Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 26, 2013 15:24 - 5 քննարկում

ժողովո՛ւրդ հեռու մնացեք Ռաֆֆու գլուխը քարով ջարդելու մտքից, չէ որ սա անարյուն իշխանափոխություն է և դուք երդվել եք արյուն չթափել: Հիշե՛ք, «Քարի մեջ արյուն կա»:

Րաֆֆի Հովհաննիսյանը չեղյալ հայտարարեց իշխանափոխության բոլոր ծրագրերը

Րաֆֆի Հովհաննիսյանը չեղյալ հայտարարեց իշխանափոխության բոլոր ծրագրերը
©Ֆոտոլուր

Իր վերջին ասուլիսում Ս.Սարգսյանի սենսացիոն բացահայտումներից մեկն այն էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս առաջարկել է ՀՀԿ-ի հետ դաշինքով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այլ խոսքով՝ մտնել իշխանական կոալիցիա։ Շատերին դա անհավատալի թվաց։ Դա «սուտ» հայտարարեցին «Ժառանգության» նրկայացուցիչները եւ Ր. Հովհաննիսյանը։ Խնդիրն այն չէ, որ սուտ խոսելը Ս.Սարգսյանի համար օտար մի բան է։ Պարզապես այս դեպքում, կարծես թե, դրա կարիքը չկար։

Ր. Հովհաննիսյանը վերջին հանրահավաքում ներկայացրեց Ս. Սարգսյանին ուղղված իր պահանջների փաթեթը, ինչը, դարձյալ որպես սենսացիա, շատ լայն քննարկման նյութ դարձավ։ Դրանով, ինչպես համերաշխ մեկնաբանում են բոլորը, Ր. Հովհաննիսյանն իշխանական կոալիցիա մտնելու բացահայտ հայտ է ներկայացնում։ Այս փաստը նաեւ հաստատում է, որ հիշյալ հանդիպման ժամանակ էլ Ր. Հովհաննիսյանն, իրոք, կարող էր նման բան ասած լինել Ս. Սարգսյանին։ Համենայն դեպս՝ երկու դեպքում էլ գործ ունենք նույն առաջարկ/պահանջի հետ՝ մտնել իշխանական կոալիցիա՝ որոշակի պայմաններով։ Ինչու հենց սկզբից դրան չի համաձայնել Ս. Սարգսյա՞նը։ Շատ պարզ պատճառով. որովհետեւ այդ պահանջները համարժեք չի համարել Ր. Հովհաննիսյանի տիրապետած ուժին՝ որպես իր իշխանությունը վտանգող քաղաքական գործոն։

Սա է հետընտրական զարգացումների զուտ «քաղաքական» էությունը՝ ազատված թափանցիկ ու անթափանց զանազան քողերից, զգեստներից ու պաճուճանքներից։ Սրան ընդունված է ասել, եւ այս օրերին ողջ մամուլը հենց այս բառն էլ օգտագործում է՝ «ԲԱԶԱՌ»։ Մնացածը՝ «Վան, Բիթլիս, Ալաշկերտից մինչեւ «բարեւ» ու «դիակ»՝ Ր. Հովհաննիսյանի իրական նպատակը քողարկող նշածս զգեստներն ու պաճուճանքներն են։ Մի ուրիշ որակում էլ է լայնորեն շրջանառվում Ր. Հովհաննիսյանի՝ Ս. Սարգսյանին հղած վերջին նամակի առիթով՝ ԱԽՔ-ԱԽՔԱՑՈՒՄ,- միայն հայկական քաղաքական միջավայրում ընկալելի, բայց շատ միանշանակ քաղաքական մի հասկացություն, որով բնորոշվում է ընդդիմադիր ձեւանալով ընտրողներին խաբելու, նրանց ձայները հավաքելու, ապա, նրանց դավաճանելով՝ իշխանությանը ծախվելու այլանդակ ու ստոր երեւույթը։

Եւ այսպես՝ փաստ է Ր. Հովհաննիսյանի նամակը Ս.Սարգսյանին՝ ինձ տուր 5 մարզպետ եւ 8 նախարար ու այլ բարձրաստիճան պաշտոնների նշանակելու իրավասություն (կամ որ նույնն է՝ ես ասեմ, դու նշանակի), եւ դրա դիմաց ես կճանաչեմ քո օրինակարգությունը։ Ր. Հովհաննիսյանը սա է հռչակել որպես իր քաղաքական ծրագիր։ Բոլոր նրանք, ովքեր առ այսօր բողոքում էին, թե անորոշ ու մինչեւ վերջ հասկանալի չեն Րաֆֆու պահանջներն ու քաղաքական ծրագիրը, այլեւս բարոյական իրավունք չունեն նման բան ասելու. ամեն ինչ պարզորոշ մանրամասնված է։ Նրա նամակի մյուս «պահանջները» (համամասնական ընտրություններ, օրենքների փոփոխություն, կեղծարարներին պատժել եւ այլն) պիտի չշփոթեցնեն. դրանք, դարձյալ, այլ բան չեն, քան «ԲԱԶԱՌԻ» մերկությունը քողածածկող վերոհիշյալ «զգեստներից ու պաճուճանքներից»։

Հիմա ի՞նչ ստացվեց։ Ի սկզբանե դրված էր հետեւյալ հարցը. ո՞րն է 500.000-ից ավելի ձայն հավաքած, իրականում հաղթած նախագահի թեկնածուի քաղաքական ծրագիրը, որին պետք էր հասնել որոշակի գործելակերպով։ Պատասխանն այսպիսին էր՝ չընտրված Ս. Սարգսյանը չպիտի հռչակվի ՀՀ նախագահ, նախագահ պիտի հռչակվի ընտրված Ր. Հովհաննիսյանը։

Ինչպե՞ս։

Ծրագիր առաջին. նախագահի հաղթած թեկնածուն նստում է հացադուլի ու հայտարարում՝ Ս. Սարգսյանը երկրորդ անգամ նախագահ կդառնա «միայն իմ դիակի վրայով»։ Այս ծրագիրը լավ է, թե վատ, աշխատող, թե չաշխատող, ընդունելի, թե ոչ՝ կարեւոր չէ։ Ողջ հրապարակը ծափահարել է դրան։

Ծրագիր երկրորդ. Պետք է ստեղծել իշխանության զուգահեռ կառույցներ՝ կառավարությունից սկսած՝ մինչեւ գյուղապետներ։ Սրանք սկսում են գործել եղածին զուգահեռ եւ, աստիճանաբար, սահուն կերպով իրենց ձեռքը վերցնում ողջ իշխանությունը։ Սա նույնպես ոգեւորությամբ է ընդունվել հրապարակում, անգամ կառավարության անդամների թեկնածուների ցուցակ է հրապարակվել։

Ծրագիր երրորդ. ապրիլի 9-ին՝ Ս. Սարգսյանի երդմնակալության օրը, զուգահեռ նույն արարողությունը կազմակերպվում եւ անց է կացվում Ազատության հրապարակում Ր. Հովհաննիսյանի համար։ Ինչից հետո նա շարունակում է իրականացնել ընտրված ու պաշտոնավարող նախագահին հատուկ իր գործառույթները։ Սրան նույնպես ծափահարել է հրապարակը։

Չորրորդ ծրագիր. «Քաղաքացիական պայմանագրի» ստորագրում։ Այս ծրագիրն անմիջապես կապ չունի Ր. Հովհաննիսյանի հետ, սակայն, նկատի ունենալով, որ, մի կողմից՝ այն պատկանում է հանրահավաքներում կարեւոր դերակատարություն ունեցող Ն. Փաշինյանի հեղինակությանը, մյուս կողմից՝ որպես հանգուցալուծման միջոց՝ կարող էր օգտակար լինել, դնում ենք այս շարքում որպես չորրորդ միավոր։

Վերջին հանրահավաքում ստորագրած ու Սերժ Սարգսյանին ուղարկած իր պահանջագրով Ր. Հովհաննիսյանը չեղյալ է հայտարարում, փակում է այս բոլոր չորս ծրագրերը, որոնց իրականացման համար եւ որոնցով ոգեշնչված լինելով է, որ մարդիկ առ այսօր գալիս էին Ազատության հրապարակ։ Այն հանգամանքը, որ կոալիցիա մտնելու նույն առաջարկը նա Սերժ Սարգսյանին արել է նաեւ առաջին հանդիպման ժամանակ, բերում է մի հետեւության՝ որ ի սկզբանե հենց սա է եղել Րաֆֆու իրական ծրագիրը։ Մնացած ամեն ինչ՝ վերոհիշյալ չորս ծրագրերով հանդերձ, եղել է բուտաֆորիա, «բազառի» ծրագիրը քողածածկելու, հասունացնելու, մարդկանց հրապարակ բերելու միջոց։ Այստեղ եւս մեկ անգամ շեշտենք, որ  Րաֆֆու վերջին այս նամակում եւս, կադրային պահանջներց դուրս, մնացած ամեն ինչը նույնպես բուտաֆորիա է՝ քողածածկելու համար իրական խայտառակ «բազառը» եւ դրան «երկխոսության» տեսք տալու նպատակով։

***

Մամուլում հնչած առաջին գնահատականներում Ր. Հովհաննիսյանի քայլի  համեմատությունը 2008-ին Ա. Բաղդասարյանի արածի հետ՝ անհիմն չէ։ Այն ժամանակ նա էլ, հանդես գալով որպես ընդդիմություն եւ 16% ձայն հավաքելով, հետո միացավ Ս. Սարգսյանին, ում դեմ խոսելով վաստակել էր այդ ձայները։

Իսկ ո՞րն է տարբերությունը։

Առաջին տարբերություն. 2008-ին Ս. Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժման զանգվածայնության, վճռականության ու նպատակասլացության հանդիման կանգնած էր լինել-չլինելու,իշխանությունը կորցնելու իրական վտանգի առջեւ։ Ա. Բաղդասարյանի միանալը նրան հնարավորություն տվեց անել այն ամենը, Մարտի 1-ով հանդերձ, ինչի շնորհիվ մի կերպ կարողացավ պահել իշխանությունը։ Ա. Բաղդասարյանը, առանց չափազանցելու, փրկեց նրան, ահա թե ինչու այդքան թանկ գնահատվեց նրա ծառայությունը։ Ճիշտ է՝ դրա համար Ա. Բաղդասարյանը շատ թանկ հատուցեց՝ վաստակելով ԱԽՔ «պատվանունը»՝ որպես հավիտենական խարան ու դառնալով արգահատանքի խորհրդանիշ։ Բայց դրա դիմաց էլ Ս. Սարգսյանն առ այսօր նրան «լավ-լավ պահում է»։ Հիմա, չնայած այն հանգամանքին, որ ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական տվյալներով շատ ավելի ձայն է ստացել, քան 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, միեւնույն է՝ Ս. Սարգսյանի համար ակնհայտորեն «լինել-չլինելու», «կյանքի ու մահվան», իշխանությունը կորցնելու վտանգի խնդիր չկա։ Ըստ այդմ, ակնհայտորեն՝ Ր. Հովհաննիսյանը նույն քայլի համար չի կարող ստանալ այնքան, որքան ստացավ Ա. Բաղդասարյանը

Երկրորդ տարբերություն. 2008-ին փետրվարյան շուրջօրյա նստացույցերից, հանրահավաքներից, փետրվարի 26-ի հայտնի հանրահավաքից, իշխանական բուրգի սասանման նշաններից ու քանդվելու փաստերից հետո Հայաստանում ոչ մեկը չէր կասկածում, որ այդ ամենն ավարտվելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակով, եւ դա եթե ոչ ժամերի, ապա օրերի հարց է։ Այդ բանը հստակ զեկուցում է նաեւ ԱՄՆ դեսպանն իր կառավարությանը։ Ուստիեւ՝ կեղծ ընդդիմադիր Ա. Բաղդասարյանը դավաճանական իր քայլն ստիպված էր անել շատ արագ, որպես ԱԿՏ (ու հենց դրա համար էլ քայլի այլանդակ մերկությունը շատ ցայտուն երեւաց)։ Հիմա, քանի որ «կյանքի ու մահվան», «լինել-չլնելու», շտապելու եւ շտապեցնելու խնդիր չկա, ուստիեւ՝ նույն բանը կարելի է անել անշտապ, որպես ԳՈՐԾԸՆԹԱՑ (ինչը հնարավորություն է տալիս քայլի այլանդակ մերկությունը քողածածկել զանազան զգեստներով)։

Երրորդ տարբերություն. 2008 թվականին Ա. Բաղդասարյանը դավաճանեց իր ընտրազանգվածին եւ Սերժ Սարգսյանի հետ ստոր գործարքի գնաց գաղտնաբար։ Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը նույն ստոր գործարքը Սերժին առաջարկում է բացահայտորեն, այն էլ ոչ թե իր, այլ ժողովրդի անունից։ Դրանով նա կրկնակի ստորություն է գործում. իր գործարքին մասնակից դարձնելով (հայտարարելով) ժողովրդին՝ նա հիմք է ապահովում, որպեսզի հետագայում, մեղադրվելու դեպքում նաեւ պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելով՝ չքմեղանա՝ «Ես ի՞նչ մեղք ունեմ,ժողովուրդը այդպես գամեցավ»։

Սակայն այս ամենը չի նշանակում, թե Ր. Հովհաննիսյանը Ս. Սարգսյանի համար բոլորովին գին չունի եւ կարող է լրիվ արհամարհվել։ Պետք է հիշել, որ Ս. Սարգսյանի համար ամենամղձավանջային օրը, թերեւս, եղել է 2008-ի ապրիլի 9-ը՝ երդմնակալությունը Երեւանի ամայացած կենտրոնում՝ ամոթալի մի պատկեր, որ ողջ կյանքում ուղեկցելու է նրան։ Ամբողջ հինգ տարի նրան ամեն րոպե հետապնդել է ոչ օրինակարգության ուրվականը։ Ամբողջ հինգ տարի ոչ օրինակարգության այդ ուրվականը նրան հետապնդել է նաեւ դրսում։ Ինչպես ինքն է բնորոշել իր շրջապատում՝ «հարամվել է» իր նախագահությունը։ Հիմա նրան նույնն է սպասվում։ Կլինի դա, թե ոչ՝ այս պահին կախված է Ր. Հովհաննիսյանից, որը եւ նրան տեղեկացրել է, թե ինչ արժե այդ հաճույքը՝ 13 պաշտոն։

Ինչպես եւ սպասելի էր, Սերժ Սարգսյանն անմիջապես (մարտի 25-ին) պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ողջունելով նրա քայլը եւ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկել արված առաջարկները։ Այսպիսով՝ կարելի է համարել, որ թե՛ Րաֆֆին, թե՛ Սերժը «զադնի են տալիս»։ Գործարքը շուտով կկայանա, եւ Րաֆֆին, «հանուն ազգային համերաշխության», «հանուն ազգային պետության»  եւ «հանուն Սեւրի դաշնագրի իրականացման» ախքաբար կբավարարվի՝ իր եւ սեփական կուսակցության որոշ անձանց համար երկրորդական պաշտոններ ստանալով։ Գուցե բարին հենց սա էր. փառք Աստծո, ո՛չ Մարտի 1, ո՛չ էլ դիակի վրա երդմնակալություն տեղի չի ունենա։ Ինչ վերաբերում է Ր. Հովհաննիսյանի քաղաքական ապագային, ապա դրա վրա կարելի է արդեն խաչ քաշել (խա՛չ քաշել, ոչ թե «իքս» դնել)։

Քանի՞ պաշտոնի դիմաց Ր. Հովհաննիսյանը կհամաձայնի հուսախաբ անել 500.000 (իրականում ՝շատ ավելի) մարդկանց ու դառնալ  ԱԽՔ-ի ակումբի անդամ՝ կիմանանք առաջիկայում։

Հ. Գ.  Մեկուկես տարի առաջ որոշ գործիչներ, հրապարակավ հակադրվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ի մասին «քաղաքագիտական վերլուծությանը», համարում էին, որ վերջինս, որպես անվստահելի ուժ, գնալու է ՕԵԿ-ի՝ «ԱԽՔացման» ճանապարհով։ Նրանց նշած ժամկետներում՝ 2012-ի մայիսի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններում, դա տեղի չունեցավ։ Մինչդեռ, Ճակատագրի հեգնանքով, նույն այդ գործիչները հայտնվեցին Ր. Հովհաննիսյանի կողքին, նրան օժանդակողի դերում, հենց այն խառնարանում, որտեղ այսօր եփվում է «ԱԽՔացման» տպավորիչ ապուրը։

Աշոտ Սարգսյան

«ՉԻ»



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

harcnox
Mar 26, 2013 15:40


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25739') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>caxvecir hud...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>caxvecir hud...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'caxvecir huda ?...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219