ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, February 10, 2013 21:25 - 5 քննարկում

Ես հպարտ էի, որ Զատիկյանի գաղափարների կրողն եմ: ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԲԱՆՏԱՅԻՆ ՀՈՒՇԵՐ
Զրույց Ստեփան Զատիկյանի մասին

1991 թվականն էր:Մոտ մեկ տարի էր գտնվում էի ՀՀ ԿԳԲ-ի բանտում:Արտաշատյան արյունոտ դեպքերին վերաբերվող մեր գործի նյութերը,որոնք չափազանց արագ կերպով հավաքվել ու առանց լուրջ ուսումնասիրությունների և առերեսումների կազմվել ու զետեղվել էին 21 հատորներում,պետք է ուղարկվեին ՀՀ Գերագույն դատարան քննության:ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննչական խումբը,որը քննում էր մեր գործը,ամեն կերպ համոզել էր ջոկատի ձերբակալված բոլոր 14 մարտիկներին,առանց գործի նյութերին ծանոթանալու, արագ ստորագրել և համաձայնություն տալ,գործն ուղարկելու դատարան:Դա օրենքի կոպիտ խախտում էր,մանավանդ մեր վրա բարդված այդքան լուրջ՝ պատժի առավելագույն չափ նախատեսող մեղադրանքների դեպքում:Սակայն այն տարիներին ու մանավանդ մեր դեպքում, ո՞վ էր հաշվի նստում օրենքի կիրառման,կամ՝ չկիրառման փաստի հետ,երբ ուղղակի պատվեր կար, ամեն կերպ հաշվեհարդար տեսնել մեզ հետ:Տղաները բոլորն ստորագրել էին,որ իբր ծանոթացել են գործին և հերթը հասել էր ինձ:Քննչական խմբի ղեկավարը Սերգեյ Աբրահամյանն էր,որ հանրապետությունում հայտնի էր, որպես կատարված հանցագործությունները կոծկող՝ եթե դա անհրաժեշտ էր ու պատվիրված,քննությունները գլխիվայր շուռ տվող,խիղճը գրպանը դրած և առևտրականի հոգեբանություն ունեցող, իշխանությունների և օրգանների կողմից շարունակաբար պատվերով մեղադրանքներ առաջադրող մի քննիչ:Մարդկային խղճի այս ողորմելի առևտրականն էլ հենց՝ քննիչ Սերգեյ Աբրահամյանն, ամեն բան անում էր,որ ես ևս առանց գործի նյութերին ծանոթանալու,ստորագրություն տամ,որպեսզի նա հնարավորություն ունենա գործն ուղարկել դատարան:Գործի մեջ կային այնպիսի ցուցմունքներ՝ ամիսներ շարունակ ջոկատի դեմ դուրս եկած հանցագործ բանդայի ղեկավարներ Լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանի և Միշա Խուդավերդյանի (Կծան Միշայի) ձեռքով գրված,որոնք ուղղակի բացահայտումներ էին, իրենց զինած և մեր դեմ հանած այն ժամանակվա ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի մասին:Ահա թե ինչն էր քննչական մարմինն ամեն կերպ ցանկանում մեզանից թաքցնել:Ամեն ինչ արվում էր,որպեսզի այդպես էլ մեզ համար մութ մնար,մեր դեմ կազմակերպված ու իրականացված այդ ահռելի մեծ հանցագործության իրական ապազգային կազմակերպիչների անունները:Եվ եթե ես ևս կամքի ուժ չցուցաբերեի և տարբեր կազմակերպություններին,պառլամենտին,թերթերին, դատախազությանն ուղղված իմ բազմաթիվ բողոք դիմումների արդյունքում քննչական կազմի կողմից համաձայնություն չստանայի ծանոթանալ գործի նյութերին,այդպես էլ ջրի երես դուրս չէր գա այն փաստը,որ ՆԳ նախարարի տեղակալ հանդիսացող մի «մարդ»՝ Կառլեն Թորոսյան անունով,համագործակցելով շրջանի հայտնի հանցագործների հետ,զինել է նրանց և ծրագիր մշակել,նրանց միջոցով ոչնչացնելու մեզ՝ «կոմունիստների համար մեծ վտանգ ներկայացնող անկախականներիս»:
Ես, լսել չուզելով քննչական խմբի կողմից բերվող ոչ մի պատճառաբանություն՝ հասա նրան,որ ինձ մոտ բերվեցին բոլոր 21 հատորներն ու ես սկսեցի ծանոթանալ դրանց:
Հենց այդ ժամանակ էր,որ հայրս եղբայրներիս համար դատապաշտպան էր վարձել:Իմանալով իմ բնավորությունը,նա այդ դատապաշտպանին խնդրել էր նախ այցելել ինձ,ստանալ իմ համաձայնությունը և հետո նոր պայմանավորվածություն ձեռք բերել իմ դատապաշտպանը հանդիսանալու համար:
Եվ 1991 թվականին, մի օր ԿԳԲ-ի բանտ ինձ այցելության եկավ 60-65 տարեկան,բարձրահասակ մի մարդ,ներկայանալով որպես եղբայրներիս դատապաշտպան և ՀՀ դատապաշտպանների միության նախագահ:Աշոտ Մաթևոսյան էր նրա անուն- ազգանունը:
Կարճ զրույցից հետո,երբ ես հարգանքով հրաժարվեցի նրա պաշտպանությունից՝ ասելով,որ ինձ ոչ ոք ավելի լավ չի կարող պաշտպանել,քան՝ ես,նա վերջին փորձն արեց ներկայանալու,կամ՝ գուցե ինձ հավատ ներշնչելու իր անձի ու իր ունեցած փորձի վերաբերյալ և ասաց,որ ինքը 70-ականներին եղել է Ստեփան Զատիկյանի դատապաշտպանը:Ես զարմացա և մեկ անգամ ևս մերժելով նրա կողմից առաջարկվելիք ծառայությունը,խնդրեցի պատմել Ստեփան Զատիկյանի մասին:Նա չմերժեց ինձ և սկսեց իր պատմությունը:
Նախ ասաց,որ Ստեփան Զատիկյանին, Մոսկվայի բանտում այցելել է երկու անգամ:Ասում էր,որ նա ընկճված չի եղել:Ստեփան Զատիկյանն իրեն հարցրել է,թե արդյոք նա կոմունի՞ստ է և Մաթևոսյանը պատասխանել է,որ՝ այո:Ասում էր,որ Զատիկյանը հրաժարվել էր ամեն տեսակի սովետական դատապաշտպաններից և գրել ու քննիչներին էր հանձնել արտասահմանյան 3 տարբեր դատապաշտպանների անուններ ու հասցեներ,պահանջելով նրանց հրավիրել,որպես իր դատապաշտպաններ:Սակայն այդ հարցում մերժել էին նրան:Դատապաշտպան Ա.Մաթևոսյանին ուղղված իմ այն հարցին,թե հապա ինչպե՞ս էր Զատիկյանն ընդունել իրեն,որպես իր պաշտպան,նա պատասխանեց,որ Զատիկյանն իրեն ևս չնդունեց:Բայց քանի որ սովետմիության մեջ գոյություն ուներ օրենք,ըստ որի ցանկաց մեղադրյալ,ուզենար,թե՝ չուզենար , պետք է անկախ ամեն ինչից ունենար իր պաշտպանը,նա ներկայացել էր հենց այդ օրենքի համաձայն:Ասում էր,որ իրեն կանչել էր ԿԳԲ-ն և ասել,որ պետք է մեկնի Մոսկվա,որպես Զատիկյանի դատապաշտպան:Հատագայում,դատի ընթացքում Զատիկյանը հայտարարում է,որ Ա.Մաթևոսյանը չի կարող լինել իր դատապաշտպանը,իր շահերը նա չի կարող ներկայացնել,քանի որ իր այն հարցին,թե՝. դուք կոմունի՞ստ եք,Մաթևոսյանը պատասխանել է՝. «այո,կոմունիստ եմ և հպարտ եմ դրա համար»:Մաթևոսյանն ինձ ասաց,որ ինքը թեև՝ «հպարտ եմ դրա համար», այդ բանը չէր ասել,բայց գուցե այդպես էր պետք Զատիկյանին և նա այդպես հայտարարեց,ասելով,որ՝.«ինչպե՞ս կարող է կոմունիստ եղող և դրա համար իրեն այդքան հպարտ զգացող մեկը պաշտպանել ինձ նման մեկի շահերը,ով դեմ է Կոմունիստներին և պայքարում է նրանց դեմ»:Զատիկյանի այս պատճառաբանությունն ու դատապաշտպան Մաթևոսյանին բացառք հայտնելը, մերժվում է դատարանի կողմից և Մաթևոսյանը շարունակում է մասնակցել դատական գործընթացին,որպես Զատիկյանի դատապաշտպան:
Անցել էին տարիներ,բայց Մաթևոսյանը ակնհայտ հիացմունքով էր խոսում Ստեփան Զատիկյանի մասին,ինչը մի անբացատրելի ուժով էր լցնում հոգիս՝ ինձ հաղորդելով անկոտրում կամք:Իսկ ինձ շա՜տ էր անհրաժեշտ այդ կամքը,քանի որ,Վազգեն Սարգսյանի անմիջական կարգադրությամբ,ԿԳԲ-ի նկուղից նրան ուղղված իմ «Բաց նամակ»-ի պատճառով,որտեղ իր երեսին էի շպրտում նրա կատարած բազմաթիվ հանցագործություններն ու զարմանք հայտնում,որ նրա նման մեկը այդքանից հետո դեռ բազմել է երկրի պաշտպանության նախարարի աթոռին ,ինձ վրա բարդել էին այնպիսի մեղադրանքներ,որոնցից մի քանիսը նախատեսում էին պատժի առավելագույն չափ՝ գնդակահարություն:Կարելի ասել՝ բարդել էին Քրեական օրենսգրքի համարիա բոլոր այլանդակ մեղադրանքները և ինչպես դատարանում հայտարարեցի՝ «եթե Վազգեն Սարգսյանն իր երևակայության մեջ մի փոքր էլ առաջ գնար,կմոռանար իմ կին լինելու հանգամանքը և ինձ վրա կբարդեր վերջին մեկ մեղադրանք ևս՝ բռնաբարություն»:
Պատմում էր Մաթևոսյանը,որ թեև Ստեփան Զատիկյանին մեղադրում էին Մոսկվայում տեռորիստական ակտ կատարելու համար,բայց նա,հանդես գալով որպես Զատիկյանի դատապաշտպան,պարտավոր էր ճշգրիտ ապացույցներ պահանջել և պահանջեց:Ասում էր,հաջորդ օրն իսկ, բերեցին դատարանում էկրան փակցրեցին պատին և ինքնաշեն պայթուցիկներից մեկի ժամացույցի ապակու վրա եղած մատնահետքն հատուկ ապարատով մեծացրեցին ու համեմատեցին Զատիկյանի մատնահետքի հետ,ապացուցելով,որ դրանք նույն մատնահետքն են:
Պատմում էր,որ օրեր տևած դատի վերջում, երբ պետական մեղադրողը (դատախազը) պահանջեց պատժի առավելագույն չափ՝ գնդակահարություն,հատուկ թույլտվությամբ դահլիճում ներկա եղող հասարակությունը ծափահարեց,հայտնելով իր գոհությունը:
Դրանից հետո վերջին խոսքի իրավունքը տրվում է Զատիկյանին,որը խոսում է 3 դատական օր անընդմեջ:Մաթևոսյանը հիացած պատմում էր,որ հրաշալի էր նրա վերջին խոսքը:Պատմում էր,որ Զատիկյանը այդ 3 օրերի ընթացքում,մանրամասնորեն ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը,ռուսական դարավոր մոտեցումը հայկական հարցին և վերջին 60 տարիներին Հայաստանի ու հայ ժողովրդի վիճակը ԽՍՀՄ կազմում,նրա ազգային արժեքների ոտնահարումը և իրենց պայքարի նպատակը:
Ասում էր՝.« Զատիկյանի խոսքի ավարտից հետո, երբ դատարանը կարդաց կայացրած վճիռը՝ գնդակահարություն,այլևս դահլիճում ձայն չլսվեց,չկային նախկին ծափահարությունները:Դահլիճը հասկացել էր Զատիկյանին և համակրանքն արդեն նրա կողմն էր:Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո,Ստեփան Զատիկյանը հայերեն լեզվով բարձրագոչեց՝ «այսօր իմ կյանքի ամենաերջանիկ պահն է,ես զոհվում եմ հանուն Հայասատանի ազատության»:Հետո բռնեցին նրա թևերից և դատավորը կարգադրեց անմիջապես թարգմանել ասվածը»:
Ահա,այսպես պատմում էր Աշոտ Մաթևոսյանը Ստեփան Զատիկյանի՝ Հայաստանի և հայ ժողովրդի ազատության պայքարի ճանապարհին իր կյանքը անմնացորդ նվիրած այդ հայորդու մասին,իսկ իմ աչքերից լու՜ռ թափվում էին արցունքները և լուսավորվում էր հոգիս…
Մեկ տարուց ավել ԿԳԲ-ի մգլոտ,կիսամութ նկուղներում գտնվելով,դատապաշտպան Մաթևոսյանի պատմությունները Ստեփան Զատիկյանի մասին, աներևակայելի լույս հաղորդեցին հոգուս:Ես հպարտ էի,որ Զատիկյանի գաղափարների կրողն եմ:
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
11.02.2013թ.



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SVETLANA
Feb 10, 2013 22:46


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24930') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBF\xD5\x90\xD4\xB1\xD4\xBF\xD5\x88\xD5\x91...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBF\xD5\x90\xD4\xB1\xD4\xBF\xD5\x88\xD5\x91...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBF\xD5\x90\xD4\xB1\xD4\xBF\xD5\x88\xD5\x91 \xD4...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-templat in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219