ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, May 2, 2013 13:21 - 1 քննարկում

Արդարադատության համակարգի հայաստանյան սրիկաներ. ԱՄՈ՛Թ ՁԵԶ…

Svetlana Margarian commented on hetq.am.
Քանի դեռ Արդարադատություն կոչվող համակարգի ամենագլխավոր դեմքերից մեկը՝ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը,նաև նրա բազմաթիվ ենթականեր,ովքեր դեռ սովետմիության ժամանակներից մաֆիոզական շղթայի օղակներ էին,ովքեր հովանավորում էին հայտնի մարդասպաններին,գողերին,հանցագործներին,դեռ աշխատում են նույն համակարգում ու անգամ ավելի բարձր պաշտոնների են տիրացել,Հայաստան կոչվող երկիրը երկիր չի դառնա:Հայաստանն այսօր այդ ՏԱԿԱՆՔԻ համար ծառայում է որպես մի մեծ և նմանը չունեցող ՊԱՏԺԱԽՈՒՑ,որտեղ ամենասարսափելի ձևերով հաշվեհարդար են տեսնում ցանկացած հայի հետ և բացահայտ ցինիկությամբ էլ կոծկում են կատարվածը:

Դեռևս 92թվականին ՀՀ Գերագույն դատարանում հնչեցրած իմ վերջին խոսքում եմ ասել և նույնը,ու ավելի համոզված կրկնում եմ այսօր՝. Հայաստանի իրավապահ մարմինների բարձրաստիճան ցանկացած աշխատողի կարելի է դատել Քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով…

«Ես 10 մլն դրամ չունեի, որ տայի քննիչին». ամերիկահայ գործարարը մահացել է բանտում

Քրիստինե Աղալարյան

 

16:28, 30 ապրիլի, 2013
Կալանքի երկարացման որոշումը ամերիկահայ գործարարի համար դարձել է մահվան դատավճիռ

Ապրիլի 25-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում մահացել է սփյուռքահայ գործարար Ժորժ Բաղումյանը:

Ամերիկահայ գործարարը կալանքի տակ էր 2012թ. հոկտեմբերի 27-ից: Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և անօրինական զենք պահելու մեջ: Ժորժ Բաղումյանը 65 տարեկան էր:

Բաղումյանների գերդաստանը սերում է Իրանից, որտեղից նրանք արտագաղթել են Միացյալ Նահանգներ: Հայրը` Լևոն Բաղումյանը 1990-ին հաստատվել է Հայաստանում: Ներդրում է ունեցել Արցախյան ազատամարտում`  նյութական օգնություն ցուցաբերելով բանակին: Հիմնել է էլեկտրական մարտկոցների արտադրություն և մատակարարել դրանք բանակին: 1997-ին` հոր մահից հետո, նրա գործը ստանձնել է Ժորժ Բաղումյանը:

Ժորժ Բաղումյանի եղբայրը` Սերժո Բաղումյանը «Հետքին» պատմեց, որ եղբայրը լուրջ առողջական խնդիրներ ուներ: 2004-ին սրտամկանի կաթված էր ստացել, հիպերտոնիկ էր և տառապում էր շաքարային դիաբեդով:

Ժորժ Բաղումյանի մահվան փորձաքննության եզրակացությունը դեռևս չկա: Գործարարի փաստաբան Մուշեղ Շուշանյանը համարում է, որ Ժորժ Բաղումյանը հայաստանյան իրավական և դատական համակարգի հերթական զոհն է:

Փետրվարի սկզբից, երբ Ժ. Բաղումյանն արդեն 4 ամիս կալանքի տակ էր, փաստաբան Մուշեղ Շուշանյանը ստանձնել է նրա պաշտպանությունը: Այդ ընթացքում դատարանն արդեն երրորդ անգամ քննել էր Ժ. Բաղումյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Փետրվարի 22-ի նիստին փաստաբանը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ժ. Բաղումյանին տևական կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, քանի որ չկա օրենքով և միջազգային պայմանագրերով նախատեսված ոչ մի իրավական հիմք: Ավելին` նրա առողջական խնդիրները թույլ չէին տալիս, որ Ժ. Բաղումյանն այդքան երկար ժամանակ գտնվեր քրեակատարողական հիմնարկում:

«Հանրահայտ փաստ է, որ ՀՀ-ն ի վիճակի չէ ապահովել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորների և դատապարտյալների համար պատշաճ բուժօգնության ցուցաբերում»,- այսօր կայացած ասուլիսին հայտարարեց փաստաբանը:

Դատարանն, այնուամենայնիվ, թե’ փետրվարին, թե’ ապրիլին որոշել է երկարացնել նրա կալանքի ժամկետը: «Ես հայտարարեցի, որ եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, ըստ էության կայացնում է մահվան դատավճիռ, որովհետև Ժորժ Բաղումյանի առողջական վիճակը գնալով վատթարանում էր, և նա պարզապես ի վիճակի չի լինի երկար ժամանակ գտնվել քրեակատարողական հիմնարկում առանց պրոֆեսիոնալ, պատշաճ բժշկական օգնություն ստանալու,- ասում է Մ. Շուշանյանը: -ՔԿՀ-ն պարտավոր էր նրան տեղափոխել դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց, ինչը չեն արել, դրա համար պետք է պատասխան տան»: Փաստաբանը մեկ փաստարկ է վկայակոչում, որով ամեն ինչ ասված է.  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող շուրջ 1200 դատապարտյալներին և կալանավորներին ընդամենը 1 բուժակ է սպասարկում:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նշում է, որ Ժ. Բաղումյանի մահը վկայում է այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության համակարգում բարեփոխումների մասին խոսքերը զրոյական արժեք ունեն, և իրականում ոչ մի բարեփոխում այս երկրում չի կատարվում:

Կալանքը`  պատի՞ժ

Սերժո Բաղումյանը և փաստաբան Մ. Շուշանյանը

Զենքը, որը հայտնաբերվել է Ժ. Բաղումյանի տանը, ձեռք է բերել հայրը` Լևոն Բաղումյանը: Դրդապատճառը եղել է այն, որ նրանց Էջմիածնում գտնվող սեփական տարածքի վրա ավազակային հարձակում է եղել, պահակներին կապել և թալանել են ողջ գույքը: Այդ զենքը տրվել է պահակներին, որպեսզի տարածքի հսկողություն իրականացնեն:

Ժորժ Բաղումյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշում է, որ զենքը իսկապես օրինական չի եղել, բայց ապացուցվել է, որ որևէ հանցանք դրանով չի կատարվել, և ՊՆ-ից գողացված զենք չէ:

Իբրև չվճարված 16 մլն դրամ հարկն առաջացել է 2009-ին` Ժորժ Բաղումյանին պատկանող «Գոլդ Էներջի» ՍՊԸ-ի գործունեությունիցԳումարվել են նաև տուգանքները` ընդհանուր առմամբ շուրջ 41 մլն դրամ:

Փաստաբանը միջնորդել է տրամադրել «Գոլդ էներջիի» հարկային գործը, հարկերի անձնական հաշվի քարտերը, ստուգման ակտի և կից փաստաթղթերի պատճեններ և այլ փաստաթղթեր, որպեսզի պատշաճ իրականացնի իր վստահորդի պաշտպանությունը և մասնագետների ներգրավմամբ հաշվարկվի նրան վերագրվող հարկային պարտավորությունները. եթե պարզվի, որ իսկապես կան չվճարված հարկեր, դրանք Ժ. Բաղումյանը պարտավորվում է վճարել: Սակայն իրավապահները չեն տրամադրել փաստաբանի պահանջած փաստաթղթերը և շարունակել են երկարացնել կալանքը:

Մ.Շուշանյանը նշում է, որ մեղադրանքից պաշտպանվելու հնարավորությունից իր վստահորդը զրկված է եղել, և Ժորժ Բաղումյանի նկատմամբ կալանքը կիրառվել է որպես պատիժ` որևէ իրավաչափ նպատակ չհետապնդելով: Կալանքի անհրաժեշտությունը քննիչը պայմանավորել է Ժ. Բաղումյանի չվճարված հարկերով` նշելով, որ եթե վերջինս վճարի հարկերը, կազատվի կալանքից:

«Փոխանակ վճարվի իրան, որովհետև ինքը պահանջում էր մեծ փողեր ինձանից»,- փաստաբանին լրացնում է Ժորժ Բաղումյանի եղբայրը` Սերժո Բաղումյանը, ով ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան եղբոր հարցերով զբաղվելու համար: Սերժո Բաղումյանն ասում է, որ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Էդգար Անտոնյանը 10 մլն դրամ կաշառք է պահանջել իրենից. «Ես 10 մլն դրամ չունեի, որ տայի իրան»: Նա համարում է, որ այդպիսով իր եղբորը «սպանել են»: «Ցավալի է, որ մեր երկրում մեկի կյանքը վտանգված է տենց փողերով, որ պահանջում են, որ վճարվի»,- ավելացնում է եղբայրը:

Փաստաբանն ասում է, որ Ժ. Բաղումյանը հաշվապահությամբ չի զբաղվել, այլ զբաղվել է մեկ այլ անձ` Աշտարակի հարկային տեսչության նախկին աշխատակից Վահան Ամիրյանը, ում ցուցմունքների հիման վրա է Բաղումյանին մեղադրանք առաջադրվել:

Նույն քրեական գործով կա նաև մեկ այլ մեղադրյալ` «Սաքրեն» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Կարեն Գրիգորյանը: Նրա դեմ մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով` մի շարք տնտեսական հանցանքների, այդ թվում` մաքսանենգության, հարկային պարտավորություններից խուսափել և այլի համար (Վերջինս նույնպես ցուցմունքներ է տվել Ժ. Բաղումյանի դեմ): Մինչդեռ Կ. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ոչ թե կալանքը, այլ բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն նա մեկնել է ՌԴ, այնտեղից ապրանքներ է ներկրել ՀՀ և այլ գործողություններ կատարել: Անգամ դրանից հետո նրա խափանման միջոցը չի փոխվել: «Կարող ենք հիմա պնդել, որ Ժ. Բաղումյանի նկատմամբ վերաբերմունքը խիստ հասցեավորված է եղել»,- հարցնում է փաստաբան Մ. Շուշանյանը:

Վերջինս նշում է, որ իրենք տեսնում են Ժ. Բաղումյանին ունեզրկելու և նրա ունեցվածքին տիրանալու միտում: Սակայն թե ով կամ ում կողմից է ղեկավարվում, դժվարանում է նշել. գուցե վերոնշյալ անձինք են ցանկացել տիրանալ սփյուռքահայի ունեցվածքին, գուցե կատարել են որոշ բարձրաստիճան անձանց պատվերը:

Մի քանի ամիս առաջ Ժորժ Բաղումյանը զանգահարել էր «Հետքի» խմբագրին, ներկայացրել է, իր բնորոշմամբ, իր «գլխին սարքած» գործի մասին մանրամասներ և նշել, որ կփոխանցի խմբագրություն որոշ կարևոր փաստաթղթեր: Դեռևս երկու տարի առաջ էլ Ժորժ Բաղումյանը «Հետքին» պատմել էր, որ ՀՀ ՊՆ-ի հետ աշխատել է բարձրաստիճան զինվորականի պատկանող մի պաշտոնյայի ընկերության միջոցով, այժմ խնդիրներ ունի այդ ընկերության հետ, և  մարտկոցների մատակարարումն այլևս ինքը չի իրականացնում, այդ «մենաշնորհն» այլ ընկերության է փոխանցվել:

Ժորժ Բաղումյանը աշխատել է «Առվա երկիր» ՍՊԸ-ի հետ, որի հիմնադիրներից մեկը ՀՀ ՊՆ ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ, գեներալ Վարդան Ավետիսյանն է:

«Առվա երկիրը» մարտոկցների գնման դիմաց, ըստ փաստաբան Շուշանյանի, պատկառելի գումար չէր վճարել, և Ժորժ Բաղումյանը դիմել էր դատարան: Առաջին ատյանի դատարանը մերժել է Ժ.Բաղումյանի հայցը` բավարարելով պատասխանողի հակընդդեմ հայցը: Վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, և դեռևս որոշում չի կայացվել:

Բաղումյանի ներկայացուցիչները անուններ են տալիս

Խախտվել է Ժորժ Բաղումյանի կյանքի իրավունքը, որի համար պատասխանատվություն է կրում պետությունը` ի դեմս պաշտոնատար անձանց: Այս հիմնավորմամբ Ժ. Բաղումյանի հարազատները և փաստաբանը պահանջելու են, որ գործ հարուցվի, քննություն իրականացվի և պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, ովքեր առանց հիմքերի նրան կալանքի տակ են պահել: Մասնավորապես` ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Էդգար Անտոնյանը, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դատախաղության Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը, ով 3 անգամ երկարացրել է նրա կալանքի ժամկետը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանը, ով մերժել է բողոքը և գտել, որ նա պետք է պահվի կալանքի տակ: Ըստ պաշտպանի` պետք է քննության առարկա դառնա այն հանգամանքը, թե արդյոք ՔԿՀ-ում Ժ. Բաղումյանին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերվել է, թե ոչ: Պետք է հրաժարական տա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հ.Գ. լրացված

Մինչ հոդվածի հրապարակումը «Հետքը» փորձել էր կապվել քննիչ Է. Անտոնյանի հետ և պարզաբանումներ ստանալ նրա հասցեին հնչեցված մեղադրանքի շուրջ: Սակայն նրա աշխատանքային հեռախոսահամարը տևական ժամանակ չէր պատասխանում: Միայն աշխատանքային օրվա ավարտին կարողացանք զրուցել քննիչի հետ: Վերջինս իր հասցեին հնչեցրած մեղադրանքը հերյուրանք համարեց. «Դա հերյուրանք է, և նմանատիպ երևույթ ընդհանրապես չի եղել»: Ըստ քննիչի` Սերժո Բաղումյանն իր մոտ մեկ անգամ է եղել և խոստացել է օգնել եղբորը` կատարել հարկային պարտավորությունները: Դրանից հետո իր հետ կապ չի ունեցել: «Նրանից երբևիցե կաշառք չեմ պահանջել, ես դա ինձ երբևիցե թույլ չէի կարող տալ»,- եզրափակեց Է.Անտոնյանը:

Առաջին լուսանկարում՝ Ժորժ Բաղումյանը



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

smerch
May 4, 2013 5:17


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('26373') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\xA6\xD5\xB8\xD6\x82\xD6\x80 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\xA6\xD5\xB8\xD6\x82\xD6\x80 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\xA6\xD5\xB8\xD6\x82\xD6\x80 \xD5\xB9\xD5\xA5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219