ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, March 31, 2013 18:58 - 5 քննարկում

ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑԻ. «ԱՅԴ ԱՆՀՆԱՐԻՆ ՀԱՅԵՐԸ»

ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑԻ. «ԱՅԴ ԱՆՀՆԱՐԻՆ ՀԱՅԵՐԸ»
Լինքոլն Սթեֆենս

/Գրի է առնվել 1919թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ/
Առաջին անգամ հրապարակվել է 1931թ.,«Աութլուք ընդ ինդըփենդընթ» ամսագրում

Դա իմ հարցազրույցն էր: Իր սենյակում էր, այն հյուրանոցում, ուր ապրում էր նա, բայց ինքս էի խնդրել տեսակցությունը, և իմ նպատակն էր այդ կայսերական հետախույզից մի բան իմանալ Փոքր Ասիային և Մերձավոր Արևելքին վերաբերող գործնական քաղաքականության մասին: Եվ կարծում էի, թե ինքս էի վարում խոսակցության ընթացքը: Հետո միայն կռահեցի, մի տեսակ ցնցվելով, որ նա էլ մի նպատակ էր ունեցել, և որ իր նպատակն էր իմ ուղեղը լցնել հայերի վրա ամերիկյան մանդատ հաստատելու վերաբերյալ բրիտանական պրոպագանդով: Ահա այդ էր, որ կռահեցի:
Բայց ես շշմել էի և բավական նվաստացած էի զգում` գտնելով, որ հատուկ պատճառներ ունեի /պատճառներ, որ հուզում էին ինձ` սկզբունքով անկախ մարդուս/, թե ինչո՞ւ մենք` ամերիկացիներս, պետք է աշխարհի մյուս կեսը գնանք հայերին հոգալու և ոչ միայն նրանց փրկելու թուրքերից, հույներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից և հենց իրենցից էլ, այլև, մի տեսակ, ինքներս էլ մեզնից և նրանցից փրկելու: Ինձ նման իր գործն իմացող, ձախողակ երազողի համար` ազգերի մեջ ամենանվաստացվածն անդիմադրելի հմայք ուներ և ունի: Այդպես էլ ասացի նրան:
Այս բրիտանացուն ակնհայտորեն շատ դուր եկավ իմ ասածը: Ինձ թվաց, որ նա ուրախությամբ ծիծաղելու է կամ նման մի բան, բայց նա փքվեց Բրիտանական կայսրության չափ, ասես պայթելու էր: Սակայն չպայթեց, չծիծաղեց, չասաց որևէ բան, որ հումորի դույզն իսկ նշան ցույց տար: Երկար դադարից հետո միակ խոսքը, որ ասաց, այս էր.«Լավ»: Եվ ապա, կրկին մի դադարից հետո, երբ վերագտել էր ինքնատիրապետումը, մեր ամերիկյան իդեալիզմի մասին խոսեց լրջորեն, ավելի ճիշտ, բավական տաղտկալիորեն: Համարում էր, որ դա սքանչելի է: Իսկ ըստ իս` մի քիչ չափից ավելի էր սքանչելի համարում: Կարծում էր, թե մենք` ամերիկացիներս, չափից ավելի իդեալիստ ենք: Եվ գտնում էր, որ հայերը չափից ավելի գործնական են: Ուստի մեկս մյուսին կարող ենք շտկել. մենք բուժիչ ենք նրանց համար, նրանք` մեզ համար: Երկուսս էլ հուսահատական պարագաներ ենք, մանավադ՝ հայերը:
Ես այնպես եզրակացրի, որ նա մի անասելի համակրանք ունի հայերի հանդեպ կամ էլ, ավելի ճիշտ, այսպես ասեմ, նրանց վերաբերյալ ունի մի այնպիսի իմացություն կամ փորձառություն, որ նրան թույլ է տալիս մարդկայնորեն հասկանալ թուրքերին և հայերի բոլոր մերձավոր հարևաններին, որոնք երբևէ ջանացել են ոչնչացնել այդ որբ ցեղը: Կարծես թե նրա մտքինն այն էր, որ դա հայերի հանդեպ անելիք միակ բանն է: Ուղղակի այդպես չասաց: Պատճառն այն է, որ նրա մեթոդը ոչ թե իր կողմից որևէ բան ասելն էր, այլ ստիպել ինձ, որ իր տպագրած ցանկացած բաները ես ասեմ այնպիսի ձևով, որ անհրաժեշտության դեպքում կարողանար ժխտել դրանք: Ուստի նա չասաց, թե հայերը պետք է ամբողջությամբ ոչնչացվեն: Պարզապես իմ մեջ այն տպավորությունը ստեղծեց, թե դա է հայկական հարցի միակ լուծումը, և թե այդ պատճառով էր ցանկանում, որ ամերիկացիներս մեզ վրա վերցնենք այդ գործը:
Նա այնպես էր համարում կամ ինձ ստիպում էր համարել, թե թուրքերը չպետք է անեն այդ գործը. նրանք չափազանց պրիմիտիվ են և քրիստոնյա չեն: Ոչ էլ հույները. սրանք էլ շատ են հաճույք զգում դրանից և արդյունավետ չեն. երբեք որևէ բան մինչև վերջ չեն հասցնում, և երբ հայերին սպանելու իրենց գեղագիտական հաճույքը հագենա, ձեռք կքաշեն: Այդպես էլ բոլոր հին, մրցակցած, ոսոխ ցեղերը դադարեցրել են գործը` նախքան բոլոր հայերին սպանելը: Նույնիսկ երբ բոլորը միասին էին գնում խնդիրը կատարելու, միշտ էլ թողնում էին մի զույգ այստեղ, մի զույգ այնտեղ` Ադամ ու Եվաներ, որոնք, հենց որ մեկը կռնակ դարձներ նրանց, բազմանում, բազմանում ու բազմանում էին, այնպես որ, հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կտեսներ այնտեղ, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր, բոլորը հեզ ու համեստ, բայց ցերեկը գործով զբաղված, իսկ գիշերը գաղտնորեն բազմանալով ու կամացուկ տարածվելով ու տարածվելով ու… Նա ինձ վրա տարածեց իր մուլթուսական հուսահատությունը և մի այնպիսի սարսափ հայերից, որ քիչ մնաց կուլ տայի իր ամբողջ որոգայթը ամերիկա-հայկական մանդատի վերաբերյալ, երբ իմ փրկարար ամերիկյան հումորը շունչս տեղը բերեց:
«Բայց ինչո՞ւ հենց բրիտանացիներն էլ չանեն այդ գործը»,- հարցրի և, ակնկալելով իր հումորի զգացումը, ժպտացի: Իզուր: Ամերիկյան հումորի զգացումը նա չուներ, կարծում եմ: Սպասեց, որ իմ զվարթ ժպիտը չքանա, ու հետո երբ տեսավ, որ ես իմ մեջ եմ քաշվել նորից և լրիվ լուրջ եմ, պատասխանեց ինձ լրջորեն: «Հայերի լիակատար կոտորածը,- պատճառաբանեց,- կարող է սկանդալ դառնալ, եթե դա բրիտանացիներն անեն»: Ու բացատրեց, որ թեպետ իրենց կայսրությունը դիմացավ որոշ այդպիսի ցնցումների և պետք է, անշուշտ, դիմանա ուրիշ ցնցումների էլ, բայց չափից ավելին՝ հենց այս ժամանակ, կարող է սասանել կայսրությունը: Բրիտանական կայսրությունը համաշխարհային կառավարման նախատիպն է: Մեր բոլոր մեծ տագնապները` պատերազմներ, հեղափոխություններ, գործադուլեր, համաճարակներ և այլն, հետևանք են այն իրողության, որ երկրագունդը թեև ամբողջություն է, բայց չի կառավարվում որպես ամբողջություն: Բրիտանիան մի օր պիտի վերջ տա այս անիշխանականությանը: Բայց կայսրությունը երիտասարդ է տակավին, հարաբերաբար փոքր, թույլ և գերծանրաբեռնված:
Հաշվի առեք մայր կղզիները, գաղութային ռազմավարական կետերը, ծովերը և առևտրական ճանապարհները, բոլոր այն նոր ծանրություններն ու պատասխանատվությունները, որ Բրիտանական կայսրության ուսերին ընկան գերմանական իմպերիալիզմի պարտությամբ: Ո՛չ: Կայսրությունը պետք է խնայել առայժմ: Հետագայում, երբ բրիտանական իշխանությունն ալիքներից տարածվի ցամաքի վրա, բոլոր ցամաքների, ապա Մեծ Բրիտանիան կկարողանա հաղթահարել այդպիսի ցնցում, բայց ո՛չ դեռ, ո՛չ այժմ, ո՛չ Կայսրության դեռ մանուկ հասակին:
Ավելին,- հարեց նա,- Բրիտանական իմպերիալիզմն այս փուլում շահագրգռված է ավելի բնական հարստություններով, քան ժողովուրդներով: Անգլիացիները գործնական մարդիկ են, ոչ՝ իդեալիստներ: Նրանք գիտակցում են, որ համաշխարհային մի կառավարություն պետք է հիմնվի, բայց ոչ թե «ձեր» Ազգերի լիգայի նման՝ գաղափարների և իդեալների, այլ շոշափելի բաների վրա` նավթ, օդային տարածություն, ծովեր: «Բայց,- առարկեցի ես,- հարուստ հողեր և շահավետ հանքավայրեր կան Հայաստանում»: Նա լուռ մնաց և այնքան երկար մնաց այդպես լուռ, որ ինձ թվաց, թե շփոթության եմ մատնել նրան, թե նա չգիտեր Հայաստանի հարստությունների մասին: Բայց կրկին նկատեցի ուռչելու և պայթելու նրա հակումը: Եվ որքա՜ն էի ցանկանում, որ նա ծիծաղի: Կարծում էի` դա կթեթևացնի ինձ էլ, նրան էլ: Բայց ո՛չ, նա չծիծաղեց: Չժպտաց նույնիսկ: Պարզապես սպասեց ինչքան կարող էր, ապա ինձ հիշեցրեց, թե Հայաստանը պետք է բաժանման ենթարկվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի – ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ, հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը:
«Բայց,_ առարկեցի ես,_ ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի, որ պետք է մշակի դրանք: Հանքերը, նավթի պաշարները, բերրի հողերը, մի խոսքով, բնական հարստությունները,_ համբերությամբ բացատրեցի նրան,_ ոչ մի օգուտ չեն տա կապիտալին առանց աշխատուժի: Եվ մի երկրի բնիկներն ամենաբնական աշխատուժն են դրա համար, ամենաէժանը և ամենահնազանդը»: Տեսնում էի՝ տաղտուկ է զգում, բայց քաղաքավարի էր: Լսում էր ինձ, ուստի իրար հետևից օրինակներ էի բերում ամերիկյան, ինչպես նաև բրիտանական գաղութներից` նրան ցույց տալու համար, որ սխալ է անջատել մի երկրի ժողովրդին այդ երկրի բնական հարստություններից: Դրանք պետք է միասին օգտագործվեն, ինչպես արվում է սովորաբար: Ուրիշ ճանապարհ չկա:
Ես նկարագրեցի թուրքերի կամ ֆրանսիացի դրամատերերի կամ որևէ չաշխատող ժողովրդի անօգնականությունը, որ ջանում էին օգտագործել Հայաստանի հարստություններն առանց հայերի: Այսպես պերճախոսում էի, ու մի պահ թվաց` բավականին հաջող:
«Ես կոչ եմ անում,- գոչեցի ես,- ոչ թե գաղափարապաշտորեն, ոչ թե «Հայաստանը հայերի համար», այլ գործնականորեն`«Հայերը Հայաստանի համար»: Նա ինձ էր նայում` ոտքից գլուխ չափելով, հետաքրքրությամբ, կարծես մի նոր պատկերացում էր ստանում մեր` ամերիկացիներիս մասին: Ես նրան ասել էի, թե չգիտի մեզ, բայց նա առարկեց. «Որևէ գիտակից անգլիացի կարող է հասկանալ որևէ անգիտակից ամերիկացու»: Ու որոշեցի ցույց տալ նրան, նախքան հաշիվները կմաքրեր ինձ հետ, թե ոչ բոլոր ամերիկացիներս ենք այնպիսի զուտ իդեալիստներ, ինչպես նաև շատ եվրոպացիներ կազմել են նախագահ Վիլսոնի օրինակից:
«Եթե ամերիկացիներս հանձն առնենք հայերին,- հայտարարեցի ես,- նրանց իսկ օգտի համար կանենք այդ բանը, նրանց կկառավարենք միշտ էլ այն գաղափարով, որ նրանց ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու»: «Այո՛, այո՛, մենք հասկանում ենք այդ բոլորը»,- ասաց նա: Բայց զգացի, որ չի հասկանում, ուստի ուղղակի շարունակեցի իմ սիլոգիզմը: «Լավ, ուրեմն,- ասացի պատշաճորեն,- դուք պետք է համաձայնեք, որ հայերի ինքնակառավարվելու ճանապարհին մենք պետք է ստիպենք հայերին աշխատել: Եվ քանի որ չես կարող աշխատեցնել մի ժողովրդի առանց աշխատանքի օբյեկտի, մենք կարիքը կունենանք Հայաստանի հողերի և հանքերի՝ ոչ թե հարստությունները կորզելու համար նրանցից, այլ օգտագործելու որպես ուսումնադաշտ, ուր ժողովրդին վարժեցնենք աշխատասիրության, խնայասիրության և… բոլոր այն քրիստոնեական առաքինություններին, որոնց միջոցով նրանց դարձնենք լավ մարդիկ և լավ քաղաքացիներ»:
Նա շփոթահար տեսք ուներ: Չգիտեի` ինչ է պատահել նրան, մինչև որ վերջապես որոշեց արտահայտվել: «Խնայասիրությունը չի պակասում հայերին,- ասաց նա չոր,- և անշուշտ գիտեք, որ քրիստոնյաներ են նրանք, հնագույն քրիստոնյաներ»: Իհարկե, գիտեի, պարզապես ոգևորությանս մեջ մի պահ մոռացել էի: Սակայն նա ինձ բռնել էր այդ կետում, ուստի «դարձ ի շրջանս» ինձ կատարեցի: «Բայց,- ասացի,- հայերը պետք է աշխատեն: Դա է հաջողության գաղտնիքը՝ լինի անհատի, լինի ազգի համար. աշխատանք՝ համառ, եռանդուն աշխատանք: Եվ հայերը պետք է ունենան Հայաստանը` դրա վրա աշխատելու համար»:
«Հայեը չեն աշխատելու,- հայտարարեց նա:- Դա է ցավոտ կետը ձեր ծրագրի և հայերի: Դա է ցավոտ կետը այն բոլոր հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը և, մի ժամանակ տիրած լինելով աշխարհին և աշխատեցրած՝ կորցրել են իշխանությունը և դեգրադացվել: Նրանք առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության և բնախոսության մեջ: Նրանց պետք չէ ծանր աշխատանքը: Դրանով են նրանք տարբերվում այն երեխայանման, իսկապես հետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել ամերիկացիներդ: Պրիմիտիվ ժողովուրդները պարզապես ծույլ են, նրանց կարելի է ստիպել աշխատել և զարգանալ, նրանց հնարավոր է շահագործել, եթե ուզում եք: Նրանք անհույս չեն, նրանցից ինչ-որ օգուտ կա: Բայց այս առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը, ծույլ չեն՝ նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար: Իրենք իսկ շահագործողներ են` բնազդական բնածին, անհուսալի:
Բոլոր ազգերը բաղկացած են զարգացող մարդկանցից: Նրանք խոսում են իրենց երկրները զարգացնելու մասին, բայց հակառակն է. նրանց երկրներն են զարգացնում իրենց: Իսկ հին ազգերը ներկայացնում են մարդկանց այն տեսակը, որ այժմ նոր ազգերը կերտում են: Այս հին ժողովուրդները էվոլյուցիայի արդյունք են: Դուք կարող եք Միջերկրականի ափին տեսնել այն տիպը, որ ինքներդ այժմ ընտրասերում, դաստիարակում, աճեցնում եք ձեր հայրենիքում: Գոյությունը պահպանած հնագույն ցեղերն իրենց բնույթով առևտրական են, ինչպես ձերը»:
«Մերը,- ուղղեցի ես,- ներառյալ նաև Անգլիան»: Նա շարունակեց. «Դուք` նոր ազգերդ, պետք է սովորեք հին ժողովուրդների օրինակի վրա,- կրկնեց նա,- որ նախկին մեծ ու նախկին հռչակավոր ազգերի արդի ներկայացուցիչները բնական և անխուսափելի արդյունքն են արհեստական այն ընտրասերման, որը կատարվել է մի այնպիսի հասարակության մեջ, որը բանտարկում է քաջերին, արտաքսում ինքնատիպներին, ճնշում զանգվածին, խեղդում ցեղի միջին մակարդակից ցանկացած տարբերություն և աճեցնում հեզերի, խորամանկների ու համբերատարների: Որովհետև դա համապատասխանում է առևտրականի տեսակին: Արդի հույներն ուղղակի ժառանգներն են հելլենների և իրենց տհաճ հատկանիշներն այն տևական գծերն են, որ ծագում են հին հունական մշակույթից. ոչ այնպես, ինչպես մեծ, բացառիկ հույները` հռետորներ, երգիչներ, քանդակագործներ, այլ միջին հույները, որ զբաղվում էին բիզնեսով, այն հույները, որոնք Սոկրատեսին մահվան դատապարտեցին: Եգիպտացիները եգիպտական մշակույթի ամենահեռավոր հեռավոր փոքր ծոռներն են` իրենց ապուպապերի երեխայանման աշխատանքով այնքան գեղեցիկորեն կերտված Սֆինքսի հանելուկին ուշացած պատասխանը: Այսօրվա արաբն անապատի փոշին է: Նա զրկված է հին, փառավոր Արաբիայի արվեստներից, բարքերից, գործարարությունից»:
Նա կանխեց առարկությունս: «Հնադարյան հույները, եգիպտացիները, սիրիացիները, վերջապես` թուրքերը, նրանք էլ իրենց հանճարներն ունեին, իրենց բանաստեղծներն ու նկարիչները, զորավարները, որոնք հետամնաց ժողովուրդներ էին նվաճում, ունեին իրենց արդյունաբերական ղեկավարները, որոնք աշխատանքով էին ապահովում. իրենց սեփական աշխատուժն էլ ունեին: Բայց ընտրանին, արիստոկրատները, հարուստները չհարատևեցին: Անգամ շարունակություն չունեցան: Հաջողակների, հարուստնեի, հզորների, առանձնաշնորհյալների զավակները գրողի ծոցն անցան: Եվ աշխատողների հաջորդական սերունդներն էլ, աշխատանքով գերծանրաբեռնված, թերսնված, վհատված և խիստ կարգուկանոնի ենթարկված, բութ ստրուկների վերածված, մեռան կամ ոչնչացվեցին: Հենց միջին դասն ապացուցեց և ապացուցում է, որ ունակ է վերապրելու այդ կերպ կազմակերպված հասարակության մեջ, այդ ստոր միջին դասը:
Ուստի ամբողջ հին աշխարհն այժմ տեսնում եք միայն բիզնեսմեններով բնակված, մանր բիզնեսմեններով` վաճառականներ, առևտրականներ, խանութպաններ, վաշխառուներ, փերեզակներ, ո՛չ արտադրողներ: Նրանք զբաղված են գնել-ծախելով, ու սերված լինելով գնել-ծախողներից, առևտրական մրցակցության բազում սերունդների միջով ընտրասերված, նրանք լավ գնող-ծախողներ են: Կարող են գնալ աշխարհում որևէ տեղ առևտուր անելու, ո՛չ թե ստեղծելու, ո՛չ թե կազմակերպելու, կառուցելու, ծրագրելու և աշխատելու: Նրանց այն եղբայրները, որոնք այս բաներն էին անում, անզավակ մեռյալներ են: Ո՛չ, միայն ամենազուտ, ամենախորամանկ առևտրականներն են ապրում, և նրա՛նց ենք գտնում ամեն տեղ, ուր սողոսկում-թափանցում են: Մեր գաղութներում, Հարավային Ամերիկայում ես հանդիպել եմ արաբների, որոնք փերեզակություն են անում և հարստանում: Եվ ինչ վերաբերում է սիրիացիներին, հույներին, հայերին…«Եվ հրեաներին»,- հուշեցի ես: Նա անտեսեց:
«Իմ այս հին ժողովուրդները,- ասաց նա,- կգնան որևէ տեղ, ուր աշխատավորներ կան` լուռ գործելու, հեզ կտառապեն` դրամ խմայելով, գործ անելով: Այո՛, նրանք այնպես են գործում, որ աշխատավորի մտքով անգամ չի անցնի: Նրանք գործում են այնպես, ինչպես միայն բիզնեսմենը կգործի` երկարատև, համառորեն` մոտենալով բաղձալի շահույթին: Բայց նրանք չեն աշխատի: Նրանք չեն կարող: Նրանք տանել չեն կարողանում աշխատավարձի համար աշխատելը: Դա բնազդ է նրանց մեջ, մի գիծ, ինտելեկտ, որ զարգացել է հաջողված ընտրասերումով, ինչպես որսորդության ուրույն գծեր ենք զարգացնում որսկան շների այս կամ այն ցեղերի մեջ: Նրանք իրենց արյամբ իսկ գիտեն, որ աշխատավարձով՝ անգամ բարձր, աշխատելն անօգուտ է, եթե ուզում ես հարստանալ: Ըստ աշխատավարձի սանդղակի կյանքը չի ենթադրում ո՛չ շահույթ, ո՛չ դրամագլուխ, ո՛չ առաջընթաց: Նրանք չեն էլ խոսում դրա մասին, դա շատ ակնհայտ է նրանց համար, նրանք այդպես են ապրում:
Նրանք իմաստուն են, ինչպես կարող է իմաստուն լինել հին մի ցեղ: Աչքները բանալուն պես նրանք տեսնում են ստեղծարար աշխատանքի անհեթեթությունը: Անելիքը միայն դիտելն ու սպասելն է` մինչև նյութական բարիքները կարտադրվեն, և հետո ինչ-որ կերպ դրանք արտադրողից ձեռք բերելը: Եվ նրանք գիտեն ինչպես անել դա, ինչպես կենդանին գիտի իր կենդանական գործը, և բույսն էլ գիտի իր բուսական գործը` բնազդով: Ուստի, կզբաղվեն բժշկությամբ, իրավաբանությամբ, ցանկացած այլ մասնագիտությամբ, որ բիզնեսի նման ձեռք է բերում այս կամ այն շահաբաժինը նյութական բարիքների ավարտված, վերջնական, դրոշմված ձևից այն բանից հետո, երբ հասարակ ժողովուրդն արդեն կստեղծի այդ: Բայց քրտինքով արդյունահանել հումքը և մշակելով վերածել շուկայական ապրանքների` ոչ: Հին ժողովուրդներն ատում են այդ, իսկ ձեր հայերը պարզապես չեն անի դա»: Նա լռեց` նայելով ինձ և տեսնելով, որ իրեն չեմ նայում, շարունակեց զեղել իր քարոզչության ևս մի չափաբաժին:
«Հայերը,- ասաց նա,- ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում` քաղաքակրթվածության տեսակետից»: Ես կրկին տվեցի իմ հովանավորյալի անունը: «Հրեանե՞րը,- կրկնեց նա:- Դուք արդեն ասել եք նրանց մասին, ես գոհ էի: Դա նշանակում է, որ իմ ասածից գեթ մի նշույլ ընկալում եք հին ցեղերի մասին: Հրեաներն ամենածանոթ օրինակն են հին, խորաթափանց, խելացի ժողովրդի, և, բնականաբար, նրանք բնազդորեն շահագործողներ են: Նրանք հակված են վաշխառության: Բայց նրանք կաշխատեն: Չեն հանդուրժում, բայց կարելի է նրանց աշխատեցնել: Եվ նրանք ստեղծագործող, հնարամիտ ու սենտիմենտալ են: Նրանց մեջ դեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ: Նրանք անկատար են: Նրանք քաղաքակրթության անավարտ, կիսատ մնացած արդյունքն են:
Ես հասկանում եմ, թե ինչու են նրանցից վախենում և ատում, նրանք ցեղային տարեցության որոշ իմացական գերազանցություն ունեն: Բայց անհեթեթ է նրանց նույն ոգով դասել այն հին ժողովուրդների հետ, որոնց մասին խոսում եմ: Չէ՞ որ իմ հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել հրեաներին: Հրեաները չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների հաշվին: Նրանք «ծաղկում են» Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում ու Գերմանիայում և, իհարկե, Միացյալ Նահանգներում: Բայց չինացիներն, օրինակ, կուլ են տալիս հրեաներին, ինչպես կետ ձուկը փոքր ձկներին, այդպես են անում նաև արաբները, թուրքերը, հույները, իսկ ինչ վերաբերում է հայերին…»: «Հրեաները,- ասաց նա` շունչ քաշելով,- հրեաներն իրենք այնպես են վերաբերում հայերին, ինչպես հակասեմական եվրոպացիները հրեաներին, և ճիշտ նույն կերպ հույները, թուրքերը և մյուս բոլոր ցեղերը, որոնք երբևէ գործ են ունեցել հայերի հետ»:
«Նրանք զգում են, որ հայերը նրանց բոլորին կստիպեն աշխատել: Եվ այդպես էլ կա: Հայերն ունեն հրեաների բոլոր հատկանիշները և, բացի այդ, քրիստոնյաներ են»: Նա կանգ առավ` սպասելով, որ ինքս եզրակացություն անեմ, բայց քանի որ խայծը չէի կուլ տվել, շարունակեց` տալով ինձ ևս մեկ հնարավորություն: «Հայերը,- ասաց նա,- չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար: Ուզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար: Մինչև իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի նրանք: Արտոնագրությամբ վարձով կտան ուրիշներին:
Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում` ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթերի առուծախով ձեռք բերված շահի և դրամագլխով ու ախշատուժի կիրառմամբ վաստակած դրամի»: «Այդպիսի մարդիկ շատ են,- ասացի ես,- հայերը բացառություն չեն»: «Ես տեսնում եմ, որ դուք դեռ չեք ընկալում իմ հայացքները,- պատասխանեց նա:- Իհարկե, ուրիշներ էլ կան, որ կուզեին այդպես անել: Ֆրանսիական բուրժուազիան այդ ուղղությամբ է շարժվում, ու մեր անգլիացիներն էլ գալիս են դրան, հատկապես, այսպես կոչված, բարձր դասը: Դա նրանց իդեալն է: Նրանք կուզեին ոչինչ չանել, բայց չեն կարող: Անվնաս են նրանք: Նրանք ցանկանում են միայն ծախսել: Եվ ծախսում են, ինչպես տեսնում եք: Նույնիսկ ձեր հրեաները ծախսող են, սքանչելի ծախսող:
Բայց ձեր հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի: Ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու և ավելի ու ավելի ձեռք բերելու համար: Իսկական առևտրական ոգու այսպիսի կատարելության զարգացումը էվոլյուցիայի արդյունք է, իսկ էվոլյուցիան աստիճանական զարգացման խնդիր է: Ու հայերն ամենաբարձր աստիճանին են հասել: Ես ասում եմ ձեզ, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Այդ է, որ գիտեն և սարսափում են թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն նրանց»: Նա կրկին ինձ էր թողնում եզրակացությունը: Բայց ես չէի ուզում ասել և խթանեցի նրան շարունակել:
«Ուրեմն,- դիմադրեցի ես,- դուք ուզում եք, որ Հայաստանը տրվի ձեր մի դաշնակցին, բրիտանական կապիտալի մի գործակցին, իսկ հայերը տրվեն մեզ` ամերիկացիների՞ս: Հիանալի է: Երկու հարց է ծագում. Ի՞նչ կարող է անել ձեր դաշնակիցը Հայաստանում առանց աշխատուժի: Եվ ի՞նչ կարող ենք անել հայերի հետ մենք` ամերիկացիներս, առանց Հայաստանի»: «Օ՜,- ասաց նա,- ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում և Աֆրիկայում, հետամնաց ազգեր, իսկապես հետամնաց, ազգեր, որոնք աշխատուժ կարող են լինել: Նրանց կարելի է բերել Հայաստան: Աշխատուժի պակաս չկա»:
«Ուրեմն դա կլուծի բրիտանական գործնական խնդիրը,- ասացի ես:- Գանք իդեալիստական, ամերիկյան խնդրին: Ի՞նչ պետք է անենք հայերի հետ»: Նա չպատասխանեց: Նրա բրիտանական հումորը կամ դիվանագիտական զգուշավորությունը կամ ինչ-որ ուրիշ բան, չէր թողնում նրան ասել: Խուսափելով` խոսեց այն մասին, թե ասիական աշխատուժի ու եվրոպական կապիտալի համար վտանգավոր է հայերի ներկայությունը որևէ այնպիսի վայրի մոտ, ուր հանքեր ու հողեր են մշակվում: «Դուք չեք գիտակցում,- եզրակացրեց նա,- թե որքան դժվար ու նրբին խնդիր է օտար ժողովուրդ կառավարելը»: «Դուք սխալվում եք»,- ասացի ես ջղագրգիռ ու կրկնեցի մեղադրանքս, թե նա չգիտի մեզ: «Դուք ճիշտ չեք տեղեկացված իմ ժողովրդի մասին,- հայտարարեցի,- որքան, ըստ ձեզ, մենք` եվրոպացիների, թուրքերի, հայերի և մյուսների մասին»:
Ես ի ցույց բերեցի Ֆիլիպինները, Կուբան, Սանդվիչյան կղզիները, բոլոր այն օտար երկրները, որ կառավարում ենք հաջողությամբ: Եվ ես հիշեցրի նրան, որ ամեն տեսակ օտարականներ կան հենց մեր երկրի կենտրոնում: Մենք ստիպել ենք աշխատել նույնիսկ հայերին: Մենք էլ մեր սև գործն ենք արել, ինչպես ցանկացած կառավարություն երկրագնդի վրա` չբացառելով բրիտանացիներին էլ, և համոզելու համար նրան, որ մենք գործնական ենք, պատմեցի օտար աշխատուժի մասին Նոր Անգլիայում, Հարավում, Արևմուտքում, ամենուր: Բայց պատահաբար հիշատակեցի նաև մեր սեփական բնիկներին` ամերիկյան հնդկացիներին:
Հենց դրա վրա էլ նա ուղղակի վեր թռավ: «Ահա այդ է,- բացականչեց նա:- Այդ էր իմ մտքում ամբողջ ժամանակ: Ձեր հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականությունն է պետք է հայերի հետ հարաբերություններում»: Ես անակնկալի եկա, շշմեցի: Հարցրի, թե իր կարծիքով ինչ է եղել մեր քաղաքականությունը հնդկացիների հանդեպ, և նա պատասխանեց, թե իր հասկացածով` մենք «ոչնչացրել ենք նրանց բոլորին էլ: Այնպես չէ՞»: Ես նայեցի նրան ոտքից գլուխ, ինչպես ինքն էր ինձ նայել մի քանի անգամ: Ու հաճույքով: «Եվ այսպես,- ասացի ես երկար դադարից հետո,- դուք կարծում եք հենց այդպես պետք է վարվենք հայերի հետ. պետք է ոչնչացնենք նրանց բոլորին էլ, գլխովին»:
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ,- ուղղեց նա:- Ինչպե՞ս եք դուք` լրագրողներդ, սխալ հասկանում և սխալ մեջբերում»: Նա բոլորովին էլ դա նկատի չուներ որպես քաղաքականություն: Նա գիտեր, որ մենք դրան ընդունակ չենք: Ի՞նչ պետք է անենք: Նա չասաց: Նա պտտվում էր հարցի շուրջ: Հոգնեցուցիչ էր: Բայց ես վերջապես խայծը կուլ տվեցի: Նա ստիպեց ինձ արտահայտվել և չուղղեց: Որոշակիորեն ու հստակորեն չէր ուզում ասել, թե մենք պետք է գիտակցորեն ու մտածված գնանք բնաջնջելու հայերին: Ոչ մի դեպքում: Նա միայն հավատում է, որ ուրիշ ամեն ինչ փորձելուց հետո մենք կգանք դրան: Եվ կանենք դա շատ լավ` չթողնելով ո՛չ Ադամ, ո՛չ Եվա, որ շարունակեն Կայեն աճեցնել:
«Բայց դա սկանդալ չի՞ դառնա»,_ հարցրի ես: Նա կարծում էր, որ ոչ: Հիշեցրեց, որ մենք այնքան գաղափարապաշտ ենք և մարդասեր, որ թվում է` կարող ենք անել ինչ պատահի` չկորցնելով մեր գաղափարը և բարի անունը: «Մի՞թե որևէ սկանդալ եղել է ձեր հնդկացիների հանդեպ,_ հարցրեց նա:_ Եվ դուք երբևէ չե՞ք մտածել` ձեր արածը ճի՞շտ էր: Դուք նվաճել եք Մեքսիկայի մի մասը, գրավել Հավայան կղզիները, զենքի ուժով Իսպանիայից խլել եք Ֆիլիպինները և Պուերտո Ռիկոն, գնել եք Դանիական կղզիները և ձեր ծովային հետևակազորը ափ եք հանել Կենտրոնական Ամերիկայում: Շուտով ստիպված եք լինելու վերականգնել կարգուկանոնը Մեքսիկայի մյուս մասում: Եվ սակայն,- ասաց նա հիացմունքով,- դուք դեռ կողմ եք փոքր ազգերի ինքնորոշմանը: Դուք փոքր կայսրություն եք, իսկ մեզ զգուշացրել եք ձեր Մոնրոյի դոկտրինով, որ պատրաստվում եք մեծ դառնալ: Եվ չնայած դրան, դուք հակաիմպերիալիստներ եք: Դուք պատերազմել եք գերմանական իմպերիալիզմի դեմ»: «Դուք նույնպես»,_ արձակեցի կրակոցս:
«Օ_, դա նույնը չէ,_ հակադարձեց նա իմ կրակոցը:_ Մենք իմպերիալիստներ ենք: Մենք անկեղծորեն մեզ կայսրություն ենք կոչում և պարկեշտորեն կռվեցինք գերմանացու դեմ մեր կայսրության համար: Բայց դուք, դուք կռվեցիք կայսրության դեմ հօգուտ ինքնորոշման»: Դրա մեջ մի բան կար, և նա չարախնդորեն սպասում էր, որ դիմակայեմ նրան: Եվ երբ ես չպատասխանեցի՝ ես չէի կարող այդ պահին, նա շարունակեց. «Ես հավատում եմ, որ դուք` ամերիկացիներդ, կարող եք անել ինչ պատահի, և չեք դատապարտվի ո՛չ աշխարհի, ո՛չ էլ ձեր կողմից: Դրա մեջ ինչ-որ սքանչելի բան կա, աշխարհին օգտակար բան կա: Դա թույլ է տալիս ձեզ իրականացնել Հայաստանում այն, ինչ պետք է. հանգամանորեն, աստիճանաբար, կատարելապես` չթողնել ոչ մի հայի, և այդ բոլորն առանց խայտառակության, առանց նվազագույնս խախտելու ձեր կարծիքը ձեր մասին»:
«Եվ,_ շտապեց ավելացնել նա,_ պետք է որևէ մեկը լուծի այդ հարցը: Ինձ թվում է բանաստեղծական արդարություն կլինի, լավ քաղաքականություն, որ աշխարհում ամենաիդեալիստ ժողովուրդն իր վրա վերցնի աշխարհի ամենագործնական ժողովրդին»: Ի՞նչ էր նա թելադրում ինձ: Անգլիական հումո՞ր էր: Ես խստորեն նայեցի նրան: Նա աչքն էլ չթարթեց: Կրկին փքված տեսք էր ընդունել: Անգլիացու հետ հարցազրույցը հոգնեցուցիչ է և վտանգավոր: Ես հիշեցի, որ ցանկության դեպքում ժխտելու է հարցազրույցը և որոշեցի հենց ուղղակի փորձել նրան. «Ինչպես հասկանում եմ,- ասաց նա,- մենք` ամերիկացիներս, առևտրական մշակույթ ենք, ինչպես հայերն են, ինչպես բոլոր այս հին ազգերն էլ, որոնց պետք է ոչնչացնել»:
Նա գլխով արեց: «Նրանց թվում է, որ զարգացնում են գործարարությունը, երբ իրականում զարգացնում էին մարդկային ցեղի մի որոշ տեսակ` մի ուրույն ցեղ գործարար մարդկանց, որոնք ատում են նրանց, որովհետև նրանք բոլորին կարող են գերազանցել և ապրել առանց աշխատելու. ստախոսներ են, մակաբույծներ` ամենագործնական մարդիկ ամենաքրիստոնեական վարվելակերպով»:
– Դուք` ամերիկացիներդ, լավ եք խոսում,- ասաց նա:- Ոչ մի անգլիացի չէր կարող այդքան հստակորեն բանաձևել որևէ նման բան:
– Եթե հիմա, մեր ներկա դրությամբ, զարգացման նախնական փուլում, կարողանայինք, կառավարելով հայերին, տեսնել մեր մշակույթի վերջնական արդյունքները, եթե կարողանայինք հասկանալ, ինչ քննում ենք ներկա հայի մեջ, ապագա ամերիկացին է…
– Վաղվա,- շտկեց նա:
– Այդ դեպքում,- շարունակեցի ես,- մենք պետք է մոլեգնած ոչնչացնեինք նրանց բոլորին:
– Այդպես, այդպես:
– Գուցե ոչնչացնեինք բոլոր հայերին, բայց դրա համար մենք պետք է գոնե տուն գնայինք:
– Հեռագրեիք,- հուշեց նա,- այդպես արագ է:
– Հեռագրեինք տուն,- համաձայնեցի ես,- հեռագրեինք զգուշանալու մի ահազանգ գործնական բիզնեսի հետ քրիստոնեական իդեալիզմի խաչաձևումից: Չափից շատ իդեալիզմը և չափից շատ բիզնեսը կարող են փչացնել այս, և վնասել մեզ` որպես ժողովրդի:
– Այդպես, այդպես:
– Դա կարող էր մեծ, հարուստ Ամերիկան վերածել մի Հայաստանի, որը Բրիտանիան ու Ռուսաստանը /ապագայում/ պիտի բաժանեին երկու մասի, մեկը` բուն իսկ Միացյալ Նահանգները՝ Անգլիայի համար, մյուսը` ամերիկյան ժողովուրդը` Ռուսաստանի համար: Նա լռեց: Ես սպասեցի` հուսալով, որ նա կընկալի ամերիկյան հումորը: Նա նույնպես սպասեց, բայց հասկանալով, որ ես որևէ բանի եմ սպասում, խոսեց.
– Ձեր գաղափարը,- սկսեց նա:
– Իմ գաղափա՜րը,- պայթեցի ես:
– Այո,- ասաց նա:- Դա մի գաղափար է, տեսականորեն լավ գաղափար է, բայց էությամբ իդեալիստական է: Մի՞թե դուք հավատում եք, որ ամերիկացիները կհամաձայնեն տեսնել իրենց նմանությունը հայերի հետ:
– Դուք` անգլիացիներդ, տեսնում եք,- կտրուկ ասացի ես:
– Ճիշտ եք,_ համաձայնեց նա մտածկոտ:- Մենք տեսնում ենք հայերի նշանակությունը ամերիկացիների համար, մենք` իմպերիալիստ անգլիացիներս: Բայց ես կասկածում եմ, որ հասարակ անգլիացիները կարող են կանխատեսել իրենց ճակատագիրը այն հին ազգերի ճակատագրի մեջ, որոնց կառավարում են:
Ես պարտված էի: Բարեբախտաբար նա դա չտեսավ: Աչքերը խոնարհված էին: Նա բարձրացավ և ուղեկցեց ինձ դեպի դուռը` մնալով խորը մտածմունքի մեջ:
– Ցտեսությու՛ն,- ասաց նա, ես հավանում եմ ձեր տեսությունը: Գայթակղիչ է: Վախենամ` գործնականում դա չաշխատի, բայց գրեք: Գրեք զգույշ, ոչ շատ հստակ, և, ի դեպ, մի մեջբերեք ինձ. ես ոչինչ չեմ ասել, ոչինչ…



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Sos
Apr 1, 2013 4:03


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25864') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8F\xD5\xA5\xD5\xBD\xD5\xB6\xD5\xB8\xD6\x82...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8F\xD5\xA5\xD5\xBD\xD5\xB6\xD5\xB8\xD6\x82...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8F\xD5\xA5\xD5\xBD\xD5\xB6\xD5\xB8\xD6\x82\xD5\x9E\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219