ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, March 25, 2013 15:31 - 1 քննարկում

Սերժը՝ Ռաֆֆիին « Որ ջիգյարով խնդրես, իշխանության մի մասը կտամ»:

Արժանապատիվ պարտության առաջարկ17:05 – 25.03.2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանել է անցած ուրբաթ օրը «Ժառանգություն»կուսակցության ղեկավար, հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի’ իրեն ուղղված’ ստեղծված քաղաքական իրավիճակից դուրս գալու վերաբերյալ վերջնական առաջարկությունները ներառող նամակին:

 

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Հովհաննիսյանը նախագահին էր ներկայացրել խառնիխուռն առաջարկությունների մի փաթեթ, ըստ որոնց’ պետք է նախ փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում, անցնել ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, վերականգնել ԿԸՀ-ի ձևավորման կուսակցական կարգը, վերանայել ընտրացուցակները և օրենսդրորեն ամրագրել ընտրած քաղաքացիների ցուցակները հրապարակելու պարտավորությունը, պատժել ընտրակեղծարարներին, ապա այս տարվա ընթացքում անցկացնել կա’մ արտահերթ նախագահական, կա’մ խորհրդարանական ընտրություններ:

 

Միաժամանակ, Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի «փաստացի լեգիտիմությունը» ճանաչելու  դիմաց նախագահից պահանջել է իր թիմին տրամադրել ոչ միայն մարզպետներից 5-ի, այլ նաև  դատախազության, հարկային, ազգային անվտանգության ծառայությունների, արտաքին գործերի, կրթության եւ գիտության նախարարությունների, Վերստուգիչ պալատի, Արդարադատության խորհրդի և Տնտեսական մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի ղեկավարման պորտֆելները, այսինքն’ գրեթե բոլոր վերահսկողական ոլորտներն ու մարմինները: Այս առաջարկները ներկայացվել էին ոչ թե իշխանությանը որևէ ձևաչափով միանալու, այլ ընդդիմության կարգավիճակը պահպանելու տրամաբանությամբ:

 

Սերժ Սարգսյանի պատասխանը, սակայն, առնչվում է ոչ այնքան Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունների բովանդակությանը կամ էությանը, որքան ինքնին առաջարկություններով հանդես գալու փաստին: Եվ դա հասկանալի է: Ինքնին այն հանգամանքը, որ հացադուլի ծայրահեղ քայլին դիմելու պարագայում հաշտության եզր գտնելու որևէ առաջարկություն է արվում, այն էլ’ Սերժ Սարգսյանի վերընտրվելը ճանաչելու մասին ուղղակի ակնարկով, նշանակում է, որ Հովհաննիսյանը լեգիտիմացնում է փետրվարի 18-ին կայացած ընտրությունները, ուղղակի հաստատում, որ անիմաստ էր այդ ընտրությունները ՍԴ-ում վիճարկելը, ինչը և, ինչպես ասում են, մնում էր ապացուցել իշխանությանը: Ըստ այդմ’ Սերժ Սարգսյանը ոչ այնքան իր ուրախությունը հայտնում է առաջարկություններով հանդես գալու, որքան Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից  սեփական պարտությունն ինքնակամ ճանաչելու կապակցությամբ:

 

Այս պատասխանով Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում բանակցություններ սկսել Հովհաննիսյանի հետ: Ավելին, ի սկզբանե նա հասկացնում է, որ ճանաչում է Հովհաննիսյանին իբրև «ուժեղ ընդդիմություն»և պատրաստ է  նրա հետ «թուղթ ու գրիչով» պայմանավորվածություններ ձեռք բերել ոչ թե որպես պոտենցիալ կոալիցիոն գործընկեր, այլ որպես հենց ընդդիմություն: «Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են»,- ասում է Սերժ Սարգսյանը:

 

Բայց նա նաև իր պայմանններն է առաջադրում, որ այդ պայմանավորվածությունները լինելու են ոչ թե Հովհաննիսյանի ներկայացրած առաջարկությունների ու հավակնությունների, այլ իր կողմից սահմանված խաղի կանոնների ու գաղափարների շրջանակում: Հենց այդ պատճառով է նա իր պատասխանում որակումներ տալիս Հովհաննիսյանի առաջարկություններին’ անվանելով դրանք «պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից հեռու», «գործող սահմանադրական կարգավորումներին հակասող», «շատ հում շարադրանք» և այլն: Սա նշանակում է, որ եթե երկխոսությունը կայանա, Սերժ Սարգսյանը այն տանելու է պորտֆելային պայմանավորվածությունների ձեռքբերման գծով և այդ առումով Րաֆֆի Հովհաննիսյանին տրվելիք«մասնաբաժինը» նվազագույնի հասցնելու տրամաբանությամբ:

 

Եթե կկարողանա բավարար զիջումները կորզել’ լավ, չի կարողանա, բանակցությունները կտապալվեն, Րաֆֆին կմնա «ուժեղ ընդդիմություն», սակայն քաղաքական լարվածությունը կամ, ավելի ճիշտ, անորոշությունն արդեն վերացած կլինի, և իշխանությունը կձերբազատվի մի կարևոր գլխացավանքից: Այլ կերպ ասած’ սկսվում է հոգեբանական մի գործընթաց, որից իշխանությունը կարող ցանկացած դեպքում շահած դուրս գալ: Իսկ դա միանգամայն իրատեսական է, որովհետև բանակցությունների առաջարկը ոչ թե նա է անում, այլ Րաֆֆին, ինչը նշանակում է, որ ոչ թե իշխանության դիրքերն են թույլ, այլ հենց Հովհաննիսյանի, ով նման կերպ փորձում է դուրս գալ պատային իրավիճակից, որն ինքն է ստեղծել’ հացադուլի գնալով:

 

Եթե հաշվի առնենք, որ Հովհաննիսյանը ոչ թե պարտադիր կատարման ենթակա պայմաններ է ներկայացրել Սերժ Սարգսյանին, այլ զուտ առաջարկություններ, ապա ակնհայտ է, որ նա պատրաստ է եղել հնարավոր բանակցությունների, ինչի առաջարկն այժմ ստանում է: Այն դուրս չէ նախագահական ուղարկված իր նամակի կոնտեքստից, ինչը նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես այլընտրանք չունի, քան Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների երկրորդ ռաունդն սկսելը:: Հակառակ դեպքում’ Հովհաննիսյանն իրեն չափազանց անլուրջ վիճակի մեջ է դնում ու կորցնում քաղաքական այն կապիտալը, որը կուտակել է  նախագահական ընտրությունների շնորհիվ, ու որը փորձում է պահել հիմա Ազատության հրապարակում: Նախագահի խիստ լղոզված ու կոնկրետությունից զուրկ արձագանքը թույլ չի տալիս ի սկզբանե ընկալել’ մինչև որտե՞ղ է հնարավոր նրանից զիջումներ կորզել, այսինքն’ որքանո՟վ իմաստ ունի կամ չունի սկսել բանակցությունները:

 

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ արդեն հացադուլի շարունակումը դառնում է լրիվ անիմաստ ու ավելորդ: Այս ամբողջ ընթացքում Րաֆֆի կողմից  արված միակ կոնկրետ քաղաքական քայլը’ կոնկրետ առաջարկությունների ներկայացումը, գտել է արձագանք: Եթե նա շարունակի հացադուլը, նշանակելու է, որ շարունակելու է Սերժ Սարգսյանի հետ խոսել վերջնագրի լեզվով, ինչը  դուրս է բանակցությունների  ձևաչափից, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը, կարծես, հացադուլից հրաժարումը համարում է բաակցություններ սկսելու նախապայման: Նա խնդրում է Հովհաննիսյանին դուրս գալ դրանից, կազդուրվել և նոր միայն անցնել բուն քննարկումներին’ շեշտելով’ «առանց շոուների»:

 

Սերժ Սարգսյանն, այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է արժանապատիվ պարտության տարբերակը: Վերջինս ցանկացած դեպքում Արթուր Բաղդասարյան չի դառնա, այն դերը, որ նրան վերապահում է Սերժ Սարգսյանը, անգամ ավելին է, քան ուներ և ունի Գագիկ Ծառուկյանը: Ի՞նչ կտա այս հեռակա երկխոսությունը, դժվար է ասել, որովհետև հնարավոր չէ կանխատեսել’ ինչ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանի հակընդդեմ առաջարկների կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս ամենում, սակայն, կա մեկ շատ դրական և մեկ շատ բացասական երևույթ: Դրականն այն է, որ ի տարբերություն նախորդ նմանատիպ դեպքերի, պրոցեսներն ավելի շատ հրապարակային դաշտում են ընթանում, քան կուլիսային: Իսկ բացասականն այն է, որ չափազանց անորոշ է այս ամենում հասարակության և, առաջին հերթին, Ազատության հրապարակից մեծ ակնկալիքներ ունեցող զանգվածների շահը: Այն կարող է ուղղակի հօդս ցնդել, եթե իշխանությանը հաջողվի այս պայքարը նեղացնել ընդհուպ պաշտոնակռվի մակարդակի, և եթե իսկապես Բաղրամյան 26-ում չգիտակցվի գոնե պետական վերահսկողական լծակները ընդդիմությանը հանձնելու միջոցով ներքին հակակշիռներ ստեղծելու ծայրահեղ անհրաժեշտությունը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Vaneci
Mar 26, 2013 0:33


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25715') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x89\xD5\xBF\xD5\xBE\xD5\xB8\xD5\xB2 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x89\xD5\xBF\xD5\xBE\xD5\xB8\xD5\xB2 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x89\xD5\xBF\xD5\xBE\xD5\xB8\xD5\xB2 \xD5\xB9\xD5\xAF...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219