Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, June 3, 2013 3:19 - 1 քննարկում

Ո՞ւմ որսորդական շունն էր Ռաֆֆին…

«Ժառանգությունը» միացավ ՀՀԿ–ին և ՕԵԿ–ին

Հետո էլ զարմանում կամ զայրանում եք, երբ Գալուստ Ներողամիտ Սահակյանը «մայրուղի» է հանում Զարուհի Հեղափոխական Փոստանջյանին։ Ախր ՀՀԿ–ում շատ լավ գիտեն իրենց քաղաքական հաճախորդներին ու դրա համար էլ իրենց լկտի են պահում այնպես, ինչպես գիշերային թիթեռնիկի ծառայություններից օգտվողը։ Մի քիչ համբերություն, և կբացատրեմ, թե ինչն ինչոց է։

Մինչև բուն թեմային անցնելը, մի փոքր տեղեկություն մեր հարևան երկրի ներսում տիրող իրավիճակի և ոչ վաղ անցյալի դեպքերի մասին։

Վրաստանում դատում են Սահակաշվիլու թիմի կարկառուն ներկայացուցիչներից մեկին՝ նախկին ոստիկանապետ ու նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն, ով իր իշխանության տարիներին բերիական ռեժիմ էր սարքել և կոորդինացնում էր պետական մակարդակով իրականացվող ռեկետը բիզնես դաշտում։
Սա այն նույն Մերաբիշվիլին է, ով Վրաստանի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ամիրան Մեսխելիի (սրան էլ են հիմա քրեական պատասխանատվության ենթարկում) հետ միասին զբաղվում էր Ջավախքի հարցով։ Այնպես էր զբաղվում, որ կալանավորվում էին բոլոր այն հայ գործիչները, ովքեր խոսում էին Ջավախքի խնդիրներից ու պահանջում ջավախահայության իրավունքների պաշտպանություն։ Ջավախքում տեռորի մթնոլորտն այս երկու ուժայինների ձեռքի գործն էր։ Չախալյանին ու մյուսներին անազատության էին մատնել հենց այս պաշտոնյաները՝ Սահակաշվիլու ցուցմամբ։

Հիշեցնենք, որ Իվանիշվիլու հաղթանակից հետո հայ քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, և Ջավախք վերադարձան այն գործիչները, ովքեր հետապնդումների պատճառով լքել էին հայաբնակ այդ շրջանը։

Հիմա՝ բուն թեման։

Վանո Մերաբիշվիլու գործը մեծ արձագանք է գտել Եվրոպայում։ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում տխրահռչակ «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը», որին Հայաստանից անդամակցում են ՀՀԿ–ն, ՕԵԿ–ը և «Ժառանգությունը», առաջարկել էր մի հայտարարություն ընդունել, որում Վանո Մերաբիշվիլիի դեմ քայլերը որակվում էին որպես քաղաքական հետապնդում:
«Եվրանեսթի» վեհաժողովին մասնակցել է նաև հայաստանյան պատվիրակությունը։ ԵԺԿ–ի այդ հայտարարությանը Հայաստանից կողմ են քվեարկել ՀՀԿ–ն ներկայացնող Արտակ Զաքարյանը և Կարինե Աճեմյանը, ՕԵԿ–ից՝ Մհեր Շահգելդյանը և «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ դեմ են եղել ԲՀԿ–ականներ Նաիրա Զոհրաբյանը և Էլինար Վարդանյանը, ՀՅԴ–ից՝ Վահան Հովհաննիսյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը։
Եվ այսպես, ԵԺԿ–ի ներկայացրած փաստաթղթին ՀՀԿ–ի հետ միասին կողմ է քվեարկել նաև Հայաստանում բոցաշունչ ընդդիմադիր ու սրտաճմլիկ հայրենասիրական ելույթներ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակից Զարուհի Փոստանջյանը։

Խնդիրն այն չէ, որ ԵԺԿ–ի հայաստանյան անդամները ինչ–ինչ հարցերի շուրջը չեն կարող միանման քվեարկել։ Անշու՛շտ կարող են, բայց տվյալ դեպքում հարցեր են առաջանում։

Խնդիրն այն է, որ սա այն նույն ԵԺԿ–ն է, որի ղեկավար Մարտենսը հայաստանյան վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ, խախտելով քաղաքական էթիկայի բոլոր նորմերը, բացահայտորեն քարոզում էր Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ–ի օգտին։

Սա այն նույն Մարտենսն է, ով նախագահական ընտրություններից հետո անդրադառնալով ներհայաստանյան իրավիճակին՝ հետևյալ գնահատականը տվեց. «Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, և գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն։ Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը»։
Այդպիսով՝ Մարտենսը «փչացրել» էր Րաֆֆիին՝ հասկացնելով, որ մի զրո ավելի է պահանջում։

Մարտենսի այդ հայտարարությունից հետո «իրավատերը», ով հացադուլի էր նստել «Միայն իմ դիակի վրայով» կարգախոսով, հայտարարեց, թե «Ժառանգությունը» կվերանայի ԵԺԿ–ին անդամակցության հարցը։ Հաշվի առնելով Զարուհի Հեղափոխական Փոստանջյանի քվեարկությունը՝ «Ժառանգությունն» իր խոսքի տերն է եղել և «վերանայել» է ԵԺԿ–ի հետ իր հարաբերությունները։
Ուշագրավ ևս մեկ հանգամանք. «թունդ ընդդիմադիր» Զարուհի Փոստանջյանը, նախընտրական ու հետընտրական փուլերում Րաֆֆի Հովհաննիսյանի մասին խոսելիս սիրում էր նշել, թե «Ժառանգության» ղեկավարը համայն հայության՝ ՀՀ–ի, Արևմտյան Հայաստանի, Արցախի ու Ջավախքի նախագահն է։ Բացի այդ՝ «Ժառանգության» մի շարք ներկայացուցիչների հռետորաբանության մեջ մշտապես առկա է պահանջատիրությունը և ծովից–ծով Հայաստանը։ Թողնենք այն հարցը՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ։ Հարցը տվյալ դեպքում այն է, որ «հայրենասիրական» պաթոս կիրառող Զարուհին ու իր «հեղափոխական» թիմակիցները Հայաստանում խոսում են Ջավախքի խնդիրներից ու պահանջում այդ տարածքի վերամիավորում Հայաստանի հետ, բայց դեմ են, որ Վրաստանում դատվի Ջավախքում հակահայկական քաղաքականություն իրականացրած Մերաբիշվիլին՝ «նժդեհական» ՀՀԿ–ի հետ ուս–ուսի տված պաշտպանելով այդ հանցագործին։ Համաձայնեք, որ սա դասական երկերեսանիություն և փարիսեցիություն է։
Հիմա պա՞րզ է, թե ինչու է Գալուստը «մայրուղի» հանում Զարուհուն։ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այդպիսով ուզում է հասկացնել, որ քաղաքական հաճախորդները պետք է իրենց չափը ճանաչեն ու «աչոկ» հավաքելու համար շատ չմտնեն դերի մեջ։

«Ժառանգությունում» անմիջապես հասկացան Գալուստի «մեսիջն» ու ՀՀԿ–ի հրահանգով կողմ քվեարկեցին Մերաբիշվիլուն պաշտպանող ԵԺԿ–ի հայտարարությանը։

Իսկ թե ինչու է Սերժ Սարգսյանի կուսակցությունն անհանգստացած Սահակաշվիլու համար և ինչու է կրծքով պաշտպանում հայատյացությամբ աչքի ընկած Մերաբիշվիլուն, կանդրադառանամ առանձին հոդվածով։ Բավական հետաքրքիր բաներ են բացահայտվում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Կարող եք չկասկածել. եթե վաղը, մյուս օրը ֆինանսական մեքենայությունների համար դատեն, ասենք, Տիգրան Սարգսյանին, ապա ԵԺԿ–ն դա համարելու է քաղաքական հետապնդում, իսկ «Ժառանգությունը» կրծքով պաշտպանելու է նրան։ Ճիտ է, Տիգրանին դա ոչ մի օգուտ չի տա, բայց «Ժառանգության» բուն էությունը հերթական անգամ կբացահայտվի։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

C.C.
Jun 3, 2013 3:36


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('26891') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>14-\xD5\xA1\xD5\xB4\xD5\xB5\xD5\xA1 ...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>14-\xD5\xA1\xD5\xB4\xD5\xB5\xD5\xA1 ...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '14-\xD5\xA1\xD5\xB4\xD5\xB5\xD5\xA1 \xD5\x80\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/l in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219