ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, December 21, 2013 1:30 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 11)

-Նստե´ք,շարժվեցինք-կարգադրում է Հաջին, ձեռքն առաջ մեկնելով ու ցույց տալով ուղղությունը և նրա ձայնը սթափեցնում է ինձ:Մենք գյուղի նեղ փողոցներով առաջ ենք շարժվում և կանգնում հրապարակ հիշեցնող մի ավելի լայն տարածքում:Առաջին բանը,որ նկատում ենք՝ գյուղի փողոցների ու հրապարակ հիշեցնող այս տարածքի զարմանալի մաքրությունն է,չկա փողոց նետված ոչ մի աղբի կտոր,կարծես փոշեծծիչով մաքրած լինեն ամենուր:Մինչ մենք ուսումնասիրում ենք շրջապատը, մեզ են մոտենում 50-նն անց մի քանի քուրդ տղամարդիկ և մի երիտասարդ:Գյուղում հարսանիք է և նրանք հագնված են տոնական:Հաջին իսկույն սկսում է թուրքերենով բացատրել,որ մենք Հայաստանից եկած հայեր ենք,որ մեր մեծերն այս գյուղում են ծնվել ու մեծացել,որ մենք եկել ենք գյուղը տեսնելու և այստեղից հող ու ջուր տանելու մեր Մխկնցի մեծերի գերեզմաններին:Քրդերը ժպտում են,գլխով անում,սկսում են հետաքրքրվել ու զրույցը առաջ է գնում:Վարդգեսն հարցնում է թուրքերենով՝.
-Դուք չգիտե՞ք, ո՞րտեղ է եղել այս գյուղի ս.Հարություն եկեղեցին:
Քանի որ եկեղեցու գտնվելու ճշգրիտ վայրից է կախված մեր տունը գտնելու հաջողությունը,մենք լարվում ենք,սպասելով պատասխանի:
-Չէէէ՜,-միաբերան ծոր են տալիս քրդերը,-էս գյուղում եկեղեցի չի եղել:
-Ես տեսա,ես գիտեմ թե որտեղ է եկեղեցին եղել-միջամտում եմ ես հայերենով:
-Թող իրենք ասեն,որ հաստատ լինի-մի քիչ ցածրաձայն ինձ է դառնում Վարդգեսը:
Մենք բացատրում, նույնիսկ բացում և ցույց ենք տալիս Հայաստանից հետներս բերած գիրքը ,որտեղ ևս գրված է այդ գյուղի եկեղեցու մասին, ասում ենք, որ Հակոբ պապս այդ եկեղեցում քրիստոնեական տոներ է անցկացրել, երգել է և մեր տեղեկությունն հաստատ է, իսկ նրանք անդրդվելի են և պնդում են ,որ գյուղում եկեղեցի չի եղել:
-Կարո՞ղ ենք խոսել ձեր գյուղի ամենատարեց մարդու հետ,-ասածս թարգմանում է Վարդգեսը:
-Մեր գյուղի ամենատարիքովը ես եմ,-առաջ է գալիս 50-55 տարեկան մի տղամարդ, իսկ այդ միջոցին իմ տեսախցիկը ֆիքսում է դիմացի տան պատի ետևից մեզ հետաքրքրությամբ նայող 80-85ամիա մի կնոջ: Մենք հասկանում ենք, որ քրդերը չեն ուզում բացել բոլոր փակագծերը:
-Վերևում, այս սարի հակառակ կողմում հայկական գերեզմանոց կա, գյուղի գերեզմանոցն է, մենք ձեռք չենք տվել, ինչպես որ կա, էտպես էլ պահպանվել է:

-Կուզե՞ք տեսնել,-առաջ է գալիս երիտասարդ մարդն ու դիմում մեզ ժպիտով: Մենք իսկույն համաձայնվում ենք և նա առաջ ընկած ուղեկցում է մեզ դեպի բլուրը, որի փեշին էլ ծվարած է Մխկները: Տներն ավարտվում են, մենք սկսում ենք բարձրանալ բլրի փեշերով: Ես մի պահ ետ եմ նայում: Բարձունքից երևում է ամբողջ Մխկները: Տեսախցիկս հավերժացնում է այդ պատկերն ու ես, հանկարծակիի եմ գալիս մի չար բղավոցից:

Կարծես գետնի տակից ելնում և մեր դեմ է կանգնում 50-նն անց մի տղամարդ, իր ետևից էլ մի քանի քրդեր: Չար, զզվանք արտահայտող հայացքներով նայում են մեզ ու 50-նն անց տղամարդը բղավում է՝.
-Շուտ արեք, իջեք սարից ու գնացեք, շու´տ,շու´տ:
-Գյուղապետն է-ցածրաձայն տեղեկացնում է երիտասարդ քուրդը և Հաջին բարի, փաղաքշական տոնով դառնում է չարացած գյուղապետին՝.
-Այս մարդիկ Հայաստանից եկած հայեր են: Իրենց նախնիք այս գյուղում են ապրել: Հիմի Հայաստանից եկե՜լ հասել են էստեղ: Եկել են,որ մի քիչ հող տանեն գյուղից, ջուր տանեն ու լցնեն իրենց նախնիների գերեզմաններին: Իմացանք, որ էս բլրի ետևում հայկական գերեզմանոց կա պահպանված, ուզում են տեսնել էս մարդիկ, -խոսքը չի ավարտում Հաջին գյուղապետի ավելի կատաղի բղավոցից՝.
-ՈՒ դու էլ էս մարդկանց բերել ես գյուղ, հա՞: Տո, ես դրանց կրոնը …, դրանց գերեզմանները …, դրանց եկեղեցին …, -ինչքան ուժ ունի գոռում ու ամենակեղտոտ հայհոյանքներն է տեղում գյուղապետը, հետո շարունակում է՝.
-Հենց հիմա ձեզ տալիս ենք 2 րոպե ժամանակ, եթե չազատեցիք գյուղը, գնդակահարելու ենք բոլորիտ,- գոռում է գյուղապետն ու սկսում հայհոյել նաև Հաջիին, իսկ նրա թիկունքում կանգնած քրդերն ագրեսիվորեն առաջ են մղվում: Գյուղապետը ձեռքով փակում է նրանց ճանապարհը և նորից դառնալով մեզ, բղավում՝.
-Երկու րոպե ձեզ ժամանակ, հեռացե´ք: Հաջին շփոթված խառնվում է իրար և մեզ ձեռքով նշան անելով հետևել իրեն, համարիա վազում է բլուրն ի վար: Այս ամենը ֆիքսում է տեսախցիկս: Մենք վազքով հասնում ենք մեքենային և Հաջին ավելի է արագացնում, ձեռքով նշան անելով որքան հնարավոր է արագ դուրս գալ գյուղից: Շարժվում ենք: Հաջին սկսում է թքել ու հայհոյել քրդերեն ու թուրքերեն:

Երբ արդեն ծածկվում է բարձրադիր ճանապարհի ետևում, Հաջին կարգադրում է կանգնել՝.
-Դուք հիմա արագ-արագ էստեղից հող վերցրեք, իսկ երեկոյան ես ընկերոջս հետ կգամ ու գյուղի աղբյուրից ջուր կվերցնեմ ձեզ համար, -ասում է Հաջին:
Հայրս ու Վարդգեսն ահավոր վիճակի մեջ են, որ բառերով պատմել հնարավոր չի: Տխրությունը, ցավը, կատաղությունն ու անզորությունը խառնվել են իրար:Մի մարդու վիճակում ենք, որին վիրավորել ու դուրս են արել իր սեփական տանից: Մենք բոլորս միասին արագ-արագ հող ենք լցնում մոմլաթե տոպրակի մեջ, հետո նույն արագությամբ էլ նստում ենք մեքենան ու շարժվում: Հաջին անընդհատ ետ է դառնում ու նայում է ճանապարհին, անընդհատ հայհոյում ու թքում է և արագացնում մեր վարորդին: Ճնապարհի մի հատվածում հանկարծ Հաջին կարգադրում է փոխել մեքենայի ուղղությունն ու մենք հայտնվում ենք անծանոթ գյուղում:

Տներից մեկի մոտ կանգնում ենք: Հաջին վազքով իջնում է և ներսից բացում դարպասը, ձեռքով անելով մեր վարորդին: Մտնում ենք մի տան լայնարձակ բակ և Հաջին նույն արագությամբ էլ մեր ետևից փակում է դարպասը: Տանից դուրս եկած մեծահասակ քուրդը բարևում է մեզ: Հաջին արագ-արագ ինչ որ բան է ասում քրդին և նրանք երկուսով մեզ տանում են տան խորքում գտնվող սենյակներից մեկը: Նստում ենք: Այստեղ մաքուր է,կոկիկ: Հաջին սկսում է հայհոյախառն ներկայացնել կատարվածը: Քուրդը գլխով է անում, հետո դառնալով մեզ, բարեկամաբար ժպտում է, հանգստացնում և սկսում թեյի պատրաստություն տեսնել:
Մենք, արդեն բավականին խաղաղված, սկսում ենք զրուցել: Մեր մտածելակերպը մեզ թույլ չի տալիս հասկանալ գլխներիս կախված ամբողջ վտանգը, իսկ Հաջին ահավոր անհանգիստ է և հավաստիացնում է մեզ, որ սպառնալիքն զուր չէր, որ եթե մենք մի փոքր էլ հակաճառեինք և ուշ դուրս գայինք գյուղից, հիմա կենդանի չէինք լինի:
Մնում ենք քրդի տանը, մոտ երկու ժամ: Հետո քուրդը ոտքի է ելնում ասելով՝.
-Դուք սպասեք, դուրս գամ տեսնեմ մարդ-բան չկա՞ դրսում ու գամ:
Քիչ անց ներս է գալիս և ասում, որ ամեն բան կարգին է: Մենք հենց բակում նստում ենք մեքենան, տանտեր քուրդը բացում է դարպասներն ու մենք նրան շնորհակալություն հայտնելով շարժվում ենք առաջ:
-Հենց որ մտնենք Վան, այլևս վտանգ չի լինի,-տեղեկացնում է Հաջին ու շարունակում,-ես էսօր էս ամենի մասին կպատմեմ Ափոին ու դուք տեսեք թե Ափոն ինչ կբերի դրանց գլխին: Թու´հ, Մխկների խալխ, փիս խալխ,-մեկ անգամ էլ թքում ու հայհոյում է Հաջին, իսկ մենք արդեն մտնում ենք Վան:
-Եկեք գնանք Ախթամար,-առաջարկում է Հաջին:
Մենք համաձայնվում ենք, թեև տրամադրություն չունենք այլևս և ոգևորություն չկա:Մեր մեքենան նորից սլանում է ծովափնիա մայրուղով: Մենք ճանապարհի վրա գտնվող խանութներից մեկից երկու ձմերուկ ենք գնում, ուտելիք և խմիչք ու շարժվում առաջ: Անցնում ենք Արտամետը, Գևաշը և հանկարծ ծովի կապտականաչավուն հեյելու վրա հայտնվում է կղզին՝ Ախթամարա՜ կղզին, իր սուրբ Խաչ եկեղեցիով:

Մեր վարորդը, հետևելով Հաջիի ձեռքի շարժումին, թեքվում է դեպի ձախ, անցնում հանդիպակած գոտի և կանգ առնում մայթից այն կողմ բավականին լայն, կայանետեղի հիշեցնող մի տարածքում: Երբ 2011թ.-ի ամռանը նորից եղանք այստեղ,այս ընդարձակ տարածքի վրա մի գեղեցիկ ռեստորան էր կառուցված: Մատուցող քուրդ երիտասարդը «վանա տառեխ» բառերը լսելով, իսկույն հասկացավ որ հայ եմ, ժպտաց և մաքուր անգլերենով ասաց,որ ռեստորանի տերն էլ է հայ ու անմիջապես գնաց կանչելու նրան:Մեզ մոտեցավ 40-ամյա, բավականին գեր, հայի դիմագծերով մի տղամարդ: Նա հին ծանոթի նման ժպիտով բարևեց մեզ և անգլերենով ասաց, որ ընդհամենը մի քանի բառ գիտի հայերեն, բայց պապն էլ, տատն էլ հայ են եղել: Պատմեց, որ եղել է Հայաստանում, շրջագայել է ամենուր և հիացած է ու հպարտ: Ասաց՝ այդպիսի օր չկա, որ իր ռեստորանում հայ զբոսաշրջիկներ չլինեն, հետո ձեռքը մեկնելով դեպի Ախթամար կղզին ավելացրեց՝.
-Ա՜յ էնտեղ, Ախթամարում հիմի 20 հայ տուրիստներ կան, եկան ինձ մոտ, Վանա տառեխ պատվիրեցին ու գնացին կղզի: Հետո ետ պիտի գան ու նստեն հացի: Ես գիտեի, որ շատ հայեր են գալու Ախթամար այցելության, հենց դրա համար էլ էստեղ ռեստորան բացեցի ու հայերի համար ինձ մոտ միշտ Վանա ժաժիկը, տառեխն ու Վանա փլավն անպակաս են:
…Ախթամա՜րը , մեր երազանքների անհասանելի դրա՜խտը, որն ահա´չգիտես թե ի՞նչ հրաշքով կանգանծ է մեր դեմ:
Մենք մեկ վայրկիանում դուրս ենք նետվում մեքենայից և թողնելով Հաջիին, վազքով անցնում ենք հանդիպակած մայթ: Այնտեղ քարաշար մի կամար կա ,որի վրա գրված է՝ «Akdamar »: Կամարի տակ եղող ասիճաններով իջնում ենք դեպի նավահանգիստ, որտեղ կանգնած են մի քանի մոտորային նավակներ :Մի քուրդ մոտենում է մեզ և առաջարկում իր ծառայությունը: Անմիջապես գնում ենք անհրաժեշտ տոմսակն ու նստում քրդի առաջարկած նավակը, որի գլխին ծածանվում է թուրքական դրոշը: Քիչ անց նավ են բարձրանում նաև մի խումբ գերմանացի զբոսաշրջիկներ: Մենք՝ հայերս քարացած ենք այլևս, մեր հայացքներն անթարթ հառել ենք հեռվում երևացող կղզուն: Կարծես երազում լինենք, գունազա՜րդ, հեքիաթային մի երազում:

Մոռացել ենք Մխկներում կատարված միջադեպն ու հուզմունքի՜ց, հրճվանքի՜ց քիչ է մնում ճախրե՜նք, սլանա՜նք դեպի կապույտի մեջ երևացող կղզին: Իսկ գերմանացիները նստած են հանգիստ, անտարբեր: Նրանք ի՞նչ իմանան, թե ի՞նչ է կատարվում մեր հոգիներում: Նրանք ի՞նչ իմանան , թե ի՞նչ է մեզ համար Ախթամարը…
Նավը դանդա՜ղ պոկվում է ու շարժվում առաջ: Չգիտեմ թե ի՞նչ մի ներքին ուժ, հանկարծ ինձ ստիպում է մոռանալ ամեն բան,մոռանալ այս օտար զբոսաշջիկներին, նավում եղող քուրդ տղամարդկանց և… ձայնս տարածվում է Վանա ծովի վրա՜ ու մե՜ղմ քամին այն տանու՜մ, հասցնում է մինչև կղզի… Երգում եմ բա՜րձր ու ինքնամոռա՜ց՝.
Հիմա ո՞վ է ձեզ համբուրում, Վանա ծովի ալիքներ,
Ի՞նչ որսկան է ձեզ ցած բերում, իմ Սիփանա եղնիկներ,
Վանա ծովիս կղզու վրա, ինչպես բիբը աչքի մեջ՝
Կա՞ մեր տաճարն Ախթամարա, ուր կաղոթեր մայրս խեղճ…
ՈՒշքի եմ գալիս միայն երգս վերջացնելուց հետո ու նկատում, որ մի խո՜րը լռություն է իջել: Գերմանացիներն անգամ մի տեսակ քարացել են, կենտրոնացել ,քրդերը մտազբաղ են, Հայրս ու Վարդգեսը արցունքներն են սրբում, ժպտում է միայն Հաջին ու այդ բազմախոս լռության մեջ իշխողը միայն նավի շարժիչի ձայնն է…
Ափից մոտ թվացող կղզին պարզվում է բավականին հեռու է:Մենք վայելում ենք ծովի աննկարագրելի գեղեցկությունը: Մեր մեծերի պատմածի համաձայն՝ անվերջանալի՜ մի զեփյուռ է խաղում Վանա ծովի վրա, որի շնչից կապտականաչավուն մանրիկ ալիքները մի տեսակ գանգրավուն են: Այնքան պարզ են ջրերը, զուլա՜լ:

ՈՒ ես զարմանում եմ, թե ինչու՞ լողափ չունի Վանա ծովը, չկա ոչ մի լողացող, ոչ մի հանգստյան տուն: Միայն 2011-ին անչափ շատացել էին ծովափնյա ռեստորանները:
-Շոգ է, բայց ոչ մի մարդ չի լողանում ծովում, ինչու,՞-հարցս քրդերին է թարգմանում Վարդգեսը :
Դիմացներս նստած տարեց քուրդը դառնում է դեպի մեզ ու շատ լուրջ, վախեցած աչքերն հառելով մեզ վրա, պատասխանում է՝.
-Վան գյոլույի մեջ ջանավար կա (այսինքն՝ հրեշ), էստեղ ոչ մի մարդ չի լողանում, վախենում են: Մեր վարորդները տեսել են, նկարել, հեռուստաալիքներով հաղորդում են տվել էտ մասին: ՈՒ բոլորը գիտեն, որ էտ հրեշը ուրիշ ազգերի չի ուտում, ուտում է մենակ թուրքերին ու քրդերին,-վերջացնում է իր խոսքը քուրդը ու վախեցած գլխով անում:
Ես սկսում եմ քահ-քահ ծիծաղել ու դառնում եմ ինձ լուրջ և ուշադիր զննող քրդին՝.
-Դուք հավատու՞մ եք դրան:
-Հաաա՜,-գլուխը դեպի վեր է ձգում քուրդն ու ավելի սարսափած հայացքով նայելով ինձ, կրկնում ասածը, -շատ մարդ է կորել էս ծովում, վարորդները տեսել են ջանավարին, նկարել , շա՜տ երկար է, մե՜ծ:
Ես զսպում եմ ինձ, որ իմ ծիծաղով չվիրավորեմ քրդին ու մտածում եմ. «ա՜յ քեզ հավա՜տ, որ ծնունդ է առել չարագործություններից հաստա´տ:Հրեշն ուտում է միայն թուրքերին ու քրդերին…Ձեր բարբարոսությունների հետևանքով , ձեր հոգիներում բույն դրած վախն ու մեղավորության զգացումը չեն թողել փաստորեն ձեզ, հանգիստ ապրել այս հողի վրա:Ամեն բան սարսափեցրել ու շարունակում է սրասափեցնել ձեզ:ՈՒրեմն դեռ մարդ եք մնացել մի փոքր և հույս կա, որ «կապաքինվեք» , ետ կդառնաք դեպի մարդկայնացում»…
Մտորումներս ընդհատվում են նավախցիկից հնչած բարձր երաժշտությունից: Քրդական երաժշտություն է, այնքան նմա՜ն մեր Սասնո երգերի երաժշտությանը: Վարդգեսն իսկույն գրպանից հանում է թաշկինակն ու ցատկում ոտքի: Նրան ենք միանում հայրս , ես ու մեր վարորդը և նավի քթամասի տախտակամածի վրա սկսվում է մեր Քոչարի՜ն: Քրդերը ժպտում են, գերմանացիներն հանկարծակիի եկած ծափ են զարկում և ուրախանում, նրանց մեջ լու՜ռ ու անհաղորդ նստած է միայն սևամազ մի տղամարդ, գծավոր վերնաշապիկով: Մենք այսպես պարու՜մ ենք ու պարու՜մ, մեր ոտքի ամեն հարվածի հետ հաղթական գոչյուններ արձակելով և մեզ կարծես ուժ են տալիս, ոգևորում են այս ջուրն ու երկինքը և Ախթամարա կղզու ներկայությունը:

Պարու՜մ ենք, մինչև նավի շչակի ձայնը հաղորդում է. հասել ենք Ախթամար…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

edit this page



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ