Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, March 4, 2013 2:21 - չքննարկված

Հարցազրույց առանց պարարտանյութերի և թունաքիմիկատների…

«Մենք ապրում ենք հեգնանքի դարում»

04.03.13
«Մենք ապրում ենք հեգնանքի դարում»

Ռուբեն Բաբայան
Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի
« Երբ հեռուստատեսային թոք շոուների կամ որեւէ այլ հաղորդման մեջ ինքնահեգնանքի չափաբաժինը մի քիչ ավելանում է, եթերում միանգամից կյանք է հայտնվում »

Երեւանի Տիկնիկային թատրոնի ղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը նախագահական ընտրություններից հետո ծավալված հասարակական ընդվզման ալիքը բարեբեր է համարում ու նշում, որ հասարակության փոփոխություն է տեղի ունենում:

Ըստ նրա` ամենաթանկն այն է, որ երիտասարդներն են ընտելանում շփման նոր մշակույթին ու վկա դառնում այն իրականությանը, որտեղ կարելի է ոչ թե սպառնալ գլուխ պոկել ու վիզ ջարդել, այլ ժպիտով բարեւել միմյանց: Եվ դրանից հետո ավելի արդյունավետ անձ զգալ իրեն:

Ռուբեն Բաբայանը վստահ է, որ մեր խնդիրների հիմքում թերի կրթությունն է, այդ թվում՝ նաեւ մեդիա մանիպուլյացիաներից պաշտպանվածության պակասը: 21-րդ դարը համարելով հեգնանքի դար՝ նա զրուցում է մեր հասարակության մեջ նշմարվող բարդույթների, չափազանց ծանրակշիռ կեցվածքի ու հումորից վախենալու մասին:

Հիմա բոլորս կարծես աշխատում ենք որքան կարելի շատ բան լսել, տեսնել, տեղեկանալ: Արդյոք կլանվող ինֆորմացիայի քանակը համեմատակա՞ն է ներքին բավարարվածությանը:

Դա կրթության հարց է, որը կարծում եմ՝ շատ պարզ լուծում ունի: Պետք է կարողանալ գխավորը զատել, անջատել երկրորդականից: Եվ այդ սկզբունքն աշխատում է ամեն տեղ, ոչ միայն մեդիա արտադրանքի սպառման ընթացքում: Պետք է, օրինակ, ոչ թե գիրք կարդալ, այլ կարողանալ օգտվել գրականությունից: Հավատացնում եմ ձեզ՝ դա շատ կարեւոր է: Կարեւոր է իմանալ, թե որտեղից, ինչպես եւ ինչ չափաբաժնով կարող ես ստանալ այն ինֆորմացիան, որը քեզ պետք

«Ֆեյսբուքը հեշտությամբ ծնում է պատրանք, որ դու սիրելի ու արժեքավոր ես (մեկ օրում ասենք, հարյուրավոր «լայքեր» ես ստանում)»:

կգա (եթե, իհարկե, դու նպատակաուղղված որոշել ես որեւէ գործ անել ու պիտանի ինֆորմացի ես որոնում): Սա ամենօրյա, սովորական կրթական պրոցես է:

Հակառակ դեպքում ստացվում է, որ համակարգչային սարքերի վրա ընդամենը մի քանի կոճակ ես սեղմում, ու ինֆորմացիան հեղեղի նման գալիս լցվում է քո անպաշտպան ուղեղի մեջ:

Միշտ ասում եմ, որ մեր առաջնային խնդիրը թերի կրթական համակակարգն է, հատկապես՝ դպրոցական: Նկատած կլինեք, երեւի, թե դպրոցի ուսուցիչներն ինչպիսի ատելություն ունեն ինտերնետի հանդեպ: Շատերը գոռում են, թե ինտերնետը սպանեց գրականությունը, եւ մի պահ անգամ չեն մտածում, որ կրթությունը նաեւ տարբեր գործիքներից օգտվելու հմտություններ սովորեցնել է նշանակում:

450Ռուբեն Բաբայան
Լուսանկարը՝ Հակոբ ՀովհաննիսյանիՀաճախ ենք ասում, որ հեռուստատեսային ինֆորմացիան ուղղորդվում է իշխանությունների կողմից: Իհարկե, դա այդպես է, բայց վստահ եմ, որ նորմալ կրթություն ստացած ու ինքնուրույն մտածող մարդը շատ լավ կարող է այդ ուղղորդվող իրավիճակից դուրս գալ ու, միեւնույն է, ճիշտ ընկալել իրեն հասնող ինֆորմացիան: Առնվազն հասկանալ, որտեղ են իրեն փորձում են օգտագործել, ուղղորդու՞մ են, թե՞ ոչ:

Դա էլ է կրթությո՞ւն:

Իհարկե, կրթություն է: Ես հիմա կարծես դասական ֆրանսիական լուսավորչական ուղղության ներկայացուցչի նման բոլոր հարցերի լուծումը տեսնում են կրթության մեջ: Մենք հաճախ ենք ասում, որ հիմա կգա ինչ-որ մեկը (ասենք՝ ընտրությունների արդյունքում) ու միանգամից կփոխի մեր կյանքի որակը: Վստահ եմ, ոչ մի փոփոխություն չի կատարվի, եթե հենց մեր հասարակությունից չբխի փոփոխության պահանջը: Իսկ հասարակությունը այդ պահանջը կարող է ներկայացնել այն ժամանակ, երբ համապատասխան կրթական ցենզ ունենա:

Բայց կրթված, բանիմաց մարդը բավական վտանգավոր է, թեկուզ միայն նրանով, որ կարող է անհարմար հարցեր տալ իշխանություններին: Միգուցե վտանգին դիմադրելո՞ւ համար էլ ինքնահոսի ու փտման է դատապարտվում հատկապես դպրոցը:

Կրթված մարդն, իհարկե, վախեցնում է շատերին: Բայց այստեղ մի մեծ պարադոքս կա. կիսագրագետ հասարակության մեջ ոչինչ անել չես կարող, այն անհեռանկար է: Հանրային կառուցների ցանկացած օղակ՝ սկսած ամենափոքրից (ասենք՝ շենքի լիազորից) վերջացրած նախավերջին օղակով, իրենց իրավունք են վերապահել ասելու. «Մեզանից ոչինչ կախված չէ, քանի որ մենք ընդամենը կատարողներ ենք, որոնցից պահանջում են վերադասները»: Լավ, ասենք՝ համաձայնեցինք, բայց հարց է առաջանում՝ իսկ ամենվերջին օղակը ո՞ւմ կարող է դա ասել:

Բարձրյալին երեւի…

Բարձրյալը հաստատ չի պահանջի անել այն, ինչ արվում է: Ամենավերեւի օղակը արդարացում չունի եւ ուզած չուզած պետք է որոշակի քայլերի դիմի: Իսկ այդ

«Բոլոր դարերում էլ հումորից սարսափելի վախեցել են տգետները, բարդույթավորված մարդիկ ու երեւույթները»:

կարեւոր քայլերը հնարավոր չէ անել, եթե հասարակությունը կիսագրագետ է:

Երբ հասարակությունը երկար ժամանակ խավարի մեջ է պահվում, գալիս է մի շրջան, երբ դա սկսում է խանգարել հենց խավարը ապահովողներին, որոնք օրերից մի օր զարմանքով նկատում են, որ այլեւս ոչինչ անել չեն կարող:

Հայաստանում չափազանց ակտիվ հարթակ է Ֆեյսբուքը, այն, թերեւս, ամենամեծ սփռում ունեցող լրատվամիջոցն է դարձել: Նաեւ զուգահեռ հասարակություն է ձեւավորել…

Միամտություն է, երբ թվում է, որ վիրտուալ տարածքը քեզ շրջապատող ամբողջ աշխարն է, որը դու ինքդ ես ընտրում, ձեւավորում ու խմբագրում: Ֆեյսբուքը հեշտությամբ ծնում է պատրանք, որ դու սիրելի ու արժեքավոր ես (մեկ օրում, ասենք, հարյուրավոր «լայքեր» ես ստանում):
Բայց շատ կարեւոր է հիշել, որ ամբողջ աշխարհը նաեւ այն հատվածն է (եւ բավական մեծ հատվածը), որը քեզ հետ չի շփվում, քեզ հետ համաձայն չէ, իսկ որոշ դեպքերում նաեւ դեմ է քեզ:

Ընդհանրապես ուրիշներին հասկանալու (մանավանդ, երբ նրանք լրիվ հակառակ հայացքներ են արտահայտում) ու նրանց հետ ընդհանուր լեզու գտնելու կարողությունը շատ թանկ է: Կարծում եմ` հստակ է՝ եթե փորձում ենք իրար հասկանալ, առաջընթաց է տեղի ունենում, իսկ հենց դադարում ենք իրար հասկանալ, դեպի պատերազմ ենք գլորվում: Ընդ որում՝ պատերազմներում կրակոցները պարտադիր չեն, կարող ենք հարեւաններով, ընկերներով,

«Մեր առաջնային խնդիրը թերի կրթական համակակարգն է, հատկապես՝ դպրոցական: Նկատած կլինեք երեւի, թե դպրոցի ուսուցիչները ինչպիսի ատելություն ունեն ինտերնետի հանդեպ»:

բարեկամներով, քույրերով ու եղբայրներով պատերազմի մեջ հայտնվել: Անարդյունավետ մի պատերազմի…

Իսկ ինչպես գիտենք, պատերազմների ժամանակ երեխաներ չեն ծնվում: Երեխաները ծնվում են սիրո արդյունքում:

Դուք ղեկավարում եք հայաստանյան ամենակենսունակ թատրոններից մեկը, որը ոչ միայն մանուկների, այլեւ մեծահասակների հետ զրուցելու թեմաներ է գտնում:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է մեր թատրոնը կարծես միշտ ուշանում՝ չփորձելով մտահոգիչ ակտուալ թեմաները բեմական նյութ դարձնել, ասենք, թեկուզ քաղաքական դոկումենտալ ժանրի միջոցով: Ի վերջո, բեմը ոչ միայն ամենահին, այլեւ ժամանակակից լեզվով ասած՝ online ռեժիմով աշխատելու ներուժ ունեցող մեդիահարթակ է:

Թատրոնը պետք է լինի տարբեր: Իհարկե, մենք ունենում ենք հաջողված ներկայացումներ, բայց դրանք մթնոլորտ ստեղծող չեն: Համաձայն եմ, որ հասարակության ներսում կատարվող պրոցեսները անտարբեր չպիտի թողնեն թատրոնը: Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ թատրոնը հուզող թեմաներին արձագանքելու գեղարվեստական ձեւը չի կարողանում գտնել: Թատրոնը արագ արձագանքման խումբ կամ մասմեդիա չէ, նրա լսարանը շատ ավելի փոքր է, քան ցանկացած օրաթերթի ընթերցողների քանակը:

Եվ հետո էլ, եթե թատրոնը սկսի արձագանքել իրականությանն այնպես, ինչպես, ասենք, օրաթերթը, այն մրցակցությանը չի դիմանա: Թերթը, հեռուստատեսությունը կամ ինտերնետային լրահոսը նույն գործը կանեն ավելի լավ եւ արագ: Թատրոնը փոքր-ինչ ավելի խորը հայացք նետելու կարիք ունի: Չէ՞ որ թատրոն գալով՝ հանդիսատեսն ուզում է նաեւ էսթետիկական հաճույք ստանալ, երկխոսության մեջ մտնել:

Ի վերջո, չմոռանանք, որ թատրոնի ֆունկցիաներից մեկն էլ դիտողի ստեղծագործական ջիղը արթանացնելն է: Ամենամաքուր արվեստն, օրինակ, երաժշտություն 451Ռուբեն Բաբայան
Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանիէ, քանի որ եթե այն լավն է, լսողին անպայման մղում է ստեղծագործելու: Ընդ որում` երաժշտության հեղինակի հետ համահավասար ստեղծագործելու:

Ամեն դեպքում կարծում եմ, որ պլակատային թատրոնը այնքան էլ թատրոն չէ: Սովետական ժամանակ ասում էին` առավոտյան թերթում, երեկոյան կուպլետում (այսինքն՝ բեմից կատարվող երգերում): Նման թատրոն յուրահատուկ թատրոն, իհարկե, կարող է գոյություն ունենալ, բայց իսկական թատրոնը ավելի խորը զրույցի հարթակ է:

Պլակատային թատրոնի դերը հիմա բավական հաջող կատարում են հումորային գրառումները, դեմոտիվատորները, մեմերը, ծաղրական ֆոտոկոլաժները, որոնք հայտնվում են հիմնականում մեդիայում ու սոցցանցերում ու հետո ակտիվորեն շրջանառվում առօրյայում: Տպավորություն է, որ ստեղծագործելու ջիղը հումորով է արտահայտվում:

Հումորն ընդհանրապես հիանալի բան է: Իսկ ձեր նշած բոլոր օրինակները կարծում եմ՝ ժամանակի պահանջ են: Ընդհանրապես 21-րդ դարը հեգնանքի, իրոնիայի դար է: Եվ դա շատ լավ է: Բոլոր նրանք, ովքեր չափից ավել լուրջ են վերաբերվում սեփական անձին, սեփական ազգի գաղափարախոսությանը, այսպես ասած` վերեւից հրահանգված ճիշտ ուղուն, ծիծաղ են առաջացնում եւ մեծ իմաստով առաջխաղացում չեն ունենում: Եվ հակառակը` եթե այդ ամենին իրոնիայով են նայում, շատ ավելի արդյունավետ են որպես անձնավորություններ: Հումորը բուժիչ հատկություն է, եւ բոլոր դարերում էլ հումորից սարսափելի վախեցել են տգետները, բարդույթավորված մարդիկ ու երեւույթները:

Հումորը արտակարգ հատկություն է, հատկապես՝ երբ այն ուղղված է դեպի ներս:

Նկատելի է, որ շատերը Հայաստանում դժվար են դիմանում հումորի փորձությանը, մանավանդ այն մարդիկ, ովքեր, ըստ իրենց, որոշակի դիրքի են հասել: Նրանք ոչ միայն հումորը, այլեւ թեթեւ կյանքը տանել չեն կարող: Թեթեւ ասելով՝ նկատի ունեմ թեթեւությունը սեփական հագուստի, վարվելաձեւի, անձի հանդեպ: Նրանց թվում է, որ որքան ծանր ներկայանան, այնքան մեծ արժեք կունենան: Եթե նրանցից հանենք կոստյումները, փողկապը, նաեւ տակը դրված աթոռն ու թողնենք մերկ, շատ արագ կհամոզվենք, որ նրանք գրոշի արժեք չունեն: Այդ պատճառով էլ բոլորը պինդ բռնվում են իրենց «ծանրությունից» ու ծանր-ծանր բառեր են ասում:

Կարծում եմ` հումորը աստվածային հատկություն է: Երբ ասում ենք, որ Աստված իր նմանությամբ է ստեղծել մարդուն, հիշենք նաեւ, որ հումորի զգացումը միայն մարդուն է տրված: Մարդուց բացի որեւէ այլ կենդանի էակ այդ զգացումը չունի: Կենդանիները կարող են մտածել, երեւակայել, անգամ խոսել, բայց ունակ չեն իրենց շրջապատող աշխարհին ու իրենք իրենց հումորով վերաբերվել: Դա միայն մարդուն է տրված, հետեւաբար դա աստվածային շնորհ է:

Մեր կյանքում դեռ շարունակում է մեծ դեր խաղալ հեռուստատեսությունը: Չե՞ք կարծում, որ այն, հենց ձեր նշած ծանրակշիռ ու հաստակաշի կերպարները շրջանառության մեջ դնելով, հաճախ ինքն է ծաղրի առարկա դառնում: Այն հին չէ՞:

Մեր հեռուստատեսությունը միանշանակ շատ հին է, այդ դաշտում ոչ միայն հումորը, այլեւ շատ-շատ այլ կարեւոր բաներ են պակասում: Հեռուստատեսությունն աշխատում է այնպես, կարծես ինտերնետ գոյություն չունի: Իհարկե, հետաքրքիր հաղորդումներ, այսպես ասած` կղզյակներ, հանդիպում են այնպես, ինչպես մեր

«Բոլոր նրանք, որոնք չափից լուրջ են վերաբերվում սեփական անձին, սեփական ազգի գաղափարախոսությանը, այսպես ասած` վերեւից հրահագված ճիշտ ուղու հանդեպ, ծիծաղ են առաջացնում եւ մեծ իմաստով առաջխաղացում չեն ունենում»:

հասարակության մեջ են հանդիպում փոքրիկ առողջ կղզյակներ (օրինակ՝ բնապահպանական, ճարտարապետական ձեւախեղումների, օտարալեզու դպրոցների տարածման դեմ պայքարող խմբերը):

Նկատել եմ նաեւ, որ հենց որ հեռուստատեսային թոք շոուների կամ որեւէ այլ հաղորդման մեջ ինքնահեգնանքի չափաբաժինը մի քիչ ավելանում է, եթերում միանգամից կյանք է հայտնվում:

Բայց մենք ընդհնարապես ծանր ենք, եւ դրա պատճառը բազմաթիվ բարդույթներն են: Մեկը ասում է` մենք 5 հազար տարվա պատմություն ունենք, մյուսը հակադարձում է` ոչ, մենք 10 հազար տարվա պատմություն ունենք: Եվ բոլորն այդ հազարամյակների բեռը իրենց վրա են կրում ու ծանր-ծանր քայլում են աշխարհով: Բայց եթե հանկարծ որեւէ մեկը փորձի ոչ թե այդ հսկայական բեռը, այլ ինքն իրեն տանել, միանգամից կհամոզվի՝ որքան թեթեւ ու հեշտ է քայլում:

Ընդհանրապես պետք չէ այս հողը, այս երկիրը ծանրացնել սեփական գոյությամբ, քեզ շրջապատող մարդկանց վզին փաթաթել սեփական ներկայությունն ու անել այնպես, որ շրջապատը երազի մեզանից ազատվելու ու առանց մեզ հանգիստ շնչելու մասին:
Թվում է՝ հասարակ բաների մասին ենք խոսում, բայց իրականում քչերս ենք պատկերացնում, թե ինչպիսի տպավորություն ենք թողնում նորմալ մարդկանց վրա: Եվ, առավելեւս, այն ժամանակ, երբ մեդիայի ուշադրությանն ենք արժանանում եւ այսպես ասած` խոշորացույցի տակ ենք հայտնվում: Ի վերջո, կարող ենք նաեւ ժպտալ, ինքներս մեզ հեգնել (նաեւ ձեռ առնել), պակաս նշանակություն տալ սեփական կեցվածքին:

Նաեւ բարեւե՞լ պատահական անցորդներին:

Գիտեք՝ ես շատ ուրախ եմ, որ այս քաղաքական նորամուծությունը մտավ մեր կյանք որպես վարվելաձեւ, որպես շփման կիրթ մոդել: Բոլոր ընտրությունների ժամանակ մենք լսել ենք, որ թեկնածուները միմյանց սպառնացել են, վիրավորել, իսկ հիմա բոլորովին այլ մշակույթ ներմուծվեց: Եվ պարզվեց, որ դա շատ էլ արդյունավետ է, քանի որ իրար հանգիստ նայող մարդիկ շատ ավելի արդյունավետ կարող են լուծել ծագող խնդիրները, քան եթե իրար սպառնան գլուխ պոկել ու վարկաբեկել:

Վստահ եմ` ինքն իրեն հեգնելու պատրաստ մարդը ոչ կկառչի իր աթոռից, ոչ էլ արագորեն դրանից վայր կընկնի:

Էլի եմ ասում` Աստված թեթեւ է, հումորով:

Հումորով էլ արարե՞լ է աշխարհը…

Առանց հումորի բա այսպիսի աշխարհ կստեղծե՞ր…
Դերասանուհի Ֆաինա Ռանեւսկայան մի հաճարեղ խոսք ունի, ասել է` ես այնքան խելացի էի, որ կարողացա կյանքս թեթեւ ապրել:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ