ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, August 17, 2012 3:51 - 2 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 28)

Մաս 28 ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ

Ինքնաթիռ ռեստորանի պայթեցման հաջորդ օրվա կեսօրին, ինչպես ջոկատի մարտիկներից երեքը իջել էին Վայքից Արտաշատ,այնպես էլ նույն օրը երեկոյան՝ վերադարձան Վայք:Այս դեպքի մասին, հենց հաջորդ օրը ես հայտնեցի Աշոտ Նավասարդյանին:Նա զարմացավ և հաստատեց մեր կասկածները,որ ինչ որ բան է ձեռնարկվում ջոկատի դեմ:Եվ հաշված օրեր անց, Արտաշատ գործուղվեց հին ու հայտնի քաղբանտարկյալ Հակոբջան Թադևոսյանը,կոորդինացնելու համար Արտաշատի և Արարատի ԱԻՄ-ների աշխատանքը:Սակայն Արարատում այլևս ԱԻՄ գոյություն չուներ:Արարատի ԱԻՄ-ում կասկածամտություն և անվստահություն էր տիրում և եղած մի քանի տղաները դժգոհ իրենց ղեկավարից, հեռացել ու ցրվել էին և Հակոբջան Թադևոսյանը մնաց Արտաշատում,որպես Արտաշատի «Անկախության Բանակ»-ի շտաբի պետ:ԿԳԲ-ն և Ներքին գործերը շատ լավ գիտեյին,թե ո՞վ է Հակոբջան Թադևոսյանը և կարծում եմ,որ գիտեյին նաև՝ տարիներ առաջ,մեր պատանեկության շրջանում նրա՝ մեր հոգևոր հայրը լինելու հանգամանքը ևս,ինչպես նկարագրել եմ պատմությանս սկզբում:Հակոբջան Թադևոսյանը ազգի անմնացորդ նվիրյալներից էր,հին ԱՄԿ-ական ու պատմաբան:Նրա առաջարկով ջոկատը անվանվեց «Արտաշատի Մովսես Գորգիսյանի անվան Անկախության Բանակ»:Մի քանի օրից մենք միասին մեկնեցինք Վայքի Բարձրունի գյուղ՝ ջոկատի մոտ,որպեսզի Հակոբջանը մոտիկից ծանոթանա ջոկատի անդամներին և նրանց գործունեությանը:Գոյություն ունեցող կարգ ու կանոնը,իրենց գործի իմացությունը,քաղաքական և ռազմական գործերի կազմակերպվածությունը շատ զարմացրին Հակոբջանին և նա այդ մասին մանրամասն հաղորդել էր Աշոտ Նավասարդյանին: Հակոբջան Թադևոսյանի նման անհատի մուտքը Արտաշատ, հանգիստ ընդունվել չէր կարող շրջանի կոմունիստների և ներքին օրգանների աշխատողների շրջանում և այդ փաստը ցնցում առաջացրեց շատերի մոտ:Անաչառ լինելու համար պետք է ասել,որ Հակոբջանը թուլություն ուներ խմիչքի հանդեպ և օգտվելով դրանից,մեկը մյուսի ետևից սկսեցին շտաբ այցելել և´ շրջանի բարձրաստիճան ղեկավարների ,և´ հանցագործ մաֆիայի ներկայացուցիչները,և´շատ այլ կասկածելի մարդիկ,որոնք բոլորն էլ փորձում էին ամեն կերպ համոզել Հակոբջանին,ընդունելու կերուխումի իրենց առաջարկները:Հակոբջանը բացարձակապես չէր ճանաչում Արտաշատցիներին և չգիտեր,թե ով՝ ով է և ի պատիվ իրեն պետք է ասել,որ բնատուր խելքն ու զգոնությունն էին համարիա միշտ թելադրողը,երբ նա անգամ գինովցած էր լինում:Եվ այսպես,նա միշտ և բոլոր դեպքերում մերժում էր կերուխումի այն առաջարկները,որ արվում էին իրեն,կարծես զգալով,որ դրանք ինչ որ ուրիշ նպատակ են հետապնդում:
Մի օր,երկու տարի ԿԳԲ-ի բանտում գտնվելուցս հետո,երբ դատարանի վճռով ազատ արձակվեցի,փողոցում պատահաբար հանդիպեցի նախկինում Արտաշատի բարձրաստիճան կոմունիստ ղեկավարներից մեկին և մեր փոքրիկ զրույցի ընթացքում նա այսպիսի միտք արտահայտեց՝.«Եթե այդ Հակոբջանը չգար Արտաշատ,ձեզ հետ էսքան բան չէր պատահի»:Մարդն ի նկատի ուներ ուղղակի Հակոբջանի ճանաչված և «վտանգավոր» այլախոհ լինելու փաստը:Բայց ես այդ ասածին երբեք համաձայն չեմ եղել:Գուցե Հակոբջանի ներկայությունը ավելի կատաղեցրեց կոմունիստական մաֆիային և արագացրեց մեր հանդեպ նրանց ծրագրած գործողությունները,բայց որ այդ ծրագիրը մեր դեմ կազմվել էր Հակոբջանի Արտաշատ գալուց առաջ,դա հաստատում էր անգամ ՆԳ Նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի կողմից զինված ու նրա ցուցումով մեր դեմ ելած հանցավոր խմբի ղեկավար Ռուբեն Հակոբջանյանը , Գլխավոր դատախազությանը տված իր ցուցմունքում:Համենայնդեպս,այն ժամանակ եթե տեսնում ու հասկանում էինք,այսօր՝ երբ անցել են 22 երկար ու ձիգ տարիներ,վստահաբար կարող ենք ասել,որ Կոմունիստական Մոսկվան ամեն ինչ անում էր ազգային-ազատագրական շարժումը վերածելու ներքին քաղաքացիական կռիվների,ինչի միջոցով,«բաժանիր, որ տիրես» հայտնի ասույթի համաձայն,ուզում էր թուլացնել ժողովրդի համախմբվածությունը և պատճառ ունենալ զորք իջեցնելու Հայաստան ու ճնշելու շարժումը:Իսկ դրա հաջողության համար, Հայաստանում չէին պակասում ՆԳ Նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի նման ազգադավ ծախու արարածները և որպես գործիք օգտագործվող այնպիսի հանցագործներ,ինչպիսիք էին Ռուբեն Հակոբջանյանն ու Միշա Խուդավերդյանը,որոնց համար որպես առաջին ու վերջին սրբություն՝ շահն էր ու էլի շահը…Սեփական ազգի դեմ դավադրություն կազմակերպելով,սրանք ուղղակիորեն դառնում էին հավատարիմ գործակալները կոմունիստական տոտալիտար ռեժիմի և ըստ այդ էլ՝ ավելի ամուր կանգնում ոտքերի վրա և միաժամանակ, վերացնում էին անպատիժ կերպով տարիներ ի վեր իրենց կատարած հանցագործությունների բացահայտման հնարավորությունը:Իր «ՀՀՇ-ի երկաթյա վարագույրից այն կողմ» գրքում,այս մասին միանգամայն ճիշտ վերլուծություն էր տվել ՀԱԲ-ի քաղ գծով հրամանատար Վարդան Վարդանյանը,ասելով,որ «կոմունիստական ռեժիմը քաղաքացիական պատերազմ հրահրելու համար,որպես թիրախ պետք է ընտրեր ու առաջինը ոչնչացներ այնպիսի մի ջոկատ,որը ամենամարտունակն էր ու ամենակազմակերպվածը:Իսկ այդպիսի ջոկատ այդ ժամանակ Արտաշատի Սամվել Մարգարյանի ղեկավարած ջոկատն էր ու հենց նրանցից էլ սկսեցին»:Պարզ է,որպես թիրախ, պետք է ընտրեին ամենաուժեղին և այդ խմբում՝ ամենակարևոր մարդուց պետք է սկսեին:Անհրաժեշտ էր նախ՝ գլխատել ջոկատը…
1990 թվականի մարտի 23-ի առավոտյան ես զանգ ստացա Վայքից:Սկսվել էին Բարձրունու մարտերը և Վայքի շտաբից հայտնում էին,որ Սամվելին շտապ զինվորական,զինամթերքային օգնություն է պետք ու նաև բժիշկներ:Նախ պետք է ասեմ,որ ջոկատն այդ ժամանակ արդեն չափազանց լավ էր զինված ,ուներ նույնիսկ զրահամեքենա՝ ԲՏԵՌ,որը վարում էր կրտսեր եղբայրս՝ Վարդանը:ԲՏԵՌ-ը սահման էր տարվում միայն անհրաժեշտություն դեպքում,քանի որ սահմանների վրա դեռևս գոյություն ուներ սովետական զորքը:ԲՏԵՌ-ը պահում էինք Արտաշատի ԴՕՕՍԱՖ-ի գարաժում:
Հակոբջանը շտաբում չէր, երբ Վայքից ստացա հեռախոսազանգը:Օգնության կանչը լսելով,առաջինը հեռախոսով կապնվեցի կրտսեր եղբորս Վարդանի հետ ու հայտնեցի լուրը:Հետո անմիջապես զանգահարեցի Երևան Աշոտ Նավասարդյանին:Նա պատասխանեց,որ Երևանի Բանակը պատրաստ չէ և մինչև պատրաստվի ու մեկնի հեռավոր Վայք,գուցե և մարտը վերջացած լինի:Ասաց,որ Արտաշատի «Անկախության Բանակ»-ին է հանձնարարված պահել Բարձրունու սահմանը,ուրեմն նրանք էլ պետք է մարտը վարեն իրենց ուժերով:Մոտ մեկ ժամ անց,երբ արդեն շտաբում էր Հակոբջանը,երկրորդ զանգն ստացանք Վայքից:Այնտեղից հայտնում էին,որ մարտը շատ կատաղի է,թշնամին երեք կողմից շրջափակել է Բարձրունին և շտապ օգնություն է պետք:Հակոբջանն անմիջապես զանգահարեց Նավասարդյանին և նա մի կերպ խոստացավ «մի բան անել»:Հակոբջանը ակնհայտորեն դժգոհ ու բարկացած էր այդ պատասխանից:Ես վազեցի վերև,ՀՀՇ-ի շտաբ:Այն ժամանակ Արտաշատի ՀՀՇ-ի ջոկատի պետն էր Վիտիա անունով մի մարդ:Հայտնեցի նրան լուրն ու ասացի,որ շտապ օգնություն է պետք:Սա կտրուկ հրաժարվեց,ասելով,որ՝.«մենք ՀՀՇ-ին ենք ենթարկվում,իսկ ՀՀՇ-ից նման հրաման չունենք»,հետո խոստացավ կապնվել Երևանի ՀՀՇ-ի հետ ու հարցում անել:Հարցում անելուց հետո հայտնեց,թե՝.«ՀՀՇ-ն մեզ հանձնարարել է Արտաշտից այն կողմ չգնալ,Արատաշատը պահել»:Իմ համբերության բաժակը լցվեց և սկսեցի ամեն տեսակ լուտանք թափել Վիտիայի ու այնտեղ գտնվող ՀՀՇ-ականների գլխին:Իսկ նրանցից շատերն այսօր ղեկավար պաշտոնների են,թեև չունեն ոչ մի կրթություն,բայց փոխարենը՝ ճանաչված են որպես շրջանի «ֆիդայիներ»:Կրտսեր եղբայրս՝ Վարդանն, արդեն գործի էր գցել ԲՏԵՌ-ը,վերցրել էր եղած ամբողջ զինամթերքն ու կազմ-պատրաստ կանգնած էր շտաբի դիմաց:Նրա հետ էր նաև «Գարուն» արտադրական միավորման ցեխի վարիչ Գագոն,որը ժամանակին,ինչպես պատմել եմ արդեն,ջոկատի ձեռք բերած ավտոմատ զենքերը, ուսումնականից դարձրել էր ռազմական:Նա 40-նն անց մարդ էր,ջոկատի անդամ չէր,բայց դա չէր խանգարում,որ նա միշտ զենքը ձեռքին միանար ջոկատին, նրա բոլոր մարտերի ժամանակ:Մենք մնացել էինք անելանելի վիճակի մեջ:Ինձ մոտ կար Վազգեն Սարգսյանի տան հեռախոսահամարը:Ես զանգահարեցի նրան, պարզվեց,որ նա տանը չէ,բայց Արարատ քաղաքում է:Ես ու եղբայրս շտապ մեկնեցինք Արարատ:Ծանոթ մի կին կար այնտեղ,քաղսովետի աշխատող,նրա միջոցով գտանք Վազգենին:Նա մի հին «Վոլգա 21» մակնիշի մեքենայով էր:Հանդիպեցինք Արարատի ավտոբուսների կանգառում ու հայտնեցինք լուրը՝ խնդրելով օգնություն:Նա խոստացավ,որ շտապ մի բան կձեռնարկի և հորդորեց մեզ հանգիստ լինել օգնության հարցում…Բայց այդպես էլ, նրա կողմից ևս ոչ մի օգնություն չեղավ 3 օր տևած մարտերի ընթացքում ու դեռ ավելին…
Մենք Արարատից վերադարձանք և ուղղվեցինք դեպի հիվանդանոց:Այնտեղ Գայանե անունով մի բուժքույր էր աշխատում,նրան հայտնեցինք լուրն ու խնդրեցինք շտապ օգնություն:Բուժքույրը մտավ երիտասարդ բժշկի աշխատասենյակ և բառացիորեն, հաշված րոպեներից հետո,բավականին մեծ քանակությամբ բժշկական պարագաներ վերցրած,բժիշկն ու բուժքույրը միացան մեզ:Թող ինքնագովություն չհամարվի,եթե ասեմ, որ այդ պարագայում ես հանգիստ շտաբում նստել չէի կարող:Անհրաժաշտ օգնության բացակայությունը մի տեսակ ստիպում,պարտավորեցնում էր ինձ անպայմանօրեն մեկնել մարտի դաշտ:Չգիտեի,թե ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,ոչ էլ դրա մասին մտածելու ժամանակ ունեի,բայց շատ պարզ գիտակցում էի՝ մարտի դաշտ հասնելու անհրաժեշտությունը:«Վիլիս» մակնիշի մեքենան, շտաբի դիմաց մեզ էր սպասում:Ես Հակոբջանին հայտնեցի,որ մեկնում եմ Բարձրունի:Նա դժգոհեց,ասելով թե ես ի՞նչ պիտի անեմ մարտի դաշտում:«Մի բանով գուցե օգտակար կլինեմ»,ասացի ու բժշկի և բուժքրոջ հետ բարձրացա մեքենա:
Կեսօրվա ժամը 11-12-ին մենք արդեն Բարձրունիում էինք:Գյուղի հանդերն ու դիմացի սարի լանջերը անխնա ռմբակոծվում էին սարից այն կողմ գտնվող ադրբեջանցիների կողմից:Սարի գագաթին,ժայռաբեկորների տակ դիրքեր մտած, կատաղի մարտի էին բռնվել ջոկատի մարտիկները:Իրավիճակը տեսնելով,Արտաշատից եկած բժիշկն ու բուժքույրը, մոտիկ գտնվող տնակում սկսեցին արագ-արագ դասավորել բժշկական պարագաներն ու խնդրեցին անմիջապես երկու-երեք մահճակալներ բերել ու տեղադրել այդտեղ:Արագորեն ստեղծվեց նաև զինվորական հոսպիտալը:Գյուղի կենտրոնում,բժշկական այդ կետի հարևանությամբ, հեռադիտակն աչքերին,ձեռքին հաղորդիչը,կանգնած էր գյուղապետը,շրջապատված մեծ քանակությամբ գյուղացիներով:Նրանց մոտ, ուղղակի գետնի վրա, փռված էր բավականին մեծ մի ծածկոց,որի վրա կուտակված էր մեծ քանակությամբ ուտելիք և գյուղի կանայք դեռևս շարունակում էին բերել ու եղածի վրա ավելացնել նոր գյուղական բարիքներ:Երբ մոտեցանք նրանց,գյուղապետը համոզում էր,խնդրում էր գյուղացիներին վերցնել հավաքված ուտելիքը,նստել մոտիկ կանգնած «Վիլիս»-ն ու բարձրանալ դիրքեր,ասելով,որ մարտիկները լուսադեմից մարտի մեջ են և նրանց ուտելու ու խմելու բան է պետք հասցնել:Ոչ ոք չէր համաձայնվում վերցնել ուտելիքն ու հասցնել դիրքեր:Չգիտեմ,թե ի՞նչ կատարվեց այդ րոպեին,ի՞նչ ուժ մղեց ինձ առաջ,բայց մտածելու վարկիան անգամ չկար,գիտակցությունս ոչ մի դեր չխաղաց այդ րոպեին,ոչ մի երկմտություն,վախ չկար հոգուս մեջ,կարծես թե դա բնական էր,կարծես դա այդպես էլ պետք է լիներ, և ես դժգոհող,պատճառաբանող տղամարդկանց այդ ամբոխի մեջ բարձրաձայն հայտարարեցի,որ ես դիրքեր կհասցնեմ ուտելիքը:Գյուղապետն ու ամբոխը զարմացած շրջվեցին իմ կողմ:Ես ավելի վստահ կրկնեցի ասածս,հայտնելով նաև,որ ես ջոկատի հրամանատարի քույրն եմ:Ոչ մի առարկություն չեղավ:Մինչ տղամարդիկ սկսեցին արագորեն հավաքել ու կապել ուտելիքով լի ծածկոցի ծայրերը,բուժքույրը վազեց դեպի բուժկետ,հավաքեց առաջին օգնության պարագաներ և վերադարձավ հայտարարելով,որ ինքն էլ է ինձ հետ բարձրանում դիրքեր:Բժիշկը համաձայն չէր,նույնիսկ ահաբեկվեց:Երբ մենք արդեն տեղավորվել էինք «Վիլիս» մեքենայի մեջ,նա մոտեցավ և սկսեց ամբողջ ուժով քաշել բուժքրոջ թևից,ցանկանալով նրան վայր բերել մեքենայից,ասելով,որ նա շատ վտանգավոր ու անմտածված քայլ է անում:Բուժքույրը պատասխանեց,որ իր ներկայությունն հենց այս րոպեին, առաջին գծում գուցե ավելի է անհրաժեշտ և մենք շարժվեցինք առաջ:Մեր մեքենան անվնաս հասավ մինչև սարի բարձրադիր լանջին գտնվող ահռելի ժայռաբեկորի տակ:Վարորդն այդտեղ հայտարարեց,որ վտանգավոր է և ավելի առաջ շարժվել չի կարող:Մենք վերցնելով ուտելիքն ու բժշկական պարագաները իջանք մեքենայից,որն անմիջապես ետ շարժվեց:Լեռը պատված էր ճերմակ ձյունով,որի վրա կարկատանների պես տեղ-տեղ երևում էր ձնհալոցքից ազատված հողը՝ պատված ձնծաղիկներով:Ժայռաբեկորից վերև,դեպի լեռան մոտիկ գագաթը ձգվող շավղի աջ կողմում,փոքրիկ հարթության վրա նկատեցինք մի զրահամեքենա:Երբ սկսեցինք ձյուների մեջ խրվելով ու բարձրանալով առաջ շարժվել,մեզ հետ ձյունապատ գետնի վրայով քարշ տալով մեր բեռը,զրահամեքենայից հանկարծ դուրս եկավ միջինասիացու արտաքինով մի զինվոր և ռուսերենով դիմելով մեզ հարցրեց,թե ու՞ր ենք գնում:Լսելով մեր պատասխանը,նա զգուշացրեց,որ շատ վտանգավոր է առաջ շարժվելը,բայց ձեռքով ցույց տվեց,թե որ ուղղությամբ պետք է գնանք:Մեզ համար պարզ դարձավ,որ սովետական բանակի զինվորները ներկա են հայ-ադրբեջանական սահմանի վրա,բայց չեզոք դիրք են գրավել:«Մեծ եղբայրը» անվրդով դիտում էր, թե ինչպես են կենաց-մահու կռիվ տալիս իր «փոքր եղբայրները»,ավելի ճիշտ կլինի ասել՝ դիտում էր իր ԿԱՐՄԻՐ ձեռքով գրված դատավճիռ-սցենարի կենդանի պատկերը…

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
(Շարունակելի)



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

smerch
Aug 17, 2012 9:47


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21509') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xA5\xD6\x80\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xA5\xD6\x80\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xA5\xD6\x80\xD5\xAF\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219