ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, March 6, 2013 9:15 - 1 քննարկում

«Global Gold Mining» ընկերության եւ հասարակայնության դիմակայությունը շարունակվում է

17:17 Փետրվար 12, 2013

ԷկոԼուր

«Global Gold Mining» ընկերության եւ հասարակայնության դիմակայությունը շարունակվում է: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը տարածել է բաց նամակ  ընկերության հասցեին այն բանից հետ, երբ ընկերությունն իր հերթին պատասխանեց Կանաչների միության եւ Էկոլոգիական հասարակական դաշինքի դիմումին  (http://ecolur.org/en/news/mining/stop-fake-anouncements/4525/http://ecolur.org/en/news/mining/union-of-greens-of-armenia-and-public-environmental-alliance-addressed-open-letter-to-global-gold-corporation-owner/4514/,http://ecolur.org/en/news/mining/public-environmental-alliance-to-armenian-pm-asking-to-stop-vmegogoldv-company-activities/4486/).  Նամակում ասված է. ««Թուխմանուկ» հանքավայրի առնչությամբ՝ էկոլոգիական հասարակական կազմակերպությունների «Դաշինքի» և Հայաստանի Կանաչների միության բաց նամակին  վիրավորանքներով  ու չհիմնավորված հայտարարություններով լեցուն պատասխան է գրել «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը: Այն դեպքում, երբ այդ նամակով փորձել ենք պարոն Վան Կիրկորյանի և Ընկերության մյուս ազդեցիկ անձանց ուշադրությունը բևեռել այն խնդրի վրա, թե  այդ հանքավայրի շահագործումը ինչպիսի լուրջ  ու անուղղելի վնասներ կբերի Հայաստանի Հանրապետությանը:

«Թուխմանուկ» հանքավայրը և նրա շահագործումից առաջացած երկու պոչամբարները գտնվում են Արագած սարին հարող բարձրադիր վայրում, որի ցածրադիր մասերում խմելու ջրի աղբյուրներն են, Հայաստանի Հանրապետության միակ ջրաբանական արգելավայրը և այլ արգելավայրեր: Նաև՝ «Թուխմանուկ» հանքավայրը և պոչամբարները Գետիկ գետակի կիրճում են, իսկ   այդ գետակի ջրերը Քասախ և Հրազդան գետերով լցվում են Արաքս գետը: Այսինքն՝ հանքավայրի հետագա շահագործումը  և Գետիկ գետակի հարևանությամբ արդեն առկա երկու պոչանբարները մեկ այլ նպատակահարմար վայր չտեղափոխելը կարող են պատճառ դառնալ՝ հողը, խմելու և ոռոգման ջրերը ծանր մետաղներով վարակելուն, ինչպես նաև` ջրագոյացման համակարգերի ավերման ու ոչնչացման:

Այստեղ Հայաստանի Կանաչների միության անունից հակիրճ կխոսվի բաց նամակին «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից տրված պատասխանում (հետայսու՝ պատասխան) տեղ գտած հորինվածքներից ու կեղծիքներից միայն մի քանիսի մասին, իսկ դրանց ավելի հանգամանալից կանդրադառնա էկոլոգիական հասարակական կազմակերպությունների «Դաշինքը»:

Պատասխանում ասվում է. «Հակառակ Նամակի պնդումների` ոչ մի ջրագոյացման համակարգեր չեն խախտվել կամ ավերվել… Թուխմանուկի պոչամբարից թունավոր ջրեր չեն “քամվում”, պոչամբարը կառուցված է պատշաճ և բոլոր պահանջներին համապատասխան, մշտապես դիտարկվում է, սեյսմակայուն է: …Պոչամբարի ջրավազանում ապրում են ձկներ և գորտեր… Միջավայրային մշտադիտարկումը ներառում է նաև պոչամբարի տարածքը, ուստի որևէ թունավոր նյութի թափանցումը դեպի որևէ ջրային կամ այլ միջավայր բացառվում է»:

Նախ հնարավոր չէ, որ ջրագոյացման համակարգերը չխախտվեին կամ չավերվեին, երբ  Ընկերության կողմից շահագործվող հանքավայրը մաս է կազմում հենց ջրագոյացման և ջրամատակարարման համակարգերին: Այդ հանքավայրի շահագործման շարունակումը պարզորոշ նշանակում է` վերջնականապես ավիրել ու ոչնչացնել այդ համակարգը. այն պարզ պատճառով, որ հանքահանման և հանքավերամշակման ընթացքում պայթեցվում, ջարդվում, մանրացվում, փոշի է դառնում այդ նույն ջրագոյացման և ջրամատակարարման համար հիմք հանդիսացող երկրաբանական կառույցը:

2012 թ. նոյեմբերի 27-ին, «Թուխմանուկ» հանքավայրի նոր՝ երրորդ պոչամբարին նվիրված հասարակական լսումներում, Մելիք գյուղի բնակիչներից մեկը Ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանի և քննարկման մյուս մասնակիցների ներկայությամբ ասաց.  «Մեր գյուղն ունեցել է 4 ջրաղաց, հիմա եկեք գնանք, տեսեք ջուր կա՞, էնքան տրաքացրին, ջուրը փախավ. չկա…»: Այդ նույն մարդը նաև նշեց, որ հանքավերամշակման արտադրությունից երբեմն հոսող սպիտակավուն «մածնաջրով» բանջարանոցները ջրելուց հետո բույսերը չորանում են, ապա, դիմելով նույն Աշոտ Պողոսյանին, թե. «Երկու տարի աշխատեցին, սարի կեսը արդեն չկա, որ երկու տարի էլ (հանքը) աշխատի, կհանեք ժողովրդին: Ամբողջ արոտավայրը շարքից հանել եք, անաստված»:  Ապա շարունակեց. «60 տնտեսություն այս տարի մի հատ կարտոշկա չի ստացել էդտեղի ամեն ինչից, հենց էդ ջրից… 500 մետր ջրագիծը դուք քանդեցիք, ավիրեցիք, չսարքիք, էսօր եկել կանգնել ես ու ժողովրդին համոզում ես էդ տարիքիդ, չի կարելի»:

«Թուխմանուկ» հանքավայրի պոչամբարի պատվարը հողաթումբ է, այլ ոչ երկաթբետոնե կառույց, և ասել, թե այն սեյսմակայուն է, նշանակում է` անպատասխանատու հայտարարություն անել:  Օրինակ, պոչամբարների անվտանգությանը վերաբերող փաստաթղթերից մեկի (Проект ЕЭК ООН, Руководство по безопосности и рекомендуемым нормам для хвостохранилищ) չափանիշներով՝ պոչամբարների պատվարները պետք է կառուցվեն 1000 և ավելի տարիների հուսալիության հաշվով: Այդտեղ նաև նշվում է, որ նույնիսկ հազարավոր տարիներ առաջվա հանքահանման մնացորդներն ու պոչանքները դեռևս արտազատում են աղտոտիչների այնպիսի քանակություններ, որոնք վտանգավոր են շրջակա միջավայրի համար: Թուխմանուկի պոչամբարի հատակը ինչպես հարկն է՝ մեկուսացված չէ, հետևաբար պոչամբարի պատվար կոչվող հողաթմբից և հատակից քամվող ջրերը կարող են հայտնվել թե´ մակերեսային, թե´ ընդերքի ջրերում: Այսինքն, Ընկերության այն հավաստումը, որ Թուխմանուկի պոչամբարը կառուցված է բոլոր պահանջներին համապատասխան, բացարձակորեն հեռու է իրականությունից. թե´ տեղի ընտրության (բարձրադիր նիշերում պոչամբար,  ցածրադիրում՝ այգեգործություն-գյուղատնտեսություն), թե´ կառուցման որակով այն չի համապատասխանում պոչամբարների անվտանգության չափանիշներին: Այսպիսի պոչամբարներ կարող են կառուցվել միայն այն երկրներում, որտեղ ընդերքի հարստությունների կողոպուտին, այլևայլ ձևակերպումներով, մասնակից են նաև պետական պաշտոնյաները:

Առկա երկու պոչամբարների հարևանությամբ, Գետիկ գետակի կիրճում նախատեսվող նոր պոչամբարի կառուցման առումով, հասարակական լսումների օրը ( 2012.11.27) Մելիք գյուղի մեկ այլ բնակիչ, քննարկման մասնակիցների ներկայությամբ հայտարարեց. «Ո՞նց կարելի է էդտեղ պոչամբար կառուցել, որ էդտեղ սահող տեղ է: Վաղը որ դա եկավ, էդ 60 տնտեսության հողը կտանի»: Ահա և  Ընկերության չափանիշներով «պատշաճ և բոլոր պահանջներին համապատասխան» կառուցված պոչամբարին տված` տեղանքին լավատեղյակի  արդարացի գնահատականը:

Պատասխանի հեղինակները, գրելով, թե «պոչամբարի ջրավազանում ապրում են ձկներ և գորտեր», փաստորեն հորդորում են, որ պոչանքը, նրա մեջ եղած ջրերը և հանքային փոշին որևէ վտանգ չեն ներկայացնում: Սակայն Պատասխանի հեղինակներին խորհուրդ ենք տալիս նույնիսկ չհամտեսել Թուխմանուկի պոչամբարի ջրավազանում ապրող ձկներից պատրաստված կերակուրը: Այդ ջրերի մեջ, ինչպես և պոչամբարում տարբեր խտություններով կան (ելնելով հանքաքարի բաղադրությունից), օրինակ՝ ցինկի, կապարի, մկնդեղի, ծարիրի, բիսմութի, պղինձի, մոլիբդենի, մանգանի, տիտանի, նիկելի, կոբալտի, ծծմբի, սելենի, թելուրի, գալիումի, կադմիումի և կյանքի համար խիստ վտանգավոր այլ միացություններ,  այսինքն` այն նյութերը, որոնք առկա են Թուխմանուկի հանքաքարում և «դատարկ» ապարներում (Երևանի Պետական համալսարան, Գիտական տեղեկագիր, երկրաբանություն և աշխարհագրություն, Երևան, 2010թ., հա. 3, էջ 3-11):  Իսկ այդ նյութերի կենսաբանական ազդեցությունը համարյա բոլորին է հայտնի՝ հողի բերրիության անկում, բազմապիսի հիվանդությունների առաջացում, գենետիկական խաթարումներ…

Անտեսելով Մելիք գյուղի բնակչութան մտահոգություններն ու բողոքները, ինչպես նաև իրական փաստերը` Պատասխանի հեղինակները գրում են. «Իրականում, համայնքի անդամները ոչ միայն չեն տեսնում հանքարդյունահանման ծրագրերը մերժելու որևէ պատճառ, այլ նաև հասկանում են որոշ անձանց դատարկ, սին, ինքնանպատակ և համայնքի շահերի դեմ ուղղված միտումները։ Մարդիկ կարդալ գիտեն և պարզապես հասկանում են, որ իրենց ընդամենը փորձում են խաբել։ Ուստի, մի փորձեք խաբել գյուղացուն… մարդկանց գիտակցության մեջ «բնապահպան» եզրույթը կնույնացվի «կեղծարարի» հետ, դա անթույլատրելի է»:

Իրականում համայնքի անդամները հասկանում ու մերժում են ներկայացված ծրագիրը: Օրինակ, նոր պոչամբարի նախագծի քննարկման ժամանակ, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի  պաշտոնյաների ու աշխատակիցների ներկայությամբ ահա թե ինչպես  էին իրենց անհամաձայնությունը հայտնում  Մելիք գյուղի որոշ բնակիչներ.  «Թող գյուղը տեղափոխեն, որ պիտի թույն շնչենք, թող տեղափոխեն, … ոչ մեկ էլ համաձայն չի, կարող է բնակչության 0,1 տոկոսը համաձայն լինի»:

Պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ Ընկերությունը հանդես է գալիս Մելիք գյուղի բարերարի դերում, երբ իրականում այդ գյուղի քայքայման ու փոշիացման հիմքն է դնում: Եթե Ընկերությունը այդ հանքավայրի շահագործումը համարում է Մելիք գյուղի համայնքի շահերից բխող  գործ, ապա թող ցույց տա թեկուզ մի բնակավայր, որի հարևանությամբ իրականացված հանքահանումն ու հանքավերամշակումը բազմապիսի անլուծելի խնդիրներ չի առաջացրել այդ բնակավայրի համար (ջրերի, մշակովի հողերի, արոտավայրերի, խոտհարքերի աղտոտում և կորուստ, գյուղատնտեսական մթերքի թերարտադրություն և աղտոտվածություն, առողջական վիճակի վատացում): Ընկերությունը նաև փորձում է վարկաբեկել այն հասարակական կազմակերպություններին, որոնք ուղղակի մատնացույց են անում առկա և սպառնացող իրական վտանգները:

Պատասխանից ևս մի քաղվածք. «Նամակի փաստը եւ բովանդակությունը մեզ ստիպում է համոզվել, որ Ընկերության՝ ըստ տեսակի բնապաշտ լինելը եւ միջավայրային որեւէ վնաս բացառելը զայրացրել է ոմանց այն աստիճան, որ անցել են ինքնանպանակ “բաց նամակների”։ Ուստի, ներողություն ենք խնդրում նաեւ նրանցից, քանզի չենք արդարացրել նրանց հույսերն ու ցանկությունները եւ միջավայրին վնաս չենք պատճառել, եւ այդ առումով խոստովանում ենք մեր մեղքն ամբողջությամբ… Վերջում ներողություն ենք խնդրում համայնքի անդամներից, աշխատակիցներից, եւ բոլոր նրանցից ում փորձել են վիրավորել Նամակի հեղինակները»։

Այս կեղծավոր մեղայականից կարելի է ենթադրել, որ Ընկերությունը,  «Թուխմանուկ» հանքավայրը շահագործելու և այդտեղ նոր պոչամբար կառուցելու իրավական  հիմքեր չգտնելով, փորձում է համայնքին և բնապահպանական կազմակերպություններին միմյանց դեմ հանել և ստեղծվելիք հավանական  խառնաշփոթում՝ հասնել իր նպատակին:

Այժմ տեսնենք, թե իրեն «բնապաշտ»,  միջավայրային վնասը «բացառող» և բարոյաէթիկական վերամբարձ կեցվածքում ներկայացող Ընկերությունը, ինչ բարեխղճությամբ է կազմել ու ներկայացրել 2012թ. նոյեմբերի 27-ին կայացած հասարակական լսումների արդյունքները:

Արձանագրության մեջ բացակայում են նախագիծը մերժող բոլոր ելույթները, դրական են արտահայտվել միայն Ընկերության պաշտոնյաները և նրանց պատվերով նախագիծ կազմողը: Հայաստանի Կանաչների միության ներկայացուցչի անունից կամայականորեն հարց են ձևակերպել, իսկ նրա ելույթից և ոչ մի բառ արձանագրված չէ… Արձանագրության վերջում կարդում ենք. «Սովորաբար հանքի, ֆաբրիկայի և պոչամբարի հանրային լսումները կատարվում են միասին, բայց մենք որոշել ենք չգնալ այդ ճանապարհով և քննարկել առանձին, առանձին: Հիմնականում գյուղացիները բողոքում էին աշխատավարձի ուշացումներից և ձեռնարկության ոչ զգալի աջակցությունից: Պոչամբարի նախագծի վերաբերյալ առարկություներ չկան… ՈՐՈՇԵՑԻՆ՝ հավանություն տալ Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի բնապահպանական մասին»: Արձանագրության տակ ստորագրել են՝ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի գյուղապետ  Հ. Մկրտչյանը (նաև կնքել է) և «ՄԷԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ տնօրեն Ա. Պողոսյանը:

Այն դեպքում, երբ քննարկման վերջում գյուղապետը հայտարարեց. «Իմ կարծիքը ես տեսնում եմ ժողովրդի մեջ… Որորշման մասին դուք կիմանաք մի ամիս հետո»: Քննարկման մասնակիցները սպասում են, թե մեկ ամիս հետո ինչ որոշում կկայացնի Մելիք գյուղը, սակայն պարզվեց, որ հենց նույն օրը կազմել ու ստորագրել են, գրելով նաև՝ «որոշեցին», այսինքն՝ իբր քննարկման բոլոր մասնակիցները   հավանություն են տվել այդ հանցագործ ծրագրին: Ահա թե ինչպես է ստեղծվել կեղծիքով հագեցած այդ Արձանագրություն-Որոշումը:

Վերջում մի քանի խոսք «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության տարօրինակ բնապաշտության մասին:

Եթե Ընկերությունը իրական բնապաշտ կամ բնասեր լիներ, ապա «Թուխմանուկ» հանքավայրի երկրաբանական, աշխարհագրական պայմանների հետ ծանոթանալուց հետո պետք է հրաժարվեր այդ հանքավայրը շահագործելու մտքից, քանզի աներևակայելի է, որ բնապաշտ ընկերությունը լեռնային գետերի սկզբնավորման ակունքներում  հանք հանի, վերամշակի, պոչամբար տեղադրի:

Եթե «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը բնապաշտ ու պարկեշտ լիներ, ապա ընդհանրապես կհրաժարվեր Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությամբ զբաղվելուց` այն հիմնավորմամբ, որ երկրում ստեղծվել են այնպիսի օրենքներ, որոնք նպաստում են ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի հարստությունների արագ սպառմանը և դրանք առանձին ընտանիքների բաժին դառնալուն… Բնապաշտ ընկերություն չի կարող մասնակց լինել որևէ ժողովրդի ունեցվածքի կողոպուտին:

Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությամբ զբաղվողները իրենց արտադրած թափոնների համար հարկ չեն վճարում, նախագծերը իրականացնելիս տնտեսությանը հասցրած վնասը նույնպես չեն հատուցում: Արդյունքում շահագործելի են դառնում նաև այն հանքավայրերը, որոնք լիարժեք հարկման դեպքում անգամ ծախսածածկող չեն կարող լինել: Այս պայմաններում լայնածավալ ավիրվում ու աղտոտվում է Հայաստանի Հանրապետության տարածքը և եթե չկասեցվի այս հանցագործ գործելակերպը, ապա Հայաստանի Հանրապետությունը աստիճանաբար կդառնա կյանքի համար ոչ պիտանի:

Մի խոսքով, մեր երկրում սպանում են ոչ թե մարդուն, այլ նրան կյանք տվող բնական միջավայրը: Թող Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությամբ զբաղվողները չասեն, թե իրենք դա չեն գիտակցում. նրանք ուղղակի Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան պաշտոնյաների հետ գործընկերներ են, որոնց համագործակցությունը փաստորեն ուղղված է բնության ու մարդու դեմ:

Հակոբ Սանասարյան

Հայաստանի Կանաչների միության նախագահ          2013.02.12

armgreen@ipia.sci.am»:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SERJ
Mar 6, 2013 12:08


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25356') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB7\xD5\xBD \xD5\xAB\xD5\xB6\xD5\xB9 ...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB7\xD5\xBD \xD5\xAB\xD5\xB6\xD5\xB9 ...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB7\xD5\xBD \xD5\xAB\xD5\xB6\xD5\xB9 \xD5\xAC\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219