ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, February 16, 2013 22:59 - 1 քննարկում

Հայ մարդ, ինչու՞ դարձար այսպիսին…Դե տնքա՜…ցավդ դեռ նոր է գալու…

ՀԱ´Յ ՄԱՐԴ
Հայ մարդ,ինչու՞ դարձար այսպիսին…
Ինչու՞ թույլ տվեցիր կոտրեն հավատդ քո վաղվա օրվա նկատմամբ:
Ինչու՞ թույլ տվեցիր բորենիների ոհմակը տիրի երկրիդ ու քեզ:
Դու,որ քո լավագույն որդիների բարձրակարգ արյունով էիր ներկել քո դարերի անցնելիք ճանապարհը,որ երկիր-պետությունդ հիմնել էիր այդ որդիներիդ պողպատից ամուր ոսկորների վրա՝ այլևս այն չկորցնելու հաստատակամությամբ,որ հազար անգամ մեռել ու նորեն ծնվել էիր Դեր-Զորներում,որ որոտացող հրացանի վրիժառու գնդակ որպես՝ մխրճվել էիր թշնամուդ սրտում Մուսա լեռան բարձունքից,Վանից,ՈՒրֆայից,որ խենթացել էիր Սարդարապատում, որպես նորօրյա Դավիթ Սասունցի,որ հողագործ-մարտիկ որպես՝ անպարտելի ուժ էիր դարձել քո զորավար Նժդեհի համար ու քո արյամբ հաստատել Լեռնահայաստանիդ ներկայությունը քարտեզիդ վրա,որ օտարների հողում անգամ, հազարավոր հերոսներ,մարշալներ ու զորավարներ էիր տվել քոնը չեղող պատերազմին,որ վերջապես՝ 70-ամյա թմբիրից արթնացած, առյուծաբար ծառս եղար թշնամուդ դեմ Արցախում և աշխարհին հիշեցրիր քո հաղթական բազկի ուժի մասին…ինչու՞ թուլացար յուրայինի առաջ,ինչու՞ լռեցիր,երբ քո սեփական մարմնիդ վրա բույն դրած տզրուկները՝ ՔՈ ԱՐՏԱՐԳԱՆԴԱՅԻՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ սկսեցին քամել արյունդ,ա´յն արյունը,որ պահել ու պահում էիր հայրենիքիդ համար հեղելու…
Ինչու՞ հավատացիր քեզ թալանծ ու թալանող,քո հերոս որդիներին թիկունքից դավադրաբար ոչնչացրած ու նրանց թափած արյամբ արբեցած, քո թշնամիների հետ գաղտնի ձեռք-ձեռքի տված քո ապօրինի զավակներին,ովքեր աստվածաշնչյան հակոբներ դառած՝ խաբեցին քեզ,միտումնավոր կերպով թույն ներարկեցին հոգուդ՝ ընդդեմ քո իրական հերոս զավակների և քո աչքի առաջ, կտրեցին քեզ համար պայքարող նրանց արդար բազուկը…
Ինչու՞ տեր չկանգնեցիր քո արժանավոր զավակներին ու թույլ տվեցիր,որ խաբվածիդ աչքի առաջ ծաղր ու ծանակի ենթարկեն նրանց,կոչեն «բանդիտ» ու «ելուզակ» և սեփականացնելով նրանց արյամբ ու կյանքով նվաճած փառապանծ հաղթանակը՝ իրենք իրենց կոչեն «սպարապետ,գեներալ ու հերոս»…
Ինչու՞ թույլ տվեցիր,որ ծաղրեն քեզ,համարեն հիվանդ ու մտակույր և ներողամտությունդ շահարկելով՝ աչքիդ առաջ պատվանդան բարձրացնեն արյունդ ծծողներից ամենահրեշավորին,լավագույն որդիներիդ դավադրաբար ոչնչացնողին,հայրենիքիդ մի մասը թշնամուդ վաճառողին ու դեռ պահանջեն փառաբանումդ նրա համար…
Ինչու՞ և ինչպե՞ս դարձար այսպիսին…
Իսկ հիմա՝ այսքանից հետո,կրկին վաճառքի են հանել հույսերդ ու հավատդ…ՈՒ Դու՝ մոլորվածդ, լավագույն,քեզ մինչ ի մահ թիկունք կանգնելու պատրաստ որդիներիդ կորստից միայնակ մնացածդ, արդեն չգիտես ինչ անելդ, չգիտես վաղվա օրդ…
Դե տնքա՜…ցավդ դեռ նոր է գալու…
ՈՒ քեզ կրակե շապիկ հագցրած ապօրինի զավակներդ,դեռ տոնելու են իրենց դանթեական խրախճանքը… տոնելու են՝ նրանց արնաթաթախ ոտքերի տակ քո կողմից մատղած գառան մսով և սեփական քրտինքիցդ քամած գինով:Խմելու են խեղճիդ ստրկամտության կենացը՝ մտքում քրքջալով հոգով խեղվածիդ վրա…
Դեռ կանչելու ես,կանչելու ես վահագնածին զավակներիդ օգնության,բայց չես գտնելու…
Փնտրտուքիդ քայլերը քեզ տանելու են Եռաբլուր, բայց այնտեղ էլ դեմ ես առնելու քաջ որդիներիդ բանտված հոգիներին,որոնք և´ իրենց հերոսացման օրերին,և´ իրենց նահատակ վիճակում, պարտադրված եղան տանելու, դավադիր սուրն իրենց գլխին ճոճած մի կիսախելագարի ներկայություն…
Նորից փետելու ես մազերդ,ողբալու ես,անիծելու ես ապօրինիներիդ համար ունեցած հրճվանքներիդ օրերը…ու մի օր՝ հասկանալու ես,որ ինքդ պիտի քո ձեռքով շտկես սխալդ, որ Տիգրան Մեծիդ օրինակով,պիտի սեփական սիրդտ կտոր-կտոր անելով՝ փրկես երկիրդ օտարագեն քո ապօրինիներից…
Ճանապարհդ լույս է և օրհնանք է ճանապարհդ:Դժվարն՝ այն գտնելն է…ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
17.02.2013


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Kokd chorana
Feb 17, 2013 1:59


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('25043') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB4\xD5\xAA\xD5\xA2\xD5\xA1\xD5\xAD\xD5\xBF...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB4\xD5\xAA\xD5\xA2\xD5\xA1\xD5\xAD\xD5\xBF...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB4\xD5\xAA\xD5\xA2\xD5\xA1\xD5\xAD\xD5\xBF \xD5\xBA...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219