ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, May 11, 2013 1:34 - 2 քննարկում

Ժ.Սեֆիլյան. Շուշիի նկատմամբ վերաբերմունքը…

Ժ.Սեֆիլյան. Շուշիի նկատմամբ վերաբերմունքը վկայում է ներկայիս կառավարիչների ստրկամտության մասին

  • Տպել
08.05.2013 13:08

Karabakh-open.info-ի հարցազրույցը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման քարտուղարության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ։

– Պարոն Սեֆիլյան, Շուշիի ազատագրումից անցել է արդեն 21 տարի, հետաքրքիր է իմանալ, ի՞նչ եք զգում այսօր, երբ գալիս եք Շուշի: Արդյո՞ք, այն ժամանակ Ձեր պատկերացրած Շուշին եք այսօր տեսնում:

-Շուշիի ազատագրումը շրջադարձային է ոչ միայն Արցախի ազատագրման առումով: Հայությունը դարեր ի վեր կրած ծանր կորուստներից հետո իր մեջ ուժ գտավ ոչ միայն կանգնեցնելու հակառակորդին, այլեւ ազատագրելու իր Հայրենիքի մի հատվածը (մեր Հայրենիքը ամբողջական հայկական բարձրավանդակն է): Ուստի առանց չափազանցության Շուշիի ազատագրումը պետք է գնահատել որպես մեր պատմության անիվը հետ պտտելու գործընթացի մեկնարկ:

Միեւնույն ժամանակ` ցավ եմ զգում այն բանի համար, որ մեր ժողովրդի զավակների հերոսական պայքարի ու արյան գնով ձեռք բերածը համապատասխան արդյունք չտվեց: Ստրկամիտ եւ կառավարման առումով ապաշնորհ քաղաքական վերնախավը մսխեց հաղթանակի ձեռքբերումները: Խորհրդային Միության փլուզումից հետո ինքնիշխան հայկական պետություն կառուցելու փոխարեն ստեղծվեց ապազգային կառավարման համակարգով օտար ուժերի շահերին հարմարեցված կիսապետություն, որը ներկայումս ամբողջությամբ վերածվել է նորգաղութային կեղեքման օբյեկտի: Իսկ Արցախը հայկական պետության լիիրավ ու զարգացող հատվածը դարձնելու փոխարեն անորոշ իրավական ապագայով հանձնվեց աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կամքին, որոնք առանց վարանելու շահարկում են Արցախի հարցը եւ մեր ժողովրդին փորձում են պատանդի կարգավիճակով պահել կախյալության մեջ:

Շուշին պատշաճ տեմպերով ու որակով չի նորոգվում եւ ազատագրվելուց ավելի քան երկու տասնամյակ անց դեռեւս անբարեկարգ, նույնիսկ` անմխիթար վիճակում է: Արցախի ազատագրված տարածքները ոչ միայն բարձիթողի վիճակում են, այլեւ դիտավորյալ կերպով չեն բնակեցվում, ինչը խամաճիկ վարչախումբն իր նորգաղութարար տերերին ներկայացնում է որպես իր նվիրվածության եւ ծառայակամության ապացույց:

Անշուշտ, ես միանգամայն այլ կերպ էի պատկերացնում Շուշին ազատագրումից հետո: Այն պետք է եւ կարող էր դառնալ ծաղկուն կրթամշակութային քաղաք, ինչպիսին էր նախախորհրդային շրջանում: Ինչպես արդեն ասացի, Շուշիի ազատագրումը պատմական, շրջադարձային, ապագան նախանշող իրադարձություն է, ուստի նրա նկատմամբ այսօրվա վերաբերմունքը վկայում է ներկայիս կառավարիչների ստրկամտության եւ ազգուրացության մասին, քանի որ անտեսելով Շուշին, նրանք անտեսում են մեր ապագան:

– 1992-ին, Դուք՝ որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, ձեր հասակակիցների հետ մեկտեղ համախմբվեցիք, ինչի արդյունքում հաջողվեց ազատագրել հայրենիքը: Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անի այսօրվա սերունդը նույն այդ հայրենիքում, որո՞նք պետք է լինեն նրա առաջնային խնդիրները:

-Մենք ազատագրեցինք մեր Հայրենիքի մի փոքր հատվածը Ադրբեջանի եւ նրա դրածո կեւորկովների տիրապետությունից: Սակայն հետագայում կեւորկովների հոգեզավակներն առանց պատերազմի իրենց նորգաղութարար տերերի աջակցությամբ յուրացրեցին մեր ժողովրդի իշխանությունը եւ ներսից օկուպացրեցին Հայաստանի երիտասարդ, դեռեւս չկայացած հանրապետությունն ու թշնամու լծից ազատագրված Արցախը:

Ուստի մեր երիտասարդությունը մեզ հետ միասին պետք է համախմբվի, կազմակերպվի եւ նորկեւորկովների ու նրանց օտար տերերի տիրապետությունից ազատագրի երկիրը եւ ստեղծի Արցախը ներառող նոր որակի ազգային պետություն:

Միեւնույն ժամանակ, մեր երիտասարդությունը եւ ժողովուրդը պետք է նկատի ունենան այսօրվա ազատագրական պայքարի առանձնահատկությունները: Ներկայիս նորգաղութատիրությունը պետք չէ շփոթել դասական գաղութատիրության, նույնիսկ` անցած դարի յոթանասունականների նորգաղութատիրության հետ: Սա շատ ավելի խճճված ու բարդ մի երեւույթ է:

Ներկայիս նորգաղութային տիրապետությունը հաղթահարելու համար մղվող ազգային-ազատագրական պայքարի թիրախը արտաքին ուժերը չեն: Մեր հիմնական պրոբլեմը քաղաքական վերնախավի ստրկամտությունն է եւ այդ մտածելակերպի հիման վրա կառուցված ու գործող պետական կառավարման համակարգը, որն սպասարկում է նորգաղութային տերերի շահերը: Ուստի առաջին հերթին պետք է ձեւավորել ինքնիշխան մտածելակերպ ունեցող նոր քաղաքական սերունդ, որը ձեռնամուխ է լինելու նորգաղութային շահերը սպասարկող կառավարման համակարգի փոխարեն ազգային շահերին ծառայող կառավարման համակարգ ստեղծելուն:

Այսինքն` ներկայիս ազգային-ազատագրական պայքարը հայրենակերտման, պետականաշինության գործընթաց է, այլ ոչ զինված պայքար օտար կամ նույնիսկ տեղական զավթիչների դեմ: Սա համազգային խնդիր է: Յուրաքանչյուր հայ մարդ` Հայաստանում թե արտերկրում, իր կարողությունների չափով պետք է մասնակցի դրա լուծմանը: Միեւնույն ժամանակ` բնավ չնվազեցնելով արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մասնակցության կարեւոր դերն ու նշանակությունը, պետք է փաստեմ, որ հիմնական աշխատանքը կատարվում է երկրի տարածքում: Ուստի հատկապես արտագաղթի մասին մտածող երիտասարդներին կոչ եմ անում մնալ, իսկ արտերկրում ապրողներին` ձգտել վերադառնալ եւ լիարժեք կերպով լծվել ինքնիշխան ազգային պետություն ստեղծելու գործին: Սա է մեր երկիրը եւ այստեղ պետք է կերտենք մեր կյանքն ու ապագան:

– Պատերազմի տարիներին յուրաքանչյուրն էլ իր պատկերացումներն ուներ ազատագրվելիք հայրենիքի մասին: Այսօր թվում է, Ձեր պատկերացրած հայրենիքը չկա, համենայնդեպս՝ իշխանությունների վերաբերյալ Ձեր բացասական կարծիքը բազմիցս արտահայտել եք: Որո՞նք են, Ձեր կարծիքով, այն սխալները, որոնք պատճառն են այսօրվա իրականության եւ ի՞նչ պետք է անել՝ այդ սխալները շտկելու համար եւ ինչպե՞ս:

Իմ պատկերացրած պետությունը նախ դե յուրե, պաշտոնապես, այլ ոչ միայն` փաստացի, առնվազն ներառում է Արցախն իր ազատագրված տարածքներով:

Մենք կարող էինք ունենալ հզոր, մրցունակ, կայուն կերպով զարգացող, հայաստանակենտրոն ու հայակենտրոն, լիարժեք ինքնիշխանությամբ օժտված պետություն, որը պետք է դառնար տարածաշրջանային գործոն, ապահովեր հայ մարդու եւ հայ ազգի ազատ ու արժանապատիվ կյանքն ու ստեղծագործ ինքնիրացումը: Այդ պետությունը պետք է կազմակերպեր զանգվածային հայրենադարձություն, բնակեցներ ազատագրված տարածքները, կասեցներ հայության ուծացումն արտերկրում, համախմբեր համայն հայությանը եւ ձեռնամուխ լիներ մեր ազգային նպատակների իրագործմանը:

Մինչդեռ այսօր ունենք հայաթափվող եւ ուժասպառվող մի երկիր, որը հայտնվել է գոյատեւման պրոբլեմի առջեւ: Ճիշտ չի լինի ասել, որ անցնող ավելի քան քսան տարվա մեր կառավարիչներն ընդամենը սխալներ են գործել: Նրանք հանուն իրենց հարստացման եւ իշխելու նաեւ ուրացել են Հայրենիքը եւ օտար գիշատիչների հետ միասին կեղեքել են մեր երկիրը: Ուստի, ինչպես արդեն ասացի, երկիրն օկուպացված է, եւ այն պետք է ազատագրել: Իսկ ազատագրումից հետո մեր տաղանդավոր ու ստեղծագործ ժողովուրդը կկառուցի մեր երազած պետությունը, որի մի քանի հիմնական հատկանիշներ վերը թվարկեցի:

Նախախորհրդարանը, որի քարտուղարության անդամ եմ ես, ունի ինչպես երկրի ազատագրման, այնպես էլ Հայաստանում նոր որակի պետության ձեւավորման ու զարգացման ծրագիր, որն իրականացնելու է Հայաստանում եւ արտերկրում բնակվող հայության առաջամարտիկների համախմբման ու կազմակերպման միջոցով: Այդ ծրագրի համաձայն, նախատեսվում է նորգաղութային տերերի ու նրանց տեղական խամաճիկների շահերը սպասարկող պետական կառավարման առկա համակարգի փոխարեն ստեղծել դրան զուգահեռաբար գործող այլընտրանքային պետական կառավարման մարմիններ, այնուհետեւ դրանք ուժավորելով ու լեգիտիմացնելով` ասպարեզից հեռացնել գործող կեղեքիչ համակարգը եւ զբաղեցնել նրա տեղը: Զուգահեռաբար գործող այդ մարմինները պետք է ստեղծվեն գործող համակարգից դուրս` անտեսելով նրա խաղի կանոնները եւ կեղծ ընտրությունները: Ժողովրդի կամքն արտահայտող այդ մարմինները, առաջին հերթին` նոր որակի պետության ստեղծման համար անհրաժեշտ Հիմնադիր խորհրդարանը, պետք է ստեղծվեն ժողովրդի սահմանած կանոններով` այլընտրանքային ընտրությունների միջոցով: Այնուհետեւ քաղաքացիներն անձ առ անձ պայմանագիր են կնքելու հիմնադիր խորհրդարանի հետ, որով նրան լիազորելու են իրենց անունից հանդես գալու, գործող վարչախմբին հեռացնելու եւ նախապես մշակված ռազմավարական ծրագրի հիման վրա նոր որակի պետության ձեւավորման համար անհրաժեշտ հիմքերն ու նախադրյալները ստեղծելու վերաբերյալ: Վարչախմբին հեռացնելուց հետո կլինի կարճաժամկետ անցումնային փուլ, որի ավարտին կանցկացվեն ժողովրդավարական ընտրություններ եւ կձեւավորվեն պետական կառավարման մարմիններ, որից հետո երկիրը լիարժեք կերպով կմտնի զարգացման հունի մեջ:

Նախախորհրդարանն արդեն ձեռնամուխ է եղել այս ծրագրի գործնական իրականացմանը, ինչի նպատակով մայիսի 9-ին` Գյումրիում, իսկ 17-ին` Երեւանում, հրավիրում է կազմակերպական հավաքներ: Այդ հավաքները էապես տարբերվելու են մինչ օրս տեղի ունեցածներից: Դրանց ընթացքում ներկայացվելու են ազգային-ազատագրական պայքարի միջոցով նոր որակի պետության ձեւավորման ու զարգացման ծրագրային մոտեցումները եւ ձեռնարկվելու են այդ ծրագրի իրականացման կոնկրետ քայլեր: Հաջորդ հանրահավաքների ժամանակ ամփոփվելու են կատարված քայլերը եւ նախանշվելու են հաջորդները: Եվ այդպես` մինչեւ հաղթական ավարտ: Անշուշտ, հանրահավաքները ծրագրի մի մասն են ընդամենը եւ կիրառվում են որպես կազմակերպական գործիք: Զուգահեռաբար կատարվելու է ամենօրյա բազմապլան կազմակերպական եւ այլ անհրաժեշտ աշխատանք:

– Հարցս գուցե անսովոր հնչի, բայց հետաքրքիր է՝ Դուք կգայի՞ք Ձեր եւ մարտական ընկերների կողմից ազատագրված Շուշիում ապրելու կամ գուցե՞ նման ցանկություն ունեիք հենց այն ժամանակ, երբ քաղաքացիություն ստանալու ցանկություն էիք հայտնել:

-Շատ հայորդիներ, հատկապես` Շուշին ազատագրած մարտիկները, առանձնակի զգացումներ ունեն Շուշիի հանդեպ: Նրանցից շատերը կուզենան ապրել այնտեղ: Ի դեպ, ես եւ իմ մի շարք մարտական ընկերներ եղել ենք Շուշիի առաջին բնակիչները: Նրանց մի մասն այսօր էլ ապրում է Շուշիում: Ինչ վերաբերում է ինձ, ես պարտավորվել եմ ուժերիս ներածի չափով մասնակցել Հայրենիքի ազատագրման գործի կազմակերպմանը, ուստի չեմ կարող լինել Շուշիում, քանի որ այս անգամ Հայրենիքի ազատագրումը պետք է սկսենք Երեւանից: Դուք հիշատակեցիք նաեւ իմ քաղաքացիության հարցը, որը մինչ օրս չի լուծվել:

Ավելին, եթե հիշում եք, ինձ հանիրավի մեղադրանքով ձերբակալեցին եւ բանտարկեցին: Սա եւս մի ապացույց է, որ մեր երկիրն օկուպացված է:

– Ամեն դեպքում, այսօր՝ 21 տարի անց, ինչպես ամեն տարի Արցախում նշում են Շուշիի ազատագրման օրը, ի՞նչ կմաղթեիք Արցախի եւ ընդհանրապես հայ ժողովրդին:

-Մարտնչող ոգու վերածնունդ, ինքնակազմակերպում, հաղթանակի կամք ու պայքարի վճռականություն: Եվ ինչպես 21 տարի առաջ հայությանը հաջողվեց ազատագրել Շուշին, այսօր էլ հաջողվելու է ազատել մեր երկիրը եւ կառուցել մեր երազած նոր որակի պետությունը:

 



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Գրիգոր
May 11, 2013 10:47


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('26473') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x84\xD5\xAB\xD5\xB6\xD5\xB9\xD6\x87 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x84\xD5\xAB\xD5\xB6\xD5\xB9\xD6\x87 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x84\xD5\xAB\xD5\xB6\xD5\xB9\xD6\x87 \xD5\x87\xD5\xB8...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219