Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, September 23, 2012 3:51 - 9 քննարկում

Կոմսոմոլ նախագահ և կալվածատեր կաթողիկոս՝ այր ու կին, մեկ մարմին…

«Սուրբ Օլիգարխ» եկեղեցի

 

 

Եկեղեցին գրոհում է քաղաքը 

Սերժ Սարգսյանն օրերս ելույթ ունենալով Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման միջոցառմանը, հայտարարեց, թե լավ կլինի, որ Երեւանի կենտրոնում կառուցվի Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գաղափարն իսկապես լավ գաղափար է, արժեքավոր գաղափար: Բայց եթե այդ գաղափարի իրականացման մեկնարկին պետք է նաեւ եկեղեցի կառուցելու գաղափարը բարձրաձայնվեր, ապա թերեւս ավելի լավ կլիներ, որ այդ մեկնարկը չլիներ:

Երեւանում կա ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդում, ուր ամեն տարի ապրիլի 24-ին այցելում են հարյուր հազարավոր հայստանցիներ եւ Հայաստանի հյուրեր:

Մի՞թե Սերժ Սարգսյանին չի բավարարում ցեղասպանության զոհերի այդ հուշահամալիրը: Միթե ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի իշխանության երեւակայությունը չի բավականացնում այլ բանի, քան նոր եկեղեցի կառուցելը, Երեւանի առանց այդ էլ հագեցած կենտրոնում:

Եթե Երեւանի որեւէ ծայրամասում մի բազմաբնակարան շենք կառուցվեր անօթեւան, բնակարանի լուրջ խնդիրներ ունեցող բազմազավակ ընտանիքների համար, եկեղեցի կառուցելու փողերով, ապա դա թերեւս շատ ավելի արժեքավոր բան կլիներ, այդ թվում նաեւ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու տեսանկյունից:

Այլապես տարօրինակ է, երբ երկրում կան ուղղակիորեն առօրյայի զոհեր, իսկ իշխանությունը բարերաներին կոչ է անում ցեղասպանության զոհերի արդեն իսկ եղած, արդեն իսկ համընդհանուր ճանաչում ունեցող հուշահամալիրից բացի կառուցել նաեւ մի եկեղեցի, այն էլ Երեւանի կետրոնում: Իսկ ինչի՞ համար կենտրոնում: Որովհետեւ իշխանությունը կենտրոնից դուրս որեւէ բան տեսնելու սովոր չէ՞, թե բարերարներն են սովորույթի համաձայն միայն կենտրոնում կառուցվելիքի համար փող տալիս:

Այդպես օրինակ Երեւանի կենտրոնում կառուցվում է նոր Վեհարան՝ կաթողիկոսանիստ,եւ նաեւ մի եկեղեցի՝ կարծես թե Սուրբ Աննա: Խոսքը Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի մասին է, որտեղ դրա համար քանդվեց Լեզվի եւ գրականության ինստիտուտը: Դրանից հետո տարածքում բավական հարմարավետ բաց հրապարակ գոյացավ, որը կարելի էր վերածել այնտեղ գտնվող Կաթողիկե փոքրիկ եկեղեցու շուրջ կազմավորված հաճելի պուրակի: Բայց, դրա փոխարեն տարածքն անմիջապես պատվեց Վեհարանով եւ եկեղեցով, ինչ է թե բարերարը համաձայնել է փող տալ հենց այդ տեղի ու կառույցի համար:

Եթե բարերարները փող են տալիս միայն իրենց ուզած տեղի ու կառույցի համար, ապա պետք է խորին շնորհակալություն եւ երախտագիտություն հայտնել նրանց, հետո մի մեդալ տալ պետական պարգեւադարանից, ու այլեւս մոռանալ նրանց մասին:

Ու նաեւ թերեւս արժե առժամանակ մոռանալ Երեւանում եկեղեցի կառուցելու մասին: Թող վերակառուցվեն հեռավոր շրջաններում անտերության մատնված ու աղբանոցի վերածված եկեղեցիները, որոնց կապակցությամբ Կաթողիկոսի հայտնի խոսքի մեջբերումից հետո, որ արեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, Հայ Առաքելական եկեղեցին կարծես թե այդպես էլ որեւէ հանգամանալից ու սպառիչ բացատրություն չտվեց, թե ի վերջո ինչպիսին է իր վերաբերմունքը հեռավոր, լեռնային եկեղեցի-հուշարձանների հանդեպ:

Ըստ երեւույթին, Հայաստանի թե աշխարհիկ, թե հոգեւոր իշխանության օլիգարխիկ բնույթը ձգում է դեպի Երեւանի կենտրոն, ու հեռու չէ այն օրը, երբ կենտրոնում կկառուցվեն բազմահարկ եկեղեցիներ, որի ամեն մի հարկում կգործի մասնակից բարերարներից յուրաքանչյուրի ասենք մոր, տատիկի, քրոջ, դստեր, կամ այլ հարազատի անունով կոչված մի եկեղեցի՝ ասենք առաջին հարկում Սուրբ Սրբուհի եկեղեցին, երկրորդ հարկում՝ Սուրբ Մաքրուհի եկեղեցին:

Աստծուն հաճելին մատուցելու համար պետք չէ եկեղեցիներ կառուցել, երբ դրանք առանց այդ էլ քիչ չեն, իսկ փոխարենը շատ են հացի, տան, հագուստի, առողջության կարոտ մարդիկ, որոնց Աստված ստեղծել է իր պատկերով ու նմանությամբ: Կառուցեք տներ այդ մարդկանց համար, կառուցեք հիվանդանոցներ, ուր նրանք եւ նրանց երեխաները կկարողանան բուժվել առանց բժիշկների մուննաթի, հագուստ եւ կրթություն ապահովեք նրանց երեխաների համար: Երբ երկրի ավելի քան 30 տոկոսն աղքատ է, երբ չկա աշխատանք, երբ ութ երեխա ունեցող ընտանիքներն ապրում են հողաշեն տներում կամ տնակներում, բարերարներին ոչ թե եկեղեցի կառուցելու համար է պետք դիմել, այլ ներդրում կատարելու, աշխատատեղ ստեղծելու, տուն կառուցելու:

Պետք է ոչ թե եկեղեցի կառուցել, այլ պետությունն էլ, ու անգամ եկեղեցին, պետք է փորձեն պարզել, թե այդ ինչպես է պատահում, որ ԱԺ փոխնախագահը մի քանի նորակառույց բնակարաններ է տնօրինում, թե այդ ինչպես է պատահում, որ նախագահի վերահսկողական ծառայության պետի անունն է շրջանառվում էլիտար բնակարանաշինության աղմկոտ պատմություններում:

Պետության եւ եկեղեցու դաշինքը պետք է իրավա-բարոյական մեխանիզմների համադրությամբ հասարակության, քաղաքացու շահը սպասարկի, ոչ թե ապահովի եկեղեցու եւ իշխանության մեծապատիվ «հայրերի» տնտեսա-քաղաքական շահույթը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Հովհաննիսյան Գևորգ
Sep 23, 2012 4:37


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('22444') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\xB6\xD5\xB9\xD5\xBA\xD5\xA5\xD5\xBD...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\xB6\xD5\xB9\xD5\xBA\xD5\xA5\xD5\xBD...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\xB6\xD5\xB9\xD5\xBA\xD5\xA5\xD5\xBD \xD5\xBA...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219