մի քանի հայեր,այրվել էր մեկ տրակտոր բարձված խոտով հանդերձ և երբ ադրբեջանցիները փորձել էի նոր հարձակման թիրախ դարձնել Գորիս-Խնածախ երթուղային ավտոբուսը,ջոկատն արդեն հասել էր օգնության ու սահմանից այն կողմ շպրտել ադրբեջանցիներին… Ամենօրյա այս հարձակումները ոչ միայն սարսափի մեջ էին պահում սահմանամերձ գյուղերի բնակիչներին,այլև լցրել էին ջոկատի մարտիկների համբերության բաժակը:Այդ փոքրիկ,դեռևս 18 հոգանոց ջոկատը գրեթե ամեն օր արծվի նման սլանում էր գյուղից-գյուղ,ետ մղելու մեկ՝ այս,մեկ՝ այն գյուղի վրա կատարված հարձակումները և չուներ ոչ մի օգնական ուժ,բացի գյուղերից իրենց միացող մի քանի գյուղացիների:Նրանք այդ ժամանակ զինված լինելով միայն ու միայն հին որսորդական հրացաններով,առանց րոպե իսկ երկմտելու նետվում էին թշնամու դեմ,որը զինված էր և´ որսորդական հրացաններով,և´ այն ժամանակ Ադրբեջանին ամեն կերպ պաշտպան կանգնող սովետական բանակի մարտիկներից ստացած հրազեններով:Այս ամենով հանդերձ,ադրբեջանցիներն ունեին բավականին ուժեղ հենակետեր Ջիջիմլի և Էյվազլար գյուղերում և դեռ գիշեր- ցերեկ աշխատելով,կառուցում էին նոր շինություններ,ավելի ամրացնելու,մեծացնելու այդ գյուղերն ու վերջնականապես կտրելու համար Գորիսից Ստեփանակերտ տանող ճանապարհային կապը:Այս փաստի մասին «Գրական Թերթ»-ի 1990թ.-ի հունվարի 5-ի համարում եղած «Սահմանի վրա» վերնագիրն ունեցող իր հոդվածում գրել և դրա վրա կառավարության ուշադրությունն է հրավիրել Գորիսի թղթակից Էդուարդ Զոհրաբյանը՝. «Մի՞թե չենք տեսնում,որ ավելի հեռուն գնացող նպատակներով ադրբեջանցիները Կուբաթլիի շջկենտրոնից մինչև էյվազլար կարճ ժամկետում բացել են առայժմ հողածածկ ճանապարհ և,ըստ լուրերի, ցանկանում են գյուղն ավելի ընդարձակել՝ այնտեղ կառուցելով արդյունաբերական որևէ ձեռնարկություն:Ստեղծված իրադրությունում զարմանք է հարուցում խորհրդային բանակի և ԽՍՀՄ ՆԳՄ՝ ռեգիոնում գտնվող ստորաբաժանումների մարտիկների չեզոքությունը:Ասենք՝ վերջին բառը պետք է կիրառել որոշ վերապահումներով,որովհետև նրանք հանդես են գալիս նաև միակողմանի միջամտողի դերում»… Հոդվածագիրը ուղղակի չի նշել,որ սովետական զորքերի այդ մարտիկները ոչ միայն զենքով են օգնում ադրբեջանցիներին ամենօրյա իրենց հարձակումները հայերի դեմ իրականացնելու համար,այլ նաև գիշերները իրենց մոտ եղած հզոր լուսարձակներով լուսավորում են տարածքը,որպեսզի գիշերները մինչև լուսաբաց երրորդ հերթ աշխատող ադրբեջանցիները որքան կարող են արագ կառուցեն ու վերջացնեն իրենց անհրաժեշտ կառույցները: Եվ այսքանից բացի,ռուսներն այն ժամանակ Ադրբեջանական քննչական օպերատիվ խմբերի հետ միասին անցնում էին սահմանը,մտնում հայկական գյուղերն ապօրինի խուզարկություններ կատարում:Քիչ չէին դեպքերը,երբ հայ-ադրբեջանական սահմանի վրա կայանած զինվորականները հարբած վիճակում ավտոմեքենաների ապօրինի խուզարկումներ էին իրականացնում հայկական տարածքում,հայհոյում,վիրավորում ու ահաբեկում էին նույնիսկ կանաց ու երեխաներին,անձնագրային ստուգումների անվան տակ արագորեն հայաթափում էին ողջ Արցախը և տանում էին ճշմարտությանը բոլորովին չհամապատասխանող մի հակահայ քարոզչություն,ըստ որի,իբր Արցախում չկա այլևս ոչ մի բնակիչ և այնտեղ բույն են դրել միայն ու միայն «հայ գրոհայինները»:Այսպիսի վտանգավոր քարոզչությունը գալիս էր լրիվ կերպով ազատ արձակելու սովետական բանակի մարտիկների ձեռքերը՝ Արցախն օր առաջ հայաթափելու գործում և դաժան հաշվեհարդար տեսնելուց հետո Արցախի հայ ազգաբնակչության հանդեպ՝ համաշխարհային կարծիքի առաջ ապահովվելու նրանց անպատժելիությունը:«Գրական Թերթ»-ի նույն համարի նույն հոդվածում կարդում ենք այսպիսի տողեր 1989թ.-ի հոկտեմբեր ամսին տեղի ունեցած դեպքերի մասին՝. «Ոչ թե զարմանք,այլ պարզապես զայրույթ է հարուցում «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջը…»՝ հետևապես նաև Գորիսի սահմանային գոտում տեղի ունեցող իրադարձությունների,կենտրոնական լրատվական միջոցների լուսաբանումը,որն առավել կվայելեր «դեղին մամուլին»:Իր անսքող Ադրբեջանամտությամբ մեր համբերության բաժակներն արդեն լցրել են կենտրոնական հեռուստատեսության «Ժամանակ» իմֆորմացիոն ծրագիրն ու նորելուկ «Յոթ օրը»:Պակաս ապակողմնորոշող դեր չի խաղում ԽՍՀՄ ՆԳ մինիստրության մամուլի կենտրոնը…» և այլն:Ինչպես միշտ,այս անգամ էլ Հայաստանը մնացել էր մեն-մենակ իր ցավի ու իր խնդիրների հետ:«Մեծ եղբոր» կողմից ամեն ինչ արվում էր օր առաջ «լուծելու» Լեռնային Ղարաբաղի հարցը և ի օգուտ Ադրբեջանի,ինչն ավելի էր սրելու իրավիճակը տարածաշրջանում: Այս բանը հիանալի հասկանում էին բոլորը:Հասկացել էր նաև ջոկատի հրամանատարը՝ Սամվելը և այս հարցով հանդիպում է ունենում այն ժամանակվա Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար Ռ. Ալեքսանյանի և սահմանամերձ գյուղերի գյուղապետերի հետ:Նպատակը մեկն էր՝ ունենալ այս ղեկավարների համաձայնությունը,կամ վստահ լինել նրանց չեզոք դիրք գրավելու հարցում,քանի որ Սամվելն արդեն ուներ պլան,ջոկատը ռազմական նոր պատրաստության բերելու և անմիջապես կտրուկ քայլեր ձեռնարկելու:Սամվելն ասում էր,որ Ալեքսանյանը հայրենասեր անձնավորություն էր,բայց նրա պաշտոնական դիրքն ու կոմունիստ լինելու հանգամանքը թույլ չէին տալիս բացահայտ աջակցություն ցույց տալու,թեև հետագայում՝ դեռևս իր պաշտոնավարման ժամանակ, ի վերջո նա ձեռքն էր առել զենքն ու տղաների հետ կողք-կողքի մտել խրամատ… Արդեն ասացի,որ կար պլան ջոկատը ռազմական նոր պատրաստության բերելու:Սահմանների հսողությունն իրականացնելուց բացի Սամվելը անընդհատ մտածում էր, թե ի՞նչ կարելի է անել, ավելի լավ զինվելու և թշնամուն ավելի արժանի հակահարված տալու համար:Նա կապ էր հաստատել Ռուսաստանում գտնվող իր ընկերների հետ,հետո Գորիսցի երկու տղաների այս հարցով ուղարկել էր Ռուսաստան:Նրանք ետ էին եկել արդյունավետ առաջարկներով:Զենքը կար,դրա համար միայն անհրաժեշտ էր վճարել պահանջված գումարի կեսը և Ռուսաստանից երկու ռուս կին գնացքով պետք է Հայաստան տեղափոխեյին զենքը,ստանային գումարի մնացած կեսն ու ետ գնային: Ջոկատն ուներ ընտրված ռազմական խորհուրդ և ոչ մի ձեռնարկում չէր իրականացվում առանց խորհրդի որոշման:Ռազմական խորհուրդը առանձնանում է հարցը քննարկելու և միաձայն որոշում է ընդունում…Տեղում հսկողության թողնելով ջոկատի մեծ մասին,ուշ աշնանային մի օր, Սամվելն ու իր երկու մարտիկները Գորիսից իջան Արտաշատ:Զենքի համար գումար հատկացնելու հարցով տղաներն առաջինը դիմեցին Արտաշատի ՀՀՇ-ի անդմաներին,նրանց մոտ պահվող գումարներից հատկացում կատարելու հույսով:Բոլոր ջանքերն անցան ապարդյուն:Ինչպես այդ ժամանակ Վիտիայի գլխավորությամբ կազմված Արտաշատի ՀՀՇ-ի զինված ջոկատն էր տղաների օգնության կանչին պատասխանում,թե՝.«մենք իրավունք չունենք օգնության գալու,մեզ Երևանի ՀՀՇ-ն պիտի կարգադրի, որ Գորիս բարձրանանք,իսկ նրանք ասել են,որ Արտաշատը պահենք»,այնպես էլ նույնատիպ անհեթեթ պատասխան տվեց ՀՀՇ-ն գումարի հարցում:Սամվելը գնաց Երևան:ԱԻՄ-ն այդ ժամանակ չուներ անհրաժեշտ գումար,իսկ ՀՀՇ-ից մերժում ստացավ:Ես Սամվելին պատմել էի արդեն,որ Վազգեն Սարգսյանի մոտ Խալիսա և Շիդլու գյուղերի ադրբեջանցիներից հափշտակած մեծ գումարներ կան:Հենց այդ ժամանակ էր,որ Սամվելը գնաց Արարատ:Բանակցությունն ավարտվեց անարդյունք,ինչպես արդեն ասել եմ ,Վազգենը եղած գումարը համարում էր Արարատինն իբր և ասում,որ Արտաշատցիներն իրավունք չունեն այդ գումարի վրա: Երրորդ-չորրորդ օրն էր,որ տղաները շրջանում էին:Վազգենի հետ հանդիպման այդ օրը,երբ Սամվելի հետ գնացել էինք Արարատ և գտնվում էինք Արարատի ԱԻՄ-ականներից մեկի տանը,տանտեր հանդիսացողը տեղեկացրեց,որ Արարատի շրջանի Ավշար գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանում ավտոմատ զենքեր կան,որի մասին ինքն ունի հավաստի տեղեկություններ:Մինչ այդ մարդը իր անհարկի վախկոտությունն արդարացնելու համար հեքիաթներ էր պատմում,թե պլաններ պետք է մշակել,թե վտանգավոր է և այլն՝ Սամվելն ինձ թողեց այդտեղ ու տղաների հետ դուրս եկավ:Վերադարձավ ուղիղ ժամ ու կես հետո:Ավշարի դպրոցի զենքերն այլևս տղաների ձեռքում էին: Համատարած գործադուլի պայմաններում,հաջորդ օրն իսկ Արտաշատի Մեխգործարանն սկսեց աշխատել…միայն երրորդ հերթափոխ՝ գիշերներն, ու այնտեղ աշխատում էին մեկ վարպետ բանվոր և գործարանի հետ բացարձակ կապ չունեցող երկու մարդ՝ մեկը հին որսորդ ու զենքից բավականին լավ հասկացող,Արատաշատի «Գարուն» արատադրական միավորման ցեխի վարիչ Գագոն,որը դրանից հետո, ջոկատի մարտիկների հետ միասին մասնակցեց ջոկատի ունեցած բոլոր մարտերին՝ Հայաստանի տարբեր սահմանային գոտիներում,մյուսը՝ կրտսեր եղբայրս՝ Վարդան Մարգարյանը: Նրանք վերանորոգում էին ուսուցման նպատակով եղած ոչ մարտունակ այդ ավտոմատները:Հաջորդ օրը ջոկատի մարտիկները բարձրացան Գորիս,իսկ դրանից երեք օր հետո Գագոն ու Վարդանը մարտական պատրաստության բերված ավտոմատներն ու մեծ դժվարությամբ հայթայթած զինամթերքը տեղափոխեցին Արավուս: Տղաների Գորիս վերադառնալուց մի քանի օր հետո,Աշտարակի ՀՀՇ-ն մի զինված ջոկատ ուղարկեց Կոռնիձոր,որի կազմում էին Մուշեղ Սաղաթելյանն ու Սասունիկցի Գեղազնիկը,որն հետագայում հայտնի էր Չաուշ անվամբ և որը Լևոնի իշխանության գալու 10-12-րդ օրը եթե չեմ սխալվում,երբ Վազգեն Սարգսյանն իր տղաների հետ տանկերով ու ԲՏԵՌ-ներով շրջապատել էր Երևանի կենտրոնում գտնվող ՀԱԲ-ի շտաբն ու առանց իրեն հաշիվ տալու հոխորտում էր թե կփայթեցնի,հենց այդտեղ «անհայտ» գնդակից զոհվեցին Չուշն ու ապտգամավոր Վիտիան:Չնայած բոլորն էին խոսում «կույր» գնդակների միտումնավոր կրակված լինելու և ուղղության մասին, բայց այս դեպքը բարդվեց ՀԱԲ-ի վրա:Հեռուստացույցով մի քանի օր ցուցադրում էին նրանց դիակներն ու բացահայտ կոչ անում,հրահրում ժողովրդին ՀԱԲ-ի դեմ:Կազմակերպված այս և նմանատիպ ուրիշ սադրանքներն իշխանության եկած ՀՀՇ-ի կողմից որքան բացահայտ էին,նույնքան էլ անամոթաբար ու սրիկայաբար կոծկվեցին և ոչ ոք երբևէ հարց չտվեց,հենց սկզբից ևեթ ժողովրդի ու երկրի գլխին չարիք որպես հանդիսացող ՀՀՇ-ականներին,թե այդ ինչպե՞ս եղավ,որ ՀԱԲ-ի տղաները «իրենց կատարած» այս մարդասպանությունների համար,որի մասին այնքան ողբերգական հեղորդումներ էիք տալիս բոլոր լրատվամիջոցներով, չդատապարտվեցին,դեռ բանտերից ազատվելուց հետո էլ դարձան որոշակի պաշտոնների տեր:Իսկ այդ անմեղ զոհե՞րը… Իսկ այդպիսի անմեղ զոհեր դեռ շա՜տ էին լինելու…

(Շարունակելի)

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ