Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 20, 2013 0:50 - 2 քննարկում

Արդարություն ուզողները չեն հասկացել, որ իրական ուժը ճշմարտությունն է…

Arman Melikyan
Վերջին օրերին ինձ հաճախ են հարցնում, թե ինչու չեմ միանում Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչու չեմ այցելում հացադուլ հայտարարած Հայաստանի չորրորդ Նախագահին, որին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շատերն են արդեն շնորհավորել: Ասում են նաև, որ Ազատության հրապարակում իր իրավունքների համար պայքարի է ելել ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը` այլ հայ ժողովուրդը, որը վճռական է ազատվելու Հայաստանի գործող հանցավոր իշխանություններից: Այսպիսով հարց տվողները կամա թե ակամա ինձ կանգնեցնում են բավական տարօրինակ ընտրության առջև` թե իրենց գործողություններով անցած նախագահական ընտրությունների կեղծումն ապահոված թիմերից որ մեկին եմ նախընտրում տեսնել ՀՀ իշխանական համակարգի ղեկին կանգնած: Իմ պատասխանը միանշանակ է` ոչ մեկին: Ոչ մեկին, քանի որ իշխանության և վերջինիս կողմից գուրգուրված թեկնածուական եռանախագահության ջանքերի համադրմամբ է, որ այս անգամ ևս լկտիաբար ոտնահարվեց մեր երկրի քաղաքացիների ազատ ընտրության միջոցով սեփական իշխանությունը ձևավորելու իրավունքը: Դեռ հունվարի քսանմեկին` քարոզարշավի մեկնարկի օրը հայտարարեցի, որ եթե գործուն քայլեր չձեռնարկվեն ընտրակեղծարարությունը կանխելու ուղղությամբ, ապա վերստին Հայաստանից հեռացած ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների քվեները կհավելագրվեն հօգուտ իշխանական թեկնածուի:Ասացի նաև, որ քանի դեռ ապահովված չէ ընտրությունների օրինականությունն ու իրավաչափությունը նախընտրական քարոզչություն իրականացնելը կնշանակի խաբել ընտրողին: Այս ընտրությունների առանձնահատկությունն այն եղավ, որ, իմ համոզմամբ, հավելագրումներ արվեցին նաև հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, քանի որ իշխանությունը չէր կարող թույլ տալ, որ այս ընտրություններին իբր մասնակցած ընտրողների թվաքանակն (1.519.000) էապես պակաս լիներ նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին մասնակցածների թվաքանակից (1.560.000)` այդ տարբերությունը կազմեց ընդամենը մոտ քառասուն հազար մարդ: Սա այն դեպքում, երբ անգամ պաշտոնական աղբյուրների հաղորդած տվյալների հիման վրա կարելի է վստահաբար պնդել, որ Հայաստանում ֆիզիկապես ներկա է 1.250.000 ընտրող կամ գրանցված ընտրողների մոտ հիսուն տոկոսը, իսկ քվեարկությանը մասնակցելու պատրաստակամություն էին արտահայտել հազիվ նրանց վաթսուն տոկոսը կամ մոտ 850.000 մարդ: Նշանակում է, որ ընտրություններին մասնակցած ընտրողների թվաքանակն ուռճացվել է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեներ հավելագրելու միջոցով` միայն այդպես էր հնարավոր ապահովել ձայների անհրաժեշտ համամասնությունը ինչպես`ընդհանուր պաշտոնական “արդյունքի”, այնպես էլ` Սարգսյան-Հովհաննիսյան զույգի միջև ձայների “արժանահավատ” բաշխման ապահովման տեսանկյունից: Պարոն Հովհաննիսյանը տեղյակ էր, որ ընտրությունները կեղծվելու են (գոնե ես հաստատ չեմ զլացել, ի թիվս ուրիշների, նաև իրեն այդ մասին տեղեկացնել) և գերադասեց շարունակել “ընտրությունների” լեգիտիմացմանն ուղղված իր ջանքերը: Ավելին, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, հենց նա էր նախաձեռնողն այն անհասցե, սակայն, խիստ վնասակար բաց նամակի, որով ինքը և իրեն միացած Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանն, ըստ էության, նենգափոխելով իմ կողմից առաջադրված` Հայաստանից հեռացած ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվաքանակի մասին տեղեկատվությունը հրապարակելու միջոցով ընտրակեղծարարությունը կանխելու պահանջը, առաջարկ հնչեցրեցին այդ հեռացածների անվանացանկը հրապարակելու վերաբերյալ: Թեկնածուական եռանախագահության այդ առաջարկը ոչ միայն տեխնիկապես էր անիրագործելի, այլև անօրինական էր, սակայն իր գործը գոնե մասնակիորեն արեց, քանի որ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի և ԶԼՄ-ների ջանքերով այն նույնականացվեց իմ պահանջի հետ, իսկ Հայրիկյանի ու Հովհաննիսյանի` ինձ ուղղված կեսբերան ներողություններն էլ կոչված էին ամրապնդել այդ կեղծ նույնականացման տպավորությունը: Թերևս շատ բան կարելի ասել, բայց կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքի կապակցությամբ սահմանափակվեմ ստորև բերվող մի քանի դիտարկումներով.
– Պարոն Հովհաննիսյանը տեղյակ էր, որ ընտրությունները կեղծվելու են,
– Պարոն Հովհաննիսյանը տեղյակ էր նաև, որ զանգվածային ընտրակեղծարարության համար անհրաժեշտ ռեսուրսը կազմելու են ՀՀ-ից հեռացած մոտ 1.260.000 քաղաքացիների քվեները հօգուտ իշխանության թեկնածուի հավելագրելու միջոցով,
– Պարոն Հավհաննիսյանը տեղյակ էր նաև, որ առանց ընտրակեղծարարության գործուն կանխարգելման միջոցներ ձեռնարկելու քվեարկության գործընթացի մեջ մտնելով նա ոչ մի առարկայական իրավական կամ քաղաքական միջոց չի ունենալու կեղծված ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, էլ չեմ ասում, որ կեղծվելիք ընտրությունների պարագայում ընտրվելու իրական հնարավորություն չունեցող թեկնածուն չպետք է քարոզչություն անելով խաբի իր ընտրողին` նրան պայծառ ապագա խոստանալով, սակայն իմանալով, որ ընտրությունը “ընտրություն” է:
Միանգամայն վստահ պնդում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև քվեարկության օրն իր կողմից արեց ամեն հնարավորը, որպեսզի ընտրակեղծարարությունը հաջողությամբ պսակվի: Չեմ կարող նույնչափ վստահ ասել, թե արդյոք նա դա գիտակցաբար է արել, թե ոչ, ու չգիտեմ նաև, թե որն է այդ երկու տարբերակներից ավելի մտահոգիչ քաղաքական գործչի պարագայում: Պարոն Հովհաննիսյանի հաջորդ փակուղային և իրավական առումով անընդունելի քայլը ՀՀ չորրորդ նախագահ ինքնահռչակվելն է` կեղծված ընտրություններում չկա հաղթած և նախագահ դարձած թեկնածու և միակ իրավական ուղին` նոր նախագահական ընտրությունների կազմակերպումն է: Դրա փոխարեն մարդիկ կեղծված նախագահական ընտրությունների հարցը բաց թողած պատրաստվում են մասնակցել քաղաքական առումով, անշուշտ, շատ ավելի կարևոր` Երևանի ավագանու ընտրություններին:
Եթե իշխանության որակը տեսանելի է ու շոշափելի, ապա դա ամենևին չի նշանակում, որ այդ որակի պահպանության ապահովմանն ուղղված ընդդիմախոս առաջնորդների քայլերը հարկավոր է կամ կարելի է անտեսել: Մեզ մոտ ամեն անգամ պատմությունը կրկնվում է` ժողովուրդը արդարություն է պահանջում և փորձում է արդարության իր պահանջն իրականացնել այն մարդու միջոցով, որը պատրանք է ստեղծել` թե ուժեղ է: Մարդկանց էլ թվում է, որ այդ “ուժը” կարող է իրենց արդարության պահանջը բավարարել և աչք են փակում նրա վրա, որ այդ “ուժն” ինքն էլ արդար չէ: ՈՒ քանի դեռ արդարություն ուզողները չեն հասկացել, որ իրական ուժը հենց ինքը` ճշմարտություն կոչվածն է, որի առաջ բոլոր մնացյալ “ուժերն” անզոր են, քանի դեռ պատրաստ են անտեսել իրենց նախընտրած “ուժի” սուտը` շարունակելու են մնալ այս անհուսության գարշահոտ տեղապտույտի պատանդը:


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

david
Mar 21, 2013 9:00


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25637') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8A\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD5\xB6 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8A\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD5\xB6 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8A\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD5\xB6 \xD5\x84\xD5\xA5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219