ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, May 31, 2013 22:53 - չքննարկված

ԱՀԱԶԱՆԳ. «Ավգյան ախոռների կարմիր կովերը». Ռեժիմի մակաբույծ անցյալն ու ներկան…

31.Մայիս.2013 – 12:39

Երկու երանի մի տեղ չի լինում, անկախությունը ոչ-երանիներին իշխանական «լարերին» հանեց` յալանչիները դարձան փահլեւաններ, սնապարծները` պանծալիներ, լկտիները` լիդերներ, ստախոսները` քարոզիչներ, մարդուկները` մարդակերներ, մակաբույծները` մականավորներ, պորտաբույծները` պորտֆելավորներ, պակասավորները` պսակավորներ, նախրապանները` նախարարներ, նստակյացները` վտարանդիներ…

1988 թվականի հանրահավաքներում երկինք պարզված բռունցքների վրա ոտ դնելով` եկավ Անկախությունը, որին մեր «երազներում երազել էինք» չարենցաբար:

Այստեղ են ասել, այս դեպքում են ասել` ամեն անգամ գետը գերան չի բերում, Անկախությունը խոյակերտման սյուն-գերանների հետ բերեց ծեղ, ծղոտ, մղեղ, դարման, մուր, մրուր, տիղմ, որդեր… Անկախությունը բերեց քառսուն-քառսուն թալանչիներ, քառսուն-քառսուն ավազակներ, լլկողներ, հարստահարողներ, ավարառուներ, որոնք ցերեկները եռագույն դրոշները ցուցադրաբար ծածանեցին հրապարակում, իսկ գիշերները այդ սուրբ դրոշները դերձակ մկոների մկրատներով պղծելով` պարկեր կարել տվեցին` ժողովրդի արյունով ու քրտինքով ձեռք բերած հարստությունները դրանց մեջ լցրեցին, որ տանեն «դեպի իրենց պայծառ ապագա»:

Ասված խոսք է` «լավատեսությունը հեղափոխությունների կրոնն է», այս խոսքը մտքումս պահած` հիշում եմ 1996 թվականի նախագահական ընտրությունները, պատերին ու սյուներին ամենուր փակցված էին թեկնածուների, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ինքնագոհություն ճառագող դիմանկարը` այսպիսի կարգախոսով.

«Հաղթանակ: Կայունություն: Առաջընթաց»:

Ինչպիսի սնամեջ հեղափոխական լավատեսություն ու սուտ լավատեսություն, որը գիտությամբ զբաղվող այս հեռատեսը պահածոյացրել պահել է եւ բոլ-բոլ օգտագործում է հիմա` 2008-ի քարոզչական «շիլա-փլավի» մեջ, վայ ուտողներին, վայ խաբվողներին:

Իհարկե, 96-ին հաղթանակ կար` նվաճված հերոսների արյան գնով, իսկ ո՞ւր էր կայունությունը, բաբամ, եւ ի՞նչ առաջընթաց կարող էր լինել, երբ առաջնորդողը խեցգետնի մեկն էր, ինչպիսին դու էիր եւ կողքիններդ եւս խեցգետիններ էին` առաջ պոռացող, ետ-ետ ընթացող:

Պատերից նախագահի թեկնածուները, մեկն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ձայներ էին մուրում, ինչպես հիմա, պատերի տակ նստած մուրացկանները` հացի փող:

Հացի փող տվեցին մուրացկաններին, Աստված ժողովրդի բանը հաջողեցնի, սակայն սուտ ու փուտ այս լավատես հեղափոխականին ձայներ չտվեցին` ձայներ տալով Վազգեն Մանուկյանին, որի պապին Գյումրիում Մանուկ էին կոչում, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանն իր անձնուրաց կամակատարների «մեր դեմ խաղ չկա» կեռ կարգախոսով, լկտի եղծիք-կեղծիքով նախագահ նստեց` տալով փոքրաթիվ զոհեր` ինչ եղավ որ, ջարդվեց Բաբկեն Արարքցյանի գլուխը, ծեծ ու ջարդի ենթարկվեց Արա Սահակյանը, ի՞նչ էր արել խեղճը, նաեւ ուրիշներ` ուզուրպատոր նախագահի «բույնի թռչնակներ», եւ խռովության օրվա երեկոյան Վանո-պետը ձեռքը հեռուստաէկրանից հանելով` մատ թափ տվեց բողոքող ժողովրդի վրա.

«Շաշություն անեք ոչ, իշխանությունը մենք ենք, էդպես»:

Հիշելով 1996 թվականը` մտածում եմ, որ կգա ժամանակ, անհնարին է` չգա, երբ մաշկով ու մորուքով խաչապաշտ Խաչիկ Ստամբոլցյանը մեղադրյալի աթոռից վկայություն կտա դատարանին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ հհշականների գործած հանցագործությունների մասին` բացելով իրեն հայտնի թաքուն ծալքերը:

Օգոստոս, 2000 թվական, «Իրավունք» շաբաթաթերթ, թիվ 57-ի երկրորդ էջից ժպտացող «Գթության» հայրն ասում է.

«Լեւոն Տեր-Պետրոսյանն օտարերկրյա գործակալ է, որը Հայաստանը ոչնչացնելու հատուկ առաքելություն ուներ: Որովհետեւ ոչ ՀԲ-ին, ոչ ՄԱՀ-ին եւ ոչ էլ միջազգային որեւէ ուժի ձեռնտու չէր Արեւելքում ունենալ երկրորդ Իսրայել` գիտությամբ հզոր Հայաստան: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ` Լ.Տ.-Պ.-ն կամ մասոնական օթյակի անդամ է, կամ պանթուրքիզմի կողմից գնված անձ, որը մտածված կերպով ոչնչացրեց հանրապետությունն ու հայաթափեց այն: Ասածներս հիմնավորված են շատ լուրջ, ծանրակշիռ փաստարկներով:

…Ի՞նչ է նշանակում երեք տարի ուտել մազութը, կուլ տալ գազը, իսկ ժողովրդին պահել խավարի մեջ: Այդպես միայն մեր ոխերիմ թշնամին կարող էր վարվել:

…Հրանտ Բագրատյանն այն ողորմելին է, որը ստիպված միացրեց հոսանքը, այն բանից հետո, երբ տեսավ, որ երկիրը հայաթափվում է:

Բայց նա դեռեւս պատիժ է կրելու (միայն ոչ լույսի համար):

Նա հանցագործ է, վկա կոնյակի գործարանի վաճառքը:

Միլիարդի հասնող մեր հարստությունը 30 միլիոնով ծախեց ու հսկայական գումարներ շահեց:

…Հավասարապես հանցագործներ են ոհմակի մյուս անդամները եւս, Բաբկեն Արարքցյան, Արա Սահակյան, Կարապետ Ռուբինյան, Դավիթ Շահնազարյան, Տեր-Հուսիկ Լազարյան (քահանա բառը նրա անվանը չեմ կարող կապակցել, որովհետեւ նա սատանայի սպասավորն է):

…Չմոռանամ հիշատակել եւ ՀՀՇ-ի մյուս «կարկառուն» ներկայացուցչին` Վանո Սիրադեղյանին, որն այսօր անհայտության մեջ է` փախած է, ավելի ճիշտ` որին խնամքով թաքցրել են»:

Հովհաննես Թումանյանը 1900 թվականին ինչ-որ հեղինակից փոխադրություն է արել, վերնագիրը՝ «Կումիկների ողբը», կարդում եմ հանճարի փոխադրած տողերը եւ զարմանքից քարանում եմ. կարծես այսօր է գրել, եւ դա կումիկների ողբը չէ, այլ հայերիս ողբն է, իսկ ինչո՞վ մենք այսօր կումիկներ չենք, «ով հայ ժողովուրդ…»:

Գեղը գեղ չի, թե նմանի մեր գեղին,

Ցեղը ցեղ չի, թե նմանի մեր ցեղին,

Աստված էսպես երբ որ պատիժ ուզեց մեզ,

Մեզնից հանեց առաջնորդներ սեւերես,

գնան բերեն օտարներին մեր աշխարհ,

որ չափեին մեր հանդերը ծաղկավառ,

Մեր հողերի պլանները հանեին,

Մեր սարերում սիպտակ բերդեր շինեին:

Մեր սարերում սիպտակ բերդեր շինեցին:

Մեր հողերի պլանները հանեցին,

Հիմի բացվեն կոկոնները ծառերի`

Պիտի տեսնի նոր գարունը մեզ գերի:

Կումիկների Աստվածն «էսպես երբ որ պատիժ ուզեց» կումիկներ կոչված թյուրքալեզու ցեղին՝ նրանցից «հանեց առաջնորդներ սեւերես», իսկ հայերիս Աստված ի՞նչ արեց:

Աստվածն Աստված է՝ արեց նույնը՝ հայերիցս անցյալ դարավերջի 90-ականներին հանեց «առաջնորդներ սեւերես», հանեց` հանեց, իրենց արածն արեցին, ինչպես մայրս կանիծեր` «գլխներին գա», սակայն բանն այն է, որ այդ սեւերեսները հիմա՝ 2008-ին, իրենց ճղում են եւ, ինչպես Արտաշես Գեղամյանը կասեր, «կատու են ճղում», որ գան իշխանության՝ «Լե-ւոն նախագահ, Լե-ւոն նախագահ» փուչ կոչերի օդեղեն կամուրջներով:

Ա՜յ, ռիսկ…

Դատելով գոլորշիանալու նման հրաժարական տվող առաջին նախագահի նախընտրական ճառերի ամպային դղրդոցներից, պատահում է` հավաքվածների ակնոցների ապակիները ճաք են տալիս, տեսնելով «Լե-ւոն նախագահ» բղավողների բերանների բացվածքները, ինձ թվում է` նրանք ծրագրել են ցած իջնել, ասել է` իշխանության գալ, որպես կարկուտ` հույս դնելով, որ ժողովրդի հիշողությունը ցեցը կերել է, զգոնությունը սառույց է կտրել եւ հակակարկտային կայանքները «խարաբա» վիճակում են…

Ի՜նչ լավատեսական պատկերացումներ:

Սակայն հեգնանքը մի կողմ` ինչի՞ց է գալիս հհշական «դարձվորների» գիրուկ-ճարպակալ ինքնավստահությունը, ինչի՞ վրա են հույսները դրել:

Եւ ահա վերեւից երամով անցնող վայրի բադերը, որոնք թեւավորների մեջ առանձնանում են իրենց բթամտությամբ, կռնչոցով ասացին.

«Հույսները դրել են «կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ասույթի վրա»:

Ճիշտ է, բադային խելքին մոտ բան է, սակայն ըլլալիք բա՞ն է, որ Լեւոնը` ջայլամի ձվի մեծությամբ կարկուտ, ընկնի նախագահական նստավայր (ավազի միջից կտեսնի), Սիրադեղյանը` սագի ձվի մեծության կարկուտ, ընկնի ներքին գործոց նախարարություն (ծոծրակի կողմից կտեսնի), հհշական մյուս նախկին իշխանավորները` ագռավի ձվերի մեծության կարկուտներ, վերադառնան իրենց ծերտոտ աթոռներին (Նոյի լեշակեր ագռավի նման, վայ թե, չվերադառնան), այնպես որ, «Նոյի տապան» իմ երկիր Հայաստան, անհոգ եղիր, սակայն աչալուրջ եղիր, եռանդ դիր, ջանք թափիր եւ հայտնաբերելու պես գտիր նոյական հավատ ու արդարամտություն ունեցող Ղեկակալիդ` բացառելով Լեւոն սեւերեսին` իր Վանո արյուներես զինակրով, բացառելով երկրորդին` Արթուր սիրուներեսին, որը «պլատոնական մահով» պատրաստ է զոհվել Հայաստանի համար եւ որի փուչ խոստումների համեմատությամբ «Ջաջուռի քամին» մեղմիկ զեփյուռ կթվա (իմ Գյումրիում տանիքներ վայր բերող քամիներին կոչում էին «Ջաջուռի քամի»), բացառելով երրորդին, բացառելով չորրորդին, հինգերորդին…

Թող մեկին եւ նրան նորից նոր ծնիր եւ նրա առջեւ գերագույն նպատակ դիր, որ նա այնպես անի, որպեսզի, ինչպես էպոսում է ասված, մեր երկիրը «մեկ էլ շինվի, ցորեն էղնի քանց մասուր մի ու գարին էղնի քանց ընկուզ մի»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ