ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, July 16, 2013 15:46 - չքննարկված

Թոնդրակյան շարժումը

Թոնդրակյան շարժման սկզբնավորումը

IX-XI դդ. ավատատիրական հարաբերությունների խորացման հետևանքով գյուղացիների շահագործումն ուժեղացավ: Նրանց մի մասն ամրացվեց հողին, զրկվեց անձնական ազատությունից: Ծանրացավ հարկային բեռը: Սոցիալական պայքարը, որը հակաարաբական ազատագրական ապստամբությունների շրջանում մղվել էր երկրորդ պլան, կրկին աշխուժացավ: Նորանկախ Հայոց թագավորության իշխանությունները և եկեղեցին ստիպված էին երկարատև անդադրում պայքար մղել աղանդավորական նոր՝ թոնդրակյան շարժման դեմ:

Շարժման հիմնադիր Սմբատ Զարեհավանցին ծնվել էր Ծաղկոտն գավառի Զարեհավան գյուղում: Նա շատ էր ճանապարհորդել թե’ Հայաստանում և թե՛ հարևան երկրներում, եղել էր անգամ պավլիկյանների կենտրոն Տևրիկում: Թերևս այստեղ էլ նա ծանոթացել էր պավլիկյանների ուսմունքին: Վերադառնալով երկիր, նա հաստատվում է Ապահունյաց գավառի Թոնդրակ գյուղում և սկսում իր քարոզը: Շատ շուտով նա մեծաթիվ հետևորդներ է ունենում և կազմակերպում է աղանդավորական առաջին համայնքը: Թոնդրակ գյուղի անունով շարժումն ստացավ թոնդրակյան անվանումը, իսկ մասնակիցները կոչվեցին թոնդրակեցիներ:

Սմբատ Զարեհավանցու գաղափարներն սկսեցին տարածվել երկրով մեկ, իսկ Թոնդրակը դարձավ շարժման գլխավոր կենտրոնը: Իշխանությունների և հոգևորականության հալածանքներից խուսափելու համար թոնդրակեցիները գործում էին ծայրաստիճան գաղտնիության պայմաններում: Բացահայտված թոնդրակեցիները ենթարկվում էին դաժան պատիժների՝ բանտարկության, խոշտանգումների և այլն: Նրանց դեմքին աղվեսադրոշմ էր դրվում, որպեսզի չկարողանային թաքնվել հասարակությունից:

X դ. սկզբին Սմբատ Ա թագավորի օրոք, երբ Հայաստանը ենթարկվեց Ատրպատականի ամիրայի ավերիչ արշավանքներին, գյուղացիական ելույթներ տեղի ունեցան Այրարատում և նրա շրջակա գավառներում: Շինականներն ու քաղաքային ռամիկները զինաթափում էին ազնվականներին, բռնագրավում նրանց և հարուստների ունեցվածքը, հարձակվում վանքերի վրա՝ սպառնալով մեծ ապստամբությամբ: Այդ նույն շրջանում ընդվզեցին Տաթևի վանքի շրջակա գյուղացիները, քանի որ նրանց հողերին ձգտում էր տիրանալ վանական միաբանությունը: Պայքարն այնքան սրվեց, որ 915թ. գյուղացիները հարձակվեցին վանքի վրա՝ ավերելով և ծեծի ենթարկելով ու սպանելով վանականներին: Վանքի առաջնորդը դիմեց Սյունյաց իշխանին, որի զինվորները գյուղացիներին արտաքսեցին վանքից, ավերեցին նրանց շեները և վանքին հանձնեցին վիճելի հողերը:

Թոնդրակյան շարժման ծավալումը

Թոնդրակյան շարժման գաղափարները խիստ գրավիչ էին և արագորեն տարածվում էին բնակչության լայն շրջաններում: Դրանք այնքան վարակիչ էին, որ նրանց հակառակորդները խուսափում էին շարադրել թոնդրակեցիների հայացքները՝ վախենալով, որ դրանք կգայթակղեն հավատացյալներին:

Թոնդրակեցիները գտնում էին, որ ոչ հանդերձյալ կյանք կա, ոչ էլ հոգու անմահություն: Իրական է և արժեք ունի միայն այս աշխարհի կյանքը: Թոնդրակեցիները, ժխտելով հոգու անմահությունն ու հանդերձյալ կյանքը, մերժում էին նաև եկեղեցու ու հոգևորականության անհրաժեշտությունը: Ուստի և, նրանց կարծիքով, բոլորովին պետք չէին եկեղեցական ամենօրյա արարողությունները, ժամերգությունը և հաղորդությունը: Շարժման հետևորդ տղամարդիկ և կանայք իրավահավասար էին: Թոնդրակյան շարժման հոգևոր առաջնորդները հոգևորական կոչումներ ու աստիճաններ չունեին և մյուսների հետ մեկտեղ օգտվում էին միանման իրավունքներից:

Թոնդրակեցիների համայնքները X դ. կեսերից ազդեցիկ ուժ դարձան: Նրանք լայնորեն տարածվեցին Մանանաղի գավառում, որը եղել էր պավլիկյանների կարևոր կենտրոններից մեկը: Շարժումն այնպիսի բուռն ընթացք ստացավ, որ տեղի հայ եպիսկոպոսը ճարահատյալ դիմեց բյուզանդական իշխանությունների օգնությանը: Պատժիչ ջոկատը հալածեց աղանդավորներին և առժամանակ ճնշեց Մանանաղիի թոնդրակեցիներին:

Թոնդրակեցիները պատկառելի ուժ էին դարձել Հարթ գավառում: Հույս չունենալով գավառի թոնդրակեցիների առաջնորդ Հակոբ եպիսկոպոսին բռնել տեղում, քանի որ աղանդավորներն այդ թույլ չէին տա, Հայոց կաթողիկոսը նրան խաբեությամբ իր մոտ հրավիրեց, ձերբակալեց և բանտ նետեց:

Պատմությունը հիշատակներ է պահել թոնդրակյանների գործունեության մասին նաև Հայաստանի այլ գավառներում:

Թոնդրակյան շարժման պարտությունը

Գրիգոր Մագիստրոս Պահլավունի
Գրիգոր Մագիստրոս Պահլավունի
Շարժման խորացումն առաջ բերեց երկրի իշխանական դասի և հոգևորականության լուրջ անհանգստությունը: Երկրի ավատատիրական մասնատվածության պայմաններում շարժումը ճնշել չհաջողվեց: Այդ հնարավոր եղավ միայն XI դ. կեսերին, երբ բյուզանդական ծառայության մեջ գտնվող հայ ազգային նշանավոր գործիչներից Գրիգոր Մագիստրոս Պահլավունին ձեռնամուխ եղավ շարժման ճնշմանը: Նրա ղեկավարած կանոնավոր զորքերը քարուքանդ արեցին ու կրակի մատնեցին թոնդրակյան համայնքները: Թոնդրակեցիների մեծ մասը պարզապես բնաջնջվեց, իսկ կենդանի մնացածները կամ փախուստի դիմեցին, կամ էլ արտաքսվեցին երկրից:

Դժվար է ասել՝ թոնդրակեցիները խոր ընդհատակ մտան, թե առժամանակ դադարեցրին իրենց գործունեությունը: Համենայն դեպս, շարժման հետքերը դեռ երկար տեսնում ենք երկրի տարբեր գավառներում: Սակայն Հայաստանի անհանգիստ քաղաքական կյանքը և օտար տիրապետությունները պատճառ դարձան, որ հայ իրականության մեջ վերջին հզոր աղանդավորական շարժումը վերջնականապես մարի:

Աղանդավորական շարժումները, հանդես գալով որպես պաշտոնական եկեղեցուն ընդդիմադիր ուժ, հաճախ ուղեկցվել են ժողովրդական ելույթներով:

http://www.findarmenia.com/arm/h



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ