ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, May 20, 2012 20:34 - 2 քննարկում

Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…

Զոլյանի հեռացվելուց հետո դասախոսները որոշել են բարձրաձայնել. Բրյուսովում «ստալինիզմի և վախի» մթնոլորտ էր

Սոնա Ավագյան

 

17:27, 26 ապրիլի, 2012
Երեկ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կրթության և գիտության նախարարությունը դասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանին: Հանդիպմանը մասնակցած դասախոսները ժամեր անց լրատվամիջոցներից տեղեկացել են, որ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն իրենց անվանել է «կիսագրագետ, պատահական, չկայացած, նեղացած մարդիկ»:«Մեզ կանչում են, որ ներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարին, հաջորդ օրը մենք վիրավորանքը ստանում ենք: Դա պատահական խոսք չէ, դա վերաբերմունք է կոլեկտիվի նկատմամբ, որ մենք բոլոր այս տարիներին նկատում ենք»,- «Հետքին» ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեդա Բաղդասարյանը, ով 46 տարի աշխատում է Բրյուսովի անվան համալսարանում:

Նրա խոսքերով՝ մարդկանց ղեկավարելու և նրանց հետ վարվելու Զոլյանի պահվածքն անընդունելի է, և այդ խոսքերն «ավելի խորն արմատներ» ունեն:

Ամբիոնի դոցենտ, կրթական շատ ծրագրերի հեղինակ Նինա Տատկալոն ասում է, որ Զոլյանի պաշտոնավարման ժամանակ միայն լսարան է մտել ու դուրս եկել, իսկ միջանցքով քայլել չի ցանկացել, քանի որ համալսարանում տիրում էր «վախի, երեկվա օրն անհայտ լինելու խելահեղ զգացումը»:

«Վերջին 10 տարին եղել է ողբերգության 10 տարի այն մարդկանց համար, ովքեր այստեղ ծնվել և մեծացել են»,- ասում է Նինա Տատկալոն, ով Բրյուսովի անվան համալսարանում է 17 տարեկանից. նախ սովորել է բուհում, ապա աշխատել, որից 9 տարին՝ որպես դեկան: Բայց երբ զգացել է, որ վիճակը լարվում է, դիմում է գրել և ազատվել դեկանի պաշտոնից:

«Ես չկարողացա աշխատել այդպիսի պայմաններում: Ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր պարզապես դողում են՝ ամեն օր մտնելով այս ինստիտուտ. պարզապես վախենում են, որ իրենց, ինչպես ուրիշներին, դուրս կշպրտեն: Մենք շատ սիրում էինք իրար. որտեղի՞ց է ատելության, չարության, պառակտվածության այս վիճակը: Ես գիտեմ, որ շատերը վախենում էին ինձ բարևելուց, միայն որովհետև ես ազատ մարդ եմ, դուրս եկա այդ պաշտոնից»,- ասում է նա:

Սուրեն Զոլյանը բուհում պաշտոնավարել է 15 տարի՝ 1997 թ.-ից: Դասախոսների խոսքերով՝ նրա պաշտոնավարման առաջին 5-6 տարին բուհում հանգիստ է եղել: Խնդիրները սկսվել են հետո: «Վերջին 7 տարիները դժոխք էին»,- ասում է Նինա Տատկալոն:

«Ցանկացած մարդ, եթե ցանկանում էր ինչ-որ կարծիք արտահայտել, դառնում էր persona non grata, կադրային քաղաքականությունը վարվում էր հիմնականում ֆավորիտիզմի և հովանավորչական նկատառումներից ելնելով, այսօր կիսագրագետ և անգրագետ համարվում են այն մարդիկ, ովքեր Եվրոպայում և եվրոպական տարբեր կառույցներում, որոնք այդքան շատ սիրում է հիշատակել պարոն Զոլյանը, ներկայացրել են պատվավոր կերպով ոչ միայն բուհը, այլև Հայաստանի Հանրապետությունը»,- հավելում է բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս, Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի փորձագետ Քրիստինե Սողիկյանը:

Ավագ դասախոս Ռոբերտ Հարությունյանը ևս վիրավորված է նախկին ռեկտորի բնորոշումներից: Նա 41 տարվա մանկավարժ է, Բրյուսովի անվան համալսարանում դասախոսում է 18 տարի:

«Բուհը ցնցվում է վերջին տարիներին: Ես ինչո՞ւ պետք է գամ աշխատանքի, մտածեմ՝ վաղը ինձ կթողնե՞ն ինստիտուտ մտնել իբրև դասախոս, թե՞ ոչ: Ես ինչո՞ւ պետք է ներվայնացած վիճակով ամեն անգամ ներս մտնեմ բուհ՝ չիմանալով՝ իմ օրվա վերջը ինչ կլինի: Մենք ուզում ենք նորմալ աշխատել»,- ասում է 64-ամյա Ռոբերտ Հարությունյանը:

Քրիստինե Սողիկյանի խոսքերով՝ Զոլյանի օրոք բուհում կիրառվել են կադրային քաղաքականության այնպիսի մեխանիզմներ, որոնք բնորոշ են եղել ստալինյան ռեժիմին: «Այսինքն՝ նա կարող էր մարդուն լսարանից դուրս գալու և աթոռ բերելու պատճառով ազատել աշխատանքից: Եվ երբ մարդը գնում է իրեն ասելու՝ «կներեք, ես ուզում եմ Ձեզ հետ խոսել», նա չի ընդունում մարդուն»,- ասում է Քրիստինե Սողիկյանը:

Նա և մյուս դասախոսները թվարկում են իրենց նախկին գործընկերներին, որոնք բոլորն էլ հեռացել են բուհից Սուրեն Զոլյանի պաշտոնավարման ժամանակ: Դասից ուշանալու և աթոռ բերելու համար բուհից հեռացած դասախոսը քերականության, գործընկերների բնորոշմամբ, փայլուն մասնագետ Նաիրա Մկրյանն է: Դոկտոր-պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը հեռացել է 2-3 շաբաթ առաջ: Բանասիրական գիտությունների թեկնածու Դոնարա Ղազարյանը, հայրենադարձ ամուսիններ Ծուլիկյանները, Սապարովը, Մելիք-Նուբարովը, Ավետիս Քեշիշյանը և այլք ևս հեռացել են: Ոմանց էլ Զոլյանը թոշակի է ուղարկել՝ նույնիսկ շնորհակալություն չասելով:

Բրյուսովի անվան համալսարանում 31 տարի աշխատող ավագ դասախոս Գայանե Բդեյանի խոսքերով՝ հեռացած դասախոսներից ոմանք բողոքներ են ուղարկել կրթության և գիտության նախարարություն:

«Հետքի» այն հարցին, որ եթե բուհում վախի մթնոլորտ է եղել 7 տարի շարունակ, ապա ինչո՞ւ հիմա՝ միայն Զոլյանի հեռացվելուց հետո են դասախոսներն այդ մասին բարձրաձայնում, Նինա Տատկալոն պատասխանեց, որ մարդիկ չեն ցանկացել կորցնել իրենց աշխատանքը: «Այո, գուցե մենք բոլորս մեղավոր ենք, բայց դուք հասկացեք, որ մարդիկ միշտ մտածում են իրենց հացի մասին: Հասկացեք այդ մարդկանց»,- ասաց նա:

Իսկ Սեդա Բաղդասարյանը հավելեց, որ Բրյուսովի կոլեկտիվը շատ «լուրջ, զուսպ, ինտիլիգենտ, հավասարակշիռ» է և չի ցանկացել կրակի վրա յուղ լցնել: «Սա հակասական դեմք է: Մի կողմից դա մասշտաբային դեմք է, դու այդ մասշտաբայնությունը հարգում ես, իսկ մյուս կողմից՝ չես կարող դիմանալ այդ վերաբերմունքին»,- ասում է Սեդա Բաղդասարյանը:

«Եթե բարձրաձայնողները միանգամից հարվածի տակ էին վերցվում, միավորվելու միտք չկա՞ր»,- հարցին Քրիստինե Սողիկյանը պատասխանում է, որ լռության պատճառը բուհում տիրող «դեսպոտիզմի ռեժիմն էր»: Բացի դրանից՝ Բրյուսովի դասախոսները չեն սիրում փողոց դուրս գալ և վանկարկել. «Եթե կա Զոլյանը, չկանք մենք»:

«Ինչպե՞ս կարելի է երեխաներին փողոց դուրս բերել: Ուրեմն իրենք կորցնելու շատ բան ունեն, եթե երեխաներին փողոց են դուրս բերում»,- ասում է Նինա Տատկալոն:

Քրիստինե Սողիկյանի համոզմամբ՝ դասադուլ անող ուսանողները չեն կարողանում ասել, թե ինչի համար են պայքարում: Այդ ուսանողներին պարզապես հավատացրել են, որ եթե Սուրեն Զոլյանը չպաշտոնավարի, ապա Բրյուսովի անվան համալսարանի շենքը կվաճառվի, և բուհը կմիացվի Մանկավարժական համալսարանին, ուսանողներն էլ որոշել են փողոց դուրս գալ: «Այս ամենը հիմնված է կորցնելիքից կառչելու մոտիվացիայի վրա, այստեղ ոչ մի գաղափարական պայքար չկա»,- ասաց Քրիստինե Սողիկյանը:

Դասախոսները Հայաստանի նախագահին, վարչապետին ուղղված բողոք-նամակ են պատրաստում, որով խնդրելու են համապատասխան մարմիններին ներգրավելու միջոցով ապահովել բուհի բնականոն աշխատանքը:

«Հետքի» հետ զրույցում մեկնաբանելով իր անելիքները՝ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանն ասաց, որ բուհի առօրյան արդեն իր հունի մեջ է մտել, դասերը նորմալ ընթանում են:

Նրա խոսքերով՝ դասադուլին մասնակցում է մոտ 50 ուսանող, մինչդեռ բուհում սովորում է գրեթե 4000 ուսանող: Գայանե Գասպարյանը կարծում է, որ ուսանողներն իրենք կհասկանան, որ Բրյուսովի անվան համալսարանը չի փակվում, Մանվարաժականին չի միանում, շենքերն էլ վաճառված չեն:

«Եթե այդպիսի բան լիներ, նախ և առաջ դասախոսությունը ոտքի կկանգներ, որպեսզի մեր համալսարանը չփակվի, իսկ իրենց կողքին որևէ դասախոս չկա կանգնած: Սա նշանակում է, որ համալսարանը չի փակվում, եղել է, կա և պիտի լինի»,- ասաց Գայանե Գասպարյանը:

Նա հրաժարվեց մեկնաբանել դասախոսների այն հայտարարությունները, որ նախկին ռեկտորի պաշտոնակավարման ժամանակ բուհում վախի մթնոլորտ է տիրել, դասախոսները չեն իմացել՝ իրենց վաղվա օրը ինչ է լինելու: Ռեկտորի պաշտոնակատարը նաև չասաց, թե արդյոք մասնակցելո՞ւ է ռեկտորի ընտրություններին: «Դեռ չեմ մտածել դրա մասին»,- նշեց նա: ԿԳՆ-ն արդեն բաց մրցույթ է հայտարարել ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Գայանե Գասպարյանի խոսքերով՝ պաշտոնակատար նշանակվելուց հետո առիթ չի ունեցել հանդիպել Սուրեն Զոլյանի հետ, իսկ մինչ դա նորմալ ու բարյացակամ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Միաժամանակ Գայանե Գասպարյանը չհերքեց, որ Սուրեն Զոլյանը նախկինում իրեն հեռացրել է պրոռեկտերի պաշտոնից՝ նշանակելով ամբիոնի վարիչ:

Այս կեսօրին բուհի դիմաց դարձյալ բողոքի ակցիա էր: Մասնակիցներից օտար լեզուների ֆակուլտետի գերմաներենի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լյուբա Առաքելյանն ասաց, որ իրենք պայքարում են արդարության համար ու պահանջում են, որ իրենց վերադարձնեն ռեկտոր Սուրեն Զոլյանին, իսկ ռեկտորի նորանշանակ պաշտոնակատարին իրենք չեն ընդունում:

«Պահանջում ենք էն, որ մեր նոր նշանակված պրոռեկտերը չասի՝ «նրանք մեր ուսանողները չեն»: Այսինքն՝ ինքը ո՞ւմ է եկել ղեկավարելու, եթե մենք իր ուսանողները չենք»,- ասաց Լյուբան:

Նա հավատացած է, որ դասադուլին կմիանան բուհի բոլոր ուսանողները: «Հաստատ մենք հասնելու ենք մեր ուզածին: Մինչև էսօր եթե մենք դասի ենք նստել, դա արել ենք նրա համար, որ մեր ռեկտորն է մեզ խնդրել: Իսկ հիմա իրոք ժամանակն է, որ դասադուլ լինի: Ուղղակի մեր ամբողջ հանրապետության մասշտաբով եզակի դեպք է, որ ուսանողը դուրս գա ու գիտակցված ասի՝ ուզում եմ իմ ռեկտորին»,- ասաց Լյուբան:

Ուսանողուհու խոսքերով՝ Սուրեն Զոլյանի պաշտոնավարման օրոք սովորում է 3 տարի և երբեք չի տեսել, որ Բրյուսովում կաշառք տան կամ վերցնեն:

Դասադուլին մասնակցող, օտար լեզուների ֆակուլտետի ևս 2 ուսանող, ովքեր չցանկացան հայտնել իրենց անունները, համոզված են, որ համալսարանի լուծարվելու մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Նրանք պահանջում են, որ Սուրեն Զոլյանը կրկին զբաղեցնի ռեկտորի պաշտոնը, իսկ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը չլուծարվի: Նրանց խոսքերով՝ դասադուլին մասնակցում է ոչ թե 50, այլ ավելի քան 600 ուսանող:

Հ.Գ. Սուրեն Զոլյանն այսօր մեկնել է արտասահման՝ մասնակցելու գիտաժողովի: Անխտիր բոլոր դասախոսներն ասացին, որ անհերքելի է, որ որպես մասնագետ՝ Զոլյանը շատ մեծ աշխատանք է կատարել բուհում, կարող մարդ է, ականավոր գիտնական, քաղաքագետ, և դասախոսները շատ կափսոսան, եթե Զոլյանը չլինի Հայաստանում կամ գիտության ոլորտում:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ani
May 21, 2012 18:51


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20195') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB6\xD5\xB8\xD5\xB5\xD5\xA1\xD5\xB6\xD5\xA8...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB6\xD5\xB8\xD5\xB5\xD5\xA1\xD5\xB6\xD5\xA8...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB6\xD5\xB8\xD5\xB5\xD5\xA1\xD5\xB6\xD5\xA8 \xD5\xB7...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219