ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, January 21, 2013 19:05 - 3 քննարկում

Լիլիթ Վարդանյանը` Հայաստանում գիտության թերֆինանսավորման մասին…

Այսօր – 00:29
Երիտասարդ գիտնականի ամբիոն
(Շատ հետաքրքիր ու հաճելի զրույց ունեցա… Լիլիթ Վարդանյանի հետ: Եվ քանի որ հարցերս արտացոլված են Լիլիթի պատասխաններում, ներկայացնում եմ միայն պատասխանները):


– Թե ինչպե՞ս եմ վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում, պատասխանեմ այսպես. … ահա… ես հիմա copy կանեմ, թե այդ մասին ինչ եմ գրել ֆեյսբուքի «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում.
«Մի խոսքով, էս կես տարվա հայաստանյան գիտական խորխորատների իմ պեղումներից հանգեցի այն եզրակացության, որ գիտության ֆինանսավորման ավելացման մեր պահանջը կառավարությունը դիտում է որպես մուրացկանություն և անտեսում է: Համենայն դեպս, հստակ ասվել է այդպես մինչև 2020 թվի համար: Ես արդեն ընդունում եմ, որ մեր պահանջը մոտենում է մուրացկանության շեմին ու իրոք ինձ արդեն ստորացված եմ համարում: Ինչքա՞ն կարելի է բարձրաձայնել, որ ներկայիս տված գիտական ֆինանսավորմամբ հնարավոր չէ գոյատևել և ինչպես ասում են՝ եղունգ ունես՝ գլուխդ քորի: Գիտնականը պետք է գիտական գործերով զբաղվի, պարոնա՛յք կառավարության անդամներ, այլ ոչ թե մտածի՝ ո՞նց անի, որ կենցաղային հոգսերը հոգա: Գիտաշխատողները, բան ու գործ, թողած ընկել են՝ լուրեր ու նորություններ են կարդում՝ հույսով սպասելով թունելի վերջում լույսի: Դարձել ենք քաղաքական գործիչ, ա՛յ մարդ: Ինձ ինչ պետք է՝ ես իմանամ, թե, ասենք, Նիկարագուան ՀՆԱ-ի քանի տոկոսն է տալիս գիտությանը… սկսեմ համեմատություն անել, սկսեմ գլուխ ջարդել, թե ինչու է CRDF-ը նույն ծրագրով վրացի հաղթողին կրկնակի գումար տալիս… էհ-էհ… տեսնես կգա՞ մի օր, որ հանգիստ գնամ գործի ու սկսեմ փորձերս անել, հոդված գրել, ուսանողներիս խորհուրդներ տալ… ու չմտածել ՀՆԱ-ի տոկոսների մասին…
Մանկության երազանքս բժշկուհի դառնալն էր… միգուցե ավելի շուտ ընտանեկան ավանդո՞ւյթը պահելու համար: Բայց հետո հասկացա, որ չափազանց զգայուն եմ՝ բժիշկ դառնալու համար, չեմ կարող անգամ կենդանիների վրա հետազոտություններ անել, դրա համար ընտրեցի էկոլոգի մասնագիտությունը, իսկ այս ասպարեզում էլ՝ բույսերի բաժինը: Ուսանողական հենց առաջին տարին էլ արդեն գիտեի, որ միայն այդ հինգ տարով չեմ սահմանափակվելու: Իմ աշխատանքն ինձ համար կենսակերպ է, առանց դրա չեմ պատկերացնում ինձ: Իհարկե կան նաև շատ դժվարություններ, բայց, ամեն դեպքում, ես ինձ ուրիշ համակարգում չեմ պատկերացնում: Շարունակական զարգացում և հետաքրքիր բացահայտումներ. ահա սա է գիտությունն ինձ համար: Այնպես է ստացվել, որ ամուսինս նույնպես իմ բնագավառի մարդ է՝ իր գործին նվիրված ու բավականին մեծ ձեռքբերումներով: Այս հանգամանքը իրապես երկուստեք օգտակար է:
Աշխատանքային գրաֆիկը, հատկապես բնական գիտություններով զբաղվող գիտնականի, չի կարող սահմանափակվել այն պարտադիր 8-ժամյա աշխատանքային օրով, որով առաջնորդվում են ընդհանրապես: Եղել են այնպիսի օրեր, որ լաբորատորիայում եմ լուսացրել, եղել են նաև այնպիսի օրեր, երբ մուսան բացակայել է, ու օրն անարդյունավետ է անցել: Այս առումով ես գիտությամբ զբաղվելը ստեղծագործական աշխատանք է: Հիմնականում, աշխատանքը շարունակվում է նաև լաբորատորիայից կամ համալսարանից դուրս՝ տանը՝ համակարգչի առաջ:
Նախասիրություններս շատ են, ժամանակս՝ քիչ: Միջնակարգ երաժշտական կրթություն էլ ունեմ, անգամ համերգների եմ մասնակցել, շատ եմ սիրում նվագել ու երգել: Ընկերների ու բարեկամների շրջանում հայտնի ենք՝ որպես երգող-պարող:
Շախմատ խաղալ եմ սիրում, հիմա էլ աղջիկս է շախմատի դասերի գնում, ես էլ կողքից «վերապատրաստվում» եմ:
Սեռը նշանակություն ունի’ ինչպես ամենուր, գիտական կյանքում նույնպես: Ես մինչև հիմա չեմ հավատում սեռերի հավասարության կարգախոսին: Ամենուր էլ դա կա, ու ինձ թվում է՝ միշտ էլ լինելու է: Ես այդ երևույթն ուղղակի անտեսում եմ: Բոլորին էլ հայտնի է, որ, օրինակ, ասպիրանտուրա ընդունվելիս առաջնությունը միշտ տրվում է տղաներին: Միևնույն ժամանակ կան բնագավառներ, որտեղ առաջնությունն աղջիկներին է տրվում: Արտասահմանում այս երևույթը այդքան նկատելի չէ, համենայն դեպս՝ եվրոպական երկրներում: Այնտեղ նույնիսկ օրենք կա գործավարների սեռային տոկոսային հարաբերությունների մասին:
Հիմա աշխատում եմ Բժշկակենսաբանական գիտությունների միջազգային հետբուհական կրթական կենտրոնում: Մասնագիտությամբ բուսաբան էկոլոգ եմ, աշխատում եմ ջրային միջավայրի – բույս – կենդանի օրգանիզմներ տրոֆիկ շղթայի վրա ծանր մետաղների ազդեցության խնդիրների վրա: Իսկ աշխատանքների հաջողությունները արտացոլված են տպագրված հոդվածներում :)
Միջազգային գիտաժողովների սկսել եմ մասնակցել դեռ ասպիրանտուրայում սովորելու առաջին տարիներից: Նշեմ միայն վերջին մի քանիսը. Taal, 12th International World Lake Conference, Jaipur-India, October, 2007; “Climatic impacts on terrestrial and aquatic ecosystems” Focus on Soils and Water (FoSW) International Workshop, Uppsala, Sweden, October, 2009; Between Europe and the Orient – A Focus on Research and Higher Education in/on Central Asia and the Caucasus. International Conference, Tbilisi, Georgia, May, 2010; Seventh Annual Conference on the Physics, Chemistry and Biology of Water, West Dover, Vermont, October, 2012.
Արտասահմանում սովորել ու աշխատել եմ մոտ տասը տարի, Israel Nature and Parks of Authority, National Institute of Oceanography, Goa, India; Institute of Landscape and Plant ecology, University of Hohenheim, Stuttgart, Germany; Swedish University of Agricultural Sciences, Department of Aquatic Sciences and Assessment, Uppsala, Sweden և այլն: Կոնկրետ իմ մասնագիտության առումով, ես Հայաստանում կարող եմ միայն դաշտային հետազոտությունների գնալ, այն էլ այն դեպքում միայն, եթե թեմատիկ ֆինանսավորում լինի: Հայաստանում, առանց միջազգային դրամաշնորհների ֆինանսավորման, ես ոչինչ անել չեմ կարող, իսկ փորձերի մասին կարող եմ միայն երազել… Արտասահմանում ես այս ամենի մասին չէի էլ մտածում, քանի որ գիտեի՝ եթե ես անեմ այնն, ինչ ինձանից սպասում են, ապա իմ փորձերի հետ կապված ֆինանսավորման ոչ մի խնդիր չեմ ունենա: Մի շատ հասարակ բան, ես Հայաստանից չեմ կարող կարդալ ինձ հետաքրքրող այն գիտական աշխատանքները, որոնք տպագրված են այն ամսագրերում, որոնք անվճար նայելու թույլտվություն չունեն: Ես հիմա խնդրում եմ իմ արտասահմանցի ծանոթներին, որ ներբեռնեն դրանք և ուղարկեն ինձ: Դրսում, քո սենյակում նստած, դու կարող ես համակարգչով մտնել գրադարան և տվյալ գրքի բացակայության դեպքում պատվիրել ու ստանալ այն կարճ ժամանակում: Հազար ու մի մանր-մունր բաներ կան, որ գիտական կյանքի մասն են կազմում: Ամեն դեպքում պետք է նշեմ նաև, որ արտասահմանում աշխատելն էլ մի բաժակ ջուր խմել չէ: Եղել են անգամ օրեր, որ գիշերել եմ լաբորատորիայում՝ շարունակական փորձերի ու ծրագրերի վերջնաժամկերներին հասցնելու համար: Շաբաթներով դաշտային աշխատանքների եմ մասնակցել ու դրանցից անմիջապես հետո սկսել լաբորատոր փորձերը՝ հավաքած փորձանմուշները պահպանելու համար: Բայց երբ տեսնում ես կատարածդ գործի արդյունքները և ստանում համապատասխան վարձատրություն, քեզ բավարարված ես զգում:
Միջազգային գիտական համագործակցություններում ընդգրկվել եմ սկսած 2001թվից: Ինչպես արդեն նշեցի, աշխատել եմ Իսրայելում, Հնդկաստանում, Գերմանիայում, Ճապոնիայում, Շվեդիայում: Ցավոք, անպիսի դրություն էր, որ Հայաստանում չկային այնպիսի լաբորատորիաներ և պայմաններ, որոնք անհրաժեշտ էին ինձ՝ իմ գիտական գաղափարներն ու պլանները իրականացնելու համար, և, ելնելով այդ անհրաժեշտությունից, ստիպված էի դիմելու միջազգային գիտական կրթաթոշակների, որոնց դրական պատասխաններն ինձ հնարավորություն տվեցին հասնել սպասված արդյունքների: Եվ ինչպես բոլորի մոտ, ինձ մոտ էլ, աշխատելով տարբեր երկրների հեղինակավոր համալսարաններում, աստիճանաբար կապեր ստեղծվեցին տվյալ կենտրոնների գիտնականների հետ: Առանց միջազգային գիտական համագործակցությունների՝ Հայաստանում գիտական ոլորտում աշխատելը ես ուղղակի անհնար եմ համարում: Դա բացի այդ, գիտությունն այնպիսի բան է, որ միշտ էլ համագործակցության դեպքում հենց բուն գիտական արդյունքն ավելի շատ է ստացվում, քան անհատական գործունեության դեպքում:
Գիտական մրցանակներից և դրամաշնրհներից նշեմ միայն մի քանի ամենակարևորները… և ասեմ, որ դրանք կարևոր են այնքանով, որ իմ կատարած աշխատանքների մոտ 80 տոկոսը կատարվել է հենց դրանց շնորհիվ. 01/Oct/2009–01/Apr/2011 Postdoctoral Guest Scholarship, Swedish Institute (SI) at Swedish University of Agricultural Sciences, Uppsala, Sweden; 01/Jan/2006–01/April/2009 Research grant from the Volkswagen Foundation, University of Hohenheim, Institute of Landscape and Plant ecology, Stuttgart, Germany; 15/June/2005–15/Oct./2005 INSA-JRD TATA Fellowship from the Indian National Science Academy, National Institute of Oceanography, Goa, India; 01/Oct/2002–01/March/2003 DAAD Fellowship, Institute of Landscape and Plant ecology, University of Hohenheim, Stuttgart, Germany; 15/Jan/2002–15/Apr/2002 INSA-JRD TATA Fellowship from the Indian National Science Academy, National Institute of Oceanography, Goa, India; 01/Sept/2001–01/Sept/2003 INTAS Fellowship (Belgium) for Young Scientists from the NIS, Israel Nature and Parks of Authority, Israel.
Համահեղինակներս հիմնականում նույն մասնագիտական շրջանակներից են և նույն գիտական խմբի անդամներ: Ինչպես արդեն նշվեց, ես ունեմ միջազգային գիտական համագործակցության մեծ փորձ և հետևաբար համատեղ կատարված աշխատանքների ցանկը բավականին մեծ է: Ունեմ նաև աշխատանքներ, որտեղ ես միակ հեղինակն եմ: Քանակական առումով, իմ աշխատանքների կեսից ավելին ունեն համահեղինակներ: Այդ աշխատանքներում իմ կատարած դերը բացառապես մասնագիտական է. բույսերի դասակարգում, ֆիտոցենոզների նշանակություն, անհետացող ու հազվագյուտ հանդիպող բույսեր, ինչպես նաև բույսերի՝ (հիմնականում ջրաբույսերի) ջրի որակի և աղտոտման աստիճանի որոշում և այլն:
Տպագրությունների քանակը՝ միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում և հղումների թիվը պետք է միացնել իրար ու դարձնել միասնական հիմք՝ մրցանակաբաշխությունների համար: Շարունակե՛լ այդպես. հազիվ ճիշտ ուղղու վրա են :)
Մրցանակներ ու խրախուսանքներ… մոտեցումը պետք է պետակա՛ն լինի, ոչ թե ինչ-որ մասնավոր հիմնադրամների մրցանակներ ու խրախուսանքներ: Պետք է աշխատավարձ բարձրացնել, ոչ թե տարին մեկ ինչ-որ գումար տալ: Ես չեմ ասում՝ դա վատ է, ո՛չ, իսկապես գովելի է, բայց դա պետք է երկրորդական լինի: Ու դրանք իրավիճակ չեն փոխի… թերևս շատ չնչին:
Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները… ցավոտ թեմա է: Պետք է արդեն նկատած լինեիք, որ իմ վերը թվարկած բոլոր դրամաշնորհները և մրցանակները միայն արտասահմանյան էին: Ու չեմ կարծում, որ պատճառն այն է, որ Հայաստանում գիտության ֆինանսավորման համար գումար չկա: Հիմա չէի ուզենա խոսել այդ մասին, քանի որ, ինչքան հասկացել եմ, ապարդյուն է այդ մասին խոսելը… անկեղծ ասած ես հուսաթափ եմ եղել: Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները գալիս են կառավարության անդամների ոչ ադեկվատ մոտեցումներից: Ու դա հասել է այն աստիճանի, որ գիտաշխատողները արդեն ամաչում են բարձրաձայնել, որ իրենք գիտաշխատող են, քանի որ հասարակությունը մի տեսակ խղճահարությամբ է նայում ու առաջին հարցը, որ տալիս են՝ բա ոնց եք ապրում… Հավատացեք, որ սա վիրավորական է… Իսկ թե ինչպես շտկել իրավիճակը, դա իրավասու մարմինները շատ ավելի լավ գիտեն, քան ես… բայց ցավոք, դա իրենց մեղմ ասած չի հուզում…
Ուրախությամբ պետք է ասեմ, որ Հայաստանում զարմանալիորեն մեծ թիվ են կազմում էնտուզիազմով լի երիտասարդ գիտնականները: Ու նաև ցավով պետք է ասեմ, որ չեմ ակնկալում, որ այս երիտասարդները կմնան Հայաստանում այն պայմաններում, ինչում որ հիմա են գտնվում: Կգա մի օր, որ հերթով կլքեն երկիրը: Հայաստանի նման երկրի համար ամեն մի գնացող երիտասարդ գիտնական կորուստ է: Փոխանակ ատամներով պահեն ու դեռ մի բան էլ գնացողներին հետ բերեն, հիմա ամեն պայման ստեղծում են, որ թողնեն ու գնան…
Լուծման ճանապա՞րհ: Շատ պարզ. գոնե նվազագույն պայմանների ստեղծում և աշխատավարձի բարձրացում: Եվ խնդրում եմ, թող էլ նույն պատճառաբանությունը չբերեն, թե ֆինանսավորում չեն կարող ապահովել: Ցանկություն է պետք ուղղակի: Կարող եմ անգամ օրինակ բերել՝ վերջերս Պետական մանկավարժական համալսարանը, երբ ուսանողների թվի կրճատման դեպքում անգամ իրականացվում են շինարարական մեծ աշխատանքներ, աշխատավարձերի 40 տոկոս բարձրացում են անում: Տեսնում ե՞ք, որ եթե ուզում են, ստացվում է:
Վերջին տարիներին դրական միտումներ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ-պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ՝ էլի եմ ասում, այո, կան, բայց դրանք այնքան չնչին են, որ ընդհանուր ֆոնի վրա համարյա չեն երևում: Պետակա՛ն մոտեցում է անհրաժեշտ: …Որ մեր պետական այրերն էլ ամեն տեղ մեր գիտության նվաճումներից մեծ-մեծ չեն խոսում՝ ուզում ես ասել՝ գոնե դուք «սուս արեք» է՛լի…
Իմ հետագա կարիերան, մեծ ցավով պետք է նշեմ, որ’ անգամ ամենամեծ ցանկության դեպքում, ես Հայաստանում չեմ պատկերացնում: Ցանկությունս շատ մեծ է, անգամ այնքան մեծ, որ հաստատուն ու երկարաժամկետ պայմանագրով աշխատանքս թողեցի Շվեդիայում ու վերադարձա Հայաստան: Բայց միշտ չէ, որ ցանկություններն ու իրականությունը համընկնում են… Ամեն դեպքում, անգամ արտասահմանում աշխատելիս, ես միշտ համագործակցել եմ Հայաստանի գիտնականների հետ, համատեղ ծրագրերի առկայության դեպքում, առանց մի րոպե անգամ տատանվելու, նախընտրել եմ ունենալ հայ գիտնական թիմակից: Հուսով եմ, որ դեռ կգա ժամանակը, երբ հայ գիտնականը չի ցանկանա մշտական աշխատել ու ապրել Հայաստանից դուրս: Իսկ ես այնքա՜ն չիրագործած ծրագրեր ունեմ Հայաստանում անելու։ Մի օր հաստատ իրագործելու եմ:
Զրուցեց Մանե Հակոբյանը



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SVETLANA
Jan 21, 2013 20:43


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24597') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\xB4 \xD5\xAD\xD5\xA5\xD5\xAC\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\xB4 \xD5\xAD\xD5\xA5\xD5\xAC\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\xB4 \xD5\xAD\xD5\xA5\xD5\xAC\xD5\xA1\xD6\x81...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219