ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ . Thursday, February 2, 2012 11:20 - 1 քննարկում

ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)

ԺԱ.

Արքունիքում հասկանում էին, որ եկեղեցուն բարձիթողի անելը՝ հղի է վտանգավոր հետևանքներով: Տիրանն ու իր շուրջ համախմբված նախարարները՝ թեպետ հեթանոս, սակայն լավ էին գիտակցում, որ քրիստոնեության դեմ կենաց-մահու պայքարով՝ երկիրը կվերածեն սպանդանոցի: Հարկավոր էր հասնել եկեղեցու նկատմամբ բացարձակ վերահսկողության՝  երկիրն առժամանակ ներքին ցնցումներից հեռու պահելու համար: Եվ Տիրանը գտա՛վ այն ուժը, որն իրեն այնքան անհրաժեշտ էր: Դա Աղբիանոսյանների տոհմն էր: Ագաթանգեղոսն իր «Սուրբ Գրիգորի Վարքում» հիշատակում է Գրիգորի կողմից եպիսկոպոս ձեռնադրված՝ քրմերի 12 զավակների: Նրանց անուններն էին. Աղբիանոս, Եվտաղիոս, Բասոս, Մովսես, Եվսեբիոս, Հովհաննես, Ագապես, Արտիթես, Արսուկես, Անտիոքես, Տիրիկես և Կիրակոս(*1): Ադոնցն իրավացիորեն կարծում է, որ այս ցանկը մեզ է հասել աղավաղումներով: Դա առաջին հերթին վերաբերվում է քրմական ժառանգների անուններին: Էականն այն է, սակայն, որ արաբերեն «Վարքում» տեղ գտած լրացուցիչ տեղեկությունները թույլ են տալիս պարզելու, որ հիշյալ 12 եպիսկոպոսները՝ բացառությամբ Աղբիանոսի, Գրիգորի կողմից նշանակվեցին Հայաստանի հարավ-արևմտյան գավառներում հաստատված թեմերում: Պատճառն՝ ըստ իս, հետևյալն է. նախ, այդ գավառներում դեռևս շա՛տ ուժեղ էր ազգային հավատքի հետևորդների դիմադրությունը, և քրմերի սերունդների միջոցով՝ Գրիգորը հույս ուներ առավել հեշտությամբ «դարձի բերել» հեթանոսներին: Եվ հետո, կործանված մեհյանները լքած այն քրմերը, որոնք չէին ցանկացել լքել երկիրը և անցնել Կովկաս՝(*2) շրջում էին հիմնականում Տարոնի, Բարձր Հայքի, Ծոփքի և Աղձնիքի լեռներում՝ շատ հաճախ կազմակերպելով տեղական ընդվզումներ նորաստեղծ եկեղեցական թեմերի դեմ: Նրանց զավակներին կարգելով այդ թեմերի վրա՝ Գրիգորը նաև նպատակ էր հետապնդում քրմերին հաշտեցնել կատարվածի հետ: Աղբիանոսին նա թեև ձեռնադրում է Արածանու կողմերում, սակայն, հակառակ ընդունված կարծիքի՝ թեմ չի տալիս: Աղբիանոսը մնում է արքունիքում՝ իբրև արքունի հոգևորականների գլխավոր և կաթողիկոսական տեղապահ(*3): Հետագայում միայն՝ Խոսրով Կոտակի տարիներին, Վրթանեսն Աղբիանոսի տոհմին նվիրեց Մանավազյաններից խլված Հարքը՝ Մանազկերտ կենտրոնով: Այսուհետև, Աղբիանոսի ժառանգները կոչվում էին նաև Մանազկերտցիներ: Վերն անդրադարձե՛լ եմ Հայաստանյայց առաքելական եկեղեցու ներսում գոյություն ունեցած հոսանքների հարցին: Սրանք, թեև ժամանակագրական առումով միմյանցից առանձին թափանցեցին Հայաստան, սակայն, Գրիգորի ջանքերով, մի որոշ ժամանակ գտնվում էին հաշտ ու խաղաղ գոյակցության մեջ: Սիրաշահելով ասորիներին՝ Գրիգորին հաջողվեց մի տևական ժամանակ իր տոհմի գերակայությունն ապահովել նրանց նկատմամբ: Աղբիանոսյանների տոհմը սկիզբ դրեց Հայաստանյայց եկեղեցու ներսում երրորդ՝ զուտ ազգային ուղղության: Հենվելով սոսկ այն հանգամանքի վրա, որ Փառեն կաթողիկոսն եղել է Աշտիշատի եկեղեցու երեց՝ Ադոնցն Աղբիանոսյանների ողջ տոհմը նույնացնում է ասորական եկեղեցու հետ: Ավելին, առանց որևէ հիմքի՝ նույնիսկ ենթադրում է, թե չի բացառվում, որ նրա՛նք էլ ունենան ասորական ծագում(*4): Այն, որ Փառեն Աղբիանոսյանը սկզբնապես ծառայել է Տարոնում՝ դա նրա ազգային պատկանելության մասին դատելու հիմք չի տալիս: Վաղարշապատում և Դվինում վխտու՛մ էին ասորի կղերականները, բայց դա ամենևին էլ չի՛ նշանակել, թե Սահակն ու Մաշտոցն ասորական ծագում ունեին, կամ՝ ասորական եկեղեցու հետևորդ էին: Լեոն՝ ընդհակառակը, քննելով այս երեք ուղղությունների գործունեությունը, հանգել է այն եզրակացության, որ Աղբիանոսյանները բուն ազգային տա՛րրն էին եկեղեցու մեջ և միա՛կն էին՝ ում ընդունում էին ազգային արժեքներով ապրող իշխանները(*5): Ինքը՝ Ադոնցը, մեկ այլ դեպքում խոստովանում է, որ «Աղբիանոսի տոհմի քաղաքականությունը՝ գերազանցապես Արշակունիների քաղաքականությունն էր, որը և դարձավ ազգային հիմք՝ ծառայելով հայկական եկեղեցու կազմակերպմանը»(*6): Թե որքանո՛վ է Հայաստանյայց եկեղեցին հայկական, դա, իհարկե, ա՛յլ խոսակցության նյութ է, իսկ այն, որ Աղբիանոսի տոհմն իր հետ եկեղեցի բերեց քրմական նախնիներից եկող ազգային մեծ ժառանգություն՝ դա անժխտելի է: Սահմանափակվեմ ասելով, որ այս տոհմից առաջ քաշված կաթողիկոսների աթոռակալությունները մեր պատմության այն եզակի կարճատև շրջաններն են, երբ Հայաստանյայց առաքելական եկեղեցին և հայոց պետությունը ապրել են հաշտ գոյակցության, փոխշահավետ համագործակցության պայմաններում: Դա, ինքնին, շա՛տ խոսուն փաստ է: Ահա այս տոհմից էլ Տիրանն առաջ է քաշում նոր կաթողիկոսի թեկնածուին: Փառե՛նն էր դա՝ մինչ այդ Տարոնի Աշտիշատի երեցը: Գրիգորի տոհմն, այսպիսով, դուրս մղվեց ասպարեզից: Ըստ երևույթին, պարսկական օրեցօր աճող վտանգին դեմ-հանդիման, կամենալով ցուցադրել Հռոմի հանդեպ իր լոյալությունը, Տիրանը համաձայնվեց Փառենին ուղարկել Կեսարիա՝ ձեռնադրվելու: Երկրի տաս ավագագույն իշխաններից կազմված շքախումբը գլխավորում էին Հայոց աշխարհի չորս ամենահեղինակավոր նախարարները՝ Մամիկոնյան Վասակը՝ Տայքից, Մեհենդակ Ռշտունին, Անդովկ Սյունին և Արշավիր Կամսարականը(*7): Խի՛ստ է արտահայտվում Բուզանդը Փառենի հասցեին: Նա ընկերանում էր թագավորի՛ն, չէր նախատում, չէր հանդիմանում և չէր հակառակվում նրա չար գործերին: Դա Փավստոսի համար մեծ արատ է, նշան՝ կաթողիկոսի վախկոտության: Շատ կարճ տևեց Փառենի աթոռակալությունը: Նրա մահից հետո կաթողիկոսական տեղապահ նշանակվեց Շահակ Մանազկերտցին: Հայր Մարդպետի գլխավորած տաս ավագ նախարարների շքախումբը նրան ուղեկցեց Կեսարիա՝ ձեռնադրելու: Սակայն, դա արդեն Տիրանի որդու՝ Արշակ Բ-ի օրոք էր: Սոսկ նշեմ, որ Շահա՛կն էլ բարի խոսքերով չի հիշվում կղերական մատենագրության կողմից՝ միևնույն պատճառներով: Ավելին, Փավստոսն ակնարկում է, որ նա հանգիստ էր նայում այն բանին, թե ինչպես Հայոց աշխարհում ծաղկում է հեթանոսությունը(*8): Ահա այսպես. Հուսիկի և Դանիելի մահը, Գրիգորի տոհմի կողմից հրահրված նախարարական խռովությունների ճնշումն ու Աղբիանոսյանների կողմից կաթողիկոսական աթոռին տիրանալը՝ տվեցին իրենց արդյունքը. երկիրը խաղաղվեց: Սակայն, չնայած ստացած հարվածներին՝ եկեղեցին կարողացա՛վ ճիշտ օգտագործել իր կորուստները. Հուսիկն ու Դանիելը սրբացան՝ վերածվելով Չարի դեմ մարտնչող նահատակների: Տիրանի անունը դարձավ անօրենության խորհրդանիշ: Նրա գահակալման տարիները ներկայացվեցին՝ իբրև սարսափելի մղձավանջի մի ժամանակաշրջան, նրա իշխանները՝ Չարի որդիներ, իսկ պետությունը՝ անմիտ ու անօրեն: Հենց Տիրանի՛ց սկսեց եկեղեցին տարփողել Հայոց պետականության անիմաստության գաղափարը: Տիրանը գիտակցու՛մ էր, որ չհաղթեց Գրիգորի տոհմին: Հասկանում էր, բայց չհամակերպվել չէր կարող: Կրքերն առժամանակ հանդարտվել էին, և հարկավոր էր մտածել պետության հզորացմա՛ն մասին: Սակայն, արքային այդպես էլ չհաջողվեց շարունակել սկսած գործը. Շա՛տ կարճ ժամանակ էր մնացել Տիրանին թագավորելու…

ԺԲ.

… Եվ մինչ երկու թագավորների մեջ խաղաղություն էր տիրում՝ աստված բարկանալով վրեժխնդիր եղավ, որպեսզի անօրեն Տիրանը տուժե երկու մեծ քահանաների ու առաջնորդների անմեղ մահվան և արյունի համար(*9):

Տեսնու՞մ եք, թե ինչպես, մահվանից հետո՛ անգամ՝ երկու «սրբերը» հանգիստ չէին տալիս արքային: Պետականամերժ, ազգակործան այն գաղափարախոսությունը, որ արքայի վախճանն ու պետականության կորու՛ստն անգամ համարում է աստծու վրեժ՝ եկեղեցուն հասցրած հարվածների համար: Պետության ու թագավորի ստորադասությունը եկեղեցուն և իր մոլագար «սրբերին»՝ ահա՛ այս տողերի ողջ իմաստը: Անհայտության թանձր մշուշով է պատված Տիրանի վախճանը: Պատմիչներից յուրաքանչյուրը տարբեր կերպ է ներկայացրել այն: Սակայն բոլո՛րն են համաձայն մի հարցում.  Տիրանը կուրացվել է և բանտարկվել Պարսկաստանում: Դեպքը տեղի է ունցել 350 թվականին: Արդյո՞ք դրան նախորդել է Շապուհ Բ-ի բանակի ներխուժումն Հայաստան, թե՞ Տիրանին խաբեությամբ Տիզբոն կանչելուց և կուրացնելուց հետո՛ է Շապուհը զորք ուղարկում մեր երկիր, ինչպես հաղորդում է Խորենացին՝ դժվար է ասել: Ստույգ է մի բան. 350 թվականին, Շապուհի ներխուժման նախօրյակին, Տիրանին լքել էին աշխարհատեր նախարարների մեծ մասը: Արքունի փոքրաթիվ զորքերի գլուխն անցած՝ Անդովկ Սյունին և Արշավիր Կամսարակա՛նն էին կրկին, որ ստանձնել էին երկրի պաշտպանությունը: Փավստոսի երկար ու ձիգ պատմությունն՝ արքայի ճարտուկ ճանճկեն ձիու, և դրա պատճառով՝ Ատրպատականի մարզպանի ձեռքով արքայի կուրացման ու պարսից դեմ ծագած պատերազմի  մասին,բնականաբար, երևակայական ոլորտից են: Սակայն, ըստ իս, որոշ ենթադրություններ կարելի՛ է անել այդ զրույցներից: Այսպես, Փավստոսը Տիրանի կուրացման պատճառ է համարում նրա սենեկապետ Փիսակ Սյունու բանսարկություններն՝ Ատրպատականի մարզպանի մոտ: Բանսարկությունների շարժառիթն արքայի ձին էր՝ աննման գեղեցկությամբ և հազվագյուտ տեսքով: Խորենացին, պատմելով Շապուհի կողմից Տիրանին կուրացնելու մասին, իմիջիայլոց նշում է, որ այնուհետև Շապուհն հայոց արևելյան զորքերի հրամանատար նշանակեց իրեն հավատարիմ Վաղինակ Սյունուն(*10): Հնարավոր է, որ Վաղինակը Փավստոսի մոտ պարզապես դարձել է Փիսակ( գուցեև՝ «փիս», «վատ» իմաստով): Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա չի բացառվում, որ հակառակության պատճառը եղած լինի սյունյաց հռչակավոր այրուձին: Այն, որ արքային լքողներից առաջինը Վաղինակն էր՝ գուցեև, նրան Շապուհի ձեռքը մատնողը, երևում է թեկուզ միայն նրանից, որ գահակալելուց հետո Արշակ Բ-ի առաջին գործերից մեկն է լինում Վաղինակի սպանությունը և նրա փոխարեն, Անդովկին՝ Սյունյաց նահապետ ճանաչելը: Այս ամենը, բնականաբար, առայժմ միայն ենթադրություններ են: Կարծում եմ, սակայն, որ դրանք զուրկ չեն որոշակի հիմքից: Գուցե գալիք ուսումնասիրողներին հաջողվի առավե՛լ համոզիչ և վերջնական լուծում գտնել այս հանելուկին: Ամեն դեպքում, կատարվեց այն, ինչի համար աղոթում և ինչին այդպես սպասում էին Տիրանից դժգոհ «սրբակենցաղները»: Տարվելով Տիզբոն՝ հայոց արքան կուրացվեց և մնաց բանտարկված: «Տիրանը, որ աղտոտվել էր պղծությամբ, մատնվեց Շապուհի ձեռքը, կուրացած ապրեց և ապա մահացավ՝ ըստ արժանվույն սուրբ Վրթանեսի, Հուսիկի և մեծն Դանիել քահանայի դեմ գործած իր արարքների»(*11):

Ահա այսպես. Հայաստանյայց եկեղեցին ցնծության մեջ էր: Իսկ պարսից բանակը հեղեղել էր հայոց «կամակոր ազգի» «անմիտ թագավորությունը»:

ԺԴ.

Աշտիշա՜տ.  Ցուլ  լեռան դիմաց, Վահագնի բագինից մեկ քարընկեց հեռավորությամբ՝ դեպի ներքև ձգվող ձորակն, անհիշելի՜ ժամանակներից ծածկված էր հացենու նվիրական ծառերով: Հացյաց դրա՛խտն էր դա՝ Վահունյաց քրմերի սրբազան պուրակը: Անուշահամ մի աղբյուր էր բխում այդ պուրակում: Հայոց աշխարհի սրբազնագու՜յն վայրերից էր Աշտիշատն՝ իր պուրակով: Այստեղ՝ իր սենյակում, չքնաղ Աստղիկն անհամբեր սպասում էր հայոց քաջերին ռազմի դաշտ տարած Վահագնին: Այստե՛ղ էր Վահագնն արբում իր պատվին հեղված ազնիվ գինու առատ շիթերից: Արշավանքների մեկնող Հայկյան ահարկու գնդերը այստեղո՛վ էին անցնում՝ հաղթանակ և ուժ ստանալու հզոր Վահագնից: Հացյաց դրախտու՛մ էին ճեմում իմաստուն Վահունիները, խմում նրա աղբյուրի կենարար ջրից և ունկնդիր լինում սրբազան ծառերի խորհուրդներին: Աշտիշատի՛ց էր օրն ի բուն սփռվում Հայոց աշխարհին փառք և բարօրություն, հայ տիրակալներին կամք և զորություն, հայ ռազմիկներին ուժ և հաղթանակ պարգևող աստվածահաճո օրհնությու՛նը իմաստուն քրմերի: Փառավորվու՛մ էր հայոց հին հողը: Գահե՛ր էին սասանում և աշխարհակալություննե՛ր կործանում հայոց արքայից արքաները: Իրենց քրմերի իմաստնություններն ու մեհյանների լու՛յսն էին աշխարհով մեկ սփռում հայ ռազմիկները: Կանգու՛ն էր Հայքը, հպա՛րտ էր հայը, և կենսախի՛նդ էր նրա հավատքը:

Մեկ ակնթարթում փոխվեց ամե՛ն բան: Կործանվեցին բագինները: Երամներ կազմած՝ չվեցի՛ն քրմերն հեռավոր եզերքներ: Աստղիկն այլևս չէր զբոսնում Հացյաց դրախտում: Չէր հեղվում գինին Վահագնի պատվին. արշավանքների սովոր հայոց գնդերը մկրտվելու՛ համար էին սոսկ այստեղ հավաքվում: Աշտիշատն այլևս լույս և հավա՛տ չէր սփռում Հայոց աշխարհի վրա, այլ միայն՝ ողբ, կական և հսկայական խաչի մահագույն մի ստվեր: Իսկ զինվորին ու շինականին կյանք և ուժ պարգևող աղբյու՛րը ձորակի, որ խառնվելով պուրակի սուրբ հողին՝ պտղաբերություն էր տալիս Հայոց աշխարհին, այլևս անու՛ժ էր: Հացյաց դրախտը հավիտյա՛նս զրկվեց իր աստվածատուր զորությունից. Ա՛յն պահից, երբ փոխվեցին նրա տերերը, ա՛յն պահից, երբ սրբազան աղբյուրի կողքին սկսեցին փտել ոսկորնե՛րը ատելավառ մի մոլագարի: Ասորի Դանիե՛լն է այնտեղ թաղված՝ հայոց հողն ու ազգը պատուհասած անիծյալ ծերունի՛ն: Հացյաց դրախտի սուրբ հո՛ղն է պղծել իր ոսկորներով: Եվ թույն, նզովք ու դժբախտությու՛ն է արտաժետում իր գերեզմանից: Նախանձն ու չարությու՛նն են դարեր շարունակ պարարտանում այստեղ: Եվ հրճվանքո՜վ հետևում է ասորին՝ հայոց սահմանների ցրիվ գալուն, Հայկյան սերունդների՝ իրենց փառքերից զրկվելուն… Ասորի Շաղիտան և հույն Եպիփանը շա՜տ լավ գիտեին, թե ի՛նչ երազներ է հարկավոր տեսնել…

________________________________________

(*1)Ագաթանգեղոս. Պատմություն Հայոց. էջ 140

(*2) «Հայոց դիցաբանության և քրիստոնեության համեմատություն» մեծարժեք իր աշխատության մեջ, անդրադառնալով հայ քրմերի՝ կովկասյան լեռնաբնակների մոտ անցնելու փաստին, հայագետ Վարդան Լալայանն անում է խիստ հիմնավոր մի հետևություն՝ հիշյալ տեղեկությունը համարելով կարևոր հիշատակություն, կովկասյան ազգերի մոտ հայոց դիցական հավատալիքներն ու հին բանահյուսությունը վերհանելու գործում ( Վարդան Լալայան. «Հայոց դիցաբանության և քրիստոնեության համեմատություն». « Հայրենիք»  ակումբ, Երևան-2009):

(*3)Ագաթանգեղոս. Պատմություն Հայոց. էջ 140

(*4)   Նիկողայոս Ադոնց. Հայաստանը Հուստինիանոսի Դարաշրջանում. էջ 390

(*5) Լեո. Երկերի Ժողովածու. Առաջին հատոր. էջ 425

(*6)Նիկողայոս Ադոնց. Հայաստանը Հուստինիանոսի Դարաշրջանում. էջ 392

(*7) Փավստոս Բուզանդ. Հայոց պատմություն. ԺԶ.

(*8) Նույն տեղում. ԺԷ

(*9) Փավստոս Բուզանդ. Հայոց պատմություն. Ի.

(*10) Մովսես Խորենացի. Հայոց Պատմություն. Գիրք երրորդ. ԺԸ.

(*11)Թովմա Արծրունի և Անանուն. Պատմություն Արծրունյաց Տան. էջ 80

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ԳՐՔԻ

Գևորգ  Հովհաննիսյան (շարունակելի)



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Գոռ Աբրահամյան
Feb 3, 2012 7:19

Ահա մի հեղինակ ով խոսում է Հայերի լեզվով,Հայերի անունից,Ով բարձր է պահում մեր նախնիների Անունը`ՍՐԲում նրանց Վառվռուն էությունները ժամանակի և կղերի լցրած աղբից…..Կեցցես եղբայր

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 22 Thumb down 1

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*